Կանաչ լաբորատորիա Հայաստան 2025 - Կենսաբազմազանություն և քաղաքական էկոլոգիա

Եթե ուզում եք ընդլայնել կենսաբազմազանության և քաղաքական էկոլոգիայի միջև կապերի վերաբերյալ ձեր գիտելիքը, կամ հետաքրքրված եք Հայաստանում հրատապ բնապահպանական և սոցիալական մարտահրավերներով, ապա Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի չորսօրյա ամառային դպրոցը հենց ձե՛զ համար է։ Հրավիրում ենք մասնակցելու «Կանաչ լաբորատորիա Հայաստան-2025»-ին. խորագիրը՝ «Կենսաբազմազանություն և քաղաքական էկոլոգիա»։

Reading time: 2 minutes
poster small size

2026 թվականին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Այս համատեքստում Հայաստանի՝ կենսաբազմազանության ճգնաժամին արձագանքելու հրատապությունը ավելի քան էական է։ Կլիմայի փոփոխության արագացման, ռեսուրսների արդյունահանման, քաղաքային միջավայրի անկանոն զարգազման և անբավարար բնապահպանական կառավարման ֆոնին «Կանաչ լաբորատորիա Հայաստան-2025»-ը հարթակ կստեղծի գիտնականների, ակտիվիստների, լրագրողների և երիտասարդների համար՝ հեռանկարային երկխոսություն ծավալելու և վերոնշյալ խնդիրները համակողմանիորեն քննարկելու նպատակով։ Այսպիսով, «Կանաչ լաբորատորիա 2025»-ի նպատակն է քննադատաբար վերլուծել կենսաբազմազանության կորստի և քաղաքական էկոլոգիայի հատման կետերը կենսաբազմազանության նկատմամբ աճող ճնշումների համատեքստում։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կքննարկեն, թե ինչպես պետական և բիզնես շահերով պայմանավորված առաջնահերթությունները, մասնավորապես հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման և տարածքային հակամարտությունների ոլորտներում, հաճախ գերակայում են էկոլոգիական մտահոգություններին՝ միևնույն ժամանակ մարգինալացնելով համայնքների ձայները։ «Կանաչ լաբորատորիա 2025»-ի առանցքում այն միտքն է, որ կենսաբազմազանությունը պետք է դիտվի որպես սոցիալական, քաղաքական և բնապահպանական ուժերի կողմից ձևավորվող և միաժամանակ դրանք ձևավորող դինամիկ տարր։

«Կանաչ լաբորատորիա 2025»-ի ընթացքում տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ, սեմինարներ, ֆիլմերի ցուցադրություններ և արտալսարանային աշխատանքներ։


Լաբորատորիայի հյուր-խոսնակները հետազոտողներ են և բնապահպան ակտիվիստներ։

Միջոցառման լեզուն հայերենն է։ Անգլերեն դասախոսության դեպքում կկատարվի թարգմանություն։

Որտե՞ղ։ Ե՞րբ։

«Կանաչ լաբորատորիա 2025»-ը տեղի կունենա հուլիսի 25-ից 28-ը՝ Ստեփանավանում: Ամառային դպրոցի ընթացքում տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ, աշխատանոցներ և ֆիլմի դիտումներ։

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։

Ո՞վ կարող է դիմել։

Դիմել կարող են 18 տարեկանից բարձր անձինք ՀՀ բոլոր համայնքներից։ Խրախուսվում են ուսանողների հայտերը (շրջակա միջավայրի մասնագետներ, բնապահպաններ, ուրբանիստներ, մարդաբաններ, սոցիոլոգներ, և այլք)։ Ծրագրին կարող են դիմել նաև ոլորտում փորձառություն ունեցող այլ մասնագետներ։

Դիմումը կարող եք լրացնել այստեղ։

Դիմումները լրացնելու ժամկետը հուլիսի 2-ն է,  մինչև ժամը 23:00-ն։

Ընտրված մասակիցների հետ կապ կհաստատենք հուլիսի 7-ին։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել mkrtich.dallakyan@am.boell.org էլ. հասցեով։