Կանաչ ակադեմիա 2017. ամփոփ անդրադարձ

Հայաստանում տեղական Կանաչ Ակադեմիա ծրագիրը տեղի ունեցավ 2017թ նոյեմբերի 25-ից 29-ը Աղվերանում: Ակադեմիայի նպատական էր ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, գիտնականների և քաղաքական ու հանրային գործիչների համար ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլիներ քննարկել տնտեսական և սոցիալական մարտահրավերների կանաչ և գենդերային դեմոկրատական հեռանկարները: Կային 25 մանակիցներ, որոնցից 20-ը ուսանողներին էին, իսկ 5-ը շրջանավարտ ակտիվիստներ, որոնք ներգրավված են մի շարք քաղաքացիական նախաձեռնություններում: Ակադեմիայի ծրագիրը՝ վերնագրված Քաղաքականացնելով մեր փորձը, բաժանված էր չորս հիմնական մասերի. կանաչ փոխակերպում, նորազատականության քննադատություն, ինքնություններ և անդին, հակամարտություն: Ակադեմիան հնգօրյա միջոցառում էր, որը բաղկացած էր մի շարք դասախոսություններից և քննարկումներից։

Կանաչ ակադեմիայի հայեցակարգը

Հայաստանի կանաչ ակադեմիայի հիմքում ընկած «կանաչ» նշանակիչը ոչ թե պետք է հասկանալ բառի նեղ առումով, այլ հղացքի լայն՝ վերջին հարուրամյակի ընթացքում ավելի ու ավելի ընդլայնված և խորացված իմաստով: «Կանաչական» կոչվող քաղաքականությունն ընդունված է նույնացնել բնապահպանական խնդիրների հետ, այնինչ եզրն այսօր ավելի շուտ նույնացվում է կայուն զարգացման հետ, որտեղ «կայունը» ոչ միայն վերաբերում է մարդ և բնություն, մարդ և մոլորակ փոխհարաբերություններին, այլ նաև նրան, թե որքանո՛վ են ներդաշնակ մարդ-մարդ, մարդ-հասարակություն, մարդ և քաղաքական հաստատություններ, մարդ և մշակութային նորմեր փոխառընչությունները, տիրույթներ, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս, որ քաղաքական հաստատություններին, իշխանությանը, վերընծայմանը (ռեպրեզենտացիա) և էթիկային վերաբերող դասական քաղաքական հարցերը քննության առնվեն նորովի (օրինակ՝ կանաչներն արժևորում են բռնության բացառման, սոցիալական արդարության և արմատընթեր (grassroots) ժողովրդավարության արժեքները), այլև երկխոսության անհամար դռներ են բացում մոտ և հեռու տարբեր գիտությունների՝ բնագիտության, աշխարհագրության, տնտեսագիտության, քաղքագիտության, քաղտնտեսության, հասարակագիտության, մշակութաբանության, քաղաքաքաշինության, ճարտարապետության  և այլ գիտակարգերի միջև:

Հենց այս լայն համատեքստի վրա է խարխսխված Հայաստանի կանաչ ակադեմիայի առաջին հավաքի ծրագիրը, որի համար ընտրվել են կանաչական դիսկուրսի թեմատիկ հիմնասյուներից երեքը՝ բնապահպանություն, գենդերային ժողովրդավարություն, հակամարտությունների կարգավորում, բայց որոնք ոչ թե քննարկվելու են ըստ կանաչների տեսլականի, այլ տարբեր դիտանկյուններից՝ չմոռանալով, որ ժամանակակից աշխարհի տնտեսական և քաղաքական իրողությունների հիմքում ընկած գլխավոր գաղափարախոսությունը նորազատականությունն է (նեոլիբերալիզմ): Այս նկատառմամբ՝ Հայաստանի կանաչ ակադեմիան կանաչական համարվող խնդիրները նաև փորձելու է վերլուծել նորազատականության լույսի ներքո՝ բարձրացնելով մի շարք հարցեր. ի՞նչ կապ կա ժամանակակից հակամարտությունների, գենդերի մասին ժամանակակից խոսույթների (դիսկուրս), բնապահպանական ճգնաժամերի և նորազատականության՝ տնտեսական հարաբերությունները կարգավորելու «laissez-faire» (չմիջամտելու) քաղաքականության միջև: Նորազատականությունը սոսկ ծառայում է քաղաքական իշխանություն ունեցող տնտեսական վերնախավի նյութական շահերը պաշտպանելո՞ւն, թե՞ այն գաղութատիրության նոր ձև է, որն իրականում ծառայում է հզոր պետությունների քաղաքական, տնտեսական և ռազմական շահերին՝ խորացնելով այդ կերպ ավելի աղքատ երկրների խոցելիությունը, կախվածությունն ու անապահովությունը:

Եվ այդուհանդերձ, անհնար է արևմուտքում ծնունդ առած գիտական և քաղաքական տեսություններն առանց խնդրականացման տեղափոխել Հայաստան, ո՛չ էլ կարող ենք Հայաստանի խնդիրները մեկուսացնել համաշխարհային գործընթացներից, քանի որ, ինչ խոսք, տեղային ցանկացած՝ անգամ ամենաչնչին խնդիրը անքակտելիորեն կապված է շատ ավելի լայն և շատ ավելի համակարգային խնդրի հետ: Ուրեմն, հասկանալ և վերլուծել Հայաստանի քաղտնեսությունը նշանակում է՝ տեղայինը անցկացնել համաշխարհայինի ոսպնյակի միջով, իսկ համաշխարհայինը՝ տեղայինի: Հասկանալ և վերլուծել Հայաստանի քաղտնտեսությունը նաև նշանակում է, որ պետք է պատմականացնենք ինքներս մեզ, սահմանենք ու տեսականացնենք մեր տեղն ու դիրքը, ասել է թե՝ մեր փորձը պետք է քաղաքականացնենք:

Ստորև ներկայացնում ենք դասախոսությունների համառոտագրությունները, որոնք կազմում են Ակադեմիայի բովանդակությունը:

  1. Կանաչ փոխակերպումը՝ տեղական համատեքստում. քաղաքական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական հրատապ հարցերի շուրջ
  • Ինչպե՞ս ենք մենք ներազդում մեր մոլորակի վրա: Հատկապես մարդու ո՞ր գործունեությունն է պատասխանատու նման ազդեցության համար: Արդյո՞ք նման ազդեցություները կխաթարեն մարդու առողջությունը և ապագա սերունդների` հավասարապես բարգավաճելու կարողությունը: Այս հիմնական հարցերն են քննարկվելու այս բաժնում: Ի լրումն, կդիտարկենք մի շարք ուղիներ, որոնցով մարդկությանը փորձում է դիմակայել այս մարտահրավերներին (Ալեն Ամիրխանյան):

  •  Հայաստանն ունի հարուստ բնական միջավայր: Երկիրը գտնվում է երեսուներկու կենսաբազմազանություններից երկուսի կիզակետում (Կովկասյան և Իրանա-Անատոլիական), որոնք աշխարհում սահմանել է Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՀՄ): Այն ոչ միայն հարուստ է տեսակների, այլև էկոհամակարգերի  բազմազանությամբ (կիսաչոր տարածքներից մինչև ալպյան մարգագետիններ և անտառներ): Երկրի որոշ տարածքներ հարուստ են նաև ջրային ռեսուրսներով, որտեղ Սևանա լիճը համարվում է տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը: Այս էկոհամակարգերի վրա նշանակալից են տեղական և համաշխարհային ճնշումները: Այս բաժնում կքննարկվեն Հայաստանի բնական միջավայրի վրա ներկայիս ճնշումներն ու դեգրադացիայի կանխարգելման և  վերականգնման խթանման հնարավոր ուղիները (Աստղինե Պասոյան):
  • Հայաստանի քաղաքացիական հասարակության վիճակն այսօր ավելի բարդ է, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ. այն այլևս չի նույնականացվում միայն ՀԿ-ների հետ: 2007 թվականից ի վեր նոր, ավելի ու ավելի տեսանելի դերակատար է մտել դաշտ՝ երիտասարդ, սոցիալական մեդիային տիրապետող,  կոնկրետ դեպքեր թիրախավորող քաղաքացիական ակտիվիզմը բողոքի և քաղաքական ներգրավվածության նոր ձև է: 2007-ից ի վեր Հայաստանում ձևավորված ավելի քան երեսուն  «քաղաքացիական նախաձեռնություններ» են արձանագրվել, որոնցից մոտավորապես մեկ քառորդն է ակտիվիստների համար նշանավորվել հաղթանակով: Քաղաքացիական հասարակության այս նոր բաղադրիչի ձևավորումը քաղաքացիական հասարակության համակարգում ստեղծում է ներքին նոր դինամիկա՝ առաջարկելով գործողությունների, ցանցայնացման և մոբիլիզացման նոր օրինաչափություններ: Ինչպես ՀԿ-ները, այնպես էլ քաղաքացիական նախաձեռնությունները իրենց գործելու առանձին կերպն ունեն, ուժեղ և թույլ կողմերը: Հայաստանի քաղաքացիական հասարակությունում առկա է և՛ համագործակցություն, և՛ լարվածություն «հին» հասարակական կազմակերպությունների և «նոր» քաղաքացիական ակտիվիստական խմբերի միջև: Ելույթն անդրադարձ է կատարում ՀԿ-ների և քաղաքացիական ակտիվիստների միջև փոխազդեցությանն ու փոխադարձ ընկալմանը՝ հիմք ընդունելով քաղաքացիական արշավների հինգ դեպքերի ուսումնասիրությունը (Եվգենյա Պատուրյան):
  • Օրհուսի կոնվենցիայով նախատեսված դրույթները կյանքի չեն կոչվում Հայաստանում: Առանց կանաչ իրավունքների պաշտպանության տարրական երաշխիքի, կանաչ բիզնեսը շատ արագ կվերածվի «դարչնագույնի»` կայուն զարգացմանն ուղղված ընթացակարգերը վերածելով «կանաչ» տնտեսությանը հակասող իմիտացիոն գործընթացների: Կանաչ իրավունքները պետք է լինեն շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, ինչպես նաև տնտեսական և սոցիալական զարգացման սկզբունքներին նվիրված ցանկացած հասարակության օրակարգում (Ինգա Զարաֆյան):
  • Կապիտալիստական համակարգի պայմաններում առանձին անհատների և դրանց խմբերի՝ մշտապես հարստություն կուտակելու մոլուցքը հանգեցրել է գլոբալ սոցիալական ճգնաժամի: Այսպես կոչված «զարգացող» երկրներում դա զուգորդվում է բնական ռեսուրսների գերշահագործմամբ, կենսաբազմազանության և մարդու բնական կենսամիջավայրի ոչնչացմամբ կամ վատթարացմամբ:  Կապիտալիստական տնտեսվարման անընդհատ հարստություն կուտակելու, ինքնանպատակ ներդրումներ որոնելու մոդելին որպես այլընտրանք է ծառայում համայնքի ռեսուրսների վրա հիմնված՝ էկոգյուղի մոդելը, որտեղ առանձին անհատների կողմից կատարվող ներդրումները ոչ միայն կարևոր չեն, այլև չեն խրախուսվում: Աշխատատեղեր ստեղծելու պատրվակով հյուրանոցային համալիրներ կառուցող «ներդրողներին» փոխարինում է սեփական բիզնես հիմնող՝ տեղացի բնակչությունը: Բիզնեսը հիմնված է սեփական մարդկային և բնական ներուժը ռացիոնալ օգտագործելու տրամաբանության վրա: Այդպիսի մոդել է Հայաստանի Կալավան գյուղը, որը զարգանում է գերազանցապես էկոտուրիզմի և օրգանական գյուղատնտեսության հենքի վրա: Գյուղում լայն տարածում է ստանում հյուրատնային բիզնեսը, բնակարանները հագեցվում են արևային էներգիայի սարքավորումներով: Համայնքի բնակիչները իրենց գաղափարները կենսագործելու համար մշակել են համայնքի զարգացման տասնամյա ծրագիր և պատրաստվում են տեղական հանրաքվեի միջոցով այն ընդունել  և տեղական ինքնակառավարման հնարավորություններից օգտվելով՝ այն ներկայացնել համայնքը ղեկավարող վարչական մարմիններին (Արթուր Գրիգորյան):

  • Անպատասխանատու հանքարդյունաբերություն. Ամուլսարի ոսկու պատմությունը. 2007 թվականից Հայաստանի կառավարությունը հանքարդյունաբերությունը ճանաչեց որպես գերական տնտեսական ճյուղ և ամեն տիպի արտոնություններ տալով այդ ոլորտին՝ մինչև օրս նպաստում է դրա ընդլայնմանը՝ ի հաշիվ գյուղատնտեսության, տուրիզմի, ապրող էկոհամակարգերի և բնակիչների առողջության: «Պատասխանատու հանքարդյունաբերության» անվան տակ է փորձում ներկայանալ նաև Լիդիան ընկերություը, որը Ջերմուկից շուրջ 10 կմ հեռավորության վրա (մոտավորապես նույնը, ինչ Երևանում 7-րդ Մասիվից մինչև Կենտրոն տարածությունն է) ոսկու հանք շահագործելու ծրագիր է մշակել: Ովքե՞ր են այս հանքի հետևում կանգնած մարդիկ ու ընկերությունները: Ի՞նչ դեր է ստանձնել ՀՀ կառավարությունը: Ինչո՞ւ են մասնագետներն ու բնապահպաններն այսքան մտահոգ: Ի՞նչ կարող է պատահել Հայաստանի ջրերի հետ: Ո՞րտեղից է գալու ցիանիդը, և ի՞նչ է լինելու ուրանի հետ: Ինչ պայքարներ են ծավալվում, և ինչ կարող ենք անել մենք (Հայկական Բնապահպանական Ճակատ):

2. Նորազատականությանն ընդ/դեմ/հանդիման. մտորումներ նորազատականության, նորգաղութատիրության, ազգայնականության և սոցիալական արդարության հարցերի շուրջ

  • Նեոգաղութատիրություն, հետգաղութային տեսություններ և ազգայնականություն թեմայով դասախոսությունը նախնական պատկերացում տվեց այն տեսությունների ու կենտրոնական հասկացությունների մասին, որոնք հիմնականում ձևավորվել են քսաներորդ դարի երկրորդ կեսին Երրորդ աշխարհի ապագաղութացված հասարակությունները և մշակույթները վերլուծելու համար։ Այնուհետև կդիտարկվի այն հարցը, թե որքանով են դրանք հարմար հետխորհրդային Հայաստանին վերաբերող քաղաքական, սոցիալական և մշակութային հարցերը քննարկելու համար։ Կխոսվի նաև այն մասին, թե ինչպիսի օգտակար տեսանկյուն են տրամադրում հետգաղութային տեսությունները ժամանակակից ազգայնականության քննադատական մեկնաբանության համար(Հրաչ Բայադյան)։
  • 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային տարածաշրջանի երկրները համարվում են այսպես կոչված «անցումային» փուլում: Այս եզրն իր մեջ ներառում է այդ պետությունների՝ առերևույթ սոցիալիստական, հարկադրական տնտեսության վրա հիմնված համակարգից անցումը նեոլիբերալ, ազատ շուկայի վրա հիմնված համակարգին: Այս դասախոսության ընթացքում պրոֆեսոր Արմինե Իշխանյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում  Հայաստանի «անցումային» շրջանի վրա՝ վերլուծելով վերջին քսանհինգ տարիների ընթացքում երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումները և այդ զարգացումները դիտարկելով միջազգային համատեքստում: Ուշադրության կենտրոնում է Հայաստանի սոցիալական արդարության ու ժողովրդավարության վիճակը այս ժամանակահատվածում։ Անդրադարձ է արվում աղքատության, անհավասարության, օլիգարխիայի հարցերին և Հայաստանի «անցումային» փուլի ձևավորման գործում նեոլիբերալ օրակարգի դերին (Արմինե Իշխանյան):

  • Ներկայում Վրաստանի հասարակության միաբանության ուժը հիմնականում խարսխվում է հակակոմունիստական դիսկուրսի վրա։ Ոչ միայն այն իմաստով, որ սովետական կոմունիզմը սոսկալի է, և պետք է մերժենք ցանկացած բան, որ առնչվում է խորհրդային անցյալին, բայց նաև այն առումով, որ անտեսում ենք ամեն ինչ, որ կարող էր լինել ընդհանուր և համայնքային, կարծես դրանք անըմբռնելի, էությամբ բռնի, անիրական և պատմական փորձով վարկաբեկված են։ Նեոլիբերալ նախագիծը իր սեփական մշակութային սիմվոլներն է բերում և սուբյեկտիվություն ստեղծում («ազատություն», «հաջողություն», «ձեռնարկատիրություն», և այլն), բայց սովետական անցյալի մերժումն ու անվանարկումն են, որ օգնում են նեոլիբերալ օրակարգին՝ հաստատվել մշակութային մակարդակում (Լուկա Նախուծրիշվիլի և Գիորգի Ղվինջիլիա)։
  • Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Միջազգային Բանկը, ԵՄ-ն և այլ միջազգային վարկատու կազմակերպություններ վարկառու երկրներից ակնկալում են ավելին, քան զուտ ուղիղ ֆինանսական օգուտները։ Հաճախ ավելի կարևորվում են պետական քաղաքականության փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ավելի շատ եկամուտ ստանալու համար․ այդ փոփոխությունները բնորոշող ընդհանուր տերմինն է ազատականացում։ Սակայն այդ անվանումը խաբուսիկ է և ոչ լիարժեք, քանի որ մի ձեռքով լիբերալ քաղաքական իրավունքներ և նորմեր ներմուծելով (հակախտրական օրենքներ, ազատ խոսքի պաշտպանության պահանջներ․․․), վարկատուի մյուս անտեսանելի ձեռքով մտցվում նորազատական (նեոլիբերալ) փոփոխություններ պետությունների տնտեսական քաղաքականության մեջ։ Այս կամ այն չափով միանման սցենարով անցել են մի շարք երկրներ՝ վարկերի դիմաց ստիպված լինելով նվազեցնել առողջապահության և կրթության ոլորտում ծախսերը, բնակչության մեծ մասի վրա թողնելով սոցիալական ապահովագրության դերը և հրաժարվելով աշխատանքային ոլորտում իրենց պատասխանատվությունից։ Նայելով անկախ Հայաստանում հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած բարեփոխումներին, կարելի է նմանություններ գտնել «խիստ տնտեսման (ասկետիզմի) քաղաքականության» կուրսի հետ, որը սակայն Հայաստանում այդպես չի անվանվում։ Խոսակցության ընթացքում կդիտարկվեն համայնքների խոշորացման, հասարակական ծառայողների կրճատման և հատկապես ԱՕ-ի փոփոխության նախաձեռնությունները (Անտոն Իվչենկո)։

Image removed.

  • Տեղանքի հիշողություն. 1930-ական թվականների խորհրդային բռնաճնշումներն իրականացվում էին ոչ միայն կոնկրետ սոցիալական կամ էթնիկ խմբերի , այլև այդ համայնքների հիշողության նկատմամբ: Հիշողության՝ նման բռնաճնշողական ոչնչացման վառ օրինակ է Թբիլիսիի  քաղաքային տարածքը: Հասարակ մարդկանց հիշատակին կանգնեցված հուշահամալիրների (գերեզմանատների) խորհրդային չեզոքացումը, դրանց փոխարինումն այգիներով ու պուրակներով խորը վերք է թողել քաղաքում բնակվող սոցիալական և էթնիկ խմբերի շրջանում: Ինչպե՞ս է մերօրյա հետխորհրդային պետությունը հաղթահարում այս տրավմատիկ անցյալը: Ինչպե՞ս կարող ենք գեղարվեստական լեզվի օգնությամբ խոսել քաղաքային տարածության հիշողության հետ նման «խաղի» մասին (Տիգրան Ամիրյան):

3. Ինքնություններ և անդին․ ֆեմինիստական, քվիր և ԼԳԲՏԻ քաղաքականություն և պրակտիկա

  • Ֆեմինիստական տեսությունները հիմնականում ի հայտ եկան որպես բողոք՝ մեյնսթրիմ սոցիալական գիտություններում գենդերային հիմնախնդիրների անտեսման դեմ: Ֆեմինիստական տարբեր տեսություններ տարբեր կերպով են անդրադառնում գենդերային անհավասարությանը և կնոջ ցածր սոցիալական կարգավիճակին: Այսպես, օրինակ, ազատական (լիբերալ) ֆեմինիզմի ներկայացուցիչները փորձում էին կանանց ավելի ցածր կարգավիճակը բացատրել կրթության անբավարարությամբ և ընտրության ազատության բացակայությամբ, որի արդյունքն էլ հանդիսանում է կանանց կախվածությունը տղամարդկանցից: Ըստ սոցիալ-ֆեմինիստների և մարքսիստական ֆեմինիզմի ներկայացուցիչների կանանց սոցիալական կարգավիճակի փոփոխության համար միակ խոչընդոտող գործոնը մասնավոր սեփականությունն է և աշխատանքի բաժանումը ըստ սեռային հատկանիշի, ինչը մասնավորապես բնորոշ է կապիտալիստական հասարակարգին: Ֆեմինիզմի՝ ինչպես տեսական բովանդակության, այնպես էլ սոցիալական ազդեցության առումով, առավել վառ և ազդեցիկ ուղղություն է հանդիսանում արմատական /ռադիկալ/ ֆեմինիզմը: Չնայած բարձրացրած կարևոր հարցերին ֆեմինիստական բոլոր տեսությունները ենթարկվել են քննադատության և վերանայվել են առավել ժամանակակից մոտեցումներում (Գոհար Շահնազարյան):
  • Կանանց ռեսուրսային կենտրոնի մշակած՝ ֆեմինիստական մոտեցման ու միջամտության վրա հիմնված մոդելը՝ որպես շարժումների ձևավորման մեթոդ. կներկայացնի կանանց իրավունքների ընդհանուր իրավիճակը Հայաստանում (հիմնական ոլորտները) և ֆեմինիստական մոտեցման ու ֆեմինիստական միջամտության մոդելը, որը «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի մշակել է՝ որպես շարժումների կազմակերպման մեթոդ (Լարա Ահարոնյան):
  • Ո՞րն է քուիր եզրի ու տեսության (ավելի շուտ` տեսությունների)  պիտանելիությունը: Մինչ այս հարցին անդրադառնալը նախ կսահմանեմ քուիր եզրը, համառոտ կանդրադառնամ քուիր եզրի ու տեսությունների պատմությանը: Կանդրադառնամ նաև քուիր եզրին և քուիր տեսություններին ուղղված տարբեր քննադատություններին` սկսած այն քննադատությունից, որ քուիրը՝ որպես տարբերություն, գաղութացնում է ցանկացած տարբերություն (անտեսանելի դարձնելով տարբեր փորձառություններ)՝ թողնելով սեռականությունը որպես հիմնարար տարբերություն (Յակոբսեն 2003) մինչև այն, որ քուիրը տարբեր երկրներում հանդես է գալիս որպես ամերիկյան իմպերիալիզմի դրսևորում: Այնուհետև կանդրադառնամ քուիր տեսության կարևորությանը: Մասնավորապես, քննադատելով հետերոնորմատիվությունը` քուիր տեսաբաններն այն դիտում են որպես ժամանակի ընթացքում ստեղծված նորմ` իշխանավորների նպատակներին ծառայելու համար (Իկլոր 2008:243), ոչ թե համընդհանուր մի բան: Չնայած Գոպինաթի (2005) կարծիքով միայն քուիր տեսությամբ հնարավոր չէ կանխել հետերոնորմատիվության կողմից իրականացված կառուցվածքային և սիմվոլիկ բռնության բոլոր ձևերը, այն, միևնույնն է, ապակայունացնում է տարբեր  իմացաբանություններ, որոնք անխուսափելիորեն վերարտադրում են հետերոնորմատիվ  ընտանիքը որպես ազգային ինքնության հենակետ՝ դրանով իսկ ժխտելով այլ կենսափորձեր (Գոպինաթ 2005:99): Սոցիալական նորմերի վերլուծությունը քուիր տեսությունների տեսանկյունից հնարավորություն  է տալիս հասկանալ այն, ինչը, Գոպինաթի խոսքերով ասած, «անհնարին է ազգայնական շրջանակներում իշխող տրամաբանության շրջանակներում» (Գոպինաթ 2005:187): Մեզ պարտադրված սոցիալական նորմերն ապակայունացնելն ի՞նչ կարող է տեսանելի դարձնել, որ մինչ այդ տեսանելի չէր: Ի՞նչ կապ ունի պատերազմը հետերո կամ հոմոնորմատիվության հետ: Սրանք են այն հարցերը, որոնց համառոտ կանդրադառնամ իմ զեկույցում քուիր տեսությունների տեսանկյունից (Նելլի Սարգսյան):
  • Ես կներկայացնեմ գենդերային կոնֆլիկտի բազմազանության,  ներհատուկ հակասությունների և գենդերային բախումների տիպային օրինակներ, որոնք արտահայտվել են խորհրդային և հետխորհրդային Հայաստանի կանանց արվեստում։ Ֆեմինիստական քննախոսությամբ կդիտարկեմ դեռևս ակտուալ՝ խորհրդահայ կին արվեստագետների երևույթը, որոնք կտրված էին գենդերից և նմանատիպ նկատառումներից և արմատ էին ձգել «դասական ակադեմիական դպրոցի» և «ազգային գեղարվեստի» ավանդույթներում, որ դառնային տղամարդ արվեստագետների «իրավացի միտումների» սոսկ լրացումը։ Կանացի արվեստի շովինիստ-արական մեկնաբանությունը գերակայեց տարիներ և զանգվածայնորեն ամուր նստվածք թողեց խորհրդահայ մշակութային պատմագրության մեջ։ Հետխորհրդային 1990-ականները մի ժամանակաշրջան էին, որ նշանավորեցին հրաժարում մեծ սովետական պատումներից և առերեսվեցին Հայաստանի արվեստի դիսկուրսում և արդիական արվեստի գործունեության մեջ գերակայող մտքերի ավանդական ապարատի ապակառուցմանը։ Դա կանանց արվեստում ֆեմինիստական խմբագրման և ֆեմինիստական հեղաշրջման ժամանակ էր (Սուսաննա Գյուլամիրյան)։
  • Համաձայն “Rainbow Europe” ուսումնասիրության տվյալների՝ Հայաստանը եվրոպական երկրների մեջ զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը՝ ըստ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության և առկա օրենսդրական կարգավորումների ինդեքսի ։ Չնայած այն հանգամանքին, որ տղամարդկանց նույնասեռականությունը ՀՀ-ն ապաքրեականացրել է 2003թ-ին, հայաստանյան հասարակության մոտ 91%-ը կարծում է, որ նույնասեռականությունը Հայաստանում պետք է «վերաքրեականացվի»։  Սոցիալական վարքի փոփոխության մոդելի տեսանկյունից, հետազոտական դիտարկումները ցույց են տալիս, որ կախված նրանից, թե ինչպիսին է հանրային ընկալումն ու վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց հանդեպ՝ ըստ այդմ պայմանավորվում է նրանց հանդեպ համապատասխան դիրքորոշում և գործողություն։  Լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց մարդու իրավունքները ոտնահարվում են կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած ընտանիքից, որը ինչպես պայմանավորված է սեռականության մասին գիտելիքի և տեղեկացվածության բացով, այնպես էլ՝ ԼԳԲՏ անձանց մասին հասարակությունում առկա կարծրատիպերով և նախապաշարումներով։ Վերջին տասնամյակում Հայաստանում բարձրացել է ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը, այն միֆը, որ «հայ մարդը չի կարող լինել ԼԳԲՏ», կարծես թե կոտրվել է, սակայն ԼԳԲՏ հարցերը, միևնույն ժամանակ, դարձել են քաղաքական մանիպուլյացիաների, ինչպես նաև հասարակության երկատման և բևեռացման հիմնական թեմաները (Նվարդ Մարգարյան)։

  • Վրաստանում նեոլիբերալ ժամանակների ի հայտ գալը նշանավորվում է ռացիոնալ, եսասեր, սեփական շահով շարժվող տնտեսվարող տղամարդու ի հայտ գալով։ Այնուամենայնիվ, տնտեսվարող մարդը կարող է ոտքի կանգնել սեփական շահի և ազատության համար ճիշտ այն պատճառով, որ ուրիշ մեկը ոտքի է կանգնել հակառակ պատճառով՝ հոգածության, խոհականության և համերաշխության։ Պե՞տք է կանայք մի կերպ տեղ փորձեն պոկել պատրիարխալ հիմքերի վրա բարձրացող արական տիրույթում։ Ի՞նչ նկատի ունեն տնտեսագետները՝ տնտեսվարող մարդ ասելով։ Ե՞րբ են տնտեսական մոդելները ներառել այնպիսի երևույթներ, ինչպիսին է տնարարությունը։ Ի՞նչ են հարկադրված ընդունել կանայք, որպեսզի մասնակցեն տնտեսության պատմությանը։ Ո՞րն է ֆեմինիստական էմանսիպացիայի նպատակը՝   մասնակցություն համակարգի՞ն թե՞ դրա հեղափոխում։ Ինչպե՞ս արձագանքել Վրաստանի կառավարության տղամարդակենտրոն քաղաքականություններին (Մայա Բարկայա)։

4. Հակամարտության շուրջ․ հարցի ներազգային և միջազգային չափումները

  • Հակամարտություններ․ ներածություն. Ի՞նչ է կոնֆլիկտը և ե՞րբ է այն առաջանում։ Կոնֆլիկտների տեսակները։ Հակամարտությունների վերլուծություն։ Հակամարտությունների հետ առնչվելու հիմնական մոտեցումներն ու տեսությունները։ Կոնֆլիկտների լուծում, կառավարում և հաղթահարում (Անահիտ Շիրինյան)։

  • Պատերազմի և խաղաղության միջազգայնագիտական տեսություններ. Դասախոսությունը նվիրված է պատերազմի և խաղաղության միջազգայնագիտական տեսությունների քննությանը: Համառոտ, բայց համկողմանի պատկեր ստեղծելու նկատառմամբ՝ դասախոսությունը ուրվագրելու է պատերազմի և խաղաղության իրապաշտական (ռեալիզմ), նորիրապաշտական (նեոռեալիզմ), նորդասական, գերիշխանական, ազատական (լիբերալ), ժողովրդավարական, տնտեսական, կերտվածապաշտական (կոնստրուկտիվիզմ) տեսությունների հիմնական դրույթները՝ անդրադառնալով նաև ոլորտում կիրառվող եզրաբանությանը, պատերազմի ծագման և խաղաղության հաստատման՝ տեսություններից յուրաքանչյուրի առաջարկած պատճառներին և նրան, թե ո՛ր պայմանում ինչպիսի ելք կարելի է ակնկալել: Դասախոսությունը եզրափակվելու է պատերազմի բնույթի մերօրյա՝ միջպետական պատերազմից քաղաքացիական և ահաբեկչական պատերազմի անցմամբ դրսևորվող փոփոխությունների վերլուծությամբ (Դավիթ Իսաջանյան):
  • Ազգային միասնությունից «Ազգ-բանակ». Այսօր Երևանում մի քանի հարյուր ուսանող բողոքում են ՊՆ վերջին օրենսդրական նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է ամբողջովին չեղարկել ուսանողների կրթական տարկետման իրավունքը։ Արդյո՞ք այս բողոքը, որ կարծես գիտության և կրթության հաշվին երկրի ռազմականացման դեմ է, ունի Հայաստանի ռազմականացման գործընթացը խորքից քննադատելու ներուժ, թե՞ ընդամենը մեծ խնդիրների մասնակի արձագանքն է։ Ինչպե՞ս են նույն այս ուսանողները վերաբերում «Ազգ-բանակ» կոնցեպտին, 1000 դրամների «հարկային» նախաձեռնությանը կամ ինչպես էին արձագանքում շուրջ 1,5 տարի առաջ տեղի ունեցած ղարաբաղյան կոնֆլիկտի ապրիլյան էսկալացիային։ Ինչպե՞ս են տարիներ շարունակ տարվող քաղաքականությունները հանգեցրել երիտասարդության շրջանում ռազմականացման գաղափարախոսության ընդունմանը։ Այս հարցերին կփորձենք մոտենալ իշխող քաղաքական ուժերի կողմից «ազգային միասնության» գաղափարի ու շահարկման և չարաշահման անկյան տակ։ Այս նպատակով կքննարկենք նախ «միասնությունը»՝ որպես գաղափարաբանությունների հատկանիշ և ինքնին դիսկուրսիվ պատում։ Կխոսենք «ազգային միասնության» պատմական ավանդույթի և նորագույն քաղաքական կյանքում դրա գործածումների մասին։ Վերջապես կանդրադառնանք «միասնության» պարադոքսներին և դրա վերանայման հնարավորությանը (Աննա Ժամակոչյան)։
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ ավանդական չափումները և Թուրքիայի գործոնը. Այս զեկույցում անդրադարձ կարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու ընկալումը խոչընդոտող հայեցակերպերի վրա, որոնցից են հակամարտության կարգավորման գործընթացում տեղական, տարածաշրջանային և միջազգային խաղացողների դերը, ինչպես նաև այս հակամարտության ունեցած դերը այս նույն դերակատարների առավել ընդգրկուն օրակարգերում (Ժիրայր Լիպարիտյան):

  • Քաղաքացիական հասարակություն և խաղաղաշինություն. առասպել և իրականություն  . «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությունների օրինակով կփորձի վեր հանել հակամարտություններում ներգրավված տարածաշրջաններում քաղաքացիական հասարակության՝ խաղաղաշինական նախաձեռնությունների հնարավորություններն ու սահմանափակումները։ Ինտերակտիվ քննարկման միջոցով մասնակիցները կփորձեն գտնել պատասխաններ հետևալ հարցերին ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում գոյություն ունեցող էթնո-քաղաքական կոնֆլիկտների համատեքստում ի՞նչ ենք հասկանում խաղաղաշինություն բառի ներքո։ Ո՞րն է տարածաշրջանում գոյություն ունեցող էթնո-քաղաքական կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերը։ Ո՞ր խնդիրների լուծմանն են ուղղված քաղաքացիական հասարակության խաղաղաշինական նախաձեռնությունները (Էդգար Խաչատրյան)։