Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը հաճախ մատնանշվում է որպես ժողովրդավարացման հաջող օրինակ Հարավային Կովկասում։ Սակայն այս զարգացումները զուգորդվում են իշխանության անձնավորման, ինստիտուցիոնալ ինքնավարության թուլացման և քաղաքական լանդշաֆտի բևեռացման հետ։
2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը հաճախ մատնանշվում է որպես ժողովրդավարացման հաջող օրինակ Հարավային Կովկասում: Ի տարբերություն Վրաստանի, որը 2024 թվականի ընտրություններով կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ավտորիտար կոնսոլիդացիա, և Ադրբեջանի, որտեղ խոր արմատներ է գցել ավտոկրատիան, Հայաստանում պահպանվում են բազմակարծությունը, ընտրական մրցակցությունը և մասամբ՝ քաղաքական գործընթացների թափանցիկությունը: Շնորհիվ 2018 թվականի Թավշյա հեղափոխության, որն իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Հայաստանն ընկալվում է որպես տարածաշրջանի բացառիկ երկիր թե՛ տեղական, թե՛ միջազգային հանրության կողմից: Ըստ «Freedom House» կազմակերպության՝ Հայաստանը շարունակում է մնալ Հարավային Կովկասի ամենաազատ և պլյուրալիստական երկիրը:
Այսօր Հայաստանի բռնած ուղին համեմատաբար կայուն է թվում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգային տեսանկյունից: Չնայած 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ տարավ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ պահպանելով իշխանությունը: Այդ ժամանակներից ի վեր Փաշինյանը վարում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն: Ըստ երևույթին՝ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, եթե գործող իշխանությունը երրորդ անգամ կառավարություն ձևավորելու մանդատ ստանա: Խաղաղության գործընթացը, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի վերաբացմանն ուղղված ջանքերը հարաբերականորեն նվազեցրել են անվտանգային ռիսկերը նախորդ տարիների համեմատ:
Միևնույն ժամանակ, Հայաստանն աստիճանաբար վերանայում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին սեփական դիրքորոշումը: «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագիծը, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ Հայաստանի հարավով, հնարավորություն է տալիս երկրին դառնալու տարանցիկ հանգույց՝ միավորելով Եվրոպան, Ասիան, Ռուսաստանը և Իրանը: Եվրոպական միության հետ սերտացող համագործակցությանը զուգահեռ այս զարգացումներն ամրապնդում են Հայաստանի հեղինակությունը իբրև առավել բաց և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացին հետամուտ պետություն: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ «Վրացական երազանքի» կողմից իշխանության կենտրոնացումը քննադատության է արժանացել ընտրական մանիպուլյացիաների և ռուսական աջակցությանն ապավինելու համար, Հայաստանը շարունակում է պահպանել ձևականորեն մրցակցային, սակայն խիստ բևեռացված քաղաքական միջավայր: ԵՄ հանձնառությունը օժանդակելու Հայաստանի կառավարությանը, այդ թվում՝ ընտրական գործընթացի և ռուսական ազդեցությանը հակազդելու հարցում, ավելի է ընդգծում այս տարբերությունը:
Այդուհանդերձ, ժողովրդավարական առաջընթացի և աշխարհի առջև բացվելու պատումները քողարկում են ավելի բարդ և ոչ գծային մի իրականություն: Հայաստանն անցնում է ոչ միայն ժողովրդավարական համախմբման, այլև հիբրիդային մի գործընթացով, երբ ժողովրդավարական ինստիտուտները զուգորդվում են իշխանության անձնավորման, ինստիտուցիոնալ ինքնավարության թուլացման և քաղաքական լանդշաֆտի բևեռացման հետ: Հետևաբար, առանցքային հարցն այն չէ, թե արդյոք Հայաստանը շարունակում է լինել ժողովրդարական երկիր, այլ այն, թե ինչ ժողովրդավարություն է ձևավորվում պատերազմի, տեղահանության և փոփոխվող աշխարհաքաղաքական դասավորությունների պայմաններում:
Հեղափոխական լեգիտիմությունից դեպի անձնակենտրոն կառավարում
2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված քաղաքակարգը խարսխված էր ժողովրդական համախմբման և օլիգարխիայի դեմ պայքարի հանձնառության վրա: Այն հասարակական միասնության և ժողովրդավարական ակնկալիքների մի պահ էր, երբ քաղաքական լեգիտիմությունը բխում էր հավաքական գործողությունից և ինստիտուցիոնալ բարեփոխումների խոստումից: Սակայն գրեթե մեկ տասնամյակ հետո այս հեղափոխական լեգիտիմությունը վերափոխվել է անձնակենտրոն կառավարման, որի առանցքում հեղափոխության առաջնորդն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս փոխակերպումը կարող է մեկնաբանվել որպես անցում դեպի պլեբիսցիտար կառավարում, երբ քաղաքական իշխանությունը շարունակ վերարտադրվում է ոչ թե ինստիտուտների, այլ առաջնորդի և հանրության միջև անմիջական, էմոցիոնալ հաղորդակցության միջոցով: Հայաստանի քաղաքական հաղորդակցության ոլորտում Փաշինյանի գերիշխանությունը, որը հատկապես դրսևորվում է սոցիալական մեդիայի միջոցով, հիմնովին վերափոխել է առաջնորդության և ինստիտուտների միջև կապը: Ունենալով մեծ լսարան, որ միայն «Facebook»-ում գերազանցում է ամսական 120 միլիոն դիտումը՝ Փաշինյանը դարձել է ոչ միայն երկրի առանցքային քաղաքական գործիչը, այլև հանրային օրակարգ ձևավորողը:
Վարչապետի կառավարմանը բնորոշ են մշտապես հանրային ուշադրության կենտրոնում գտնվելը, մարդկանց հետ անմիջական շփվելը և հասանելի լինելը՝ հաղորդակցվելով քաղաքացիների հետ փողոցում, հանրային տրանսպորտում, պարզաբանելով բազմաթիվ քաղաքական և սոցիալական հարցեր և այդպիսով ստեղծելով առօրյա կյանքից չկտրված գործչի կերպար: Այս գործելաոճը հոգեհարազատ է լայն ընտրազանգվածին և ամրապնդում է «ժողովրդի» հետ անմիջականորեն կապված առաջնորդի ընկալումը: Միևնույն ժամանակ, այն վերափոխում է քաղաքական հաղորդակցության բնույթը, երբ ավանդական միջնորդները՝ քաղաքական կուսակցությունները, խորհրդարանը և անգամ քաղաքացիական հանրության որոշ հատվածներ, աստիճանաբար շրջանցվում են կամ հայտնվում լուսանցքում:
Թեև ընտրական գործընթացում այս մոդելն ապացուցել է իր արդյունավետությունը, այն հղի է լուրջ հետևանքներով: Քաղաքական լեգիտիմությունն առավելապես վերագրվում է առաջնորդի կերպարին, մինչդեռ կառավարման պատասխանատվությունը անհամաչափորեն է բաշխվում, հաճախ էլ՝ բարդվում ուրիշների վրա: Վտանգվում է խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների և այլ միջնորդ ինստիտուտների ինքնավարությունը, երբ դրանք վերածվում են ռեակտիվ մարմինների՝ արձագանքելով վարչապետի հայտարարություններին, այլ ոչ թե հանդես գալով որպես ինքնուրույն դերակատարներ: Այս առումով Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգն ունի դելեգատիվ (պատվիրակված) ժողովրդավարության հատկանիշներ, երբ ընտրություններում հաղթանակը դիտարկում են որպես կառավարման լայն մանդատ՝ գործադիր իշխանության նկատմամբ զսպումների և հակակշիռների թույլ մեխանիզմով: Կարելի է զուգահեռներ անցկացնել 2000-ականների վերջի Վրաստանի հետ, մասնավորապես՝ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման երկրորդ շրջանին նախորդած ժամանակահատվածի հետ. հետհեղափոխական կառավարություն, որ դեռևս սնվում էր համակարգային փոփոխությունների լեգիտիմությունից, սակայն աստիճանաբար կենտրոնանում մեկ քաղաքական գործչի շուրջ՝ գործելով «ձեռնակառավարման» ռեժիմով և խիստ բևեռացված միջավայրում:
Հետպատերազմյան համատեքստն էլ ավելի է ամրապնդել այս միտումը: 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը, այնուհետև 2023 թվականին հայերի բռնի տեղահանումը տարածաշրջանից, խորապես ազդել են թե՛ քաղաքական լեգիտիմության, թե՛ հասարակական համախմբվածության վրա: Քաղաքական պատասխանատվությունը ինստիտուտների միջև բաշխելու փոխարեն այս ճգնաժամերը կենտրոնացրել են այն մեկ անձի շուրջ՝ միաժամանակ նեղացնելով այլախոհության և քննադատական ներգրավվածության տարածքը:
Իշխանության անձնավորումը մի շարք խոցելի կողմեր ունի: Դիրքավորվելով որպես քաղաքական և հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտների առանցքային դերակատար՝ Փաշինյանն ուղղակիորեն ասոցացվում է թե՛ կառավարման հաջողությունների, թե՛ ձախողումների հետ: Քննադատությունն ընդունելու նրա դժկամությունն ավելի է սրում այս դինամիկան` բացասաբար ազդելով ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա և ստեղծելով մի քաղաքական մշակույթ, որտեղ մրցակցությունն ունի ոչ թե ծրագրային, այլ անձնավորված բնույթ: Այս միջավայրն իր հերթին խորացնում է հայաստանյան քաղաքական կյանքում առկա բևեռացումը: Հանրային խոսույթում գերակայում են անձնական վիրավորանքը, փոխադարձ ապալեգիտիմացումը և գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանության նորմալացումը:
Ժամանակի ընթացքում այս միտումը կարող է հանգեցնել լուրջ հոգնածության ներկայիս իշխանությունից, քանի որ հանրության որոշ հատվածներ աստիճանաբար հիասթափվում են մի քաղաքական համակարգից, որն ասոցացվում է մեկ անձի հետ և ի վիճակի չէ համարժեքորեն արձագանքել երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, հատկապես՝ սոցիալ-տնտեսական խնդիրներին: Բացի այդ, ինստիտուտների շարունակական մարգինալացումը վտանգում է ժողովրդավարական կառավարման կայունությունը՝ թուլացնելով այն կառույցները, որոնք անհրաժեշտ են քաղաքական հաշվետվողականության և բազմակարծության համար:
Պառակտման և ապակողմնորոշման միտումները քաղաքացիական հանրության ներսում
Հայաստանում աճող բևեռացումը չի սահմանափակվում միայն կուսակցական քաղաքականությամբ. այն տեսանելի է նաև քաղաքացիական հանրության ներսում, որն ավելի է մասնատվել և շփոթության մատնվել: Նրանք, ովքեր համախմբված էին թավշյա հեղափոխության ժամանակ, այսօր բաժանված են մրցակից ճամբարների, ինչն արտացոլում է երկրի բռնած քաղաքական ուղու վերաբերյալ գոյություն ունեցող խորքային անորոշությունը:
Մի հատված շարունակում է սատարել վարչապետ Փաշինյանին՝ ելնելով ոչ թե անվերապահ վստահությունից, այլ կենսունակ այլընտրանքի բացակայությունից: Այս դերակատարների համար ընդդիմությունն ասոցացվում է պրոռուսական դիրքորոշումների, օլիգարխիկ շահերի և 2018 թվականից ի վեր գրանցված ձեռքբերումներից հրաժարվելու հետ: Նրանք գործող իշխանությանը սատարելը համարում են պաշտպանական միջոց՝ ուղղված ժողովրդավարական առաջընթացի և քաղաքացիական հանրության ինքնավարության պահպանմանը:
Մեկ այլ հատված քննադատական կեցվածք է որդեգրել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության նկատմամբ: Նախորդ վարչակարգերի ժառանգության վերաբերյալ բացասական կարծիք ունենալով հանդերձ՝ այս դերակատարներն ավելի հաճախ են մատնանշում Փաշինյանի կառավարման ավտորիտար միտումները, այդ թվում՝ ճնշումները անկախ լրատվամիջոցների նկատմամբ, անհանդուրժողականությունը այլախոհության հանդեպ և գործադիրի գերիշխանության բացասական ազդեցությունը քաղաքական բևեռացման վրա: Այս խումբը քննադատում է ոչ միայն ընդդիմության թուլակամությունը, այլև կառավարության գործողությունները, որոնք քայքայում են ժողովրդավարական նորմերը:
Այս երկու քիչ թե շատ հստակ դիրքորոշում ունեցող խմբերի հետ մեկտեղ Թավշյա հեղափոխության սկզբնական կողմնակիցների շրջանում ձևավորվել է գաղափարապես պակաս կողմնորոշված մի հատված, որին բնորոշ է հուսախաբությունը և քաղաքական ապատիան: Այս խմբի որոշ ներկայացուցիչներ, չնայած ունեցած վերապահումներին, պատրաստ են սատարել ընդդիմադիր ուժերին, մինչդեռ մյուսներն այլևս քաղաքականապես ակտիվ չեն: Այս հատվածը միասնական տեսակետ չի արտահայտում՝ փոխարենն արտացոլելով ժողովրդավարության ոլորտում առկա անորոշությունը, մասնատվածությունը և շփոթությունը:
Այս տարաձայնությունները սերտորեն կապված են քաղաքացիական հանրության կառուցվածքային փոփոխությունների հետ, որոնք հաջորդել են Թավշյա հեղափոխությանը: 2018 թվականից հետո քաղաքացիական հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ստանձնեցին պետական պաշտոններ՝ փորձելով նպաստել բարեփոխումների գործընթացին, թեև այդպիսով ավելի աղոտ դարձավ պետության և հասարակության սահմանագիծը: Այս միտումը կարճաժամկետ հատվածում նպաստեց ինստիտուցիոնալ փոփոխություններին, սակայն թուլացրեց քաղաքացիական հանրության ինքնավարությունը և որպես վերահսկող մարմին հանդես գալու ներուժը: Այսպիսի մի օրինաչափություն նկատվեց նաև Մոլդովայում Մայա Սանդուի գլխավորած «Գործողություն և համերաշխություն» կուսակցության՝ 2021 թվականի հաղթանակից հետո, երբ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավվածությունը կառավարության կազմում ևս հանգեցրեց հասարակական և պետական ինստիտուտների միջև սահմանի աղավաղմանը: Ժամանակի ընթացքում այս անհատներից ոմանք հեռացան քաղաքականությունից, մինչդեռ մյուսները շարունակեցին ծառայել պետական կառույցներում: Արդյունքում առաջ եկավ խոցելի և մասնատված քաղաքացիական հանրություն, որ միայն մասամբ է ունակ քաղաքական խոսույթ ձևավորել:
Հատկանշական է, որ Հայաստանում բացակայում է այնպիսի մի ժողովրդավարական ծրագիր կամ քաղաքական ուժ, որը հետևողականորեն և հստակորեն կձևակերպի և առաջ կմղի Թավշյա հեղափոխության առանցքային գաղափարները: Ոչ մի քաղաքական միավորի չի հաջողվել զբաղեցնել այն տարածությունը, որ առկա է իշխող կուսակցության և վարկաբերկված կամ թույլ ընդդիմության միջև: Այս վակուումը թույլ է տալիս կառավարությանը, հատկապես՝ վարչապետ Փաշինյանին, գերակա դիրք ունենալ ոչ միայն քաղաքականության մեջ, այլև ավելի լայն դիսկուրսիվ դաշտում: Այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են պատերազմը և խաղաղությունը, ԵՄ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև պետական սահմանների վերահաստատումը «Իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, ձևակերպում են ստանում հենց գործադիր իշխանության կողմից: Սրանք զգայուն հարցեր են՝ շաղկապված ինքնության, պատմական հիշողության և պետության ապագայի վերաբերյալ տարբեր տեսլականների հետ: Սակայն դրանք քննարկվում են ոչ թե պլյուրալիստական և ներառական հարթակներում, այլ ձև ու մարմին ստանում առաջնորդակենտրոն հաղորդակցման պայմաններում և բևեռացված միջավայրում:
Հետպատերազմյան պետականությունը, նոր պատումները և հիասթափությունը ժողովրդավարական գործընթացից
Հայաստանի ներկայիս քաղաքական հետագիծը հասկանալու համար կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի կորստից հետո վարչապետ Փաշինյանը ձեռնարկել է երկրի ռազմավարական կողմնորոշման զգալի փոփոխություն: Հանդիսանալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից՝ նրա կառավարությունը փորձել է համապատասխանեցնել ազգային քաղաքականությունը աշխարհաքաղաքական նոր իրողություններին: Այս վերադիրքավորումը մարտահրավեր է նետում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող պատումներին և ազդարարում ավելի պրագմատիկ և անվտանգության վրա հիմնված քաղաքականության մասին: Հաջողության պարագայում այն կարող է նպաստել տարածաշրջանում Հայաստանի դիրքերի երկարաժամկետ կայունացմանը: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն՝ այն հայաստանցիների մասնաբաժինը, որոնք ազգային անվտանգությունը համարում են իրենց հիմնական մտահոգությունը, 44 տոկոսից (2025 թ. հունիս) նվազել է մինչև 21 տոկոս (2026 թ. փետրվար): Այս փաստը հուշում է, որ հարաբերությունների կարգավորման և դեէսկալացիայի ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ արտաքին սպառնալիքի ընկալումը համեմատաբար նվազել է:
Այդուհանդերձ, այս փոփոխությունն ուղեկցվում է քաղաքական խոսույթում լարվածության զգալի աճով: Սեփական մոտեցումը ներկայացնելով որպես պրագմատիկ պատասխան անցյալի ձախողումներին՝ Փաշինյանը պարտության և ներկա իրավիճակի պատասխանատվությունը գլխավորապես վերագրում է նախկին իշխանություններին: Այս զարգացումներում նրա դերակատարումը հազվադեպ է քննվում, ինչը բացասաբար է ազդում քաղաքական հաշվետվողականության և հանրային վստահության վրա: Առավել մտահոգիչ են իշխանական հռետորաբանության այն տարրերը, որոնք թիրախավորում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին, մասնավորապես այն, թե նրանք ինքնապաշտպանության չեն դիմել: Նմանատիպ «ֆրեյմինգը» ցավալի և խնդրահարույց զարգացում է, որն արտացոլում է հետկոնֆլիկտային համատեքստում նկատելի մեկ այլ օրինաչափություն, երբ տարբեր խոցելի խմբերին մեղադրանքներ ներկայացնելով փորձ է արվում նոր շունչ հաղորդել քաղաքական լեգիտիմությանը: Հայաստանի պարագայում սա ոչ միայն խորացնում է սոցիալական պառակտումը, այլև բարդացնում տեղահանված մարդկանց՝ հասարակության մեջ ինտեգրվելու առանց այն էլ դժվարին գործընթացը:
Հաղորդակցման «վերևից ներքև» և հաճախ դեկլարատիվ բնույթը ավելի է սրում լարվածությունը: Քաղաքական ուղերձները ոչ թե ներգրավում են հասարակությանը երկխոսելու այնպիսի բարդ ու ցավոտ հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածքային կորուստները, ինքնությունը և երկարաժամկետ անվտանգությունը, այլ տուրք տալիս բևեռացված տրամաբանությանը. վարչապետի մոտեցումն ընդունելը վերագրվում է ռեալիզմին և պատասխանատվությանը, իսկ քննադատությունը շրջանակվում որպես դիմադրություն խաղաղության գործընթացին: Սա աղավաղում է բազմակարծության վրա հիմնված բանավեճի էությունը և սրում բևեռացվածությունը՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետները: Նիկոլ Փաշինյանի անձնակենտրոն և էմոցիոնալ կառավարման ոճը հանգեցնում է նրան, որ կառավարության ցանկացած քննադատություն ընկալվում է որպես վարչապետին ուղղված վիրավորանք՝ թույլ չտալով քննադատական խոսույթի որևէ դրսևորում: Այս դինամիկան հատուկ չէ միայն Հայաստանին: Այսպիսի օրինաչափություններ կարելի է տեսնել նաև Վրաստանում, որտեղ իշխող ուժը ընդդիմությանը ասոցացնում է արտաքին սպառնալիքների հետ՝ նրանց անվանելով անկայունության ջատագովներ: Հայաստանում նկատելի է նմանատիպ մեկ այլ խոսույթ, որի համաձայն կառավարությունը խաղաղության երաշխավորն է, մինչդեռ ընդդիմադիրները՝ պատերազմի կողմնակիցներ: Եթե Վրաստանում իշխանությունն ավելի համակարգված է թիրախավորում ընդդիմությանը և քաղաքացիական հանրությանը՝ մեղադրելով նրանց «արտաքին շահերին» ծառայելու մեջ, Հայաստանում «խաղաղության և պատերազմի» պատումն օգտագործվում է գլխավորապես ընդդիմության դեմ: Քաղաքական խոսույթի անձնավորումը և պարզունակացումը շեղում է ուշադրությունը բովանդակային քաղաքական բանավեճերից:
Արդյունքում առանցքային հարցերը բավարար կերպով չեն հասցեագրվում, մասնավորապես՝ ինչպես վերաիմաստավորել Թավշյա հեղափոխության ժառանգությունը, երաշխավորել ժողովրդավարական բարեփոխումների կայունությունը, բարելավել սոցիալ-տնտեսական պայմանները և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին լիարժեք ինտեգրել հասարակության մեջ՝ նրանց հավելյալ «բեռ» չհամարելով: Հանրային կարծիքի հետազոտությունը ցույց է տալիս, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունը, միջին աշխատավարձի ցածր մակարդակը, բնակարանային ապահովումը և առողջապահությունը մնում են բնակչության հիմնական մտահոգությունների թվում, մինչդեռ քաղաքական խոսույթում սահմանափակ ուշադրության են արժանանում: Այս մտահոգությունները հատկապես առկա են երիտասարդության շրջանում: «Սոցիոսկոպի»[1] և Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ 18-35 տարեկան անձինք ամենաչկողմնորոշված ընտրողներն են և հաճախ քաղաքականությունն ընկալում են որպես հեռավոր, բևեռացված և անհաղորդ երևույթ: Եթե տեղական մակարդակում նրանք ակտիվություն են ցուցաբերում՝ ներգրավվելով բնապահպանական, սոցիալական և համայնքային նախաձեռնություններում, ապա համապետական քաղաքական գործընթացների նկատմամբ դրսևորում են նվազ հետաքրքրություն: Սա մի պարադոքս է, երբ երիտասարդ սերունդը սոցիալականապես ներգրավված է, սակայն կտրված է քաղաքականությունից, ինչն ավելի է ընդգծում միտումնավոր ապաքաղաքական դարձող քաղաքացիական հանրության վտանգավոր հեռանկարը:
ԵՄ երկընտրանքը
Եվրոպական միության համար Հայաստանի բռնած ուղին թե՛ հնարավորություն է, թե՛ երկընտրանք: Բրյուսելն աստիճանաբար դիրքավորվել է որպես Հայաստանի առանցքային գործընկեր Հարավային Կովկասում, ինչը կարելի է դիտարկել հատկապես Վրաստանում ժողովրդավարական հետընթացի և տարածաշրջանում ռուսական ազդեցությունը նվազեցնելու մտադրության համատեքստում: Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը լիակատար աջակցությունը ԵՄ ռազմավարական ընտրությունն է՝ սատարելու մի ուժի, որը համարվում է կենսունակ ժողովրդավարական միավոր թե՛ երկրի ներսում, թե՛ տարածաշրջանում: Այդուհանդերձ, այս համագործակցությունը վտագներ էլ է պարունակում: Ժողովրդավարացման, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Եվրոպայի հետ սերտ հարաբերություններ զարգացնելու հեռանկարը կապելով ներկայիս կառավարության հետ՝ ԵՄ գործընկերները ինստիտուցիոնալ բազմակարծության փոխարեն կարող են ամրապնդել անձնակենտրոն կառավարման համակարգը, որի արդյունքում թե՛ ներքին բարեփոխումների օրակարգը, թե՛ Հայաստանի եվրոպական կողմնորոշումը կախված են մնում մեկ քաղաքական դերակատարից:
Միևնույն ժամանակ, արագ եվրաինտեգրման պատումը, որն ակտիվորեն առաջ է մղում հենց կառավարությունը, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, սահմանափակ բնույթ ունի կառուցվածքային խնդիրների պատճառով: Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ և մեծապես կախված է Ռուսաստանից տնտեսական, ենթակառուցվածքային և անվտանգային առումներով: Այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, գազամատակարարումը, հեռահաղորդակցությունը և երկաթուղային ենթակառուցվածքը կապված են ռուսական ընկերությունների հետ, չի վերացել նաև Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում: Թեև ժամանակի ընթացքում քայլեր են ձեռնարկվում դիվերսիֆիկացման ուղղությամբ (օրինակ՝ սահմանի անցման կետերում վերահսկողությունը), ռազմավարական տեսանկյունից ռուսական կախվածությունից ազատվելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է:
Վերը թվարկածը վկայում է քաղաքական խոսույթի և նյութական հնարավորությունների միջև անջրպետի մասին: Թեև կառավարությունը հանդես է գալիս եվրաինտեգրացիայի ջատագովությամբ, այս ճանապարհին կանգնած խոչընդոտների մասին մասամբ է խոսվում: ԵՄ-ն իր հերթին խուսափում է այս խնդիրներն ուղղակիորեն մատնանշելուց. մի կողմից չի ցանկանում վնասել գործող իշխանությանը նախընտրական շրջանում, մյուս կողմից՝ կենտրոնացած է այլ առաջնահերթությունների վրա (ռուս-ուկրաինական պատերազմ, ԵՄ ընդլայնման բանակցություններ Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների հետ): Սակայն այս լռությունը կարող է մեծացնել անիրատեսական սպասումները՝ ժամանակի ընթացքում խարխլելով արտաքին գործընկերների, հատկապես՝ ԵՄ նկատմամբ հանրային վստահությունը:
Նոր հասարակական դաշինքի անհրաժեշտությունը
Վերը թվարկված ներքին և արտաքին զարգացումները ավելի մեծ խնդրի՝ Հայաստանի ժողովրդավարական ապագայի բաղկացուցիչ մաս են: 2026 թվականի ընտրությունների արդյունքները հազիվ թե լուծեն երկրի առջև ծառացած կառուցվածքային մարտահրավերները: Նույնիսկ եթե ապաօլիգարխացման, բազմակարծության պահպանման և Ռուսաստանից կախվածությունը փոքրացնելու հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մնա ամենակենսունակ այլընտրանքը, ընտրություններից հետո գործադիր իշխանության վրա հիմնված կառավարման համակարգի կարծրացման վտանգը չի վերանում:
Այդուհանդերձ, Հայաստանը գործում է խիստ բարդ տարածաշրջանում: Շարունակվող աշխարհաքաղաքական լարվածությունները, այդ թվում՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմով և Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հնարավոր հարվածներով պայմանավորված անկայունությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գերիշխանությունը, լրացուցիչ ճնշում են գործադրում Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա: Մինչ Ադրբեջանում գործում է ավտոկրատ ռեժիմ, իսկ Վրաստանում տեղի է ունենում «պետության զավթում» և իշխանության կենտրոնացում ավտորիտար ուժի ձեռքում, Հայաստանը կանգնել է տարածաշրջանային այս միտումներին դիմակայելու և սեփական ժողովրդավարական հետագիծը շարունակելու դժվարին խնդրի առջև:
Այս համատեքստում գլխավոր մարտահրավերը սոսկ մրցակցային ընտրությունների անցկացումը չէ: Հայաստանին անհրաժեշտ է ձևավորել նոր հասարակական դաշինք՝ հասցեագրելու պատերազմի, տեղահանության և քաղաքական բևեռացման հետևանքով առաջացած պառակտումը: Սա ներառում է Ղարաբաղից տեղահանված հայերի ինտեգրումը պետության սոցիալական և քաղաքական հյուսվածքին, նոր աշխարհաքաղաքական իրողությունների ընդունումը, ինչպես նաև պետության և հասարակության միջև առավել ներառական և պակաս առճակատումային հարաբերությունների զարգացումը: Այս տրանսֆորմացիան ենթադրում է անցում անձնակենտրոն, «ձեռնակառավարմամբ» գործող, թշնամական խոսույթի և պերֆորմատիվ քաղաքականության վրա հիմնված համակարգից դեպի մի մշակույթ, որտեղ կարևորվում են ինստիտուցիոնալ հաշվետվողականությունը, բովանդակային քաղաքական բանավեճը և իմաստալից քաղաքացիական մասնակցությունը: Միայն այս պարագայում կարող են ի հայտ գալ վստահելի ժողովրդավարական այլընտրանքներ, որոնք ունակ կլինեն մարտահրավեր նետելու իշխանությանը՝ առանց ինքնաբերաբար պիտակավորվելու որպես պրոռուսական ուժեր: Հետևապես գալիք ընտրությունները կլինեն ոչ այնքան շրջադարձային մի կետ, որքան ժողովրդավարական դիմակայունության փորձություն, որով պարզ կդառնա, թե արդյոք Հայաստանը կարող է խարիզմատիկ լեգիտիմության մոդելից անցում կատարել դեպի առավել ինստիտուցիոնալ և կայուն ժողովրդավարական քաղաքակարգ:
[1] Առաջիկայում հրապարակվելիք հետազոտություն: