Այս տարի, արդեն երկրորդ անգամ, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվեց և իրականացվեց Կանաչ Ակադեմիա 2018 ծրագիրը: Ակադեմիան նպատակ ունի խթանել Հայաստանում քաղաքականության, սոցիալական կյանքի, տնտեսության և շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ քննարկումները Կանաչ քաղաքականության արժեքների և գաղափարների լույսի ներքո:
Քաղաքականի փորձԱՌՈՒՄԸ որպես 2018-ի կոնցեպտ
Հայաստանի թավշյա հեղափոխությունը մեկ անգամ ևս փաստեց, որ քաղաքականությունը կեցության նոր կերպերի հայտնագործման միջոց է, որ այն ոչ միայն աշխարհագործման, արարման, նորի հիմնադրման ու կենսագործման գործիք է, այլև իր շրջանը երբեք չփակող մի բաց տիրույթ, որից ներս գույների ողջ ներկապնակով դրսևորվում են մարդու՝ մարդ լինելու հատկանիշները: Այս փորձառությունը նաև ցույց տվեց, որ քաղաքականի գոյության նախապայմանը ազատության գոյությունն է, ինչպես նաև մարդու՝ հնարավորությունների շտեմարան լինելու հանգամանքը, քանզի մարդկային ազատության ու հավասարության բացակայությունը անհնարին կդարձնեին մարդկային գործունեությունը՝ ձեռնարկելու, որոշում կայացնելու, առհասարակ՝ հարաբերվելու նրա կարողությունը: Հեղափոխությունը նաև ցույց տվեց, որ քաղաքականի մասին ոչ միայն հարկ է խոսել «ի՞նչ է քաղաքականությունը» եզակի թվով դրված հարցով (ինչպես դա արվել է ավանդաբար՝ քաղականը նույնացնելով մե՛կ կառավարման արվեստի, մե՛կ հանրային (այլ ոչ՝ մասնավոր) գործերի, մե՛կ փոխզիջումների ու փոխհամաձայնության գործելակերպի, մե՛կ հանուն իշխանության մղվող պայքարի հետ), այլ հոգնակիով`«ինչպիսի՞ քաղաքականնություններով» է կարելի բաց պահել մարդու լինելիության հնարավորությունը, նպաստել նրան, որ մարդը միշտ ու անարգել ստանձնի ու իրացնի իր գոյությունը գոյության նոր հնարավորությունների վերածելու հանձնառությունը:
Քաղաքական մտքի այս քաղաքականությամբ ոչ միայն կարելի է վերամիաստավորել քաղաքականն ու ներկայացնել այն դրական լույսի ներքո (հակառակ ընդունված բացասական՝ քաղաքականությունը կեղտոտ ոլորտ համարելու արմատացած պատկերացմանը), այլև քաղաքականը նույնացնել փոփոխության շարժառը լինելու հետ: Եթե կա հանրային նշանակության որևէ խնդիր ու անհամաձայնություն այդ խնդրի շուրջ, եթե ծագել են հավաքական որոշումներ կայացնելու դժվարություններ կամ մտավախություն առ այն, որ խարխլվել են արդարության հիմքերը, եթե դրվել է «ո՞վ, ի՞նչ ու ինչպե՞ս պետք է մասնակցի», «ո՞վ, ի՞նչ ու ինչպե՞ս կշահի» և/կամ «ո՞վ, ո՞ւմ ու ինչպե՞ս է ենթարկում ճնշումների» ու նմանատիպ այլ հարցեր, ապա, ինչ խոսք, մենք գործ ունենք քաղաքականության հետ, ինչպես նաև քաղաքականի փորձ-առման հետ, այն է՝ այդ փորձի առման՝ նշանակության, դրա նվաճման և վերջապես այն փորձառելու հետ:
Հարցերի հենց այսպիսի՝ քաղաքականի փորձ-առում ենթադրող խումբ է ընտրվել Հայաստանի Կանաչ ակադեմիայի երկրորդ հավաքի համար, հարցեր, որոնք ոչ միայն կանաչական դիսկուրսի[1] թեմատիկ հիմնասյուներից են ՝ բնապահպանություն, գենդերային դեմոկրատիա, հակամարտությունների կարգավորում, այլև արդիական և հրատապ խնդիրներ են հայ հասարակության համար: Հույս ունենք, որ խնդրո առարկա հարցերի քննությունը ոչ միայն կհարստացնի Ակադեմիայի մասնակիցների ներհայեցողական կյանքը (vita contemplativa (լատ.)), այլև կնպաստի նրանց գործուն կյանքին (vita activa (լատ.)), այն է՝ խթան կդառնա, որ մասնակիցները ստանձնեն իրենց բաժին իրազեկ պատասխանատվությունը զետեղված խնդիրների լուծման հարցում:
«Քաղակականի փորձԱռումը» կրող խորագրով Ակադեմիայի այս տարվա քննարկումներն իրականացվեցին երեք թեմատիկ ուղղություններով՝
-
Կանաչ փոխակերպում. սեպտեմբերի 28-29
- Ինչպե՞ս ենք մենք ներազդում մեր մոլորակի վրա:
- Մարդու հատկապես ո՞ր գործունեությունն է պատասխանատու նման ազդեցության համար:
- Արդյո՞ք նման ազդեցություները կխաթարեն մարդու առողջությունը և ապագա սերունդների` հավասարապես բարգավաճելու կարողությունը:
Այս բաժնում քննարկվել են Հայաստանի բնական միջավայրի վրա ներկայիս ճնշումներն ու դեգրադացիայի կանխարգելման և վերականգնման խթանման հնարավոր ուղիները, անդրադարձ է եղել նեոլիբերալ հեգեմոնիայի ճգնաժամի դրսևորումներին աշխարհում և Հայաստանում, ինչպես նաև դրա հանգուցալուծման հեռանկարներին։
-
Խաղաղության փոխակերպում. հոկտեմբերի 13-14
Բաժինը նվիրված է պատերազմի և խաղաղության միջազգայնագիտական տեսությունների քննությանը: Համառոտ, բայց համկողմանի պատկեր ստեղծելու նկատառմամբ՝ դասախոսությունները ուրվագրել են պատերազմի և խաղաղության իրապաշտական (ռեալիզմ), նորիրապաշտական (նեոռեալիզմ), նորդասական, գերիշխանական, ազատական (լիբերալ), ժողովրդավարական, տնտեսական, կերտվածապաշտական (կոնստրուկտիվիզմ) տեսությունների հիմնական դրույթները՝ անդրադառնալով նաև ոլորտում կիրառվող եզրաբանությանը, պատերազմի ծագման և խաղաղության հաստատման՝ տեսություններից յուրաքանչյուրի առաջարկած պատճառներին և նրան, թե ո՛ր պայմանում ինչպիսի ելք կարելի է ակնկալել: Դասախոսությունը եզրափակվել է պատերազմի բնույթի մերօրյա՝ միջպետական պատերազմից քաղաքացիական և ահաբեկչական պատերազմի անցմամբ դրսևորվող փոփոխությունների վերլուծությամբ:
-
Գենդերային հոլովումներ: նոյեմբերի 17-18
- Ֆեմինիստական տեսությունները հիմնականում ի հայտ եկան որպես բողոք՝ մեյնսթրիմ սոցիալական գիտություններում գենդերային հիմնախնդիրների անտեսման դեմ: Ֆեմինիստական տարբեր տեսություններ տարբեր կերպով են անդրադառնում գենդերային անհավասարությանը և կնոջ ցածր սոցիալական կարգավիճակին:
- Ինչպե՞ս է սահմանվում սեռականությունը կոնրետ սոցիալ-պատմական ժամանակաշրջանում և ուսումնասիրվող նյութի համատեքստում հետազոտական հարցը 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ գեղարվեստական-հրապարակախոսական գրականության առումով ներկայանում է ուրույն անկյան տակ՝ հանգելով ի՞նչ է կամ ո՞րն է հայ կնոջ խնդիրն ու նրա ազատագրության հրամայականը հարցերի ուսումնասիրությանը։
Որպես մասնակիցներ ընտրվել էին թվով տասնհինգ երիտասարդ ակտիվիստներ և ուսանողներ հիմնականում հասարակագիտական և հումանիտար մասնագիտությունների գծով, ովքեր հնարավորություն ստացան լսել ոլորտի լավագույն մասնագետների և փորձագետների կողմից առաջարկվող դասախոսություններն ու պրեզենտացաները և մասնակցել քննարկումներին:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցների պատասխանները մեր առաջարկած չորս հարցերին ստորև
Հարց 1
Ի՞նչ հիմնական բացահայտում եք ունեցել դասընթացից` հետաքրքիր կամ քննադատական նոր գաղափար, նոր միտք, նոր տերմին, բառ, ձևակերպում։ Իսկ ի՞նչն է հատկապես տպավորվել
- Ես հասկացա, որ «կանաչ արժեքները» շատ ավելին են, քան զուտ բնության պահպանությունը
- Միտք առաջացավ մարզերում զարգացնել էկո-կրթությունը, որպեսզի մարզերում մարդիկ ավելի լավ կարողանան գնահատել և օգտագործել սեփական ռեսուրսները
- Գենդերին վերաբերող մասը շատ հետաքրքիր էր, քանի որ նախկինում երբեք հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու գենդերային հարցերի շուրջ քննարկումների
- Գլոբալ տաքացումը միակ բնապահպանական խնդիրն էր, որ ինձ մտահոգում էր, սակայն Ակադեմիայի ընթացքում բարձրացված հարցերը, օրինակները, բնապահպանական և այլ քաղաքականությունների մասին քննարկումները օգնեցին ինձ ավելի լավ հասկանալ բնապահպանական մարտահրավերները
- Ես սկսեցի մտածել Հայաստանում էկո-տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին
- Արևելյան սեռականությունը
- Ինձ համար նոր բացահայտում էր ֆեմինիզմը, գենդերային անհավասարությունը և կանանց մասնագիտական զարգացման խոչընդոտները
- Ուրախալի և զարմանալի էր տեսնել այսպիսի բազմազան և ակտիվ մասնակիցների, ոչ այն նույն ակտիվ մարդկանց, որոնց տարբեր միջոցառումներին սովորաբար հանդիպում ես
- Ես փոխեցի կարծիքս այն մասին, որ հանքարդյունաբերությունը նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հիմա կարծում էմ, որ այն ավելի շատ վնաս է բերում, քան տնտեսական օգուտ
Հարց 2
Քննարկված թեմաներից ո՞րն է վերաբերել ձեր կյանքին ու անհատական փորձառությանը, մի բան, որ նկատել կամ զգացել էիք, բայց չէիք փորձել/ կարողացել բառի վերածել, իսկ դասընթացն այն անվանեց ու ձևակերպեց։
- Ես որոշեցի ավելի խորը ուսումնասիրել էներգախնայողության թեման, և ուրախ եմ, որ առիթ ունեցա հանդիպելու այդ ոլորտում փորձագետ Աստղինե Պասոյանին
- Անցած տարի Ակադեմիային մասնակցելու հետո ես որոշեցի իմ մագիստրոսական թեզի թեման, այս տարի այն ավելի կոնկրետացվեց
- Այժմ ես ավելի շատ քննադատական մտածողություն ունեմ. նախկինում, օրինակ, երբեք քննադատորեն չեմ վերաբերվել Հայաստանում միլիտարիզացիայի հարցերին, սակայն հիմա քննադատում եմ
- Նախքան Ակադեմիային մասնակցելը էկո–հարցերն ինձ մոտ կենցաղային մակարդակում էին, այժմ ես ունեմ ավելի զարգացած, համակարգված և լայն մոտեցում այդ հարցերի շուրջ և հաճախ եմ մտածում, թե ինչ ենք թողնելու մեզանից հետո
- Ես ինձ հիմա ավելի ազատագրված եմ զգում՝ նույնիսկ ապրելով պահպանողական ընտանիքում
- Իմ սխալ պատկերացումները ֆեմինիզմի և գենդերային հարցերի մասին վերացան: Այժմ ես, որտեղ հնարավոր է, փորձելու եմ ավելի շատ հանդուրժողականություն խրախուսել
- Այժմ ես հստակ որոշեցի ընտրել այն, ինչ ուզում էի (քրեական իրավունք) և ինչը նախկինում կասկածում էի, քանի որ դա համարվում էր «տղամարդու մասնագիտություն
- Ինձ միշտ համարել էլ սովորական սպառող, այժմ, սակայն, իրեր գնելիս մտածում եմ, արդյոք դրա կարիքը իսկապես ունեմ, օր. 3րդ զույգ կոշիկի?!
- Այժմ ես ավելի բաց եմ նոր գաղափարների հանդեպ;
- Հիմա հաճախ մտածում եմ, թե ինչպես է մարկետինգը ազդում մեր վարքագծի վրա, դրդելով ավելի շատ սպառողականության:
Հարց 3
Եղե՞լ է մի բան, որ առաջ չէիք նկատում, բայց դասընթացից հետո պարզեցիք, որ միշտ ապրել/ եղել է ձեր կողքին։
- Ֆեմինիզմի մասին լսելը բացատրություն էր իմ այն զգացմունքների և գիտակցության, որ ես միայն կին և մայր չեմ, այլ մարդ, որը կարող է և չցանկանալ կառուցել իր կյանքը միայն այս երկու նորմերի վրա
- Ես բացահայտեցի, որ իմ մեջ ես ֆեմինիստ եմ
- Ինքս կին լինելով, կարծես թերագնահատում էի կնոջ պոտենցիալը և կարևորությունը Այժմ փոխել եմ իմ կարծիքը և գտնում եմ, որ կինը իր գիտելիքներով և կարողություններով ևս կարող է լինել առաջնորդ, քաղաքական գործիչ, ակտիվիստ ոչ պակաս տղամարդուց
Հարց 4
Ի՞նչ նոր որոշումներ եք կայացրել դասընթացից հետո: Ինչո՞ւ: Վարքագծի ու մտածելակերպի ի՞նչ փոփոխություններ է դասընթացը բերել ձեր կյանք:
- Բարձրաձայնելու և պայքարելու եմ կանանց իրավունքների և խնդիրների մասին, քաջալերելու եմ նրանց չվախենալ ընտրելու իրենց ուղին և ջարդել կանանց ընդունված դերի մասին կարծրատիպերը
- Որոշել եմ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և ակտիվիստական շարժումներին, մոտ ապագայում՝ որպես դիտորդ մասնակցելու եմ պառլամենտական ընտրություններին
- Ավելի ակտիվ եմ ներգրավվելու այն խնդիրների, հարցերի մեջ, որոնք իմ կարծիքով պետք է (բարե)փոխվեն
- Այժմ ավելի համարձակ եմ ստանալու և տարածելու նոր գաղափարներ
- Չլինել անտարբեր սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլ խնդիրների և վտանգների հանդեպ և սեփական հնարավորությունների սահմանում նպաստել դրանց դրական լուծմանը
- Այժմ ես ավելի ակտիվորեն եմ մասնակցելու բնապահպանական շարժումներին, քան թե դրանց ՖԲ կամ հեռուստացույցով պասիվ հետևելը
- ‘Կանաչ կոնցեպտը’ առաջ է գնում. այս ուղղությամբ ես պլանավորում էի որոշ նախագծեր, որոնք հիմա, կարծում եմ, կարելի է նաև իրականացնել Հայաստանում
Կանաչ ակադեմիայի ամբողջ ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
[1] Այստեղ «կանաչը» պետք է հասկանալ բառի ոչ թե նեղ, այլ լայն՝ վերջին հարուրամայկի ընթացքում ընդլայնված ու խորացված իմաստով: «Կանաչական» քաղաքականությունը, որը սովորաբար նույնացնում են բնապահպանական խնդիրների հետ, այսօր կապվում է կայուն զարգմացման հետ, որտեղ «կայունը» ոչ միայն վերաբերում է մարդ և բնություն, մարդ և մոլորակ փոխհարաբերություններին, այլև նրան, թե որքանո՛վ են ներդաշնակ մարդ-մարդ, մարդ-հասարակություն, մարդ և քաղաքական հաստատություններ, մարդ և մշակութային նորմեր փոխառընչությունները: