Էկոլոգիական քաղաքականությունը Հայաստանում

Էկոլոգիական քաղաքականությունը Հայաստանում

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Ինչ է էկոլոգիական քաղաքականությունը

Էկոլոգիական քաղաքականությունը  քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավաբանական, կրթադաստիարակչական և այլ  բաղկացուցիչ տարրերի համակարգ է, որն ընդունվում է էկոլոգիական իրավիճակի կառավարման, շրջակա միջավայրի պահպանման և պաշտպանության, երկրի տարածքում բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:

Ովքեր են իրականացնում  էկոլոգիական քաղաքականությունը

Պետությունը, որը կանոններ է սահմանում տարբեր տեսակի գործունեությունների համար, հանդես է գալիս բնապահպանական օրենսդրական նախաձեռնություններով, վերահսկում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի կատարումը, լիազորված է պատժամիջոցներ կիրառել դրանց չկատարման դեպքերում, խթանում և աջակցում է բնապահպանական ծրագրերը, համագործակցում է բիզնեսի և հասարակական սեկտորի հետ:

Տնտեսվարող սուբյեկտները, որոնք պարտավոր են հաշվի առնել  և վերլուծել արտադրական գործընթացի ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա, միջոցներ ձեռնարկել՝ բացասական ազդեցությունը կանխելու կամ նվազագույնի հասցնելու համար:

Գիտահետազոտական կազմակերպությունները, որոնց գիտական հետազոտությունների արդյունքները կարող են դառնալ և դառնում են տնտեսական աճի և կայուն զարգացման ռազմավարության  կարևոր գործիք, հետևաբար՝ շրջակա միջավայրի պաշտպանության գործիք:

Քաղաքական կուսակցությունները, որոնք իրենց ծրագրերում ակնհայտորեն, կամ ոչ ակնհայտ կերպով ներառում են էկոլոգիական խնդիրների կարգավորումների վերաբերյալ բնապահպանական բաղադրիչներ, որպեսզի իշխանություն դառնալու դեպքում քայլեր կամ ծրագրեր մշակեն այդ խնդիրների լուծման համար: 

Հասարակական կազմակերպությունները, /ակտիվ անհատները/ քաղաքացիական նախաձեռնությունները վերահսկում են, որ պահպանվի բնապահպանական օրենսդրությունը, էկոկրթական և իրազեկման աշխատանքներ են իրականացնում, զբաղվում են էկոլոգիական իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում են տարբեր ակցիաներ ի պաշտպանություն առողջ շրջակա միջավայրի:

Էկոքաղաքականությունը յուրաքանչյուր պետության քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասն է:

Էկոքաղաքականության նպատակը ժամանակակից պայմաններում բնության, հասարակության և տնտեսության ներդաշնակ, հավասարակշռված զարգացման համար նոր պայմանների ստեղծումն է:

Էկոքաղաքականության իրականացումն ապահովվում է հիմնականում հետևյալ մեխանիզմների միջոցով.

  • Վարչական վերահսկողություն- Բնապահպանական օրենսդրության պահպանման վերահսկողություն, ստանդարտիզացիա, էկոլոգիական մոնիտորինգ,  տնտեսական գործունեության լիցենզավորում, բնօգտագործման նորմավորում, էկոլոգիական սերտիֆիկացիա/պիտակավորում, ՇՄԱԳ, էկոլոգիական փորձաքննություն, էկոլոգիական և ռեսուրսային նպատակային ծրագրեր, էկոլոգիական աուդիտ
  • Տեխնիկատեխնոլոգիական-տեխնոլոգիական միջոցների և նորարական մոտեցումների կիրառում շրջակա միջավայրի պաշտպանության և զարգացման համար
  • Տնտեսական– բնական ռեսուրսների` ընդերքի, ջրի, անտառի, հողի օգտագործման վերաբերյալ գործունեության պլանավորում,  նպատակային ծրագրերի ստեղծում, վճարումների համակարգ, որը որոշվում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությամբ և բնական ռեսուրսների օգտագործամբ, հարկային դաշտի կանոնների սահմանում, արտոնությունների մեխանիզմների կիրառում և այլն:
  • Օրենսդրական- նորմատիվ-իրավական ակտերի մշակում և ընդունում՝ ուղղված հասարակության և բնության միջև հարաբերությունների կարգավորմանը:
  • Դաստիարակչական, կրթական մեթոդներ - ուղղված են բնապահպանական վարքագծի և գիտակցության ձևավորմանը:

Արդյո՞ք Հայաստանն ունի էկոքաղաքականություն և ինչպե՞ս է այն իրականացնում

Օրենսդրական դաշտ

2015 թվականին Հայաստանում ընդունվեց նոր Սահմանադրություն, որից հանվեց  33.2 հոդվածը, որում ամրագրված էր. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը»: Այս հոդվածն ապահովում էր մարդու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը և  հնարավորություն էր ընձեռում անգամ դատական կարգով պայքարել այդ իրավունքի պահպանման կամ վերականգնման համար: Այսպիսով, մարդը զրկվեց իր այդ իրավունքից: Փոխարենը նոր Սահմանադրության 12-րդ հոդվածը սահմանեց. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»:  Այս փոփոխությամբ թուլացավ շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը և պետության պատասխանատվությունը,  առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու հիմնարար իրավունքը դուրս եկավ մայր օրենքի պաշտպանության շրջանակներից:

Թեպետ Հայաստանն ընդունել է շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների` հողերի, ջրերի, մթնոլորտի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության և օգտագործման, ինչպես նաև թափոնների կառավարման հետ կապված հարաբերությունները և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովող բազմաթիվ օրենքներ ու իրավական այլ ակտեր, այնուամենայնիվ, որոշ նորմեր երբեմն հնարավոր չէ արդյունավետ կիրառել, քանի որ դրանք ունեն հակասական բնույթ, տարաբնույթ մեկնաբանություններ կամ բացթողումների, ինչպես նաև չեն բավարարում  արդի պահանջներին:

Անհրաժեշտ է բարեփոխել բնապահպանական օրենսդրությունը, քանի որ այն չի ապահովում էկոհամակարգային մոտեցման մոդելի կիրառմամբ այնպիսի գործընթացների կարգավորումը, ինչպիսին են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման համալիր պլանավորման, հասանելի լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման, բնական ռեսուրսների վերականգնման ունակության ապահովման, միասնական մոնիթորինգի իրականացման ու տեղեկատվական համակարգերի կառավարման և բնության բոլոր բաղադրիչների միմյանց հետ շաղկապված վիճակի, ներառյալ` տնտեսական արժեքի գնահատման և այլ գործընթացները:

2011 թվականից սկսած ՀՀ կառավարությունը մշակել է Հայաստանի էկոլոգիական քաղաքականության մասին օրենքի նախագծեր: Վերջին մշակումը համացանցում թվագրված է 2017 թվականով, որը սահմանում էր  համալիր և էկոհամակարգային կառավարման մոտեցմամբ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմունքները, նախատեսում էր բնապահպանության ոլորտում պետական կառավարման մարմինների և իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջև ծագած հարաբերությունների կարգավորում, պետք է նպաստեր նաև բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը, շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսման, կանխարգելման կամ նվազեցման ապահովմանը, էկոլոգիական անվտանգության պահպանման և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն զարգացման ապահովմանը: Այս օրինագծին զուգահեռ պետք է մշակվեին և ընդունվեին ևս 7 օրինագիծ, 8 ենթաօրենսդրական ակտ՝ ուղղված էկոքաղաքականության իրականացմանը, սակայն մինչ օրս ոչ էկոքաղաքականոթյան մասին օրինագիծն է ընդունվել, ոչ էլ թված օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը:

