Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ որոշումների կայացման տարածքներում գտնվելը քաղաքացիական հասարակության համար ունենում է իր գինը, իսկ այլ կարևոր ժողովրդավարական հարցեր անտեսանելի են դառնում ճգնաժամի և անվտանգության հարցերի հետևում: Հայաստանում քաղաքականությունը, հատկապես այս նախընտրական շրջանում, վերածվել է խաչմերուկի, որի կենտրոնում քաղաքացիական հասարակությունն է՝ իր ազդեցության կամ իշխանության, լեգիտիմության և գոյատևման հարցերով:
Նախաբան
Խաչմերուկը միայն խաղաղության մասին չէ։ Հարավում պատերազմ է և դրա ընդլայնման մեծ հավանականություն կա։ Հյուսիսը օրեցօր ընկնում է արևմտյան պատժամիջոցների տակ։ Արևմուտքի և Արևելքի սահմանները դեռևս փակ են։ Ա՛յ քեզ Հարավային Կովկաս։ Հայաստանյան հասարակությունը կրկին կանգնած է իր քաղաքական ապագայի համար լուրջ ընտրության խաչմերուկում: Հունիս ամիսը և այդ մեկ օրում կայացվելիք որոշումը դարձել են քաղաքական իշխանության համար պայքարի գագաթնակետը, իսկ քաղաքացիական հասարակությունն անմասն չի մնում մթնոլորտի լարվածությունն ու օրհասականությունը բարձր պահելուց։ Այս փուլը լույս է սփռում քաղաքացիական հասարակության ազդեցության և անկախության հետ կապված մի շարք հարցերի վրա: Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ որոշումների կայացման տարածքներում գտնվելը քաղաքացիական հասարակության համար ունենում է իր գինը, իսկ այլ կարևոր ժողովրդավարական հարցեր անտեսանելի են դառնում ճգնաժամի և անվտանգության հարցերի հետևում: Հայաստանում քաղաքականությունը, հատկապես այս նախընտրական շրջանում, վերածվել է խաչմերուկի, որի կենտրոնում քաղաքացիական հասարակությունն է՝ իր ազդեցության կամ իշխանության, լեգիտիմության և գոյատևման հարցերով: Այս հարցերի շուրջ քննարկումը հեղինակները ներկայացնում են ստորև՝ կիսաակադեմիական/տեսական և վերլուծական հոդվածի տեսքով:
Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը տեսականում և գործնականում
Ժամանակակից աշխարհում իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ համակարգերն ու կառույցները անընդհատ ստիպված են վերափոխել իրենց գործառույթները, փորձել հարմարվել ստեղծված իրավիճակին և փոփոխվող իրականությանը և շարունակել գոյատևել։ Արդյունքում, երբեմն դրանց գործառույթներն ու քայլերը սկսում են տարբերվել սկզբնապես «սահմանված» գործառույթներից։ Քանի որ խոսքը հայկական քաղաքացիական հասարակության մասին է, նախ փորձենք հասկանալ, թե որն է ընդհանրապես քաղաքացիական հասարակության սահմանումը, ինչ դեր ունի կամ կարող է ունենալ այն տեսականորեն և ինչպիսին է այն գործնականում, մասնավորապես մեր համատեքստում։
Քաղաքագետ Դեյվիդ Հելդի սահմանման համաձայն՝ «քաղաքացիական հասարակությունը ներառում է հասարակական կյանքի այն ոլորտները՝ ներպետական աշխարհը, տնտեսական ոլորտը, մշակութային գործունեությունը և քաղաքական փոխգործակցությունը, որոնք կազմակերպվում են անհատների և խմբերի միջև մասնավոր կամ կամավոր հարաբերությունների հիման վրա՝ պետության անմիջական վերահսկողությունից դուրս»[1]: Այլ կերպ ասած, քաղաքացիական հասարակությունը կառույցներից, կազմակերպություններից, նախաձեռնություններից և անհատներից կազմված խումբ է, որը միջնորդի դեր ունի պետության և քաղաքացիների միջև և հավքական կերպով ներկայացնում է վերջիններիս շահերը[2]։
Գոյություն ունի քաղաքացիական հասարակությունը բնութագրող գիտական մտքի երկու ավանդույթ[3].
- Ընդդիմադիր-դիմադրողական դեր (Oppositional-Resistance Role) - սրա հիմքում գրամշիական այն մտածողությունն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կենտրոնանա պետությանը մարտահրավեր նետելու և դրա գերիշխանությունը կանխելու ձգտման վրա՝ թե՛ գաղափարական, թե՛ ֆիզիկական առումով: Այս տեսանկյունից քաղաքացիական հասարակությունը պետական իշխանության զսպման միջոց է, որը կանխում է ավտորիտարիզմի վերադարձը:
- Լիբերալ-ասոցատիվ դեր (Liberal-Associative Role) - սա հիմնված է Լոկի և դը Տոկվիլի աշխատությունների վրա, որոնց համաձայն քաղաքացիական հասարակությունը համատեղ շահերի, նպատակների և արժեքների շուրջ չպարտադրված կոլեկտիվ գործողությունների ասպարեզ է, քննարկման վայր, որը ազդում է ընդհանուր քաղաքականության և սոցիալական խնդիրների լուծման վրա:
Տոկվիլյան տարբերակում քաղաքացիական հասարակությունն ավելի շուտ հանդես է գալիս որպես «ժողովրդավարության դպրոց», որտեղ քաղաքացիները սովորում են համագործակցել միմյանց հետ, վստահել միմյանց և միասին կառուցել ժողովրդավարական մշակույթ, մինչդեռ Գրամշիի տարբերակում քաղաքացիական հասարակության դերը պայքարելն է գերիշխող ուժերի դեմ՝ հանուն սոցիալական փոփոխությունների: Այս երկու սահմանումներն էլ կարևոր են հայկական համատեքստը հասկանալու համար: Այնուամենայնիվ, նախքան հայկական համատեքստը քննարկելը, կարևոր է նշել, որ չնայած ուժեղ քաղաքացիական հասարակությունը սովորաբար դիտվում է որպես ժողովրդավարության շարժիչ ուժ, դրա ազդեցությունն իրականում ուղղակիորեն կախված է շրջապատող քաղաքական միջավայրից, ուստի չպետք է մոռանալ «այն հնարավորության մասին, որ վատթարացող քաղաքական պայմաններում քաղաքացիական հասարակությունը կարող է դառնալ ժողովրդավարության թշնամին, այլ ոչ թե նրա բարեկամը, ամենայն հավանականությամբ՝ հակաժողովրդավարական ուժերի կողմից առևանգվելու պատճառով»[4]: Թերևս, սա է պատճառը, որ հունիսյան ընտրությունները լարվածության մեջ են պահում նաև քաղաքացիական հասարակությանը:
Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքացիական հասարակության ձևավորումը Հայաստանում տեղի ունեցավ տեղում առկա արմատաբուխ շարժումների (մասնավորապես՝ Ղարաբաղյան շարժման էներգիայի) և արևմտյան դոնորների՝ վերևից ներքև միջամտության փոխազդեցության արդյունքում[5]։ Քաղաքացիական հասարակության առավել տեսանելի և դեպի շարժման ձևավորում տանող առաջին «սաղմերը» երևացին հենց 1988թ. Օպերայի բակում տեղի ունեցող հանրահավաքներում, որոնք ի սկզբանե բնապահպանական խնդիրների վրա էին կենտրոնացած, իսկ հետո վերածվեցին Լեռնային Ղարաբաղի/Արցախի անկախության պահանջի։ Սակայն, Հայաստանի անկախացումից հետո, պատերազմի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և բարձր գործազրկության պայմաններում, քաղաքացիական ոգևորությունը վերածվեց հիասթափության և անտարբերության: Եվ հենց այդ ժամանակ, արևմտյան միջամտության արդյունքում, սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակության ներկայիս մոդելը՝ զանգվածային շարժումից անցում կատարելով ոչ կառավարական կազմակերպությունների ստեղծմանը, քանի որ արևմտյան դոնորները քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարության ձևավորմանը տեսնում էին գլխավորապես մասնագիտացված հասարակական կազմակերպությունների տեսքով՝ ելնելով այդ երկրների նկատմամբ «փափուկ ուժի» քաղաքականությունից[6]։
Հայաստանի Երրորդ Հանրապետության 35-ամյա պատմության ընթացքում, բնականաբար, եղել են ինքնաբուխ քաղաքացիական շարժումներ և/կամ ցույցեր՝ տարբեր պահանջներով և պայքարի մեթոդներով՝ սկսած տրանսպորտի թանկացման դեմ պայքարից մինչև բնապահպանական հարցեր, մշակութային ժառանգության համար պայքարից մինչև ուսանողական ցույցեր, և այս ամենի գագաթնակետը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր՝ որպես քաղաքացիական շարժման միջոցով իշխանափոխության առաջին հաջողված փորձ։ Սակայն այս շարժումները կամ ցույցերը հիմնականում մարել կամ փոխել են իրենց պայքարի ձևերը, երբ վերածվել են պաշտոնական, գրանցված հասարակական կազմակերպությունների, հիմնականում արտաքին դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի համատեքստում: Եվ քանի որ հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման գլխավոր աղբյուրը արևմտյան դոնորներն են, վերջիններիս օրակարգերը, լեզուն և մեթոդները դառնում են գերիշխող՝ հաճախ նաև կտրվելով տեղական իրականությունից: Իհարկե, հասարակական կազմակերպությունների մի մասը ոչ միայն արտասահմանյան ֆինանսավորման պասիվ ստացողներ են, այլև ակտիվորեն փորձում են տեղայնացնել գլոբալ գաղափարները՝ դրանք հարմարեցնելով տեղական մշակույթին: Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում արտասահմանյան (թե՛ արևմտյան, թե՛ արևելյան) ֆինանսական աջակցությունից մեծ կախվածությունը ծառայում է արտասահմանյան օրակարգերի բավարարմանը, աստիճանաբար կտրվելով տեղական կարիքներից, ինչպես նաև բացասաբար ազդելով ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության լեգիտիմության վրա՝ վտանգելով այն ժողովրդավարական գործընթացները, որոնց շուրջ հավաքվել է այդ քաղաքացիական հասարակությունը: Գուցե խնդիրն այն է, որ իրականում ժողովրդավարության և դրանում քաղաքացիական հասարակության դերի մասին վերջինիս և նրա դոնորների ունեցած պատկերացումները կարող են տարբեր լինել, սակայն սա արդեն այլ քննարկման թեմա է:
Ամփոփելով այս տեսական ու պատմական կարճ ակնարկը` կարող ենք նշել, որ արմատաբուխ շարժումներից ձևավորված ու ՀԿ-ացած հայաստանյան քաղաքացիական հասարակությունը հիմնականում գործում է լիբերալ-ասոցատիվ մոդելի տրամաբանությամբ: Այն մեծամասամբ դիրքավորվում է որպես մարդու իրավունքների և ժողովրդավարության պահապան` հանդես գալով որպես միջնորդ պետության ու հասարակության միջև: Սակայն այս դիրքավորումը այդ նույն քաղաքացիական հասարակությանը խոցելի է դարձնում քաղաքական ուղու փոփոխությունների/նահանջների, արտաքին դոնորներից ֆինանսական կախվածության և սեփական լեգիտիմության պահպանման հարցում, հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդավարական նորմերը հետընթաց են ապրում, ինչը նկատելի է 2018-ի հետհեղափոխական էյֆորիայից հետո:
Փողոցից դեպի կառավարություն․ քաղաքացիական հասարակությունը մարտահրավերների արանքում
2018 թվականի Թավշյա հեղափոխությունը հնարավորություն ստեղծեց քաղաքացիական հասարակության համար վերջապես մաս կազմել այն ժողովրդավարական գործընթացներին, որոնց մասին քաղաքացիական հասարակությունը շարունակ խոսում էր։ Նրանցից ոմանք ընտրեցին քաղաքականության ուղին՝ միանալով նորընտիր «Իմ քայլը» դաշինքին (այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) և/կամ ստանձնելով պետական պաշտոններ։ Թերևս սա է պատճառը, որ 2018 թվականի իշխանափոխությունից ութ տարի անց քաղաքացիական հասարակությունը դեռևս ընկերներ է փնտրում (այլ ոչ թե գործընկերներ) իշխանության մեջ գտնվողների շրջանում։ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մասամբ նաև քաղաքացիական հասարակության մոբիլիզացիայի և ակտիվ մասնակցության արդյունք էր, ուստի զարմանալի չէ, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մեծ ոգևորությամբ սկսեցին համագործակցել նորընտիր կառավարության հետ՝ փորձելով բարեփոխումների մաս կազմել: Սակայն այս ամենի հետևանքները, կարծես, սկսեցին ակներև դառնալ մի քանի տարի անց։ Այսօր, հետադարձ հայացք գցելով, պարզ է դառնում, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում անընդհատ ճգնաժամերի միջով է անցնում։ Վերջիններս բազմաթիվ են, բայց այս հոդվածի շրջանակներում մենք փորձել ենք դրանք համախմբել մի քանի հիմնական ուղղություններով։
Ժողովրդավարական հետընթացը և քաղաքացիական հասարակության նեղացող տարածքները
Նախ, սկսենք, թերևս, ամենաակնհայտից, որը վերաբերում է քաղաքացիական հասարակությանն ամբողջ աշխարհում։ Խոսքը ժողովրդավարության հետընթաց/ների և նեղացող քաղաքացիական տարածքների մասին է։ Սա բազմիցս քննարկվել է քաղաքացիական հասարակության շրջանակներում և տասնամյակներ շարունակ։ Այս առումով, սակայն, կա որոշակի տարբերություն այլ հասարակությունների համեմատ: Վերջին տարիներին, մասնավորապես Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում, պետական ինստիտուտները ավելի են ընդլայնել իրենց գործունեության և ազդեցության շրջանակը, ինչի հետևանքով քաղաքացիական հասարակության նախկինում ակտիվ գործառույթները, կարծես, սկսում են նվազել: Սա ամենևին էլ քննադատություն չէ այն փաստի նկատմամբ, որ պետական ինստիտուտները վերջապես ստանձնում են իրենց նախասահմանված գործառույթները: Հարցն այն է, թե ինչպես են այդ ինստիտուտները կատարում իրենց գործառույթները: Ավելին, երբ տարբեր խմբեր լռում են թերությունների մասին՝ խուսափելու համար արդեն իսկ տարբեր կողմերից քննադատվող կառավարության սուր քննադատ լինելուց, քաղաքացիական հասարակության վերահսկողական (watchdog) գործառույթը աստիճանաբար վերածվում է պասիվ մասնակցության։
Սակայն, նեղացող տարածքները անհավասարաչափ են ազդում քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների վրա։ Կան խմբեր, որոնք ունեն ավելի անմիջական կապեր և հարաբերություններ, որի դեպքում ավելի հեշտ է դառնում օգտագործել և կիրառել ազդեցության լծակները։ Այսպիսով, եթե դուք առաջնորդվում եք համագործակցային քաղաքացիական ակտիվիզմով, ապա դռները քիչ թե շատ բաց են ձեզ և ձեր ներկայացրած կազմակերպության համար, ընդունելի եք որոշակի որոշումների կայացման շրջանակներում և անդամակցում եք հանձնաժողովների՝ բազմազանությունն ապահովելու համար։ Եվ եթե դուք չեք ընդունում կանոնները, քննադատում եք օրակարգերը՝ խաղաղությունից մինչև զբաղվածություն և այլ սոցիալական հարցեր, ապա վերածվում եք ազդեցության լծակ չունեցող ակտիվիստի, որի նպատակը որակվում է որպես ուշադրություն գրավել և ֆինանսավորում ստանալ, հատկապես մարդու իրավունքների դեմ պայքարող խմբերի և դրանցից բխող քաղաքական ուժերի կողմից: Այս դիսկուրսն էլ իր հերթին ուժգնանում է հանրության շրջանում քաղաքացիական հասարակության և դրա առաքելության նկատմամբ տեղեկատվության պակասի/բացակայության և համընդհանուր անվստահության պայմաններում, ինչը նաև սրվում է հակաժողովրդավարական և մարդու իրավունքների դեմ պայքարող խմբերի օրակարգերով։ Սրանք այն հիմնարար պատճառներն են, որոնք հանգեցրել են քաղաքացիական հասարակության ակտիվ և ամենօրյա մասնակցության, ինչպես նաև կոլեկտիվ գործողությունների թուլացմանը։
Նման իրավիճակում քաղաքացիական հասարակությունը գործիքավորվում է. պայքարի ռոմանտիզմը և «վաո՜ւ» ակնթարթները բացակայում են կամ նվազագույնի են հասցվում։ Քաղաքացիական հասարակության հաղթանակներ չկան անգամ այն դեպքում, երբ ընդունվում են առաջադեմ օրենքներ և մշակվում ռազմավարություններ, որոնց կատարելագործման վրա նա տարիներ շարունակ աշխատել է: Իշխանությունն այդ հաղթանակներն իրեն է վերագրում՝ երկարատև պայքարը դիտարկելով որպես համագործակցություն և ավելին ակնկալելով[7]։ Այսպիսով, քաղաքացիական հասարակությունը դառնում է ավելի զգուշավոր, պակաս հակամարտող և, իր դասական ընկալմամբ, պակաս արդյունավետ՝ մնացած տարածքը չկորցնելու համար, օրինակ՝ հարևան Վրաստանի (և, հետադիմական համարվող օրենսդրական փոփոխությունների առումով, նաև Ռուսաստանի) ճակատագրից խուսափելու համար։
Նեղացող տարածքների վտանգներից է նաև այն, որ թե՛ գործող կառավարությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը ավելի ու ավելի են փոխառում (կամ, ավելի խորը և քաղաքականացված, յուրացնում) քաղաքացիական հասարակության լեզուն և դրա գործառույթները: Այս առումով, մասնավորապես հոդվածը գրելու ժամանակահատվածում, քաղաքացիական հասարակությունը կանգնած է դժվարին խաչմերուկներից մեկում՝ քաղաքական ընտրությունների և Հայաստանի ապագան որոշելու ու դրա վրա ազդեցություն ունենալու խաչմերուկում։ Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության դերակատարներն ակտիվորեն ներգրավված են քաղաքական պայքարում։ Այս առումով սա չպետք է հնչի որպես մեղադրանք, այլ ընդհակառակը` դիտարկվի որպես քաղաքացիական հասարակության կողմից ավելի որոշիչ դեր ունեցող քաղաքական դերակատար դառնալու հնարավորություն, ինչը նախկինում կարելի էր տեսնել Ղարաբաղյան շարժման մեկնարկի կամ 2018թ․-ի հեղափոխական գործողություններում։
Փորձելով սրանք դիտարկել որպես քաղաքացիական հասարակության տարածքների ընդլայնման փորձեր՝ անհրաժեշտ է նաև գիտակցել, որ այն պետք է վերաիմաստավորի իրեն և վերասահմանի իր առաքելությունը։ Անցել են Վացլավ Հավելի ժամանակները, երբ կարելի էր դուրս գալ փողոց, մեծ պահանջներ ներկայացնել որպես քաղաքացիական հասարակություն և դրանով իսկ ձեռք բերել քաղաքական և քաղաքացիական լեգիտիմություն: Այսօր, և հատկապես Հայաստանի դեպքում՝ ընտրությունների նախօրեին, անհրաժեշտություն կա հաշտվել նոր իրականության հետ. մի կողմ դնել ռոմանտիզմը, բաց լինել փոփոխությունների և հատկապես օրակարգերի արագ փոփոխությունների առաջ, հաշվի նստել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հարցերի (ներառյալ` Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ դերակատարների), ինչպես նաև համաշխարհային քաղաքական հարցերի հետ, որոնք այլևս ուղղակիորեն են ազդում Հայաստանի և նրա ապագա քաղաքական, տնտեսական և աշխարհագրական դիրքորոշման վրա:
Քաղաքացիական հասարակության մասնատվածության և ֆինանսավորման հարցերը
Մասնատվածությունը մշտական խնդիր է եղել հայաստանյան քաղաքացիական հասարակության շրջանում, որը դրսևորվել է տարբեր ձևերով՝ միմյանց օրակարգին չհավատալով, այն չընդունելով և, ինչու՞ չէ, այն նսեմացնելով և դիրքորոշումներ չկիսելով, նույնիսկ մարդու ամենահիմնական իրավունքների հարցում։ Այնուամենայնիվ, դեռևս կա համերաշխություն ավելի փոքր խմբերի միջև։ Մասնատվածությունը, ինչպես նշել ենք, դրսևորվում է ամենատարբեր հարցերի շուրջ։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այն առկա է նաև քաղաքական հայացքներում՝ բաժանումը իշխանաամետ և ավելի քննադատաբար դիրքավորված խմբերի միջև այս պահին թվում են ամենաթեժը, չհաշված ֆինանսավորման համար մրցակցությունը։ Քաղաքացիական հասարակության ներսում մեկ այլ մասնատվածություն է մասնագիտական հասարակական կազմակերպությունների և ավելի արմատաբուխ և հակա-ՀԿ-ական մոտեցումների միջև բաժանումը, որը կարելի է ավելի խորը քննարկել սոցիալական շարժումների ՀԿ-ացման համատեքստում։ Այս բոլոր իրողությունները թուլացնում են կոլեկտիվ դիմադրությունը, ինչը, իր հերթին, նվազեցնում է քաղաքացիական հասարակության ազդեցությունն ու համերաշխությունը։
Չնայած քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև հարաբերությունների համագործակցային բնույթին` մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են` խտրականությունը, ոստիկանական բռնությունները, որոշ սպասվող օրենքների բացակայությունը, դուրս են մնում քննարկումներից կամ հետաձգվում են։ Եվ այս հարցերին համակարգված կերպով անդրադառնալու բեռը մնում է քաղաքացիական հասարակության ուսերին: Այդպիսի խնդիրների թվում են Լեռնային Ղարաբաղից/Արցախից տեղահանության ճգնաժամը և պետական արձագանքի բացերը: Իհարկե, այս կոնկրետ օրինակը կարելի է քննել մի շարք տեսանկյուններից, այդ թվում՝ թե ինչպիսին է ֆրագմենտավորված քաղաքացիական հասարակության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի/Արցախի հարցի լուծումների վերաբերյալ քննարկումներում: Դրա մի մասը ներկայումս լծվել է խաղաղության ու ժողովուրդների հաշտեցման օրակարգը առաջ տանելուն` դեռևս գոյություն չունեցող խաղաղության պայմանագրի պայմաններում։ Մինչդեռ, ակնհայտ է, որ հարցի շուրջ պառակտումն օրեցօր մեծանում է. պետությունը ճգնաժամը համարում է լուծված, քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես՝ ծառայություն մատուցող կազմակերպությունները, ամեն օր բախվում են մարդասիրական և սոցիալական բազմազան խնդիրներ լուծելու անհրաժեշտությանը, և հենց այն մարդիկ, ովքեր անմիջականորեն տուժել են ճգնաժամի հետևանքներից, սպասում են օրհասական խնդիրների լուծմանը։ Մեծանում է նաև լարվածությունը «տեղացի-եկվոր» հարթությունում, ինչն էլ ավելի է խորացնում հասարակության տարբեր խմբերի շրջանում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը և ավելացնում քաղաքացիական հասարակության անելիքները։
Այս համատեքստում մեկ այլ խնդիր է տեղում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և հարևան երկրների հետ հարաբերությունները: Մասնավորապես, անվտանգության հարցերը հաճախ առաջնահերթություն են ստանում այլ ժողովրդավարական և քաղաքացիական օրակարգերի հաշվին: Այսպիսով, քաղաքացիական հասարակության տարածքներն էլ ավելի են նեղանում «բարձր մակարդակի» անվտանգային նարատիվների առկայությամբ: Այս ամենին գումարվում է նաև այն փաստը, որ հանրության շրջանում դեռևս գերակշռում են քաղաքացիական պասիվ մասնակցությունը և քաղաքական անտարբերությունը, չնայած երկիրը գտնվում է ընտրությունների նախաշեմին:
Վերջապես, անհրաժեշտ է անդրադառնալ քաղաքացիական հասարակության ֆինանսավորման հարցին ևս, որն ուղիղ համեմատական է դրա գոյատևմանը և կայունությանը։ Ակնհայտ է, որ անցել են այն ժամանակները, որ ակնկալվում էր համակարգային աշխատանք մի խումբ մարդկանց կողմից՝ որպես բացառապես բարի կամքի դրսևորում։ Քաղաքացիական հասարակության համակարգերն արդեն ինքնավերարտադրվող են, և դրանց կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակական ֆինանսավորում։ Գուցե ինչ-որ տեղ քննադատություն հնչի այն հարցի շուրջ, որ այս հանգամանքը քաղաքացիական հասարակությանը դարձնում է շահույթ հետապնդող։ Ահա թե ինչու է շատ հեշտ քննադատել ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպություններին հատկապես այն տեսանկյունից, որ եթե չկա ֆինանսավորում, ապա գործողությունները կանգնում են։ Սակայն ֆինանսավորման քննադատությունը վերաբերում է ոչ միայն ֆինանսավորմանը, այլև դրա տարբեր ասպեկտներին։ Գոյատևման կամ ընդհանրապես գոյության տեսանկյունից առկա է նաև այն հարցադրումը, թե ի՞նչ է տեղի ունենալու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, եթե կրկին տեղի ունենա իշխանափոխություն, և իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք ավելի հակված են կրկնօրինակելու Վրաստանի կամ Ռուսաստանի քաղաքական սցենարները։ Այս առումով կարևոր է նշել, որ այդ պարագայում ֆինանսավորման հարցերն ընդհանուր առմամբ դուրս են գալիս քննարկումից, կամ ամբողջովին փոխվում է դրանց քննարկման ուղղությունը և տրամաբանությունը։
Ինչպես նշել էինք հոդվածի առաջին հատվածում, քաղաքացիական հասարակության ֆինանսավորման կարևորագույն աղբյուրը Հայաստանում արտաքին դոնորների աջակցությունն է։ Արտաքին և միջազգային ֆինանսավորումից կախվածությունը զգալիորեն թուլացնում է քաղաքացիական հասարակության ազդեցությունը։ Ցավոք, պետք է նաև ընդունել, որ նույն այս ֆինանսավորումը հիմնականում հիմնված է որոշակի ծրագրերի ժամանակավոր (կարճաժամկետ կամ երկարաժամկետ) իրականացման վրա: Սա հավելյալ առիթ է քննադատության համար, քանի որ հանրության աչքում որևէ խնդրին դիմակայելու ջանքերը կանգ են առնում, երբ ֆինանսավորումն ավարտվում է, իսկ խնդիրները մնում են չլուծված։ Այս իրավիճակում քաղաքացիական հասարակության օրակարգերը միտում ունեն ապավինելու արտաքին ֆինանսավորմանը, մինչդեռ համակարգային կամ ինստիտուցիոնալ զարգացումները շատ սահմանափակ են։ Սա, իր հերթին, ևս մի փութ բեռ է ավելացնում քաղաքացիական հասարակության արդեն իսկ փլուզվող ուսերին։ Ի հավելումն այս ամենին` քաղաքացիական հասարակությունը դիտարկվում է որպես էլիտար օրակարգեր առաջ տանողների խումբ՝ կտրված հասարակության իրական խնդիրներից՝ այդպիսով խորացնելով հանրություն-քաղաքացիական հասարակություն անջրպետը և քաղաքացիական հասարակության գործունեության նկատմամբ անվստահությունը։
Ամփոփում
Եվ այսպես, չնայած այս հոդվածն ունի քննադատական և վերլուծական ուղղվածություն, մենք դիտարկում ենք այս քննադատությունն ուղղված նախ և առաջ ինքներս մեր նկատմամբ՝ որպես քաղաքացիական հասարակության մաս լինելով արդեն երկար տարիներ։ Կարծում ենք, որ պետք է բաց լինել կառուցողական քննադատության նկատմամբ և գործողությունները պլանավորել ավելի հասցեական։ Սա նաև այն պատճառներից մեկն է, որ մենք կարծում ենք, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում դեռևս ոչ այնքան հետընթացի վիճակում է, որքան փոխակերպման փուլում։ Վերջինիս դերը պետության հետ հարաբերությունների, քաղաքական ճնշումների և հասարակական սպասումների հատման կետում է։ Ըստ էության` քաղաքացիական հասարակության համար այսօր կենտրոնական է ոչ թե անմիջապես գոյության, այլ լեգիտիմությունը պաշտպանելու ճգնաժամը[8]։ Իշխանությանը մոտ լինելը միանշանակ ունեցել է իր գինը․ հատկապես հետ-2018-ական ժամանակաշրջանում քաղաքացիական հասարակությունը գնալով կորցնում է վերահսկողի/watchdog-ի իր գործառույթը՝ այն վերածելով ավելի քիչ կրիտիկական դերակատարության (ավելի՝ մասնագիտական միջամտություններ և փորձագիտական կարծիքներ մատուցողի դերում է)։ Ինչպես արդեն նշեցինք, քաղաքացիական հասարակության ներսում մասնատվածությունը նվազեցնում է կոլեկտիվ ազդեցության ուժգնությունը։ Իսկ եթե չլինի ակնկալվող սոլիդարությունը տարբեր խմբերի միջև, քաղաքացիական հասարակությունը կարող է զբաղեցնել ռեակտիվության, այլ ոչ թե օրակարգ ստեղծողի կամ թելադրողի դերը։ Այս իրողությանն են ավելանում նաև անվտանգության նարատիվները, դրանց շուրջ անորոշությունները, ինչպես նաև ֆինանսավորման հարցերը՝ քաղաքացիական հասարակության ինքնիշխանության հարցերի հետ մեկտեղ։
Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը պահպանում է իր անկյունաքարային դերը հատկապես այն տեղերում, որտեղ պետությունը դեռ մեծ բացթողումներ ունի․ մարդու իրավունքների պաշտպանություն, տարատեսակ սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների մատուցում, հումանիտար արձագանք, սոցիալական պաշտպանություն (արտաքին դոնորների աջակցությամբ)։ Այս մտորումների արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ քաղաքացիական հասարակությունը պետք է վերագտնի վստահությունը համայնքներում, վերահաստատի իր անկախությունը քաղաքական դերակատարներից, ինչպես նաև ավելի ներդրվի արմատաբուխ կազմակերպման և տեղական լեգիտիմության պահպանման գործընթացում։ Վստահաբար, ծրագրերից դեպի շարժումների վերակենդանացում փոխակերպումը վճռական է։ Առանց նման փոխակերպման` քաղաքացիական հասարակությունը կարող է ընկնել իր քննադատության ծուղակը՝ որպես տեխնոկրատական, դոնորներից կախվածության մեջ գտնվող և իրական սոցիալական կյանքից կտրված էլիտար դերակատար։
[1] Held, David (2015), Political Theory And The Modern State. Rawat Publications. “Civil society constitutes those areas of social life – the domestic world, the economic sphere, cultural activities and political interaction – which are organised by private or voluntary arrangements between individuals and groups outside the direct control of the state.”
[2] Այս հոդվածում մենք չենք դիտարկում մեդիան որպես քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ մաս և դրան չենք անդրադառնում:
[3] P. Martin, Alexander (2020), Tunisian Civil Society: Political Culture and Democratic Function Since 2011. Routledge.
[4] Guillermo Encarnación, Omar (2011), Assisting Civil Society and Promoting Democracy in The Oxford Handbook of Civil Society. Oxford University Press. Ed. by Michael Edwards. “[...] the possibility that under deteriorating political conditions, civil society can emerge as a foe rather than a friend of democracy, most likely by being hijacked by antidemocratic forces.”
[5] Ishkhanian, Armine (2008). Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia. Routledge.
[6] Ishkhanian, Armine (2008). Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia. Routledge.
[7] Հետաքրքրական է, որ պետական մարմինների ներկայացուցիչների հետ համաժողովների և այլ ֆորմատի զրույցների ընթացքում հաճախ վերջիններից կարելի է լսել այն ձևակերպումը, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է ասեն, թե ինչ խնդիրներ կան, շեշտեն դրանք իրենց հետ զրույցներում, անընդմեջ ադվոկացիոն գործողություններ նախաձեռնեն։ Սա լիովին խեղաթյուրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններից սպասելիքները, ինչպես նաև պետական կառույցների դերը խնդիրների լուծման գործընթացում։
[8] Թերևս այս հարցին անդրադարձը հետաքրքիր կլինի նաև հետընտրական Հայաստանում՝ հասկանալու նոր իրավիճակը և հարցի հետ կապված միտումները։