Հայ-ռուսական հարաբերություններ, նվազող եկամուտներ

Հայ-ռուսական հարաբերություններ, նվազող եկամուտներ

In English

Creator: Narek Aleksanyan. All rights reserved.

Ներածություն

Հարավային Կովկասի համար ռուսական քաղաքականությունը թե՛ հստակ է, թե՛ հետևողական և առաջ է մղում նախկին խորհրդային պետությունների նկատմամբ ազդեցության և ճնշման պահպանման ու ամրապնդման ռազմավարական նպատակը։ Այս հաստատակամ քաղաքականությունը հիմնված է այն նախադրյալի վրա, որ նախկին խորհրդային տարածքը Ռուսաստանի բնական ազդեցության գոտին է։ Իսկ Մոսկվայի տեսանկյունից  անընդունելի է Ռուսաստանի՝ «մերձավոր արտերկրում» ունեցած դիրքի վիճարկումը կամ դրա մասին որևէ կասկածը։[1] Այդ համատեքստում Հայաստանը նաև ռուսական առանցքային հենակետ է Հարավային Կովկասում՝ դրսևորվելով տարածաշրջանում միակ ռուսական բազա հյուրընկալող երկիրը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամը և բոլորովին վերջերս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամը լինելու փաստերով։  Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի անկախությունը բախվել է ինքնիշխանության մտահոգիչ զիջումների հետ հանուն անվտանգության։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ դեռևս մինչև անկախացումը բռնկված պատերազմից բխող անապահովության պարագայում Հայաստանը վաղուց ի վեր իր հույսը դրել է Ռուսաստանի՝ որպես իր «ռազմավարական գործընկերոջ» և անվտանգության երաշխավորի վրա։ Հույսը Ռուսաստանի վրա դնելը, այնուամենայնիվ, վերածվել է գործարքային հարաբերության, որտեղ անշեղորեն գրավադրվում է Հայաստանի անկախությունը և խաթարվում նրա ինքնիշխանությունը։   

Ժամանակի ընթացքում, հատկապես Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները ձեռք բերելուց հետո, Հայաստանի ահագնացող կախյալությունը Ռուսաստանից համընկավ Ռուսաստանի կողմից երկրի՝ հավասարապես լուրջ զավթմամբ։ Սա առավել ակնհայտ էր, քանի որ Հայաստանը ստանձնեց եզակի դեր որպես տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցը, միակ երկիրը, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմական բազան, և հարավկովկասյան միակ երկիրը, որն անդամակցում է Ռուսաստանի գլխավորությամբ ձևավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և բոլորովին վերջերս էլ անդամակցեց Ռուսաստանի գերիշխանությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ 

Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է ուշացած, սակայն ակներև ճգնաժամ։ Մի շարք գործոնների պատճառով Հայաստանի և Ռուսաստանի միջև խորացող ճգնաժամը ունի մի շարք պատճառներ, այդ թվում՝ դրամական փոխանցումների անկումը, պայմանավորված պատժամիջոցների պատճառով կրճատված ռուսաստանյան տնտեսությունում աշխատատեղերի կորստով, ռուսական զենքի՝ Ադրբեջանին վաճառքի փաստի նկատմամբ վրդովմունքը և Լեռնային Ղարաբաղի շուրջ 2016թ.-ի  ապրիլի «քառօրյա պատերազմից» հետո անվտանգության ռուսական երաշխիքների անհամապատասխանությամբ առաջ եկած հիասթափությունը։ Բայց Հայաստանի համար իրական փորձաքարը դեռ առջևում է, իսկ ավելի կոնկրետ՝ ներառում է երկու նշմարվող մարտահրավեր։ Առաջին՝ դեռևս պարզ չէ, արդյոք Ռուսաստանի հետ հարաբերություններում այս ճգնաժամը և Հայաստանի կողմից ռուս-հայկական հարաբերության պայմանների վերաբերմամբ Մոսկվային ուղղված այս խիստ եզակի մարտահրավերը կհամարվի չափազանց աննշան կամ չափազանց ուշացած արձագանք։ Եվ երկրորդ՝ հավելյալ անորոշությունը բխում է հենց նրանից, թե ինչպես Մոսկվան կարձագանքի ցանկացած այսպիսի մարտահրավերի, որը միայն թուլացնում է նրա ուժը և դիրքը թե՛ Հայաստանում, թե՛ ընդլայնված Հարավկովկասյան տարածաշրջանում։

Ռուսական ռազմավարության տեղաշարժերը

Հարաբերությունների մեկնարկին Հայաստանը գրկաբաց ընդունեց Ռուսաստանին որպես իր անվտանգության երաշխավոր։ Հետագայում այդ հարաբերությունները կայուն կերպով ընդլայնվեցին և խորացան, քանի որ Հայաստանի կողմից սպառնալիքի ընկալումը և չլուծված Ղարաբաղյան հակամարտության շուրջ ներակա անապահովությունը Հայաստանն է՛լ ավելի են մոտեցնում Ռուսաստանին։ Մոսկվան Երևանը տեսնում է որպես խոցելի հայցող, հատկապես Ադրբեջանի կողմից ձեռնարկված սպառազինությունների լուրջ աճից հետո, որին համապատասխան մեկնարկեց պաշտպանության ոլորտում ծախսերի և գնումների աճը, ինչպես նաև արդեն փխրուն հրադադարի համաձայնագրի խախտումների հաճախականության մեծացումը։

Միևնույն ժամանակ Հայաստանի կախյալությունը Ռուսաստանից նաև ընդլայնվեց՝ ներառելով տնտեսական կարևոր տարր երեք կոնկրետ ոլորտներում։ Առաջին՝ Ռուսաստանն անշեղորեն ձեռք էր բերում ուղղակի սեփականություն կամ վերահսկողություն Հայաստանի տնտեսության մի քանի հիմնական, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցությունների և բոլորովին վերջերս՝ հանքարդյունաբերության ոլորտների վրա, ինչպես նաև լիարժեք վերահսկողություն սահմանեց ազգային երկաթուղային ցանցի վրա։ Այս տնտեսական կախյալության երկրորդ կողմը, ինչպես և շատ հետխորհրդային պետությունների դեպքում, պայմանավորված էր Հայաստանի էներգետիկ անվտանգության զիջմամբ Ռուսաստանից բնական գազի սուբսիդավորված ներկրումների դիմաց։ Հավելյալ խոցելիությունը բխում էր հայ միգրանտների և սեզոնային աշխատողների զգալի թվից, որոնք կախյալություն ունեն ռուսաստանյան քաղաքային կենտրոններում առկա աշխատատեղերից և ապահովում են Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների զգալի և շոշափելի մակարդակ։

Բայց հարաբերության ռազմական և անվտանգության տարրերը վաղուց ծառայում են որպես էական մղիչ ուժ։ Վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանի՝ իր, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, դերի ընկալումը  լրջորեն փոխվել է՝ ի վերջո հասնելով մինչև շրջադարձային կետի, որտեղ Ռուսաստանն ի հայտ է եկել որպես երկու կողմերին զենք տրամադրող առաջնային գործորդ՝ շարունակելով առաջարկել զգալի քանակությամբ զեղչված զինամթերք Հայաստանին, միևնույն ժամանակ վաճառելով ավելի զարգացած և շատ ավելի թանկարժեք զինահամակարգեր Ադրբեջանին։ Թեև Ռուսաստանի քաղաքականության այս փոփոխությունը ձգտում էր պահպանել ընդհանուր հավասարությունը և ուժերի կոպիտ հավասարակշռությունը կողմերի միջև, այնուամենայնիվ, այն իրականում նպաստել է ուժի հավասարակշռության կայուն տեղաշարժին։

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքերի վաճառքի վրդովեցնող հանգամանքից անդին, Մոսկվայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ դիվանագիտական նախաձեռնությունը ստանձնելու կրկնական և պարտադրող հայտը նույնպես մտահոգության տեղիք տվեց Երևանում։ Չնայած այս քայլում արձանագրված բավականին սահմանափակ հաջողությանը՝ Ռուսաստանի համար դիվանագիտական ներգրավման իմաստով առաջատարի դերակատարությունը երկու զգալի առավելություն էր սահմանում։ Առաջին՝ ստանձնելով առաջատարի դերը, Ռուսաստանը ստիպված էր գործընկեր միջնորդներին՝ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, ստիպել համաձայնել և ընդունել Հարավային Կովկասում Ռուսաստանի ուժի և ազդեցության նախադրյալը։ Եվ երկրորդ՝ Ադրբեջանում առաջ եկած ընկալումները նման էին Մոսկվայի նկատմամբ հարգանքի որոշակի աստիճան ամրագրելով և Ռուսաստանն ավելի հաճախ տեսնելով որպես հակամարտության լուծման բանալի։ Երկու գործոնները նաև միտում ունեին  ամրապնդել Ռուսաստանի դիրքը որպես տարածաշրջանային ուժ՝ միտված Ռուսաստանի այն նպատակին, որը չափազանց հաճախ է թերագնահատվում կամ թյուրըմբռնվում։[2]

Հայաստանի քաղաքական արձագանքը

Ռուսաստանից այս մեծացող կախյալության ֆոնին հայաստանյան զգայունությունը սեփական ինքնիշխանության և անկախության սահմանների անտեսման նկատմամբ միայն էլ ավելի է ուժեղացել, հատկապես՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների անհամաչափությունը և ամբարտավանությունը։ Սակայն այդ զգայունությունը գագաթնակետին հասավ 2016թ.-ի ապրիլին, երբ ադրբեջանական զինուժի լուրջ հարձակողական գործողությունը միայն ի ցույց դրեց թե՛ ռուսական անվտանգության երաշխիքի, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմանները։ Հայաստանի համար, այնուամենայնիվ, երկրի հավաքական գերկախյալությունը և ներակա խոցելիությունը Ռուսաստանից թե՛ զենքի, թե՛ գազի ներկրման վրա հույս դնելու առումով թելադրում են զգուշավոր և խոհեմ քաղաքականություն վարելու անհրաժեշտություն։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ իր հարաբերությունների կառավարման գործում հայկական կողմից ցանկացած դադար կամ զգուշավորություն հանգեցնում է հայ-ռուսական հարաբերություններում նկատելի ճգնաժամի։ Իսկ ճգնաժամը շարունակվում է, քանի դեռ նվազում է ռազմական խոստումների և անվտանգության երաշխիքների նկատմամբ վստահությունը, իսկ տնտեսական հարաբերությունները լարվում են հայաստանցի աշխատանքային միգրանտների կողմից աշխատատեղերի կորստի և դրամական փոխանցումների նվազման արդյունքում Ռուսաստանի՝ պատժամիջոցների պատճառով կրճատվող տնտեսության համատեքստում։ Թեև ճգնաժամն ի հայտ է բերում Երևանի կողմից խոհեմ զգուշավորության անհրաժեշտություն, կան լրացուցիչ մարտահրավերներ՝ փորձել Մոսկվայի հետ հարաբերությունների անհրաժեշտ, բայց ռիսկային «վերակարգաբերում»։ Առաջին հերթին և ամենակարևորը, դեռևս պարզ չէ, արդյոք Հայաստանի կողմից հարաբերությունների անհամաչափ պայմանների վիճարկումը քաղաքակա՞ն արձագանք է, որն այս պահին չափազանց թույլ է կամ էլ՝ չափազանց ուշացած։ Հավելյալ անորոշության գործոն հանդիսացող երկրորդ մարտահրավերը բխում է Ռուսաստանի հավանական արձագանքի վերաբերյալ մտահոգություններից։ Եվ եթե Հայաստանի որևէ քայլը  չափազանց ագրեսիվ կամ հաստատակամ է թվում, Մոսկվան կարող է հարկ համարել կոշտ արձագանքել հավանաբար, իր իսկ մեկնաբանությամբ, իր դիրքի անընդունելի վիճարկմանը թե՛ Հայաստանում, թե՛ Հարավային Կովկասի ընդլայնված տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ, եթե խոսում ենք Ռուսաստանի մեղմ ուժի մասին, Հայաստանն առանձնանում է ավելի շուտ որպես բացառություն, քան օրինակ։ Ավելի կոնկրետ, Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ մոտեցումը հակված է եղել հույսը մեծապես դնելու կոշտ ուժի գործիքների վրա՝ օգտվելով Հայաստանի ռազմական անապահովությունից Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով և օգտվելով այն իրողությունից, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս ամենապարզ գործիքն է Մոսկվայի ձեռքին՝ պահպանելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա ազդեցության լծակները։[3]

Եվ գուցե ամենահետաքրքրականն այն է, որ Հայաստանում արդյունավետ ռուսական մեղմ ուժի բացակայությունն է, որ ընդգծում է Մոսկվայի նախընտրությունը՝ ճնշում գործադրել հնազանդ հայաստանյան կառավարության վրա քաղաքականության ոլորտում ուղղակի ներդրումների կամ առանձին կուսակցությունների ու քաղաքական գործիչների սատարելու փոխարեն։ Սակայն ռուսական մեղմ ուժի հենց այս բացակայությունն է, որ գործում է Մոսկվայի շահերին դեմ, որովհետև միտված է հաստատելու այն ընկալումը, թե Ռուսաստանը որպես անվիճարկելի փաստ է ընդունում Հայաստանի հնազանդությունը: Սա Հայաստանում ստեղծում է Ռուսաստանի  դիրքի երկարաժամկետ և խորքային թուլացման համար նպաստավոր պայմաններ։  

Հեռապատկերը

Հայ-ռուսական հարաբերություններում այս ճգնաժամի հաղթահարման որևէ հեշտ ու արագ տարբերակի համոզիչ կամ խոստումնալից հեռապատկեր չկա։ Սակայն ի հակադրություն ինտիուտիվ ընկալումների՝ Ռուսաստա՛նը, ո՛չ թե Հայաստանն է կանգնած  դժվար և վախեցնող «ուժի պարադոքսի» առջև երկու էական պատճառով։ Մոսկվայի համար առաջին հիմնավոր մարտահրավերը Երևանի հետ հարաբերություններում բխում է նուրբ զսպման և համաչափ պատասխանի անհրաժեշտությունից, իսկ դրանցից ոչ մեկի առկայությամբ ավանդական ռուսական քաղաքականությունը չի կարող հպարտանալ։ Ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի պատասխան գործողություններում նուրբ զսպման  հրամայականը ի ցույց է դրվում տարածաշրջանում Ռուսաստանի դիրքի խորքային թուլությամբ և բացահայտ մեկուսացմամբ։ Այդ տեսանկյունից Ռուսաստանը պետք ունի ավելի զգուշաբար քննելու ցանկացած քայլ, որը կարող է օտարացնել Հայաստանին՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանն է նրա միակ հենակետը: Սակայն առանց անմիջական ցամաքային սահմանի կամ ծովային հաղորդակցության ուղու և  խնդրահարույց օդային հաղորդակցության պայմաններում Ռուսաստանի համար սեփական զինուժի տեղակայման հնարավորությունները բարդ են, և չի կարելի դրանք համարել տրված իրողություն։

Խնդրին առնչվող երկրորդ նկատառումն այն է, որ համարժեք արձագանքման բացակայությունը հեռու կվանի Հայաստանը, և վերջինս ստիպված կլինի հանձն առնել այնպիսի ռազմավարական կողմնորոշում, որով կհետազոտվեն սահմանափակ, այնուամենայնիվ գրավիչ այլընտրանքները Եվրամիությունից մինչև Չինաստանի՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։  Ավելին, այժմ լինելով Ռուսաստանի կողմից առաջնորդվող Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ՝ Հայաստանը ձեռք է բերել նոր ռազմավարական կարևորություն՝ ապահովելու այն վստահելիությունն ու կարողությունը, որն առայժմ պակասում է  ԵԱՏՄ-ին։ Մասնավորապես, Հայաստանը ԵԱՏՄ այն միակ անդամն է, որը ռազմավարական համաձայնություն ունի ԵՄ-ի, ինչպես նաև բարեկամական և կայուն հարաբերություններ՝ համաշխարհային մակարդակում վերածնունդ ապրող հարևան Իրանի հետ։ 

Այս յուրահատուկ առավելություններից յուրաքանչյուրն ամրապնդում է Հայաստանի դիրքը և տալիս է նրան այնպիսի կարգավիճակ, որտեղ հնարավոր է հաջողությամբ շրջադարձել Ռուսաստանի հետ հարաբերությունների անհամաչափությունը։ Եվ այս գործոններից յուրաքանչյուրը նպաստում է Ռուսաստանի «ուժի պարադոքսին», ըստ որի՝ զգուշավոր քաղաքականությունից և Հայաստանի հետ հարաբերություններում ճգնաժամին զուսպ արձագանքներից անդին ցանկացած այլ քայլ կարող է լրջորեն վնասել Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ունեցած ավելի երկարաժամկետ ազդեցությունն  ու դիրքը։

[1]  «Մերձավոր արտերկիր» (ближнее зарубежье) ռուսական հասկացությունը հանդես է գալիս  որպես ռուսական  ռազմավարության անքակտելի  տարր․ Տե՛ս Porter, Bruce and Carol Saivetz, “The Once and Future Empire: Russia and the Near Abroad,” The Washington Quarterly, 17 (1994), 75–90.

[2]  Giragosian, Richard, “The South Caucasus: The Limits of a Resurgent Russia,” Heinrich Boell Foundation, Tbilisi, Georgia, 24 February 2014.  https://ge.boell.org/en/2014/02/24/south-caucasus-limits-resurgent-russia

[3]  Հավելյալ տեղեկությունների համար  տե՛ս  Giragosian, Richard, “Soft power in Armenia: Neither soft, nor powerful,” European Council on Foreign Relations (ECFR) Commentary, 12 August 2015. www.ecfr.eu/article/commentary_soft_power_in_armenia_neither_soft_nor_powerful3094

Related Content

Add new comment