Մշակվել է, սակայն չի ընդունվել նաև «Բնապահպանական  օրենսդրության պահանջների  կատարման նկատմամբ ինքնահսկում  իրականացնելու   մասին» օրենքի նախագիծը, որը էկոքաղաքականության իրականացման համար նպաստավոր գործիք կարող էր լինել: Այս օրինագծով նախատեսվում էր, որ բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նպատակով կազմակերպության  կողմից իր գործունեության նկատմամբ անընդհատ հսկողություն իրականացվի,  շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունները կկանխարգելվեն  և կնվազեցվեն, կկանխարգելվի  բնական ռեսուրսների գերշահագործումը,  շրջակա միջավայրի վիճակի և շրջակա միջավայրի վրա կազմակերպության գործունեության ազդեցության գնահատման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն կապահովվի, կազմակերպությունը շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետու կլինի:

  • Դեպքի ներկայացում

Ինքնավերահսկման յուրօրինակ մեխանիզմ առաջարկեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՄԱԶԾ/ԳԷՀ աջակցությամբ 2014-2018թթ. իրականացված փոքր ՀԷԿ-երի մշտադիտարկմանը և ոլորտի խնդիրների վերհանմանն ու բարեփոխումների նպաստմանը միտված ծրագրերի փորձագիտական խումբը: Սա էկոքաղաքականության իրականացման տիպիկ օրինակ էր, երբ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բնապահպանության  նախարարության, հասարակությունը՝ ի դեմս «ԷկոԼուր» ՀԿ-ի և անկախ փորձագետների և բիզնեսը՝ ի դեմս ՓՀԷԿ-երի ղեկավարների, միասին աշխատեցին ՓՀԷԿ-երի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ:  Ծրագրի արդյունքների հիման վրա Բնապահպանության նախարարությունը սկսեց  ՓՀԷԿ-երի առողջացման ծրագիր իրականացնել, որին մասնակցեց 30 ՓՀԷԿ՝ պարտավորվելով իրականացնել առողջացման ծրագրի առաջադրանքները: Մշակվեց ՓՀԷԿ-երի էկոանձնագիր և համապատասխան որոշման նախագիծ: Էկոանձնագրում պետք է լրացվեին ՓՀԷԿ-ի գործունեության հետ կապված բոլոր տվյալները, և այն պետք է ներկայացներ լիազոր մարմնին՝ ապահովեով ՓՀԷԿ-ի գործունեության թափանցիկություն և ինքնավերահսկում:

Ցավոք, Բնապահպանության նախարարությունը  չշարունակեց ՓՀԷԿ-երի առողջացման ծրագիրը, դադարեցրեց ՓՀԷԿ-երի էկոանձնագրավորմանն ուղղված գործընթացը` նախընտրելով  տուգանքների վրա հիմնված քաղաքականությունը:

Էկոքաղաքականության տեսանկյունից ՀՀ բնապահպանական օրենսդրությունը թերի է և չի ապահովում շրջակա միջավայրի համալիր պահպանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում:

Հայաստանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը

Բնապահպանական օրենսդրության անկատարության, եղած օրենքների պահանջների շրջանցման, պետական և մասնավոր սուբյեկտների նկատմամբ անբավարար հսկողության և վերահսկողության պայմաններում շրջակա միջավայրի պահպանությունը եղել է ոչ լիարժեք, բնական ռեսուրսներն օգտագործվել են ոչ ռացիոնալ:

  • Դեպքերի ներկայացում

Ջրային ռեսուրսներ

Բնական ռեսուրսների գերշահագործման և շրջակա միջավայրի վիճակի վատթարացման վառ օրինակ է Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների գերշահագործումը: «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ստորերկրյա ջրային ռեսուրսները ենթակա են վերականգման մինչև 1 միլիարդ խմ օգտագործման դեպքում: Սակայն վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրած ջրօգտագործման թույլտվություններով (ՋԹ) և անաև առանց այդ թույլտվությունների Արարատյան դաշտում տարեկան արդյունահանվում է մինչև 1.7 միլիարդ խմ ստորերկրյա ջուր: Արդյունքում Արարատյան դաշտը հայտնվել է աղետալի վիճակում. ջրի ոչ ռացիոնալ օգտագործման արդյունքում ստորերկրյա ջրի հորիզոններն իջել են, ջրային հաշվեկշիռը խախտվել է, խորքային հորերը չորացել են, Հայաստանի ամենաջրառատ գետերից  Սև ջուր   գետի հոսքը կրճատվել է 40 անգամ: Վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման արդյունքում Սևջուր գետի հոսքը ներկայումս կազմում է առավելագույնը 0.5խ.մ/վրկ, այն դեպքում երբ 1991-1992 թթ. այն կազմել է 20-22 խ.մ/վրկ և մինչև 2004թ. 8-10 խ.մ/վրկ: 1983 թվականի գույքագրման տվյալներով 44 համայնքներում դրական ճնշում ունեցող հորատանցքերի իշխման տակ գտնվող տարածքները կազմել են 32.7 հազար հա:  Հողերը ենթարկվել են  անապատացման, ինչպես նաև որոշ տեղերում գերխոնավեցման, աղակալման, ճահճացման, սրվել է Արարատյան դաշտի բնակչի սոցիալական վիճակը:

Սևանա լիճ

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման և կայուն օգտագործման համար 2001թ-ին ընդունվեցին «Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքները: Օրենքով նախատեսվեց մինչև 2030 թվականը լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով, որպեսզի վերականգնվի լճի էկոհամակարգը: Նախատեսվեց տարեկան լճի մակարդակի բարձրացում մոտ 21,6 սմ, 170մլն խմ առավելագույն ջրառի պայմաններում: Իրականում 2008թ-ից սկսած ՀՀ իշխանությունները 5 անգամ գերազանցեցին Սևանա լճից ջրառի ծավալները, ինչի արդյունքում լճի մակարդակը տարեկան ոչ միայն չբարձրացավ 21 սմ-ով, այլև լիճը բացասական հաշվեկշիռ ունեցավ, ինչի արդյունքում, ինչպես նաև լճի աղտոտման, գլոբալ տաքացման երևույթների հետևանքով, Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ վատացավ: Լիճը  սկսեց ճահճանալ:

Սևանա լճի ափամերձ տարածքները կառուցապատված են, մինչդեռ 1905 մետր նիշից ցածր գոտում կառուցապատումն արգելված է: Ապօրինի օբյեկտների կոյուղաջերն առանց մաքրման թափվում են Սևանա լիճ:

Անվերահսկելի որսագողության արդյունքում ոչնչացվում է լճի ձկնաշխարհը: Լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ պետք է պատրաստվեն ափերը, ինչի համար ՀՀ կառավարությունը ֆինանսներ է տրամադրում, սակայն այդ աշխատանքները պատշաճ ձևով չեն կատարվում:

Ջրային ռեսուրսների աղտոտում

Հայաստանում ջրային ռեսուրսներն աղտոտվում են կոյուղաջրերով, արդյունաբերական թափոններով, կենցաղային աղբով: Մաքրման կայաններն իրականացնում են միայն մեխանիկական մաքրում: Կեղտաջուր արտանետողների նկատմամբ կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ չկա: Օրինակ հանքարդյունաբերողը պոչամբարի պարզարանից դուրս եկող ջուրն առանց կենսաբանական և քիմիական մաքրման իրավունք ունի բաց թողնել գետ և դա դիտվում է նորմալ:  Ջրային ռեսուրսի մեջ արտադրական կեղտաջրերի արտանետման արգելքը ՀՀ ջրային օրենսգրքով սահմանվեց 2018թ-ին: 62.1 հոդվածի 1-ին կետով սահմանվեց. «Արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր եւ անհատական պահանջներին»: Թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները սահմանում է լիազոր մարմինը: Օրեսգրքի փոփոխության այս կետը ուժի մեջ է մտնելու 2030 թվականին:

 ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017 թվականի տվյալներով` հանրապետության ուսումնասիրված 43 գետից 15-ն ունեն ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն, որոնցից Դեբեդը, Ախթալան, Շնողը, Նորաշենիկը, Ողջին, Կարճևանը, Արծվանիկը, Մասրիկը  հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են:

Հանքարդյունաբերություն

Բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործման օրինակներից է Հայաստանում ծավալվող հանքարդյունաբերությունը: Հանքարդյունահանման ծավալներն ավելացվել են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրում, Սոտքի ոսկու հանքավայրում, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում: Եթե հանքարդյունաբերության ծավալների ավելացումը կարճաժամկետ կտրվածքում կարող է մեծ շահույթ ապահովել բիզնեսի համար և հարկային մուտքեր՝ պետբյուջե, ապա երկարաժամկետ կտրվածքով այդ չվերականգնվող բնական պաշարների արագ արդյունահանման արդյունքում գալիք սերունդները մնալու են ձեռնունայն և որպես ժառանգություն ստանալու են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտված հազարավոր հեկտարների հասնող հողեր, աղտոտված գետեր և լճեր:

Մինչ օրս հանքարդյունաբերողները պոչամբարներում պահվող ավելի քան 1 մլրդ տոննա արդյունաբերական  թափոնների և լցակույտերում՝ դատարկ ապարների տեղադրման համար պետբյուջե որևէ գումար հարկ չեն վճարվել: 2011 թվականին ընդունված Ընդերքի նոր օրենսգրքով պոչամբարները համարվեցին երկրորդային հանքավայր, որոնք ունեն տեխնոգեն ծագում, և ազատվեցին հարկ վճարելու պարտավորությունից: Միայն 2018թ. ուժի մեջ մտավ հարկային նոր օրենսգիրքը, որի համաձայն՝ 2021 թ. հունվարի 1-ից ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար գործելու է բնապահպանական հարկ: Առաջին դասի վտանգավորության թափոնների համար սահմանվել է տոննայի համար 250 դրամ, երկրորդ դասի վտանգավորության թափոնների համար 120 դրամ, 3-րդ դասի համար 25 դրամ, 4-րդ դասի վտանգավորության թափոնների համար 8 դրամ, իսկ ոչ վտանգավոր թափոնների՝ մակաբացման ապարների համար՝ 3 դրամ: Այս գումարները շատ քիչ են պոչամբարների և մակաբացման ապարների տեղադրման վայրերի անվտանգ պահպանման համար: Հանքարդյունաբերողները պարտավոր են պետությանը ներկայացնել հանքի փակման ծրագիր, սակայն այդ ծրագրի չիրականացման դեպքում նրանք պատասխանատվություն չեն կրում: Հանքարդյունաբերողները հեռանալու են՝ պետության վրա թողնելով վտանգավոր օբյեկտների՝ պոչամբարների պահպանությունը, ինչպես նաև հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված շրջակա միջավայրի մաքրումը, ինչը հսկայանան գումարների հետ է կապված:

Անտառներ

1993 թվականից հետո պետությունը չի հաշվառել Հայաստանի անտառները: 1993թ-ի տվյալներով Հայաստանի անտառները կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2%: Սակայն իրականում տարբեր փորձագիտական գնահատականներով անտառների տարածքները կրճատվել են մինչև 7-8 %: Պատճառը ինչպես 90-ականների մութ ու ցուրտ տարիներն են, երբ մարդիկ անտառը հատեցին տաքանալու համար, ապա պատկան մարմինների կողմից անտառի նկատմամբ թույլ հսկողությունը, պետության կողմից անտառավերականգնման համար ֆինանսների չտրամադրումը, ապօրինի հատումների դիմաց նշանակված տուգանքները անտառվերականգնմանը չուղղելը, ինչպես նաև անտառը պահպանող մարմնի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գոյատևումը և գործունեությունը անտառը հատելու և փայտի վաճառքի հաշվին ապահովելը: Արդյունքում ունենք անտառների կրճատում, որակի փոփոխություն. տնտեսապես բարձրարժեք կաղնուն և հաճարենուն փոխարինել են ցածրարժեք բոխին եւ անտառի ստորին գոտու տեսակները: Անհետացել են Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Սերմնային ծագման անտառների տարածքները պակասել, և փոխարենը ավելացել են կոճղաշիվային և երկրորդական նշանակության ծառատեսակներն ու թփատեսակները:  Անտառային զանգվածների հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում նկատվում է սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում:

Պետական վերահսկողություն

2015 թվականի  հուլիսի 30-ի 839 – Ա որոշմամբ (https://www.e-gov.am/gov-decrees/item/26045/) ՀՀ կառավարությունը կասեցրեց տնտեսվարող սուբյեկտների տեսչական ստուգումների անցկացումը: Այս որոշման ժամկետը երկարացվեց մի քանի տարի և տեսչական մարմինները մատնվեցին անգործության՝ չիրականացնելով իրենց վերապահված վերահսկողական գործառույթը:

Տեսչական ստուգումների կասեցման մասին  839 – Ա որոշման ընդունումը համընկավ այդ ժամանակ ՀՀ վարչական դատարանում ընթացող Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչների և բնապահպանների հայցով դատավարության հետ, որտեղ բնակիչները և բնապահպանները դատարանից  պահանջում էին պարտավորեցնել Բնապահպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում՝ պարզելու համար՝ արդյոք «Թեղուտ» ընկերությունը խախտումներ է թույլ տվել։ 839 – Ա որոշման հիման վրա դատարանը կարճեց գործը:

Տեսչական մարմիններն իրենց աշխատանքը վերսկսեցին հեղափոխությունից հետո: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի քանի ամսվա աշխատանքի ընթացում հայտնաբերվեցին միլիարդների հասնող խախտումներ անտառային, ընդերքօգտագործման, Արարատյան դաշտում ջրօգտագործման և այլ ոլորտներում: 

Բնապահպանական փորձաքննություն

Հայաստանում բնապահպանական փորձաքննությունը, որպես էկոքաղաքականության իրականացման մեխանիզմ, իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն: Այս գործընթացը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ, քանի որ փորձաքննություն իրականացնող մարմինը առաջնորդվում է տնտեսվարողի կողմից փորձաքննության ներկայացված փաստաթղթերով և տալիս եզրակացություն՝ հիմնված այդ փաստաթղթերի բովանդակության վրա: Վառ օրինակ է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը, որին տրված բնապահպանական դրական եզրակացության իրավացիությունը պարզում է քննչական կոմիտեն միջազգային «Elard» կազմակերպության փորձագետների ներգրավմամբ, որոնց վճարելու համար պետբյուջեից շուրջ 400 հազար դոլար գումար հատկացվեց:

Փորձաքննության գործընթացն անկատար է նաև հանրային լսումների փուլում: Փորձաքննության առաջին փուլում գործունեություն նախաձեռնողը պետք է համայնքապետարանի հետ քննարկում կազմակերպի՝ բնակչությանը ծանոթացնելու նախատեսվող գործունեությանը և ստանալու համայնքի համաձայնությունը: Որպես կանոն այդ քննարկումը կազմակերպվում է նեղ շրջանակով, բնակչությունը պատշաճ ձևով կամ ընդհանրապես իրազեկված չէ և չի մասնակցում լսումներին: Բնապահպանական փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվել հասարակական կարծիքը, ինչի հետևանքով ձևավորվել է անվստահության մթնոլորտ այս գործընթացի նկատմամբ, որի վառ ապացույցն են հասարակության բողոքի ակցիաները ազդակիր համայնքներում:

Եզրակացություն

Էկոքաղաքականության տեսանկյունից ՀՀ բնապահպանական օրենսդրությունը  թերի է և չի ապահովում շրջակա միջավայրի համալիր պահպանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում: Բնապահպանական օրենսդրության անկատարության, եղած օրենքների պահանջների շրջանցման, պետական և մասնավոր սուբյեկտների նկատմամբ անբավարար հսկողության և վերահսկողության պայմաններում շրջակա միջավայրի պահպանությունը ոչ լիարժեք է, բնական ռեսուրսներն օգտագործվում են ոչ ռացիոնալ: Շրջակա միջավայրն աղտոտվում է արդյունաբերական և կենցաղային թափոններով և արտանետումներով: Չի գործում «աղտոտողը պետք է վճարի» սկզբունքը:

Այսպիսով՝ Հայաստանը շատ անելիքներ ունի  էկոքաղաքականության կարևորագույն նպատակների՝ շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործան ապահովման գործում:

 

14.05.2019թ.

Related Content

0 Comments

Add new comment

Add new comment