ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներն ու հեղափոխությունը

Ընթացիկ տարվա գարնանը Հայաստանում ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխությունը և դրան հետևած իրադարձություններն իրենց անդրադարձն ունեցան նաև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ քննարկումների վրա։ Քաղաքական գերակտիվ գործընթացում այս թեման դարձավ հիմնական շահարկվողներից։

Թեև հեղափոխության մեկնարկից մինչև դեկտեմբերի 9֊ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում օրենսդրական դաշտում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներին վերաբերող փոփոխություններ տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս խմբի իրավունքների հարցը դարձավ քաղաքական ամենաբարձր ամբիոնների ու պաշտոնատար անձանց անդրադարձի առիթ։ Հնչած տեքստերը, սակայն, հիմնականում հեռու էին մարդու իրավունքների կոնցեպցիայի տրամաբանությունից, արտացոլում էին հասարակության շրջանում գերիշխող ավանդական֊պահպանողական կարծրատիպերը, հաճախ ուղեկցվում էին ատելության խոսքով, բռնության ուղիղ կամ անուղղակի կոչերով։

Այս ժամանակահատվածում տեղի ունեցան նաև ֆիզիկական բռնությամբ ուղեկցված միջադեպեր, ինչպես նաև հավաքների ազատության սահմանափակում։ Իրավապահ համակարգը իրավախախտումների արձանագրման, քննության, դրանք իրականացնողներին պատասխանատվության կանչելու հարցում հիմնականում դրսևորեց կրավորական և խուսափողական կեցվածք, իսկ ոստիկանապետի հայտարարությամբ ըստ էության սահմանափակվեց ԼԳԲՏԻ մարդկանց՝ փակ դահլիճալին հավաք կազմակերպելու ազատությունը։

Հրապարակային դաշտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անհամարժեք արձագանքեցին իրադարձություններին, իսկ ԶԼՄ֊ների հիմնական մասն առնվազն հետևողական չէր խնդրի համակողմանի լուսաբանման հարցում։

ԼԳԲՏԻ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն, այնուամենայնիվ, հույս են հայտնել, որ քաղաքական սուր այս շրջափուլի ավարտից հետո այս խմբի իրավունքների հարցերի քննարկումները  կառուցողական հուն ուղղելու և ավելի բովանդակային դարձնելու հնարավորություն կարող է բացվել։

Իրավիճակը մինչ հեղափոխությունը

Հայաստանում ԼԳԲՏԻ հարաբերություններն ապաքրեականացվել են 2003-ին։ Պետությունում չի ընդունվել և մինչ օրս առկա չեն ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների պաշտպանության առանձին օրենսդրական մեխանիզմներ։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետազոտությունների համաձայն՝ հետխորհրդային պետությունների ցանկում Հայաստանն այս խմբի իրավունքների պաշտպանության հարցում վերջին հորիզոնականներում է՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ։

Նախորդ կառավարությունը միջազգային գործընկերների առաջ ստանձնած պարտավորություններից դրդված՝ վերջին տարիներին իրականացրել է ոչ էական դրական մի քանի փոփոխություն, ինչպես, օրինակ, որոշ ենթաօրենսդրական փաստաթղթերից ԼԳԲՏԻ մարդկանց արժանապատվությունը վիրավորող ձևակերպումների փոխարինումը ավելի չեզոք բառերով։

Միաժամանակ, այդ կառավարությունը չի իրականացրել Եվրամիության հետ կնքված համաձայնագրով նախատեսված հակախտրական օրինագծի ընդունումը։

2016-ին կառավարությունը հանրաքվեի էր դրել և անցկացրել Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծ, որում վերաձևակերպված էր ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը․ կառավարությունն այն մեկնաբանեց իբրև նույնասեռ ամուսնություններն արգելող։

Հատկանշական է, որ Եվրամիության հետ կառավարության կնքած՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստում հիշատակվում էր սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ պայքարը՝ «տեղեկությունների և լավագույն գործելակերպի փոխանակման» համատեքստում, իսկ 2017-ին կառավարությունը հանրային քննարկման էր դրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ, որի 197-րդ հոդվածում որպես խտրականության բացառման հիմք հիշատակվում էր նաև սեռական կողմնորոշումը։

Այսպիսով, գոնե իրավաօրենսրական հարթությունում նախորդ կառավարության վերջին մի քանի տարիների վարած քաղաքականությունը և մտադրությունները ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցում հակասական և ոչ միանշանակ էին, թեև քաղաքական տեքստերի ու պրակտիկայի մակարդակում իշխող կուսակցության ներկայացուցիչներն աչքի էին ընկնում ընդգծված հոմոֆոբ, տրանսֆոբ հռետորաբանությամբ և գործողություններով։

Այսպես, օրինակ, իշխող Հանրապետական և դրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել հոմոֆոբ հայտարարություններով, իսկ պետական տարբեր մարմինները, այդ թվում՝ իրավապահ, ոչ միայն չեն ապահովել ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներն ու ազատությունները, այլ խոչընդոտել են դրանց իրացմանը, դրսևորել են ակնհայտ խտրական վերաբերմունք, ինչի վերաբերյալ բազմաթիվ փաստեր են հրապարակել  իրավապաշտպանները։ 

Հատկանշական է, որ իշխող կուսակցության ղեկավար, նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը որևէ անգամ հրապարակավ չի անդրադարձել այս հարցին։ 

Համադրելով փաստերն ու տեղեկությունները՝ կարելի է եզրակացնել, որ նախորդ կառավարությունը վերջին տարիներին խուսափում էր այս հարցի վերաբերյալ հստակ օրենսդրական քաղաքականության որդեգրումից, տեքստի և գործողության մակարդակում դրսևորում էր բացահայտ հոմոֆոբիա և տրանսֆոբիա, բայց միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ինչպես նաև հայաստանյան քաղհասարակության ճնշումների ներքո անհայտ ապագայում հարցերը դրականորեն կարգավորելու պատրաստակամության իմիտացիա էր ստեղծում՝ չխորշելով ըստ նմատակահարմարության ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը որպես շահարկումների, պրովոկացիաների և մանիպուլացիաների առիթ օգտագործելուց։

Հեղափոխության առաջնորդի քաղաքական ուժը 

Հեղափոխությունն առաջնորդած Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը, որը հիմնադրվել է 2015-ին, իր հիմնարար փաստաթղթում և ծրագրերում որևէ անգամ չի հիշատակել ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները։ Կուսակցության հիմնարար փաստաթղթում, սակայն, մի քանի անգամ շեշտվում է մարդու ազատության և արժանապատվության պաշտպանության անհրաժեշտությունը, անհատի երջանկության, օրենքի առաջ բոլորի հավասարության  կարևորությունը, բռնությունը մերժելու սկզբունքը։

Տեղի ունեցած արտահերթ խոհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայացված ծրագրում շեշտվում է, որ «օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու համար Հայաստանում չկար և չկա որևէ օրենսդրական խոչընդոտ։ Խնդրի լուծումը երաշխավորող միակ գործոնը կառավարության քաղաքական կամքն է։ Կառավարությունը, վայելելով Հայաստանի քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը և հանդես գալով նրանց անունից, հաստատում է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում իր վճռականությունը և խնդիրը լուծելու իր կարողությունը»։

Ինչ վերաբերում է հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի անձնական դիրքորոշմանը, այն թերևս լավագույնս ներկայացված է իր՝ «Երկրի հակառակ կողմը» վեպում՝ մաս֊մաս տպագրված 2008-ի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթում և որպես ամբողջական գիրք հրատարակված հեղափոխությունից հետո։

«Քարկոծե՞լ քեֆ քաշել սիրող տղամարդկանց ու կանանց, խարույկի վրա վառե՞լգեյերին ու լեսբուհիներին, կամ խմբային խրախճանքի երկրպագուներին։ Ոչ, միանշանակ ոչ. որովհետև գեյ ու լեսբուհի զույգերն իրենց առօրյա հարաբերություններում չեն բռնանում երրորդ անձի ազատության վրա, և որքան էլ տարօրինակ է հնչում՝ օգտվում են իրենց ազատությունից։

Ուրեմն ի՞նչ՝ ողջունե՞լ գեյերին ու լեսբուհիներին. ոչ, միանշանակ ոչ։ Ի՞նչ անել, ուրեմն։ Թողնել, որ նրանք ապրեն իրենց կյանքով, որովհետև նրանք չեն ոտնահարում մեր ազատություններն ու իրավունքները, այլ օգտվում են իրենց ազատություններից և իրավունքներից։ Իսկ սա այն դեպքն է, որ չի մտնում հասարակության և անհատների պարզելիք հարաբերությունների ոլորտ, այլ պատկանում է Աստծո և անձի հարաբերությունների ոլորտին։ Ուրեմն գեյը պատասխանատու չէ հասարակության առաջ, նա պատասխանատու է Աստծո առաջ, իսկ մարդիկ լիազորված չեն իրականացնել Աստծո դատաստանը»։ 

«Անկեղծ ասած, միշտ զարմացել եմ գեյերի ու լեսբուհիների ամուսնանալու ձգտման վրա։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են նրանք այդքան ձգտում, որ օրենքով իրենց ամուսնանալու հնարավորություն տրվի։ Ապա և փորձում են այս իրավունքի ճանաչմանը հասնել եկեղեցու կողմից։ Տոկիոյում, միայն Տոկիոյում հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն՝ արածը մեղք չհամարվի։ Երբ Հայաստանում էի, միասեռական ամուսնություններն ինձ լկտիության ցույց էին թվում, Հայաստանից հեռու հասկանում եմ, որ այդ մարդիկ, գիտակցված թե ենթագիտակցորեն, ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի։ Բայց սա էլ մարդկության որոշելիքը չէ, սա էլ Աստծո ընդդատյա գործերի շարքին է պատկանում»։ 

 

Posters in Armenia

Հեղափոխության առաջին փուլի ընթացքում

«Սիրո և համերաշխության» կարգախոսի ներքո տեղի ունեցած հեղափոխության առաջին փուլի ընթացքում հարթակից բազմիցս շեշտվում էր մարդու իրավունքների  կարևորությունը և հեղափոխության շահառու էր հռչակվում քաղաքացին՝ իր անքակտելի ազատություններով։ Հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքում էին նաև ԼԳԲՏԻ ակտիվիստներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, հեղափոխությունից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակված Զարուհի Բաթոյանը հեղափոխության օրերին, ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքում, ընդգծել է․ «Այս երկրում մարդը պետք է բարձրագույն արժեք լինի՝ անկախ նրա առանձնահատկություններից, անկախ կրոնական պատկանելությունից, անկախ քաղաքական հայացքներից, անկախ սեռից, անկախ սեռական կողմնորոշումից, անկախ սոցիալական վիճակից, անկախ ամեն ինչից»։ 

Այս փուլում հասարակական, քաղաքական դաշտում հնչող տեքստերը, սակայն, հիմնականում վերաբերում էին հեղափոխության ընթացքին և անհրաժեշտ քայլերին, պետության անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ հարցերին․ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը չէր գտնվում հանրային խոսակցությունների օրակարգում։

Նոր՝ հեղափոխության կառավարության ձևավորումից հետո

Մայիսին Սերժ Սարգսյանի հրաժարականից և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց ու նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանում ի հայտ եկավ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անունով մի նախաձեռնություն, որը պահանջում էր Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ֊ի հրաժարականը և այդ պահանջով հրապարակային միջոցառումներ էր անցկացնում։ Կաթողիկոսի շուրջ ստեղծված լարված իրավիճակում ՀԱԵ֊ի ներկայացուցիչներն այդ նախաձեռնության անդամներին մեղադրեցին «աղանդավոր» և «նույնասեռական քարոզող» լինելու մեջ։

Թեև ԼԳԲՏԻ համայնքն ընդհանրապես որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության հետ, իսկ վերջինիս ներկայացուցիչներն աչքի չէին ընկնում առաջադեմ տեքստերով,  այնուամենայնիվ այդ վեճում ԼԳԲՏ համայնքի մասին հիշատակումները, որպես վարկաբեկիչ հանգամանք, շահարկվեցին անգամ Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Աջապահյանի կողմից։ Այս ամենի կապակցությամբ Pink Armenia-ի ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված էր․ «ԼԳԲՏ համայնքը, որքան էլ անմասն չէ երկրում տեղի ունեցող իրադարձություններից ու ներգրավված է տարբեր սոցիալական ու քաղաքական պայքարներում, որևէ կապ չունի եկեղեցու ներքին խոհանոցի ու կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ»։ Այնուամենայնիվ, մեդիայում և սոցիալական ցանցերում այդ նախաձեռնության նույնացումը ԼԳԲՏԻ համայնքի հետ տարբեր խմբերի կողմից նպատակաուղղված շարունակվեց՝ դառնալով ատելության խոսքի, ՀԱԵ֊ն և պետությունը ԼԳԲՏԻ մարդկանց կողմից իբր կազմաքանդելու մեղադրանքների առիթ։

Մայիսին բարեգործական մի ծրագրի մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը, որ հայտնի է նաև իբրև ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների ջատագով։ Երաժիշտն իր այցի ընթացքում հանդիպեց նաև  նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը նույնպես շահարկումների ու ատելության քարոզի առիթ դարձավ։ Ջոնի այցի ընթացքում տեղի ունեցավ նաև տհաճ միջադեպ․ 34-ամյա մի քաղաքացի ձվեր էր նետել նրա ուղղությամբ։ Ոստիկանությունը հայտնաբերել էր քաղաքացուն, ապա քննիչի մոտ բացատրություն տալուց հետո ազատ էր արձակվել։

Թեև մինչ օգոստոսը ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցն արդեն դարձել էր քաղաքական, հասարակական շահարկումների, ատելության խոսքի առիթ, օգոստոսից սկսած՝ ծրագրված սադրիչ գործողություններ և կեղծ տեղեկատվական արշավ ծավալվեց, որոնց կազմակերպիչները սկսեցին գործել բացահայտ․ ակնհայտ դարձավ, որ դրանց հետևում կանգնած են հեղափոխությունից դժգոհ ուժերն ու խմբերը։

Այսպես, օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հարձակում տեղի ունեցավ այնտեղ հյուրընկալած մի խումբ մարդկանց վրա, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ակտիվիստներ, ինչի հետևանքով մի քանի հոգի ստացան մարմնական վնասվածքներ։ Հետագայում Pink Armenia-ն հրապարակեց փաստեր, որ սադրանքը կազմակերպել էին ՀՀԿ֊ի հետ փոխկապակցված անձինք։ Դեպքի առնչությամբ հարուցվեց քրեական գործ։ Հեղափոխությունը քննադատող և նախորդ իշխանությանը սատարող խմբերը բացահայտ պաշտպանեցին բռնությունը՝ Շուռնուխում ի համերաշխություն բռնարարների հրապարակային միջոցառում կազմակերպելով։

Համացանցում ԼԳԲՏԻ մարդկանց հասցեին օգտատերերի հնչեցրած ատելության ու բռնության կոչերի ուժգնացմանը նպաստեցին համանման հայտարարություններով ու գրառումներով հանդես եկած հանրային դեմքեր ու քաղաքական գործիչներ։ Այսպես, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ «վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։ Pink Armenia-ն Պետրոսյանի գրառման կապակցությամբ ոստիկանություն հաղորդում ներկայացրեց։

Կառավարությունից տեղի ունեցածի վերաբերյալ գնահատական հնչեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով Շուռնուխի դեպքի վերաբերյալ օգտատերերից մեկի հարցին, մասնավորապես ասաց․ «Այս հարցով ինձ համար մի բանն է, որ անընդունելի է՝ կիրառված բռնությունը, այսինքն՝ թեմայի բովանդակության մեջ ես նույնիսկ չեմ ուզում շատ խորանալ և դրա մասին խոսել, որովհետև այստեղ կա մի շատ պարզ ճշմարտություն՝ որպես հարցի լուծում բռնությունն անընդունելի է՝ անկախ պատճառից, անկախ այն բանից, թե ում դեմ է արվել, անկախ նրանից, թե ինչ հիմքեր կային այդ բռնությունը կիրառելու համար»։

Շուռնուխում տեղի ունեցած բռնությունը դատապարտող հայտարարություններ տարածեցին տեղական և միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ։

Օգոստոսի 14-ին ոստիկանությունը հաղոր

դագրություն ու տեսանյութ է տարածում այն մասին, որ սեքս աշխատանք իրականացնող մի խումբ տրանսգենդեր անձինք «ներխուժել են ոստիկանության բաժին» և «մարմնական վնասվածք պատճառել ոստիկանության երկու ծառայողի» այն բանից հետո, ինչ ոստիկանությունը տրանսգենդերների ահազանգով բերման է ենթարկել իրենց հանդեպ բռնություն գործադրած մի քաղաքացու։ Արդյունքում հարուցվում է քրգործ, որի շրջանակներում բերման է ենթարկվում ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառած երկու անձ։ Դեպքի առնչությամբ ոստիկանության տարածած տեսանյութն ուղեկցվում էր սեքս աշխատանք կատարող տրանսգենդերների հասցեին անհարկի վերնագրով ու ձևակերպումներով։ Ավելի ուշ ոստիկանությունը փոխում է տեսանյութի վերնագիրը։ 

Այս միջադեպից անմիջապես հետո ի հայտ է գալիս «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» անունով մի նախաձեռնություն, որը հայտարարում է «ԼԳԲՏ քարոզչության» դեմ ուղղված հրապարակային միջոցառումների շարք կազմակերպելու մասին։  Այս նախաձեռնության ներկայացուցիչը մամուլին հայտնում է, որ դիմել է ԱՄՆ, Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատներ՝ պահանջելով դադարեցնել «ԼԳԲՏ կազմակերպությունների ֆինանսավորումը»։

Օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարում տեղի ունեցած մի միջոցառման լուսանկարներ է հրապարակում՝ «Ինչպե՞ս դառնալ համասեռամոլ կամ աթեիստ֊աղանդավոր֊սատանիստ» վերգրությամբ։ Լուսանկարներում պատկերված էր, թե ինչպես են մանկական ճամբարում երեխաները բեմի վրա «Ուրախների և հնարամիտների ակումբի» նման մի ներկայացման մասնակցում՝ զգեստավորված տարբեր կերպ, այդ թվում՝ հակառակ սեռին բնորոշ հանդերձանքով։ Մի շարք լրատվամիջոցներ արտատպում են լուսանկարներն ու գրառումը՝ տեղի ունեցածը ներկայացնելով իբրև «անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզ»։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնում է․ ««Ինձ նախնական ասել են, որ ՈՒՀԱ-ի ներկայացում է եղել, բայց հանձնարարել եմ մանրամասն ուսումնասիրել: Նախնական գնահատականով՝ դա եղել է բեմականացված»։ Ճամբարի տնօրենն էլ հայտնել էր, որ «ընդամենը տեղի է ունեցել դիմակահանդես,  որի ժամանակ ճամբարի «Ուրախների և հնարամիտների ակումբը» հերթական հումորային բեմադրությունն է կազմակերպած եղել, ինչի մասին ծնողները տեղյակ են եղել»։ Նա նաև նշել է, որ պատրաստվում է դատի տալ օգտատիրոջը՝ ճամբարի հասցեին չհիմնավորված մեղադրանքների համար։

Օգոստոսի 31-ին «Հանուն ազգի յուրաքանչյուրիս քայլը» նախաձեռնության մի խումբ անդամներ «Ո՛չ ԼԳԲՏ քարոզին՝ հանուն ավանդական ընտանիքի պահպանման և երեխաների իրավունքների» խորագրով ակցիա են կազմակերպում Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց։

Այդ նույն օրը ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարում է, որ «ՀՀ֊ում պետք է օրենքով արգելենք համասեռամոլության քարոզը» և հայտնում, որ հանդես է գալու երեխաների իրավունքների մասին օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որը «լակմուսի թուղթ է լինելու նոր կառավարության համար»։ Անդրադառնալով «Հասմիկ» ճամբարի շուրջ բարձրացած աղմուկին՝ Շարմազանովը նշում է, որ նոր կառավարությունը «պետք է կոնկրետ պատասխանեն՝ այս ամենին կո՞ղմ են, թե՞ դեմ»։

 Նույն ժամանակ համացանցով ու ԶԼՄ֊ներով ակտիվորեն սկսվում է տարածվել տեղեկությունն այն մասին, որ Հայաստանում նոյեմբերին անցկացվելու է ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում, թեև այդ մասին տեղեկությունը կազմակերպիչների կողմից հայտնվել էր դեռևս մինչ հեղափոխությունը և որևէ էական հանրային հնչեղություն չէր ստացել։

Այսպես, Politik.am էլեկտրոնային լրատվական կայքը օգոստոսի 29-ին նյութ է հրապարակում այն բովանդակությամբ, թե «Նոր իշխանությունները լցված` սիրով և հանդուրժողականությամբ, պաշտպանում են բոլոր խմբերի իրավունքները» ու որպես տեղի ունեցած հեղափոխության դրական արդյունք՝ հայտնում է այն մասին ,որ Հայաստանում տեղի է ունենալու ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում։ Նյութը արտատպում են մի շարք այլ ԶԼՄ֊ներ։

Նույն օրը ռուսաստանյան համանուն կազմակերպության նմանությամբ Հայաստանում ստեղծված «Համահայկական ծնողական կոմիտե»֊ի անդամ, նախկինում բազմիցս հոմոֆոբ արշավներ կազմակերպած Արման Բոշյանը օգոստոսի 29-ին ֆեյսբուք սոցցանցում մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ Հայաստանում տեղի է ունենալու ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում։ Հաջորդ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանն է ֆեյսբուքում տեղեկություն տարածում ֆորումի մասին՝ հեգնական ձևակերպումներով։ Նույն օրը «Երկրամաս» ռուսալեզու էլեկտրոնային կայքը տարածում է «մի խումբ երևանյան ընտրողների» հայտարարություն այն մասին, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրենք ցանկանում են պարզել իշխանության և մասնակից քաղաքական ուժերի դիրքորոշումը ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասին։ «Հայաստանը արտաքին ուժերի ագրեսիայի օբյեկտ է դարձել․ այդ ուժերը նպատակ ունեն քայքայել հայկական պետականության ավանդական ազգային արժեքներն ու հոգևոր սկզբունքները»,֊ ասվում էր տարածված տեքստում։

Սեպտեմբերի 7-ին կրկին Politik.am կայքը հրապարակում է հարցազրույց «ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ, ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասնակցի» հետ՝ նշելով, որ հարցազրույց տվողի անունը փոխված է։ Հարցազրույց տվող անհայտ անձը քննադատում է նախորդ իշխանությանը՝  ողջունելով հեղափոխությունն ու նոր կառավարությանը և հայտնում, որ ֆորումի ընթացքում «խոսելու են բացառապես քրիստոնեության մասին»։ Նյութը արտատպում են այլ ԶԼՄ֊ներ։

Սեպտեմբերի 13-ին օնլայն հարթակներից մեկում հայտնվում է «Դեմ եմ ԼԳԲՏ ֆորումին Հայաստանում» վերնագրով օնլայն անանուն ստորագրահավաք, որի տեքստում կոչ է արվում «միանալ և կանխել աղետն ու խայտառակությունը»։

Սեպտեմբերի 14-ին անհայտ մի բլոգում լուր է հրապարակվում այն մասին, թե Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցելու է ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին՝ ամրապնդելու համար իր կապերը արտերկրից Հայաստան ժամանող մեծահարուստ գեյերի հետ։ Նյութը արտատպում են մի շարք ԶԼՄ֊ներ։ Սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը հերքում է այդ տեղեկությունը։ Օնլայն ռեսուրսներով լուրեր են տարածվում նաև, թե ֆորումին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը։

Սեպտեմբերի 15-ին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրառում է կատարում այն մասին, որ Հայաստանում պետք է արգելել երեխաների շրջանում սեռական կողմնորոշման քարոզչությունը։ Նա իր պնդումը հիմնավորում է՝ հիշատակելով ՄԻԵԴ երկու որոշումներ։ 

Սեպտեմբերի 17-ին ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության գաղտնալսման առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում իրավապահները խուզարկություն են իրականացնում «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում։ Երեք օր անց նախաձեռնության անդամները հայտարարում են, որ իրենց գրասենյակը խուզարկել են, քանի որ իրենք «դեմ են ԼԳԲՏ քարոզին»։

Սեպտեմբերի 28-ին այդ պահին դեռևս Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր մի խումբ կուսակիցների հետ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դնում «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծ, որով նախատեսվում է օրենսդրորեն արգելել երեխաների շրջանում «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» քարոզը։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ոչ ավանդական սեռական հարաբերություններ են, օրինակ,  ինցեստը, զոոֆիլիան, պեդոֆիլիան, միասեռական հարաբերությունները և այլն»։ Որպես հիմնավորում՝ հղում է արվում ՄԻԵԴ նույն այն որոշումներին, որոնք վկայակոչել էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Հոկտեմբերի 5-ին մի խումբ մարդիկ, այդ թվում՝ ՀԱԵ հոգևորականներ, ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնայների ֆորումի բողոքի ցույց ու երթ են կազմակերպում Երևանում՝ նշելով, որ իրենք դեմ են «այլասերվածությանը, նույնասեռականությանը, ավանդական ընտանիքի խարխլմանը»։ Ակցիայի մասնակիցները նամակ են հղում վարչապետ Փաշինյանին՝ պահանջելով արգելել ֆորումի անցկացումը։

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը հյուրընկալող «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 10-ին տարածում է հայտարարություն՝ ընդգծելով, որ վարչապետ Փաշինյանը որևէ առնչություն չունի ֆորումի հետ, որ ֆորումը չունի քաղաքական ենթատեքստ, կոչ է անում «Չտրվել վերջին շրջանում լայն տարածում գտած քաղաքական շահարկումներին և սադրանքներին, որոնք հիմնականում միտված են հասարակության պառակտմանը»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցության անդամ Արագած Ախոյանը հոկտեմբերի 11-ին հայտարարում է, որ ֆորումի չեղարկման համար իրենք «ամեն ինչի կդիմեն», իսկ չորս օր անց ասուլիսի ժամանակ ընդգծում է․ «Սատկացնելու ենք դրանց, արժանի ձևով պատժելու ենք»։

Հոկտեմբերի 18-ին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Այլանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն Ազգային ժողովում շրջանառության մեջ է դնում «Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է օրենսդրորեն արգելել նույնասեռ ամուսնությունները։

Հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, վարչապետ Փաշինյանն առաջին անգամ անդրադառնում է ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների խնդրին։ Խոսելով ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասին՝ Փաշինյանը նշում է, որ հանձնարարել է ճշտել՝ դա ի՞նչ միջոցառում է, ո՞վ է կազմակերպում և ի՞նչ նպատակով, ապա հավելում է, որ ընտանիքը և ընտանիքի հայկական մոդելն իր համար բարձրագույն արժեք է։ Ապա Փաշինյանը հարցադրումներ է հնչեցնում՝ առաջարկելով հստակեցնել դիրքորոշումները։

«Սովետական միության մեջ պարզ էր ամեն ինչ՝ Քրեական օրենսգրքում կար հոդված, ու եթե պարզվում էր, որ մարդն այդպիսին է, տանում էին բանտ նստացնում: Սա հարցի շատ կոնկրետ լուծում է և վերաբերմունք է և այլն, դրանից առաջ կախաղան էին հանում, գնդակահարում էին և այլն, և այլն: Հիմա այսօր մենք ի՞նչ ենք անում։

Ես ձեզ անկեծ ասեմ, ինձ համար՝ որպես վարչապետի, և մեր կառավարության համար ինչքան այդ թեման քիչ բարձրանա՝ այնքան լավ, որովհետև դա գլխացավանք է․ հեսա կեսը կասեն՝ ա՜, սրանք բաների պաշտպան են, մյուս կեսը կասի՝ իրավունքների խախտող են, էն մյուս կեսը կասի՝ խարխլում են մեր ավանդկան ընտանիքի հիմքերը և այլն, և այլն: Բայց մենք բոլորով, ոչ միայն կառավարությունը, պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անում, եկե՛ք որոշենք՝ մենք քրեական օրենսգրքում հոդված ե՞նք ավելացնում, եկեք որոշենք՝ մենք այդ մարդկանց բոլորին հավաքում ենք ու Հայաստանից դուրս ե՞նք անում, եկեք որոշենք՝ մենք իրենց գոյությունը, որպես այդպիսին, ընդունո՞ւմ ենք, որ կան, թե՞ մենք ասում ենք՝ գիտե՞ք ինչ, քարոզչություն մի՛ տարեք, այսպես ասած, ձեր համայնքն ընդլայնելու և ուրիշներին ներգրավելու…»,֊ մասնավորապես նշում է Փաշինյանն՝ ընդգծելով, որ հարցը լուրջ է, և ինքը կարծում է, որ կառավարությունը «դեռ ինչ֊որ ձևով այս հարցից կխուսափի, ձևերը կան»։ Վարչապետն ընդգծում է, որ տասնյակ տարիներ անց որևէ կառավարություն «առերեսվելու է պրոբլեմի հետ» և պիտի որոշի՝ «տանկերը հանում ա, բոլորին տրորո՞ւմ ա, գնդակահարո՞ւմ ա, թե՞ ճանաչում ա այդ մարդկանց»։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին կառավարությունում քննարկվել է Շարմազանովի և մյուս ՀՀԿ֊ականների ներկայացրած՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Արդյունքում նախագիծը կառավարության հավանությանը չի արժանանում, կառավարությունն իր առաջարկում նշում է․ «Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բացա­կայում է և առաջարկվում է գործող օրենքները թողնել անփոփոխ»։ Հատկանշական է, սակայն, որ նախագիծը հավանության չի արժանանում հիմնականում այն հիմնավորմամբ, որ գործող օրենքն արդեն իսկ կարգավորում է հարցը։

«Ես ուզում եմ մի այսպիսի շեշտադրում անել․ էս վերջերս այդ մասին անընդհատ մտածում եմ․ ես սխա՞լ եմ ընկալում, որ մեկ-մեկ ինձ թվում է, թե, օրինակ, սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը մի իքս պահից դառնում է սեռական փոքրամասնությունների քարոզչություն: Չկա՞ այսպիսի կոմպոնենտ: Որովհետև մեկ էլ տեսնում ես՝ սկսեցին խոսել այդ մասին՝ պայքարում են, պայքարում են, այդ երեխաները հիմա լուրերով որ լսեն այն, ինչ մենք չենք ուզում քարոզել, չե՞ն ասելու, նրանք, ովքեր դեռևս տեղյակ չեն, չե՞ն ասելու՝ էս ինչի դեմ են էս մարդիկ սենց բանի մեջ, հետևողականորեն պայքարում, օրենք օրենքի հետևից գրում, մերժում են, քննարկում են, քննադատում են։ Չկա՞ սենց բան, ես սխա՞լ եմ հասկանում ինչ-որ բան»,֊ օրինագծի քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանին հարցնում է Փաշինյանը, ինչին ի պատասխան վերջինս նշում է, որ «այո՛, երեխաների մոտ ակամա հետաքրքրություն է ստեղծվում»։

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։

«Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը: Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը: Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը»,֊ նշել է Կաթողիկոսը։ 

Նոյեմբերի 2-ին ֆորումը հյուրընկալող «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ֊ն ահազանգում է, որ «Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» կազմակերպության ղեկավար, նախկինում բազմիցս հոմոֆոբ, տրանսֆոբ գործողությունների իրականացմամբ հայտնի Սևան Աղաջանյանը այլ անձանց հետ միասին ավտոմեքենայով հետապնդում է իրենց կազմակերպության աշխատակիցներին, ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Կազմակերպությունը հայտնում է, որ ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը։

Նոյեմբերի 6-ին «Հանուն ազգային արժեքների» անունով նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում հավաք է անցկացնում՝ պահանջելով արգելել ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի անցկացումը, ինչպես նաև ընդունել «համասեռամոլության քարոզն» արգելող օրենք։ Նույն օրը ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում է, որ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չի անցկացվելու, քանի որ ինքը կարծում է, որ նպատակահարմար չէ։

«Ո՛չ, չի լինելու, որովհետև կարծում եմ, որ այս պահին նպատակահարմար չէ, ինքս չեմ գտնում, որ անցկացվի՝ նաեւ ռիսկերից, անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որ ՀՀ տարածքում դա տեղի չունենա»,֊ ասել է Օսիպյանը։

Նույն օրը ֆորումը հյուրընկալող «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ֊ն հայտարարում է, որ «հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի մասնակիցների վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը»՝ պարտադրված է չեղարկել ֆորումը։

Ոստիկանապետի հայտարարությունն ու դրա հետևանքով ֆորումի չեղարկումը դատապարտում են մի շարք տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Նշվում է, որ սահմանափակվել է հավաքների ազատությունը։

Նոյեմբերի 15-ին կառավարությունը քննարկում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունների՝ նախագիծը, որը նախատեսում է նույնասեռ ամուսնությունների արգելք։ Արդյունքում կառավարությունը հավանության չի արժանացնում օրինագիծը և առաջարկում է գործող օրենսդրությունը թողնել անփոփոխ այն հիմնավորմամբ, թե սահմանադրությունն արդեն իսկ կարգավորում է խնդիրը։

«Ուղղակի պարզաբանման համար, որպեսզի շահարկումներից հստակ խուսափենք: Հիմա, ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանանլ․ կա՞ արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ կամ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»,֊ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանին Կառավարության նիստի ժամանակ հարցնում է վարչապետ Փաշինյանը։ Ի պատասխան Մանուկյանը բացասական պատասխան է տալիս՝ հղում անելով Սահմանադրությանը։

Նոյեմբերի 19-ին գոյություն չունեցող մի կազմակերպության անունից կեղծ տեսանյութ և տեքստ է ուղարկվում ԶԼՄ֊ներին այն մասին, թե Երևանում, իբր, ԼԳԲՏԻ մարդկանց պաշտպանության ակցիաներ են կազմակերպվել, որոնց հիմնական նպատակն էր «աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը»։ Բազմաթիվ ԶԼՄ֊ներ տարածում են այս կեղծ տեղեկությունն ու ակնհայտորեն կեղծ տեսանյութը, թեև Pink Armenia-ի տնօրեն Մամիկոն Հովսեփյանը և ԼԳԲՏ ակտիվիստները հերքում են նման կազմակերպության գոյությունն ու ԼԳԲՏ համայնքի առնչությունը տարածված նյութերին։

Նոյեմբերի 20-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, կրկին անդրադառնում է ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցին։

«Հիմա նորից ԼԳԲՏ հարցն են շահարկում։ Եթե ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, մենք ի՞նչ պետք է անենք իրեն։ Ասե՛ք։ Ասեք՝ ի՞նչ անենք, սպանո՞ւմ ենք, գնդակահարո՞ւմ ենք, քառատո՞ւմ ենք, բա՞նտ ենք նստացնում, արտաքսո՞ւմ ենք Հայաստանից։ Թող ասեն այդ մարդիկ։ Մինչև մայիս ամիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի՞ եղել։ 2000֊ականներին ՀՀ֊ում, երբ Հանրապետական կուսակցության իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը։ ․․․ Մենք թույլ չենք տա, որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզում մինչեւ վե՞րջ․ կբացենք ճշմարտությունը միչև վերջ և այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»,֊ ասում է Փաշինյանը։

Նոյեմբերի 22-ին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները Կառավարության շենքի դիմաց ակցիա են կազմակերպում՝ կառավարությունից պահանջելով արգելել «նույնասեռականության քարոզը», ինչպես նաև վերահսկել ՀԿ֊ների՝ արտերկրից ստացվող ֆինանսավորումը։ Նրանք իրենց պահանջներով նամակ են ուղարկում կառավարություն՝ պահանջելով արագ արձագանք։

Նոյեմբերի 26-ին մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը, որի ընթացքում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների թեմայի շուրջ ակտիվությունը նվազում է․ քաղաքական բանավեճը հիմնականում ընթանում է պետական անվտանգության, արտաքին, տնտեսական, սոցիալական քաղաքականությունների շուրջ։

Նախընտրական քարոզչության ավարտին մոտ՝ դեկտեմբերի 5-ին, մասնակից կուսակցությունների առաջին համարների բանավեճի ժամանակ Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ԼԳԲՏԻ մարդկանց վերաբերյալ հարց է հղում վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։   

Վիգեն Սարգսյանը նշեց, որ Փաշինյանի կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում «ԼԳԲՏ երկու կարկառուն ակտիվիստ» կա և հարցրեց՝ արդյոք Փաշինյանը պարտավորություններ ունի այդ ակտիվիստների հանդեպ։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ֊ի իշխանության տարիներին հրապարակվել է սեռական այլ կողմնորոշում ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ և որ ՀՀԿ֊ական կառավարության մի շարք անդամներ հայտնի են որպես ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ։ Վիգեն Սարգսյանը «սեքսիստ հայտարարություն» որակեց Փաշինյանի խոսքը՝ նշելով, որ «ԼԳԲՏ համայնքն ունի նույն իրավունքներն, ինչ մնացածը» և որ մարդուն չի կարելի դատել իր կողմնորոշմամբ։

«Մարդն իրավունք ունի ինչ ուզի՝ իր փակ դռան հետևում անի։ Ես դեմ եմ սեռական պարադներին առհասարակ, լինի դա միասեռական, թե հետերոսեքսուալ։ Ես համարում եմ, որ երեխան, փողոցով քայլելով, չպիտի դա տեսնի, հայ երեխան չպիտի դա տեսնի»,֊ հավելեց Վիգեն Սարգսյանը։

Ի պատասխան Փաշինյանն նշեց․ «Վիգեն Սարգսյանը նոր ասաց, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ունեն նույն իրավունքներն, ինչ Հայաստանի մյուս բոլոր քաղաքացիները։ Դո՛ւք լսեցիք: Իր նշած մարդիկ`այդ կանայք, ասում են նույն բանն, ինչ Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն այդ կանանց անվանում է ԼԳԲՏ ակտիվիստ այն բանի համար, ինչ ինքն ասաց, հետևաբար Վիգեն Սարգսյանն էլ ԼԳԲՏ ակտիվիստ է»։

Բանավեճից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվեցին Վիգեն Սարգսյանին ծաղրող լուսանկարներ՝ «ԼԳԲՏ ակտիվիստ» գրությամբ։

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների ձայների 70,43%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,27%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37%-ը, մնացյալ կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը։

 

 

Ամփոփում

ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների շուրջ ծավալված վերոնշյալ գործընթացներն անհրաժեշտ է դիտարկել հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական զարգացումների ու վերադասավորումների՝ հեղափոխության կառավարության և նախորդ իշխանության, ինչպես նաև հեղափոխության արդյունքում քաղաքական կապիտալ կորցրած ուժերի սուր հակամարտության և շահերի բախման  համատեքստում։

Հանրապետական կուսակցությունը, որ իրեն դիրքավորում է իբրև ազգային֊պահպանողական գաղափարախոսության կրող, իշխանազրկումից հետո խնդիր էր դրել ամեն գնով նվազեցնել հեղափոխական իշխանության ժողովրդականության աստիճանը և միջազգային վարկը, և այդ խնդիրը լուծելու համար որդեգրել էր ամենազգայուն թեմաները՝ պետական անվտանգություն և արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքական կողմնորոշումներ, Հայ Առաքելական Եկեղեցի, ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներ, շահարկելու ուղին։ Հաշվարկը, հավանաբար, կառուցվել է տարբեր կազմակերպությունների հրապարակած սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա, ըստ որոնց՝ Հայաստանի բնակչության մեծամասնությունն իրեն ՀԱԵ հետևորդ է համարում, դրսևորում է անհանդուրժողականություն ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ, արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով ունի պրոռուսական դիրքորոշում և հիմնականում կողմ չէ արցախյան հակամարտության՝ դիվանագիտական սեղանին առկա լուծման տարբերակին։   

Իշխանազրկված Հանրապետական և ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաև հեղափոխության արդյունքում քաղաքական և անձնական կորուստներ կրած մյուս ուժերի, խմբերի, անհատների հակաքարոզչական մարտավարությունը կառուցված էր միևնույն տրամաբանության վրա․ հեղափոխական կառավարությանը ներկայացնել իբրև ապազգային, օտարածին, ազգային արժեքները, պետության անվտանգությունը, ՀԱԵ֊ն քայքայել ցանկացող, Արցախը «ծախող», հակառուսական ուժ։ Այս համատեքստում վերոնշյալ ուժերի կողմից պաշտպանվող ազգայինը ներկայացվում ու սահմանվում  էր իբրև ավանդական, էթնիկ, ըստ այդմ՝ հետադիմական՝ իբրև հակաԼԳԲՏ, ազգայնական, միակրոն, պրոռուսական։ Չարիք ներկայացվող բազմազանության և համերաշխության գաղափարը՝ կրոնական, գենդերային, արտաքին քաղաքական դիֆերսիֆիկացիոն և այլ, փորձ էր արվում նույնացնել հեղափոխական կառավարության հետ՝ այն հաշվարկով, որ քաղաքացիները կհիասթափվեն վերջինից։

Ի պատասխան այս մարտավարությանը՝ հեղափոխական կառավարությունը բավարար քաղաքական կամք չդրսևորեց բացահայտ հայտարարելու ազգայինի հարաբերականորեն առաջադիմական՝ քաղաքացիական ազգայինի սահմանման մասին, ուղիղ պաշտպանելու ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները, կրոնական բազմազանության, խաղաղության, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի գաղափարները։ Փոխարենը որդեգրվեց հարցերը լղոզելու, հռետորական հարցադրումներ հնչեցնելու, խնդիրները դիվանագիտորեն շրջանցելու, նաև պոպուլիզմին տուրք տալու պաշտպանվողական մարտավարություն։

Նույն տրամաբանությամբ իրավապահ համակարգը ոչ միայն համարժեք չարձագանքեց տեղի ունեցած բռնության դեպքերին, ատելության խոսքին, բացահայտ սպառնալիքներին, այլ սահմանափակեց ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի անցկացումը։

Այսպես, Շուռնուխում տեղի ունեցածի առնչությամբ հարուցված քրգործը կարճվեց նոյեմբերին արձակված համաներման ակտի հիմքով, մեղավորները խուսափեցին պատասխանատվությունից։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հնչեցրած ատելության կոչերի առնչությամբ Pink Armenia-ի՝ ոստիկանություն ուղարկված հաղորդումը մնաց անհետևանք, քրեական գործեր չհարուցվեցին բռնության բացահայտ սպառնալիքներ հնչեցրած Արագած Ախոյանի և այլոց դեմ։

Հակահեղափոխական ուժերի հաշվարկի տապալումը, որ արձանագրվեց ընտրությունների արդյունքով, մեծամասամբ պայմանավորված էր ոչ այնքան հեղափոխական կառավարության պաշտպանվողական կոնտրմարտավարության արդյունավետությամբ, այլ այն հանգամանքով, որ հասարակության վերաբերմունքն այդ ուժերի հանդեպ ծայրահեղ բացասական էր․ քաղաքացիները հիմնականում հակադրվում էին ցանկացած մտքի, որ հնչեցվում էր այդ ուժերի ներկայացուցիչների կողմից։

Նախընտրական շրջանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ժամանակ ՀՀԿ֊ական Վիգեն Սարգսյանի անակնկալ հայտարարությունն այն մասին, որ «ԼԳԲՏ համայնքն ունի բոլոր իրավունքներն, ինչ մնացածը, և մարդուն չի կարելի դատել իր կողմնորոշմամբ» վկայությունն է այն բանի, որ ՀՀԿ֊ում հասկացել էին իրենց հաշվարկի սխալը։ Նման կտրուկ մարտավարական շրջադարձը հավանաբար նաև պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ կառավարության որոշ անդամներին աութինգի ենթարկելու բացահայտ ակնարկ֊սպառնալիքով։ 

ԼԳԲՏԻ համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչները որոշակի զգուշավորություն և գնահատականներ հնչեցնելու հարցում խուսափողականություն էին դրսևորում, որը թերևս արդարացված էր, երբ խոսքը վերաբերում էր հակահեղափոխական ուժերի սադրանքներին, սակայն արդարացված չէր իրավապահ մարմինների անգործության և հեղափոխական կառավարության վարչապետի ոչ միանշանակ գնահատականների դեպքում։

Հատկանշական է, որ հիմքում ունենալով բացարձակ այլ նպատակ՝ հակահեղափոխական ուժերի կազմակերպած գործողությունները հանգեցրեցին այն բանին, որ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը Հայաստանում վերջապես մտավ քաղաքական օրակարգ՝ քննարկվելով քաղաքական ամենաբարձր ատյաններում և ստանալով հասարակական լայն հնչեղություն։ Սա կարելի է արձանագրել իբրև այս ամենի ամենադրական ձեռքբերումը։

Ընդգծենք նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից որևէ մեկի նախընտրական ծրագրում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցը դրական կամ բացասական համատեքստում ուղիղ հիշատակված չէր։ Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը նախընտրական շրջանում հիմնականում խուսափեցին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ քաղաքական գնահատական հնչեցնելուց կամ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արտահայտելուց։

Առաջիկայում հեղափոխությունն առաջնորդած Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կձևավորի նոր կառավարություն, իր աշխատանքները կսկսի Ազգային ժողովն՝ իր նոր կազմով։ Կփոխվի արդյոք իշխող կուսակցության հռետորաբանությունը ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների վերաբերյալ՝ դժվար է կանխատեսել։ «Իմ քայլը» դաշինքը, հիշեցնենք, իր նախընտրական ծրագրում նշել է, որ «օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու համար Հայաստանում չկար և չկա որևէ օրենսդրական խոչընդոտ։ Խնդրի լուծումը երաշխավորող միակ գործոնը կառավարության քաղաքական կամքն է»։