Հակամարտությունների փոխակերպում / Conflict Transformation

Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ չթուլացող, «սառեցված» զինված հակամարտությունները խոչընդոտում են տնտեսական և հանրային կայուն առաջընթացին, ինչպես նաև ազատ ժողովրդավարական քաղաքացիական հասարակության հաստատմանը Հարավային Կովկասում։

Հակամարտություններում ներգրավված հասարակություններում Հայնրիխ Բյոլ հիմնադրամը (ՀԲՀ) խրախուսում է հանրային քննարկումներ՝ հակամարտությունների պատճառների, յուրաքանչյուր կողմի սեփական դերի և պատասխանատվության, ինչպես նաև խաղաղ լուծումների վերաբերյալ։ ՀԲՀ-ի նպատակն է հակամարտող կողմերի միջև քաղաքացիական հասարակության մակարդակում շարունակական շփումների հաստատումը և ընդլայնումը՝ միմյանցից անջատումը և առանձնացումը հաղթահարելու համար։ Այն տարածաշրջանային համագործակցության լոբինգ է իրականացնում՝ սոցիալական ժողովրդավարացման և մոդերնիզացման համատեքստում։ Այս համատեքստում այն աջակցում է հետևյալ միջոցառումների անցկացմանը՝

  • Քննարկում-ֆորումներ՝ որոշում կայացնողների և հանրային կարծիք ձևավորողների, փախստականների և միջազգային զարգացման կազմապերպությունների, ինչպես նաև ակադեմիայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է մեծացնել փոխզիջումային լուծումների նկատմամբ սոցիալական պահանջը և առավել թափանցիկ դարձնել հակամարտություններին վերաբերող քաղաքական որոշումների կայացման գործընթացները։
  • Թեմատիկ երկխոսություններ հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների միջև. այս հանրային և մասնավոր հանդիպումների նպատակը հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ տեսանկյունների փոխանակումն է միմյանց հետ, ինչպես նաև շարունակական շփումների ապահովումը, որն էլ իր հերթին կնպաստի տեղեկատվության փոխանակմանը՝ բանակցությունների պաշտոնական մակարդակից ներքև գտնվող օղակներում։ Հանդիպումներից հետո արդյունքները հիմնականում հրապարակվում են՝ փաստագրման նպատակով:
  • Ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հեռարձակումներ, թերթեր և ինտերնետային ֆորումներ, որոնք տեղեկատվական շրջափակման միջով ներս են թափանցում և հասանելի դառնում հակամարտության պատճառով միմյանցից մեկուսացած հասարակությունների համար։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս հասարակություններին ծանոթանալ «մյուս կողմի» տեսանկյուններին ու մոտեցումներին և ընկալել դրանք։
  • Հրապարակումներ, որոնք խրախուսում են գիտական և գրականական փոխանակումները հարավկովկասյան հասարակությունների և նրանց հարևանների միջև, ինչպես նաև քննադատաբար անդրադառնում այնպիսի հարցերի, ինչպիսիք են «վախեցնող ուրվականի» կերպարները և կարծրատիպերը։

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը գլխավորապես աջակցում է այն ծրագրերին, որոնք հակամարտության ուղղությամբ տարվող երկկողմանի աշխատանքներին անդրադառնում են տարածաշրջանային և միջազգային տեսանկյունից։ Այս նպատակով Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի ստամբուլյան և մոսկովյան գրասենյակների հետ։ Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերները և փորձագետները ներգրավված են երկխոսությունների և եռախոսությունների գործընթացներում, որոնց ընթացքում քննարկվում է այս երկրների դերակատարումը Հարավային Կովկասում և հաստատվում են ուղիղ կապեր գիտնականների և հասարակական կազմապերպությունների միջև։ Բացի այդ, Հիմնադրամը համագործակցում է կովկասյան ՀԿ-ների տարածաշրջանային դաշինքների հետ, որոնք ներգրավված են հակամարտության փոխակերպման գործընթացին։