2024 թվականի մայիսին Հայաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղ տեղի ունեցավ՝ ի ցույց դնելով կլիմայի փոփոխության հարմարվողականության տագնապալի բացերը։ Այս հոդվածը ներկայացնում է Ալավերդի համայնքում տեղի ունեցած ջրհեղեղի ազդեցությունը, կլիմայական փոփոխությունների պատճառով ահագնացող ռիսկերն ու տեղական մակարդակում հարմարվողականության գործողությունների անհապահ իրականացման անհրաժեշտությունը:
2024թ․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Հայաստանի հյուսիսային ավազանի գետերը և դրանց վտակները վարարման հետևանքով դուրս եկան ափերից ու հեղեղեցին հարակից բնակավայրերը, արոտավայրերն ու այգիները։ Հեղեղումներից տուժեցին Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի, Փամբակ, Թումանյան, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքները, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Իջևան համայնքները, որոնք ՀՀ Կառավարության որոշումով՝ հայտարարվեցին աղետի գոտի և սահմանվեցին աղետի գոտու սահմանները։
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հարցազրույցներից մեկում ասաց՝ վնասների չափերն ահռելի են, միլիարդավոր գումարներ են պետք աղետի հետևանքները վերացնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վնասվել են ոչ միայն անհատների շարժական և անշարժ գույքը, այլև պետական ենթակառուցվածքներ՝ կամուրջներ, մայրուղիներ, էլեկտրասյուներ, գազատարներ, ջրատարներ։ Սանահինից Այրում հատվածում մի քանի տեղերում շարքից դուրս եկավ նաև երկաթգիծը։ Ջրհեղեղի հետևանքով Լոռու ու Տավուշի մարզերում փլուզվեց 20 մեծ ու փոքր կամուրջներ, որոնց մի քանիսը կենսական նշանակություն ունեին բնակավայրերի համար, կամուրջների փլուզման արդյունքում մի քանի բնակավայր կտրվեց արտաքին աշխարհից։ Դեբեդը քշեց տարավ նաև ափամերձ տարածքների այգիները, անասնագոմերը՝ կենդանիների հետ միասին, ավտոտնակները։ Ջրհեղեղի զոհ դարձավ 4 մարդ։
Իսկ արդյո՞ք հնարավոր էր աղետի դիմակայմանն ուղղված քայլեր կատարել՝ մեղմացնելով հետևանքներն ու վնասի չափերը, և արդյո՞ք աղետների դիմակայման ու ռիսկերի նվազեցման ուղղությամբ բավարար գործողություններ են իրականացվում մեր համայնքներում։
Կլիմայի փոփոխության և ինտենսիվ տեղումների հաճախակիության ավելացման հետևանքով ջրհեղեղների ռիսկի աճ
Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր, խոցելի է կլիմայական փոփոխությունների և դրա հետևանքով առաջացող բարձր հաճախության և ինտենսիվության հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների նկատմամբ, որոնք առաջացնում են երաշտներ, սողանքներ, սելավներ, անտառային հրդեհներ և այլն՝ զգալի կորուստներ պատճառելով բնակչությանը և տնտեսությանը:
Մասնագետները փաստում են, որ գլոբալ տաքացման հետ մեկտեղ ակնկալվում է, որ կուժեղանա նաև հիդրոլոգիական ցիկլը, ինչը, ամենայն հավանականությամբ, մեծացնում է ծայրահեղ տեղումների ինտենսիվությունը և ջրհեղեղների վտանգը:
ՀՀ-ում տարվա տարբեր սեզոններին օդի ջերմաստիճանի փոփոխություններն ունեն տարբեր միտումներ: Տեղումների փոփոխության տարածական բաշխվածությունը ևս բավականին անկանոն է: 1935-2016թթ. ընթացքում երկրի հյուսիսային (Վանաձոր, Ստեփանավան), հարավային (Մեղրի) և կենտրոնական (Արարատյան դաշտ) շրջաններում կլիման դարձել է ավելի չորային, իսկ Շիրակի դաշտում, Սևանա լճի ավազանում, Ապարան-Հրազդան շրջաններում տեղումների քանակն ավելացել է: 1975-2016թթ. ընթացքում վտանգավոր օդերևութաբանական երևույթների տարեկան քանակը Հայաստանում աճել է տարեկան շուրջ 40 դեպքով։
Ըստ 2024 թվականի առաջին եռամսյակի բնապահպանական մոնիտորինգի հաշվետվության՝ հունվար և մարտ ամիսները եղել են հատկապես անձրևային, որոնց ամսական տեղումները հանրապետության տարբեր մարզերում զգալիորեն գերազանցել են նորման։
Վերջին տասնամյակներում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել է։
1994-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում ջրհեղեղների, երկրաշարժերի, երաշտի, կարկուտի, գարնանային ցրտահարության և սելավների տեսքով արտահայտված աղետների հետևանքով Հայաստանը կրել է ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս, ինչը էականորեն ազդել է բնակչության կենսապայմանների և երկրի տնտեսության վրա։
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կատարված հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ կլիմայական փոփոխությունների պատճառով ՀՀ-ում, այդ թվում Լոռու մարզում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների քանակը, դրանց ինտենսիվությունը, տևողությունը ու էքստրեմալ արժեքները էականորեն աճել են, ընդ որում, հետազության մեջ նշվել էր, որ «կլիմայական ռիսկերի հաճախականության և ուժգնության դիտված և կանխատեսվող փոփոխությունները ավելի վնասակար ազդեցություն ունեն և կունենան, քան ջերմաստիճանի և տեղումների աստիճանական փոփոխությունները»:
Թեև այս պահի դրությամբ դեռևս հրապարակված չեն երկրորդ եռամսյանկի տվյալները, բայց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արված տարբեր հրապարակումներ վկայում են այն մասին, որ 2024թ․ ապրիլ ամիսը աննախադեպ չորային էր, իսկ մայիսը տեղումնառատ։ 2024թ․ մայիսի 26-ի դրությամբ Հայաստանում մայիսի տեղումների քանակը ամսական նորման գերազանցել է 180-230%-ով։
2024 թվականի մայիսի 24-ին «Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» զգուշացրել է, որ Միջերկրական ծովի տարածաշրջանից մայիսի 24-26-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ շրջաններում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է ինտենսիվ անձրև և կարկուտ։ Մայիսի 26-ին ՀՕՄԿ-ից հայտնեցին, որ առավել ինտենսիվ անձրևներ են եղել մայիսի 25-ի երեկոյան և 26-ի գիշերը․ հատկապես առատ տեղումներ են գրանցվել Լոռի-Տավուշ հատվածում, որտեղ տեղացել է 40-55 մմ անձրև՝ ամսական նորմայի 60%-ը։ Չնայած այս հորդառատ անձրեւներին, մարզերում ջրհեղեղի հավանականության մասին տեղեկություն չի հաղորդվել։
Արդյունքում Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի մակարդակների կտրուկ բարձրացել է, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։
Գետերի նմանօրինակ վարարմանն պատճառներից մեկը ըստ բնապահպանների մասսայական անտառահատումներն են։ Հայտի է, որ անտառները զգալիորեն ազդում են մթնոլորտում, երկրամերձ շերտում և որոշակի խորություններում տեղի ունեցող պրոցեսներին։ Անտառները կապ են ստեղծում բոլոր ոլորտների միջև, մասնակցում են նյութի և էներգիայի շրջապտույտին, ինչպիսին օրինակ ջուրն է։ Անտառը կարգավորում ջրային հաշվեկշիռը։ Այն կուտակում է ձյուն, պահում է հալոցքաջրերն ու անձրևաջրերը՝ բարելավելով ջրավազանների ջրաբանական ռեժիմը, այդ թվում նաև ստորերկրյա ջրերը։ Դանդաղեցնելով գարնանը ձյան հալվելը, անտառները թուլացնում են գետերի վարարումը, օգնում ջրաքանակության հավասարակշտության պահպանմանը, որոնք խիստ կարևոր են հիդրոէներգետիկայի համար։ Իսկ Հայաստանում տարբեր տվյալներով, 1990-ականներից հետո հատվել է 50 հազար հեկտար անտառ։
Ի հավելումն վերը թվարկվածների, մարդածին գործոններն հաճախ էլ ավելի են մեծացնում աղետների հասցրած վնասը, որոնցից մեկ օրինակ է Ալավերդիում գետերի հուների նեղացումը։ Ավելին, հողօգտագործման և ենթակառուցվածքների վերաբերյալ որոշումները ջրի համար քիչ տեղ են թողել՝ ուժեղացնելով բնական աղետների և կլիմայի փոփոխության հետևանքները: Օրինակ, Մ6 մայրուղու վերանորոգման ժամանակ ճանապարհի լայնացման համար ժայռերից փորված զանգվածները լցրել գետը ու նեղացրել հունը։
Ալավերդի քաղաքում կլիմայական ռիսկերը և հարմարվողականության համար անհրաժեշտ գործողությունները
2021թ․ ԱՌՆԱՊ հիմնադրամն Ալավերդիում իրականացրել է «Տեղական մարկարդակում կլիմայական ռիսկերի բացահայտում» պիլոտային ուսումնասիրությունը։ Այս ուսումնասիրության նպատակն էր տեղեկատվություն տրամադրել համայնքներում առկա ռիսկերի մասին, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ կլիմայի փոփոխության պատճառով: Ըստ այդմ, բացահայտվել են նաև կլիմայական սպառնացող ռիսկերը, համայնքի/բնակավայրի համար դրանց առաջնահերթությունը և հարմարվողականության լուծումների հնարավոր ուղղությունները: Ուսումնասիրությունն արձանագրել է մի շարք ռիսկեր, այդ թվում՝
- Սանահին կայարանում հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետի վարարումը կհանգեցնի գետի հունի երկայնքով կառուցված շինությունների, հարակից տարածքների ջրածածկմանը: Զեկույցում նշված էր, որ կան նաև բազմաթիվ ինքնաշեն կառույցներ, պահեստարաններ, որոնք խոցելի են գետի վարարման դեպքում: Թաղամասի կոյուղին թափվում է գետը։ Կոյուղու խողովակները գետի ջրի մակարդակին այնքան մոտ են գտնվում, որ գետի վարարման դեպքում կոյուղում հետհոսք կարող է առաջանալ՝ լցվելով բնակելի տարածքները։
- Էնգելս թաղամասը` հատկապես բնակելի առանձնատները, լանջի վրա կառուցված բազմաբնակարան շենքերը խիստ խոցելի են սելավի նկատմամբ:
- Սարահարթ թաղամասում կան բազմաթիվ վթարային շենքեր: Քաղաքի կենտրոնը թաղամասի հետ կապող ճանապարհը քարաթափման սպառնալիքի տակ է գտնվում:
- Սանահին թաղամասի բնակելի տներն ու ներքին ճանապարհները գտնվում են սելավավտանգ գոտիներում, հորդառատ անձրևներից ներքին ճանապարհների անմխիթար վիճակը կարող է դառնալ անանցանելի։
- Սպանդարյան թաղամասում (Գործարանային) հանքարդյունաբերության չգործող/լքված արտադրական օբյեկտներ կան, ավելին որոշներն ինքնափլուզման հավանական վտանգ են ներկայացնում:
Նույն ռիսկերը արձանագրվել էր և ներկայացվել նաև Ալավերդի համայնքում համայնքի ղեկավարի և բնակիչների հետ կատարված հարցազրույցներում։ Ընդ որում, բնակիչները նշել էին, որ Դեբեդի վարարումները և ափամերձ տարածքների հեղումները ավելի հաճախակի են դարձել։
Հետաքրքրական է, որ ԱՌՆԱՊ-կատարած կլիմայական ռիսկերի ուսումնասիրությունը ի թիվս բացահայտած ռիսկերի նաև առաջարկել էր հստակ գործողություններ Ալավերդիում, որոնք նաև ներկայացվել են տեղական ինքնակառավարման մարմիններին։
Վտանգ ՝ գետի վարարում/հեղեղում
- Սանահին կայարանում հակահեղեղային աշխատանքներ իրականացնել՝ ամրապնդել և բարձրացնել Դեբեդ գետի ափերը և պարբերաբար մաքրել գետի հունը, գետի վարարումից հնարավորինս նվազեցնելով ափամերձ տարածքների/տնամերձերի ջրածածկման ռիսկը
- Հնարավորին չափով իրականացնել օգտագործվող ափամերձ հողատարածքների վերանախագծում, արգելապատնեշների կառուցում՝ հաշվի առնելով գետի վարարման հետ կապված ռիսկերը:
Առատ տեղումներ ՝ սելավ
3. Աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգների, տնային տնտեսությունների, քաղաքային ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր ազդեցության, նաև համապատասխան անվտանգության վարքականոնների վերաբերյալ։ Ապահովել սելավի վտանգի տակ գտնվող բնակչության իրազեկվածությունը տարհանման պլանների, այդ պլանների իրագործման պատասխանատուների և, այդ պարագայում, բնակիչների անելիքների վերաբերյալ։
4. Խթանել արագ արձագանքման և առաջին օգնության կամավորական խմբերի ստեղծումը երիտասարդների ներգրավմամբ, համագործակցելով փրկարար ծառայության մարզային վարչության և Հայկական Կարմիր խաչի համապատասխան ծառայությունների հետ։
Ընդ որում, վերը թվարկված գործողությունները հետազոտությունների միայն մի հատվածն է, որը նախատեսված է միայն առատ տեղումների և սելավների պատճառով առաջացած հնարավոր ազդեցությունները և հետևանքները չեզոքացնելու համար։
Ալավերդի համայնքի 2023թ․ մշակված հնգամյա զարգացման ծրագրում, որպես սպառնացող վտանգ, բնական կամ տեխնածին աղետ, նշված է քարաթափումը, ուժեղ սելավները, սողանքները, Դեբեդի վարարումը և այլն, որոնց կառավարման համար նախատեսված են մի շարք միջոցառումներ, այդ թվում ՝
- Սելավատարների և հեղեղատարների մաքրում
- Նոր սելավատարների և հեղեղատարների կառուցում
- Դեբեդ գետի հունի մաքրում
2023թ․ Ալավերդի համայնքի ՏԱՊ-ում (տարեկան աշխատանքային պլան), որպես կլիմայական փոփոխություններին հարմարվողականության ծրագրով նախատեսված միջոցառումներ, նշված է բարձրահարկ շենքերի և տանիքների վերանորոգում՝ ջերմաարդիականացմամբ, որը ընթացքի մեջ է (այս գործողությունը արդեն ավարտին է մոտենում)։ 2024թ․ ՏԱՊ-ում, ի թիվս բազմահարկ շենքերի և տանքիների վերանորոգման, որպես կլիմայական փոփոխության հարմարվողականության միջոցառում, նշված է նաև 500կՎտ դրվածքային հզորությամբ համայնքային առևտրային արևային կայանի կառուցումը։
Սելավատարների և հեղեղատարների մաքրման աշխատանքներ միգուցե արվել են, բայց նոր հեղեղատարների կամ սելավատարների կառուցում չի արվել։ Ամեն տեղատարափ անձրևից հետո ՀՀ-ի տարբեր բնակավայրերի փողոցներում կամ մայրուղիներին առաջացող հեղեղները վկայում են այն մասին, որ փողոցների ջրահեռացման համակարգերը նախատեսված չեն նման ծավալի տեղումների համար։
Բայց ոչ մի պլանում կամ ծրագրում՝ ո՛չ մարզային, ո՛չ համայնքային, չեն հանդիպում գետերի հնարավոր վարաման և դրա հետևանքով բնակավայրի հեղեղման պարագայում մարդկանց տարհանմանը, տեղավորմանը, ջերհեղեղների ժամանակ վարքագծի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, վնասների փոխհատուցմանն ուղղված միջոցառումներ կամ գործողություններ։
Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. ազգային պլան և խոցելիության գնահատում
Հայաստանի կլիման փոխվում է գլոբալ միտումներին համապատասխան։ Սակայն կլիմայական փոփոխությունները և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների ազդեցությունների բնույթը և ինտենսիվությունը պայմանավորված են ոչ միայն կլիմայական վտանգներով, այլև տնտեսական գործունեության, ենթակառուցվածքների, մարդկային և բնական կենսահամակարգերի (ռիսկի գոտում գտնվող բնակչություն և գույք) վրա դրանց հնարավոր ազդեցությամբ և այդ համակարգերի խոցելիությամբ (վնասի հանդեպ զգայունությամբ):
2021թ․ մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը»։ Հարմարվողականության ազգային ծրագրի համար փորձնական մարզեր են ընտրվել Տավուշի և Շիրակի մարզերը, բայց որպես առաձին միջոցառում նշված է նաև, որ այս ծրագրի շրջանակներում մնացած ութ մարզերի համար կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիր պետք է մշակվի և ներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Հարմարվողականության ազգային ծրագրի գործընթացի նպատակներն են. նվազեցնել կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների նկատմամբ խոցելիությունը` կարողությունների և դիմակայունության զարգացման միջոցով, և նպաստել կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրմանը հարկաբյուջետային, կարգավորող և զարգացման քաղաքականություններում, ծրագրերում և գործողություններում, ինչպես նաև արագացնել ԿՓ հետևանքների նկատմամբ դիմակայուն զարգացման ուղղությամբ ռազմավարական ներդրումների գործընթացները:
Ծրագրում առաջարկված են միջոցառումների երկու փաթեթ՝ առաջինը միջոլորտային միջոցառումների ամբողջություն է՝ հարմարվողականության գործողությունների հատկորոշման, առաջնահերթությունների որոշման, պլանավորման, ֆինանսների ներգրավման ուղղությամբ միտված երկրի հաստատությունների կարողությունների ամրապնդմանը, ի լրումն բոլոր մակարդակներում հարմարվողականության հետ կապված հանրային իրազեկման և գիտելիքների զարգացման, իսկ երկրորդը՝ հարմարվողականության միջոցառումների շարք է՝ նախատեսված վեց առաջնահերթ ոլորտների (ջրային տնտեսություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, բնակավայրեր, առողջապահություն և զբոսաշրջություն) և երկու փորձնական մարզերի համար:
Եվ ինչպես նշված է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիր և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկ»-ը հաստատելու մասին որոշման մեջ, անհրաժեշտ է գնահատել առկա և կանխատեսվող վտանգները և դրանց ազդեցությունը, որպեսզի հնարավոր լինի համապարփակ պատկերացում կազմել առանձին ոլորտներին և տարածքներին բնորոշ ռիսկերի վերաբերյալ:
Հետևաբար Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկրի բացահայտել, լուծել և վերանայել իր փոփոխվող հարմարվողականության կարիքները, խնդիրները, բացերը, առաջնահերթությունները և համապատասխան ռեսուրսների կարիքները՝ ազգային հարմարվողականության ծրագրերի համատեքստում։
Գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրհեղեղների, սողանքների կամ երաշտի վրա դժվար է որոշել և կանխատեսել: Վերջին տարիներին երկրում ակտիվացած վտանգավոր բնական երևույթների պատճառ կարող էր ինչպես ուղղակիորեն, այնպես էլ անուղղակիորեն հանդիսանալ նաև կլիմայի փոփոխությունը: Կլիմայի փոփոխության հետևանքով հանրապետությունում դիտվում է տեղատարափ անձրևների քանակի զգալի աճ, արագ ձնհալքի, ինչպես նաև գետերի ոչ սեզոնային վարարումների երևույթներ, ի թիվս այլ էքստրեմալ երևույթների, որոնք իրենց հերթին նպաստում են հեղեղների և սելավային հոսքերի ավելի ինտենսիվ առա- ջացմանը: Այսպիսով, կարելի է մեծ հավանականությամբ եզրակացնել, որ կլիմայի փոփոխությունը, սպասվող արտակարգ երևույթների ուժգնության և հաճախականության փոփոխման պատճառով, հավանաբար զգալի ազդեցություն կունենա բազմաթիվ բնակավայրերի և ենթակառուցվածքների խոցելիության և տարերային վտանգավոր երևույթների ռիսկի աստիճանի ավելացման վրա: Բայց այս ամենով հանդերձ, կարևոր է գիտակցել, որ բացի կլիմայի փոփոխությունից այս ամենի վրա ազդում են տեղայնացված գործոնները, ինչպիսիք են հողօգտագործման պրակտիկան, անտառահատումը և քաղաքաշինությունը, նույնպես կարևոր դեր են խաղում այդ ռիսկերի սրման գործում:
Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության ազդեցության կամ կլիմայական ռիսկերի մասին շատ թե քիչ իրականությանը մոտիկ եզրահանգումների գալը բավականին նուրբ խնդիր է։ Սակայն ակնհայտ է, որ շատ դեպքերում բնության մեջ տեղի ունեցող վտանգավոր երևույթները ոչ այնքան ստեղծում են նոր ռիսկեր, որքան խորացնում են արդեն գոյություն ունեցողները:
Ինչպես նշված է «Տեղական մարկարդակում կլիմայական ռիսկերի բացահայտում» զեկույցում կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն են այն համակարգերը, որոնց մարդկային գործունեության պատճառով զգալի վնաս է հասցվում։ Համապատասխանաբար մեծ է նաև այդ համակարգերի խոցելիության խորացման հավանականությունը, եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն մարդու չիմացությամբ/անկարողությամբ կամ անպատասխանատվությամբ պայմանավորված նման վարքագիծը շտկելու ուղղությամբ։ Միայն այս դեպքում է, որ զուգահեռ ձեռնարկված տեխնիկական և տեխնոլոգիական բարեփոխումներն ու ներդրումները կարող են դրականորեն փոխել իրավիճակը և անգամ զարգացման իմպուլսներ հաղորդեն համակարգին։
Աղետների դիմակայմանն ուղղված չիրականացված գործողություններ. հանրային իրազեկվածության ցածր մակարդակ
Թեև 2021 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը», սակայն պարզ չեն, թե ինչ հարմարվողականության գործողություններ են կատարվել տեղական մակարդակում։ Տեսնելով Ալավերդիի օրինակը, որտեղ հենց 2021 թվականին ԱՌՆԱՊ հիմնադրամը կատարել էր կլիմայական ռիսկերի բացահայտում կարող ենք եզրակացնել, որ համայնքում գրեթե ոչ մի առաջարկվող գործողություն, որը ուղղված կլիներ աղետի դիմակայմանը չի իրականացվել։ Ավելին, առկա է կլիմայի փոփոխության, կլիմայական վտանգների և դրանց դիմակայելու վերաբերյալ բնակչության իրազեկվածության և գիտելիքի շատ ցածր մակարդակ: Հարմարվողականության ծրագրերում նման բացը առաջնային է, քանի որ անգամ նորագույն տեխնիկական լուծումների պարագայում, եթե չլինի փոփոխությունների նկատմամբ համայնքի լիարժեք ընկալումը և պատասխանատվություն վերցնելու վճռականությունը, ապա դժվար կլինի ակնկալել որ հարմարվողականության ծրագրերիը և գործողությունները տեղ կգտնեն համայնքի պլաններում։
Եզրակացություն
Ալավերդիում տեղի ունեցած վերջին ջրհեղեղն ընդգծում է Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարվողականության արդյունավետ միջոցառումների և աղետներին արձագանքելու ռազմավարությունների հրատապ անհրաժեշտությունը: Թեև վերջին աղետը բացահայտեց զգալի խոցելիություններ, մասնավորապես ենթակառուցվածքների առումով, սակայն հնարավոր ազդեցությունը մեղմելու համար ակտիվ քայլերի զգալի բացակայություն ևս կար:
Այս խոցելիությունների լուծման ձգձգումը արտացոլում է ավելի լայն խնդիր. չնայած «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի» գոյությանը, տեղական մակարդակում իրականացումը մնում է խիստ անբավարար: ԱՌՆԱՊ հիմնադրամի կողմից առաջարկված կլիմայական հարմարվողականության գործողությունները, որոնք կարող էին վերացնել կամ նվազագույնի հասցնել Ալավերդիում առաջնային ռիսկերը, հիմնականում չկատարվեցին: Գործողությունների բացակայությունը ընդգծում է պլանավորման և իրականացման միջև առկա բացը, ինչը բացահայտում է ազգային քաղաքականության և տեղական կատարողականի միջև մտահոգիչ անջատվածություն:
Աղետներին դիմակայելու և դրանց հետևանքները մեղմելու ջանքերն իսկապես հնարավոր և անհրաժեշտ են: Ալավերդու դեպքը ցույց է տալիս, որ ժամանակին արված միջամտությունները, ինչպիսիք են գետափերի ամրացումը, ջրահեռացման համակարգերի բարելավումը և համայնքի իրազեկման ծրագրերը, նմանատիպ աղետների վնասի չափը կարող են զգալիորեն կրճատել: Այնուամենայնիվ, տուժած համայնքներում պատրաստվածության և հանրային իրազեկվածության ներկա մակարդակը մտահոգիչ ցածր է: Արդյունավետ տեղական գործողությունների և հանրային ներգրավվածության բացակայությունը խաթարում են կլիմայի հարմարվողականության ռազմավարությունների հնարավոր հաջողությունը:
Հետևաբար, թեև Հայաստանում առկա է կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագիրը, բայց տեղական մակարդակում իրականացումը և համայնքների ներգրավվածությունը մնում են խիստ անբավարար: Ապագա կլիմայական աղետներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր՝ կամրջելու ազգային ծրագրերն ու տեղական գործողությունները, բարձրացնելու հանրային իրազեկությունը և ապահովելու, որ հարմարվողականության ռազմավարությունները ներառված լինեն համայնքի տարեկան պլաններում և հաշվի առնվեն ենթակառուցվածքների կառուցման ժամանակ: Միայն այս միջոցների առկայության դեպքում մենք կարող ենք հուսալ, որ կնվազեցնենք խոցելիությունը և կմեղմենք կլիմայական աղետների ազդեցությունը:
Հոդվածի բովանդակության համար բացառապես պատասխանատու է հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները: