Հակամարտությունների փոխակերպում

Հարավային Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ չթուլացող «սառը» զինված հակամարտությունները խոչընդոտում են Հարավային Կովկասում տնտեսական և սոցիալական կայուն առաջընթացը, ինչպես նաև ազատ ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացումը։

Հակամարտություններում ներգրավված հասարակություններում Հայնրիխ Բյոլ հիմնադրամը (ՀԲՀ) խրախուսում է հանրային քննարկումները՝ հակամարտությունների պատճառների, յուրաքանչյուր կողմի սեփական դերի և պատասխանատվության, ինչպես նաև խաղաղ լուծումների վերաբերյալ։ ՀԲՀ-ն նվիրված է հակամարտող կողմերի միջև քաղաքացիական հասարակության մակարդակում շարունակական փոխանակումների  և շփումների հաստատմանը և ընդլայնմանը՝ երկկողմանի անջրպետն ու օտարումը հաղթահարելու համար։ Այն տարածաշրջանային համագործակցության լոբբինգ է իրականացնում՝ սոցիալական ժողովրդավարացման և մոդերնիզացման համատեքստում։ Այս համատեքստում այն աջակցում է հետևյալ միջոցառումների անցկացմանը՝

• Քննարկում-ֆորումներ՝ որոշում կայացնողների և հանրային կարծիք ձևավորողների, փախստականների և ներքին տեղահանված անձանց կազմակերպությունների, ինչպես նաև գիտնականների հետ։ Նպատակն է մեծացնել փոխզիջումային լուծումների նկատմամբ սոցիալական պահանջը և առավել թափանցիկ դարձնել հակամարտություններին վերաբերող քաղաքական որոշումների կայացման գործընթացները։     

• Թեմատիկ երկխոսություններ հակամարտությունում ներգրավված հասարակությունների միջև. այս հանրային և մասնավոր հանդիպումների նպատակը հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ տեսանկյունների փոխանակումն է միմյանց հետ, ինչպես նաև մնայուն կապերի ստեղծումը, որն էլ իր հերթին կապահովի տեղեկատվության փոխանակում՝ բանակցությունների պաշտոնական մակարդակից ներքև գտնվող օղակներում։ Հանդիպումներից հետո արդյունքները մեծամասամբ հրապարակվում են որպես փաստագրություն։

• Ֆիլմեր, ռադիո և հեռուստատեսային հեռարձակումներ, թերթեր և ինտերնետային ֆորումներ, որ ճեղքում են տեղեկատվական շրջափակումը և հասանելի դառնում հակամարտության պատճառով միմյանցից օտարված հասարակություններին։ Այս ծրագրերը հնարավորություն են տալիս հասարակություններին ծանոթանալ և ընկալել «մյուս կողմի» տեսանկյուններն ու վերաբերմունքը։

• Հրապարակումներ, որոնք խրախուսում են գիտական, ինչպես նաև գրական փոխանակումները հարավկովկասյան հասարակությունների և նրանց հարևանների միջև, ու քննախույզ աչքով են նայում այնպիսի հարցերի, ինչպիսիք են «բոբոյի» կերպարներն ու կարծրատիպերը։    

Հայնրիխ Բյոլ հիմնադրամն առանձնակի ուշադրություն է դարձնում այն ծրագրերին, որոնք հակամարտության ուղղությամբ տարվող երկկողմ աշխատանքը դիտարկում են տարածաշրջանային և միջազգային հեռանկարում։ Այս նպատակով Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի ստամբուլյան և մոսկովյան գրասենյակների հետ։ Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերները և այլ փորձագետներ ներգրավված են երկխոսությունների և եռախոսությունների գործընթացներում, որոնց ընթացքում քննարկվում է այս երկրների դերը Հարավային Կովկասում, և ուղիղ կապեր են հաստատվում գիտնականների և հասարակական կազմակերպությունների (ՀԿ) միջև։ Ավելին, Հիմնադրամը համագործակցում է ՀԿ-ների կովկասյան կոալիցիաների հետ, որոնք ակտիվորեն ներգրավված են հակամարտության վերափոխման գործընթացում։