2025 թվականի դեկտեմբերի վերջին սկիզբ առած բողոքի ցույցերը Իրանում ու դրանց արդյունքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների էլ ավելի սրումը, Իրանի դեմ նոր ռազմական հարձակման մասին քննարկումների առիթ է դարձել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի գերկուտակումը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում կողմերի՝ հակընդդեմ պատկերացումները, դեռևս շատ բարձր են պահում հարցի՝ ռազմական ճանապարհով լուծման ռիսկը։ Ինչպիսի՞ ազդեցություն կունենան այս զարգացումները Հայաստանի անվտանգության վրա, ինչպե՞ս դիմակայել անվտանգության ռիսկերին ու չվնասել ժողովրդավարությանն այս համատեքստում։ Հոդվածը փորձում է հնարավոր պատասխաններ առաջարկել այս հարցերին, ինչպես նաև՝ առաջադրել նոր հարց/երկընտրանքներ։
2025 թ. հունիսին Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունները, ինչպես նաև նոր տնտեսական պատժամիջոցների կիրառումը Իրանի շուրջ ստեղծել էին ներքին և արտաքին ճնշումների համակցված միջավայր։ Այս պայմաններում սոցիալ-տնտեսական խնդիրներից բխող ցանկացած բողոքի ալիք սպասելիորեն կարող էր արագ վերածվել անկանխատեսելի զարգացումների։ Միաժամանակ, արտաքին ռազմական սպառնալիքն ու տնտեսական պատժամիջոցների խորացումը էապես սահմանափակում են իշխանությունների հնարավորությունը՝ վերահսկելի պահելու ներքին լարվածությունը։ Իսկ բողոքի ալիքների ժամանակ հազարավոր զոհերի փաստը ևս ավելացնում է ապագա զարգացումների անկանխատեսելիությունը։
Միևնույն ժամանակ բողոքի շարժումները Իրանի ժամանակակից պատմության մշտական բաղադրիչ են և քաղաքական ու քաղաքացիական մշակույթի բնորոշ դրսևորում։ Իսլամական Հանրապետության պատմությունը սկսվել է առաջին իսկ օրերին հակասությունների ի հայտ գալով ու բողոքի ցույցերով․ հեղափոխությունից անմիջապես հետո ընդունված հիջաբի պարտադիր պահանջը փողոց դուրս բերեց բազմաթիվ կանանց, որոնք իրենց խաբված էին զգում։ Հետագա տասնամյակներին նույնպես պարբերաբար ծագել են խոշոր ալիքներ՝ 1999-ի ուսանողական շարժումը, 2009-ի ընտրություններից հետո ձևավորված «կանաչ շարժումը»՝ «որտե՞ղ է իմ քվեն» կարգախոսով, որը ցույց էր տալիս, որ ցուցարարները վիճարկում էին ընտրական գործընթացի արդարությունը, ոչ թե ամբողջ համակարգի գոյությունը։ 2017-2019 թվականների բողոքները հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի էին, բայց արագ ստացան նաև քաղաքական երանգ, իսկ 2020-ին դժգոհությունը սրվեց Ուկրաինական ինքնաթիռի խոցումից հետո՝ իշխանությունների կառավարման և թափանցիկության խնդիրների պատճառով։ Վերջին տարիների ամենախոշոր շարժումը 2022-ին էր՝ Մահսա Ամինիի մահվանից հետո, «Կին, կյանք, ազատություն» կարգախոսով, որն արդեն բացահայտորեն համադրեց արժանապատվության, ազատության և համակարգային փոփոխության պահանջները։
2025-ի դեկտեմբերի վերջին սկսված ցույցերը ծագեցին ռիալի կտրուկ արժեզրկմամբ, սակայն դրանք ձևավորվեցին ավելի խորքային ճգնաժամային միջավայրում․ երկիրը 12-օրյա պատերազմ էր վարել Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ, կրել էր լուրջ կորուստներ միջուկային ոլորտում՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հսկայական ռեսուրսներ էին ուղղվել թե՛ այդ ծրագրին, թե՛ «Դիմադրության առանցքի» տարածաշրջանային գործընկերներին՝ երկրի ներսում կուտակվող սոցիալ-տնտեսական խնդիրների հաշվին։ Բողոքի ալիքը առանձնացավ նրանով, որ սկսվեց Թեհրանի Բազարից՝ իշխանության ավանդական հենարանից, արագ ընդգրկեց գրեթե բոլոր մարզերը և ստացավ որոշակի կազմակերպվածություն, այդ թվում՝ Ռեզա Փեհլևիի կողմից ուղղորդվելու միջոցով։ Չնայած հեղափոխական նախադրյալների մեծ մասին՝ ներառյալ առաջնորդի տարիքն ու համակարգային ճգնաժամը, բացակայում էր իշխանության ներսում ակնառու պառակտումը, իսկ իշխանությունների կոշտ արձագանքը՝ համացանցի անջատումը, բռնի ճնշումները և զոհերի մեծ թիվը, նվազեցրել են ներքաղաքական փոխզիջման հավանականությունը։
Պահպանվում է նաև նոր ռազմական էսկալացիայի հավանականությունը։ Իսրայելն ու ԱՄՆ-ը հայտարարում են, որ իրենց ռազմավարական նպատակները լիովին չեն իրագործվել՝ ներառյալ Իրանի միջուկային ծրագրի ամբողջական չեզոքացումը, բալիստիկ հրթիռների արտադրության դադարեցումը և տարածաշրջանային քաղաքականության սահմանափակումը։ Բացի այդ, Իրանում վերջին բողոքի ալիքի ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ցուցարարներին «աջակցելու» հրապարակային խոստումը ամերիկյան և իսրայելական շրջանակներում նորից օրակարգ է բերել հնարավոր ռազմական միջամտության տարբերակը։ ԱՄՆ նախագահը նույնիսկ բացեիբաց է այդ մասին խոսում, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոշոր կուտակումներ են իրականացրել Մերձավոր արևելյան իրենց հենակետերում։
Ներքին լարվածության և արտաքին առավելագույն ճնշման պայմաններում գործող համակարգի քաղաքական և տնտեսական ուղենիշների անփոփոխ պահպանումը քիչ հավանական է թվում։ Դժվար է, օրինակ, պատկերացնել, որ բողոքի հազարավոր մասնակիցների սպանությունից ու բռնաճնշումներից հետո “Մահ Ամերիկային”, “Մահ Իսրայելին” կարգախոսները այլևս չեն ուղեկցվի “Մահ դիկատատորին” վանկարկումներով, որքան էլ համակարգը ջանա ցույց տալ, որ այդպես մտածողները պարտադիր արտաքին ուժերի խամաճիկներն ու կամակատարներն են։ Այս իրադրության պայմաններում զարգացումների մի քանի ուղղություններ են հնարավոր․
Գործարք գործող վարչակարգի հետ
Ի հեճուկս գերլարված քաղաքական ելույթների ԱՄՆ-ի ու Իրանի կողմից, դեռևս չի բացառվում նոր համաձայնության տարբերակ երկրների միջև՝ ներառելով ոչ միայն միջուկային և հրթիռային ծրագրերը ու տարածաշրջանային քաղաքականությունը, այլև ներքին քաղաքական համակարգի որոշակի վերափոխումները։
Այս տեսանկյունից ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը որոշ չափով տարբերվում են։Եթե Իսրայելի ու հատկապես նրա վարչապետ Նեթանյահուի համար տասնամյակներ ի վեր սևեռուն գաղափար է դարձել Իրանում իշխանության փոփոխությունը և լայանածավալ պատերազմը Իրանի դեմ, ապա ԱՄՆ-ի համար Իրանի վրա հարձակումն ու իշխանափոխությունն այնտեղ իր հիմնական նպատակին հասնելու միջոցներից մեկն է միայն, և ոչ նպատակն ինքնին։ ԱՄՆ-ի գլխավոր նպատակն է Իրանին պոկել հակաարևմտյան, չինամետ ճամբարից և այն ներառել իր մերձավորարևելյան դաշնակիցների շարքում։ Ու թեև Նախագահ Թրամփը պարեբարաբար բարձարաձայնում է նաև Իրանում վարչակարգի փոփոխության հավանականության հարցը, բայց իր գլխավոր նպատակին գործարքի միջոցով հասնելու դեպքում, այդ հեռանկարը կարող է սկզբունքյաին չլինել նրա վարչակազմի համար։ Եվ, որքան էլ Իրանի բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը նրանց աջակցության խոսքեր ու սատարման խոստումներ է հղել, հազարավոր զոհերի առկայությունը խոչընդոտ չհանդիսացան, որ ԱՄՆ-ն վերսկսի բանակցությունները գործող իշխանության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով մոտեցումների այս տարբերությունը՝ Իսրայելը և ԱՄՆ-ում իսրայելական լոբբին փորձում են ազդել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ձևակերպված պահանջների և նախապայմանների վրա, այդպիսով անուղղակիորեն ավելի անհավանական դարձնելով գործարքի հնարավորությունը։ Այդ պայմանները ներառում են՝ միջուկային բանակցություններում պահանջել դադարեցնել ուրանի հարստացումը առհասարակ, իսկ հարստացված ուրանի առկա պաշարները արտահանել այլ երկիր։ Նույն բանակցություններում ներառել նաև Իրանի կողմից բալլիստիկ հրթիռների արտադրության հարցն ու նրա մերձավորարևելայն քաղաքականության խնդիրը։ Թեմաներ, որոնք Իրանը տարիներ շարունակ հայտարարել է անսակարկելի ու իր համար սահմանված “կարմիր գծեր”։ Երկու կողմերն էլ իրարամերժ այս պահանջների ու հայտարարությունների ֆոնին շարունակում են բանակցությունները։ Բայց նախորդ տարվա Իսրայելի հարձակումն Իրանի վրա հենց Իրան-ԱՄՆ բանակցությունների փուլում մեզ ստիպում է նույնիսկ այս պարագայում լրջորեն քննարկել ռազմական նոր բախման հնարավորությունն ու դրա հետևանքները տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա։
Վարչակարգի փոփոխություն արտաքին ռազմական միջամտությամբ
Այս տարբերակը ենթադրում է գործող իշխանության տապալում և անցումային կառավարության ձևավորում։ Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել՝ կախված ռազմական գործողությունների տևողությունից և անցումային իշխանության լեգիտիմությունից։ Հաշվի առնելով՝ երկրի ներսում համակարգին ընդդիմադիր քաղաքական միավորների գոյության անհնարինությունը, նոր վարչակարգի անցումային հնարավոր ղեկավարի դերում կարող է դիտարկվել երկրից դուրս որևէ մեկը։ Այս սցենարի դեպքում հնարավոր է ինչպես երկրի տարածքային ամբողջականության պահպանում, այնպես էլ դաշնայնացման փորձ կամ երկրի մասնատման փորձերի հեռանկարներ։ Ներկայումս անցումային ծրագրեր ներկայացնող դերակատարները հիմնականում հանդես են գալիս Իրանի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից, ընդ որում միայն մեկ՝ Մոջահեդդինե Խալղ կազմակերպության ձևավորած հարթակում է քննարկվում քրդաբնակ շրջանների ինքնավարության տարբերակը։ Անցումային ղեկավարի ամենից քննարկվող թեկնածուն ԱՄՆ-ում բնակվող Ռեզա Փահլևին է՝ Իրանի վերջին շահի՝ Ռեզա Մուհամմադ Շահի որդին։ Չնայած պատանեկության տարիներից Իրանից դուրս ապրելուն ու նրա ոչ այնքան խարիզմատիկ ու քաղաքականապես գրագետ քայլերը հաշվի առնելով, դժվար է ասել, որ նա Իրանում լայնածավալ ու զանգվածային հասարակական աջակցություն ունի, սակայն, հատկապես վերջին ցույցերի ժամանակ, ակնհայտ դարձավ, որ ցույցերի առնվազն խորհրդանշական միավորող առաջնորդի դեր ստանձնելու նրա հավակնությունները շատերի կողմից ընդունվեցին։ Այդ մասին էին վկայում՝ թե Իրանում, թե արտասահմանում տեղի ունեցած ցույցերում “Կեցցե Շահը” ու “Շահը պետք է վերադառնա” կարգախոսները, ինչպես նաև ցույցերի տեղի ու ժամանակի վերաբերյալ արված նրա հրահանգների իրագործումը։ Փետրվարի 12-15-ին անցկացված Մյունխենի անվտանգության համաժողովին Ռեզա Փեհլևին հրավիրված էր որպես բանախոս Իրանին նվիրված պանելին ու այդ հարթակում էլ նա խոսում էր ԱՄՆ-ի ռազմական միջամտության անհրաժեշտության և իր քաղաքական ծրագրերի մասին՝ ոչ թե վերականգնել միապետությունը, այլ ստանձնել անցումային կառավարչի դերը և երկրում անցկացնել նոր հանրաքվե։ Ըստ Ռեզա Փեհլևիի՝ նոր այդ հանրաքվեով Իրանի ժողովուրդն ինքը պետք է կանխորոշի ազատ, աշխարհիկ ու ժողովրդավարական երկրի իր ցանկալի մոդելը։
Ներքին կերպափոխում՝ առանց վարչակարգի տապալման
Որոշումների կայացման ուժային բալանսի տեղափոխումը դեպի աշխարհիկ կառույցներ կարող է բացել պատուհան Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր որակի հարաբերությւոնների համար։ Այդպիսի կերպափոխման պոտենցիալ Իրանն ունի՝ հաշվի առնելով, որ երկրի քաղաքական համակարգը բաղակացած է ինչպես ժողովրդավարական ինստիտուտներից, այնպես էլ հեղափոխական ու կրոնապետական կառույցներից։ Մասնավորապես, կառավարության ղեկավարը՝ նախագահը, քաղաքացիների քվեով ընտրված պաշտոնյա է, մինչդեռ երկրի քաղաքական որոշումների վրա ազդցեություն ունեցող մի շարք կառույցներ, այդ թվում Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը (ԻՀՊԿ), Սահմանադրության պահապանների խորուրդը և այլն, նշանակովի ղեկավարներ ու անդամներ ունեցող ինստիտուտներ են։ Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ ռեֆորմիստական ու հաճախ պահպանողական քաղաքական թևին ընդդիմանալ փորձող դիրքորոշումները կարող են լրացուցիչ նշանակալի գործոն լինել այս սցենարի իրագործելիության օգտին։ Ընտրվելուց ի վեր Պեզեշքիանը խոսում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման անխուսափելիության մասին, և ցույցերի առաջին իսկ օրերից խոսել է ցուցարարների հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Ճիշտ է՝ ցույցը ճնշելուց հետո, Փեզեշքիանը նույնպես հանդես եկավ տեսակետով, թե ցուցարարների շարքերում կային նաև ISIS-ի ներկայացուցիչներ, բայց փաստ է նաև այն, որ նրա՝ երկխոսելուն միտված կոչերին զուգահեռ, ցուցարարների կարգախոսներում բացակայում էին նրա դեմ ուղղված վանկարկումներ։ Այսպիսի ներքին կերպափոխումը, հնարավորություն կարող է տալ անգամ ռեֆորմիստ հոգևոր առաջնորդի ընտրության ու ներքին բարեփոխումների արդյունքում ներքին ու արտաքին ճգնաժամի հաղթահարման։
Ազդեցությունը Հայաստանի վրա
Իրանի շուրջ խորացող անկայունությունն անմիջական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Թեև Իրանը Հայաստանի անվտանգության սպառնալիքների միակ զսպող գործոնը չի եղել նախորդ տարիներին, սակայն այն կարևոր դեր է ունեցել տարածաշրջանային սպառնալիքների հավասարակշռման հարցում։ Իրանի դիրքերի թուլացումը կարող է նվազեցնել Հայաստանի ռազմավարական դիմակայունությունը։ Միաժամանակ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումն ու նոր տնտեսական ծրագրերի ու հատկապես ԹՐԻՓՓ-ի շուրջ հեռանկարները, կարող են բացասական ազդեցություններ կրել և՛այն դեպքում, երբ Իրանը տնտեսապես ավելի մեկուսանա ու ավելի ռադիկալ քաղաքական քայլերի հակված լինի իր շուրջը կատարվողի հանդեպ, և՛ այն դեպքում, եթե ռազմական կիզակետում հայտնվի ու իր հնարավոր ավելի ռադիկալ քայլերը նաև ռազմական բաղադրիչով լինեն։ Մասնավորապես, եթե մոտ ապագայում Իրանում սկսվեն նոր և երկարաժամկետ ռազմական գործողություններ, ԹՐԻՓՓ-ի շինարարության համար պատասխանատու ընկերությունները կարող են հետաձգել իրենց աշխատանքները սահմանի մոտ անվտանգության ռիսկերի պատճառով։ Միաժամանակ, դժվար է կանխատեսել Իրանի հնարավոր պատասխան ռազմական գործողությունները․ դրանք կարող են ներառել ոչ միայն ԱՄՆ մերձավորարևելյան ռազմաբազաները, այլև բոլոր այն տնտեսական պրոյեկտները, որոնցում ներգրավված կլինի ԱՄՆ-ն։ Այստեղ, իհարկե, կարևոր անվտանգության բարձիկ է Հայաստան-Իրան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններն ու Հայաստանի՝ Իրանի դեմ որևէ ծրագրում կամ գործողություններում ներգրավված չլինելը, բայց անգամ եթե Իրանի պատասխանը Ադրբեջանի դեմ ուղղված լինի, այն կարող է մեծ ազդեցություն ունենալ նաև Հայաստանի անվտանգության վրա։
Իրանի ներքին անկայունությունը կարող է վնասել նաև Հայաստանի տնտեսական և տրանսպորտային շահերին՝ խաթարելով հաղորդակցության ուղիները, մեծացնելով փախստականների հոսքի և հումանիտար ճգնաժամի ռիսկը։ Բողոքի ցույցերի ողջ ընթացքում, օրինակ, Իրանը դադարել էր իրականացնել լոգիստիկ իր կարևոր գործառույթը Հայաստանի համար՝ երկրի արտակարգ ճգնաժամային իրադրության մեջ հայտնվելու պատճառով։ Եթե ճգնաժամը վերաճի նոր ռազմական էսկալացիայի, վերոնշյալ վտանգները կարող են բազմապատկվել։ Հաշվի առնելով, որ Իրանով են անցնում հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունքում եղած ռազմական փոխադրումները, այդ տարանցիկ դերի սահմանափակումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ-հնդկական համագործակցության վրա։
Հետևաբար, գոյություն ունեցող սցենարներից Հայաստանի համար ամենավտանգավորը Իրանում ներքին երկարատև անկայունությունն է՝ անկախ նրանից, թե դա կլինի արտաքին միջամտությամբ, թե առանց դրա։ Իսկ երկարատև անկայունության սցենարի համար պարարտ հող է նաև այն հանգամանքը, որ երկրի Գերագույն Հոգևոր Առաջնորդը 86 տարեկան է ու հնարավոր փոխանորդի շուրջ նույնպես քղաքական կրքեր կան։ Հավակնորդների շարքում է նաև Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին, որի անունը նույնպես վերջին ցույցերի ընթացքում ցուցարաների հիմնական թիրախներից մեկն էր։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ երկրի ամենաազդեցիկ ռազմա-քաղաքական ուժը շարունակում է Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը լինել, չի բացառվում նաև իշխանության փոխանցման շուրջ ծագած ճգնաժամի խորացման արդյունքում, իշխանությունը հենց ԻՀՊԿ-ին անցնի։ Իսկ եթե իշխանության փոխանցման գործընթացը հանգեցնի ԻՀՊԿ-ի ազդեցության առավել ամրապնդման և Իրանը հայտնվի ավելի խորը մեկուսացման ու նոր պատժամիջոցների ներքո, դա կարող է բարդացնել Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռությունը։ Հայաստանն անկախության ողջ ընթացքում հաջողացրել է հավասարակշռել Իրանի ու Արևմուտքի հետ իր հարաբերությունները, դրանից որևէ մեկը մյուսի դեմ չօգտոգրծելու հաստատակամ հանձնառությամբ։ Իրանում նոր, ռազմական իշխանության առկայությունը, որի գլուխ կարող է լինել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից “ահաբեկչական կազմակերպությունների” շարքում ընդգրկված կառույցը, հավելյալ կբարդացնի Հայաստանի մանևրելու հնարավորությունները։
Երկարատև ռազմական էսկալացիան կարող է նաև հանգեցնել մեկ այլ կարևոր վտանգի՝ հնարավոր փախստականների հոսքի անկառավարելիության ռիսկի։ Հաշի առնելով, որ Ադրբեջանը դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները՝ քովիդի պատրվակով, իսկ Թուրքիան արդեն իսկ լուրջ նախապատրաստություններ է տեսնում Իրանից փախստականների հոսք դեպի երկիր թույլ չտալու համար (պայմանավորված հատկապես Իրանի քրդական բնակչության հնարավոր ներհոսքի հետ եղած ռիսկերով), Հայաստանը կարող է դառնալ միակ այլընտրանքը Իրանի հյուսիսից հնարավոր փախստականների հոսքի համար։
Այս հեռանկարը բազմաշերտ ռիսկերի աղբյուր կարող է դառնալ։ Մի կողմից՝ հումանիտար ճգնաժամի ռիսկը, քանի որ ընդամենը երկուսուկես տարի առաջ հարյուր հազարից ավելի արցախցի ընդունած և դեռևս նրանց սոցիալական խնդիրները չլուծած պետության համար կրկնակի դժվար կլինի կառավարել փախստականների նոր հոսքերը։ Սրան գումարած, կան նաև հոգեբանական ու անվտանգության հետ կապված ռիսկեր։ Ներքին բևեռացման և Հայաստանի քաղաքական գործիչների կողմից միմյանց ամեն գնով վնաս հասցնելու ձգտման համատեքստում, Հայաստանում հայտնված զբոսաշրջիկ ազերիախոս իրանցիները մանիպուլյացիների ու “ադրբեջանցիներն արդեն Հայաստանում են” դիսկուրսի համար պարարտ հող են դառնում։ Կարելի է ենթադրել, որ նույն իրադրության գերադրական աստիճանը կլինի մեծաքանակ ազերիաիախոս իրանցի փախստականների պարագայում։ Իսկ որ Հայաստանի սահմանը հատողները նախևառաջ ազերիախոս իրանցիներն են լինելու, հուշում է աշխարհագրությունը․ հենց նրանցով բնակեցված նահանգներն են սահմանակից Հայաստանի Հանրապետությանը։ Եվ, վերջապես, այս նույն հանգամանքը կարող է քաղաքական ճնշման ևս մեկ գործիք դառնալ Ադրբեջանի ձեռքում․ ադրբեջանական քարոզչական “Հարավային Ադրբեջան” ծրագրի ներդաշնակեցում “Արևմտյան Ադրբեջան” ծրագրի հետ ու սրանից բխող բոլոր անվտանգության ռիսկերը։
Միաժամանակ, Իրանից փախստականների մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև Իրանում հայկական համայնքից մարդկանց տարհանելու հնարավոր անհրաժեշտությունը, ինչը կարող է նաև լոգիստիկ և քաղաքական լարվածություն ստեղծել։
Հայաստանի համար առավել բարենպաստ հեռանկարը Իրանի և Արևմուտքի հարաբերությունների խաղաղ կարգավորումն է։ Նման զարգացումը կախված կլինի հնարավոր բանակցություններից և Իրանի պատրաստակամությունից նոր պայմանավորվածությունների գնալու ԱՄՆ-ի հետ՝ գործող քաղաքական համակարգի պայմաններում կամ դրա վերափոխմամբ։
Հատկանշական է նաև, որ մինչև ճգնաժամը որևէ հանգուցալուծում ստանա, ներկա լարվածությունը արդեն իսկ ստեղծում է քաղաքական ճնշման միջավայր Հայաստանի համար։ Իրանում բողոքի ակցիաներին արձագանքած Իրանի դեսպանի հայտարարությունը վկայում է, որ հակամարտող կողմերը կարող են փորձել Հայաստանը ներգրավել իրենց դիրքորոշումների աջակցման մեջ։ Այս պայմաններում Հայաստանի առաջնահերթ խնդիրը լինելու է պահպանել չեզոքություն՝ միաժամանակ հավատարիմ մնալով սեփական ժողովրդավարական օրենքներին և ռազմավարական ուղեգծին։ Միևնույն ժամանակ,, մի կողմից բողոքի ակցիաների մասնակիցների հանդեպ հնարավորինս բարեկիրթ ու օրինական շրջանակներում արված գործողությունները, մյուս կողմից՝ նրանց մոտեցումների շուրջ տեղեկատավական, քաղաքական աղմուկը նույնպես չափազանց զգայուն իրադրություններ են ստեղծում Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության համար։ Ինչպես պահպանել ժողովրդավարական արժեքներն ու միաժամանակ կարողանալ չխաթարել տեղից էլ խիստ փխրուն անվտանգության միջավայրն ու չեզոքացնել բոլոր ճգնաժամային իրադրություններին զուգակցող նաև հիբրիդային սպառնալիքները․ այս դիլեմման Հայաստանի առջև ծառացած ամենաառանցքային խնդիրն է շարունակելու մնալ առաջիկայում։
Իրանում ծագած ճգնաժամը դժվար երկընտրանքներ է ստեղծում նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ու ժողովորդավարական արժեքների ջատագովների համար․ ինչպե՞ս խոսել Իրանում մարդու իրավունքների խնդիրներից ու միաժամանակ չվնասել Հայաստանի անվտանգությանը։ Ինչպե՞ս խոսել Իրանի մարդու իրավունքներից ու զերծ մնալ ռազմական միջամտության ջատագովությունից։ Երկընտրանքներ, որ արդիական են աշխարհով մեկ, բայց առավել սուր են զգացվում, երբ Իրանի հարևանությամբ ու փխրուն ժողովրդավարությամբ երկիր ես՝ դեռևս երկու փակ սահմաններով։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։