Անտառների պահպանությունը և էկոլոգիական անվտանգության խնդիրները

Անտառների պահպանությունը և էկոլոգիական անվտանգության խնդիրները

 

Ազգային անվտանգությունն ազգի ունակությունն է ապահովել ազգի ինքնապահպանման համար անհրաժեշտ պահանջները, և էկոլոգիական անվտանգությունն ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է:

Էկոլոգիական անվտանգությունը մարդու կարևոր կենսական էկոլոգիական շահերի ապահովվածության վիճակն է, որը հնարավոր է շրջակա միջավայրի և մարդու տնտեսական գործունեության հավասարակշռության ապահովման դեպքում, երբ բնական միջավայրի վրա ազդեցությունը չի գերազանցում դրա ինքնավերականգնման հնարավորությունները: Էկոլոգիական անվտանգության օբյեկտներ են տարբեր մակարդակի /գլոբալ, ազգային, տեղական/ էկոհամակարգերը:

Բնությունը` բնության տարբեր օբյեկտների և էկոհամակարգերի փոխկապակցված համակարգ է և ցանկացած բացասական ազդեցություն այդ համակարգի ցանկացած օղակում լուրջ ազդեցություն կարող է ունենալ մյուս օղակներում, մյուս օբյեկտների վրա:

Տեսնենք այդ փոխադարձ կապը անտառների օրինակի վրա, ինչպես է ազդում անտառների ոչնչացումը բնության մյուս օբյեկտների վրա:

Անտառը` բնության բազմաֆունկցիոնալ օբյեկտ է, հանդիսանալով էկոհամակարգ այն կատարում է ջրապաշտպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ ֆունկցիա, հանդիսանում է կենդանական և բուսական աշխարհի ապրելավայր և աճելավայր:

Հայաստանի անտառներն իրենց բնապահպանական նշանակությամբ, պաշտպանական /ջրապաշտպան, հողապաշտպան/ և հատուկ նշանակության /արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի/ անտառներ են: Բնական արտադրական անտառներ Հայաստանում չկան: Այդ պատճառով արգելված են արտադրական հատումները, թույլ են տրվում միայն սանիտարական և խնամքի հատումներ: Սակայն, իրականում ապօրինի հատվում է ավելի շատ անտառ, քան թույլատրված է նույնիսկ արտադրական հատումների դեպքում, այսինքն հատվում է բնական վերաճից ավել, ինչն առաջացրել է աղետալի վիճակ անտառներում. անտառի բոլոր ցուցանիշները 1991 թվականից ի վեր վատացել են: Այսպես, անտառապատվածությունը 11,2%-ից /1991թ./ իջել է 7-8%: Անտառների արդյունավետության միջին ցուցանիշը /բոնիտետը/ եղել 3,6, իսկ այժմ 3-ից ցածր է: Անտառների միջին լրիվութունը եղել է 0,55, այժմ` 0,3 /դա արդեն անտառ չէ, այլ նոսրուտներ են/: Փոխվել է անտառների տեսակային կազմը` բարձրատեսակ հաճարենու, կաղնու անտառները վերածվել են ցածրատեսակ բոխուտների և ղաժուտների: Անտառների որոշ հատվածներ կորցրել են բնական վերականգնման հատկությունը: Անտառների ոչնչացման հիմնական պատճառն է փայտանյութի բարձր պահանջարկը, որը պայմանավորված է վառելափայտ օգտագործելու անհրաժեշտությամբ /սոցիալական ծանր վիճակի պատճառով/, ինչպես նաև կահույքագործության, շինարարության և փայտանյութի արտահանման գերշահավետ բիզնեսով: 

Հաշվի առնելով, որ Հայաստանի անտառները լեռնային անտառներ են, գտնվում են 30 աստիճանից բարձր թեքությունների վրա, ապա դրանք կատարում են հողապաշտպան ֆունկցիա: Այն տարածքներում, որտեղ համատարած հատումներ են արվում շատ կարճ ժամանակում անձրևների և ձնհալի արդյունքում լեռների լանջերից լվացվում է հողի բերրի` հումուսային շերտը և լցվում գետերը, որոնք հոսում են հարևան երկրներ և պարարտացնում են մեր հարևանների տարածքները: Հայաստանում առաջանում է հողի էռոզիա, սողանքներ և անապատացում: Հողի հումուսային շերտը դժվար վերականգնվող է կամ կարելի է ասել, որ չի վերականգնվում, քանի որ 10 սմ հումուսային շերտի վերականգնման համար անհրաժեշտ է 100 տարի:  Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան, որի վերջին ազգային զեկույցում նշված է, որ Հայաստանի ողջ տարածքի 80% ենթակա է անապատացման: Դա էկոլոգիական և ազգային անվտանգության լուրջ խնդիր է: Փաստորեն, եթե չկա անտառ, չկա բերրի հող և հակառակը, եթե չկա հող չի կարող աճել անտառ:

Անտառները կատարում են նաև ջրապաշտպան ֆունկցիա:  Անտառները պահպանում են գետերի հունը և այդ անտառները հատելու դեպքում, գետերի հունը փոխվում է և տեղի է ունենում ջրի կորուստ: Քանի որ հիմնականում ջրի աղբյուրները գտնվում են լեռների գագաթներին, ապա անտառները պահպանում են այդ աղբյուրները և դրանցից հոսող մանր գետակները և վտակները գոլորշիացումից: Այն տարածքներում, որտեղ անտառը համատարած հատվել է, ջրի աղբյուրները ցամաքում են և վերանում: Այստեղ էլ ակնհայտ է փոխադարձ կապը` երբ ոչնչանում է անտառը, ցամաքում են աղբյուրները, և հակառակը` առանց ջրի անտառը չի կարող աճել: Խմելու ջուրը աշխարհում համարվում է ամենաթանկ և կենսական անհրաժեշտ ռեսուրսը և ջրերի կորուստը Հայաստանում էկոլոգիական և ազգային անվտանգության խնդիր է:

Անտառը ունի կլիմայակարգավորիչ ֆունկցիա: Կլիմայի փոփոխությունը` գլոբալ էկոլոգիական խնդիր է: Այն կարող է առաջացնել լուրջ սոցիալական խնդիրներ: Օդի ջերմաստիճանի կայուն բարձրացումը կամ իջեցումը վնասակար ազդեցություն է ունենում կենսաբազմազանության, գյուղատնտեսության, մարդու առողջության, որոշ արդյունաբերական ճյուղերի վրա /օր. գինեգործություն, կոնյակի արտադրություն և այլ/: Պատահական չէ, որ աշխարհի մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի, կողմից ստորագրվել և վավերացվել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան իր արձանագրություններով և դեկլարացիաներով; Հայաստանը նույնպես պարտավորություն ունի ընդարձակելու անտառապատ տարածքները:

Բացի այդ, անտառները` երկրագնդի «թոքերն» են, որովհետև նրանք թթվածնի հիմնական մատակարարներն են: Ֆոտոսինթեզի արդյունքում ծառերը կլանում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին: Անտառը արտադրում է ֆիտոնցիդներ՝ մանրէասպան հատկություններով օժտված նյութեր: Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրէները, ինչը շատ կարևոր է մարդու առողջության համար:

Այսպիսով, անտառները հարստացնում են մթնոլորտային օդը թթվածնով, բարձրացնում են օդի որակը, մյուս կողմից, աղտոտված, փոշով հագեցած օդը բացասական է ազդում անտառի վրա:

Ակնհայտ է անտառների և ընդերքի փոխադարձ ազդեցությունը: Անտառը նպաստում է ստորերկրյա ջրավազանի հավասարակշռության պահպանմանը և ջրային պաշարների վերականգնմանը: Ստորգետնյա ջրավազանի ջրերի մակարդակի իջեցումը լուրջ ազդեցություն է ունենում անտառների վրա: Ընդերքի շահագործումը անդառնալի վնաս է պատճառում շրջակա միջավայրին, այդ թվում, անտառներին: Հանքարդյունաբերության համար զանգվածային հատվում են մեծ քանակի անտառներ և փոխարենը չեն տնկվում նորերը: Հանքերի շրջակա անտառները պատվում են փոշով, հիվանդանում և ոչնչանում են: Հանքարդյունաբերության էկոլոգիական և տնտեսական վնասը մի քանի անգամ գերազանցում է դրա տված տնտեսական օգուտը, ինչը էկոլոգիական անվտանգության լուրջ խնդիր է:

Անտառները բույսերի աճելավայր են, իսկ կենդանիների համար` ապրելավայր: Երբ հատվում է անտառը, ոչնչանում են նաև անտառում աճող բույսերը, իսկ կենդանիները միգրացիայի են ենթարկվում: Այդպիսով, կորցնում ենք հարուստ կենսաբազմազանություն, Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացող  տեսակներ: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Կենսաբանական բազմազանության մասին», «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին», «Լանդշաֆտի մասին» միջազգային  կոնվենցիաները, որոնցով ստանձնել է` կենսաբազմազանության, վայրի բնության և լանդշաֆտների պահպանության պարտավորություններ:

Այս  ամենի կենտրոնում գտնվում է մարդը և բոլոր բացասական ազդեցությունները կրում է իր վրա: Մի կողմից նա, օգտվելով բնության բարիքներից, ձգտում է բարձրացնել իր կենսամակարդակը, մյուս կողմից, իր` բնության վրա բացասական ազդեցության արդյունքում, նա կորցնում է` իր համար կենսական անհրաժեշտ առողջ միջավայրը: Մարդը չի կարող իրեն լավ զգալ, շնչելով աղտոտված օդ, խմել աղտոտված ջուր, կորցնելով իր սննդի հիմնական աղբյուրը /հողը և անտառի բարիքները/, վերացնելով բնությունից գեղագիտական հաճույք և լիցքավորում ստանալու հնարավորությունը: Պատահական չէ, որ Հայաստանում շատ հիվանդություններ երիտասարդացել են, մի շարք հիվանդությունների տարածվածությամբ, ցավոք, գտնվում ենք առաջատար դիրքերում: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն. «1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:» Հետևաբար, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդը ապրի առողջ շրջակա միջավայրում, չխախտվի իր` այդ հիմնական իրավունքը, ինչպես նաև չխախտվի ապագա սերունդների` առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Մնացած բոլոր իրավունքները և խնդիրները պետք է ստորադասվեն այս հիմնական իրավունքին:

Այս բոլոր ներկայացված խնդիրները ազգային անվտանգության և էկոլոգիական անվտանգության խնդիրներ են: Անհրաժեշտ է ցանկացած հարցի լուծման դեպքում պահպանել բնության ամբողջականության, մարդու առողջության պահպանման և էկոհամակարգային մոտեցման սկզբունքները: Այդ նպատակով, անհրաժեշտ է իրականացնել էկոլոգիական կրթություն` մարդկանց ողջ կյանքի ընթացքում, իրազեկության բարձրացում, ինչպես նաև ապահովել տեղեկատվության մատչելիություն և հանրության մասնակցություն` բնապահպանական որոշումների ընդունման գործընթացում:

Պետք է միշտ հիշել, որ մենք բնությունը չենք ժառանգում մեր նախնիներից. մենք այն վերցնում ենք մեր երեխաներից պարտքով և պարտավոր ենք այն վերադարձնել նրանց անվնաս վիճակում:

Որպեսզի անվտանգ և ապահով լինի մեր կյանքը Երկիր մոլորակի վրա, յուրաքանչյուրը պետք է կատարի «Փոքրիկ իշխանի» պատգամը. «Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:»

 

Նազելի Վարդանյան

Էկոլոգ-իրավաբան,

«Հայաստանի անտառներ» Հկ-ի տնօրեն

 

0 Comments

Add new comment

Add new comment