ՀՀ - Թուրքիա hարաբերությունների կարգավորում․ պատմական հնարավորությու՞ն, թե՞ հերթական անհաջող փորձ

Հոդվածն անդրադառնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այժմյան փորձին՝ մանրամասն վերլուծելով այլ դերակատարների դերը, շահերն ու դրանց հնարավոր ազդեցությունները։ Խոսելով գործընթացի թե' դրական, թե' թերի կողմերի մասին՝ հեղինակը նաև իրավիճակի բարելավման առաջարկություններ է ներկայացնում։

photo of the abandoned railways

2021 թվականի դեկտեմբերին Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար բանագնացներ նշանակեցին կարգավորման առաջիկա բանակցությունների համար։ Կողմերը հաշտեցման ձգտելու ավելի լայն հավակնություններ ու հնարավորություններ ունեն, քան նախկինում, և 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխությունը մեղմել է այդ հավակնությունների իրականացման խոչընդոտները և անփոփոխ թողել շահերը։ Առաջին հայացքից կարգավորման նոր գործընթացը խոստանում է լինել ավելի հաջող, քան նախորդ անգամ՝ 2009 թ.-ին, սակայն ի վերջո կարգավորման հաջողությունը մեծապես կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետագծից, և կա իրական վտանգ, որ երրորդ երկրների ստվերային մասնակցությունը, թուրքական կողմի նախապայմանները և քաղաքական հստակ կամքի բացակայությունը կվիժեցնեն գործընթացը:                          

Կարգավորման նոր փուլը և դրա ընթացքի մանրամասները

Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021 թ.-ի վերջին։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով ՀՀ-ի և Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները 2023 թվականի հուլիսի դրությամբ հանդիպել են չորս անգամ, համապատասխանաբար 2022 թ.-ի հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին։ 2022 թ.-ի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն երկու երկրների դիվանագիտական անձնագրերով օժտված քաղաքացիների և համապատասխանաբար ՀՀ և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում սկսել ՀՀ-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները[1]։ Վերջին հանդիպումից հետո անցել է գրեթե մեկ տարի, և դա արդեն ինքնին խոսուն փաստ է, բայց առավել կարևոր է այն, որ անցնող մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չեն իրագործվել այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թեպետ 2023 թ.-ի հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները[2], անհրաժեշտ է նշել, սակայն, որ մինչ այս պահը Թուրքիայից օդային բեռնափոխադրման կազմակերպման որևէ դեպք չի արձանագրվել[3]։ Այսինքն՝ արգելքը հանելու մասին տեղեկությունն այս պահին տեսական հարթության մեջ է։ 2022 թ․-ի փետրվարից վերականգնվել էր երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը, որը, սակայն, արդեն մասնակիորեն խնդիրների է բախվել այն բանից հետո, երբ 2023 թվականի մայիսին Թուրքիան հայկական գրանցում ունեցող օդանավերի համար միակողմանիորեն փակեց իր օդային տարածքը[4]։ 2022 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի է ունեցել երկու երկրների միջգերատեսչական մասնագիտական խմբերի երկու հանդիպում[5]։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների համար սահմանների բացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային և տեխնիկական հարցեր։ Հարկավոր է նշել, որ մասնագիտական խմբերի աշխատանքից պարզ է դարձել, որ սահմանի բացման համար գործնականում ենթակառուցվածքային կամ տեխնիկական խոչընդոտներ չկան, օրինակ՝ Մարգարայի կամուրջը գտնվում է աշխատանքային վիճակում, բայց սահմանների բացման համաձայնեցված գործընթացը մինչ օրս դեռ չի մեկնարկել։

Թուրքական կողմի հրավերով 2022 թ.-ի մարտի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ[6]։ Անթալիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը փորձել են քննարկել ամենակարևոր խնդիրները, և, ըստ էության, արձանագրվել է, որ Թուրքիայի միակ նախապայմանը ադրբեջանական կողմի պահանջների կատարումն է[7]։ Այս հանդիպման ընթացքում որոշակի աշխատանք է կատարվել՝ թուրքական կողմին ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և դրանց հիմքերը ադրբեջանական պահանջների վերաբերյալ, հատկապես Արցախյան հարցից անդին գտնվող թեմաների շուրջ, թեպետ հենց այս թեմայով խոսակցությունը և աշխատանքը պետք էր սկսել ավելի վաղ և շարունակել մշտապես։

Առաջնորդների ներգրավումը

2022 թ.-ի հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը[8]։ Առաջնորդների մակարդակով հադիպումները կարևոր են հատկապես կողմերի մոտ գործընթացի նկատմամբ քաղաքական կամքի ձևավորման տեսանկյունից։ Թուրքիայի պարագայում գործընթացի արդյունավետությունն ու արագությունը մեծապես կախված է գործընթացի նկատմամբ երկրի ղեկավարի վերաբերմունքից։ Թուրքիայի նախագահի հայտարարություններն այս թեմայով բավականին հստակ են։ Թուրքիայի ղեկավարը խոսում է ադրբեջանական կողմի պահանջների կատարման հրամայականի մասին[9] և ՀՀ-Թուրքիա բանակցություններում առաջընթացը կապում ՀՀ-Ադրբեջան բանակցություններում առաջընթացի հետ[10]։

«Երկրաշարժային» դիվանագիտություն

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ օր անց՝ 2023 թ.-ի փետրվարի 7-ին, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամներ գործուղվել են Թուրքիայի Ադըյաման քաղաք և մինչև փետրվարի 16-ը մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Փետրվարի 11-ին հարյուր տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված հայկական հինգ բեռնատարները, հատելով հայ-թուրքական Մարգարա-Ալիջան ցամաքային սահմանը, ուղևորվել են Թուրքիա: Փետրվարի 15-ին նույն ճանապարհով երկու բեռնատարով Ադըյաման է տեղափոխվել Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա տասներկու տոննա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը: Փետրվարի 15-ին Անկարայում կայացել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԹՀ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որից հետո նախարար Միրզոյանը Ադըյամանում այցելել է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի բեռնաթափման և հայ որոնողափրկարարական ջոկատի տեղակայման վայրեր։ Այս այցելության ընթացքում նշվեց նաև Անիի պատմական կամրջի վերականգնման շուրջ առկա համաձայնության մասին[11]։ Այս ամենը միասին վերցված ստեղծել էր ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման որոշակի մոմենտում, որը, սակայն, հնարավոր չեղավ կապիտալիզացնել՝ թե՛ Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանի՝ Ադրբեջանի պահանջների կատարման և թե՛ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի՝ ընտրական փուլի մեկնարկի պատճառով։

2023 թվականի մայիսի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես եկավ հայտարարությամբ, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի գրանցում ունեցող օդանավերի համար՝ կապված ավելի վաղ Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին սպանած վրիժառուներին նվիրված արձանի բացման հետ[12]։ Սա, ըստ էության, նախորդ փուլում ստեղծված մոմենտումի խեղդումն էր, որը Թուրքիայում ընտրական փուլում ազգայնականների ձայների համար պայքարի արդյունք էր։ Բացի դրանից՝ մինչ Թուրքիայում նախագահական ընտրությունների ավարտը և նոր կառավարության ձևավորումը ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտող հաստատությունը, համաձայն երրորդ երկրներից հանդես եկող աղբյուրների, Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն էր, ուստի տրամաբանական է, որ վերջինիս անհրաժեշտ էր ուռճացված մեդիաառիթ, որը կստվերեր նախորդ փուլի դրական խոսույթը [13]։ Թեպետ հույս կա, որ իրավիճակը կփոխվի ԱԳ նախարարի պաշտոնում նոր անձի նշանակմամբ, բայց նաև առավել հավանական է, որ խնդիրը հետևանք է ինստիտուցիոնալ դիմադրության, ոչ թե անհատական «ճաշակի»։

Վերջին զարգացումները

Հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Փաշինյանը կարճատև այց կատարեց Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Արարողության ընթացքում ղեկավարները կարճատև խոսակցություն են ունեցել, որի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին արարողությանը ներկա գտնվելու համար[14]։

Հունիսի 26-ին ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ասուլիսի ժամանակ նշում է. «Վերջին պայմանավորվածությունը եղել է այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար», «Հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սահմանային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Այդ աշխատանքներն առաջիկայում կավարտվեն, և Հայաստանը հույս ունի, որ թուրքական կողմը նույնպես կպահպանի պայմանավորվածությունները և այս ամառվա ընթացքում դրանք կիրագործվեն», «Ես, ըստ անհրաժեշտության, խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, գործընթացը կանգ չի առել։ Այս պահին նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, եթե լինի, համապատասխան կարգով հանրությունը կտեղեկացվի», «Կողմերը հստակ պայմանավորվածության իրականացման շուրջ են աշխատում, ներկայիս իրավիճակում վստահության որոշակի դեֆիցիտ կա, սակայն նախանշված ծրագրերի իրականացումը կարող է բարձրացնել վստահության մակարդակը»[15]։ Այս հայտարարության կարևորագույն մասը, ըստ էության, իրավիճակի ամրագրումն է առ այն, որ կա շատ հստակ պայմանավորվածություն, հստակ՝ ինչպես տարածության, այնպես էլ ժամանակի մեջ:  Ուստի այս փուլում բոլոր ուժերը և ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացվեն հենց այդ պայմանավորվածության կատարման վրա, իսկ եթե պայմանավորվածությունները չեն կատարվում, գործընթացը դառնում է անիմաստ։

Հունիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին Կուրբան բայրամի առթիվ, իսկ նախագահը շնորհավորել է վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարները քննարկել են իրենց երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայկական կողմի տարածած հաղորդագրւթյան համաձայն՝ այս համատեքստում քննարկվել է դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը[16]։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար մեկնարկած գործընթացում մինչ այժմ վստահության ամրապնդման միջոցներ են ձեռնարկվել, և այդ գործընթացը պետք է շարունակվի»[17]: Այս և այլ[18] հայտարարությունների համադրումը խորհրդապահական քննարկումներում ՀՀ-ի, Թուրքիայի և այլ երկրների տարբեր պաշտոնյաների հայտնած կարծիքների հետ վկայում են[19], որ ներկայումս ակնկալվում է Թուրքիայի կողմից սահմանի վերաբերյալ որոշման կայացում: Ընդ որում՝ նախագահականի կարգադրությունը ժամանակային առումով չի կարող տևել ավելին, քան շաբաթներ։ Սա իր հերթին նշանակում է, որ բանակցային գործընթացի՝ մինչև այս պահը ձեռք բերված ամենակարևոր համաձայնության իմպլեմենտացման հարցի պատասխանը կստանանք մինչև ամառվա վերջ, ու դա կլինի յուրօրինակ լակմուսի թուղթ գործընթացի հեռանկարայնության վերաբերյալ: Արձանագրենք, սակայն, որ պատասխան կլինի նաև պատասխանի բացակայությունը։

Կարգավորման պատմական հնարավորություն․ ինչու՞ հիմա

Վերջերս հատկապես միջազգային հարթակներում հաճախ են հնչում մտքեր, թե 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն։ Այս միտքը իր հերթին նշանակում է, թե 44-օրյա պատերազմը որոշ փոփոխություններ է իր հետ բերել, փոփոխություններ, որոնք հնարավորություններ են ստեղծել նշված հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Բայց որո՞նք են այդ փոփոխությունները:

Ստորև փորձենք պատասխանել այդ հարցին և հետևություններ անել։

  1. Հայաստանի Հանրապետությունում, ըստ էության, փոխվել է վերաբերմունքը ռուսական երաշխիքներ կամ ռուսական անվտանգային ճարտարապետություն հասկացության նկատմամբ[20]։ Այս հասկացությունները ՀՀ քաղաքական ընտրանու մոտ ստեղծել էին Թուրքիայից պատնեշ ունենալու մտավոր կոնստրուկտ[21]։ Ասել է, թե Թուրքիան իրական վտանգ չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ՀՀ-ն պաշտպանված է ռուսական երաշխիքներով։ Այս մտավոր կոնստրուկտը, սակայն, քանդվեց նախ 44-օրյա պատերազմի, ապա 2021, 2022 թվականների ընթացքում Հայաստանի տարածքում գրանցված ռազմագործողությունների և ուկրաինական պատերազմի հետևանքներով[22]։ Եթե առաջիններում ՀՀ-ն չտեսավ Ռուսաստանի ցանկությունը՝ միջամտելու կոնֆլիկտին, որտեղ առնվազն բավականին էական էր Թուրքիայի մասնակցությունը, ապա Ուկրաինայում երևաց Ռուսաստանի անկարողությունը[23]։ Այսպիսով, անկախությունից ի վեր, իսկ գուցե նաև ընդհանրապես առաջին անգամ ՀՀ քաղաքական ընտրանին խնդիր ունի առերեսվելու Թուրքիայի հետ առանց պատնեշի՝ հաշվի առնելով նաև, որ Թուրքիայի հետ սահմանը ՀՀ մայրաքաղաքից հեռու է ընդամենը 60 կմ-ով։
  2. Հայաստանի Հանրապետությունում ավելի ու ավելի են ընկալում Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Անշուշտ, Թուրքիայի ազդեցության աճը Հարավային Կովկասում և ընդհանրապես սևծովյան ավազանում նոր երևույթ չէ. Վրաստանում և Ադրբեջանում դա տեղի է ունենում առնվազն մեկ տասնամյակից ավել, սակայն նոր են սրա ընկալումն ու այս փաստի հետ առերեսման բավարար կամքը ՀՀ-ում[24]։
  3. Ռուս-թուրքական հարաբերությունների հատվածական ջերմացման ու տարբեր հարթակներում համատեղ աշխատանքի ռեժիմին անցնելու ֆոնին[25][26][27] ՀՀ-ում ձևավորվել է գիտակցում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ցուցաբերի առավել մանևրական արտաքին քաղաքականություն, պետք է խուսափի Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև մրցակցության ու փոխհակազդեցության և/կամ դաշնակցային ու փոխզիջումային հարաբերությունների հաստատման թատերաբեմ դառնալուց կամ այդ գործընթացում գործիքայնացվելուց[28]։ Ձևավորվում է գիտակցում, որ ՀՀ-ի համար խիստ վտանգավոր է ՌԴ-ի և Թուրքիայի հակամարտ և/կամ դաշնակցային հարաբերությունների թատերաբեմ կամ գործիք հանդիսանալը։ Այս գիտակցումն ամրացնում է հատկապես այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առկա հավաքական և երկկողմ անվտանգության մեխանիզմների անաշխատունակության ներկա տրամաբանությունն[29] առավել ակտուալ է դարձնում ՀՀ անվտանգային սպառնալիքները։ Ձևավորվել է գիտակցում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է տարբերակի տարածաշրջանում այս երկու պետությունների ազդեցության ու կարողությունների ինչպես ներքին հավասարակշռման, այնպես էլ արտաքին զսպման կարևորությունը։ Սրվել է ընկալումը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի դուրս գալ երկու պետությունների հարաբերությունների հակամարտ և/կամ դաշնակցային տրամաբանության անմիջական և անհավասարակաշռված ազդեցության գոտուց, ձերբազատվի դրա միջոց լինելու կարգավիճակից և նվազագույնի հասցնի բոլոր այն գործոնները, որոնք հնարավոր են դարձնում վերոնշյալ վտանգների բացազատումը ՀՀ տարածքում[30]։
  4. Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խոչընդոտը մշտապես եղել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ադրբեջանը մշտապես կարողացել է չեզոքացնել ՀՀ-Թուրքիա կարգավորման հնարավորությունը՝ Թուրքիային փոխարենը առաջարկելով շատ ավելի էական տնտեսական «կալորիաներ», քան անգամ տեսականորեն կարող էր ապահովել ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը[31][32][33]։ Թուրքիան, տարածաշրջանում իր ազդեցության պրոյեկտման հիմնական գործոն համարելով Ադրբեջանը, միշտ գերադասում էր չվնասել վերջինիս հետ իր հարաբերությունները։ 44-օրյա պատերազմից հետո, սակայն, Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան կարգավորման տեսական հնարավորություն է ստեղծվել։ Ըստ էության, ՀՀ-Թուրքիա կարգավորման մեջ առկա որոշակի ձեռքբերումները պետք է դիտարկել ՀՀ-Ադրբեջան կարգավորման ճանապարհին առկա ձեռքբերումների հետ մեկ հարթության մեջ, դրանք աննշան շեղմամբ ընթանում են սինխրոն։ Կարելի է անգամ սա ձևակերպել որպես կոալիցիոն կարգավորում։ Այսինքն՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը արդյունք է նաև ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի, ընթանում է դրա հետ բավականին սինխրոն և, ըստ էության, ի դեմս երկրորդի՝ ունի քաղաքական առաստաղ։ Չի կարող տեղի ունենալ ՀՀ-Թուրքիա ամբողջական կարգավորում առանց ՀՀ-Ադրբեջան քիչ թե շատ ամբողջական կարգավորման։ Այս ամենի մեջ ամենամեծ խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ կարգավորումը գործնականում նշանակում է Ադրբեջանի բոլոր պահանջների կատարում, իսկ  Ադրբեջանի պահանջները կայուն չեն, դրանք հետզհետե դառնում են սողացող և ավելի ու ավելի մեծ[34][35][36]։

Այսպիսով, պատմական հնարավորությունը, որի մասին հաճախ խոսում են, հետևանք է ոչ թե եղած տարաձայնությունների հաղթահարման, այլ կողմերից մեկի, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ռազմական մեքենայի՝ մարտի դաշտում ջախջախման, դրա բազմաշերտ անվտանգային ճարտարապետության փլուզման ու տարիներ շարունակ հռչակված կարմիր գծերի լղոզման։ Այս ամենն իր հերթին բերել է ՀՀ իշխանությունների կողմից լրջագույն զիջումների պատրաստակամության, և հենց այդ ճարահատյալ պատրաստակամությունն է այն պատմական հնարավորությունը, որի մասին խոսվում է։ Սա իր հերթին չպետք է ստվերի այս կարգավորումների նշանակությունը, հակառակը, վերոնշյալ խնդիրների ֆոնին առավել վտանգավոր են դառնում կարգավորումների այլընտրանքները։

Շահագրգիռ կողմերը

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես աջակցել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, ավելին, հատուկ բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ տարածքում: Սա իր հերթին հիմք է հանդիսացել պնդումնների համար, թե Ռուսաստանն իրապես կողմնակից է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի։ Մինչդեռ, կարծում եմ, մշտապես պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության և ՀՀ-ի վրա ազդեցության կարևորագույն խարիսխներից մեկը Հայաստանի Հանրապետության համար Թուրքիայի դեմ պատնեշի դերն է։ Եթե կարգավորվում են ՀՀ-Թուրքիա հարաբերությունները, ապա խոշոր հաշվով Ռուսաստանի ազդեցության նվազեցման ճանապարհին ռուսական հիբրիդային զինանոցում առկա բոլոր միջոցները միջնաժամկետ կտրվածքում հաղթահարելի են դառնում հայկական կողմի համար։

ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում երկրաչափորեն հակառակն է։ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մշտապես եղել է ԱՄՆ տարածաշրջանային կարևոր նպատակներից մեկը (որոշ փուլերում՝ անգամ առաջնահերթություններից)։ Այս մոտեցման գլխավոր հիմքը հենց այն գիտակցումն է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը էականորեն նվազեցնելու է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Սրանով հանդերձ՝ կարծում եմ, որ չի կարելի բացարձականացնել թե՛ ԱՄՆ,  թե՛ Ռուսաստանի դերը՝ թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցությունների հնարավորություններով։ Բանակցությունների հաջողությունը և անհաջողությունն առաջին հերթին, բնականաբար, կախված են պայմանավորվող կողմերից և հատկապես նրանցից առավել հզորից։ Միևնույն ժամանակ ասվածը չի նշանակում, թե հնարավոր է և կարելի է անտեսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի դերը այս գործընթացում: Սա նույնպես կլինի մեծագույն բացթողում։ ԵՄ դիրքորոշումն այս հարցում գրեթե նույնական է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, սակայն էականորեն նվազ են դրա դերն ու նշանակությունը։

ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում մի շարք, այդ թվում և՛ տարածաշրջանային, և՛ հայ ժողովրդի կողմից բարեկամ համարվող պետություններ ունեն իրենց հետաքրքրություններն ու շահերը, և դրանք միշտ չէ, որ համընկնում են կարգավորման տրամաբանությանը։ Երբ սրա հետ համադրում ենք այն փաստը, որ անգամ ԱՄՆ դերը միայն խիստ սահմանափակ ու օժանդակող կարող է լինել, պատկեր է ստեղծվում, որ հարցի միջազգայնացումը և հավելյալ դերակատարների ներգրավումը կա՛մ գրեթե ազդեցություն չի ունենում, կա՛մ կարող է անգամ վնասակար ազդեցություն ունենալ։ Այդ իսկ պատճառով հեռանկարային կլինի ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հավելյալ չծանրացնել միջազգայնացման ալիքներով՝ չհաշված որոշ բացառություններ։

ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի խնդիրները և դրանց պատճառները

ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում արդեն իսկ նշմարելի են որոշ խնդիրներ։

  • Դանդաղաշարժություն – պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը տեղի է ունենում կա՛մ չափազանց դանդաղ, կա՛մ ընդհանրապես տեղի չի ունենում։ Այս դանդաղաշարժության համար, իհարկե, հնարավոր է գտնել հարյուրավոր պատճառներ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ կա միայն մեկ լուծում՝ քաղաքական կամք։
  • Անկայունություն – խնդիր է նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների և մեկնարկած գործընթացների չեղարկումը և հեռանկարում կայունության բացակայությունը։ Սրա լավագույն օրինակն է մեկ օրում Թուրքիայի օդային տարածքի փակումը հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի համար։ Այսինքն՝ մեկ օրում չեղարկվեց այն եզակի պայմանավորվածություններից մեկը, որը հաջողվել էր իրականություն դարձնել բանակցությունների ընթացքում։ Սա իր հերթին հարցեր է առաջացնում ընդհանրապես գործընթացի կայունության և հեռանկարայնության վերաբերյալ։
  • Ոչ արդյունավետ իմպլեմենտացիա – կան խնդիրներ  կայացված որոշումները, համաձայնեցված պայմանավորվածությունները իրագործելու՝ կայուն իմպլեմենտացնելու տեսանկյունից: Դրանք կա՛մ չեն իրագործվում, ինչպես, օրինակ, ՀՀ-Թուրքիա սահմանի բացման հարցում, կա՛մ մնում են տեսական դաշտում, ինչպես, օրինակ, օդային բեռնափոխադրումների հարցում, կա՛մ առաջին փուլից հետո հետընթաց են ապրում, ինչպես, օրինակ, հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքի փակման հարցում։
  • Անհավասարակշռված արտաքին քաղաքականություն–Թուրքիայի կողմից ծայրահեղ ադրբեջանամետ քաղաքականությունը և առանց անգամ երկրորդ կողմի հետ քննարկումներ անցկացնելու եզրակացությունների և գործողությունների իրացումը ընդհանրապես համադրելի չեն գործընթացի ողջ փիլիսոփայության հետ։ Որոշ վերապահումներով հանդերձ՝ ինչ-որ չափով նմանապես կարելի է վերլուծել Հայաստանի Հանրապետության կողմից ռուս-թուրքական հարաբերություններում ավանդաբար ունեցած դիրքորոշումները։ Այսինքն՝ քանի դեռ կողմերը չեն փորձում հավասարակշռել իրենց արտաքին քաղաքականությունները միմյանց հետ, ինչպես նաև  միմյանց քաղաքական հակառակորդների հետ, այս գործընթացը և դրա հնարավոր արդյունքները մշտապես գտնվում են սպառնալիքի տակ։ Բացի դրանից՝ հարկ է նշել, որ նման անհավասարակշռված արտաքին քաղաքականությունը վնասում է նաև կողմերի դիրքերը, օրինակ՝ Թուրքիան Հարավային Կովկասում ներկայություն է ստանում միայն երկու պետությունում՝ դրանով իսկ զիջելով իր հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցներին։
  • Առաջնահերթության կարգավիճակի բացակայություն–Թուրքիայի քաղաքական ընտրանին այլևս չի վերաբերվում կարգավորման գործընթացին որպես քաղաքական առաջնահերթություններից մեկի։ Սա քաղաքական կամքի խնդրի հետ միասին առաջացնում է գործընթացի ստագնացիայի ռիսկ։ Եթե գործընթացը համարվի առաջնահերթություն, և լինի բավարար քաղաքական կամք, ապա, ինչպես, օրինակ, պնդում են թուրք դիվանագետներն ու փորձագետները մասնավոր զրույցներում, ՀՀ-Թուրքիա սահմանի բացման աշխատանքները Թուրքիայի մասով կարող են իրականացվել և ավարտվել երկու շաբաթում։
  • «More for more» սկզբունքի բացակայություն։ Թուրքական դիրքորոշումը Ադրբեջանին ՀՀ զիջումների հարցում բավականին առավելապաշտական է և չի արձագանքում հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա շարժերին, չի առաջարկում ավելին ավելիի փոխարեն կամ քայլ քայլի դիմաց։ Պետք է հաշվի առնել, որ պարտված և քաղաքականապես տկարացած ՀՀ իշխանությունն ունի սահմանափակումներ միակողմանի զիջումների գնալու ճանապարհին, հատկապես եթե դրանք չեն ստանում ժամանակին և համարժեք պատասխաններ թուրքական կողմից։
  • Հատկապես միջին և ցածր օղակներում խնդիր է պատմական ահռելի բեռը, որ կողմերն ունեն միմյանց նկատմամբ ձևավորված նարատիվներում և վերաբերմունքում։ Հայ իրականության մեջ դա Ցեղասպանության տրավման է, իսկ թուրքականում՝ հայկական «անջատողականության», «դավաճանության» ու  այսպես կոչված «հայկական տեռորի» նարատիվները։
  • Կոնկրետ մի փուլում խնդիր էր նաև Թուրքիայում ընտրությունների գործընթացը և այդ փուլում ազգայնական սեգմենտի դերը, որը տեսականորեն ստիպում էր թուրքական իշխանություններին առավել անզիջում դիրք գրավել Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունիում։ Սակայն այս պատճառը, եթե այն իրապես պատճառ էր, այլ ոչ թե առիթ, պետք է հաղթահարելի լինի ընտրական փուլից դուրս գալուն զուգահեռ։

Նշված խնդիրների պատճառները բազմաթիվ են, սակայն ներկա փուլում դրանցից առաջնայինը Հայաստանի Հանրապետության հետ կարգավորման գործընթացի կոալիցիոն բնույթն է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Թուրքիան թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական հարթություններում անհամեմատ ավելի կարևոր գործընկեր է համարում Ադրբեջանին, ու սա բերում է մի իրավիճակ, որում կիրառելի է հայտնի թևավոր խոսքը՝ «Պոչը խաղացնում է շանը»։

Երկրորդը, անշուշտ, գործընթացի կարևորությունն է՝ արդյունքի հետ համեմատած՝ գործընթացն ամեն ինչ է, արդյունքը՝ ոչինչ սկզբունքով։ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը գործիք է Ադրբեջան-Թուրքիա, Արևմուտք-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա, ՀՀ-Թուրքիա հարաբերություններում։ Գործիք, որից Թուրքիան հայտնի չափով կզրկվի կարգավորման հաջողման դեպքում։ Բացի դրանից՝ կարգավորման գործընթացը և դրա արդյունքը նույնական չեն ընկալվում երկու հասարակություններում․ այստեղ արդյունքը բախվում է որոշ հոգեբանական պատնեշների։

Խնդիրների երրորդ պատճառ պետք է համարել Անկարայում և Մոսկվայում շրջանառվող ռուս-թուրքական «համատիրության» գաղափարն ինչպես սևծովյան տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Կովկասում, որտեղ այս երկու տերությունները հակամարտության և/կամ համագործակցության արդյունքում կիսում են միմյանց միջև տարածաշրջաններն ու պետությունները։ Վերջին նման «բաժանման» գործընթաց կարելի է համարել 44-օրյա պատերազմը, որի արդյունքում ստեղծված ճարտարապետության մեջ Թուրքիան ոչ միայն ունի իր դերը, այլ նաև՝ պարտավորությունները։ Այդ ճարտարապետությունը հնարավոր է, եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետության համար, ի դեմս Թուրքիայի,  կա սպառնալիք, որից իր հերթին անհրաժեշտ է անվտանգային երաշխիք՝ ռուսական երաշխիք։ Այս ճարտարապետությունը ձեռնտու է երկու տերություններին էլ, քանի որ տարածաշրջանից դուրս է թողնում Արևմուտքը և ավելի կառավարելի, կանխատեսելի ու նվազ մանևրական է դարձնում տեղի պետություններին, ի մասնավորի՝ Հայաստանին։ Նույն «համատիրության» գաղափարի մեկ այլ օրինակ որոշ վերապահումներով կարելի է համարել 3+3 ձևաչափը։

Չորրորդ պատճառը Հայաստանին հատկացված դերն է Թուրքիայի ռազմաքաղաքական ընտրանու ծրագրանպատակային դաշտում։ Ավանդաբար այդ դերը թշնամական է, և ամենից կարևոր փոփոխությունն այժմ պետք է լինի հենց այս հարցում։

Եզրակացություն և առաջարկություններ

ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մոտեցել է կարևոր ջրբաժանի՝ կա՛մ կողմերը կարողանում են հասնել արդեն իսկ առկա համաձայնությունների կատարմանն ու շարժվել առաջ դեպի ամբողջական կարգավորում, կա՛մ գործընթացը գնում է լճացման ճանապարհով։ Լճացած գործընթացն իր հերթին ձեռնտու է Թուրքիային և դրա կառավարությանը։ Կարգավորման գործընթացը ստեղծում է Թուրքիայի համար որոշակի դրական իմիջ և է՛լ ավելի է կարևորում Թուրքիայի դերը, հատկապես Արևմուտքում։ Երկրի ներսում գործընթացը մի կողմից ձևավորում է խաղաղասեր, հարաբերություններ կարգավորող կառավարության իմիջ՝ ապահովելով չափավորների աջակցությունը, մյուս կողմից առանց վերջնական կարգավորման, առանց փաստաթղթի թուրքական կառավարությունը չի կորցնում նաև ազգայնականների աջակցությունը։ Բայց Հայաստանի Հանրապետության համար նման հեռանկարը շահավետ չէ և ստիպելու է փակել կարգավորման գործընթացի նաև այս փուլը։ Այս պահի դրությամբ գնդակը թուրքական կողմի դաշտում է, և գործընթացի առաջընթացը հնարավոր է միայն առկա պայմանավորվածությունների կայացման դեպքում։

Գործնականում Թուրքիան կախվածություն չունի այն զիջումներից, որոնք նա պահանջում է ՀՀ-ից Ադրբեջանի օգտին։ Այդ զիջումները թեպետ հարաբերակցվում են տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական ու քաղաքական ազդեցության հետ, բայց հայկական կողմի հետ լուրջ աշխատանքի պարագայում նշված ազդեցությունը հնարավոր է նաև առանց այդ զիջումների։ Ուստի այս պահանջի մեջ կա նաև Թուրքիայում իշխող կուսակցության և մարդկանց էմոցիոնալ մոտեցումների չափաբաժին։ Աշխարհի չափ հին է այն պարզ ճշմարտությունը, որ չեն կարող երկու, այն էլ մեծ և փոքր պետությունների շահերն ամբողջությամբ և ամեն ինչում համընկնել: Ուստի եթե Թուրքիայում իշխող ուժի էմոցիոնալ, առավելապաշտական ու անզիջում վերաբերմունքը շարունակի պահպանվել, ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շարունակությունը պետք կլինի հետաձգել մինչև Թուրքիայում կձևավորվի իշխանություն, որը պատրաստ կլինի առերեսվելու այն պարզ ճշմարտությանը, որ Հարավային Կովկասում հնարավոր չէ ունենալ Ռուսաստանի կամ նույնիսկ Իրանի չափ ազդեցություն՝ առանց տարածաշրջանի բոլոր երեք պետությունների հետ ինչ-որ մակարդակի ձևավորված հարաբերությունների և երկխոսության։

Հաշվի առնելով վերոգրյալն՝ առաջարկում եմ.

  1. Թուրքիայի և կարգավորման գործընթացով շահագրգգռված բոլոր կողմերի հետ հնարավորինս հստակ կոմունիկացնել իրավիճակի առկա գնահատականները և ՀՀ տեսակետները։ ՀՀ դիրքորոշումները պետք է մշտապես լինեն բաց, թափանցիկ, կանխատեսելի ու հստակ։ ՀՀ-ն պետք է շարունակի ձգտել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ամբողջական կարգավորմանը և դիվանագիտական ու առևտրատնտեսական հարաբերությունների հաստատմանը, ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանը։
  2. Առկա պայմանավորվածությունների կատարման դեպքում քննարկել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման հնարավորությունը, ընդ որում՝ առնվազն առաջին փուլում ցանկալի չէ դեսպանատները հիմնել ռեզիդենտության ձևաչափով։
  3. Փոխվստահության ու տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է երկրների ղեկավարների, ԱԳՆ-ների և այլ շահագրգիռ գերատեսչությունների միջև ձևավորել կապի ուղիղ ալիքներ։
  4. Առկա պայմանավորվածությունների կատարման դեպքում հաջորդ հանդիպումներն անհրաժեշտ է իրականացել Հայաստանի ու Թուրքիայի տարածքներում կամ սահմանին։
  5. Լիարժեք պատրաստության բերել Մարգարայի կամուրջը, դրան տանող ենթակառուցվածքներն ու սահմանային և անցագրային վերահսկողության ամբողջ ենթակառուցվածքը, այնուհետև կազմակերպել «միակողմանի բացման» միջոցառում և տեղական ու արտասահմանյան ԶԼՄ-ների մասնակցությամբ լայնորեն և բավականին հստակ լուսաբանել հայկական կողմի ամբողջական պատրաստակամությունը:
  6. Առկախել օժանդակ սիմվոլիկ աշխատանքների մեկնարկը (ինչպիսիք են Անիի պատմական կամրջի վերանորոգման աշխատանքները), քանի դեռ հանգուցալուծում չի ստացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար բացելու հարցը։ Տվյալ իրավիճակում անհամեմատ ավելի կարևոր է բանակցությունների բովանդակային հատվածի՝ սահմանի բացման վրա սևեռել ամբողջ ուշադրությունը, քան զբաղվել սիմվոլիկ քայլերով, որոնք կարող են մեղմել կամ լղոզել պատկերը։
  7. Զգուշանալ 2-րդ «թրեք»-ի[37] գործիքայնացումից։ 2-րդ թրեքը իմաստալից կլինի միայն այն դեպքում, երբ կլինի հարաբերությունների կարգավորման գործընթացի արդեն աշխատող ճանապարհային քարտեզ, որի կետերը ոչ միայն կհամաձայնեցվեն, այլ նաև կիմպլեմենտացվեն, հակառակ պարագայում 2-րդ թրեքի գործընթացներն ու ակտիվությունը կարող են գործիքայնացվել՝ եղած լճացած պատկերը մեղմելու ու լղոզելու նպատակով։
  8. Հնարավորության դեպքում միջազգային հարթակներում աջակցել թուրքական վարչակազմի ջանքերին, այն դեպքերում, երբ դրանք չեն հակադրվում ՀՀ շահերին, միևնույն ժամանակ, ըստ անհրաժեշտության, շարունակել ցուցաբերել Թուրքիային մարդասիրական և մասնագիտական օգնություն աղետների հետևանքների հաղթահարման ուղղությամբ։
  9. Եթե մինչև 2023 թվականի ամառվա վերջ չիրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հատկապես սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների համար բացելու վերաբերյալ կետը, ապա անհրաժեշտ կլինի կազմակերպել կարգավորման գործընթացում ՀՀ մասնակցության հարցը վերանայելու նպատակով խորհրդարանական լսումներ և հանրային քննարկումներ։
  10. Հայաստանի Հանրապետությունը, ի հակադրություն 3+3 ձևաչափի, պետք է ձգտի հնարավորինս ներառական, համագործակցային, բաց կառուցվածք և կանխատեսելի գործընթացներ ապահովող տարածաշրջանային հարաբերությունների ձևավորմանը, որոնք համադրված ներքին դիմակայունության ու ինքնապաշտպանական կարողությունների ավելացման հետ, հնարավորություն կտան ապահովելու երկրի առավել մանևրային արտաքին քաղաքականությունը՝ առանց փակ տարածաշրջայնացման գործընթացների և/կամ տարածաշրջանային հարցերի ու խնդիրների լուծման ներտարածաշրջանային ձևաչափերի։
  11. Քանի որ բազմիցս նշվեց, որ ՀՀ-Թուրքիա ամբողջական կարգավորումը հնարավոր է միայն ՀՀ-Ադրբեջան կարգավորմանը զուգահեռ, կարևոր է արձանագրել, որ վերջինս պետք է առաջ մղվի արժանապատիվ  համակեցության շրջանակներում՝ ուժի, ուժի սպառնալիքի կիրառման բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելու, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների փոխադարձ ճանաչման հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի Ադրբեջանի հետ իր սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքների ավարտմանը։ Այդ գործընթացները պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով միջազգային իրավապայմանագրային ակտերը, բնակավայրերի անվտանգային հիմնարար կարիքները, ռելիեֆի առանձնահատկությունները, մարդու իրավունքները, ՀՀ և հարևան պետությունների օրինական շահերը։
  12. Աջակցել Հայաստանում սկիզբ առած մտավոր «հեղափոխությանը», որի հիմնական արդյունք կարելի է համարել այն գաղափարը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ցուցաբերի առավել մանևրական արտաքին քաղաքականություն, պետք է խուսափի Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև մրցակցության ու փոխհակազդեցության և/կամ դաշնակցային ու փոխզիջումային հարաբերությունների հաստատման թատերաբեմ դառնալուց կամ այդ գործընթացում գործիքայնացվելուց։ Հայաստանի Հանրապետությունը պետք է տարբերակի տարածաշրջանում այս երկու պետությունների ազդեցության ու կարողությունների ինչպես ներքին հավասարակշռման, այնպես էլ արտաքին զսպման կարևորությունը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի դուրս գալ երկու պետությունների հարաբերությունների հակամարտ և/կամ դաշնակցային տրամաբանության անմիջական ազդեցության գոտուց, ձերբազատվի դրա միջոց լինելու կարգավիճակից և նվազագույնի հասցնի բոլոր այն գործոնները, որոնք հնարավոր են դարձնում վերոնշյալ վտանգների բացազատումը ՀՀ տարածքում։

 

Հոդվածի բովանդակության համար բացառապես պատասխանատու է հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները:


[1] ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, https://www.mfa.am/hy/bilateral-relations/tr

[3] ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պատասխանը ԶԼՄ հարցումներին, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2023/01/06/ps_comment/11805

[5] «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույց, https://www.gov.am/files/docs/5274.pdf

[6] ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, https://www.mfa.am/hy/press-releases/2022/03/12/Armenia_Turkey/11344

[7] Acts of normality: The potential for Turkey-Armenia rapprochement, https://ecfr.eu/publication/acts-of-normality-the-potential-for-turkey-armenia-rapprochement/

[8] ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Պրահա, https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2022/10/06/Nikol-Pashinyan-visiting-Praha/

[9] Էրդողանը վերստին պայման է առաջադրում Հայաստան-Թուրքիա կարգավորման համար, https://www.azatutyun.am/a/32123984.html

[10] Establishing Zangezur corridor will strengthen Ankara-Baku ties: Turkish president, https://www.aa.com.tr/en/politics/establishing-zangezur-corridor-will-strengthen-ankara-baku-ties-turkish-president/2921304

[11] Armenia-Turkey border opens for earthquake aid delivery, https://eurasianet.org/armenia-turkey-border-opens-for-earthquake-aid-delivery

[13]Acts of normality: The potential for Turkey-Armenia rapprochement, https://ecfr.eu/publication/acts-of-normality-the-potential-for-turkey-armenia-rapprochement/

[15] Ես, ըստ անհրաժեշտության, խոսում եմ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ. Ռուբեն Ռուբինյան, https://factor.am/661481.html

[16] Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/06/28/Nikol-Pashinyan-Telephone-Conversation/

[17] Confidence-building measures towards normalization should continue: Türkiye tells Armenia, https://www.aa.com.tr/en/politics/confidence-building-measures-towards-normalization-should-continue-turkiye-tells-armenia/2932939

[18] ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունները, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2022/04/15/comment_15.04/11405

[19] Հայաստանի և Թուրքիայի գործող և նախկին պաշտոնյաների ու մասնագետների հետ անցկացված խորհրդապահական հանդիպումների և քննարկումների շարք, ժամանակահատված՝ 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հուլիս, անձնական արխիվ։

[20] Public Opinion Survey: Residents of Armenia | January-March 2023, https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-of-armenia-january-march-2023/

[21] Խորհրդարանը վավերացրեց ռուսական ռազմաբազայի մասին արձանագրությունը, https://www.azatutyun.am/a/3555167.html

[22] Pashinyan says Russian military presence “threatens Armenia’s security”, https://rb.gy/kemc4

[23] Disappointed in Russia: Armenia's security disillusionment, https://ge.boell.org/en/2022/11/01/disappointed-russia-armenias-security-disillusionment

[26] Seeking ‘Axis of Good’ Against U.S., Russia Taps Allies of Convenience, https://www.nytimes.com/2022/07/20/world/europe/russia-turkey-iran-axis.html

[27] Turkey’s Balancing Act Between Putin and the West, https://foreignpolicy.com/2023/03/06/turkey-elections-russia-erdogan-putin-nato/

[28] Ռուս-թուրքական վանդակ. ներածական բանախոսություն [ Վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան ], https://infocom.am/hy/Article/78085

[29] Է․ Աբրահամյան, Ա․ Քոչինյան, Ա․ Ներզեթյան, Ա․ Մարգարյան, ՀՀ անվտանգային համակարգի սահմանափակումնները և դրանց հաղթահարման հնարավորությունները, 2022, Վանաձոր, https://hcav.am/wp-content/uploads/2023/02/USA_Armenia-CSTO-Armenia-Eng…

[30] Հայաստանի և Թուրքիայի գործող և նախկին պաշտոնյաների ու մասնագետների հետ անցկացված խորհրդապահական հանդիպումների և քննարկումների շարք, ժամանակահատված՝ 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի հուլիս, անձնական արխիվ։

[31] Armenia, Azerbaijan, and Georgia: Political Developments and Implications for U.S. Interests, Jim Nichol, 2011

[32] The Role of Azerbaijani Investments to Turkish Energy Sector in Economic Collaboration of These Countries, Elchin Suleymanov, Hasanov Fakhri, 2013

[34] Present-day Armenia located in ancient Azerbaijani lands - Ilham Aliyev, https://web.archive.org/web/20150721150915/http://www.news.az/articles/24723

[35] Ильхам Алиев назвал стратегической целью азербайджанцев "возвращение" Еревана, https://www.interfax.ru/world/599092

[37] Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագետների և հիմնական բանակցային գործընթացին աջակցող այլ միավորների երկխոսություն։