Աղասի Թադևոսյանը մասնագիտությամբ մշակութային մարդաբան է, պատմական գիտությունների թեկնածու: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է։ 2005-2024 թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ու Մշակութաբանության ամբիոններում՝ «Մշակույթ և քաղաքականություն» «Քաղաքային միջավայրի մարդաբանություն» և «Սոցիալ-մշակութային մարդաբանություն» թեմաներով մագիստրոսական ծրագրերում։ 2012-2013 թթ. ուս. տարում որպես Ֆուլբրայթի հրավիրված հետազոտող աշխատել է նաև Կալիֆորնիայի Բերքլի համալսարանում։
Գիտական հետաքրքրությունների շրջանակն է ուշխորհրդային և հետխորհրդային Հայաստանի անցումային գործընթացների մարդաբանությունը և ինքնության փոխակերպումները, պատերազմի մարդաբանությունը, միգրացիայի, աղքատության հիմնախնդիրները, քրեական ենթամշակույթը, սովորելու և կրթության մարդաբանությունը։
Նշված թեմաներով ունի հրատարակած մի շարք գրքեր։ Տեղական և արտասահմանյան գիտական հրատարակություններում տպագրել է շուրջ 90 հոդված: