Շրջակա միջավայր և գաղութատիրություն. ի՞նչն էր «Կանաչ լաբորատորիա 2023»-ի առանցքում

2023 թ.-ի հուլիսի 13-ից հուլիսի 16-ը տեղի ունեցավ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի բնապահպանական ամառային դպրոցը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ։

Reading time: 3 minutes
Green Lab 2023

2023 թ.-ի հուլիսի 13-ից հուլիսի 16-ը տեղի ունեցավ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի բնապահպանական ամառային դպրոցը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ։ «Կանաչ լաբորատորիա»-ի (այսուհետ՝ նաև Կանաչ լաբ)նպատակն է խթանել Հայաստանում քաղաքականության, սոցիալական կյանքի, տնտեսության և շրջակա միջավայրի հիմնահարցերի շուրջ քննարկումները կանաչ քաղաքական արժեքների և մտահղացումների շրջանակում և բարձրացնել իրազեկությունը դրանց վերաբերյալ։ Առաջին Կանաչ ակադեմիաները տեղի էին ունեցել 2017 և 2018 թթ.-ին, իսկ 2019-ին «Կանաչ ակադեմիա»-ն վերանվանվել էր՝ դառնալով «Կանաչ լաբորատորիա» և անցկացվել Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակոբեան կենտրոնի հետ համատեղ՝ «Երիտասարդները՝ կանաչ օրակարգի առաջամարտիկներ» խորագրով, որի ընթացքում մեծ ուշադրություն էր դարձվում մարզերի երիտասարդների մասնակցությանը։

Այս տարվա Լաբը կենտրոնացավ շրջակա միջավայրի գաղութատիրության վրա՝ հաշվի առնելով դրա արդիականությունը Հայաստանի և Հարավային Կովկասի համար՝ ընդհանուր առմամբ պայմանավորված դրանց բարդ անցյալով, Խորհրային Միության փլուզմամբ և անկախ պետությունների առաջացմամբ։ Փորձելով ձևավորել իրենց քաղաքական և տնտեսական ինքնությունները՝ այս երկրներից շատերը ձգտում էին ներգրավելու օտար ներդրումներ և զարգացնելու իրենց արդյունաբերությունները։ Թեև օտար ներդրումները կարող են տնտեսական առավելություններ տալ երկրին, օրինակ՝ աշխատանքի հնարավորություններ և մեծացող հասանելիություն կապիտալին, տեղի համայնքների համար դրանք կարող են նաև թողնել բազում բացասական հետևանքներ՝ աշխատուժի շահագործում, միգրացիա, շրջակա միջավայրի դեգրադացիա, օգուտների անհավասար բաշխում։ Ըստ այդմ, ամառային դպրոցում քննարկվեցին անցյալի և ներկայի տարբեր գաղութատիրական փորձառություններ և դրանց հետևանքները։ 

Green Lab 1

«Կանաչ լաբորատորիա»-ի խորհդի անդամներ Արփինե Գալֆայանը, Սոնա Բալդրյանը և Էվիյա Հովհաննիսյանը գրում են. «Շրջակա միջավայրի գաղութատիրությունը համեմատաբար հարուստ և հզոր երկրների (այսպես կոչված՝ Գլոբալ Հյուսիսի (Global North)) կամ խոշոր ֆինանսական կորպորացիաների կողմից բնական ռեսուրսների շահագործման և շրջակա միջավայրն աղտոտելու քաղաքականությունն է համեմատաբար ավելի քիչ զարգացած երկրներում (այսպես կոչված՝ Գլոբալ Հարավում (Global South)): Պատմականորեն այս պրակտիկաները սերտորեն կապված են գաղութատիրության, կապիտալիզմի և կայսերատիրության հետ, որտեղ հզոր երկրները շահագործում էին իրենց գաղութների բնական ռեսուրսները հանուն տնտեսական շահի: Այսօր տերմինը հաճախ օգտագործվում է՝ նկարագրելու, թե ինչպես են միջազգային կորպորացիաները և արդյունաբերական տեսանկյունից զարգացած երկրները շահագործում զարգացող երկրների բնական ռեսուրսները և վնաս հասցնում շրջակա միջավայրին ու տեղական համայնքներին»:

«Կանաչ լաբորատորիա» 2023-ի մասնակիցները 13-ն էին՝ թե' Երևանից ու Հայաստանի մարզերից, թե' Թուրքիայից և Վրաստանից։ Օրակարգը հագեցած էր ու բազմազան. բացի դասախոսություններից՝ կային խմբային քննարկումներ, էքսկուրսիաներ և ֆիլմի դիտումներ։ 

Green Lab 2

«Կանաչ լաբ»-ին բանախոսները և թեմաները հետևյալն էին. 

Ողջույնի խոսք - Սոնյա Շիֆերս, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն, Թամար Անթիձե, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի էկոլոգիական ծրագրերի համակարգող

(Պանելային քննարկում, հարցուպատասխան) - Ինչպե՞ս են գաղութատիրական ինստիտուտներն ազդում բնապահպանական քաղաքականության վրա Գլոբալ Հարավում - Արփինե Գալֆայան, հետազոտող, Հայկական բնապահպանական ճակատ / Արթուր Գրիգորյան, իրավաբան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ / Սոնա Բալդրյան, ծրագրերի համակարգող, Հայաստանում կանանց հիմնադրամ

(Ներածական դասախոսություն) - Գաղութատիրության, գլոբալիզացիայի (և դրա քննադատության), գլոբալ կառավարման և պետության վերափոխման մասին․ կյանք և միտք գաղութատիրական խաբկանքից անդին - Նելլի Սարգսյան, մարդաբան, Մարլբորո ազատական արվեստների և միջգիտակարգային հետազոտությունների ինստիտուտ

Դասախոսություն, հարցուպատասխան)–Ինտերսեկցիոնալ բնապահպանություն. պայքարի առարկաները՝ գենդերը, շրջակա միջավայրը/բնությունը, և գաղութատիրությունը Թամար Շիրինյան, մշակութային մարդաբան, պրոֆեսոր, Թենեսիի համալսարան

(Դասախոսություն, հարցուպատասխան) - Հակա(նոր)գաղութատիրական դրսևորումները Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններում և քաղաքացիական այլ կոլեկտիվներում - Աննա Շահնազարյան, հետազոտող, Հայկական բնապահպանական ճակատ

(Պանելային քննարկում, հարցուպատասխան) - Ինչպե՞ս է պետական իշխանությունը ձևավորում ազգային ենթակառուցվածքները և վերափոխում էկոհամակարգերը - Բերիլ Օջաքլը, հետազոտող, Արևելյան Եվրոպայի և միջազգային հետազոտությունների կենտրոն (ZOiS) / Տիգրան Ամիրյան, Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա / Արևիկ Փափազյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Կենտրոնական եվրոպական համալսարան

«Ամուլսար - ԱմուՐսար» ֆիլմի ցուցադրություն և քննարկում ֆիլմի հեղինակի՝ Թեհմինե Ենոքյանիհետ։ Մասնակիցները նաև ուղևորվեցին Ամուլսարի պաշտպանների դիրքեր և Արփա-Սևան ջրանցք։

 

Green Lab 3

Կանաչ լաբի ընթացքում հնարավոր եղավ հասնել դրա հիմնական ենթանպատակներին. երիտասարդ ակտիվիստներին, հետազոտողներին, լրագրողներին և քաղաքականություն մշակողներին տալ ընդհանուր հարթակ՝ քննարկելու, զարգացնելու և խթանելու կայուն և կանաչ քաղաքականությունների սկզբունքները, երիտասարդներին հաղորդել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ տեղական բնապահպանական խնդիրներին կանաչ լուծումներ տալու նպատակով, խթանել երկխոսությունը տարբեր շահառուների միջև և զատորոշել ամենախնդրահարույց ոլորտները՝ ապագայում դրանց վրա աշխատելու համար։