Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի երևանյան գրասենյակը հունիսի 30֊ին՝ ժամը 17:00֊ին հրավիրում է առցանց հանրային քննարկման․ Պետության սխալները Covid 19-ի կանխարգելման գործում և դրա շուրջ առկա դավադրաբանությունները
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի իր թույլ տված սխալները ոչ միայն հանրային քաղաքականության որևէ առանձին ոլորտում (ինչպիսին է առողջապահական համակարգը), այլև հենց պետության և դրա սոցիալ-տնտեսական կայունության համակարգում: Հայաստանում կորոնավիրուսային համաճարակն ուղեկցվում է ինֆոդեմիայով՝ դավադրական տեսությունների զանգվածային տարածմամբ, որոնց հիմնական նպատակն է՝ դիվականացնել գործող կառավարության ու հասարակական կազմակերպությունների ներկա գործունեությունը: Հետևաբար պետության կանխարգելիչ ռազմավարության մեջ թույլ տրված սխալները նվազեցնելու նպատակով՝ կարևոր է վերլուծել պետության թերացումների և տարբեր սոցիալական հարթակներից հնչող մանիպուլյատիվ տեքստերի միջև փոխհարաբերությունը:
Հանդիպմանը կքննարկենք հետևյալ հարցերը՝
Ի՞նչ դեր ունի պետությունը Հայաստանում Covid 19-ի կանխարգելման գործում;
Որո՞նք են համավարակի ընթացքում պետական կառավարման և առողջապահական համակարգերի հիմնական ձախողումները;
Ինչպե՞ս են դավադրաբանություններն ազդում Հայաստանում Covid 19-ի շուրջ իրավիճակի լուսաբանման վրա և ինչպե՞ս են դրանք ազդում իշխող կառավարության վարկանիշի վրա։
Հանդիպման բանախոսներն են՝
Հրանտ Միքայելյանը – Քաղաքագետ, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող;
Դավիթ Դադալյանը - Հոգեբուժական հաստատությունների հասարակական դիտորդական խմբի քարտուղար;
Տիգրան Ամիրյանը - Գրաքննադատ, "Cultural & Social Narratives Laboratory" հկ-ի հիմնադիր։
Միջոցառումը կազմակերպվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի՝ Boell Talks ձևաչափի շրջանակում, որի նպատակն է՝ հասարակական քննարկումներ իրականացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և որոշում կայացնողների միջև` Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար այժմեական թեմաների շուրջ։
Միջոցառումը կընթանա հայերեն լեզվով։