Բնապահպանություն, թե՞ շրջակա միջավայրի պահպանություն

Բնապահպանություն, թե՞ շրջակա միջավայրի պահպանություն

Առաջին հայացքից այդ հասկացությունները նույն են, նույնիսկ, նույնական: Սակայն դա այդպես չէ: Այդ հասկացությունների նույնական ընկալումն ունի իր պատճառը:

Մարդը, մաս կազմելով բնական էկոհամակարգին, օգտվում է նրա ռեսուրսներից՝ օդից ջրից հողից, կենդանական ու բուսական աշխարհից ու իր կյանքի ու գործունեության ընթացքում ներգործում է այդ էկոհամակարգի վրա իր թափոններով, մթնոլորտ արտանետումներով ու կեղտաջրերի արտահոսքերով: Բնականաբար, այդ ընթացքում նա ընկալում է բնությունը որպես իրեն շրջապատող միջավայր, որից նա օգտվում է ու որի վրա ներգործում: Եթե այդ երկուսը՝ օգտվելն ու ներգործելը չեն գերազանցում որոշակի սահմանը, բնական էկոհամակարգն իր ներքին բնական կարողությունների շնորհիվ կարողանում է վերականգնել իր բնական հավասարակշռությունը և նյութերի այդ շրջապտույտը շարունակվում է:

Այն դեպքում , երբ  այդ ներգործությունը գերազանցում է բնական էկոհամակարգի ինքնավերականգման կարողության սահմանը, տեղի է ունենում էկոհամակարգի վերաձևավորում: Բնական լանդշաֆտները վեր են ածվում գյուղատնտեսական հանդակների, բնակավայրերի, ճանապարհների, ջրամբարների, արդյունաբերական տարածքների և այլն: Այսինքն, ձևավորվում է մարդուն շրջապատող նոր, մարդածին շրջակա միջավայր: Այդպիսի միջավայրն իրենից ներկայացնում է բնական միջավայրից առանձնացած, կամ օտարված, ոչ բնական միջավայր: Հասկանալի է, որ այդպիսի միջավայրն իր բաղադրիչներով չի կարող չունենալ բացասական ազդեցություն բնական էկոհամակարգի բնականոն ընթացքի վրա:

Այն պահից, երբ մարդն իր սնունդը ապահովելու համար որսորդությունից անցավ անասնապահության, իսկ բուսերի հավակչությունից հողագործության (Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա 11-րդ հազարամյակում, անմիջապես գլոբալ հայտնի աղետից հետո, որի հետևանքով ավարտվեց վերջին` Վյուրմյան  սառցապատման ժամանակաշրջանը), սկիզբ առավ մարդածին (անթրոպոգեն) միջավայրի ձևավորումը: Այդ ընթացքում մարդածին միջավայրը անընդհատ ընդարձակվելով, գրավում էր բնական լանդշաֆտների նոր տարածքներ, ընդգրկելով բնական միջավայրի գործնականում բոլոր բաղադրիչները՝ հողաշերտը, ջրային տարածքները, ընդերքը, կենսոլորտը:

Մինչ այն պահը, երբ բնությունն իր ներքին ինքնավերականգնողական կարողությամբ կարողանում էր քիչ թե շատ դիմակայյել մարդածին միջավայրի գրոհին, «մարդ-բնություն» հարաբերությունների բացասական դրսևորումները մարդու համար անտեսանելի էին: Նույնիսկ ոչ վաղ անցյալում, մինչ 20-րդ դարի կեսերը մարդկանց գիտակցության մեջ տիրում ու խրախուսվում էր «բնության նվաճման» կարգախոսը:

