
Ապրիլի 29-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թուրփանջյան» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը և Oral History Matters (OHM)-ը ՀԱՀ Ակեան պատկերասրահում անցկացրին Դավիդ Լեուպօլդի «Մարտնչող հիշողությունների երկիր․ հայեր, քրդեր, թուրքեր» գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀԱՀ Հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դասախոս Հուրիկ Ադդարեանը և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Սոնյա Շիֆերսը։ Շնորհանդեսի ընթացքում գրքի հեղինակ Դավիդ Լեուպօլդը ներկայացրեց գիրքը, ապա տեղի ունեցավ քննարկում մշակութային մարդաբան, արձակագիր Լուսինե Խառատյանի և քաղաքագետ, մտավորական Ջենգիզ Աքթարի մասնակցությամբ։ Քննարկման մոդերատորը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Էվիյա Հովհաննիսյանն էր։
Հուրիկ Ադդարեանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց համահյուրընկալ կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղությունները։ Սոնյա Շիֆերսը նշեց, որ գրքի թարգմանությունը նախաձեռնվել էր դեռևս 5 տարի առաջ, և, ըստ տարբեր կարծիքների, այն նպաստում է հայերենում նոր տերմինաբանության ձևավորմանը։ Նա նաև անդրադարձավ գրքի քաղաքական և պատմական կողմերին ու դրանց արդիականությանը մերօրյա իրադարձությունների համատեքստում․ «Եվ այսօր, դժբախտաբար, դժվար է ասել, թե որն է ավելի մեծ. խաղաղությա՞ն, թե՞ ավելի շատ բռնության հավանականությունը։ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը։ Այնուամենայնիվ, ինչպես Դավիդն է գրում, իրական և կայուն կարգավորումը նաև անցյալի հետ առերեսվելու կարիք ունի, և Թուրքիան հիմա պակաս պատրաստ է դրան, քան մի քանի տարի առաջ։ Ինձ ամենաշատը տպավորած կողմերից մեկը Դավիդի դիտարկումն է առ այն, թե ինչպես զոհերը կարող են դառնալ բռնարարներ»։
Էվիյա Հովհաննիսյանը, որը նաև գրքի համախմբագիրն է, անդրադարձավ գրքի գլխավոր առանձնահատկություններին։ Նա ընդգծեց հայերեն թարգմանության նշանակությունը՝ ասելով, որ այն գրքի հետ անմիջապես առնչվելու նոր հնարավորություններ է բացում հայ ընթերցողի համար, գրքի, որն արդեն շոշափելի միջազգային ճանաչում է ձեռք բերել, այդ թվում՝ Կենտրոնական Եվրասիայի ուսումնասիրությունների ընկերության 2021 թ․-ի գրքի մրցանակը։ Նրա խոսքով՝ գիրքը առանցքային դեր է խաղում հավաքական հիշողության, վիճարկվող աշխարհագրությունների, էթնո-ազգային, ինչպես նաև էթնո-կրոնական ինքնությունների վերագնահատման գործում, հատկապես այն տարածաշրջաններում, որոնք բնութագրվում են տեղահանության, բռնության և համակեցության պատմություններով։
Այս նկատառումներից հետո Դավիդ Լեուպօլդը, Ջենգիզ Աքթարը և Լուսինե Խառատյանը խորը քննարկում սկսեցին։ Դավիդ Լեուպօլդը նախ ընդգծեց հայերեն թարգմանության նշանակությունը՝ գիրքը հայ ընթերցողին հասանելի դարձնելը նկարագրելով որպես իր ակադեմիական և անձնական երազանք։ Այնուհետև նա ուրվագծեց գրքի կենտրոնական թեմաները և կառուցվածքը՝ բացատրելով, որ այն կենտրոնանում է Արևմտյան Հայաստանի, Հյուսիսայի Քրդստանի և Արևելյան Թուրքիայի հավաքական հիշողության և վիճարկվող աշխարհագրությունների վրա։ Այս թեմաները վեր հանելու համար Լեուպօլդը կատարել է մեկ տարի տևողությամբ ուսումնասիրություն՝ ներառյալ 100 հարցազրույց։ Նրա հետազոտությունը ամրապնդվել է արխիվային նյութերի ուսումնասիրությամբ և դպրոցական դասագրքերի դիսկուրս վերլուծությամբ՝ նպատակ ունենալով քննելու պաշտոնական պետական պատմույթների և բանավոր պատմությունների փոխհարաբերություններն ու լարումները։ Նա նկատեց, որ Արևմտյան Հայաստանի և Հյուսիսային Քրդստանի երևակայական աշխարհագրությունները հատվում են, հատկապես Վանա լճի շրջանում, որն էլ դարձել է իր ուսումնասիրության կիզակետը։
Դավիդ Լեուպօլդը անդրադարձավ նրան, թե ինչպես են ազգերը յուրացնում ազգային պատմույթը, և ինչպես են մարդիկ իմաստավորում «այլոց հայրենիքում» ապրելը։ Իր պնդումը պատկերավոր դարձնելու համար նա բերեց Վանի շրջանի օրինակը՝ մատանշելով, որ, չնայած փոխված ժողովրդագրությանը, լանդշաֆտը դեռևս կրում է անցյալի հետքերը։ «Ինչո՞վ եմ ես հետարքրքրված. ազգերից անդին հիշելով։ Ահա, նայում եմ անձնական պատմություններին և պնդում, որ երբ մարդիկ իմաստավորում են անցյլալը, երբ նրանք պատմում են անցյալը, այդ անցյալը շատ ավելի քիչ է ձևավորվում ազգային ինքնության համատեքստում»: Ի հակադրություն ազգային հիշողություն հղացքի՝ հեղինակը ներկայացրեց բազմահավաք հիշողություն եզրույթը, որը, ըստ նրա, նոր տեսանկյուն է առաջարկում պատմության, հատկապես բանավոր պատմության վերաբերյալ։ Նա նշեց, որ «մարդու կենսագրության այլ կողմերը հիմնարար ազդեցություն ունեն նրանց հիշելու կերպի վրա»՝ շեշտելով, թե ինչպես ոչ միայն տեղաբնակների և եկվորների հիշողությունը կարող է տարբեր լինել, այլև սերունդների։
Ջենգիզ Աքթարը ընդգծեց գրքի նշանակությունը Թուրքիայում ապահիշողականացման համատարած միտման համատեքստում. «Թուրքիայում ցեղասպանության քաղաքականությունը բնորոշում է ապահիշողականացումը։ Ցեղասպանության որևէ հիշողություն հազիվ հնարավոր լինի գտնել. ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Պոնտական։ Թեև դա քննարկման առարկա է, բայց ինչ-որ առումով ցեղասպանություն է, քանի որ մշակույթը ոչնչացվել է»։
Ինչպես Աքթարը նշեց, ապահիշողականացման հղացքը ձևավորում է առանցքային հարացույցը։ Թուրքիայում այս հիշողությունն աստիճանաբար մարում է տարեց սերնդի մահվանը զուգահեռ. «Այսօր երիտասարդության շատ քիչ մասն է հասկանում՝ ինչ է նշանակում լինել հայ կամ հույն»։ Հենց այս պատճառով է, ըստ Աքթարի, Դավիդի գիրքն այսքան արժեքավոր։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այսպիսի աղբյուրները Թուրքիայում սակավաթիվ են, քանի որ ակադեմիական շրջանակները մեծապես մերժում են Ցեղասպանությունը։ «Ո՞վ է Թուրքիայում դեռևս հիշում կամ գիտի Ցեղասպանության մասին։ Միայն տարեցները, որոշ անհատներ և ուսումնագետներ, որ հիմնականում աշխատում են երկրից դուրս»։
Լուսինե Խառատյանը խոսեց հայերի և թուրքերի՝ հիշելու էական տարբերությունների մասին։ Նա նկատեց, որ թուրքական համատեքստում ընդհանուր միտում կա մոռանալու և վերահամատեքստավորելու իրադարձությունները՝ հաճախ շրջանակելով դրանք Առաջին համաշխարհային պատերազմի ավելի մեծ քաոսում՝ որպես մի ժամանակ, երբ «բոլորը կռվում էին բոլորի դեմ»։ Ավելին, ըստ նրա, թուրքական պատմության դասագրքերը հաճախ հայերին պատկերում են որպես ռուսական լրտեսներ և դավաճաններ։
Խառատյանը նաև խոսեց լռեցման կամ թերասման գործիքայնացման մասին. «Լռեցումը (թերասումը) նույնպես գործիքայնացվում է պետության կողմից։ Եվ ոչ մի տեղ չի մնում այս ավելի փոքր, թերասված պատմույթների միջև երկխոսություն ծավալելու և, ըստ այդմ, ստեղծելու տարածք, որտեղ այս տեսակ ողբերգության մասին կարող են խոսել նշված երեք խմբերը։ Սա ոչ միայն նրա մասին է, թե ինչ է հիշվում, բայց նաև՝ ինչ է մոռացվում և ինչպես։
Գիրքը անվճար կարող եք ձեռք բերել ՀԲՀ երևանյան գրասենյակից։ Մանրամասների համար գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին։