Գաղութատիրություն և շրջակա միջավայր «Կանաչ լաբորատորիա Հայաստան»-2023-ին մասնակցելու հրավեր

Եթե ուզում եք ընդլայնել ձեր գիտելիքները գաղութատիրության և շրջակա միջավայրի մասին կամ պարզապես քննադատորեն անդրադառնալ ձեզ շրջապատող իրողություններին, ապա Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի չորսօրյա ամառային դպրոցը ձեզ համար է։ Հրավիրում ենք մասնակցելու «Կանաչ լաբորատորիա Հայաստան-2023»-ին. խորագիրը՝ «Գաղութատիրություն և շրջակա միջավայր»։

Read in English

Reading time: 3 minutes
 «Կանաչ լաբորատորիա Հայաստան»-2023-ին մասնակցելու հրավեր Գաղութատիրություն և շրջակա միջավայր

Ինչպե՞ս են գաղութատիրությունը և շրջակա միջավայրը փոխկապակցված։ Ինչպիսի՞ շարունակական ազդեցություն ունի գաղութատիրությունը ազգերի և պետությունների վրա։ Ինչպե՞ս է Հայաստանը ներազդվում իր գաղութային անցյալից և գլոբալիզացվող ներկայից։ Ո՞րն է Հայաստանի քաղաքական և տնտեսական ինքնությունը, և ինչ ուղղությամբ պետք է այն զարգանա։

Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ պետությունները սկսեցին ձևավորել իրենց քաղաքական և տնտեսական ինքնությունները։ Նրանցից շատերը բռնեցին տնտեսական ազատականացման ճանապարհը՝ համաշխարհային տնտեսությանը մաս դառնալով, օտար ներդրումներ ներգրավելով և իրենց արդյունաբերությունները զարգացնելով։ Թեև օտար ներդրումները կարող են տնտեսական առավելություններ տալ երկրին, օրինակ՝ աշխատանքի հնարավորություններ և մեծացող հասանելիություն կապիտալին, տեղի համայնքների համար դրանք կարող են նաև թողնել բազում բացասական հետևանքներ՝ շահագործում, միգրացիա, շրջակա միջավայրի դեգրադացիա, օգուտների անհավասար բաշխում։ Ըստ այդմ, կան կարծիքներ, որ սա կարող է նկարագրվել որպես նոր տեսակի շրջակա միջավայրի գաղութատիրություն։ Դիմադրելով այս գործընթացներին՝ էկոակտիվիստները պայքարում են հանուն շրջակամիջավայրային արդարության (environmental justice) և ռեսուրսների կայուն ու հավասար կառավարման։

Այս Լաբորատորիայի նպատակն է ստեղծել արդյունավետ և միջգիտակարգային հարթակ, միավորել ուսանողներին, հետազոտողներին և ակտիվիստներին և բացահայտել ու քննարկել շրջակամիջավայրային արդարության և գաղութատիրության հիմնական կողմերը բազմաչափ դիտանկյունից։ Բացի վերոնշյալ թեմաներից՝ հատուկ ուշադրություն կդարձվի խորհրդային ենթակառուցվածքային գաղութատիրությանը, շրջակամիջավայրային արդարության ֆեմինիստական դիտանկյանը և արդյունաբերական արդիականացմանը։

Որտե՞ղ։ Ե՞րբ։

«Կանաչ լաբորատորիա» 2023-ը տեղի կունենա հուլիսի 12-ից 16-ը՝ Հայաստանում, Ստեփանավանում կամ Ջերմուկում (ենթակա է քննարկման)։ Ամառային դպրոցի ընթացքում տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ, աշխատանոցներ և ֆիլմի դիտումներ։ Ավելին, կանցկացվեն էքսկուրսիաներ դեպի բնապահպանական տեսանկյունից վտանգված վայրեր։

Ո՞վ կարող է դիմել։

Դիմել կարող են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերի ուսանողները (մարդաբաններ, սոցիոլոգներ, շրջակա միջավայրի մասնագետներ, բնապահպաններ, ուրբանիստներ և այլք), ինչպես նաև թեմայի ոլորտում փորձառություն ունեցող այլ երիտասարդներ։ Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Դիմումը կարող եք լրացնել այստեղ։

Դիմումները լրացնելու ժամկետը հունիսի 18-ն է։

Առաջին փուլն անցած հավակնորդների հետ կապ կհաստատենք ամենաուշը հունիսի 23-ին։

***

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի մասն է։ Մեր հիմնական նպատակն է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովրդավարացման գործընթացին։ Մենք խրախուսում ենք գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, սոցիալական և շրջակամիջավայրային արդարությունը։ Մեր գործընկերների հետ համատեղ մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք միտված են զարգացնելու ժողովրդավարական քաղաքական մշակույթը և բանավեճի ասպարեզ բացելու քաղաքացիական հասարակության, գենդերային ժողովրդավարության ու շրջակամիջավայրային փոխակերպման շուրջ։ Մենք հարթակ ենք տրամադրում հիշողության քաղաքականության, խորհրդային և հետխորհրդային պատմության վերաբերյալ երկխոսելու և բազմազան կարծիքներ հայտնելու համար՝ այդ հարցերը դարձնելով հանրային լայն քննարկման առարկա։