Եվրոպա և Հարավային Կովկաս / Europe and South Caucasus

Հարավային Կովկասում ԵՄ-ի նկատմամբ ընկալումը զգալիորեն փոխվեց 2008 թվականի ամռանից հետո, երբ ԵՄ խորհրդի նախագահ Նիկոլայ Սարկոզին հանդես եկավ միջնորդի դերով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հրադադարի համաձայնագրի կայացման համար։ Ի դեմս ԵՄ-ի՝ տարածաշրջանում հայտնվեց Ռուսաստանին և ԱՄՆ-ին հավասար նոր դերակատար, որը ֆիզիկապես տեսանելի է իր Մշտադիտարկման Առաքելության (ԵՄՄԱ միջոցով։ Տարածաշրջանում Բրյուսելի ընդլայնված ներգրավվածությունն, ընդհանուր առմամբ, դրականորեն է ընկալվում ոչ միայն Վրաստանում, այլ նաև Հայաստանում և Ադրբեջանում։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Հարավային Կովկասին ուղղված ԵՄ համընդհանուր ռազմավարությունը դեռևս նոր պետք է մշակվի։

Կայուն ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ուղղված աջակցությունն այս երկրներում համագործակցության հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկ անվտանգությունը և կայուն տնտեսական զարգացումը թե՛ տարածաշրջանի ներսում, և թե՛ տարածաշրջանի և ԵՄ-ի միջև։ Որպեսզի երկրները լինեն իրապես ժողովրդավարական և հնարավորինս սերտորեն համագործակցեն թե՛միմյանց, և թե՛հարևան եվրոպական երկրների հետ, անհրաժեշտ է, որպեսզի փորձագետները և որոշում կայացնողները ավելի մեծացնեն համագործակցության իրենց ջանքերը՝ ռազմավարություններ և շոշափելի քաղաքական լուծումներ մշակելու ուղղությամբ։

Մոտակա տարիները վճռորոշ կլինեն այն առումով, թե արդյոք երկրներն առանձին-առանձին, կամ տարածաշրջանն ամբողջությամբ, իրենց արտաքին քաղաքականության համար որպես առաջնահերթություն կընտրեն ԵՄ-ին միանալը ։ Այդ պատճառով Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը նպատակ ունի տեղեկացնել և համախմբել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դերակատարներին (actors)՝ իրենց երկրների արտաքին քաղաքականության՝ դեպի Եվրոպա ուղղված տարբերակների և Եվրամիության դավանած արժեքների շուրջ ակտիվ բանավեճեր անցկացնելու համար։

Դրան զուգահեռ մենք նաև մեր ներդրումն ունենք Եվրամիության մայրաքաղաքներում անցկացվող քննարկումներին՝ հրավիրելով միջազգային փորձագետների և քաղաքականություն իրականացնողների, ներկայացնելով տարածաշրջանի տեսակետները և առաջ բերելով գաղափարներ՝ Հարավային Կովկասին ուղղված ապագա եվրաքաղաքականության համար։