Նախագահական ընտրություններ. զայրույթ և հուսաբեկություն Վրաստանում

Նախագահական ընտրություններ. զայրույթ և հուսաբեկություն Վրաստանում

Մոտ մեկ ամսից Վրաստանը կունենա նոր նախագահ, որը սակայն, կլինի վերջինը, որ ընտրվում է ուղիղ ժողովրդական քվեարկությամբ։ Կարճատև, բայց թեժ նախագահական ընտրարշավը բացահայտեց վրացական քաղաքական վերնախավի կոռումպացվածությունն ու խաբեությունը:

Creator: ISFED. All rights reserved.

[Ընտրությունների հետ կապված լուսանկար]

2018 թվականի հոկտեմբերի 28-ին անցկացված նախագահական  ընտրություններում ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել քվեների 50 տոկոսից ավելին,  երկու առաջատար թեկնածուները պայքարը շարունակում են երկրորդ  փուլում: Լավագույն և գրեթե համահավասար արդյունք՝ ձայների 38.64% և 37.74%, ստացան  «Վրացական երազանք» կառավարող կուսակցության աջակցությունն ունեցող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

Սալոմե Զուրաբիշվիլին դիվանագետ է, ծնվել է Ֆրանսիայում,  2004-2005 թվականներին «Միացյալ ազգային շարժման» կազմած կառավարությունում արտաքին գործերի նախարարն է եղել, իսկ պաշտոնը թողնելուց հետո անցել է ընդդիմություն: 2016 թվականին «Վրացական երազանքի» օգնությամբ անկախ պատգամավոր է ընտրվել: Աջակիցները Զուրաբիշվիլիի գլխավոր նվաճում են համարում նրա պաշտոնավարման ժամանակ Վրաստանից Ռուսաստանի ռազմական հենակայանների  դուրսբերումը:

Գրիգոլ Վաշաձեն նույնպես նույն ՄԱՇ կուսակցության կառավարման օրոք արտաքին գործերի նախարար է եղել 2008-2012 թվականներին: Մինչ այդ նա մասնավոր բիզնեսով էր զբաղված և  ծառայել է Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարությունում: Աջակիցները նրան ընդունում են որպես պետականորեն մտածող և գործող անձնավորություն:  

Քաղաքացիների ձայների 10.97% ստացավ «Միացյալ ազգային շարժումից» գրեթե մեկ տարի առաջ անջատված «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն: Նախընտրական արշավի ժամանակ նա  երրորդ՝ այլընտրանքային ուժ էր համարվում։ Այնուհանդերձ, միշտ չէ, որ ակներև են այս նոր միավորման և այն ծնող կուսակցության տարբերությունները։  

Նախագահի ընտրության հետ միասին ուժի մեջ է մտնում Սահմանադրական բարեփոխումը, որի համաձայն Վրաստանն անցնում է կառավարման խորհրդարանային մոդելի: Կառավարման այս մոդելում նախագահը միայն խորհրդանշական իշխանություն կունենա՝ առանց գործադիր լիազորությունների: Համենայնդեպս, կարծես թե  անկարևոր այս ընտրությունները, սակայն, քաղաքական կուսակցություններն ընկալեցին որպես երկու տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ: Դրանք վերածվեցին «Վրացական երազանք» իշխանական կուսակցության և դրա առաջնորդ ու ամենահարուստ վրացի Բիձինա Իվանիշվիլիի կառավարման վեցամյա ժամանակաշրջանի մասին սոցհարցման:

Նախագահական ընտրություններում բնակչությունը ձայնը տալիս էր ոչ այնքան  առանձին թեկնածուների, որքան դրանց հետևում կանգնած քաղաքական կուսակցությունների  դեմ կամ օգտին: Որոշում ընդունելու ժամանակ ժողովրդական մասնակցության ուրիշ մեխանիզմների բացակայության պատճառով ընտրությունները մնում են ժողովրդի ձայնը լսելի դարձնելու միակ գործիքը: Քաղաքական վերնախավի նկատմամբ անվստահության մասին է խոսում նաև ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշը՝ բնակչության կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել։

Չնայած դիտարկված խախտումներին, միջազգային դիտորդական կազմակերպությունները հաճախ են դրվատում Վրաստանին՝  ժողովրդավարական ընտրություներ անցկացնելու համար, և դա վրաց ժողովրդի հավաքական ձեռքբերումն է: Եվ սակայն վրացական ընտրությունները կաղում են գլխավորում. դրանք քաղաքացիներին չեն ապահովում զարգացման այլընտրանքային տեսլականների միջև ընտրությամբ։ Փոխարենը դրանք վերածվել են մի տեսակ իշխանության գործունեությունը գնահատելու պլեբիսցիտի: Այս ընտրություններով փոփոխվում են քաղաքական գորխիչները, բայց անփոփոխ է մնում վրաց ժողովրդի ամենօրյա կյանքը:

Հարաբերական հանցավորության մրցույթ

2017 թվականի դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած կռվի ժամանակ դանակով վիրավորեցին երկու անչափահասի: Մեկը մահացավ մինչև հիվանդանոց հասցնելը, երկրորդը՝ հիվանդանոցում: Գլխավոր դատախազությունը հետաքննություն սկսեց, հարցաքննեց վկաներին, ձերբակալեց կասկածյալներին: Կարծես ոչինչ չէր ակնարկում, որ դեպքը, որն ի ցույց դրեց վրացական դպրոցներում աշակերտների թշնամության և հալածանքի ծանր  պատկերը, կմերկացներ նաև իրավապահ համակարգում գոյություն ունեցող սոսկալի պրակտիկան: Այս գործը դարձավ նախագահական ընտրությունների գլխավոր թեմա:

Պատմությունն այսպիսի զարգացում ունեցավ․ սպանված անչափահասներից մեկի  հայրը՝ Զազա Սարալիձեն կասկած հայտնեց, որ հետաքննական մարմինները գործը  պատշաճ չեն հետաքննում, և հետաքննության վրա ներգործություն ունեն միջադեպի մյուս մասնակիցների ազդեցիկ ծնողները: 2018 թվականի մայիսին, ժողովուրդը դուրս եկավ Թբիլիսիի փողոցներ: Հասարակական բողոքին հետևեցին երկրի գլխավոր դատախազի հրաժարականը և խորհրդարանային ժամանակավոր փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը: Նախագահական ընտրարշավի կեսին հրապարակված խորհրդարանային հանձնաժողովի եզրակացությունը  հաստատեց կասկածը, որ հետաքննությունը գործի հանգամանքները կոծկում էր և քողարկում  ենթադրյալ մարդասպանին: Որդեկորույս հայրը, չնայած իր խարխլված առողջությանը, մինչև օրս շարունակում է բողոքի գործողությունները մայրաքաղաքի գլխավոր հրապարակում՝ խիզախության և տոկունության օրինակ ծառայելով:

Քննչական մարմինների  կեղծարար վարքագծի բացահայտումը թարմացրեց վրաց ժողովրդի հին ցավը: Վրաստանում հաճախ ասում են, որ «Վրացական երազանքն» ընտրվել է նախորդ իշխանությունից ժառանգած դատական և քրեակատարողական կոռումպացված համակարգը կազմաքանդելու և արդարադատությունը վերականգնելու  համար: Վեց տարի անց հասարակությունը գրեթե համաձայնվեց, որ խոստացած և այժմ ծաղր դարձած արդադատության վերականգնման գաղափարը չիրականացվեց: «Վրացական երազանքը»  չստեղծեց հանձնաժողով, որ կբացահայտեր ճշմարտությունը՝ նախորդ իշխանության ժամանակ կատարված հանցագործությունները, և զոհերին օգնություն կցուցաբերեր: Միաժամանակ, սակայն, այն շահարկում էր «Միացյալ ազգային շարժման» կերպարը՝ սեփական բարոյական առավելության պատում կերտելու համար։

Անչափահասների սպանության հետաքննության մեջ ծանր խախտումների բացահայտումը  արեց մի բան, որ չկարողացան անել այլ, հնարավոր է՝ ավելի ծանր հետաքննչական խախտումներ ունեցող գործեր. «Վրացական երազանքը» զրկվեց իր բարոյական գերակայությունից՝ ինքնավստահորեն խոսելու իր նախորդ «Միացյալ ազգային շարժման»  կատարած խախտումների մասին, իսկ սա, կարող է կուսակցության կյանքում բեկումնային դուրս գալ: Մինչև այժմ, «Վրացական երազանքի»  աջակիցների մեծ մասին միավորում էր նրանց մերժումը՝ վախն ու ատելությունը ՄԱՇ կառավարման նկատմամբ: Չնայած առողջապահության և  սոցիալական ապահովության քաղաքականության ոլորտներում մի քանի շողշողուն բարեփոխումներին, կառավարող թիմը չկարողացավ աջակիցներ հրապուրել ամենաճնշող հիմնախնդիրների, օրինակ՝ գործազրկության ուղղությամբ առաջարկվող լուծումների միջոցով: Այլ խոսքերով՝  բարոյական գերակայությունից  զրկված «Վրացական երազանքն» առանձնապես ոչինչ չունի, որ կապահովեր աջակիցներ: Հավանաբար այլևս զարմանալի չէ, որ իշխանությունը ստիպված էր իր գերակայությունը հաստատել՝ մատնացույց անելով իր հակառակորդի հանցավորության ավելի բարձր աստիճանը: Նախագահական ընտրարշավի ընթացքում, կառավարող կուսակցության լիդերներից մեկը՝ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ չէ, որ ասել է, թե չնայած որոշ խնդիրներին, իր կառավարությունը՝ ի տարբերություն նախորդ իշխանության, վրաց ժողովրդի նկատմամբ համակարգային հանցանք չի գործել:

Հարաբերական հանցավորության թեզն օգտագործում էին նաև ընդդիմադիր կուսակցությունները՝ իշխանության առաջադրած թեկնածուների մասին խոսելիս: Նրանք շարունակաբար հիշեցնում էին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերը, թե 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանը ռմբակոծել է սեփական բնակչությանը, և նրան մեղադրում էին դավաճանության  համար: Սալոմե Զուրաբիշվիլիի հասցեին ընդդիմության քննադատությունը մշտապես  հաստատվում էր այն համոզմունքով, որ դավաճանությունից ավելի մեծ հանցագործություն չկա։

Հարաբերական հանցավորության պարադիգման մատնանշում է, որ միմյանց հանցավորությունը ի ցույց հանելը Վրաստանի քաղաքական կուսակցությունների խորհրդանշական կապիտալի  հիմնական աղբյուրն է: Քաղաքական կուսակցությունները և դրանց առաջադրած թեկնածուները ռեսուրս գրեթե չեն ծախսել վրաց ժողովրդին քաղաքական ծրագիր ներկայացնելու համար: Նախընտրական մարաթոնը տպավորություն թողեց, որ Վրաստանում ընտրությունները քաղաքական ընտրություն կատարելու հնարավորություն չեն տալիս ժողովրդին:

Հակակոռուպցիա՝ քաղաքականության փոխարեն

«Ամենացավալին  այն է, որ Վրաստանից գլխավոր արտահանվող բարիքը սեփական բնակչությունն է»,- նշել է նորվեգացի տնտեսագետ Էրիկ Ս. Ռեյներտը մի քանի տարի առաջ Վրաստանում գտնվելու ժամանակ: Սա կարող է հետխորհրդային զարգացման ձախողման լավագույն ցուցիչը լինել. Ռուսաստանից արյունալի անջատումից հետո, վրացի կանայք և տղամարդիկ Ռուսաստան  են վերադառնում հուսաբեկ  անլեգալ աշխատավորների դերում: Ովքեր գիտեն Վրաստանի բարեհաջող հակակոռուպցիոն բարեփոխումների մասին, նրանք կցնցվեն՝ իմանալով, որ երկրում մնացած վրաց քաղաքացիներն աշխատում են ընդամենը գոյատևելու համար: Այս աշխատանքը գոյատևման պայքարի է նման, և այդ ընթացքում շատերն են մահանում. վերջին տասը տարում աշխատանքային օրենսգրքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 1200-ից ավելի  մարդ է զոհվել կամ ծանր վիրավորվել:

Նախագահական մարաթոնի ժամանակ տեղի «Համերաշխության ցանց» արհեստակցական  միությունը նախագահի թեկնածուներին կոչ արեց ներկայացնել իրենց տեսլականները՝ աշխատանքի և աշխատավորների իրավունքների պաշտպանության մասին: Մարտահրավերն ընդունեց  միայն «Գիրչի» աջ պոպուլիստական քաղաքական միավորման թեկնածուն, որը  գտնում է, որ աշխատանքային պայմանները միայն  գործատուի և գործառուի միջև մասնավոր բանակցությունների  առարկա են, և կոչ է անում ամբողջությամբ չեղյալ հայտարարել Աշխատանքային օրենսգիրքը։:   

Նախագահության մյուս թեկնածուները նախընտրեցին լռել: Ի՞նչ է նշանակում նրանց լռությունը:  

Վրաստանի անկախություն ձեռք բերելուց ի վեր քաղաքական վերնախավը շուկայի ազատականացման բարեփոխումներն է մատնանշում՝ որպես զարգացման և  հարստության կուտակման մոդել: Այս բարեփոխումները ոչ միայն ենթադրում են ազատ շուկայի  պաշտպանություն ժողովրդական պահանջներից, այլև ենթադրում են այնպիսի պետության կառուցում, որը ծառայում է բիզնեսի շահերին: Բանաձևն այսպիսին է.  պետությունը անզոր է աշխատավորության համար և ամենազոր է՝ կապիտալի համար: Այս մոտեցման հիմքը Վրաստանի Սահմանադրությունն է, որը սահմանափակում է խորհրդարանի իրավասությունը՝ մեծացնել հարկերը և ներմուծել  պրոգրեսիվ հարկման համակարգ: Չնայած Վրաստանի տարբեր իշխանությունների խոստումներին՝ Վրաստանում աղքատության ցուցանիշը նշանակալիորեն չի փոփոխվում, իսկ եկամուտների անհավասարաչափ բաշխմամբ Վրաստանը տարածաշրջանի լիդերներից մեկն է մնում: Հարստության գետեր չհոսեցին:  

Ի՞նչ  ասելիք ունեն նախագահի թեկնածուներն այս անարդարացի  համակարգի մասին: Գրեթե ոչինչ: Իրականում գուցե սրտակցությունն է զարգացման նեոլիբերալ  մոդելի նկատմամբ, որ նրանց միավորում և միմյանց նմանեցնում է: Նախընտրական ընտրարշավի ընթացքում իշխող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ասում էր, որ ընչազրկությունն ու աղքատությունը անհատական պատասխանատվություն են: Իսկ հարկերի քչությամբ աշխարհի առաջատար երկրներից մեկի՝ Վրաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները  քարոզում են հարկերի է՛լ ավելի կրճատումը: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր միավորման նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն, որ աշխատավորների իրավունքներով երբեք չի հետաքրքրվել, վրացի ընտրողին խոստանում էր կարգավորել նրա օրինական աշխատանքային զբաղվածության հարցն արտասահմանում: Տպավորություն էր ստեղծվում, թե վրացական քաղաքական վերնախավը համաձայնության է եկել, որ Վրաստանում արժանապատվությունը նվաստացնող աշխատանքն այլընտրանք չունի, և համապատասխանաբար, այսպիսի խնդիր է դրել՝ ավելի բարվոք աշխատանքային պայմաններ ստեղծել վրացիների համար արտասահմանում, Վրաստանից հեռու:

Եթե ընդհանուր պատկերն այսպես մռայլ է, ինչպե՞ս էին կարողանում քաղաքական կուսակցությունները և նրանց թեկնածուները բնակչության հետ խոսել  ամենակարևոր հիմնախնդիրների մասին: Նրանց օգնում էր հակակոռուպցիայի  գաղափարը: Ընդդիմությունը որպես աղքատության սկզբնաղբյուր նշեց կոռուպցիան, և այն դարձավ նախագահական ընտրությունների ամենից հաճախ  հիշատակվող բառը: Ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ եթե չլիներ բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան, ամեն ինչ լավ կլիներ: Կոռուպցիայի դեմ պայքարի վրա կենտրոնացած այս քարոզարշավում լրատվամիջոցներն իրենց հերթին  անընդհատ տեղեկատվական հոսք էին ապահովում որոշ քաղաքական գործիչների կասկածելի եկամուտների, նրանց հսկայական ամառանոցների և հանրային ծառայության ոլորտում գոյություն ունեցող նեպոտիզմի մասին: Ազգային հակակոռուպցիոն մանտրայի գագաթնակետը դարձավ ՄԱՇ-ի նախընտրական խոստումն ընտրողներին, որ կստեղծի անկախ հակակոռուպցիոն գործակալություն, որի ղեկավարին կընտրեն արտասահմանյան փորձագետները՝ ժողովրդի ընտրած կոռումպացված քաղաքական գործիչների փոխարեն:

Անկասկած, կոռուպցիան մահացու չարիք է, որ Վրաստանն էլ է ախտահարում, բայց երբ  կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության բոլոր հիմնախնդիրների  լուծման ճանապարհ է հայտարարվում, այն փոխարինում է հանրային քաղաքականությանը,  մինչդեռ հանրային քաղաքականությունն է, որ ապահովում է իրավունքներով և համընդհանուր բարիքին ուղղված հոգատարություն, կազմակերպվածություն և պատասխանատվություն ենթադրող հնարավորություններ: Իսկ հակակոռուպցիայի վրացական մանտրան, ի դեպ, ինքնին կոռուպցիոն է, որ կեղծում է հիմնախնդրի աղբյուրը և գրավում հանրային քաղաքականության տեղը:

Սահմանադրական բարեփոխում. Եվրոպականացման առաջադիմական  ուտոպիա

Քչերը կպատկերացնեին, որ նախագահի ընտրությունները, ում լիազորությունները կտրուկ կրճատվել էին սահմանադրական բարեփոխումների արդյունքում, վերջին տարիների ամենաթեժ  քաղաքական իրադարձությունը կդառնային: Սահմանադրության հիմնական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն նոր նախագահի ընտրությունից անմիջապես հետո: Կառավարող թիմի ասելով, երկրի հիմնական օրենքի բարեփոխումը Վրաստանը  կդարձնի  եվրոպական տիպի խորհրդարանային հանրապետություն: Փոփոխությունների թվում է  նախագահի ուղիղ ընտրության կարգի վերացումը, ինչը  հանդիսանում է բարեփոխման  ամենավիճելի հարցերից մեկը: Վրաստանում  հավատում են, որ սահմանադրական փոփոխությունների  գլխավոր նպատակը նախագահի ինստիտուտի թուլացումն էր: Դրան հավատում է նաև Վրաստանի ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը հրաժարվեց բարեփոխման գործընթացին   մասնակցություն ունենալ:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն, Վրաստանի ապագա նախագահին ժողովրդի փոխարեն կընտրի հատուկ կոլեգիան: Նախագահն այլևս իրավունք չի ունենա մերժել խորհրդարանի առաջադրած՝ վարչապետի թեկնածուին։ Ոչ էլ իրավունք կունենա ընտրել Գերագույն դատարանի դատավորներին։ Փոփոխությունների թվում է Անվտանգության խորհրդի վերացումը՝ մի մարմնի, որը նախագահում է երկրի նախագահը և որը պատասխանատու է զինված ուժերի զարգացման և պաշտպանության կազմակերպման համար։  Նախագահը մնում է որպես պետության նոմինալ  ղեկավար, որն իրավասու կլինի վետո դնելու խորհրդարանի ընդունած օրինագծերի վրա, ներելու դատապարտյալներին և լուծելու քաղաքացիության հարցերը:

Գլխավոր հարցը, որը բաց մնաց ընտրությունների եղանակի և նախագահի իրավասությունների  մասին բանավեճում, այն էր, թե ինչու էր անհրաժեշտ համարվում Վրաստանի նախագահի ինստիտուտի  փոփոխումը՝ հատկապես, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը նախագահի ժողովրդական ընտրության կողմնակից էր: Կառավարող կուսակցությունը որպես փոփոխությունների գլխավոր արդարացում մատնանշում էր եվրոպական փորձը և ասում էր, որ եվրոպական խորհրդարանական ժողովրդավարությունը  ենթադրում է նվազ իրավասություններով նախագահի անուղղակի ընտրություն: Դրան ի պատասխան, փոփոխությունների հակառակորդները Վրաստանի կարիքների մասին խոսելու փոխարեն մատնացույց էին անում այնպիսի եվրոպական խորհրդարանական երկրներ, որտեղ նախագահին ուղղակիորեն ընտրում է ժողովուրդը: Այս հարաբերականորեն իրավական բանավեճում հայրենի կարիքներ զատորոշելու ցանկություն կամ եռանդ չգտնվեց, և գլխավոր հարցն էլ մնաց անպատասխան: Կարևոր հարցերը լուծելիս եվրոպական փորձի  մշտական հիշատակումը և փաստարկները եվրոպական փորձով հիմնավորելը Վրաստանում նորություն չեն: Ի վերջո, դեպի Եվրոպա ձգտող երկրում շատ ընդունված է առաջընթացի միակ ուղի համարել Եվրոպային ընդօրինակելը: «Վարվիր այնպես, ինչպես Եվրոպան է վարվում», - սա է նրանց միակ ուղերձը, ովքեր մոդեռնիզացման և առաջընթացի մասին են խոսում:

Սահմանադրական հանձնաժողովում նախագահի ընտրության մասին բանավեճի ժամանակ ի հայտ եկավ մի բան, որ առաջին հայացքից ակներև չէ Վրաստանի եվրոպականացման դիսկուրսում. իշխանությունը իրեն հարկավոր և որոշ դեպքերում արատավոր օրենսդրական նախաձեռնությունները արդարացնելու համար  հաճախ ապավինում է որևէ եվրոպական երկրի  օրենսդրությունում գոյություն ունեցող նախադեպերին, փորձում է «եվրոպականացնել», ուստիև «նորմալացնել» վիճելի նախաձեռնությունները:

Մյուս կողմից, երբ սոցիալական արդարության վրա աշխատող սաղմնային միավորումները  սահմանադրական հանձնաժողովից պահանջում էին ստեղծել սոցիալական աջակցության և խնամքի եվրոպական տիպի ինստիտուտներ, լսվում էր պատասխան, թե Վրաստանը պատրաստ չէ  հարստության եվրոպական տիպի վերաբաշխման համար: Այն, ինչը նորմա է Եվրոպայում, նորմայից շեղում է Եվրոպայից դուրս, միաձայն ասում էր քաղաքական դասը: Այսպես է աշխատում եվրոպականացման առաջադեմ ուտոպիան Վրաստանում:

Եզրակացության փոխարեն

Ընտրությունների երկրորդ փուլը հայտարարելու հետ վերակենդանացավ «Միացյալ ազգային շարժման»՝ իշխանություն վերադառնալու մասին վախը: Վրաստանում շատերը վախենում են, որ իշխանությունը, որի կատարած ծանրագույն իրավախախտումներ էին ի հայտ բերվել տարիներ առաջ, այդ թվում՝ կալանավորների և ձերբակալվածների նկատմամբ խոշտանգման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքեր, կշարունակի կառավարել նույն ոգով: Միևնույն ժամանակ, կառավարող կուսակցության նկատմամբ կուտակված արդարացի դժգոհությունը դուրս հորդելու ուղիներ է որոնում: Համալսարանական կրթությամբ միջին դասը, որ տիրապետող է հանրային տարածքում, պարադոքսալ և, կարելի է ասել, ցինիկ կոչ է հնչեցնում, որ եթե չեք ուզում «Վրացական երազանքը» վերածվի «Միացյալ ազգային շարժման», ձեր ձայնը  պետք է տաք վերջինին։ Վերլուծաբաններն ու քաղաքական  մեկնաբանները երկրորդ փուլի հնարավոր արդյունքի մասին շատ բան չեն կարող ասել։ Ամե՛ն ինչ կարող է պատահել մի քաղաքական դաշտում, որ այլևս զուրկ է վստահությունից և արդարությունից։ 

Ինչի՞ հույս կարելի է ունենալ: Զայրույթը, համերաշխությունը և ժողովրդավարությունը  անօտարելի են միմյանցից, գրում է հետխորհրդային քաղաքականության և  սոցիալական շարժումների հետազոտող Դեվիդ Օսթը: Նրա խոսքով,  ժողովրդավարությունը ծնվում է այնտեղ, որտեղ նրանք, որ զայրացած են ու զուրկ իշխանությունից և հարստությունից, համերաշխություն են հայտնում միմյանց նկատմամբ և կարողանում են պահանջել այն, ինչ իրավամբ  իրենց է պատկանում: Ժողովրդի արդարացի  պահանջների նկատմամբ խուլ վրացական քաղաքական մեքենան, եթե որևէ բան արտադրում է, ապա դա  տոննաներով զայրույթն է: Զայրույթը լիքն է փողոցներում։

Նախագահական ընտրությունների ավարտը՝ անկախ դրանց արդյունքից, ինչպես երևում է, թեժ քաղաքական գործընթացի միայն սկիզբն է: Ո՞վ կկարողանա ձևակերպել այս զայրույթը՝ սա է կրիտիկական նշանակության հարցը: Վճռորոշ է նաև մյուս հարցը. կկարողանա՞ վրաց ժողովուրդը զայրույթը կազմակերպել հօգուտ ժողովրդավարական համերաշխության: Այս հարցերի պատասխաններն են կանխորոշելու Վրաստանի մոտ ապագան: Պետք է հիշենք, որ վրաց ժողովրդի հուսաբեկությունը և քաղաքական դասի կեղծարար բնույթը, ինչպես նաև հասարակական շարժումների մասնատվածությունը և արհեստակցական միությունների թուլությունը,  հնարավոր են դարձնում բոլոր սցենարները, անգամ՝ ամենասարսափելիները։

Այսքանը պետք է հիշենք. իսկ  ցանկալի սցենարի համար պետք է պայքարենք:

Վախթանգ Նացվլիշվիլի

Իրավական հետազոտող, Վրաստան

2017 թվականի Վրաստանի Պետական սահմանադրական հանձնաժողովի անդամ

Related Content

0 Comments

Add new comment

Add new comment