«Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» օրակարգը քչաթիվ տարածաշրջաններում է այդքան արդիական, որքան Հարավային Կովկասում, որտեղ խորհրդային ժամանակաշրջանից և ԽՍՀՄ փլուզումից ի վեր բազմաթիվ հակամարտություններ են սկիզբ առել: Այդուհանդերձ, այստեղ ապրող կանայք մշտապես եղել են խաղաղաշինությանը, երկխոսությանը և համայնքների դիմակայունությանն ուղղված փոփոխությունների առանցքային դերակատարներ, որոնք հաճախ բավականաչափ ուշադրության չեն արժանանում:
«Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» (այսուհետ՝ ԿԽԱ) օրակարգը նորմերի միջազգային շրջանակ է, որի հիմքում ընկած են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 (2000 թ.) և դրան հաջորդած ինը բանաձևերի դրույթները: Այն անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացում, հակամարտությունների արդյունքում գենդերային հիմքով հասցվող վնասներից պաշտպանությունը և հետհակամարտային վերակառուցման գործընթացում գենդերազգայուն չափանիշներ որդեգրելու անհրաժեշտությունը: Աշխարհի տարբեր կետերում ֆեմինիստական ջատագովության, ինչպես նաև միջազգային կառույցներում և դրանցից դուրս իրականացված ռազմավարական լոբինգի արդյունքում ընդունված այս փաստաթուղթն առաջինն էր, որ անդրադարձավ կանանց և աղջիկների վրա զինված հակամարտությունների եզակի ազդեցությանը: ԿԽԱ օրակարգում առանձնացված են չորս հիմնական ուղղություններ՝ մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում, ինչպես նաև օժանդակություն և վերականգնում, որոնք ուղենիշ են հանդիսանում ՄԱԿ-ի անդամ երկրների և այլ դերակատարների համար բանաձևերի իրագործման հարցում: Հիմնական մեխանիզմներից մեկը (թեև ոչ միակը) Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) մշակումն է, որի միջոցով պետական հաստատությունների կանոնակարգում և օրենքներում ամրագրվում են ԿԽԱ օրակարգի դրույթները:
Այս ակնարկը հակիրճ ներկայացնում է Հարավային Կովկասում ԿԽԱ ԳԱԾ-երի ընդունման գործընթացը, այլ ոչ թե դրանց բովանդակությունը՝ հիմնվելով այն տվյալների վրա, որոնք ես հավաքագրել եմ իմ դոկտորական հետազոտության շրջանակում՝ նվիրված ԿԽԱ օրակարգի ձևավորմանը, ընդունմանը և իրականացմանը չորս երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում: Հայաստանի և Վրաստանի վերաբերյալ բաժինները, որոնց վրա հիմնված է այս հոդվածը, գրվել են 2022-2023 թվականներին [1]: Եթե հոդվածում հղումը բացակայում է, ապա տվյալները վերցված են իմ թեզից:
ԿԽԱ գործընթացների համառոտ ակնարկ
Վրաստան
Վրաստանը տարածաշրջանում առաջին երկիրն էր, որտեղ ծավալվեց ԿԽԱ օրակարգի շուրջ ջատագովությունը դեռևս 2000-ականների սկզբներին: Այդուհանդերձ, ԳԱԾ առաջին փաստաթղթի մշակման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին միայն երկու առանցքային իրադարձությունից հետո: Առաջինը 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունն» էր: Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ սկսեց իրավապահ, դատական և ֆինանսական ոլորտներում՝ միաժամանակ խթանելով շուկայի ազատականացումը և որդեգրելով հստակ արևմտամետ օրակարգ: Այս իրադարձությունը ազդարարեց Վրաստանի վճռական խզումը խորհրդային անցյալից և շրջադարձը դեպի եվրաատլանտյան ինտեգրումը՝ ստեղծելով ավելի բարենպաստ միջավայր մարդու իրավունքների պաշտպանության համար, թեև «Միացյալ ազգային շարժումը» հետագայում մեղադրվեց այդ իրավունքների կոպիտ խախտումների մեջ: Երկրորդ բեկումնային իրադարձությունը 2008 թվականի կարճատև, սակայն կործանարար պատերազմն էր Հարավային Օսիայում, երբ ռուսական զորքերը և տեղի անջատողական ուժերը, բախվելով վրացական բանակի հետ, ներխուժեցին Վրաստան՝ բռնակցելով երկրի տարածքները: Եթե առաջին իրադարձությունը արագացրեց երկրի ժողովրդավարացումը և նոր հնարավորություններ ստեղծեց ԿԽԱ ջատագովության համար, ապա երկրորդը վրացիների համար տրավմատիկ և շրջադարձային մի պահ էր, որ վերակենդանացրեց 1992-1993 թթ. Աբխազիայի հակամարտության հիշողությունները և միաժամանակ խթանեց կառավարության հետաքրքրությունը ԿԽԱ օրակարգի նկատմամբ, ինչը պայմանավորված էր պատերազմի աղետալի հետևանքներով:
Ըստ էության, 2008 թվականի պատերազմը բացահայտեց զինված հակամարտությունների գենդերային բնույթը: Երբ ներքին տեղահանված անձանց նորանոր խմբերը հրատապ օգնության կարիք ունեին, վրացի կանայք մարդասիրական օգնություն տրամադրողների առաջին շարքերում էին՝ նպաստելով նաև համայքների համախմբմանը: Խաղաղարար կանայք, որոնց նախկինում միավորել էր ԿԽԱ օրակարգը, հնարավորությունն օգտագործեցին՝ խորհրդարանում դաշնակիցներ գտնելու, համայնքային կարիքները գնահատելու և որոշում կայացնողների հետ կապ հաստատելու: 2010-ականներին այս գործընթացում ներգրավված կանանցից մեկը հիշում է, որ Վրաստանի առաջին ԳԱԾ-ի մշակման ընթացքում բազմաթիվ խորհրակցություններ էին անցկացվում տարբեր քաղաքներում: ՄԱԿ-ի և ԵՄ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագիրը միավորել էր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ընդգրկվել էին խորհրդարանի՝ Գենդերային հավասարության խորհրդին կից գործող աշխատանքային խմբերում:
Իմ կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ այս փաստաթուղթը ծնվեց ոչ թե հենց այնպես, այլ 2000-ականների ընթացքում իրականացված մի շարք բարեփոխումների և գենդերային հավասարության մասին ընդունված օրենքների շնորհիվ [2]: Այսպիսով, վրացի ֆեմինիստները ընտրեցին աստիճանական փոփոխությունը՝ ընդլայնելով իրենց ցանցը և փորձագիտական հմտությունները, այդ թվում՝ գենդերային օրենսդրության մշակման հարցում, մինչև որ խորհրդարանն ընդունեց առաջին ԿԽԱ ԳԱԾ-ը (2012-2015 թթ.): Երկրորդ ԳԱԾ-ը (2016-2017 թթ.) ավելի «համեստ» փաստաթուղթ էր՝ գտնվելով դեռ մշակման փուլում և ունենալով մի շարք թերություններ: Սակայն երրորդ փաստաթղթի (2018-2020 թթ.) պարագայում անցում կատարվեց ավելի խորքային և ընդգրկուն մոտեցման, որտեղ շեշտը դրվում էր ԿԽԱ օրակարգի տեղայնացման վրա: Այն մշակվել էր տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղական համայնքների հետ լայն խորհրդակցությունների արդյունքում՝ կարևորելով համայքների բնակիչների հետ տարվող աշխատանքը: Տեղայնացումն առաջնահերթություն դիտարկվեց 2016 թվականից հետո, երբ «Գենդերային հավասարության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ տեղական ինքնակառավարման 64 մարմինները պարտավորվում էին հիմնել Գենդերային հավասարության խորհուրդներ [3]: Չնայած մեծ հավակնություններին՝ երրորդ ԳԱԾ-ի իրականացումը և չորրորդի մշակումը բախվեցին լուրջ դժվարությունների՝ պայմանավորված COVID-19 համավարակով և հանրային կառավարման նոր բարեփոխումներով, ինչը հանգեցրեց բազմաթիվ պլանավորված միջոցառումների հետաձգմանը կամ չեղարկմանը:
Երկու տարվա դադարից և մշակման երկարատև գործընթացից հետո 2022 թվականին ընդունվեց չորրորդ ԳԱԾ-ը (2022-2024 թթ.): Այդուամենայնիվ, դրա իրականացումը մնացել է սահմանափակ Վրաստանի ժողովրդավարական հետընթացի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության ավտորիտար վերահսկողության պայմաններում: 2023 թվականին շրջանառության մեջ դրված և 2024 թվականին ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը, գենդերային տերմինների հեռացումը բոլոր պաշտոնական փաստաթղթերից (2025 թ.) և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի (2025 թ.) ընդունումը էլ ավելի սրեցին իշխանությունների և քաղաքացիական հասարակության հարաբերությունները`թշնամական միջավայր ստեղծելով գենդերային հավասարության ջատագովության համար (այս մասին ստորև): Այսպիսով, ԿԽԱ ԳԱԾ յուրաքանչյուր նոր փաստաթուղթ Վրաստանում գրանցված առաջընթացի վկայություն է, որն իմաստավորում է կանանց մասնակցությունը, համագործակցությունը և նախորդ փուլերի ընթացքում քաղած դասերը: Միևնույն ժամանակ, գենդերային հավասարության վրա հիմնված խաղաղությունը դեռևս պահանջում է շարունակական պայքար, հատկապես 2023 թվականից ի վեր:
Հայաստան
ԿԽԱ օրակարգը Հայաստանում այլ կերպ է զարգացել, թեև ինչպես հարևան Վրաստանում, այնպես էլ այստեղ, այս գործընթացը սերտորեն կապված է երկրի ժողովրդավարացման հետ: ԿԽԱ ջատագովությունը Հայաստանում մեկնարկել է ավելի ուշ՝ 2010-ականների սկզբին, սակայն դրա իրական մեկնակետը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր՝ շրջադարձային իրադարձություն, որը վերափոխեց երկրի քաղաքական և սոցիալական լանդշաֆտը:
2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցան զանգվածային խաղաղ բողոքի ցույցեր, որոնք հանգեցրին երկրի երկարամյա առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին և Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը, որն ամրապնդվեց նույն տարում անցկացված ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Թավշյա հեղափոխության շնորհիվ մեկնարկած քաղաքական փոփոխությունը վերջ դրեց տասնամյակներ շարունակ արմատավորված հետխորհրդային վերնախավի՝ «Ղարաբաղյան կլանի» իշխանությանը և ճանապարհ հարթեց ժողովրդավարական բարեփոխումներ նախաձեռնելու և ավելի հստակ քայլերով դեպի Արևմուտք շարժվելու համար: Կանայք կարևոր դերակատարում ունեցան շարժման ընթացքում՝ գործի դնելով առաջնորդելու, նախաձեռնելու և համախմբելու հմտությունները, որոնք Հայաստանում կանանց ակտիվիզմի բազմամյա ավանդույթների մաս են հանդիսանում: Հեղափոխությունից հետո կառավարությունը զգալիորեն վերակազմավորվեց: Բազմաթիվ նոր պաշտոնյաներ նախկինում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին, որոնց առաջադեմ գաղափարները արմատականորեն տարբերվում էին նախորդ վարչակարգի մոտեցումներից: Նոր գաղափարների ներհոսքը նպաստեց ավելի բաց քաղաքական մթնոլորտի ձևավորմանը՝ բարելավելով խոսքի և հավաքների ազատությանը, ինչպես նաև քաղաքացիական ակտիվությունը: Հենց այս համատեքստում հայ ֆեմինիստները կառավարության հետ համագործակցելու նոր հնարավորություններ տեսան՝ ավելի եռանդուն կերպով առաջ մղելու ԿԽԱ Գործողությունների ազգային ծրագրի ընդունման հարցը:
Թեև ԿԽԱ ջատագովությունը Հայաստանում սկսվել էր հեղափոխությունից տարիներ առաջ, այն երկար ժամանակ մնում էր ստվերում: 2010-ականներին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները արդեն իսկ վերհանում էին բոլոր խնդիրները, որոնց բախվում էին կանայք հակամարտության ժամանակ, ձևավորում գործընկերության ոչ ֆորմալ ցանցեր (հատկապես 1325 բանաձևի հետ կապված, քանի որ խաղաղաշինական ցանցեր ստեղծվել էին դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից անմիջապես հետո) և իրազեկում 1325 բանաձևի մասին: Նրանք պաշտոնական ԳԱԾ-ի բացակայության պայմաններում պատրաստում էին այլընտրանքային զեկույցներ, հրապարակում կրթական նյութեր, կազմակերպում դասընթացներ և քարտեզագրում ԿԽԱ տեղական նախաձեռնությունները: Երբ 2019 թվականին Հայաստանը վերջապես ընդունեց իր առաջին ԳԱԾ-ը (2019-2022 թթ.), լավատեսությունը շուտով վերածվեց հիասթափության: Ըստ իմ հարցազրույցների մասնակիցների՝ այդ փաստաթուղթը մշակվել է «վերևից ներքև» սկզբունքով՝ շեշտը դնելով պաշտպանության և անվտանգության վրա, բավարար չափով չխորհրդակցելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և անտեսելով այն ՀԿ-ներին, որոնց ջանքերի շնորհիվ էր ծավալվել ԿԽԱ ջատագովությունը: Եթե առաջին ԳԱԾ-ից առաջ ԿԽԱ օրակարգի ջատագովության առաջամարտիկներն էին հակամիլիտարիստական ֆեմինիստական խմբերը, ապա դրա ընդունումից հետո առաջնորդությունը ստանձնած նոր կազմակերպությունները հաճախ որդեգրում էին այնպիսի մոտեցումներ, որոնք սովորաբար ԿԽԱ ջատագովության ակունքներում կանգնած ֆեմինիստական խմբերը որակում են որպես «նեոլիբերալ»:
Առաջին ԳԱԾ-ը մշակվել էր այն ժամանակ, երբ Հայաստանը Ադրբեջանի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում էր, այսինքն՝ նախքան 2020 թվականի կործանարար պատերազմը, որը փոխեց ամեն ինչ: Պատերազմը, որին կանդրադառնանք հաջորդ բաժնում, տապալեց առաջին ԳԱԾ-ի իրականացումը և մեծապես ազդեց երկրորդի մշակման վրա: Երբ մշակվում էր երկրորդ ԳԱԾ-ը (2022-2024 թթ), Հայաստանը զգալի կորուստներ էր կրել, իսկ տարածաշրջանում ուժերի նոր դասավորություն էր հաստատվել: Այդուամենայնիվ, 2022 թվականի հունիսին ընդունված այդ փաստաթուղթը որոշակիորեն ավելի մասնակցային էր, քան նախորդը: Այն ստեղծվել էր քաղաքացիական հասարակության և տարբեր աշխատանքային խմբերի ավելի լայն ներգրավվածության, ինչպես նաև մի շարք հանրային լսումների արդյունքում՝ ավելի լավ արտացոլելով նոր իրողությունները, մասնավորապես՝ տեղահանված և սահմանամերձ համայնքներում ապրող կանանց կարիքները: Թեև առաջին երկու փաստաթղթերի մշակման ընթացքում լուրջ խոչընդոտներ կային, տեսանելի էր նաև առաջընթացը: Հայաստանի երրորդ ԳԱԾ-ը, որը շուտով պիտի ընդունվի խորհրդարանի կողմից, ավելի ներառական և համագործակցային է թվում: Այս փոփոխությունն ազդարարում է երկրում ավելի գործուն և ներառական ԿԽԱ օրակարգ ունենալու հեռանկարի մասին:
Այս բաժնում ես ներկայացրեցի ԳԱԾ-ի մշակման և ընդունման գործընթացի համառոտ նկարագիրը Հայաստանում և Վրաստանում: Սակայն հարկ է ընդգծել, որ ԿԽԱ ԳԱԾ-երը հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության գործընթացների դրսևորումներից մեկն են` հանդիսանալով սոսկ ջատագովության գործիքներ, որոնք ընդհանուր լեզու և շրջանակ են ապահովում գենդերին, խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի համար:
Ռուսաստանի լայնմամասշտաբ ներխուժումը Ուկրաինա (2022 թ.) և Ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020 թ.) որպես աշխարհաքաղաքական շրջադարձեր
Վրաստան
Ռուս-ուկրաինական պատերազմը Վրաստանում բորբոքեց ազգային խոր վերքերը` վերակենդանացնելով անցած պատերազմների հիշողությունները և այն վախը, որ այդ հակամարտությունը կարող է տարածվել դեպի Վրաստան և Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքներ՝ Աբխազիա և նախկին Հարավային Օսիայի ինքնավար մարզ (Հարավային Օսիա): Սակայն ներխուժումը նաև արագացրեց երկրի ներսում տեղի ունեցող մտահոգիչ քաղաքական միտումները: 2022 թվականից ի վեր Վրաստանը շարունակաբար ժողովրդավարական հետընթաց է ապրում. իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սաստկացնում է հակաազատական հռետորաբանությունը, խստացնում քաղաքացիական հասարակության նկատմամբ սահմանափակումները՝ ընդունելով բռնապետական օրենքներ, այդ թվում՝ «Օտարերկրյա գործակալների մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքները: Թեև վրացիների և ուկրաինացիների միջև առկա ամուր մշակութային և հուզական կապերին՝ 2022 թվականին Վրաստանի կառավարությունը որոշեց չմիանալ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին: Բազմաթիվ վրացիներ այն համարեցին չափազանց զգուշավոր, եթե ոչ բարյացակամ դիրքորոշում՝ մեղադրելով կառավարությանը Մոսկվային հաճոյանալու և վերջինիս ազդեցության գոտի վերադառնալու քաղաքականություն վարելու մեջ:
Ռուս-ուկրաինական պատերազմը Վրաստանի վրա ունի թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ազդեցություն: Այն խաթարեց խաղաղության այնպիսի առանցքային գործընթացներ, ինչպիսիք են ժնևյան միջազգային բանակցությունները և Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմը, հրահրեց հակակառավարական բողոքի ցույցեր, ինչպես նաև մեծացրեց լարվածությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների հետ: Պատերազմը հետաձգեց Վրաստանի ԿԽԱ չորրորդ ԳԱԾ-ի ընդունումը և հարվածեց Ռուսաստանից մեծապես կախված երկու անջատողական շրջանների տնտեսություններին՝ էլ ավելի մեկուսացնելով նրանց: Քաղաքացիական հասարակությունը, հատկապես՝ կանանց կողմից ղեկավարվող ՀԿ-ները, աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով՝ արձագանքելով թե՛ նոր հումանիտար կարիքներին, թե՛ հակադարձելով օրեցօր աճող ապատեղեկատվությանը և հակարևմտյան քարոզչությանը: 2022 թվականից ի վեր Վրաստանը հյուրընկալել է ավելի քան 24,000 ուկրաինացի փախստականների՝ միևնույն ժամանակ զորակոչից խուսափող ռուս տղամարդկանց ահռելի ներհոսքի ականատես լինելով:
Վրացի կանանց հետ իմ հարցազրույցների մշտական թեմաներից մեկը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված փխրուն անվտանգային իրավիճակն է: Թեև վերլուծաբաններն անվանում են դրանք «սառեցված հակամարտություններ», իրադրությունը բոլորովին էլ կայուն չէ: Ֆեմինիստական տեսանկյունից՝ «սառեցված» եզրը քողարկում է ռազմատենչ հռետորաբանությունն և առօրյա կյանքից անբաժան վախի և անապահովության զգացումը: Վարչական սահմանագծերի երկայնքով ռուսական և անջատողական շրջանների դե ֆակտո իշխանությունները իրականացնում են «սահմանապատում» (կամ «բորդերիզացիա») և «սողացող բռնակցում»՝ ցանկապատեր կառուցելով և սահմանները խորացնելով դեպի վրացական վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ինչպես տեղում փաստագրել են ՀԿ-ները, այս անօրինական գործողությունների արդյունքում բռնակցվել են ամբողջական գյուղեր և բռնի կերպով բաժանվել ընտանիքներ: Հակամարտության վերսկսման վախը, ահաբերկումները, առևանգումները սահմանամերձ բնակավայրերում ապրողների առօրյայի մասն են: Ներքին տեղահանված կանայք և սահմանային համայնքների բնակիչներն ապրում են անապահովության, տեղաշարժի սահմանափակման, ինչպես նաև առողջապահության, տրանսպորտի և տնտեսական ռեսուրսների մասնակի հասանելիության պայմաններում: Չլուծված այս հակամարտությունները մեծապես ձևավորում է խաղաղության և անվտանգության մասին վրացիների պատկերացումները, ինչն իր հերթին ազդում է ցանկացած քաղաքականության, այդ թվում՝ ԳԱԾ-ի մշակման և իրականացման վրա:
Հայաստան
Հայաստանում ևս նոր պատերազմի տագնապը առօրյայի անբաժան մաս է: 1991 թվականին ձեռք բերված անկախությունից ի վեր երկիրը անցել է բազմաթիվ վայրիվերումների՝ տնտեսական ճգնաժամերի, քաղաքական ցնցումների և հակամարտությունների միջով: Ամենավերջինը՝ 2020 թվականի պատերազմը, բորբոքեց ազգային խոր վիշտը և Հայոց ցեղասպանությունինց ի վեր հայերին ուղեկցող գոյաբանական վախը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես Խորհրդային Միության տարածքում առկա մյուս հակամարտությունները, երբեք «սառեցված» չի եղել: 1994-2000 թթ. ընթացքում հայ-ադրբեջանական շփման գիծը ցածր ինտենսիվության հակամարտության գոտի էր, որի երկայնքով պարբերական բախումներ էին տեղի ունենում: Լեռնային Ղարաբաղի երկրորդ հակամարտությունը, որ հայտնի է նաև որպես 44-օրյա պատերազմ, բռնկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարով: Այդ համաձայնագրով սահմանված կարգով՝ տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, իսկ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց առաջին հակամարտության ժամանակ կորցրած յոթ շրջանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի մասին նկատմամբ:
Մարդկային կորուստները սոսկալի էին: Պատերազմը խլեց շուրջ 4,000 զինծառայողի կյանք, իսկ Ադրբեջանի կողմից մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտի և հարաբերականորեն քիչ բնակեցված շրջանների հրետակոծության զոհ դարձան 72 քաղաքացիական անձ: Մոտ 90,000 մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, տեղահանվեցին՝ կորցնելով իրենց տները և ապրուստի միջոցները: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից բացի տեղական ՀԿ-ները փաստագրել էին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ սեռական բռնության և խոշտանգման դեպքեր: Իրավիճակն էլ ավելի բարդացավ, քանի որ պատերազմն ընթանում էր COVID-19 համավարակի բռնկման փուլում՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը: Թեև կանայք ակտիվ ներգրավվածություն են ունեցել պատերազմում, 2022 թվականին ինձ հետ զրուցած անկախ փորձագետի խոսքերով՝ «Մենք [հայերս] փառաբանում ենք միայն տղամարդկանց, որոնք զոհաբերեցին իրենց կյանքը, իսկ կանանց մասին մոռանում ենք, նրանց կատարած գործը մնում է ստվերում»:
Հատկանշական է, որ 2020 թվականի պատերազմը կտրուկ փոխեց ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Լինելով Լեռնային Ղարաբաղի առաջին հակամարտության «հաղթող» կողմը՝ երկրորդում Հայաստանը կրեց տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ինչպես նաև ենթարկվեց հոգեբանական ճնշման: Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ հաղթանակ տարած Ադրբեջանը ռազմական և քաղաքական ավելի ուժեղ դիրք զբաղեցրեց՝ վերահսկողություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի մեծ մասի, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող Շուշիի, Հադրութի և Ֆիզուլիի (Վարանդա) նկատմամբ: Այդ պատերազմը միայն հրադադարով չավարտվեց: Սահմանային բախումները վերսկսվեցին 2022 թվականին՝ իմ դաշտային հետազոտությունների ժամանակ, որին հաջորդեց Լաչինի միջանցքի (Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ միջանցքը) իննամսյա շրջափակումը (2022-2023 թթ.): 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակումը հանգեցրեց տարածաշրջանի մնացած 120,000 հայերի տեղահանմանը և էթնիկ զտմանը, ինչի հետևանքով 2024 թվականի հունվարի մեկին այսպես կոչված Արցախի հանրապետությունը վերջնականապես լուծարվեց:
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա նույնպես հանգեցրեց լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժերի Հարավային Կովկասում, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցության թուլացումը և Թուրքիայի դերի բարձրացումը տարածաշրջանում, ինչը քաջալերեց Ադրբեջանին ավելի հանդուգն դիվանագիտական և ռազմական քայլեր ձեռնարկել: Հայաստանը, հեռավորություն պահպանելով երբեմնի դաշնակից Ռուսաստանից և ավելի շատ մերձենալով Արևմուտքին, մասնավորապես՝ ԵՄ-ին, շարունակում է 2018 թվականի հեղափոխությունից ի վեր բռնած ժողովրդավարացման ճանապարհը՝ չնայած համակարգային խնդիրների առկայությանը:
2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները խաթարեցին Հայաստանում ԿԽԱ օրակարգի առաջմղումը: Հակամարտության ուղղակի հետևանքներից մեկն այն էր, որ հանրության շրջանում ավելի լայն տարածում գտան հայրիշխանական գենդերային նորմերը: Թեև գենդերային հարցերում որոշակի օրենսդրական առաջընթաց է նկատվում, հարցազրույցների մասնակիցները նշում են, որ 2020 թվականից հետո «կանանց հիմնախնդիրների» մասին քննարկումները հաճախ մղվում են երկրորդ պլան՝ համարվելով պակաս առաջնահերթ, քան ազգային անվտանգությունը: Առաջին ԳԱԾ-ի իրականացումն ընդհատվեց, քանի որ կառավարություն ուշադրությունը և սահմանափակ ռեսուրսներն ուղղվեցին ազգային անվտանգության խնդիրներին, ինչը հանգեցրեց երկրորդ փաստաթղթի մշակման երկարաձգմանը: Միևնույն ժամանակ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները առաջինն արձագանքեցին հետպատերազմյան խնդիրներին և հումանիտար, ինչպես նաև հոգեսոցիալական աջակցություն տրամադրեցին տեղահանված ընտանիքներին՝ հաճախ գործելով նվազագույն ֆինանսավորմամբ և շեղվելով իրենց հիմնական գործունեությունից:
Խաղաղաշինության ֆեմինիստական ուղիները: Ձեռքբերումներ, ձախողումներ և մարտահրավերներ
Վրաստան
Վրաստանը երկար ժամանակ համարվում էր տարածաշրջանի առաջատարը ԿԽԱ օրակարգի առաջմղման հարցում: Այս հեղինակությունը երկիրը վաստակել էր վաղ շրջանի գործուն ջանքերի և ֆեմինիստ պատգամավորների, պետական ծառայողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների (օրինակ՝ ՄԱԿ-Կանայք վրաստանյան գրասենյակ) միջև հաստատված ամուր կապերի շնորհիվ: Սակայն 2023 թվականից ի վեր ժողովրդավարական հետընթացի խորացմանը զուգահեռ այդ կապերը խարխլվել են: Այժմ բազմաթիվ առանցքային «ֆեմոկրատներ» (ֆեմինիստ բյուրոկրատներ) կամ հեռացվել են կառավարությունից, կամ հարմարվել իշխող կուսակցության գծին: Ֆեմինիստական ՀԿ-ները աշխատում են աճող սպառնալիքների ներքո, իսկ որոշներն արդեն փակվել են, ինչի արդյունքում սահմանափակվում է քաղաքացիական հասարակության գործունեության տարածքը:
Պատմականորեն Վրաստանը նաև տարածաշրջանային հանգույց էր, որտեղ առաջ էին մղվում Հարավային Կովկասում խաղաղաշինության և կանանց միջոցով տարվող դիվանագիտության գաղափարները. վրացի կանայք կապեր էին հաստատել աբխազ, օս, հայ, չեչեն և հայ կին գործընկերների հետ, որոնց հետ հանդիպումները անցկացվում էին թե՛ Վրաստանում, թե՛ այլուր: Չնայած այս ժառանգությանը՝ կանայք ընդգրկված չեն պաշտոնական խաղաղ բանակցություններում: Իմ հարցազրույցների մասնակիցներից ոմանք քննադատել են ԳԱԾ փաստաթղթերը՝ օրեցօր աճող ռազմատենչ հռետորաբանությանը չհակազդելու կամ հակամարտությունների բնույթն իրապես չփոխելու համար: Թեև բոլոր չորս փաստաթղթերում հիմնական շահառուներ են համարվում ներքին տեղահանության ենթարկված և հակամարտությունից տուժած կանայք, դրանց մշակման փուլում գործնական որևէ խորհրդակցություն չի անցկացվել Աբխազիայի և Հարավային Օսիայի կանանց հետ (սահմանափակ հասանելիության պատճառով): Հարցազրույցների մասնակիցներից շատերը այս բացթողումը համարում են Վրաստանի ԿԽԱ գործընթացների ամենալուրջ թերություններից մեկը: Ինչպես նշում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկը՝ «Մեզ հաշվի են առնում, երբ մեր քննադատությունը կառուցողական է ու ոչ ընդդեմ կառավարության»: Հենց այս սկզբունքի համաձայն են ԿԽԱ-ի վերաբերյալ որոշ ձևակերպումներ համարվում ընդունելի, իսկ մյուսները (հատկապես պաշտոնական տեսակետից շեղվողները)՝ անտեսվում: Այսպիսով, ԿԽԱ օրակարգն ընկալվում է որպես «թեթև հարց», ապաքաղաքականացվում և վերածվում տեխնիկական վարժության, որը սահմանափակում է տարբերվող ֆեմինիստական տեսակետերը:
Չնայած այս սահմանափակումներին՝ բազմաթիվ ակտիվիստ կանայք շարունակում են դիտարկել ԳԱԾ-ը որպես ջատագովության արժեքավոր գործիք: Այն ապահովում է սեփական առաջնահերթությունները ձևակերպելու միջազգային շրջանակ և ընդհանուր լեզու՝ կատարված աշխատանքը դարձնելով ընդունելի, տեսանելի և կանոնակարգված: Ինչպես նշում է հարցազրույցների մասնակիցներից մեկը՝ «Միակ պաշտոնական փաստաթուղթը, որ մեզ հնարավորություն է տալիս աշխատել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, 1325 բանաձևի ԳԱԾ-ն է»: Ըստ մեկ ուրիշի՝ «Չեմ ուզում ապրել մի վայրում, որտեղ իմ ապագան որոշվում է առանց ինձ»: Շատերի համար ԳԱԾ-ի ամենամեծ առավելությունը ոչ այնքան բուն տեքստն է, որքան դրանից բխող երկխոսությունը և համագործակցության մյուս հարթակները:
Հարցազրույցների մասնակիցներն առանձնապես գոհ են ԿԽԱ տեղայնացումից, որն իրականացվել է համայնքային գործողությունների ծրագրի միջոցով: Այս նախաձեռնությունների շնորհիվ ԳԱԾ փաստաթղթերում տեղ են գտնում նաև տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները՝ կարիքների գնահատումից մինչև տեղական պաշտոնյաների վերապատրաստում և կանանց ու խոցելի խմբերի շրջանում իրազեկվածության բարձրացում: Այս աշխատանքը մեծապես իրականանում է տեղացի կանանց առաջնորդած ՀԿ-ների և գենդերային հարցերով պատասխանատու պաշտոնյաների ջանքերով, որոնց աջակցում են նաև ազգային և միջազգային ֆեմինիստական կազմակերպությունները՝ առաջընթաց գրանցելով մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների կամ ծառայությունների հասանելիության:
Մինչև 2023 թվականը ԿԽԱ-ն ոչ միայն ջատագովություն, այլև դիվանագիտական աշխատանք իրականացնելու շարժիչ ուժն էր: Այն օգնում էր Վրաստանին խորացնել եվրաատլանտյան համագործակցությունը և միջազգային հարթակներում ներկայանալ որպես խաղաղասեր և ժողովրդավարական երկիր, ի տարբերություն Ռուսաստանի: Սակայն 2023-2024 թթ. «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման փորձը, ապա՝ վերջնական ընդունումը, դրան հաջորդած բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանության հատուկ ջոկատայինների դաժանությունը և նոր հակա-ԼԳԲՏՔԻԱ+ ու հակագենդերային օրենքների ընդունումը խարխլեցին այս կերպարը՝ ազդարարելով կտրուկ շրջադարձ դեպի ավտոկրատիա: Այսօր, երբ Վրաստանում քաղաքացիական տարածքը գնալով կրճատվում է, իսկ ժողովրդավարական ինստիտուտները՝ թուլանում, ԿԽԱ օրակարգի ապագան ավելի անորոշ է դառնում: Այդուամենայնիվ, նույնիսկ ժողովրդավարական հետընթացի պայմաններում ԿԽԱ օրակարգը շարունակում է մնալ փխրուն, բայց կենսական մի հարթակ ֆեմինիստական գործի, ստեղծարարության և դիմակայունության համար:
Հայաստան
Հայաստանում ԿԽԱ դաշտը մասնատված է և խրթին: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ ժամանակին բուռն կերպով թափ էին առնում ֆեմինիստական դաշինքները, Հայաստանում ԿԽԱ ջատագովությունն առանձնանում է թե՛ քաղաքացիական հասարակության և կառավարության, թե՛ հենց ֆեմինիստների միջև առկա տարաձայնություններով: Բազմաթիվ հակամիլիտարիստական խմբեր ընդհանրապես մերժում են ԿԽԱ օրակարգը՝ համարելով այն «յուրացված», ազատական ֆեմինիստական նախագիծ, որը կտրվել է սեփական արմատներից: Օրինակ՝ կանանց ներգրավվածությունը բանակում շարունակում է մնալ վիճահարույց հարց: Շատ կանանց համար, հատկապես՝ Երևանից դուրս, ԿԽԱ օրակարգն օտար է թվում: Ինչպես նշում է հարցազրույցների մասնակից խաղաղարար կանանցից մեկը՝ «Հակամարտությունից ուղղակիորեն տուժած մարդիկ գաղափար չունեն ԳԱԾ-ի մասին»: ԿԽԱ օրակարգի առաջնահերթությունները ձևակերպվում և մշակվում են մի քանի ՀԿ-ներից և ԱԳՆ ներկայացուցիչներից բաղկացած «էլիտար» խմբի կողմից: Այսուամենայնիվ, մի շարք ՀԿ-ներ ռազմավարական տեսանկյունից նպատակահարմար են համարում ներգրավվել ԿԽԱ գործընթացում և օգտագործել դրա ընձեռած հնարավորություննները:
Չնայած Թավշյա հեղափոխությունից հետո գենդերային հավասարության հարցում արձանագրված օրենսդրական առաջընթացին՝ հայ կանայք շարունակում են բախվել արգելքների՝ կապված մարմնական ինքնուրույնության, անվտանգության և ֆինանսական անկախության հետ: ԼԳԲՏՔԻԱ+, հաշմանդամություն ունեցող, աղքատության մեջ ապրող և ՄԻԱՎ-ով վարակված կանայք ավելի շատ են ենթարկվում խտրականության: Խորապես արմատացած հայրիշխանական նորմերը դեռևս հսկայական ազդեցություն ունեն կանանց որոշումների և անվտանգության վրա: Ռազմատենչ հռետորաբանությունը, պատերազմի վախը և գենդերային բռնությունը, հատկապես՝ գյուղական և սահմանամերձ շրջաններում, էլ ավելի են բարդացնում այս մարտահրավերները:
Թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի կանայք երկար ժամանակ ներգրավված են եղել խաղաղաշինական նախաձեռնություններում, սակայն շարունակում են դուրս մնալ խաղաղության պաշտոնական գործընթացից («առաջին հարթակ» կամ «Track 1»), որտեղ դեռևս գերիշխում են տղամարդիկ: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղաշինությունը Հայաստանում դարձավ ավելի վտանգավոր թեմա: Պատերազմից հետո տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Ադրբեջանի՝ հայերին ենթարկելով խոր տրավմայի: Այս համատեքստում խաղաղաշինությունը սկսվեց ընկալվել որպես թուլություն կամ նույնիսկ դավաճանություն: Այդ իսկ պատճառով մի քանի խաղաղարար կանայք մշակել են ստեղծարար ռազմավարություն, որը թույլ կտա վերաձևակերպել կամ վերաբրենդավորել իրենց գործուներությունը հանրային հակազդեցությունից խուսափելու համար: 2020 թվականից հետո փլուզվեց նաև հայ և ադրբեջանցի կանանց միջև տասնամյակներ տևած համագործակցությունը, թեև գոյություն ունեն այնպիսի հազվագյուտ հարթակներ, ինչպիսին է Ֆեմինիստական խաղաղության հավաքականը: 2022-23 թվականներին իմ հարցազրույցների մասնակից բազմաթիվ հայ կանայք իրենց խոր վիշտը և հիասթափությունն էին արտահայտում՝ նկատելով, թե ինչպես են խաղաղաշինության օրակարգի ադրբեջանցի գործընկերները համացանցում ազգայնական բովանդակությամբ նյութեր տարածում: Կողմերի միջև վստահության կորուստն ակնհայտ էր, ինչն ասես հուշեր, որ «անցած տասնամյակների ընթացքում կատարված խաղաղաշինական տքնաջան աշխատանքը հօդս է ցնդել»:
Հուսահատության այս մթնոլորտը միայն Հայաստանին բնորոշ չէ: Դաշտային աշխատանքների ընթացքում հնարավոր խաղաղության հարցում վհատություն և հոգնություն եմ նկատել ամբողջ Հարավային Կովկասում: Ինչպես հարցազրույցի ընթացքում նշեց երիտասարդության և գենդերային հարցերով վրացի մի փորձագետ՝ «Թեև ակնհայտ է, որ ԿԽԱ օրակարգն այսօր առավել մեծ նշանակություն ունի, սակայն մարդիկ այլևս չեն հավատում դրան»:
Սեղմվող քաղաքացական տարածքը և հակադիր միտումները
Երկու համատեքստում էլ կանանց իմաստալից մասնակցությունը ԿԽԱ գործընթացներին անհամաչափ է: Հակամարտությունից տուժած կանանց մտահոգությունները հաճախ ներկայացվում են համայնքների հետ կապեր ունեցող ՀԿ-ների միջոցով, մինչդեռ անգլերենին կամ «ԿԽԱ մասնագիտական լեզվին» չտիրապետող և մայրաքաղաքից դուրս ապրող մարդկանց խնդիրները մնում են անլսելի: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ԼԳԲՏՔ+ անձինք, հաշմանդամություն ունեցող կանայք և երիտասարդ կանայք հազվադեպ են ներգրավվում ԿԽԱ գործընթացներում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է բնակչության տարբեր սերունդների և խմբերի միջև եղած անհավասարությունը: Բազմաթիվ կանանց համար ԿԽԱ օրակարգի լիարժեք իրականացումը նշանակում է տնտեսական ռեսուրսների, առողջապահության, մանկապարտեզների հասանելիություն, ինչպես նաև ազատություն վախից: Սրանք են մարդու անվտանգության հիմնարար, սակայն դեռևս չիրականացված չափումները:
Թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում, ԿԽԱ հիմնական թեզերից շեղվող ֆեմինիստ ակտիվիստները և խաղաղարարները թշնամական վերաբերմունքի են արժանանանում: Նրանք պարբերաբար թիրախավորվում են, ենթարկվում հալածանքների և ազգայնական խմբերի կողմից պիտակավորվում որպես «դավաճաններ» և «օտարերկրյա գործակալներ» թե՛ առցանց հարթակներում, թե՛ դրանցից դուրս: Ատելության խոսքը, ապատեղեկատվությունը և ռազմատենչ հռետորաբանությունը թունավորում են հանրային տարածքը՝ խարխլելով վստահությունը և վտանգելով իրավապաշտպան կանանց: Նույնիսկ եթե «խաղաղության գործընթացն» այս պահին Փաշինյանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է, խաղաղաշինության, սեռական կրթության, ԼԳԲՏՔ+ իրավունքների կամ գենդերային բռնության հարցերով զբաղվող ֆեմինիստ ակտիվիստները հաճախ մեղադրվում են ավանդական արժեքները դրժելու մեջ: Վրաստանում նմանատիպ հարձակումներն արդարացվում են Վրաց ուղղափառ եկեղեցու և «Վրացական երազանքի» կողմից, ինչպես նաև թափ առնող ծայրահեղ ազգայնական խոսույթում, սակայն հետևանքներն ավելի ծանր են, քան Հայաստանում, հատկապես քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների համար, որոնք այժմ թիրախավորվում են որպես «օտարերկրյա գործակալներ»:
Թեև երկու երկրներում էլ գնալով սեղմվում է քաղաքացիական տարածքը, ԿԽԱ զարգացման հետագծերը էապես տարբերվում են: Վրաստանի երբեմնի հաջողությունը ԿԽԱ օրակարգի ինստիտուցիոնալացման հարցում, որը հնարավոր էր դարձել համայնքային գործողությունների ծրագրի և ֆեմինիստական խմբերի և կառավարության ամուր համագործակցության շնորհիվ, տապալվել է ժողովրդավարական հետընթացի և հակագենդերային քաղաքականության պատճառով: Հայաստանում ԿԽԱ օրակարգի հիմնական խոչընդոտներից են ֆեմինիստական ցանցերի մասնատվածությունը, այս գործընթացի վերաբերյալ հանրային թույլ ընկալումները և քաղաքական միջավայրը, որտեղ գերիշխում են անվտանգության հետ կապված խնդիրները: Չնայած այս ամենին՝ երրորդ ԳԱԾ-ի մշակման գործընթացում նկատելի է որոշակի առաջընթաց:
Այսուամենայնիվ, երկու երկրներում էլ ԿԽԱ օրակարգը շարունակում է ապահովել ընդհանուր լեզու և հարթակ՝ հանդիսանալով կառավարությանը հաշվետու դարձնելու փխրուն, բայց կենսական գործիք: Այն հնարավորություն է տալիս կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին պայքարել հանուն խաղաղության և գենդերային հավասարության նույնիսկ ժողովրդավարական հետընթացի և հետպատերազմյան հոգնածության պայմաններում: Ի վերջո, թեև Հարավային Կովկասում ռազմականացումը և հայրիշխանական խոսույթը ետին պլան են մղում ԿԽԱ օրակարգը, այն շարունակում է ծառայել որպես ֆեմինիստական ստեղծարարության և դիմակայունության տարածք: Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում կանայք իրենց ունեցած սահմանափակ գործիքներով պայքարում են ավելի տեսանելի դառնալու, համերաշխ ապրելու և խնդիրներին միասնաբար դիմադրելու համար:
ԿԽԱ օրակարգի ապագան Հարավային Կովկասում: Որոնք են հաջորդ քայլերը
Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ԿԽԱ ԳԱԾ փաստաթղթերի մշակումը, ջատագովությունը և իրականացումը երբեք տեղի չեն ունենում հենց այնպես: Այդ գործընթացները մեծապես կախված են քաղաքական և աշխարհաքաղաքական միջավայրից, ինչպես նաև նրանից, թե ովքեր են ներգրավված, որ առաջնահերթություններն են ֆինանսավորվում և թե ինչպես են կառավարությունները գործիքավորում ԿԽԱ օրակարգը որպես ժողովրդավարության և առաջընթացի ցուցիչ:
Բոլոր դեպքերում էլ ԳԱԾ փաստաթղթերի հաջողության գրավականը ֆեմինիստական դաշինքներն են, այսինքն՝ ֆեմոկրատների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և թե՛ անկախ, թե՛ կոնկրետ կառույցներում ներգրավված գենդերային փորձագետների միջև համագործակցությունը: Ֆեմոկրատները գիտեն բյուրոկրատական համակարգերը և նոր հնարավորությունների պատուհանները, կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները լեգիտիմիություն են հաղորդում գործընթացին՝ ի սպաս դնելով իրենց փորձագիտական կարողությունները, իսկ գենդերային փորձագետները, որոնք հաճախ համագործակցում են միջազգային կառույցների հետ (ինչպիսին է օրինակ ՄԱԿ-Կանայք կազմակերպությունը), ֆեմինիստական պահանջները ներկայացնում են ինստիտուցիոնալ լեզվով: Այդուամենայնիվ, այս դաշինքները փխրուն են՝ կախված լինելով փոփոխվող քաղաքական գործընթացներից: Բոլոր այն դաշինքները, որոնք ձևավորվել էին տարածաշրջանում ԿԽԱ օրակարգի երբեմնի առաջատար Վրաստանում, անհետացել են ներկայիս ժողովրդավարական հետընթացի պայմաններում, մինչդեռ Հայաստանում կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը ժամանակի ընթացքում ամրապնդվել է, ինչը վերջին ժամանակների ժողովրդավարական շրջադարձի արդյունքն է:
ԿԽԱ զարգացման հետագծերը Հայաստանում և Վրաստանում արտացոլում են նաև այս երկու երկրների բռնած քաղաքական ուղիները: Ավտորիտար կառավարման անցնելու և եվրաատլանտյան ձգտումներից հրաժարվելու պատճառով Վրաստանն այլևս առաջատար դիրք չի զբաղեցնում այս ոլորտում: Ժամանակին գովեստի արժանացած ԳԱԾ գործընթացները կանգ են առել, իսկ նորերը դեռ չեն նշմարվում: Մինչդեռ Հայաստանը շարժվում է հակառակ ուղղությամբ. ԳԱԾ երրորդ փաստաթուղթը, որի մշակման գործում քաղաքացիական հասարակությունն իրական ներդրում է ունեցել, ավելի շատ է համապատասխանում եվրոպական ժողովրդավարական նորմերին: Այս երկու հակադիր միտումներն ապացուցում են, թե ինչպես է ժողովրդավարացումը նպաստում ԿԽԱ գործընթացին, իսկ ավտորիտարիզմը՝ արագորեն քայքայում այն: Մասնավորապես՝ Վրաստանի դեպքը ցույց է տալիս, որ կանանց իրավունքների և խաղաղաշինության ոլորտում գրանցվող ձեռքբերումները երբեք երաշխավորված չեն և հաճախ առաջինն են դառնում զոհաբերության առարկա: Քաղաքական ճգնաժամերը՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, հակագենդերային հռետորաբանությունը և քաղաքացիական տարածքի սահմանափակումը, ԿԽԱ գործընթացը մղել են ետին պլան: Հինգերորդ ԳԱԾ-ի [4] ապագան մնում է անորոշ, ինչը փաստում է, թե որքան փխրուն կարող է լինել ինստիտուցիոնալ առաջընթացը, երբ ժողովրդավարությունը նահանջում է: Հայաստանը, ընդհակառակը, ԿԽԱ-ն դիտարկում է իր ժողովրդավարական իմիջի և դեպի Արևմուտք քաղաքական վերակողմնորոշման մաս, նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանի հետ խաղաղությունը մնում է անորոշ: Բացի «ԹՐԻՓՓԻ» նախագծից (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման), դեռևս չի ստորագրվել խաղաղության համապարփակ մի համաձայնագիր, որում ներառվել են արդարադատությանը, տասնամյակներ տևած պատերազմի հասցրած վնասների հատուցմանը և կանանց իմաստալից մասնակցությանն առնչվող կետեր:
Չնայած հակադիր քաղաքական միտումներին՝ երկու երկրներն էլ ունեն մշտական մարտահրավերներ՝ խոսքի և գործի միջև խզում, ահռելի կախվածություն դոնորներից, մշտական թերֆինանսավորում և կանանց մեկուսացում որոշումների կայացման գործընթացից: Սակայն որքա՞ն բեռ կարող են իրենց ուսերին վերցնել քաղաքացիական հասարակությունը, ֆեմինիստական և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, հատկապես աշխարհի ամենաթերֆինանսավորված տարածաշրջանում: Աշխարհում բազմակողմանիության նահանջի, աճող ավտորիտարիզմի և ժողովրդավարական ինստիտուտների դեմ հարձակումների պայմաններում տեղական ԿԽԱ գործընթացներն ավելի կբարդանան: Չնայած այս սահմանափակումներին՝ հայ և վրացի ֆեմինիստների ստեղծարարությունը և վճռականությունը տեղի չեն տալիս: Նրանց համառությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ճգնաժամի դեպքում ԿԽԱ օրակարգը սոսկ ձևական գործիք չէ, այլ երևակայության և դիմադրության տարածք, կարևոր մի լեզու, որով արտահայտվում է հանուն խաղաղության և արդարության նրանց մղած պայքարը, նույնիսկ լուսանցքում գտնվելու պայմաններում:
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։
[1] Հայաստանին և Վրաստանին վերաբերող բաժիններում իմ վերլուծությունը հիմնված է 2022-2023 թվականներին երկու երկրներում կին խաղաղարարների, կանանց առաջնորդած կազմակերպությունների, կառավարության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների հետ անցկացրած 43 հարցազրույցների, փաստաթղթերի վերլուծության և ներգրավված դիտարկումների վրա:
[2] Մասնավորապես՝ Գենդերային հավասարության ազգային խորհրդի ստեղծումը (2004 թ.), «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» (2006 թ.), «Կանանց նկատմամբ և/կամ ընտանեկան բռնության վերացման , ինչպես նաև նման բռնության զոհերի պաշտպանության և աջակցության մասին» (2006 թ.) և «Գենդերային հավասարության մասին» (2010 թ.) օրենքները:
[3] Դրանք վերանվանվել են ժողովրդավարական հետընթացի և գենդերային հավասարության մասին օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում:
[4] Ըստ ոչ պաշտոնական քննարկումների, որոնք վերջերս հեղինակն ունեցել է վրացի մի խաղաղարար կնոջ հետ, հինգերորդ ԳԱԾ-ի ճակատագիրն անորոշ է: Թեև ներկայումս քաղաքացիական հասարակությունը ներգրավված չէ այս գործընթացում, ՄԱԿ-Կանայք կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Վրաստանի կառավարությունն այժմ մշակում է այդ փաստաթուղթը: