Մասնակցության հրավեր՝ «Կանաչ ակադեմիա 2018»-ին, Հայաստան

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը հրավիրում է Հայաստանում մասնակցելու «Կանաչ ակադեմիա – 2018»-ին։ 2018-ի Ակադեմիան տեղի կունենա սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին և նախատեսում է երեք ուսումնական մոդուլ՝ «Անդրադարձ կանաչ արժեքներին», «Գենդերը և փոփոխությունը», «Խաղաղարար վերափոխում»։ Յուրաքանչյուր դասընթաց կներառի թե՛ տեսական, թե՛ պրակտիկ բաղադրիչներ։

Reading time: 2 minutes

Կանաչ դիսկուրսը Հայաստանում լուսանցքային և երկրորդական է համարվում, սակայն դրան առնչվող խնդիրները կենտրոնական տեղ են զբաղեցնում երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքի համատեքստում։ Հայաստանի «Կանաչ ակադեմիան» կքննարկի «կանաչ քաղաքականության» առավել ընդգրկուն քաղաքական ու տնտեսական դիսկուրսներ և բանավեճ կծավալի այն մասին, թե այդ դիսկուրսները ինչպես կարող են գոյություն ունենալ հայաստանյան իրականությունում՝ խթանելով տեղական բազմազանությունը, ինքնավարությունը, կայուն տնտեսությունը, խաղաղությունը և տեղական ինքնաբավ տնտեսավարումը։

Ակադեմիայի նպատակն է գիտելիք փոխանցել մասնակիցներին, իրազեկել նրանց և հարթակ բացել նրանց համար՝ առաջին հերթին ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, երիտասարդ քաղաքական գործիչների և հանրային դեմքերի համար՝ կանաչ և գենդերային ժողովրդավարական տեսանկյունից քննարկելու Հայաստանի տնտեսական ու սոցիալական մարտահրավերները։

Մասնակցության չափանիշերը.

Դիմել կարող են 1991-2000թթ. ծնված ՀՀ բնակիչները, որոնք մշտապես բնակվում են տարածաշրջանում։ Անգլերենի լավ իմացությունը ցանկալի է։ Խրախուսվում են քաղաքացիական շարժումներով հետաքրքված և դրանցում ակտիվորեն ներգրավված ուսանողների, երիտասարդ ակտիվիստների, լրագրողների, հետազոտողների և քաղաքական գործիչների մասնակցության հայտերը։ Պարտադիր չէ, որ դիմողը ներկայացնի որևէ կառույց։

Դիմողները պետք է լրացնեն դիմումաձևը և ուղարկեն olya.azatyan@am.boell.org և info@ge.boell.org հասցեներով։

Դիմելու վերջնաժամկետն է 2018թ. հուլիսի 31-ը, ժամը 20։00։

Նախնական փուլն անցած դիմողները հարցազրույցի կհրավիրվեն մինչև 2018թ. օգոստոսի 10-ը։