Հայ-վրացական բազմաշերտ դիվանագիտությունը անհրաժեշտություն է

Հայ-վրացական բազմաշերտ դիվանագիտությունը անհրաժեշտություն է

Հայ-վրացական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ինչպես Հարավային Կովկասում, այնպես նաեւ մեծ Մերձավոր Արեւելքում, հայերը եւ վրացիները բացառիկ համատեղ պատմություն ունեցող ժողովուրդներից են: Ի թիվս այլ հանգամանքների, այս իրողությունը պայմանավորված է համաշխարհային քաղաքական, մշակութային եւ սոցիալական գործընթացներին ու մարտահրավերներին համատեղ մասնակցելու եւ դիմագրավելու իրողությամբ եւ անհրաժեշտությամբ: Երկու ժողովուրդների պատմական հիշողությունը արձանագրվել է ինչպես հայ եւ վրաց պատմիչների աշխատություններում, այնպես նաեւ հունական, պարսկական, արաբական, իսկ ավելի ուշ նաեւ թուրքալեզու, ռուսալեզու եւ այլ աղբյուրներում: Վաղ շրջանի, միջնադարի եւ ոչ հեռու անցյալի տարբեր փուլերի ուսումնասիրությունը պատմաբաններին թողնելով`  ստորեւ փորձենք վերլուծել վերջին քառորդ դարի, իսկ մասնավորապես ետխորհրդային շրջանում Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ներկան ու ապագայի հնարավոր զարգացումները:

Creator: Narek Aleksanyan. All rights reserved.

ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավկովկասյան տարածաշրջանը թերեւս առավել արյունալի անկախացման ընթացք ունեցավ: 1990-ականներից սկիզբ առած` Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի էթնոտերիտորիալ կոնֆլիկտներն էական ազդեցություն ունեցան եւ շարունակում են ունենալ տարածաշրջանի երկրների քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական կառուցվածքի, ժողովրդավարության մակարդակի, վերպետական ինտեգրացիոն գերակայությունների, ինչպես նաեւ այս երկրների բնակիչների մտածողության եւ աշխարհայացքի վրա: Դեռեւս չլուծված այս հակամարտությունները նաեւ նշանակալի ազդեցություն ունեն Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետության տեսանկյունից, որտեղ իրենց անթաքույց հետաքրքրություններն ունեն ինչպես տարածաշրջանի շահառու, այնպես նաեւ այլ պետություններ, այդ թվում` Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Չինաստանը, Հնդկաստանը եւ այլն:

Չնայած նրան, որ նշված պետությունների եւ միջպետական կառույցների հետ հարաբերությունները Հայաստանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների վրա ունեցել եւ շարունակում են ազդեցություն ունենալ, երկու երկրները կարողացել են ոչ միայն պահպանել եւ խորացնել համագործակցությունը, այլեւ որոշ իմաստով միմյանց համար կամրջի գործառույթ ունենալ: Այս վերջին պնդումը վերաբերում է հատկապես տնտեսական եւ առեւտրային հարաբերություններին, երբ Վրաստանի պարագայում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանը որոշ վրացական ապրանքատեսակների համար ելք է հանդիսացել դեպի ռուսական շուկա, մինչդեռ Հայաստանը հնարավորություն ունի օգտվել Վրաստանի` Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիր ունենալու իրողությունից: Ինչպես հայտնի է, մինչ 2013-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ զուգահեռ բանակցել եւ նախաստորագրել էր ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ առեւտրի մասին պայմանագիրը, որը, սակայն, չստորագրվեց Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից, ինչը պատճառաբանվեց ինչպես տնտեսական, այնպես էլ երկրի անվտանգության մարտահրավերներով:

Իր հերթին Վրաստանը շարունակեց Եվրամիությանն ինտեգրվելու իր նախանշած գերակայությունը, որի մասին հայտարարել է դեռեւս 90-ականներին: Հարկ է նշել, որ տարածաշրջանի երկրներից Եվրոպականկառույցներին անդամակցելու առաջատարը եղել եւ  շարունակում է մնալ հենց Վրաստանը, որի քաղաքացիները 2017 թվականի մարտ ամսից ԵՄ անդամ շենգենյան գոտու երկրներ մեկնելու համար մուտքի արտոնագրի ազատականացում ստացան: Սա այն պարագայում, երբ դեպի Ռուսաստան Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք ունեն, ինչը  Թբիլիսիում ՌԴ դեսպանության բացակայության պայմաններում ֆորմալ իրականացվում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանության միջոցով: Այս իրավիճակի երկարաձգումը անխուսափելիորեն խորացնելու է Վրաստանի հետագա եվրոպական ինտեգրացիան, հաշվի առնելով Թբիլիսիից եւ Քութայիսիից դեպի եվրոպական մայրաքաղաքներ էժան ավիատոմսերի առկայությունը, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից Վրաստանում շարունակաբար իրականացվող ներդրումների ծավալների աճը, երկրի օրենսդրության եւ Վրաստանում արտադրվող ապրանքատեսակների համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին:

Իր հերթին Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, տնտեսական եւ մաքսային քաղաքականության այլ տարածքում է հայտնվել: Գաղտնիք չէ, որ այս կառույցում գերակա ազդեցություն ունեցող երկիրը Ռուսաստանն է, որը անդամ պետություններում օրենսդրական բարեփոխումների խնդիր չի դրել, արտադրվող ապրանքների որակի չափորոշիչները պակաս խիստ են, դատաիրավական համակարգի եւ ժողովրդավարական ինստիտուտների հզորացումը գերակայություն չէ: Այս առումով, Հայաստանի` մի շարք ոլորտներում հնարավոր բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից կարեւոր է ԵՄ-ի հետ կնքվելիք շրջանակային համաձայնագիրը, որը, ըստ էության, մինչ 2013 թվականը բանակցված փաստաթղթի քաղաքական մասն է որոշ փոփոխություններով: ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրման պարագայում Հայաստանի համար Վրաստանի ունեցած փորձը լավ օրինակ կլինի, որից պետք է օգտվել պայմանագրով նախատեսված գործողությունների ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու համար: Այս տեսանկյունից Հայաստան-Վրաստան երկկողմ համագործակցության նոր ուղղություն է նախանշվում, որտեղ ներգրավված կլինեն տարբեր ոլորտների` պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, բիզնես եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ բազմաշերտ մակարդակում:

Բազմաշերտ դիվանագիտությունը (Multi-track diplomacy) վերջին 3 տասնամյակի ընթացքում կիրառվող մեթոդաբանություն է, որի նպատակն է խնդիրների լուծման եւ հարաբերությունների կառուցման գործում տեսանելի բոլոր շահառու խմբերի ներգրավման միջոցով առավել արդյունքների հասնել: Այս մեթոդաբանությունը կիրառվում է աշխարհի մի շարք հակամարտությունների կարգավորման համար, ինչպես նաեւ միջպետական, վերպետական, կորպորատիվ եւ այլ մակարդակներում երկխոսություն ծավալելու նպատակով: Փորձենք դիտարկել նշված մեթոդի կիրառելիությունը Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետագա կառուցման եւ առաջին հայացքից միմյանց հակասող շահերի առկայության պայմաններում: Քաղաքագիտության, կոնֆլիկտաբանության, միջազգային հարաբերությունների մասնագետների համար հայտնի է այսպես կոչված երկշերտ կամ երկուղի դիվանագիտությունը (Track 1 & Track 2), որտեղ առաջինը կառավարությունն է, երկրորդը  քաղաքացիական հասարակությունն է` լայն ընդգրկումով(փորձագետներ, լրագրողներ, գործարարներ, ուղեղային կենտրոններ եւ այլն):

Առաջին մակարդակում` պաշտոնական դիվանագիտության կամ կառավարությունների միջոցով ամենատարբեր խնդիրները լուծել չկարողանալու պարագայում գործը հաճախ դրվում է հենց երկրորդ խմբի վրա, որը մի կողմից ավելի ազատ է բարդ կամ տաբուացված թեմաներ քննարկելու հարցում, մյուս կողմից` որոշումներ կայացնելու մանդատ չունենալու արդյունքում նվազ պատասխանատվություն է կրում հնարավոր ձախողումների դեպքում, իսկ գործունեության արդյունքները մեծամասամբ խորհրդատվական բնույթի են: Նշված երկու ուղղություններից զատ կա նաեւ այսպես կոչված մեկ եւ կես մակարդակը (Track 1.5), երբ, օրինակ, խնդիրներ լուծելու համար հավաքվող փորձագետները կամ նախկին պետական պաշտոնյաներ են, կամ պետական կառույցին զուգահեռ, գիտակրթական ու փորձագիտական կառույցի ներկայացուցիչ են եւ կոնկրետ քննարկմանը մասնակցում են այդ կարգավիճակով: Նման 1.5 մակարդակում աշխատանքի օրինակ էր 2001-ին ստեղծված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը (TARC),  որը  չնայած ոչ երկարատեւ գործունեությանը, մի շարք հնարավորություններ ստեղծեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Ավելին, կարելի է պնդել, որ 2010 թվականին ստորագրված, սակայն մինչ օրս չիրագործված Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը հնարավոր չէին լինի առանց վերը նշված հանձնաժողովի 10 տարվա վաղեմություն ունեցող ջանքերի:

Վերադառնանք հայ-վրացական հարաբերությունների հեռանկարին: Ըստ իս՝ վերը նշված երկշերտ դիվանագիտության մոդելը բավարար չէ երկու երկրների ընդգրկուն համագործակցության համար` երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում առկա մարտահրավերների առատությանը դիմագրավելու տեսանկյունից: Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր դաշնակիցը համարվող Ռուսաստանի հետ ունեցած հակասությունները, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու Վրաստանի նկրտումները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները կարող են որոշ բարդություններ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում: Հարկ է նշել, սակայն, որ մինչ օրս հնարավոր է եղել լուծումներ գտնել ըստ էության բոլոր հիմնական ուղղություններով, եթե հաշվի չառնենք նշված երկրների չկամությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ հայ-վրացական հարաբերություններում լարվածություն ստեղծելու անթաքույց փորձերը: Այսուհանդերձ, Կողմերը կարողացել են պահպանել հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես տնտեսական-առեւտրային ոլորտում` Հայաստան-Վրաստան ազատ առեւտրի պայմանագրի եւ այլ երկկողմ համաձայնագրերի միջոցով, այնպես էլ կրթական, մշակութային եւ ռազմական ուղղությամբ: Այսպես օրինակ՝ 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանը մասնակիցների թվով երրորդ երկիրն էր Վրաստանում անցկացվող «Noble partner» բազմազգ զորավարժություններին: Ավելին, Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները  երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժությունների կենտրոնում հայ գործընկերների վերապատրաստում անցնելու հնարավորության մասին պարբերաբար բարձրաձայնում են:

Դրական ազդակներ կան նաեւ հայ-վրացական հարաբերություններում այնպիսի բարդ թեմաների շուրջ, ինչպիսիք կրոնական եւ մշակութային ժառանգությունն ու կրթության ոլորտն է: Հայաստանի տարածքում վրացական, կամ քաղկեդոնիկ համարվող կրոնական հուշարձանների վերականգնման շուրջ երկու երկրների մշակույթի նախարարությունների մասնագետներից միջպետական հանձնաժողով է ձեւավորվել: Զուգահեռաբար, դեռեւս 2015-ին Վրաստանի կրոնի պետական գործակալությունը դիմել եւ Վիրահայոց թեմից ստացել է Թեմի կողմից հայկական համարվող եկեղեցիների ցանկը, այս ուղղությամբ, սակայն, դեռեւս էական առաջընթաց չկա: Հուսադրող է նաեւ Վրաստանի հայկական կրտսեր դպրոցներում հայոց լեզվի դասագրքերի տրամադրումը Հայաստանից. խնդիր, որը մի քանի տարի հնարավոր չէր լուծել:

Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը խիտ է եւ բազմընդգրկուն: Ինչպես նշվեց, Վրաստանը կարող է մոդելային լինել Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերությունների տեսանկյունից: Զուգահեռաբար, արտաքին աշխարհի հետ կապի տեսանկյունից Հայաստանի հյուսիսային հարեւանը ամենակարեւոր երկիրն է, որի տարածքով է իրականացվում Հայաստանի արտահանման եւ ներմուծման առյուծի բաժինը, տարվա կտրվածքով ՀՀ քաղաքացիների ամենամեծաթիվ այցելությունները դեպի Վրաստան է, այստեղ ավանդաբար ապրել եւ շարունակում են բնակվել ամենատարբեր խնդիրներ ունեցող պաշտոնական տվյալներով շուրջ 250 հազար հայեր, երկրում գործում է 100-ից ավելի հայկական դպրոց, պետական հայկական թատրոն, 50-ից ավելի եկեղեցի եւ այլն: Վրաստանի պետռեեստրի համաձայն այս երկրի տարածքում 12 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ մասնավոր ընկերություններ ունեն  կամ գրանցված են որպես անհատ ձեռներեցներ:

Նշված բոլոր ուղղություններով ամենօրյա աշխատանքի անհրաժեշտություն կա, ուստի երկկողմ հարաբերությունները հնարավորինս սահուն զարգացնելու եւ խորացնելու համար միջպետական խողովակներից եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից զատ` ինստիտուցիոնալ մակարդակում պետք է ներգրավել կամ խորացնել համագործակցությունը հետեւյալ խմբերի միջեւ. գործարարներ, կրոնական կառույցներ, գիտահետազոտական եւ կրթական կազմակերպություններ, ֆերմերներ, ԶԼՄ-ներ, միջազգային դոնոր կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ:

Վերը նշված ուղղություններով արդեն իսկ առկա են համատեղ աշխատելու լավ օրինակներ: Դրանցից որոշները, ինչպես օրինակ քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ կառույցները (ՀԿ-ներ), համագործակցում են ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափում: Հակամարտությունների կարգավորման կամ տրանսֆորմացիայի տեսանկյունից առկա են մի շարք ֆորումներ, որտեղ Հայաստանի եւՎրաստանի կոնֆլիկտաբանները համատեղ աշխատելու լավ փորձ ունեն: Համագործակցություն եղել եւ կա նաեւ բազմակողմ ձեւաչափում: Եվրամիության` Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում այդ շփումների ընդլայնված ձեւաչափը լավ օրինակ է: Տարբեր է իրավիճակը մամուլի դաշտում: Այսպես, եթե Վրաստանում գործում է մեկ 10-յակից ավելի հայալեզու մամուլի միջոց, որոնք ամենօրյա ռեժիմով ներկայացնում են իրավիճակը Վրաստանում, ապա Հայաստանից վրացերեն լեզվով բովանդակության լուրջ պակաս կա, ինչը նվազեցնում է վրացալեզու մամուլի սպառողի հնարավորությունները Հայաստանի մասին տեղեկացված լինելու տեսանկյունից:

Մասնագիտական նման բազմաշերտ ներգրավվածության պարագայում միայն հնարավոր կլինի ճշգրիտ վերլուծել առկա իրողություններն ու գործընթացները, համադրել երկրների շահերն ու կարողությունները, ձեւավորել համագործակցության եւ զարգացման համատեղ տեսլական ու կանխարգելել հնարավոր բախումները: Հայերն ու վրացիները անցել են պատմության տարբեր փորձություններով ` հաճախ կիսելով միեւնույն ճակատագիրը, իսկ, ինչպես գիտենք, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ուստի պետք է պատրաստ  լինենք մեր երկրների ու ժողովուրդների առջեւ ծառացած ու դեռեւս գալիք մարտահրավերներին համատեղ դիմագրավելուն:

0 Comments

Add new comment

Add new comment