Անապատացում | Աշոտ Վարդևանյան

Անապատացում | Աշոտ Վարդևանյան

Անապատացման դեմ պայքարը հանդիսանում է գլոբալ էկոլոգիական խնդիր Երկիր մոլորակի համար:

Ավելի քան 6.1 միլիարդ հա, Երկրագնդի ցամաքային տարածքների մոտ 40%-ը, հանդիսանում են <<չորային>> հողեր: Դրանցից  մոտ 900 միլիոն հա կազմում են հիպեր արիդ անապատներ, կամ գերչորային հողեր: Մնացածը՝  5.2 միլիարդ հա հանդիսանում են չոր (50մմ), կիսաչոր (200մմ) և չոր սուբհումիդ (400մմ) հողեր, որոնց մի մասը դարձել է անապատ՝ մարդու գործունեության հետևանքով: Այդ հողերի վրա ապրում է երկրագնդի բնակչության ավելի քան մեկ հինգերորդը:

1992թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման գագաթաժողովը, որտեղ միջազգային հանրությունը եկավ ընդհանուր եզրակացության, որ անհրաժեշտ է ընդունել ևս  մեկ կոնվենցիա կապված հողերի պահպանության հետ:

1993թ. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, մասնակցել է <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի մշակման միջկառավարական կոմիտեի աշխատանքներին:

1994թ. հունիսի 17-ին <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի մշակման միջկառավարական կոմիտեն համաձայնեցրեց Կոնվենցիայի տեքստը: 

Հետագայում հունիսի 17-ը Միավորված Ազգերի կազմակերպության կողմից  հռչակվեց որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր: Այն նպատակ է հետապնդում բարձրացնելու իրազեկությունը անապատացման և երաշտի սպառնալիքների նկատմամբ: 

Լրիվ անվանումն է՝ <<Միավորված Ազգերի Կազմակերպության <<Անապատացման դեմ պայքարի կոնվենցիա այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես Աֆրիկայում>> (UN CCD):  

1994թ. հոկտեմբերի 14-ից 15-ը Փարիզում տեղի ունեցավ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի ստորագրումը մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի կողմից:   

Կոնվենցիան վավերացվեց Ազգային Ժողովի կողմից 1997թ. հուլիսի 6-ին:

02.03.1998թ. ՀՀ կառավարության <<ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարում  ապահովելու մասին>> N124 որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը  ճանաչվել  է որպես պատասխանատու կատարող:

ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիան հանդիսանում է լուրջ նվաճում միջազգային հանրության կողմից: Այն իրենից ներկայացնում է  նորարական փաստաթուղթ, որը շրջակա միջավայրի պահպանության  միջազգային իրավունքում  նոր ձեռքբերում է և միակն է, որ  ուշադրությունն ուղղված է հողերի դեգրադացիայի հարցերին: 

Ըստ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի տեքստի <<անապատացում>> նշանակում է հողերի դեգրադացիա տարբեր գործոնների ներքո, ներառյալ կլիմայի փոփոխությունը և մարդու գործունեությունը  չոր, կիսաչոր և չոր սուբհումիդ շրջաններում:  Իսկ  <<հողերի դեգրադացիա>>՝ նշանակում է հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության նվազեցում կամ կորուստ:

Կոնվենցիայի գլոբալ նպատակն է  (բոլոր մակարդակներում արդյունավետ միջոցների ընդունման ճանապարհով) անապատացման դեմ պայքարը և երաշտի հետևանքների մեղմացումը: Այդ նպատակին հասնելու համար վնասվող շրջաններում անհրաժեշտ է  երկարաժամկետ համալիր ռազմավարություն` միաժամանակ ուղղված հողի արտադրողականության բարձրացմանը, հողային և ջրային ռեսուրսների վերականգնմանը, պահպանությանը և կայուն օգտագործմանը հատկապես համայնքների  կենսամակարդակի բարձրացման նպատակով:

Կոնվենցիայի նպատակն է հասնել.

ա/ կայուն զարգացմանը

բ/ չքավորության վերացմանը

գ/ երաշտի հետևանքների մեղմացմանը

դ/ միջազգային համագործակցության ամրապնդմանը

զ/ միջկառավարական կազմակերպությունների հետ համագործակցությանը

է/ ֆինանսական մեխանիզմների և համաձայնագրերի օգտագործմանը

թ/ գերակայությունների հաստատմանը 

ժ/ անապատացման հիմքում ընկած պատճառների վերացմանը

ժա/ տեղական բնակչության իրազեկության ապահովմանը

ժբ/օրենսդրության ուժեղացման միջոցով` բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:

Հայաստանը պայմանավորված լինելով իր աշխարհակլիմայական պայմաններով և դրան գումարած տնտեսության անցումային փուլում գտնվելը անապատացման տեսանկյունից հանդիսանում է առանձնապես խոցելի երկիր: 

Այն բնորոշվում է հողային ռեսուրսների դեգրադացմամբ, կենսաբազմազանության ու կենսապաշարների աղքատացմամբ և որպես հետևանք բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Անդրկովկասը հիշատակված է Կոնվենցիայի տեքստում, որպես անապատացման երևույթներով վնասվող տարածք: 

Հանրապետության համար անապատացման դեմ պայքարը դարձել է ռազմավարական նշանակության հիմնախնդիր, իսկ անապատացման հետևանքների մեղմացումը և կանխարգելումը  երկրի   կայուն զարգացման  երաշխիքներից  մեկն է:

Կոնվենցիայով ՀՀ ստանձնած հիմնական պարտավորություններն են.

1. մշակել ռազմավարություններ ուղղված անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների մեղմացմանը (Հոդված 5), 

2. մշակել և իրականացնել  գործողությունների ազգային ծրագրեր (Հոդված 9) (այսուհետ ԳԱԾ): ԳԱԾ-ը՝ հանդիսանում է Կոնվենցիայի <<հիմքերից>> մեկը, 

3. զեկույցներ (ազգային զեկույց/տեղեկատվության) ներկայացնել երկրում Կոնվենցիայի իրականացման ուղղությամբ (կատարված քայլերի մասին), որի ձևաչափը և ներկայացման ժամկետն որոշում է Կոնվենցիայի Կողմերի Կոնֆերանսը (Հոդված 26),

4. Կոնվենցիայի հիմնական բյուջե փոխանցել տարեկան անդամավճար (յուրաքանչյուր երկրի համար հաշվարկվում է առանձին):

Գործողությունների ազգային ծրագրեր. 

• 28.03.2002թ. ՀՀ կառավարության N13 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել <<Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիրը>>: 

• 27.05.2015թ. ՀՀ կառավարության  N 23 արձանագրային  որոշմամբ հավանության է արժանացել <<Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը>>: 

27.05.2015թ. մշակված  գործողությունների ազգային ծրագրի  հիմք է հանդիսացել  ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի Կողմ երկրների 2007թ. 8-րդ Կոնֆերանսում ընդունված անապատացման դեմ պայքարի 10-ամյա ռազմավարական ծրագիրը (2008-20018թթ):

2015թ. գործողությունների ազգային ծրագրի հիմնական գերակայություններն են.

ա. անապատացման հիմնախնդիրներին առնչվող օրենսդրության կատարելագործում.

բ. հողերի կառավարման արդյունավետության բարձրացում.

գ. անապատացման հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում.

դ. համատեղ գործողություններ Ռիո-յի Կոնվենցիաների շրջանակներում և միջազգային համագործակցություն:

Գործողությունների ազգային ծրագրի համաձայն Հայաստանում անապատացման ենթարկվող հողերը կազմում են մոտ 43 %:

Հողերի դեգրադացիան Հայաստանում կազմում է մոտ 80%: 

Ազգային զեկույցներ.

2000թ., 2002թ., 2006թ., 2010թ. 2012թ. 2014թ. և 2018թ. Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիայի քարտուղարություն է ներկայացրել <<Հայաստանում ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի իրականացման մասին>> ազգային զեկույց (ըստ ձևաչափի և ժամկետի): 

2007թ. Մադրիդում (Իսպանիա) Կողմերի կոնֆերանսի կողմից ընդունվեց անապատացման դեմ պայքարի <<10-ամյա ռազմավարությունը և Կոնվենցիայի իրականացման ուժեղացման 2008-2018թթ. համար գործունեության շրջանակները  (10-ամյա ռազմավարություն>>)>> 3/COP.8 որոշում.

2009թ. ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի քարտուղարության և այլ մարմինների կողմից մշակվեց Կոնվենցիայի իրականացման  <<Արդյունավետության ակնարկի և իրականացման գնահատման  համակարգ>> (PRAIS):

2010թ. սկսած զեկույցները ներկայացվում են PRAIS պորտալի միջոցով: 2010թ. և 2012թ.  այն կոչվել է PRAIS 1, իսկ 2014թ.՝ PRAIS 2:

2017թ. Օրդոսում (Չինաստան) Կողմերի կոնֆերանսի կողմից ընդունվեց ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի շրջանակային ռազմավարությունը 2018-2030 թթ. համար: 

Նոր ռազմավարության 5 ռազմավարական նպատակներն են.

1.Բարելավել խախտված էկոհամակարգերի վիճակը, պայքարել անապատացման/հողերի դեգրադացիայի դեմ, նպաստել հողային ռեսուրսների կայուն կառավարմանը և հասնել հողերի դեգրադացման չեզոք վիճակին:

2. Բարելավել դեգրադացված տարածքների (ազդեցությանը ենթարկված) բնակչության կյանքի պայմանները:

3. Նվազեցնել երաշտի հետևանքները, հարմարվել դրանց և ազդել այդ հետևանքների վրա՝ բարձրացնելով բնակչության խոցելի խմբերի և էկոհամակարգերի կայունությունը:

4. Կոնվենցիայի իրականացման արդյունավետության հաշվին համաշխարհային մակարդակով ապահովել էկոլոգիական օգուտները:

5.  Մոբիլիզացնել հիմնական և լրացուցիչ ֆինանսական և այլ ռեսուրսները Կոնվենցիայի իրականացման համար՝ ստեղծելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ համաշխարհային և ազգային մակարդակներում:

PRAIS 3-ը մշակվեց 2018թ., որտեղ ներկայացվող տեղեկատվության հիմքում  ընկած են  նշված 5 ռազմավարական նպատակները:

2018թ. մշակվեց և սահմանված կարգով ներկայացվեց <<Հայաստանում <<ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի իրականացման մասին 7-րդ ազգային զեկույց>>-ը (տեղադրված է https://prais.unccd.int/unccd/reports  կայքում): 

7-րդ ազգային զեկույցում ներկայացված է, որ ըստ ազգային տվյալների՝ դեգրադացված հողերի մասնաբաժինը ցամաքի ընդհանուր տարածքի նկատմամբ (առանց ներքին ջրամբարների) 2006-2015թթ. համար կազմում է 1.67% (կամ ամբողջ հանրապետությունում 472,5 կմ2): Իսկ գլոբալ տվյալների համաձայն՝ դեգրադացված հողերի մասնաբաժինը ցամաքի ընդհանուր տարածքի նկատմամբ (առանց ներքին ջրամբարների) 2000-2015թթ. կազմում է 2.67%։

Հայաստանի բոլոր բնական գոտիներում նկատվում է հողի բերրիության նվազում և էրոզիոն գործընթացների ակտիվացում։ Սա բացատրվում է մարդածին և բնածին գործոնների ազդեցությամբ: Հատկապես խոցելի են կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային և անտառային գոտիները, որտեղ մարդածին գործոնի ազդեցությունը բնածին գործոնի հետ համատեղ մեծացնում է հողերի էրոզիայի աստիճանը: 

Հողերի չեզոք դեգրադացիայի ընդհանուր ազգային նպատակին հասնելու համար առաջարկվել են հետևյալ հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները.

1. Ներկայումս բոլոր գյուղատնտեսական հողերի շուրջ 2/3-ը  դեգրադացված է տարբեր աստիճանի։  Պետք է դադարեցնել/կանխարգելել գյուղատնտեսական հողերի դեգրադացիան և անցնել ագրոէկոլոգիայի սկզբունքներին (կոնսերվացիա + ժամանակակից <<օրգանական>> տեխնոլոգիա)։  

2. Անտառապատել բոլոր դեգրադացված հողերի շուրջ 2/3-ը: <<Հայաստանի անտառային ծրագրի>> համաձայն, նախատեսվում է մինչև հարյուրամյակի վերջ անտառային տարածքներն ավելացնել մինչև երկրի ընդհանուր տարածքի 20,1%:

3. Կանխարգելել անտառների կրճատման գործընթացները և բարելավել անտառային տնտեսության կառավարումը հանրապետության ողջ տարածքում: 

4. Կանխարգելել գերարածեցումը արոտավայրերում, բարելավել արոտավայրերի կառավարումը հանրապետության ողջ տարածքում։

 

Կայուն զարգացում

2015թ. սեպտեմբերին (25-27) ՄԱԿ-ի գագաթաժողովին ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին կայուն զարգացման Օրակարգը, որի հիմքում ընկած են կայուն զարգացման նպատակները, ինչն էլ նախատեսված է իրականացնել մինչև 2030 թվականը: 

Կայուն զարգացման նպատակներն են՝ 17-ը, իսկ  թիրախները՝ 169-ը:

 

Նպատակ 15՝  ցամաքային էկոհամակարգերի պահպանություն, վերականգնում և կայուն օգտագործման խթանում, անտառների կայուն կառավարում, պայքար անապատացման դեմ, հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետ շրջում և կենսաբազմազանության կորստի դադարեցում:

Թիրախ 15.3՝ մինչև 2030 թվականը անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում՝ ձգտելով աշխարհում հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի:

Ըստ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման <<Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն կամ աճում ըստ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի>>:

Տարիներ շարունակ հողերն անտեսվել են որպես կայուն զարգացման բաղադրիչ: 

2015թ.  կայուն զարգացման նպատակների մեջ թերևս չկա ավելի բազմակողմանի նպատակ՝ քան հողերը, քանի որ հողային ռեսուրսներն առնչվում են յուրաքանչյուրի հետ: Սկսած սննդից, որը մենք ուտում ենք,  հագուստից՝ ինչը մենք հագնում ենք, վերջացրած տներով, որտեղ մենք ապրում ենք՝  այդ ամենը բխում  է հողային ռեսուրսներից: 

 

Ծրագրեր

1. 2015թ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել է <<Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի հասնելը.  գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին>> պիլոտային ծրագիրը: Ծրագրին մասնակցեցին աշխարհի 14 երկրներ (Ալժիր, Հայաստան, Բելառուս, Բուտան, Չադ, Չիլի, Կոստա-Ռիկա, Էֆիյոպիա, Գռենադա, Ինդոնեզիա, Իտալիա, Նամիբիա, Սենեգալ, Թուրքիա):

Արդյունքում հնարավոր եղավ գնահատել հողերի չեզոք դեգրադացիայի հասնելու հնարավորությունը Հայաստանում, մասնավորապես ազգային կամավոր թիրախների որոշման համար: 

 

Բացի այդ ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման համապատասխան իրականացվեց առաջընթացի ցուցանիշների չափման թեստավորում և տվյալների ձեռքբերման հնարավոր աղբյուրների որոշումը:

Առաջընթացի ցուցանիշներն են.

• <<ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումները>>,

• <<հողերի արտադրողականության (բերրիության) կամ հողօգտագործման փոփոխման միտումները>>,

• հողում և հողի վրա <<ածխածնի քանակի փոփոխման միտումները>>:

Արդյունքները զեկուցվեցին  ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի կողմերի 12-րդ նստաշրջանին (2015թ.) և որոշվեց ընդլայնել պիլոտային ծրագրի իրականացումը նաև այլ երկրներում (2016թ.): Ներկայումս ներրգրավվել են մոտ 110 երկիր: 

2. ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ և Կորեայի Հանրապետության ֆինանսավորմամբ 2018 թվականի օգոստոսին Հայաստանում մեկնարկել է <<Արարատյան հարթավայրի հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում>> պիլոտային ծրագիրը, որը մշակվել  է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրը իրականացվում է Արարատի մարզի Նարեկ համայնքում: Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ կաթիլային ոռոգում, բիոհումուսի կիրառում և դաշտապաշտպան անտառաշերտի հիմնում: Ծրագիրն իրականացվելու է 2018-2020թթ: Համայնքը նույնպես մասնակցում է նախագծի ֆինանսավորմանը։

3. <<Հանրապետության հատուկ պահպանվող բնական տարածքներին հարող էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության ունակության բարձրացում>>, ծրագրով նախատեսվում է բնակչության կենսամակարդակի բարձրացման հաշվին նպաստել էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև նվազեցնել մարդածին ճնշումը բնության հատուկ պահպանվող տարածքների վրա: Ծրագիրը կիրականացվի 2019-2022 թվականներին, արժեքը կազմում է 2 506 000 ԱՄՆ դոլար: Փորձնական տարածքներն  են 1) <<Դիլիջան>> ազգային պարկին հարակից համայնքները և 2) <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցին հարակից համայնքները: Դոնոր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ադապտացիոն ֆոնդ,  որի հետ նախագիծը  արդեն համաձայնեցված է:  

4.<<Արթիկ քաղաքի մոտակայքում գտնվող փակված քարհանքերի թափոնների և հեղեղումների կառավարում>>, որով նախատեսվում է վերականգնել փակված քարհանքի դեգրադացված լանդշաֆտները և կանխել Արթիկ քաղաքի հարակից տարածքների հեղեղումները: Նախագիծը կիրականացվի 2019-2022 թվականներին, որի արժեքը կկազմի 1 435 000 ԱՄՆ դոլար: Դոնոր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ադապտացիոն ֆոնդ,  որի հետ նախագիծը  արդեն համաձայնեցված է:  

Օրենսդրություն

2018 թվականի հունիսի 13-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչը նախատեսված էր 2015թ. մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարության N 23 արձանագրային  որոշմամբ: 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքով սահմանվել է ցամաքային տարածքի ծածկույթի հասկացությունը՝ դա երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է:  

Ցամաքային տարածքի ծածկույթը բաժանվել է 6 դասի.

1) մշակովի հողեր,

2) մարգագետիններ,

3) ծառածածկ տարածքներ,

4) թփուտապատ տարածքներ, 

5) ջրածածկ տարածքներ,

6) բուսականությունից զուրկ տարածքներ:

Օրենքով սահմանված է, որ ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Համաձայն ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 22/COP.11 որոշման <<ցամաքային տարածքի ծածկույթի փոփոխման միտումները>> հանդիսանում է  առաջընթացի առաջնային ցուցանիշ:

2019թ. ապրիլի 11-ին Կառավարության կողմից հաստատվեց <<Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին>>  ՀՀ Կառավարության  որոշմումը:

Որոշմամբ նախատեսվում է համայնքի մակարդակով ունենալ ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ տվյալներ ըստ տարիների։ 

Որոշմամբ կապահովվի. 

• ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը, ինչը  անհրաժեշտ է համայնքի, մարզի և հանրապետության մակարդակով հողերի վրա բնական ու մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակի բացահայտումը,

• տեղեկատվության հավաքման կազմակերպումը,

• ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազայի ստեղծումը, 

• բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով,  

Որոշումը կնպաստի հողային ռեսուրսների կայուն օգտագործմանը:

Related Content

0 Comments

Add new comment

Add new comment