Ինչպես հայտնի է,1920-30 ականներին որոշվել էր Սևանա լճի մակարդակը իջեցնել 50 մետրով, որի արդյունքում պետք է վերացվեր  լճի Մեծ Սևանի հատվածը, իսկ Փոքր Սևանի մակերեսը զգալիորեն կկրճատվեր: Նախագծի հիմնավորումն էր՝ որպեսզի  ջուրն «իզուր տեղը չգոլորշիանա» լճի մակերեսից, այլ, փոխարենը,  շատացնել լճի ակտիվ ջրատվությունը, որպեսզի կլոր տարի (նաև ոռոգման սեզոնից դուրս) օգտագործվի «Սևան-Հրազդան» կասկադի ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Համակարգի կառուցման ընթացքում Սևանից դուրս եկող ջրերի ջրատարի թունելի ճակատին փակցված էր «ТЕКУТ ВОДЫ ЗАНГА РЕКИ КУДА ВЕЛЯТ БОЛЬШЕВИКИ»:

Այս ներածական մեկնաբանություններից հետո կարելի է հարցադրում անել՝ Ի՞նչը պետք է լինի պահպանության օբյեկտը, բնությունը, թե՛ շրջակա միջավայրը:

Հարցադրմանը պատասխանելուց առաջ տեղին է բերել Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետևյալ տողերը

Кромсаем лёд, меняем рек теченье

Твердим о том, что дел невпроворот

Но мы ещё придём   просить прощенья

У этих рек, барханов и болот

У самого гигантского восхода

У самого мельчайшего малька

Пока об этом думать неохота

Сейчас нам - не до этого пока

Аэродромы, пирсы и перроны…

Леса – без птиц. И земли – без воды

Всё меньше – окружающей природы

Всё больше – окружающей среды….

 

Պարզ է, որ մարդու կողմից ձևավորած ու իրեն շրջապատող միջավայրի պահպանման խնդիրը տարբերվում է բնության պահպանության խնդրից: Առաջինի դեպքում՝ շրջակա միջավայրի պահպանման օբյեկտների  շարքում պետք է ընդգրկել, օրինակ, գյուղատնտեսական հողերը, գյուղական ու քաղաքային միջավայրը, ջրամբարները, ինֆրակառույցների և մարդակերտ միջավայրի այլ օբյեկտները: Բացի պահպանումից այդ օբյեկտները կարող են նաև ենթարկվել փոփոխության, վերակառուցման, կամ, նույնիսկ, վերացման: Այստեղ (շրջակա միջավայրի դեպքում) վերականգման մասին կարելի է խոսել միայն պայմանականորեն:

Բնության պահպանումն այլ բնույթի է: Այստեղ խոսքը պետք է գնա բացառապես բնական էկոհամակարգի պահպանման ու բնական էկոլոգիական հավասարակշռության վերականգման մասին:

Իսկ ի՞նչ հարաբերակցության մեջ պետք է գտնվեն բնությունն ու շրջակա (մարդածին) միջավայրը: Այդ հարցադրմանը պատասխանելու համար նպատակահարմար է համառոտ ակնարկ  կատարել վերջին տասնամյակներում տեղի ունեցած զարգացումների մասին:

 

Մինչ անցյալ դարի կեսերը  գերիշխողԴարչնագույն էկոնոմիկայիարդյունքում ծառացել է այն իրավիճակը, որով բնորոշվում է թե՛բնական թե՛ շրջակա մարդածին միջավայրի ներկա անմխիթար վիճակը: Դա  ստիպեց հայեցակարգային նոր մոտեցումներ զարգացնել  նոր քաղաքակրթական փնտրտուքներում: 1970-80 թվականներից սկսեց առաջանալ անհանգստություն ինչպես բնության, այնպես էլ շրջակա միջավայրի վատթարացող վիճակների վերաբերյալ: Այդ անհանգստությունը աստիճանաբար հանգեցրեց «Կայուն զարգացման» գաղափարախոսության հաստատմանը հասարակության ու պետական կառավարման շրջանակներում ու վերաճեց  համաշխարհային  մակարդակի: Այն դարձավ Միավորված ազգերի կազմակերպության օրակարգային խնդիրը:

Կայուն զարգացման գաղափարախոսությունն ու սկզբունքները ներդրվեցին միջպետական քննարկումների ու բանակցությունների արդյունքում: Դա փորձ էր՝ ակնհայտորեն առաջացած գլոբալ  էկոլոգիական խնդիրների լուծումը «տեղավորել» ազատական շուկայական մրցակցային տնտեսվարության համակարգում: Անցել են տասնամյակներ և ակնհայտ է, որ դա պատրամք էր:

Կայուն զարգացման գաղափարախոսությունն իր սկզբունքներով հենվում է բնապահպանական, տնտեսական ու սոցիալական  միասնականության ու հավասարազորության վրա: Այն ըստ էության «փոխզիջումային» է ու, ինչպես ցույց տվեց համաշխարհային տնտեսության զարգացման ընթացքը, այն չապահովեց ոչ հռչակած սոցիալական արդարության զարգացումն  ու ամրապնդումը, ոչ էլ բնական էկոհամակարգերի պահպանվածությունն ու գործումը: Փոխարենը, էլ ավելի խորացավ սոցիալական բևեռացումը և ընդլայնվեց բնական էկոհամակարգերի վերացումը: Գործը հասավ կլիմայական համակարգի կայունության խախտմանն ու Երկրի պաշտպանիչ օզոնային շերտի տկարացմանը:

Աշխարհի տնտեսագիտական միտքը առաջ քաշեց «կանաչ էկոնոմիկայի» գաղափարախոսությունը:

«Կանաչ տնտեսագետների»  կարծիքով  Կայուն զարգացման գաղափարախոսությունը, որը հենվում է բնապահպանական, տնտեսական ու սոցիալական բաղադրիչների հավասարակշռության  ու հավասարազորության վրա, ձախողվել է, չունի հեռանկարներ և պետք է մերժվի, տեղը զիջելով նոր` “Կանաչ էկոնոմիկային”, որի հիմքում ընկած է բնապահպանությունը որպես առանցքային, անժխտելի եզրային պայման, իսկ տնտեսությունն ու  սոցիալական ոլորտները   պետք է դիտարկվեն որպես ածանցյալ կամկախյալբաղադրիչներ և հարմարվեն բնական միջավայրին ու այդ միջավայրի պահպանության պահանջներին:

Փորձ կատարվեց այդ գաղափարը հարմարեցնել ու ծառայեցնել կայուն զարգացման գաղափարախոսությունը վերակենդանացնելու համար, ինչը, մեր կարծիքով դատապարտված է ձախողման, քանի որ դրանց միջև կա սկզբունքային հակասություն:

             

Վերադառնալով  մեր հարցադրմանը, պետք է ընդունել աքսիոմատիկ ճշմարտությունը, որ մարդը բնական էկոհամակարգի մաս է, ուստի պետք է օգտվի բնական միջավայրի իրեն հատկացված մասից՝ օդից ջրից կենսոլորտից: միաժամանակ պետք է հասկանալ, թե որն է բնօգտագործման այն ատորին սահմանը, որը տրված է մարդուն որպես էկոհամակարգի բնական բաղադրիչի և որն է այն վերին սահմանը, որի պահպանման  դեպքում չի գերազանցվի բնական էկոհամակարգի ինքնավերականգման կարողությունը: Մինչ այդ վերին սահմանը ընկած «բնօգտագործման տիրույթը» կարելի է համարել մարդու էկոլոգիական որմնախորշը: Տրամաբանական է վերին սահմանից  դուրս բնօգտագործումը, ներառյալ՝ բնության վրա ներգործությունը, համարել գերնորմատիվային:

 

  • Էկոհամակարգային մոտեցումը
  • Էկոհամակարգային մոտեցումը պահանջում է բնօգտագործման բնագավառում՝ համապատասխան գործունեության ազդեցությունը դիտարկել ոչ թե կենդանական ու բուսական առանձին տեսակների վրա, այլ դրանց համակեցության ու նրանց՝ միջավայրի հետ փոխազդեցության, փոխկապակցվածության ու միասնականության վրա:
  • Բնօգտագործման Էկոհամակարգային մոտեցումը պահանջում է չափավորել, կամ նորմավորել ու սահմանափակել բնօգտագործումը այնպես, որպեսզի  էկոհամակարգը, չկորցնելով իր ներքին ունակությունը, իր ինքնավերականգման կարողության շնորհիվ վերականգնի իր բնական հավասարակշռությունը:
  • Լինի դա բնական ռեսուրսների օգտագործումը, թե բնական միջավայրի վրա ներգործությունը, էկոհամակարգային մոտեցումը պահանջում է գործ ունենալ էկոհամակարգի հետ և չափավորել գործունեությունը, հաշվի առնելով էկոհամակարգի կարողություններն ու ունակությունը:

 

Բերված դիտարկումներն ու մեկնաբանությունները հանգեցրել են «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության առաջադրած կարգախոսին՝ «ՊԱՀՊԱՆԵՆՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ՉՎԵՐԱԾՎԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ»:

Այսպիսով,  պետք է տարանջատել բնության պահպանության խնդիրն ու գործառույթները շրջակա միջավայրի կառավարման խնդրից ու գործառույթներից: Այնուհետև, հիմք ընդունելով կանաչ էկոնոմիկայի սկզբունքները ու կիրառելով էկոհամակարգային մոտեցումը, ձևավորել այդ երկու ուղղությունների ներդաշնակեցման համակարգ:

Բնականաբար, հարց է առաջանում, ինչպիսի՞ն պետք է լինեն հասարակական հարաբերությունները դրանց ներդաշնակեցման համար, ի՞նչ լիազորություններ պետք է պատվիրակվեն պետությանը և ինչպիսի պարտավորություններ պետք է կրի հասարակությունը, այսինքն, բնակիչները, մարդիք: Հասկանալի է, որ շահառուն բնակչությունն է, մարդիք, իսկ պետությունը պետք է հանդես գա որպես կառավարչական հաստատություն ու գործի  օրենսդրությամբ սահմանված  իրավասությունների ու լիազորությունների շրջանակում: Հետաքրքիր է այս առումով անդրադառնալ ՀՀ սահմանադրության  12-րդ հոդվածին:

Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

 

1. Պետությունը  խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

 

Դժվար չէ նկատել, որ  բնության պահպանության մասին (կամ նրա նկատմամբ սահմանադրական նորմ) խոսք չկա:

Հետաքրքիր է նշել, որ նախորդ սահմանադրությամբ “Պետությունը ապահովում էր շրջակա միջավայրի պահպանությունը”, իսկ գործող սահմանադրությամբ  “Պետությունը  խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը”,  թողնելով պահպանության պարտավորությունը “յուրաքանչյուր ոքուն”:

 

Նկատի ունենալով սահմանադրական նշված նորմերն ու դրանց ձևակերպումը, հասկանալի է դառնում ՀՀ բնապահպանության նախարարության վերանվանման նախաձեռնությունը «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության»

 

Պատմական ակնարկ

 

1986թ.-ին ստեղծվեց ՀԽՍՀ շրջակա միջավայրի պահպանության պետական կոնիտեն:

Հատկանշական է, որոշ ժամանակ անց այն վերանվանվեց ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեի, իսկ  Հայաստանի Հանրապետության  անկախության հաստատումից հետո այն, պարզապես, վերանվանվեց ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության: Այնուհետև, ՀՀ կառավարության բազմաթիվ կառուցվածքային փոփոխությունների ընթացքում հաջողվում էր նախարարության անվանման մեջ պահպանել «բնության պահպանություն» բառերը:

 

Թողնելով շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև  պարտավորությունների բաշխման խնդիրը առանձին քննարկմանը, կանգ առնենք բնության պահպանության հարցում մարդկանց (լուրաքանչյուր ոգու) պարտականության կատարման խնդրի վրա:

Հասկանալի է, որ այդ գործառույթների կատարման համար անհրաժեշտ են, տեխնիկական կարողություններ, մասնագիտական հմտություններ ու գիտելիք և կարևորը՝ ֆինանսական միջոցներ: Այդ բոլորը մեկտեղելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն:

Իսկ որո՞նք են ֆինանսական ռեսուրսներն ու որտեղի՞ց են դրանք գոյանալու: Հարցին պատասխանելու համար կրկին անդրադառնանք մարդու դերին բնական էկոհամակարգում ու այդ միջավայրում նրա իրավունքին ու պատասխանատվությանը: Եթե մարդն էկոհամակարգում զբաղեցնում է իր էկոլոգիական որմնախորշը (կամ խորշը), ապա դրանից դուրս բնության վրա ներգործությունը պետք է փոխհատուցվի այն չափով, որքան անհրաժեշտ է էկոհամակարգը հավասարակշռության բերելու համար: Այսինքն, գերնորմատիվային բնօգտագործման ու բնության վրա գերնորմատիվային ներգործության համար բնօգտագործողը պետք է վճարի: Քանի որ դա իր էությամբ տնտեսական գործարք է, ապա այն պետք է իրականացնեն մարդիք, իսկ պետությունը պետք է խթանի այդ գործընթացը, ինչպես սահմանված է ՀՀ սահմանադրությամբ:

Այդ վճարումներից ստացված միջոցներն էլ կհանդիսանան այն ֆինանսական ռեսուրսները, որոնք կծառայյեն բնության պահպանությանն ու խախտված էկոհամակարգերի վերականգմանը:

Քանի որ թե՛ իրավամբ, թե՛ ՀՀ անկախության հռչակագրով ու ՀՀ սահմանադրությամբ (տես՝ ՀՀ սահմանադրության նախաբանը) բնական ռեսուրսները ժողովրդի սեփականությունն են, ապա այդ ռեսուրսների օգտագործումից (նաև բնության վրա ներգործությունից) գոյացած ֆինանսական միջոցների կառավարման համար պետք է ստեղծել համապատասխան գործիք, որը կապահովի դրանց նպատակային օգտաքործումը բնապահպանական ուղղվածության սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրերում ու նախագծերում:

Որպես այդպիսի գործիք նպատակահարմար է ստեղծել Համահայաստանյան (ներառյալ Արցախը) քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ, որը մշտատև հիմունքներով կհամալրվի բնօգտագործողների կողմից կատարվող բնոգտագործման ու բնապահպանական վճարումներից: Այդ հիմնադրամի անօտարելի ու հավասար իրավունքներով բաժնետերերը կլինեն Հայաստանի (ներառյալ Արցախը) մշտական բնակիչները, որոնք այդ կառավարչական կառույցի  միջոցով կտնօրինեն մշտատև համալրվող  (կապիտալիզացվող) ֆինանսական ու իրեղեն միջոցները և կուղղեն դրանք բնապահպանական ուղղվածության սոցիալտնտեսական  նախագծերի ու ծրագրերի իրականացմանը:

Այդ ֆինանսական մեխանիզմի կամ գործիքի իրավականությունն ու իրականացման հեռանակարայնությունը ուրվագծվեց «Բում» TV-ի http://boon.am/green-economy/?fbclid=IwAR1lDXohW6wtqevY2YCa0w9jGqRKSuxaLkoKFrnaxm_zvhdBYv7UgwM3Jkg  հեռարձակմամբ: Դրա գործարկման, ու բնական ռեսուրսների սեփականատեր հանդիսացող յուրաքանչյուր բնակչի մասնակցության կարգը կներկայացվի առանձին:

Այժմ համառոտ անդրադառնանք  այն առանձին բնապահպանական խնդիրներին, որոնք մեր պատկերացմամբ  կարելի է դիտարկել որպես արդիական և հետագա քննարկումներում անդրադառնալ դրանց լուծմանը նպատակաուղղված մոտեցումներին ու միջոցներին, մասնավորապես,  թե ինքնակազմակերպմամբ և համագործակցությամբ ինչպե՞ս կարելի ձևավորել քաղաքացիական  նախաձեռնություն ու ներգրավել  Հայաստանի բնակիչներին մասնակցելու բնապահպանական գործընթացներին որպես երկրի տերերի ու պարտադրել կառավարչական մարմիններին  և օտարերկրյա կազմակերպություններին խթանելու այդ գործընթացներն ըստ իրենց հանձնագրերի (մանդատների):

1. Կլիմայի փոփոխուփյունը համաշխարհային էկոլոգիական հիմնախնդիր  է: Կլիմայի փոփոխության կանխումը կամ զսպումը կարող է իրականացվել միայն համամարդկային միջազգային ջանքերով: Դրա ազդեցությունը նկատվում է, գործնականում, մարդկային գործունեության  գրեթե բոլոր ասպարեզներում:

            Հայաստանը ստանձնել է միջազգային հանձնառություններ ինչպես կլիմայի փոփոխության մեղմման, այնպես էլ կլիմայի փոփոխությանը հարմարվելու (ադապտացվելու) համար և այդ հանձնառությունների կատարման համար պարտավորվել է ստեղծել ներքին ֆինանսական մեխանիզմ՝ «կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» ձևաչապով: Նախատեսված են նաև ֆինանսավորման միջազգային ռեսուրսներ, որոնք «հավելյալության» սկզբունքով տրամադրում եմ զարգացող երկրներին, որոնց շարքին է դասվում նաև Հայաստանը: Ինչպես երևում է ներքին ֆինանսական գործիքի անվանումից, այն հանդիսանալու է քաղաքացիներին պատկանող կապիտալ ու պատշաճ կառավարման դեպքում կլինի այն հիմնական գործիքը, որը կնպաստի ոչ միայն կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների լուծմանը, այլ նաև դրա հետ սիներգիկ փոխկապակցված, գործնականում, բոլոր բնապահպանական խնդիրների լուծմանը: Որպես այդպիսիք համառոտ մեկնաբանենք դրանցից մի քանիսը: 

2. Սևանա լիճ:  Ինչպես նշվեց, մենք Հայաստանի բնակիչներս շահառու ենք և պարտավոր ենք վերականգնել Սևանը որպես բնական էկոհամակարգ: Միաժամանակ կարող ենք օգտվել նրա ռեսուրսային բաղադրիչից՝ ջրից, ձկնաշխարհից ու ռեկրեացիոն ռեսուրսներից այն չափով, որ չխաթարենք այդ բնական օբյեկտն իր բնական կենսաբազմազանությամբ:  Ըստ հաշվարկների Սևանա լճի էկոհամակարգի լիարժեք վերականգնման   դեպքում միայն ձկան մասով արդյունագաործական օգտագործելի բնական պաշարները կկազմեն տարեկան շուրջ 6000 տոննա (սիգ, իշխան, կողակ): Եվ դա բնական էկոհամակարգի լիարժեք վերականգման ու պատշաճ պահպանման ու կենսագործման պայմաններում: Այլ կերպ ասած էկոհամակարգի վերականգնումից հետո ձկնաշխարհից որպես սննդամթերք օգտվելու մարդու էկոլագիական խորշը տարեկան 6000 տոննա է:

3. Անապատացումը ևս համարվում է էկոլագիական հիմնախնդիր, կախված հիմնականում, հողի գերշահագործման հետ: Էկոհամակարգային մոտեցմամբ հողօգտագործմամբ, օրինակ, արոտավայրերի խնայողաբար օգտագործման ու այն զուգորդելով մսուրային անասնապահությամբ, միանգամայն կարելի է վերականգնել դրանք որպես բնական էկոհամակարգեր ու միաժամանակ բարձրացնել դրանց բերքատվությունը   որպես բնական կերհանդակներ:

4. Էկոհամակարգի վրա հանքարդյունաբեության վնասները բազմաբնույթ են, դրանցից մեկը պոչամբարներն են, որոնք ի թիվս այլ բացասական ներգործության, զբաղեցնում են հսկայական տարածքներ, ոչնչացնելով այնտեղի բնական էկահամակարգերը: Ներկայումս գոյություն ունեն տեխնոլոգիաներ, որոնք  թույլ են տալիս ամբողջությամբ օգտահանել հանքաքարը և հրաժարվել պոչամբարից առհասարակ: Կիռարելով նշված ֆինանսատնտեսական լծակները, միանգամայն հնարավոր է կասեցնել հանքարդյունաբերության վնասներըն ու  միաժամանակ ընդերքի չվերականգնվող ռեսուրսները շրջանառու ֆինանսական կապիտալի տեսքով փոխոնցել ապագա սերունդներին: Իսկ կիրառելով «շրջանառու տնտեսվարման» նորարարական սխեման աստճանաբար նվազեցնել ու ի վերջո հրաժարվել ընդերքօգտագործումից:

5. Յուրահատուկ խնդիր են բնակավայրերը: Դրանք բնական էկոհամակարգից օտարված տարածքներ են: Որոշ ջանքեր գործադրվում են քաղաքային միջավայրերը «կանաչացնելու» ուղղությամբ: Սակայն դրանք անվանել «բնապահպանական» կարելի է մեծ վերապահումներով: Դրանք կարելի է դասել «շրջակա միջավայրի պահպանության» շարքին: Սակայն կան սահմանափակ թվով միջոցառումներ, որոնք որպես կողմնարդյունք, կարող են նպաստել, օրինակ, կլիմայի փոփոխության մեղմմանը (էնորգախնայողություն, արևային էներգետիկա և այլն): Դրանք սովորաբար անվանում են «կանաչ էներգետիկա»:

6. Երբ խոսք է գնում անտառների մասին,  հաճախ օգտագործվում է անտառտնտեսություն եզրույթը:  Դրա ակունքները  գտնվում են անտառի նկատմամբ սպառողական ավանդույթում: Նույնիսկ անտառվերականգնման ու անտառապատման ծրագրերում ու նախագծերում առանցքային նշանակություն է տրվում այսպես կոչված «արժեքավոր ծառատեսակներին»: Դրա տակ հասկացվում է բացառապես անտառային բնափայտի շուկայական արժեքը: Անտառը որպես բնական էկոհամակարգ հասարակական գիտակցության մեջ առայժմ չի ընկալվում:

Ամփոփելով բերված մասնավոր օրինակները, կարելի է հետևյալ հարցադրումն անել. Ի՞նչ նպատակ ենք հետապնդում և ինչ ենք ուզում ունենալ որպես նպատակակետ ու վերջնարդյունք: Այդ հարցադրումը առանցքային է ու պահանջում է հստակ պատասխան, առանց որի անհնար է մշակել  դրանց լուծման ուղին:

Ինչ մնում է լուծման գործիքներին, ապա մեր համոզմամբ առաջադրած ֆինանսական մեխանիզմի ձևավորումն ու գործարկումը անխուսափելիորեն կխթանի տեխնիկական, տեխնոլոգիական ու մասնագիտական կարողությունների զարգացումն ու ամրապնդումը թե՛ երկրի, թե տեղական (համայնքային) մակարդակում: Կհստակեցվի պետական կառավարման (ծառայության) շրջանակը:

Իակ մեզ մնում է վերադառնալ մեր էկոլոգիական որմնախորշը:

 

Արամ Գաբրիելյան

Հայաստանի մշտական բնակիչ

Ֆիզ.-մաթ.գիտ. թեկնածու

28.03.19

Related Content

0 Comments

Add new comment

Add new comment