2017-ի սեպտեմբերի 28-ին Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակն իր գործընկերների՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (Փինք Արմենիա) և «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունների հետ միասին անցկացրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող` «Հայաստանում և Վրաստանում ԼԳԲՏԻ անձանց համար համերաշխության ցանց» ծրագրի շահառուների ամփոփ հանդիպումը։ Ծրագիրը Հարավային Կովկասի երկու երկրներում իրականացվում էր 2015-ից ի վեր:
Միջոցառմանը բացման խոսք ասաց ԵՄ ծրագրի համակարգող Աննա Նեմսիցվերիձե-Դանիելսը, ով կարճ ակնարկ կատարեց երեք տարիների ընթացքում ծավալված գործունեության և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ: Նա անդրադարձավ գործունեության ուղղություններին, Վրաստանում դրանց զարգացմանը և բացատրեց դրանց հարաբերակցությունը Հայաստանում կազմակերպվող նմանատիպ գործողություններին: Այնուհետև խոսքը փոխանցվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովային, ով վերահաստատեց ԵՄ հանձնառությունը բոլոր խմբերի մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Նվարդ Մարգարյանը՝ Փինք Արմենիայից և Արմինե Կարապետյանը՝ «Հասարակություն առանց բռնության» կազմակերպությունից, խոսեցին «Գիտակցելով Հայաստանում ԼԳՏԲԻ իրավունքները» խորագրով ԼԳՏԲԻ անձանց իրավունքների ուղեցույցային փաստաթղթի լոբբիստական ջանքերի առաջընթացի մասին: Համապարփակ փաստաթուղթը, որը մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության մի շարք առանցքային դերակատարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ԼԳԲՏԻ համայնքի անդամների (որոնք եղել են ռազմավարության նախագծման գործընթացի մասնակիցներ) համակարգված աշխատանքի արդյունք է, 2016-ի դեկտեմբերին ներկայացվեց հասարակության լայն շերտերին: Այն փաստերի վրա հիմնված ռազմավարություն է, որը բխում է 2016 թվականին Փինք Արմենիա և «Հասարակություն առանց բռնության» կազմակերպությունների հրատարակած երկու աննախադեպ ուսումնասիրությունների առաջարկներից և ուսումնասիրում է Հայաստանում հոմո/բի/տրանսֆոբ հասարակության վերաբերմունքը, վերլուծում երկրում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրավական վիճակը:
Ուղեցույցային փաստաթղթի հիման վրա մշակվել են թիրախավորված քաղաքականության ամփոփագրեր և ուղարկվել պետական համապատասխան կառույցներին ու ՔՀԿ-ներին՝ հանդիպումներ ունենալու պաշտոնական խնդրանքով։ Մի շարք հանդիպումներ արդեն իսկ կազմակարպվել են, ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության Առողջապահության և Կրթության նախարարությունների ներկայացուցիչների ու Մարդու իրավուքների պաշտպանի հետ: Յուրաքանչյուր ոլորտի (առողջապահություն, կրթություն, մարդու իրավունքներ) վերաբերյալ մտահոգությունների հատուկ կետեր քննարկվել են թիրախային գերատեսչությունների հետ և տարբեր համաձայնություններ են ձեռք բերվել կառուցողական համագործակցությունը շարունակելու մասին:
Միջոցառման ընթացքում ծրագրի գործընկերները նաև ամփոփ ներկայացրին երկու կազմակերպությունների ծավալած գործունեությունը ծրագրի մեկնարկից ի վեր՝ ներառյալ իրականացրած երկու ուսումնասիրությունները, ռազմավարության/ուղեցույցային փաստաթղթի մշակման գործընթացը, ՔՀԿ-ների, ԼԳՏԲԻ ակտիվիստների, նախաձեռնող խմբերի և լրագրողների համար կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացները, կարողությունների և գիտելիքների զարգացման շրջագայությունները՝ կազմակերպված Թբիլիսիի հայաստանցի շահառուների և Եվրամիության ծրագրի Սարաևոյի թիմի համար, Հայաստանում և Վրաստանում ԼԳԲՏԻ իրավունքների իրավիճակը քննող վավերագրական ֆիլմի մշակումը, ինչպես նաև կարճ տեսանյութերի պատրաստումը, որոնք պատմում են ԼԳԲՏԻ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրների մասին։
Գործընկերներն ընդգծեցին փոքր և միկրո դրամաշնորհային ծրագրերի դրական արդյունքները, որոնք արդեն վերջնական տեսքի են բերվում ավելի մեծ գործողությունների շրջանակներում: Փոքր և միկրո դրամաշնորհների սխեման նպաստեց վերը նշված երկու հետազոտություններում ներկայացված հիմնական առաջարկությունների իրականացմանը: Նախագծերի թվում էր, օրինակ, «Մեր սերը իրական է» խորագրով ցուցահանդեսը, որը ներառում էր տրանս զույգերի լուսանկարներ՝ ներկայացված «Իրավունքի կողմ» ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը, «Գունագեղ գրականության ընթերցանություն» նախագիծը, որը ներառում էր այնպիսի գրական ստեղծագործությունների հանրային ընթերցումներ և քննարկումներ, որոնք ներկայացնում են ԼԳՏԲԻ համայնքի դերակատարներին և կենտրոնանում են տարբեր համատեքստերում ԼԳՏԲԻ անձանց հիմնախնդիրների վրա, ԼԳԲՏԻ համայնքի հետ աշխատանք Վանաձոր և Դիլիջան քաղաքներում` համայնքի հզորացման և համայնքի ու լրագրողների կարողությունների զարգացման դասընթացների միջոցով:
Միջոցառումը եզրափակվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող գործունության ամփոփումից հետո ծրագրի հնարավոր շարունակության և հեռանկարների վերաբերյալ քննարկումով: Արտահայտված կարծիքներում շեշտվում էր, որ քննարկումները և հետագա հանդիպումները պատկան պետական մարմինների՝ հատկապես նախարարությունների ու մարդու իրավունքների պաշտպանի հետ կարևոր են: Նշվեց, որ անհրաժեշտություն կա շարունակելու մի շարք ոլորտներում առկա խնդիրների ու բացերի վերհանումը, ինչպես, օրինակ, առողջապահության ոլորտում (տրանսգենդեր և ինտերսեքս մարդկանց իրավական ճանաչում, բժիշկ-հաճախորդ գաղտնիություն, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերով բժիշկների/առաջին պատասխանատուների իրազեկվածության բարձրացում), կրթության ոլորտում (ուսումնական հաստատություններում հոմո/տրանսֆոբ ահաբեկումներ և խտրականություն, դասագրքերում սխալ տերմինաբանության և գենդերային պատկերների օգտագործում և այլն), արդարադատության ոլորտում (ատելության խոսքի իրավական կանոնակարգում, սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանն առնչվող հակախտրական օրենսդրություն, աշխատաշուկայում խտրականության և ԼԳՏԲԻ անձանց համար քիչ աշխատատեղերի խնդրի հաղթահարում, քրեակատարողական հիմնարկներում խտրականության և չարաշահման դեմ պայքար): Իրենց ազդեցությունը շարունակելու ներուժ ունեցող որոշ գրանտային ծրագրերի կայունության կարևորությունը նույնպես հիշատակվեց, և մասնավորապես այն ծրագրերի, որոնք ուղղված են ԼԳԲՏԻ համայնքի ինքնակազմակերպմանն ու մոբիլիզացմանը: Նաև նշվեց ԼԳՏԲԻ հիմնախնդիրներին առնչվող հոդվածաշարը, որը ծրագրի միկրոգրանտային բաղադրիչի շրջանակներում հեղինակել են լրագրողները. ներկաները համոզմունք հայտնեցին, որ ստեղծված բովանդակությունը կշարունակի տարածվել և ազդեցություն ունենալ նաև նախագծի ավարտից հետո:
Կարևոր է նշել, որ ինչպես 2016-ի դեկտեմբերին կայացած նախորդ հանդիպման ընթացքում՝ այս անգամ ևս Հայնրիխ Բյոլ հիմնադրամի խնդրանքով ներկայանալով՝ ՀՀ Ոստիկանությունը շատ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց միջոցառման անվտանգությունն ապահովելու գործում։
Շահառուների հետ ամփոփ հանդիպումից հետո Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանի գրասենյակում առանձին հանդիպում կազմակերպվեց ծրագրի գործընկերների հետ՝ միջոցառումն ամփոփելու և հնարավոր համագործակցությունն ու աջակցության հետագա քայլերը պլանավորելու նպատակով: