Հայաստանում փոքր կուսակցությունները բախվում են մի շարք մարտահրավերների։ Դրանք են ռեսուրսների սահմանափակ լինելը, փոքր շուկան, մեդիա դաշտում անհավասար հնարավորությունները, անձնակենտրոն կուսակցական ավանդույթն ու քաղաքական դաշտի ներառական չլինելը։ Այդուհանդերձ, փոքր կուսակցությունները կարող են ակտիվ մասնակցություն ունենալ հետընտրական կոալիցիաներին և նպաստել ժողովրդավարական ու ներառական գործընթացների զարգացմանը։ Հոդվածում ընդգծվում է, որ Հայաստանում փոքր կուսակցությունների աջակցության ու խթանման համար անհրաժեշտ են ընտրական օրենսգրի հիմնավոր բարեփոխումներ, «կայուն մեծամասնության» դրույթի չեղարկում և հնարավորինս հավասար պայմանների ստեղծում բոլոր քաղաքական ուժերի համար։

Քաղաքական համակարգի ընդհանուր բնութագիրը
Համաձայն միջազգային հետազոտությունների ու զեկույցների՝ Հայաստանը դասվում է անցումային ժողովրդավարությունների կամ հիբրիդային ռեժիմների շարքին` ժողովրդավարական ինստիտուտների հարաբերական կայունությամբ ու գործընթացների հարաբերական անկմամբ։ Ըստ Սահմանադրության` Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է։ Ներկայումս կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունն Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ունի։ Մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում մի կողմից հնարավորություն է տալիս իրականացնելու ցանկացած վերափոխում առանց ընդդիմության համաձայնության, մյուս կողմից պարունակում է ռիսկեր՝ խորհրդարանական հակակշիռների բացակայության տեսքով։ Դրան գումարվում են իշխող ուժի ղեկավարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությամբ նախատեսված «սուպերվարչապետական» լիազորությունները, որոնք այս իշխանությունը ժառանգել է նախորդ՝ ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի իշխանությունից։ Այն, ի հեճուկս 2018 թ.-ի հեղափոխության ժամանակ տրված խոստումների, ոչ միայն չի փոխվել, այլև բազմաթիվ օրենսդրական փոփոխություններով էլ ավելի է ամրապնդվել՝ ընդարձակելով վարչապետի առանց այն էլ անվերահսկելի լիազորությունները։
2020 թ.-ի պատերազմում պարտությունը և 2023 թ.-ին Լեռնային Ղարաբաղի հայաթափումը լուրջ հարված էին իշխող ուժի հեղինակությանն ու հանրային աջակցությանը։ Ըստ վերջին հարցումների՝ վարչապետ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը համապատասխանաբար 16% և 20% է (IRI, 2024)։ Ավելին, հարցվածների 61%-ն ընդհանրապես չի վստահում ոչ մի քաղաքական գործչի։ Ընդդիմությունը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, փոքր կուսակցություններն ու այլ ուժեր զարմանալիորեն չեն կարողանում քաղաքական վարկանիշի տեսքով կապիտալիզացնել իշխանության ռեյտինգի անկումը՝ առկախելով հասարակության սպասումներն ու ակնկալիքները։ Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է մնալ չընդունված՝ չկարողանալով գրավել այն ընտրողների աջակցությունը, որոնք հիասթափվել են «Քաղաքացիական պայմանագրից»։ 2025 թ.-ի սկզբի դրությամբ՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունն ի վիճակի չէ էականորեն մարտահրավեր նետելու իշխանությանը։ Մյուս կողմից, լինելով մասնատված և առանց կոալիցիոն հեռանկարների, արտախորհրդարանական փոքր ու մեծ կուսակցություններն ավելի շատ պայքարում են միմյանց, քան իշխանության դեմ։
Կուսակցությունների գաղափարական ուղղվածությունը
Հայաստանի անկախացումից ի վեր նորաստեղծ կուսակցությունները գաղափարական առումով եղել են առավելապես աջ պահպանողական, ազգայնական գաղափարախոսության կրողներ։ Թե ՛ Հայոց համազգային շարժումը, թե՛ մյուս կուսակցություններն, այս կամ այն կերպ սկիզբ առնելով Ղարաբաղյան շարժումից, կրել են ազգայնականության գաղափարախոսությունը։ Շարժումը ձևավորվել էր նախ ԽՍՀՄ սահմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման աջակցության համար, իսկ հետո վերաճեց անկախության շարժման։ Միաժամանակ, լինելով քաղաքականապես ազգայնական, տնտեսական հարցերում այն որդեգրեց լիբերալ գաղափարախոսության տարրեր՝ ազատ շուկա, ցածր հարկեր, մասնավոր ձեռներեցության խթանում և այլն։ Ոչ՛ պատերազմ, ոչ՛ խաղաղության իրավիճակում Հայաստանի իշխող կուսակցությունները (առավելապես խորհրդարանական) ներկայանում էին որպես ազգայնական, աջակողմյան ուժեր, ազգ-պետության միատարր գաղափարախոսության, արտաքին թշնամական ուժերից պաշտպանության ու հասարակության մեջ ընտանիքի գերակայության գաղափարախոսությամբ։
Փոքր կուսակցությունները նույնպես առաջնորդվում էին ազգայնական գաղափարախոսությամբ` երբեմն ներկայանալով որպես «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»՝ ավելի ծայրահեղական, ավելի ազգայնական, ավելի ռազմատենչ հայտարարություններով։ Սրան էլ գումարվում է «անձ-կուսակցությունների» անհատակենտրոն ոճը, երբ շատ ու շատ փոքր կուսակցություններ ունեին իրավիճակային, «թղթի վրա» գաղափարախոսություն և պարզապես զբաղվում էին «քաղաքական առևտրով»՝ լինելով իրենց ղեկավարի ու հիմնադրի «կցորդը»։ 2000-ական թթ.-ին, երբ որոշակիորեն բարելավվեց սոցիալ-տնտեսական իրավիճակը, սկսեցին ձևավորվել նաև ձախական, սոցիալական ուղղվածության կուսակցություններ, որոնք նույնպես որդեգրում էին ազգայնական գաղափարական ուղղվածությունը։ Իրավիճակը առանցքային փոփոխության ենթարկվեց 2020 թ.-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ պարտությունը, հետո նաև Լեռնային Ղարաբաղի կորուստը և այնտեղի հայության բռնի տեղահանումը զրոյացրին ազգայնական գաղափարախոսության գրավչությունը՝ հարվածելով դրա դիրքերին ու թուլացնելով ազդեցությունը։ Ավելի մանրամասն այս թեմայի վերաբերյալ կարելի է ծանոթանալ հետազոտող Տիգրան Մուղնեցյանի աշխատանքում։
2018 թ.-ի «Թավշյա հեղափոխությունը» նոր հեռանկարներ բացեց ձախական ուղղվածության կուսակցությունների համար։ Հեղափոխությունը, գլխավորապես, սոցիալական խնդիրների, պետական կառավարման որակի, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների ուղղվածություն ուներ, ապակենտրոն էր, ցանցային, առանց զգալի նյութական ռեսուրսների կիրառման։ Սրանք բոլորը նախադրյալներ են փոքր կուսակցությունների գործունեության համար։ Զուգահեռաբար կանաչ գաղափարախոսությամբ կուսակցությունները հատկապես գրավիչ կարող են լինել Երևանում և այն մարզերում որտեղ կարևոր են էկոլոգիական տուրիզմը, շրջակա միջավայրի պահպանումը, բնական ռեսուրսների (հանքարդյունաբերության) կայուն զարգացումն ու կառավարումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, որով քաղաքացիները շահագրգռված ու հետքրքրված կլինեն միավորվել ու առաջ մղել սեփական օրակարգն ու քաղաքականությունները։ Ավելին, կանաչ գաղափարախոսությամբ կուսակցությունները կարող են առաջ մղել սոցիալական արդարության, աշխատանքային իրավունքների պաշտպանության, գենդերային դեմոկրատիայի, սեռերի իրավահավասարության, կանանց ակտիվ մասնակցայնության, գենդերային բռնության դեմ պայքարի առանցքային ուղենիշները՝ նպաստելով համայնքային կայուն ու ներառական կառավարմանը, արդար ու հավասար հասարակության և քաղաքական համակարգի կայացմանը։
Երևանում ահռելի բնապահպանական խնդիրներ կան՝ սկսած օդի աղտոտվածությունից, գերբնակեցումից մինչև կանաչ տարածքների ոչնչացում, այս բոլոր խնդիրները առաջնային կարևորություն ունեն Երևանի միջին խավի համար, որը նաև փաստացի Հայաստանի միջին խավն է (ոչ պաշտոնական տվյալներով՝ Երևանում ապրում է Հայաստանի բնակչության գրեթե կեսը)։ Այս գաղափարները նաև գրավիչ են ու կարող են հանրային մոբիլիզացիայի համար նպաստավոր լինել հատկապես երիտասարդների շրջանում։ Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցել էր ընդհանուր ընտրողների միայն մոտավոր 29%-ը, ինչը վերջին երեսուն տարիների ընթացքում պատմական մինիմումն էր։ Սա ցուցիչ է այն բանի, որ մարդիկ հոգնել են ավանդական քաղաքական խոստումներից, թեմաներից ու կլիշեներից։ Բայց մյուս կողմից, ըստ վերջին IRI-ի հարցման, Երևանում բնակչության 60%-ը (IRI, 2024) թարմ քաղաքական ուժերի սպասում ունի։ Բացի այդ, Հայաստանը, լինելով հանքարդյունաբերական երկիր, լուրջ սոցիալական ու բնապահպանական մարտահրավերներ ունի հատկապես մարզային բնակչության շրջանում, և կանաչ գաղափարախոսությամբ կուսակցությունները կարող են բալանսավորել շուկայի ու հանրային շահի հարաբերությունները։
«Փոքր»-ի տիպաբանությունն ու «անձնակենտրոն» փակուղին
Գիտական գրականության մեջ կուսակցության մասշտաբը, կառավարման ձևն ու կառուցվածքը նկարագրելու համար բացի «փոքր» եզրույթից օգտագործվում են նաև «միկրո», «երկրորդական», «niche» (նեղ, թեմատիկ) բնորոշումները։ Այս վերլուծության համար մենք կօգտագործենք «փոքր» եզրույթը, որն ավելի հարմար է հայկական կոնտեքստի համար։ Փոքր կուսակցությունները պետությունների քաղաքական համակարգերի կարևոր բաղադրիչներն են ամբողջ աշխարհում։ Դրանք գործում են խոշոր կուսակցություններից տարբերվող ռեսուրսների և հնարավորությունների պայմաններում:
Անկախ Հայաստանում միշտ եղել են գերակշիռ՝ միանձնյա իշխող կուսակցություններ կամ դաշինքներ։ ԽՍՀՄ փլուզման ու Ղարաբաղյան շարժման արդյունքում ձևավորվեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության՝ պարառող տիպը (big tent party)։ Կարճ ժամանակ անց՝ ֆրակցիոն պայքարի ու անհատակենտրոն կոնֆլիկտների արդյունքում, ձևավորվեցին այլ՝ ավելի փոքր կուսակցություններ։ Այսպես, ՀՀՇ առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի անձնական տարաձայնությունների արդյունքում «մանուկյանական թևը» առանձնացավ՝ ստեղծելով «Ազգային ժողովրդավարական միավորումը» (ԱԺՄ)։ Սակայն, Հայաստանի համար ամենաբնորոշը եղել են ու կան «անձնակենտրոն» կառավարման մոդելով փոքր ու մեծ կուսակցությունները, որոնք հիմնականում ստեղծվել են «զրոյից»՝ չլինելով «Ղարաբաղյան շարժման» կամ որևէ այլ քաղաքական, հանրային կամ սոցիալական շարժման արդյունք։ Հայաստանյան «փոքր» կուսակցությունները ոչ միայն անմասն չեն այդ տենդենցից, այլև առավելագույնս համապատասխանում են այդ տիպաբանությանը։ Դրանք հիմնականում «հավաքվել» և «կառուցվել» են կոնկրետ առաջնորդի՝ խարիզմա ու ռեսուրս ունեցող անձի շուրջ։ Այս տենդենցը էլ ավելի է ամրապնդվել` հաշվի առնելով ՀՀ առաջին սահմանադրությամբ ձևավորված նախագահական՝ ուժեղ, անձնակենտրոն համակարգը, որտեղ հաղթողը ստանում էր ամեն ինչ, իսկ ընտրություններն ակամայից դառնում էին անձերի պայքարի, այլ ոչ թե գաղափարախոսական կամ ծրագրային դիմակայության հարթակ։
Հայաստանում միշտ էլ առաջնային կարևորություն են ունեցել հենց նախագահական ընտրությունները՝ վառ արտահայտված առաջնորդությամբ։ Կուսակցաստեղծման գործընթացը, որպես բնական հետևանք, կենտրոնացել է անհատների շուրջ։ Անձնակենտրոն, փոքր կուսակցությունն իր գոյությունն ու գործունեությունը կառուցել է աչքի ընկնող վառ, խարիզմատիկ անհատի շուրջ՝ քաղաքական «ձեռնարկատիրոջ», որը կա՛մ ստանձնել է արդեն գոյություն ունեցող կուսակցության ղեկը, կա՛մ ինքն է այն ստեղծել՝ առաջ տանելով անձնական, մասնավոր շահի օրակարգը։ Նման իրավիճակում «փոքր» կուսակցությունը դարձել է դրա առաջնորդի անսահմանափակ իշխանության գործիքը։ Նա է որոշել կուսակցության ծրագիրն ու քարոզարշավի գաղափարական ուղղությունը, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, կազմակերպչական ռեսուրսների բաշխումը։ Կուսակցության գոյության հիմք են դարձել հիմնադրի/առաջնորդի անձնական ռեսուրսները՝ ֆինանսական, վարչական, խարիզմատիկ և վերջիվերջո ֆիզիկական, երբ առաջնորդը ղեկավարում է կուսակցությունը մինչև առողջական վիճակի վատթարացում կամ մահ։ Հայաստանում այդպիսիք են եղել ու կան Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան», Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ), Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԻՄ), Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Սերժ Սարգսյանի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (ՀՀԿ), գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և այլ կուսակցություններ։ Նրանք բոլորն էլ՝ մեծ թե փոքր, անձնակենտրոն, մեկ առաջնորդի «կցորդ» կուսակցություններ են։ Այս իրավիճակը նաև ցուցիչ է «փոքր» կուսակցությունների ներքին ժողովրդավարության բացակայության, կառավարման թերի ու անվերահսկելի մեխանիզմների։ Կարևոր է նաև «փոքր» կուսակցության ընտրական ազդեցությունը՝ քվեներն ու մանդատները։ ՀՀ գործող ընտրական օրենսգրքով՝ խորհրդարանի անցողիկ շեմը 4% է, դաշինքների համար՝ 6%։ Հայաստանյան քաղաքական դաշտում հիմնականում գործում են գերփոքր կուսակցություններ, որոնք քաղաքական դաշտում են, բայց չեն կարողանում հաղթահարել 1-3%-ի շեմը՝ ո'չ առանձնաբար, ո'չ էլ դաշինքներով։ 2021 թ.-ի համապետական ընտրություններում 25 կուսակցություններից և դաշինքներից 3%-ի շեմը հաղթահարել են 4-ը՝ 2 կուսակցություն և 2 դաշինք։ Այսինքն՝ նույնիսկ 4%-ի շեմը անհաղթահարելի պատնեշ է ընտրությունների մասնակից կուսակցությունների 80%-ի համար։
Իրավական և ֆինանսական սահմանափակումները
2015 թ.-ի Սահմանադրությամբ Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից անցավ խորհրդարանականի՝ ամբողջովին համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունները դարձան հիմնական գործող ուժեր։ Նոր հնարավորություններ ստեղծվեցին նաև փոքր կուսակցությունների համար։ Սակայն նոր Սահմանադրությունը նաև ամենազորեղ սահմանափակումը մտցրեց փոքր կուսակցությունների համար։ Նախ՝ ընտրական շեմը դարձավ 4%, որը Հայաստանի համատեքստում գրեթե անհաղթահարելի է ցածր մասնակցայնության, ռեսուրսների սղության, հանրության ապաքաղաքական տրամադրությունների ու իներտության պայմաններում, երբ ընտրություններին հաճախ մասնակցում է 50%-ից քիչ ընտրող։ Մյուս ամենակարևոր խոչընդոտը բոնուսային համակարագի (majority bonus) ներմուծումն էր։ Նախկին իշխանության՝ ՀՀԿ ներկայացուցիչները այն փոխառել էին Իտալիայի քաղաքական համակարգից և հիմնավորում էին արտաքին մարտահրավերներին դիմակայելու ու քաղաքական կայունության ապահովման հրամայականով․ «ԱԺ-ն լուրջ և մեծ կուսակցությունների տեղ է», - ասում էին ՀՀԿ ներկայացուցիչները։ Դրա էությունն այն էր, որ եթե ԱԺ ընտրություններում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին, և զուգահեռաբար ընտրական շեմը հաղթահարածները չեն կարողանում կազմել կոալիցիա, առավելագույն թվով ձայներ ստացած ուժը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն։ Այս դրույթը վերաբերվում է միայն համապետական՝ խորհրդարանական ընտրություններին և չի վերաբերվում տարածքային ինքնակառավարման մարմինների(ՏԻՄ) ընտրություններին։ Օրինակ՝ կարող է լինել մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքում 20-30% ստացած ուժը միանձնյա ձևավորի խորհրդարանական մեծամասնություն ու հետևաբար՝ կառավարություն: Այդ կարգավորումը դարձավ մեթոդ՝ մեկ կուսակցության կողմից խորհրդարանի մեծամասնության զավթման համար։ Այն գործում է մինչ օրս և ամենայն հավանականությամբ կկիրառվի նաև գալիք՝ 2026 թ.-ի խորհրդարանական ընտրություններում։ Կարգավորումը բացասական կարծիքի է արժանացել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից (Venice Commission), ըստ որի՝ դրույթը «անհարկի կերպով սահմանափակում է քաղաքական կոալիցիա ձևավորելու հնարավորությունը»։ Ողջամտությունը հուշում է, որ եթե առաջին փուլով ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստանում, կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ փոքր կուսակցությունները կարող են ձևավորել կամ մասնակցել դաշինքների՝ ստանալով առանցքային կարևորություն ու ներկայացուցչություն խորհրդարանում և կառավարությունում։ Սակայն ընտրական օրենսգրքի այս դրույթը լրջագույն խոչընդոտ է սահմանափակ մարդկային, ֆինանսական ռեսուրսներով գործող փոքր կուսակցությունների համար, որոնց այլ բան չի մնում, քան դառնալ խոշոր կուսակցությունների քաղաքական «կցորդը» կամ լավագույն դեպքում «կրտսեր, երկրորդական գործընկեր»՝ հույս ունենալով գոնե մեկ-երկու մանդատով մտնել խորհրդարան։
Պակաս կարևոր չեն ֆինանսական սահմանափակումները։ Կուսակցությունների բյուջեն հիմնականում ձևավորվում է տարեկան ու միանվագ անդամավճարներից, ինչպես նաև նվիրատվություններից կամ կուսակցության գործունեության հետ կապված տնտեսական գործունեությունից՝ թերթեր, տարածքների վարձակալում, ավանդ բանկում և այլն։ Օրենքով գործում է նաև ֆինանսավորում պետության կողմից, բայց այն սահմանափակ է և հասանելի է փոքրամասնությանը, հիմնականում այն կուսակցություններին որոնք որոշակի շեմեր են հաղթահարել ընտրություններում։ Ավելին, եթե կուսակցությունը եկամուտ է ստանում իր գործունեությունից, ապա զրկվում է պետական աջակցությունից։ Դրամահավաքներն ամենառեալ ֆինանսավորման աղբյուրներն են, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ նույնիսկ իշխող ուժն ինքը ոչ թափանցիկ ու կասկածելի մեթոդներով է գումարներ ներգրավել սեփական գործունեության համար։ Նման գործելաոճ ունեն նաև ընդդիմադիր կուսակցությունները։
Ավելին, Հայաստանում անհատի կողմից կուսակցության աջակցությունը չի կարող գերազանցել տարեկամ 2.5 մլն դրամը։ Բիզնեսը չի կարող ֆինանսավորել կուսակցությանը։ Մեկ այլ խնդիր է նաև հասարակության շրջանում կուսակցական լինելու և կուսակցության աջակցության մշակույթի բացակայությունը, որը նույնպես խոչընդոտ է կուսակցության կայուն եկամտի, հետևաբար անկախության առանցքային գործոններից մեկի համար։ Հավանաբար այս ամենի վրա ազդում է ԽՍՀՄ տարիների կուսակցական լինելու «ձևական» փորձառությունը, ինչպես նաև հանրային քաղաքականության դեմ ուղղված հակաքարոզչությունը՝ դրանից բխող հանրային ընկալումներով, երբ քաղաքականությունը որակվում է որպես «կեղտոտ» գործունեություն։
Նոր հեռանկարներ ու խաղի կանոններ
2023 թ.-ի Երևանի համայնքային ընտրությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմության հեղինակազրկման ու իշխող ուժի՝ մեծամասնության ձայները չստանալու անունակության պայմաններում երրորդ կողմը՝ փոքր կուսակցությունները, նոր ուժ և իմաստ են ստանում՝ ձեռք բերելով մեծերի խաղաքարտերը խառնելու ու իշխանության ձևավորման վրա ազդելու վճռորոշ պոտենցիալ։ Հակառակ քաղաքական տրամադրության՝ փոքր ոչ իշխանական կուսակցությունները քվեարկեցին իշխող կուսակցության և նրա թեկնածուի օգտին՝ չաջակցելով ընդդիմադիր թեկնածուին։ Այս իրավիճակում փոքր կուսակցությունները՝ մասնավորապես «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը» իրապես որոշիչ ձայներ ունեցան ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունում։ Իշխող ուժը, չկարողանալով անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն հավաքել ու միանձնյա իշխանություն ձևավորել, կոալիցիա կազմեց փոքրերից մեկի հետ ու ձեռք բերեց մյուսի ձայների մի մասը։ Արդյունքում փոքր կուսակցությունները («Հանրապետություն» և «Հանրային ձայն») այս անհավասարակշռության պայմաններում դարձան մայրաքաղաքային իշխանության ձևավորման վճռորոշ գործոն՝ դառնալով իշխանության կոալիցիոն գործընկեր կամ անուղղակի աջակից։ Այլընտրանքային ուժերը, որոնք կարող են նոր խոսք ասել քաղաքական դաշտում, կա՛մ թույլ են, կա՛մ սաղմնային վիճակում, կա՛մ էլ ֆասադային կարգավիճակ ունեն ու վարկաբեկված են՝ չունենալով հանրային շոշափելի ճանաչում ու աջակցություն։ Դրանք հիմնականում մեկ անհատի շուրջ ձևավորված անձնակենտրոն կուսակցություններ են, որոնք ակտիվ են հիմնականում վիրտուալ տիրույթում և գործում են ընտրությունից ընտրություն։
Սա ցուցիչ է, որ մեծ գաղափարախոսությունները (ազգայնականություն, պահպանողականություն) ու ՀՀ նորանկախ պատմության մեջ գերիշխող շարժումային կուսակցությունների մոդելը՝ (ՀՀՇ, ՔՊ) այլևս իրենց սպառել են։ Վճռորոշ է դառնում նաև քաղաքական ապատիան հանրության շրջանում՝ ընտրություններում ցածր մասնակցություն, քաղաքական գործիչների, կուսակցությունների ու պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկում։ Սակայն իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում փոքր կուսակցությունների համար։ Հասարակության բևեռացումն ու մասնատումը հնարավորություն է տալիս փոքր կուսակցություններին գտնել իրենց «տեղը» (niche), ունենալ թեև փոքր բայց կայուն միջուկ ու ընտրազանգված։ Երբ ոչ մի ուժ չի կարողանում վճռորոշ մեծամասնություն հավաքել, նրանք իրենց ձայներով ստանում են անսպասելի կարևորություն և դառնում գրավիչ կոալիցիոն գործընկեր։ Վերջին տասնամյակների լավագույն օրինակը գերմանական կամ իսրայելական օրինակներն են ու փոքր կուսակցությունների առանցքային մասնակցությունը կոալիցիաներին։ ՀՀ դեպքում խնդիրը իրավական կարգավորումներն են, մասնավորապես Ընտրական օրենսգիրքը՝ կայուն մեծամասնության դրույթով, որը պարզապես բացառում է քաղաքական կոալիցիաները՝ սահմանափակելով փոքր կուսակցությունների գործունեությունն ու հեռանկարները։ Կարևոր խոչընդոտ է նաև անանուն և իրավաբանական անձանցից նվիրատվությունների արգելքը։ Նպատակն այն է, որ սահմանափակվի հանրային կյանքում բիզնեսի և մասնավորի ազդեցությունը։ Սակայն գործնականում օլիգարխիկ կուսակցությունները կամ իշխող կուսակցությունը, հաջողությամբ շրջանցում են այդ արգելքը, և օրենքը դե ֆակտո սահմանափակում է միայն «թույլ» և «փոքր» կուսակցություններին։
Որոշ չափով փոքր կուսակցություններին օգնության են գալիս համացանցն ու տեղեկատվական տեխնոլոգիաները։ Մեծ կուսակցությունների ժամանակ գործում էր դասական մեդիայի կանոնը, երբ մեծ ռեսուրսներ ունեցող կուսակցություններն իրենց մասշտաբին համահունչ ներկա էին ավանդական մեդիայում՝ թերթեր, հեռուստատեսության ու ռադիո։ Հասարակության ֆրագմենտացման փուլում թվային տեխնոլոգիաները փոխակերպում են փոքր կուսակցությունների մրցունակությունը։ Թվային մեդիայի ցածր ծախսերը, ցանցային ազդեցությունները և մեդիայի ու հասարակության մասնատվածությունը կարող են ուժեղացնել փոքր կուսակցությունների դիրքերը՝ օգնելով նրանց հստակ գտնել, թիրախավորել ու մոբիլիզացնել աջակիցներին՝ ներգրավելով նոր ընտրողներ։ Սա դառնում է յուրատեսակ Դավթի զենք ընդդեմ Գողիաթի՝ երբ տեխնոլոգիաները հավասարեցնում են շանսերն ու խթանում մրցակցությունը։ Արդյունքում ստանում ենք գործող մարտահրավերներ ու հնարավորություններ փոքր կուսակցությունների համար, որոնք եթե հաղթահարեն «անձնակենտրոնության» փակուղին, օգտագործեն թվային միջավայրի հնարավորություններն ու գտնեն իրենց ընտրազանգվածին, կդառնան կոալիցիոն գործընթացների որոշիչ ուժեր։
1. International Republican Institute. (2024, October 18). Public opinion survey: Residents of Armenia. International Republican Institute.