2018թ․ ապրիլի ընտրություններն Ադրբեջանում. Խոհեր ժողովրդավարացման «առաջարկ-պահանջարկ» մոդելի մասին

Read in AzerbaijaniRead in English

Այս հոդվածում ես պնդում եմ, որ Ադրբեջանի ժողովրդավարական դեֆիցիտը առնվազն մասամբ պայմանավորված է թե՛ քաղաքական ինստիտուտների կողմից քաղաքացիական ազատությունների ցածր առաջարկով, թե՛ քաղաքացիների կողմից լիբերալ ժողովրդավարության թույլ պահանջարկով։ Ժողովրդավարացման «առաջարկ-պահանջարկ» մոդելում (Inglehart and Welzel 2005) կայուն ժողովրդավարությունը բարգավաճում է, երբ բավականաչափ մեծ են և՛ պետության վերնախավի կողմից ժողովրդավարության ինստիտուցիոնալ առաջարկը (բազմակուսակցական ընտրությունների ապահովում, քաղաքացիական ազատությունների երաշխիք, ինչպիսիք են խոսքի ազատությունը և հավաքների ազատությունը), և՛ այդ պետության քաղաքացիների՝ ժողովրդավարության պահանջարկը (այսինքն՝ որքանով են քաղաքացիներն արժևորում ազատությունները)։ Երբ և՛ առաջարկն է թույլ, և՛ պահանջարկը — ասենք՝ երբ ընտրական գործընթացը նախապատվություն է տալիս գործող ուժին, իսկ քաղաքացիական ազատությունները սահմանափակված են, ու մարդկանց մեծամասնությունը օտարված է ժողովրդավարական նորմերից և ինստիտուտներից — այնժամ համակարգը չի կարող բնորոշվել որպես ժողովրդավարություն, և նման հասարակությունում ժողովրդավարացման հեռանկարները դժգույն են (տես Աղյուսակ 1)։ Մինչ առաջարկի թեման որոշակիորեն (գեր)կարևորվում է առկա գիտական և փորձագիտական մեկնաբանությունների մեծ մասում, պահանջարկի թեման մնում է թերհետազոտված։ Ակտիվ քաղաքացիական ներգրավման և քաղաքական մասնակցության համար քաղաքացիական մշակույթ է պահանջվում, որ բաղկացած է համերաշխության, վստահության, հանդուրժողականության և համայնքի նկատմամբ հոգատարության նորմերից։ Այս հոդվածում ներկայացված որոշ փաստեր ցույց են տալիս, որ քաղաքացիական մշակույթն Ադրբեջանում գրեթե գոյություն չունի։ Փոխարենը, Ադրբեջանի քաղաքական մշակութային արժեքների էությունը պատկերելու համար ավելի շատ սազում է Էդուարդ Բանֆիլդի (1958) կնքած «ամորալ ֆամիլիզմ»-ի («բարոյազուրկ ընտանեսիրության» — թրգմ․) գաղափարը, որով բնորոշել է հետպատերազմյան Իտալիայի հարավը, որտեղ քաղաքացիները «միջուկային» ընտանիքի (հայր, մայր և երեխաներ — թրգմ․) նյութական շահն էին կարևորում։ Ընտանեկան ուժեղ կապեր ունեցող անհատները դժվար թե ներգրավվեն քաղաքական գործունեության մեջ, առավել ևս՝ ակտիվորեն առաջ տանեն ժողովրդավարության գաղափարները։

Ժողովրդավարության թույլ առաջարկ 2018թ ապրիլի ընտրությունները

«Էքս անտե»[i] անորոշությունը, ավելի կոնկրետ՝ հավանականությունը, որ այն ընդդիմադիր առաջնորդները, որոնց թույլ է տրվել մրցակցել, պաշտոն գրավելու հնարավորություն ունեն, վճռորոշ ստուգատես է, թե արդյո՞ք տվյալ համակարգը ժողովրդավարություն է, թե՞ ոչ (տե՛ս Alvarez et al. 1996)։ Եթե դատենք այս չափանիշով, 2018թ․ ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած վաղաժամկետ նախագահական ընտրություններում քիչ էր անորոշությունը, թե ով կլինի հաղթողը։ Ինչպես կանխատեսվում էր, ձայների 86 տոկոսը շահելով՝ աներկբա հաղթանակ տարավ գործող նախագահ Իլհամ Ալիևը, որ պաշտոնավարում էր 2003-ից։ Սա նրա պաշտոնավարման չորրորդ ժամկետն է։

Մնացած 14 տոկոսը բաշխվեց մյուս յոթ թեկնածուների միջև՝ յուրաքանչյուրին բաժին ընկնելով 0․7-3․1 տոկոս ձայներ։  Նրանցից չորսը ներկայիս խորհրդարանի պատգամավոր են և մեծապես իշխանամետ՝ Արազ Ալիզադեն (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Գուդրաթ Հասանգուլիևը (Ադրբեջանի ժողովրդական ճակատ), Ֆարաջ Գուլիևը (Ազգային վերածննդի շարժման կուսակցություն) և Զահիդ Օրուջը (ինքնառաջադրում)։ Մյուս երեք հավակնորդները տարբեր կիսաընդդիմադիր կազմակերպություններից էին՝ Ռազի Նուրուլլաևը (Սահմանների նախաձեռնության խումբ), Հաֆիզ Հաջիևը («ժամանակակից հավասարություն» կուսակցություն) և Սարդար Ջալալօղլուն (Դեմոկրատական կուսակցություն)։

Ավանդական ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքական դաշինքները՝ ի դեմս «Մուսավաթ» կուսակցության և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի, որ ղեկավարում է հեղինակավոր պատմաբան Ջամիլ Հասանլին, որոշեցին բոյկոտել արտահերթ ընտրությունները։ Երկու հիմնական ընդդիմադիր ուժերը մարտի 10-ին բողոքի ցույց կազմակերպեցին Բաքվում, որն արտոնվեց իշխանությունների կողմից։ Ըստ ամենայնի, ազատորեն հանրահավաք անելու թույլտվությունը նպատակ ուներ կանխել «դժգոհության ձնագնդային վերաճումը երկրով մեկ լայնածավալ բողոքի ցույցերի» (EIU Forecast 2018)։ Փոքրածավալ ընդդիմադիր հանրահավաքները, սակայն, լուրջ մարտահրավեր չեն հանդիսանում կառավարող վերնախավի համար, իսկ ներկայում շատ փոքր է վտանգը, որ նման ցույցերը պարուրաձև կվերաճեն համերկրային ցույցերի։

Բանտից ազատ չարձակվեց նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության («Հանրապետական այլընտրանք» - ReAl) առաջնորդը, ինչը անհնար դարձրեց նրա առաջադրումը։ Ընդդիմադիր գործունեությունը օրենսդրորեն արտոնված է, բայց իրականում կառավարության վարած քաղաքականության քննադատությունը քիչ է հանդուրժվում, իսկ ամենասուր ընդդիմախոսները ենթարկվում են պետական հարկադրանքի մեքենայի ցասմանը։ Գործիչները, որ հատում են իշխանության «կարմիր գծերը», սովորաբար բանտարկվում են օրենքի կամայական կիրառմամբ։

Ընդդիմադիր գործունեության և ակտիվիզմի դաշտը գնալով նեղացել է տարիների ընթացքում՝ բարձր գին պահանջելով ըմբոստ քաղաքական ներգրավման համար։ Կարելի է ընդդիմադիր ուժերին մոտավորապես բաժանել «ավանդական» խմբերի, որ ասոցացվում են «Ժողովրդական ճակատ» շարժման և 1990-ականների սկզբին Էլչիբեյի կարճատև նախագահության հետ, և «նոր» ուժեր՝ ի դեմս այնպիսի խմբերի, ինչպիսին է ReAl-ը, որի առաջնորդները 40 և ավելի տարեկան են։ Ավանդական ընդդիմադիր ուժերը, որ տասնամյակներ շարունակ անպտուղ կերպով ցույցեր են արել իշխող վերնախավի դեմ, շփոթված են։ Երիտասարդ սերնդի զգալի մեծամասնությունը հակված է քաղաքական անտարբերության․ հավանաբար միայն երիտասարդության մի փոքր մասն է քաղաքականապես ներգրավված, այդ թվում՝ ավելի ու ավելի շատ սոցիալական մեդիայի հարթակներում (տե՛ս Pearce 2014)։ ReAl-ը փորձում է տեղ գրավել այս սերնդափոխության մեջ՝ ենթադրելով, որ երիտասարդները մշակութապես տարբերվում են ավելի տարիքով խմբերից։ ReAl-ի առաջնորդները աստիճանաբար դեպի եվրոպական ոճի պառլամենտարիզմ անցնելու, օրենքի գերակայության և ազատ շուկայական տնտեսության ջատագովներ են (Fuller 2018)։ Չնայած թե՛ ավանդական ուժերը, թե՛ ReAl-ը գաղափարապես աջ կենտրոնում են՝ ուժեղ ազգայնական կիսատոներով, հակում (կամ գայթակղություն) ունեն ապավինելու անձնակենտրոն քաղաքականությանը և համընդգրկուն մարտավարությանը։ Սա, հավանաբար, բացատրելի է, եթե նկատի ունենանք գերիշխող նյութական արժեքների կոնտեքստը և ոչ-մերիտոկրատական «հովանավոր-հաճախորդ» հարաբերությունները՝ որպես վերընթաց սոցիալական շարժի առանցքային մեխանիզմ։ Նման համատեքստում մեկ գաղափարախոսությամբ հանդես գալը քաղաքական գործչին կարող է կանգնեցնել պոտենցիալ ձայներ կորցնելու վտանգի առաջ։ Թե այս ուժերն ինչ չափով առաջընթաց կունենան քարոզարշավներում և լայնածավալ աջակցություն ձեռք բերելու գործում, վճռորոշ է՝ նկատի ունենալով քաղաքացիական ու քաղաքական գործունեության առկայությունը (կամ բացակայությունը) և փոփոխությունների մի հուսալի այլընտրանքային ծրագիր կազմելու ու գործի դնելու՝ նրանց  լիդերների կարողությունները։

Մեկ տարի առաջ ընդունված սահմանադրական փոփոխությունները ամրապնդել են նախագահի իշխանությունը։  Կատարված փոփոխություններով՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձել է յոթ տարի։ Ավելացվել է 103-րդ հոդվածը, որը սահմանում է «առաջին փոխնախագահի» և (երկու) փոխնախագահների պաշտոնների ստեղծում, որոնց նշանակում է նախագահը։ Այս դրույթը վերադասավորել է իրավահաջորդության կարգը, եթե նախագահը հրաժարական տա կամ ի վիճակի չլինի իրականացնել իր լիազորությունները․ այդ դեպքում իրավահաջորդության հերթում երկրորդը ոչ թե վարչապետն է, ինչպես նախատեսված էր մինչև սահմանադրական փոփոխությունը, այլ՝ առաջին փոխնախագահը։  

Փոփոխված սահմանադրությունը չի նշում Առաջին փոխնախագահի պարտականությունների շրջանակը, ոչ էլ մասնավորեցնում է նրա հարաբերությունները վարչապետի հետ։ Վերջինս ղեկավարում է մինիստրների կաբինետը և ձևականորեն հաստատվում խորհրդարանի կողմից, թեև վստահության քվեի պակասը զգալիորեն սահմանափակում է օրենսդիրի իշխանությունը՝ որպես վարչապետին վերահսկող մարմին։ Առաջին փոխնախագահի պաշտոնը մի նոր (երրորդ) ինստիտուցիոնալ շերտն է ավելացնում գործադիր իշխանության արդեն իսկ զանգվածեղ բուրգին (մասամբ համընկնող պարտականություններով) որի կազմում են նախագահը (նրան օժանդակող նախագահական ապարատի հետ միասին) և վարչապետը (գումարած նախարարների կաբինետը)։ Ոմանք այս փոփոխությունները մեկնաբանեցին որպես քայլ դեպի ներկայում ինստիտուցիոնալ առումով ավելորդ թվացող վարչապետի (և մինիստրների կաբինետի) ինստիտուտի հետզհետե կազմալուծում՝ դրա լիազորությունները փոխնախագահություն փոխանցելու համար։

2017-ի փետրվարին Նախագահը երկրի առաջին փոխնախագահ էր նշանակել իր տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային, որը նաև իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխառաջնորդն է։ Ապրիլին վերընտրվելուց հետո մեկ այլ հրամանով նա վարչապետ նշանակեց իր միջազգային հարցերով խորհրդական Նովրուզ Մամադովին։ Այս պաշտոնում նա փոխարինում է ութսունն անց գործիչ Արթուր Ռասիզադեին։ Նոր կաբինետի կազմում ընդգրկված են երիտասարդության մի քանի ներկայացուցիչներ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելությունը եզրակացրեց, որ 2018-ի ընտրություններում «առկա չէր իրական մրցակցություն» (ODIHR/OSCE Final Report, July 18, 2018)։ Խիստ օրենքները զսպում են քննադատական հայացքների արտահայտումը։ Քրեական օրենսգրքում 2016թ․ նոյեմբերին նոր հայտնված Հոդված 148-1-ը քրեական պատասխանատվություն է սահմանում ինտերնետում անանուն զրպարտության կամ վիրավորանքի համար (Council of Europe 2017)։ Արգելափակված են իշխանությանը քննադատող մի քանի լրատվական կայքեր, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը և «Ազադլիք» օրաթերթը։

Նախագահ Ալիևի պաշտոնավարման նոր ժամկետը համընկնում է նավթի համեմատաբար ցածր գներին, նավթարդյունաբերության նվազմանը և նավթից կախված եկամուտների անկմանը։ Սա հանգեցնելու է Ադրբեջանի ղեկավարության ծանր ֆիսկալ դրությանը։ Հում նավթի նվազող շահույթը, որ տարիներ ի վեր սնել է սոցիալական պայմանագիրը, ստիպված կլինի տեղը զիջել պետության ֆիսկալ եկամուտի նոր աղբյուրների։ Իշխանությունը հարկադրված կլինի լուրջ բարեփոխումներ իրականացնել՝ ոչ-նավթային մասնավոր բիզնեսի խթանման և արտասահմանյան ներդրումներ գրավելու համար։ Արդեն տեսնում ենք, որ այս ուղղությամբ որոշ աստիճանական քայլեր ձեռնարկվում են ծառայությունների ոլորտում, հատկապես՝ տուրիզմի, պարենի, անշարժ գույքի և շինարարության ասպարեզներում։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյո՞ք նմանատիպ տնտեսական ռեֆորմներին կուղեկցի լայն քաղաքական ազատականացումը։

Ժողովրդավարության թույլ պահանջարկը

Արդիականացման տեսության գիտնականները պնդում են, որ ժողովրդավարությունը կարող է կայուն գոյություն ունենալ միայն այն հասարակություններում, որտեղ անհատի ինքնավարությունը և քաղաքական ազատություները մշակութային արժեքների կարևոր մաս են համարվում։ Ինչպես Ինգլհարթն ու Վելցելն են նշում (2005: 114), «Սերունդների արժեքային փոփոխություններն արտացոլում են հասարակության գոյաբանական պայմանների պատմական փոփոխություններ», որոնք իրենց հերթին կապված են սոցիալ-տնտեսական փոփոխությունների հետ։ Ադրբեջանի նման նավթից կախված երկրներում աճող նավթային եկամուտների դրական ազդեցությունը շատ փոքր է լինում այնպիսի ազատարար արժեքների զարգացման վրա, որոնք կարևորում են ինքնարտահայտումը, անհատի ինքնավարությունը և ընտրության ազատությունը։ Փոխարենը, նավթից կախված տնտեսությունը առաջ է բերել «հովանավոր-հաճախորդ» կառուցակարգեր և ամրապնդել է  նեպոտիստական համաձույլ ցանցեր, որոնցում քաղաքական աջակցությունը փոխանակում են նյութական բարիքով, իսկ պետական ոլորտում աշխատանք ունենալը կախված է անձնական կամ ընտանեկան կապերից։

Ավելի խորը հարթությունում քաղաքական հայացքները փոխանցվում են ընտանիքի և այնպիսի սոցիալական ինստիտուտների միջոցով, ինչպիսիք են համայնքներն ու դպրոցները։ Ադրբեջանցիները ուժեղ ընտանեկան կապեր են ցուցաբերում, և ընտանիքն առանձնանում է որպես ամենավստահելի սոցիալական ինստիտուտ։ Ըստ 2012-ին իրականացված մի սոցիալական հարցման արդյունքների, ադրբեջանցիների 97 տոկոսը հայտարարել է, որ «շատ» է վստահում իր ընտանիքին (Liles 2012)։ Հասկանալի է, որ ընտանիքին վստահում են, որովհետև դա է թիվ մեկ հեղինակությունը հասարակություններում, որտեղ սոցիալական ապահովության ցանցերը դեռ ֆորմալ կերպով ինստիտուցիոնալացված չեն, ինչպես Ադրբեջանում։ Մյուս կողմից, ամուր ընտանեկան կապերը կարող են նպաստել հնազանդությանն ու հարմարվողականությանը՝ խոչընդոտելով քաղաքացիական մշակույթին բնորոշ մոտեցումների զարգացումը և հեռու պահել քաղաքացիական կամ համայնքային կազմակերպություններին մասնակցելուց․ մի երևույթ, որ առաջինը դիտարկել է Էդուարդ Բանֆիլդը՝ Հարավային Իտալիայի մասին իր ուսումնասիրությունում։

Ի հակադրություն «ամորալ ֆամիլիզմի», իրապես ժողովրդավար հասարակություններում քաղաքացիները տոգորված են  քաղաքացիական արժեքներով։ Հարցումների արդյունքները քաղաքացիական մասնակցությանը նվիրվելու ծայրահեղ ցածր մակարդակ են մատնացույց անում Ադրբեջանում։ Կիրառելով Արժեքների համաշխարհային հարցման (World Values Survey, 2018) տվյալները, որոնց հիմքում ընկած են Վելցելի (2013) մշակած համախումբ ինդեքսները, ես ցույց եմ տալիս Ադրբեջանում ժողովրդավարության պահանջարկի թույլ մակարդակը։ Ըստ Ազատարար արժեքների ինդեքսի (Emancipative Values Index), որը պատկերում է (նվազագույնը 0-ից մինչև առավելագույնը 1․0), թե որքանով են մարդիկ «գնահատում արտաքին գերիշխանությունից ազատ կյանքը», Ադրբեջանն ունի 0․34 միավոր, ինչը նրան դնում է այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Բանգլադեշը և Իրանը (ամենաբարձր միավորն ունի Շվեդիան՝ 0․73)։

Ինչ վերաբերում է Ազատարար արժեքների առանցքային բաղադրիչներից գենդերային հավասարությանը, ակնհայտորեն ադրբեջանցիները հետ են մնում արևմտյան հասարակություններից և ավելի պատրիարխալ են, քան իրենց կովկասյան հարևանները։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջնահերթ պետք է տղամարդի՛կ գրավեն եղած քիչ աշխատատեղերը, ադրբեջանցիների 79 տոկոսը թույլ է տվել տղամարդահաճո տեսակետ, և միայն 9 տոկոսն է անհամաձայնություն հայտնել (հարցադրման հետ համաձայնել են հայերի 56 տոկոսը, վրացիների՝ 46, և գերմանացիների միայն 16 տոկոսը, իսկ չեն համաձայնել հայերի 34, վրացիների 44 և գերմանացիների 60 տոկոսը) (տե՛ս Աղյուսակ 2)։

Սոցիալական շարժման մասնակցության ինդեքսը (Social Movement Activity Index) չափում է հարցվողների ներգրավումը որևէ սոցիալական շարժման մեջ, ներառյալ՝ ստորագրահավաքների և խաղաղ ցույցերի։ 0-ից 1․0 սանդղակում Ադրբեջանի միավորը 0․4 է, ինչն Ադրբեջանին դնում է ցուցակի ներքևում ամենացածր միավոր ունեցողների շարքում՝ Եգիպտոսի և Մալազիայի կողքին։

Ըստ քաղաքացիական ներգրավման ինդեքսի, Ադրբեջանը 0․4 միավորով հայտնվում է նույն խմբում, ինչ Ռուսաստանն ու Թուրքիան։ Ավելի կոնկրետ՝ քաղաքական ներգրավման ցուցանիշով Ադրբեջանն ունի 0․06 միավոր, որը Լատվիայի ու Ռուսաստանի հետ նույն աստիճանի է։ Իրենց քաղաքական մասնակցության մասին ամենացածր աստիճանը հայտնել են ուզբեկ ռեսպոնդենտները՝ 0․01 տոկոս։ Հետխորհրդային տարածքում ֆորմալ ընկերակցությունների անդամակցելու ցածր աստիճանի պայմաններում սա հաստատուն երևույթ է։ Քաղաքացիական ցածր ներգրավվածությունը նվազեցնում է հասարակության ունակությունը՝ արձագանքելու կոլեկտիվ գործողության խնդիրներին և հասնելու ցանկալի սոցիալ-տնտեսական արդյունքների։ Ուժեղ քաղաքական մասնակցությունը և քաղաքացիական բարձր ներգրավվածությունը ժողովրդավարացման կարևոր նախապայմաններ են։

Չնայած քաղաքացիական ցածր աստիճանի ներգրավվածությանը և քաղաքական ապատիային, Ադրբեջանի քաղաքացիներն ընդհանուր առմամբ դրական կարծիք ունեն (կամ ունեին 2011-ին) ժողովրդավարության մասին, թեև չգիտենք, թե ինչ իմաստ են նրանք վերագրում «ժողովրդավարություն» բառին։ Ժողովրդավարական ձգտման ինդեքսով (Democratic Desire Index), որը չափում է, թե ինչ չափով են մարդիկ ձգտում իրենց երկրի դեմոկրատական կառավարմանը, ադրբեջանցիները հիմնականում ժողովրդավարամետ էին՝ ստանալով 0․78 միավոր։ Այնուամենայնիվ, վերջերս արած մի հետազոտություն հաղորդում է դեմոկրատական զանգվածային աջակցության սուր անկում՝ 2010թ․ 60 տոկոսից 28 տոկոսի՝ 2016թ․-ին, ինչն, ըստ երևույթին, պայմանավորված էր նավթի գների անկմամբ (մոտ 2015-ին) և իշխանությունների  կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ  (տե՛ս Sadigov and Guliyev 2018)։ Թեև վախի և ինքնագրաքննության գործոնները չեն կարող ամբողջությամբ անտեսվել, էմպիրիկ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանում դեմոկրատիայի նկատմամբ ժողովրդական աջակցությունը կախված է անհատի սոցիալական ստատուսից։ Երբ նավթի գներն ընկնում էին, ժողովրդավարությանը աջակցում էին այն անձինք, որ ավելի լավ են կրթված և քաղաքաբնակ են։ Բայցևայնպես, խրախուսելի է այն փաստը, որ չնայած ժողովրդավարամետ հայացքները կտրուկ անկում են արձանագրել, ոչ-ժողովրդավար այլընտրանքի (օրինակ՝ զնվորական իշխանության) աջակցությունը մնացել է ցածր աստիճանի (10-11% 2010-ին և 2016-ին)։

Եզրակացություն

2018-ի ապրիլի ընտրությունները ժողովրդավարության թույլ առաջարկ ցուցադրեցին։  Ընտրական դաշտը նախապատվություն էր տալիս գործող նախագահին։ Ընդդիմադիր կուսակցությունների մրցակցությունը թույլատրված էր, բայց նրանց հաղթելու շանսերն աննշան էին, ուստի նրանք բոյկոտեցին ընտրությունները։ Կհաղթե՞ին արդյոք ընդդիմադիրները, եթե ավելի մրցակցային միջավայրում լինեին։ Չգիտենք։ Ակնհայտ է միայն, որ քաղաքացիական թույլ ներգրավվածությունը և ինքնարտահայտման թույլ արժևորումը ծնում են մի քաղաքական մշակույթ, որ աննպաստ է լիբերալ դեմոկրատիայի համար։ Այս ամենը դժվարացնում է ընդդիմադիր ուժերի կողմից ժողովրդավարական աջակցության համախմբումը, հատկապես՝ այն ժամանակ, երբ կարծես թե ժողովրդավարությունը նահանջ է ապրում աշխարհով մեկ։

Ըստ ամենայնի, զարմանալի չէ ընտրախավի մեծամասնության կողմից ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ ընդունելը, եթե նկատի ունենանք մշակութային մոտեցումների մասին քիչ առաջ եղած քննարկումը։ Հաստատական մոտեցումները, որ գերակշռող են, Ադրբեջանի դեմոկրատական ուժերի համար մի շատ ավելի մեծ խնդիր են մատնանշում՝ պասիվ քաղաքացիություն, թույլ քաղաքացիական ներգրավում, սեփական ընտանիքը ամեն ինչից վեր դասելու արմատակալած արժեքներ։

Քաղաքականություն մշակողերի համար երկու լուր կա՝ և՛ լավ, և՛ վատ։

Վատ լուրն այն է, որ մշակութային տեղաշարժերը երկարատև գործընթացներ են, որ սերունդներ են տևում մինչև տեղի ունենան։ Առկա համատեքստի փոփոխությունների բացակայությամբ՝ մշակութային տեղաշարժերը քիչ հավանական են։  Առանձնահատուկ ադրբեջանական կոնտեքստում նավթի քաղաքական տնտեսությունը, որ բնորոշվում է արագ եկամուտի ծարավով և պետական բյուրոկրատիայի նեո-պատրիմոնիալ[ii] բնույթով (որում անձնական հավատարմությունն ու կախվածությունը գերակա են ֆորմալ բոյւրոկրատական կառուցակարգերի նկատմամբ), խոչընդոտ է դարձել սոցիալ-տնտեսական փոփոխությունների համար։ Մշակութային տեղաշարժի համար անհրաժեշտ է ավելի դիվերսիֆիկացված տնտեսական հիմք, որ դեռ պիտի գա։ Լավ նորությունը [եթե կարելի է այդպես ասել] այն է, որ ադրբեջանցի ուսանողների վրա արևմտյան կրթության և պրոֆեսիոնալ էթոսի (մշակութային նկարագրի — թրգմ․) ազդեցությունը, որքան էլ սահմանափակ, կարող է լինել ժողովրդավարական ինքնարտահայտման արժեքավոր ամբարման և սոցիալական կապիտալի պոտենցիալ ուղիներից մեկը։ Ինչ խոսք, կրթության ազդեցությունը միանշանակ չէ։ Օրինակ, արևմտյան կրթություն ստացած որոշ շրջանավարտներ վերադառնալով պաշտոններ են ստանձնում են պետական և մասնավոր ոլորտներում, որտեղ ծառայում են հովանավորչության, հավատարմության և հարմարվողականության առկա կառուցակարգերն ամրապնդելու գործին։ Դրական կողմն այն է, որ արևմտյան կրթություն ստացածների մեջ կան նաև նրանք, որոնք յուրացրել են ազատության արժեքը և ձգտում են ներդրում ունենալ իրենց աշխատատեղի և լայն հասարակության ժողովրդավարական զարգացման մեջ։

References

Alvarez, M., Cheibub, J.A., Limongi, F., Przeworski, A. “Classifying Political Regimes”. Studies in Comparative International Development 31 :2 (1996): 3-36.

Banfield, E. The Moral Basis of a Backward Society. Free Press, New York, 1958.

Council of Europe. Analysis of Azerbaijani Legislation on Freedom of Expression, Analytical Report, November 2017, https://rm.coe.int/azerbaijan-analysis-of-legislation-on-freedom-of-expression-december-2/16808ae03d

EIU (Economist Intelligence Unit). “Anti-government protests in Baku”, March 14, 2018, http://country.eiu.com/Azerbaijan/ArticleList/Updates/Politics ; short URL: https://tinyurl.com/yahg48co

Fuller, L. “Released Azerbaijani Opposition Figure Announces Return to Active Politics”, CivilNet.Am, 18 September 2018, https://www.civilnet.am/news/2018/09/19/Released-Azerbaijani-Opposition-Figure-Announces-Return-to-Active-Politics/345063

Inglehart, R., and Welzel, C. Modernization, Cultural Change, and Democracy: The Human Development Sequence. Cambridge University Press, 2005.

Liles, T. “Trust and Agency in Azerbaijan: Personal Relationships versus Civic Institutions”, CRRC Blog, November 13, 2012, http://crrc-caucasus.blogspot.com/2012/11/trust-and-agency-in-azerbaijan-personal.html

ODIHR/OSCE, International Election Observation Mission, Republic of Azerbaijan – Early Presidential Election, 11 April 2018, Final Report: https://www.osce.org/odihr/elections/azerbaijan/388580?download=true

Pearce, K. “Two Can Play at That Game: Social Media Opportunities in Azerbaijan for Government and Opposition”, Demokratizatsiya 22: 1 (2014): 39-66.

Sadigov, T. and Guliyev, F. “Eroding Support for Democracy in Azerbaijan? Context and Pitfalls in Survey Research.” Caucasus Survey 6:2 (2018): 87-112.

Welzel, C. Freedom Rising. Cambridge University Press, 2013 (Online Appendix) https://www.cambridge.org/files/8613/8054/8416/FreedomRising_OA.pdf

World Values Survey, Dataset “WVS Wave 1 to 6 Key Aggregates”, 2018 [last accessed October 7, 2018] http://www.worldvaluessurvey.org/WVSEventsShow.jsp?ID=367

Image removed.

Աղյուսակ 2. Գենդերային հավասարությունը աշխատատեղում, %

Հարցի ձևակերպումը․

«Համաձա՞յն եք, համաձայն չե՞ք, թե՞ ոչ համաձայն եք, ոչ էլ համաձայն չեք հետևյալ մտքին․

«Երբ աշխատատեղերը քիչ են, տղամարդիկ ավելի շատ պիտի աշխատատեղ ունենան, քան կանայք»։

Image removed.

Ծանոթություն․ Ընտրանքը՝ Հայաստան 2011 (N=1,002), Ադրբեջան 2011 (N=1,100), Վրաստան 2014 (N=1,100), Գերմանիա 2013 (N=2,046); WVS ծրագրի Wave-6 տարբերակում հարցաթերթիկի փոփոխական համարը V46 է։

 


[i] Ex-ante – ինչ-որ բանի «ժողովրդական պահանջարկ», երբ սակայն «պահանջողը» գնողունակ չէ — Թրգմ․

[ii] Ըստ Ֆուկոյամայի, նեո-պատրիմոնիալը այն կառավարումն է, որտեղ ժամանակակից պետության ֆորմալ ատրիբուտները պահպանված են, բայց բաշխված են ընկերների և ընտանիքի մեջ։  — Թրգմ․