Երևանի շրջակա միջավայրն ու ավագանու ընտրությունները

Հոդվածն անդրադառնում է ՀՀ մայրաքաղաք Երևանի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև նրան, թե ինչպես են Երևանի ավագանու ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերը պատկերացնում դրանց լուծումները։

Yerevan Municipality

2023 թ․-ի սեպտեմբերի 17-ի կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրապայքարի մեջ էին մտել 14 քաղաքական ուժ, այդ թվում՝ 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Երևանում այս ընտրություններն արդեն երրորդ անգամ անցկացվեցին համամասնական ընտրակարգով։

Երևանում ապրում է ՀՀ բնակչության գրեթե 1/3-ը, հետևաբար այս քաղաքում խնդիրները շատ են։ Երևանի էկոլոգիական խնդիրների մասին գրեթե ամենօրյա ռեժիմով ահազանգում են երևանցիները, բնապահպանները։ Իսկ Երևանի էկոլոգիական խնդիրները բազմազան են՝ օդը, ջուրը, աղբահանության ոչ պատշաճ կազմակերպումը, կանաչ տարածքների կրճատումը։

Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մանիթորինգի արդյունքների՝ Երևանի մթնոլորտային օդում փոշու առկայությունը 2023 թ․-ի բոլոր ամիսներին գերազանցել է ՍԹԿ-ն։

Հուլիսին Երևանի մթնոլորտային օդում ՍԹԿ-ն չեն գերազանցել ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները, բայց, համեմատած ՀՀ մյուս քաղաքների հետ, ամենաբարձրն է եղել։

Երևանի մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրներն են՝

  • վառելիքի այրումը (էլեկտրաէներգիայի արտադրություն, տրանսպորտ, արդյունաբերություն և տնային տնտեսություններ),
  • արդյունաբերական արտանետումները,
  • լուծիչների օգտագործումը, օրինակ՝ քիմիական և հանքարդյունաբերության ոլորտում,
  • թափոնների բաց այրումը կամ ինքնայրումը,
  • լեռնային փոշու տարածումը,
  • բույսերից ցնդող օրգանական միացությունների արտանետումները,
  • գյուղատնտեսությունը,
  • աղբահանության ոչ պատշաճ իրականացումը։

Մարդու գործունեության հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել տարատեսակ գազեր և տարբեր չափերի մասնիկներ, որոնք իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ:

2023 թ․-ի մայիսին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ևս մեկ ահազանգ էր, որ աղբավայրերի մոտ գտնվելը բնակավայրերին ռիսկեր է պարունակում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Աղբավայրերում կուտակվող, չտեսակավորված աղբի ինքնայրումից օդ են արտանետվում քաղծկեղածին և այլ տոքսիկ նյութեր, որոնք կարող են առաջացնել տարատեսակ թունավորումներ, ինչպես նաև շնչուղիների տարատեսակ հիվանդություններ։

Աղբի տեսակավորումը և վերամշակումը, ըստ փորձագետների, ամենաարդյունավետ միջոցն է Հայաստանում աղբավայրերի կրճատման, ինչպես նաև մթնոլորտային օդի մաքրության տեսանկյունից։

Իսկ մթնոլորտում առկա փոշու և այլ վտանգավոր գազերի կլանման համար շատ կարևոր է կանաչ տարածքների առկայությունը։ Երևանում կանաչ տարածքների սպանդը սկիզբ է առել դեռ 90-ական թվականներին, երբ լույս ու գազ չլինելու պատճառով մարդիկ սկսեցին ծառեր հատել։ Պետական մակարդակով ծառահատումները սկսվեցին տարբեր շինարարական աշխատանքներ նախաձեռնելու պատրվակով։ Երևանի պատմության անբաժանելի մաս համարվող Դալմայի այգիների հատումը իրականացվեց մաս-մաս, տարբեր շինարարական աշխատանքներ իրականացնելու պատրվակով։

Մինչև 2000 թ.-ը Դալմայի այգիներն ընդգրկված են եղել ՀՀ բնության պետական հուշարձանների ցանկում՝ 790 հա պահպանման տարածքով, որից 533 հա բուն այգու տարածքն էր։ Սակայն 2003 թ.-ին անհասկանալի պատճառներով այգու տարածքից դուրս մնաց 277 հա տարածք։ Մինչև 2004 թ.-ը Դալմայի այգիներին հարող ու այգու մաս կազմող Սարդարի այգին Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցուցակում նույնպես արձանագրված էր որպես պահպանվող հուշարձան, ինչը ենթադրում էր, որ այն պետք է պաշտպանվեր կառուցապատումից։ Սակայն մինչև 2003 թ.-ը այգին արդեն կառուցապատվել էր չորս կողմից, և այգուց մնացել էր միայն մի փոքր հատված։ 2004 թ.-ին ՀՀ կառավարությունը քաղաքապետ Երվանդ Զախարյանի օրոք ընդունեց որոշում, որով նախատեսվում էր Երևանի Դալմայի այգիների 750 հա գոտուց կանաչապատ թողնել միայն 256-ը։ Այդ որոշումով Երևանի քաղաքապետարանին թույլատրվեց վաճառքի հանել Դալմայի այգիների առանձին հատվածներ՝ ոտնահարելով հողօգտագործողների իրավունքները։ Վաճառքի հանված տարածքներում սկսվեցին բետոնապատման աշխատանքներ, իսկ Դալմայի այգիները տարիներ շարունակ մշակած վարձակալողների ձեռքից հողը խլվեց` դեռ պայմանագրերի ժամկետները չլրացած։ Դրանից հետո՝ 2006 թ-ին, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը, հողօգտագործողներին Դալմայի այգիների հողատարածքներից զրկելով, խախտել է վերջիններիս իրավունքները։

2008 թ.-ի հունիսի 11-13-ը Ռիգայում կայացած Օրհուսի կոնֆեդերացիայի նիստում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հրապարակել էր զեկույց, որում անօրինական էր ճանաչել հողօգտագործողների հանդեպ ՀՀ իշխանությունների որդեգրած մոտեցումը։ 2011 թ.-ի հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշինևում տեղի ունեցող ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ կրկին անդրադարձ էր եղել Դալմայի այգիների խնդրին։ Հանձնաժողովը փաստել էր, որ Հայաստանը այգիների մասին որոշմամբ խախտել է Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Նիստին նաև հանձնարարական էր տրվել ՀՀ կառավարությանը՝ իրականացնել մի շարք միջոցառումներ խախտումների վերացման ուղղությամբ։ 2012 թ․ էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել էր «Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը, որով նախատեսվում էր Երևան քաղաքի օղակաձև արագընթաց մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղի կառուցել։ Ավտոմայրուղին անցնելու էր Դալմայի ագիների անտառային ֆոնդի հողերի սահմանով՝ Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հարավ–արևմուտք ընկած տարածքով։ Ավտոմայրուղու կառուցման արդյունքում նշված տարածքում առաջացող 5,3 հա ազատ հողամասը Երևանի քաղաքապետարանը մեկ քառ. մետրը մոտ 70 000 ՀՀ դրամով պետք է վաճառեր «Սահակյանշին» ՓԲԸ-ին, որը պարտավորվում էր 3-7 տարիների ընթացքում կառուցապատել տարածքը։ Այս նախագծին դեմ դուրս եկած բնապահպանները պահանջում էին մերժել նախագիծը, որը խախտում էր ՀՀ Սահմանադրությունը և միջազգային մի շարք կոնվենցիաներ։ Բայց նախագիծը ընդունվեց, և մայրուղին կառուցվեց։ Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից մայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների թվով 9 ուղիների ընդհանուր երկրարությունը՝ 2.2 կմ։ Կանաչապատվել են 5 հա մակերեսով տարածքներ, տնկվել են 2000 հատ դեկորատիվ ծառեր ու թփեր։ Հետագայում որոշում ընդունվեց Դալմայի այգիների տարածքում հիմնել «Հայկական գյուղ»-ը, որը պետք է լիներ Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգային թաղամաս` բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով։ Նախագիծը դեռևս իրականացման փուլին չի հասել։

Մյուս խոշոր կանաչ տարածքը, որը համարվում է Երևանի թոքերը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին է։ Այգին հիմնվել է 1935 թ․-ին՝ Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակներ ներմուծելու, ցուցադրական գիտական հավաքածուներ ստեղծելու, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարվողականությունը բացահայտել և առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներառելու նպատակով։

Քաղաքային պուրակների, մայրուղիների մայթեզրերի ծառերի դերն է մաքրել քաղաքի մթոլորտային օդը, միևնույն ժամանակ մեղմել կլիմայական փոփոխություններով պայմանավորված Երևանում ամեն տարի գրանցվող բարձր ջերմաստիճանը։ Եվ արդեն մի քանի տարի է երևանցիները ահազանգում են ծառերի խորը էտի մասին, որը, ըստ որոշ փորձագետների, ոչ թե խորը էտ է, այլ ծառերի գլխատում։ Ամենավերջին անհանգստությունն էլ 2023 թ․-ի սկզբին էր, երբ սկսեցին հատվել Կասկադի ծառերը՝ սակուրաներով փոխարինվելու համար։ Այս գործողություններից անհանգստացած՝ բնապահպաններն ահազանգում էին, որ հայկական սոսիների, ակացիաների փոխարինումը այլ էկզոտիկ ծառերով այնքան էլ համարժեք չէ, քանի որ նախ ծառերը հարմարված չեն ՀՀ կլիմային, երկրորդն էլ՝ լայն տերևներ չունեն և չեն կարող նույն արդյունավետությամբ փոխարինել լայնատերև ծառերին։ Բնապահպաններն ու կանաչապատման մասնագետները տարբեր հարթակներով առաջարկություններ էին հնչեցնում, որ անհրաժեշտ է քաղաքային ծաղկանոցների միամյա բույսերը փոխարինել բազմամյա ծաղկաթփերով, որոնք տարվա երեք եղանակներին մշտադալար են և ծաղկում են։

Իսկ ի՞նչ ընկալումներ ունեին սեպտեմբերի 17-ի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերը Երևանի էկոլոգիական խնդիրների, շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց բացասական ազդեցությունը բացառելու կամ նվազեցնելու վերաբերյալ։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում միայն ինը քաղաքական ուժ էր ներկայացրել իր նախընտրական ծրագրերը, որոնք իրարից տարբերվում էին ծավալով, կառուցվածքով: Իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ-ի կայքում չէին հրապարակել «Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները։

«Ժողովրդավարական համախմբում»-ը հայտարարել էր, որ Երևանի ավագանու 2023 թ․-ի սեպտեմբերի 17-ի ընտրությունները իրականում ոչ թե քաղաքային ընտրություններ են, այլ քաղաքական․ հետևաբար նրանք մանիպուլյացիա են համարում իրենց մրցակից քաղաքաական ուժերի քաղաքային ծրագրերի ներկայացումը։

«Քանի դեռ յուրաքանաչյուր հայ իր առավոտն սկսում է ոչ թե մտածելով, թե կառուցվե՞ց մետրոյի այս կամ այն կայարանը, կամ նոր ավտոբուս գնվե՞ց, թե՞ ոչ, այլ հեռախոսը ձեռքն է վերցնում, որ իմանա, թե ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց Ժողովրդավարական համախմբում կուսակցության ավագանու թեկնածու Մարինա Մալխասյանը,-ընտրությունները լինելու են քաղաքական»։ Նրա կարծիքով՝ որքան էլ որ առաջին հայացքից Երևանի ավագանու լիազորությունները սահմանափակվում են միայն Երևան քաղաքի խնդիրները լուծելով, այնուամենայնիվ, այս ընտրություններից են կախված ՀՀ-ի և Արցախի ճակատագիրը, իսկ քաղաքային խնդիրները առանց դրանց մասին նախընտրական փուլում խոստումներ տալու էլ կլուծվեն, եթե ավագանու կազմում ընտրվեն կազմակերպչական և կառավարման հմտություններով օժտված մարդիկ, որոնք կկարողանան աշխատել տվյալ ոլորտի մասնագետների հետ։

«Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակը հարցումներ էր ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ պարզելու, թե ինչ լուծումներ են առաջարկում Երևանում առկա էկոլոգիական խնդիրների լուծման համար։ Գրավոր հարցում ուղարկվել էր բոլոր քաղաքական ուժերին։ Արձագանքել էր միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Իրենց նախընտրական ծրագրերում, հանդիպումներում և հարցազրույցներում ավագանու թեկնածուները փորձում էին ներկայացնել իրենց քաղաքական ուժի անելիքները։

«Հանրային ձայն» կուսակցությունը իր նախընտրական ծրագրի առաջին հատվածը նվիրել էր Երևանի էկոհամակարգի վերականգնմանը։ Դրա համար նախատեսում էին համատարած ծառատունկ իրականացնել, Բուսաբանական այգին հիմնովին վերանորոգել և վերականգնել՝ ժամանակակից և ինքնատիպ այգի դարձնելով, հանրային վայրերում ժամանակակից բիոզուգարաններ տեղադրել, շենքրերի բակերի և հարակից տարածքների կանաչապատում իրականացնել, շինարարական փուշու դեմ պայքարի նպատակով ցանկապատել և շինհրապարակը լքելուց առաջ շինտեխնիկայի լվացում իրականացնել, գետերի մաքրման համար հատուկ տեխնիկա ձեռք բերել և այլն։

Տրանսպորտի ոլորտում առաջարկվող բարեփոխումներից կուսակցությունն առաջարկում էր  վերականգնել էլեկտրական տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ տրամվայները, թարմացնել տրոլեյբուսային և ավտոբուսային պարկերը, առանձին երթուղիներ հատկացնել հեծանիվների և սկուտերների համար։ Նախատեսել էին նաև արևային համակարգերի միջոցով փողոցների և կանգառների գիշերային լուսավորում ապահովել, անվճար ավտոկայանատեղիներ հատկացնել հաշմանդամների և տաքսիների համար։ Թեև այս բոլորն էկոլոգիական բաղադրիչ ունեին իրենց մեջ, բայց դրա մասին նշված չէր նրանց նախընտրական ծրագրում։

Աղբահանության ոլորտի խնդիրների լուծումը կուսակցությունը տեսնում էր ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և միջազգային նորմերին համապատասխան կոնկրետ ստանդարտների մշակման և հայկական նորարարական գաղափարների մոդելների գործարկման մեջ։ Նախատեսում էին Նուբարաշենում աղբի վերամշակման գործարան ստեղծել, ավելացնել աղբահանության գործընթացի հաճախականությունը, տուգանքներ սահմանել հասարակական վայրերում աղբի նետման, ինչպես նաև ոչ թույլատրելի վայրերում աղբի կուտակման համար։

 «Ասե՛ք, անե՛նք» կարգախոսով ընտրապայքարի մեջ մտած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իր նախընտրական ծրագիրը սկսել էր հենց տրանսպորտին վերաբերող խնդիրներին ուղղված գործողությունների ներկայացմամբ։ Նրանց կարծիքով անհրաժեշտ էր Երևանի շրջանցիկ ճանապարհների համակարգ ստեղծել, որը հնարավորություն կտա բեռնաթափելու քաղաքը տարանցիկ մեքենաներից։ Քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում մեկ անգամ ևս ամրապնդել էր Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման, մետրոյի Երիտասարդական կայարանի երկրորդ մուտքի կառուցման խոստումները։ Խոստանում էին նաև մշակել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ տանող մետրոյի նախագիծը։ Նախընտրական ծրագրում անդրադարձ էր կատարվել նաև ճոպանուղային տրանսպորտին․ խոստանում էին կառուցել ճոպանուղու ցանց՝ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածից մինչև Նոր Նորքի 2-րդ զանգված և Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծերով։ Ըստ քաղաքական ուժի՝ անհրաժեշտ էր նաև գծանշումները թարմացնել, բայց ոչ թե ներկով, այլ սառը կամ թերմո պլաստիկով, որը, ըստ նրանց, ավելի մնայուն է։ Նրանք էլ տրանսպորտին վերաբերվող բաժնում չէին նշել տրանսպորտի ուղղությամբ բարեփոխումներում էկոլոգիական բաղադրիչը։

Կուսակցությունը կանաչ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և հողերի էրոզիայի կանխման նպատակով առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանի կանաչ տարածքներն ավելացնելու էր՝ այն հասցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներին, որոնց համաձայն՝ մեկ անձին բաժին ընկնող կանաչ տարածքների նվազագույն մակերեսը 9 քմ է։ Դալմայի այգիներում առկա 200 հա-ից ավելի տարածքում հիմնելու էր նոր քաղաքային այգի, բացառելով որևէ կառուցապատում՝ վերականգնելու էր Նորքի անտառները, արդիականացնելու և ընդլայնելու էր այդ տարածքում ոռոգման համակարգը և այլն։ Մթնոլորտային օդի բարելավման նպատակով էլ կուսակցությունը խոստանում էր մինչև 2024 թ.-ի ավարտը բոլոր վարչական շրջաններում տեղադրել օդի որակի մոնիթորինգի երեքական սենսորային սարք, կառուցել շրջանցող ճանապարհներ, էստակադներ, արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչներ տեղադրել մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում, էլեկտրամոբիլների ներմուծման համար հարկային արտոնություններ սահմանել, կանոնակարգել հեծանիվների և էլեկտրական ինքնագլորների ցանցը, մշակել կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր, որով պետք է մինչև 2030 թվականը 30%-ով կրճատվի CO2-ի արտանետումները, շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվական հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծել «Կանաչ զարգացում» տեղեկատվական հարթակը:

«Արդար Հայաստան» կուսակցությունն էլ խոստանում էր Երևանը դարձնել «խելացի», էներգախնայող, էկոլոգիապես մաքուր ու անվտանգ քաղաք, որի համար, նրանց կարծիքով, անհրաժեշտ էր ձևավորել խելացի քաղաքապետարան և կրթել խելացի քաղաքացի։ Նրանք խոստանում էին ներդնել, իրենց կարծիքով, որակապես նոր բնապահպանական հայեցակարգ:

Ըստ կուսակցության  կողմից առաջարկվող ծրագրի՝ Երևանի բոլոր փողոցներում կտեղադրվեին էլեկտրախնայող լամպեր, կստեղծվեին հետիոտնային փողոցներ, հնարավորության դեպքում կլայնացվեին մայթերը՝ հեծանվորդների համար առանձնացված հատվածներով։

Նրանք խոստանում էին Դալմայի այգիներից մնացած 238 հա վերածել խոշոր այգի-անտառի, հիմնել քաղաքային անտառ, ավելացնել բակերում կանաչ տարածքները, ուժեղացնել քաղաքային իշխանության վերահսկողությունը շրջակա միջավայրի՝ օդի, ջրի որակի, կանաչ տարածքների նկատմամբ, կառուցել բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր՝ նպաստելով Երևանի աղբահանության, տեսակավորման և վերամշակման խնդիրների լուծմանը և այլն։

«Հաղթանակ» կուսակցությունը, որն իր նախընտրական ծրագիրն անվանել է Վիկտորի պլան, պնդում է, որ Երևանը կդառնա «մարդամոտ» քաղաք և խոստանում  այնպես անել, որ մարդիկ նախընտրեն քայլել, ոչ թե երթևեկել հասարակական տրանսպորտով կամ իրենց մեքենաներով։ Կուսակցությունը նախատեսում էր Փոքր կենտրոնի միակողմանի փողոցների մայթերը լայնացնել՝ երթևեկելի մասի հաշվին։ Իսկ փողոցների ծանրաբեռնվածության խնդրի լուծման համար այն անհրաժեշտ է համարում, որ քաղաքի որոշ մասերում «երթևեկությունը մտնի գետնի տակ»։

«Երևանցու կամքով՝ հանուն Երևանի» կոչով Երևան քաղաքի ավագանու ընտրապայքարի մեջ մտած «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախընտրական ծրագրի օնլայն տարբերակ հասանելի չէր ընտրողների համար, նրանց ներկայացուցիչները կենդանի խոսքով են իրենց նախընտրական ծրագրերի մասին պատմում երևանցիներին, բայց խոստանում են, որ «կանայք կգան և կկարգավորեն ամեն ինչ»։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունն էլ էր նախատեսում հասարակական փոխադրամիջոցների զանգվածային էլեկտրականացում, որն, ըստ նրանց, Երևանի տրանսպորտային խնդրի համապարփակ լուծումն էր։ Նրանք ևս նախատեսում էին մետրոյի նոր վերգետնյա երթուղիների և կայարանների կառուցում՝ Հրազդանի կիրճով կառուցելով գծեր, որոնք կմիացնեն Դավթաշենի, Կիևյան և Հաղթանակի կամուրջների տարածքները ստեղծելով հանգույցներ, և զարգացնել դրանք դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, Զվարթնոց օդանավակայան, Քանաքեռ, Զեյթուն և Նոր Նորքի զանգվածներ։ Նրանք վստահեցնում էին, որ վերգետնյա մետրոյի նախագծի արժեքն ավելի էժան է և ավելի արագ կկատարվի, քան ստորգետնյա մետրոյինը։ Նախագիծը նախատեսվում էր իրականացնել արտաբյուջետային միջոցներով՝ ստեղծելով բաց բաժնետիրական ընկերություն, որն ընդգրկելու էր քաղաքացիների ավանդների ներդրում՝ եկամտաբեր պետական պարտատոմսերի տեսքով։ Մայրաքաղաքում ողջ երթևեկությունը կառավարվելու էր արհեստական բանականության կիրառմամբ՝ ապահովելով առավելագույն արդյունավետությունը, թափանցիկությունն ու հարմարավետությունը։ Բոլոր կանգառներում տեղադրվելու էին փոխադրամիջոցների ժամանման տեղեկատու վահանակներ։ Մայրաքաղաքի հանրային վայրերում բացվելու էին հնարավորինս շատ ավտոմեքենաների երթևեկությունից բացարձակապես ազատ հետիոտնային գոտիներ և հեծանվային արահետներ։

«Ազգային առաջընթաց» կուսակացությունն էլ իր նախընտրական ծրագիրը սկսել էր աղբահանության և կոշտ թափոնների կառավարմանն ուղղված գործողությունների նկարագրությամբ։ Նախագծում ներկայացված էին թափոնների վտանգները և ռիսկերը։ Կուսակցությունը նախատեսել էր տեսակավորել և վերամշակել աղբը։ Նախընտրական ծրագրում անգամ ներկայացված էր, թե որ թափոնները ինչպես են վերամշակվելու։ Հստակ ներկայացված էին աղբի վերամշակման փուլերը՝ շեշտը դնելով սննդային և սննդամթերքի թափոնների վերամշակման վրա։ ԱԱԿ-ն փորձելու էր տեղայնացնել նաև «չկա աղբանոց, չկա թափոն» կարգախոսը, որին հասնելու հնարավորություններից մեկը շրջանաձև տնտեսության ներդրումն է։

 Նախընտրական ծրագրի երկրորդ մասը նվիրված էր կանաչապատմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Կանաչ տարածքների ավելացումը քաղաքական ուժը համարում էր իր ամենակարևոր անելիքներից մեկը, բայց վստահեցնում էր, որ դա իրականացվելու է միայն գիտականորեն և մասնագետների հետ փոխհամաձայնեցված։ ԱԱԿ-ն արդիականացնելու էր ոռոգման համակարգը, անցում էր կատարելու կաթիլային ոռոգմանը և այլն։ Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված երկարաժամկետ և կարճաժամկետ միջոցառումներում ներառելու էր նաև համագործակցությունը Երևանի հարևան համայնքների ՏԻՄ-երի հետ։ Մայրաքաղաքի և շրջակայքի բաց հանքերի՝ առանց բնապահպանական նորմերի պահպանման շահագործման նկատմամբ սահմանելու էր «կոշտ վերահսկողություն»։  Ինչպես մյուս քաղաքական ուժերը, այս կուսակցությունը ևս խոստանում էր, որ հասարակական տրանսպորտում ներառվելու էին միայն նոր և «կանաչ» շարժակառքեր։ Համաձայն նախընտրական ծրագրի՝ հեծանիվը որպես տրանսպորտային միջոց քաղաքում կիրառելու գործընթացը նոր թափ պետք է ստանար։

Կուսակցությունը խոստանում էր քաղաքի զարգացման բոլոր նախաձեռնություններում կիրառել համալիր մոտեցում՝ դրանցում ներառելով բնապահպանական ազդեցությունը, զարգացնելու էր «մարդ-բնություն» փոխհարաբերությունները խթանող ծրագրերը։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները ևս ժուժկալ էին  էկոլոգիական հայտարարություններ և խոստումներ անելու տեսակետից․ նրանք խոստանում էին վերգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել, հասարակական տրանսպորտը թարմացնել, հնարավորություն տալ ուսանողներին և թոշակառուներին 50% զեղչով օգտվել հասարակական տրանսպորտից և այլն։ Նրանք ևս կարծում էին, որ ճոպանուղին անհրաժեշտ է Երևանին, և պետք է վարականգնել ու ընդլայնել ճոպանուղնու նախկին երթուղիները։ Մյուս քաղաքական ուժերի պես դիտարկում էին աղբի վերամշակման գործարանի կառուցման և կանաչ տարածքների ավելացման անհրաժեշտությունը։

«Էլեկտրականությունը նախընտրող» «Հանրապետություն» կուսակցությունն էլ խոստանում էր, որ հասարակական տրանսպորտի ժամային գրաֆիկը կերկարացվի մինչև ժամը 01։00-ն, կհստակեցվեն և կվերահսկվեն չվացուցակները, կտրուկ կավելացվեն էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները, հարկային բեռից կազատվեն մասնավոր ընկերությունները, որոնք կստանձնեն բազմահարկ ավտոկայանատեղիների կառուցումը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասել է․ «Շատ կարևոր է, որ երևանցիներին չվերաբերվենք, որպես պարզապես սպառողներ։ Յուրաքանչյուր երևանցի պետք է պարտավորված զգա իր և մյուսների առաջ, նա պետք է ապրի Երևանում առանց «Բ պլանի»։

Իսկ այն հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիա ստանալու համար գազ չե՞ն այրելու, կուսակցության պատասխանը հետևյալն էր․ գազի ՕՕԳ-ն հնարավոր է մեծացնել մինչև 80% և ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ․ այս պարագայում կպակասեն նաև արտանետումները։ «Հանրապետություն» կուսակցությունը շրջակա միջավայրի պահպանության համար պատրաստվում էր համագործակցել միջազգային կառույցների հետ, բոլոր քաղաքային նախագծերը գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով, ոռոգումը կազմակերպել կաթիլային և անձրևացման մեթոդներով, խիստ հսկողություն սահմանել (ընդհուպ շինթույլտվությունից զրկում) շինարարական գործընթացների վրա՝ փոշու և այլ արտանետումների նվազեցման համար, հնարավորության դեպքում ասֆալտապատ փողոցները վերափոխել ավելի էկոլոգիականի, «քաղաքային անտառ»-ը վերականգնել։ Այն ևս նախատեսում էր աղբի վերամշակում անել, միջազգային ներդրումների միջոցով վերացնել քաղաքին մոտ գտնվող աղբանոցները, «կրթել» Երևանի բնակիչներին մաքուր քաղաք ունենալու համար և այլն։

Ի տարբերություն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերի, որոնք հայտարարում էին, որ ճոպանուղին կարող է Երևանի համար դառնալ այլընտրանքային և արդյունավետ հասարակական տրանսպորտ, որը կնպաստի քաղաքի ճանապարհների գերծանրաբեռնավածության պարպմանը, մթնոլորտային օդում ածխածնի և այլ վտանգավոր նյութերի քանակի կրճատմանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համարում էր, որ ճոպանուղին չի կարող այլընտրանք լինել Երևանում։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ Երևանի փողոցների ծանրաբեռնվածության խնդիրը հնարավոր է լուծել ոչ թե ինչ-որ վերացական ծրագրերով և «մեգա»նախագծերով, այլ թեթևացնելով կոնկրետ երեք հատվածների՝ Դավթաշենի կամրջի, Հայրենիք կինոթատրոնի խաչմերուկի և Մյասնիկյան պողոտայի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը։ Նա հավաստիացնում էր, որ Դավթաշենի կամուրջը հնարավոր է բեռնաթափել, եթե Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում թեթևացվի ծանրաբեռնվածությունը՝ կառուցելով էստակադային հանգույց։ Նույնպիսի հանգույցի անհրաժեշտություն նա տեսնում է նաև Կինոհայրենիքի խաչմերուկը բեռնաթափելու համար։ Իսկ Մյասնիկյան պողոտայում առաջարկում էր երթևեկությունը կազմակերպել ժամանակակից դարձափոխային երթևեկության համակարգերով, ինչը հնարավորություն կտա խցանումների ժամանակ լրացուցիչ գիծ հատկացնելու ծանրաբեռնված հոսքի համար։

Մթնոլորտային օդում փոշու մակարդակի նվազեցման համար, ըստ քաղաքական ուժի, անհրաժեշտ է ներդնել շինարարական նորմերի սահմանման նոր կարգավորումներ․ այդ թվում՝ շինհրապարակները ծածկել փոշուց պաշտպանող հատուկ ցանցով։ Ըստ Դավիթ Խաժակյանի՝ թեև ընդունում են, որ Երևանում և նրա շրջակայքում գործող գործարանները գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել և նրանց սեփականատերերը բազմաթիվ ներդրումներ են արել, որ եկամուտ ստանան, բայց պետք է քայլ առ քայլ հասնել նրան, որ այդ հանքարդյունաբերական գործարանները այլևս գործունեության ժամկետների երկարացման թույլտվություն չստանան և ի վերջո դադարեն աշխատել։

 «Ապրելու երկիր» կուսակցությունը, որ իր քարոզարշավը սկսել էր մի քանի «մեգա»նախագծերի մասին հայտարարությամբ, իր նախընտրական ծրագիրը ներկայացրել էր աշխատանքային պլանի տեսքով՝ նշելով գործողությունները, ժամկետները և շահառուներին։ Կուսակցությունը խոստանում էր ներդնել խելացի լուսացույցների համակարգ, որի միջոցով հնարավոր էր կառավարել լուսացույցների ազդանշանների տևողությունը՝ հաշվի առնելով մեքենաների թիվը և խցանումների առաջացման հնարավորությունը։ Կուսակցության ներկայացուցիչները համարում էին, որ թվայնացումը, այդ թվում՝ հասարակական տրանսպորտում նավիգացիոն համակարգերի ներդրումը, հնարավորություն կտա իմանալու, թե որ տրասպորտով կարելի է քաղաքի մի վայրից մյուս վայրը հասնել, երբ կժամանի անհրաժեշտ տրանսպորտը և այլն։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ևս համարում էր, որ աղբի վերամշակումից հնարավոր է այլընտրանքային էներգիա ստանալ, որը կկրճատի էլեկտրաէներգիա ստանալու համար բնական գազի սպառումը, որն էլ իր հերթին կնպաստի ածխաթթու գազի արտանետումների քանակի կրճատմանը։ Քաղաքական ուժը խոստանում էր ամեն տարի քաղաքի կանգառների 10%-ում օդի մաքրման կայաններ տեղադրել: Ըստ կուսակցության՝ հանրային տրանսպորտի կանգառների տարածքները օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ ունեցող հատվածներից են, և մարդկային մեծ կուտակումներ ունեցող նման հանրային վայրերում օդի մաքրման կայանների տեղադրումը էականորեն կբարելավի օդի որակը, իսկ կանգառներում սպասող մարդկանց զերծ կպահի կեղտոտ օդի վնասակար ազդեցությունից։ Կուսակցությունը նախատեսում էր նաև քաղաքային պայմաններում հանրայնացնել հեծանվային տեղաշարժը և դրա համար ստեղծել ճանապարհային ցանց։

Բացի կանաչապատում իրականացնելուց` կուսակցության նախընտրական ծրագրում հատուկ տեղ էր հատկացված «կանաչ կրթությանը»։ Ըստ դրա` մարդկանց անհրաժեշտ է «կանաչ կրթություն» տալ դեռ վաղ մանկական տարիքից, ինչպես նաև մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ անդադար մաքրություն են անում, այլ այնտեղ, որտեղ չեն կեղտոտում։ Նրանք մտադիր էին նաև անձրևաջրերը օգտագործել ոռոգման նպատակով։

Հանդես գալով համապետական ծրագրով՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ևս Երևան քաղաքում անհրաժեշտություն էր համարում հանրային տրանսպորտի համակարգի արմատական փոփոխությունը։ Դաշինքի ներկայացուցիչները արմատական փոփոխություններ էին նախատեսում նաև այլ ոլորտներում և բոլոր հարցերի լուծումը նախ և առաջ տեսնում էին իշխանափոխության մեջ։

Աղբահանություն

Եթե հասարակական տրանսպորտի և Երևանի փողոցների ծանրաբեռնվածության վերաբերյալ Երևանի ավագանու թեկնածուները տարաբնույթ ծրագրեր ունեին, ապա աղբահանության կազմակերպման հարցում համարյա նույնակարծիք էին․ պետք է ներդրվի աղբի տեսակավորման և վերամշակման համակարգ։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը առաջարկում էր նաև, որ աղբամշակման գործարանը միացվի Երևանի էներգետիկ համակարգին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կարծիքով պետք էր երկրորդ օպերատոր ևս ներգրավել, ինչը մրցակցություն կապահովեր և կնպաստեր ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությյունն էլ խոստանում էր կոնսերվացնել գործող աղբավայրը, նոր աղբավայր ստեղծել, ինչպես նաև իրականացնել իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ աղբի տեսակավորման մշակույթը կենցաղում ներդնելու ուղղությամբ։ «Հանրային ձայն» կուսակցությունը խոստանում էր ներդնել խստագույն տուգանքի համակարգ՝ հասարակական վայրերում աղբի նետման, ինչպես նաև ոչ թույլատրելի վայրերում աղբի կուտակման համար։ Կուսակցությունը հնարավոր էր համարում նաև Նուբարաշենի աղբավայրի աղբի վերամշակման գործարանում նվազագույնը 200 աշխատատեղ ստեղծելը և նվազագույնը 300.000 դրամ աշխատավարձ սահմանելը։

Որոշ քաղաքական ուժեր էլ իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ էին հատկացրել կոշտ թափոնների կառավարմանը, որոնց առաջացման պատճառներից մեկը մայրաքաղաքում մեծ թափ առած շինարարությունն է։ «Ապրելու երկիր» կուսակցությունը համարում էր, որ աղբի մերամշակումից հնարարվոր էր այլընտրանքային էներգիա ստանալ, որն, ըստ էության, կկրճատեր էլեկտրաէներգիա ստանալու համար բնական գազի սպառումը, ինչն էլ իր հերթին կնպաստեր ածխաթթու գազի արտանետումների քանակի կրճատմանը։ «Ազգային առաջընթաց» կուսկացությունն աղբի տեսակավորումը մեկ այլ տեսանկյունից էլ էր կարևորում։ Այն առաջարկում էր Երևանում ֆերմենտացիոն կայան ստեղծել, որտեղ կվերամշակվեին սննդային թափոններ՝ վերածվելով անասնակերի կամ բիոպարարատանյութի։ Կուսակցությունը փորձելու էր տեղայնացնել նաև «չկա աղբանոց, չկա թափոն» կարգախոսը, որին հասնելու հնարավորություններից մեկը շրջանաձև տնտեսության ներդրումն էր։

 Մթնոլորտային օդ

Ըստ էության, Երևանի ավագանու թեկնածուների առաջարկները աղբահանության և տրանսպորտի խնդիրների լուծման ուղղությամբ Երևանի մթնոլորտային օդի բարելավման նպատակ էին հետապնդում։ Էլեկտրական մեքենաների և շարժակառքերի շահագործումը կնպաստեր մթնոլորտային օդում ծխի և այլ վնասակար, այդ թվում՝ շմոլ գազի քանակության կրճատմանը։ Աղբի, հատկապես սննդամթերքի և սննդային թափոնների վերամշակման շնորհիվ էլ կկրճատվեր մեթանի արտանետման քանակը։

Կանաչապատում կանաչ տարածքների ավելացում

Այս խնդրի շուրջ ևս քաղաքական ուժերը համարյա համակարծիք էին․ Երևանում պետք է մեծացնել կանաչ տարածությունները, վերականգնել և թարմացնել Բուսաբանական այգին և այլն։

 Կարծիքները մի փոքր տարբեր էին կանաչապատման գործընթացներում ծառերի և բուսատեսակների կիրառման տեսանկյունից, բայց բոլոր քաղաքական ուժերն էլ գտնում էին, որ նման կլիմայական փոփոխությունների դարաշրջանում, ահռելի քանակի տեխնիկական միջոցների կիրառման պարագայում կանաչ տարածքները օդ ու ջրի պես անհրաժեշտ են մայրաքաղաքին։ «Հանրապետություն» կուսակցությունը կարևորում էր նաև կլիմայական փոփոխության հարմավողականության տեսանկյունից առաջացած քաղաքային այգիներում և կանաչ տարածքներում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը խոստանում էր, որ իրենց կողմից կանաչապատումն այնպես կարվի, որ կպահպանվի «մշտադալարությունը», ինչպես նաև բուսատեսակների՝ միշտ ծաղկած լինելու հանգամանքը։ Կուսակցության ավագանու անդամի թեկնածու Քրիստինա Վարդանյանի կարծիքով՝ Երևանում արդեն մի քանի տարի շարունակ միամյա ծաղիկներով ծաղկանոցները համալրելը համայնքային բյուջեի միջոցների անիմաստ վատնում է։ Ըստ նրա, Երևանի կլիմայական պայմանները հաշվի առնելով, քաղաքային ծաղկանոցները վարդի թփերով համալրելը, ամենաարդյունավետ միջոցն է։ Վարդի թփերը մինչև ուշ աշուն ծաղիկ են ունենում, դրանք մշակելը հեշտ է, և մեր կլիմայանական պայմանների համար վարդը էկզոտիկ բուսատեսակ չէ։ Նա կարևորում էր նաև լայանտերև, տեղի կլիմայական պայմաններին արդեն վաղուց հարմարված ծառատեսակների միջոցով կանաչապատումը։

Հոդվածի բովանդակության համար բացառապես պատասխանատու է հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները: