2018-ը խոստանում է նշանակալից տարի լինել Հայաստանի և Թուրքիայի համար։ Երկու երկրներն էլ հիմնովին վերափոխում են իրենց սոցիալական և քաղաքական հյուսվածքը։ Այս համառոտ անդրադարձը քննում է այդ փոփոխությունների ազդեցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։
Read in English
Քաղաքական զարգացումները Թուրքիայում
Թուրքիայում ներկա քաղաքական զարգացումներում գերիշխում է անցումը խորհրդարանականից նախագահական համակարգի։ Երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014թ․-ի ընտրությունների արդյունքում դարձավ Թուրքական Հանրապետության առաջին՝ ուղղակի ընտրություններով անցած նախագահը, պաշտոնը հիմնականում ծիսակարգային էր։ Այնուամենայնիվ, իր կառավարման առաջին ժամկետում Էրդողանը գործում էր որպես Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ, AKP) կազմած կառավարության փաստացի առաջնորդ և ընդլայնում էր իր օրինական գործառույթների սահմանները։ Նախագահական համակարգին անցումը երկար ժամանակ քննարկվել է իշխող կուսակցությունում, բայց նյութականացել է միայն 2016-ին, երբ ԱԶԿ-ն առաջ քաշեց 18 սահմանադրական փոփոխություն։ Առաջարկները հանրաքվեի դրվեցին 2017-ի ապրիլին և ընդունվեցին քվեների 51,21%-ով։ Հանրաքվեին հաջորդեցին 2018-ի հունիսի նախագահական և խորհրդարանական ընտրությունները․ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացավ քվեների 52,59%-ը, իսկ ԱԶԿ-ն և իր նախընտրական կոալիցիոն գործընկեր ԱՇԿ-ն (Ազգայնական շարժում կուսակցություն, MHP) ստացան քվեների 42,6%-ը և 11,1%-ը։ Ուստիև, նոր սահմանադրական համակարգում նախագահ դարձավ Էրդողանը, իսկ ԱԶԿ-ն՝ խորհրդարանական ամենամեծ կուսակցությունը։
Սահմանադրական փոփոխությունները և 17 նախագահական հրամանագրերը արմատապես փոխեցին Թուրքիայի կառավարման կառուցվածքը։ Նախագահը ձեռք բերեց գործադիր իշխանություն, այդ թվում՝ ուղիղ իշխանություն նախարարությունների և պետական այլ մարմինների նկատմամբ, ինչպես նաև որոշակի աստիճանի օրենսդրական իշխանություն, ինչն իր հերթին նվազեցրեց խորհրդարանի կարևորությունը։ Էրդողանն էր ԱԶԿ-ի դե յուրե ղեկավարը, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում, երբ նախագահի պաշտոնը պետք էր չեզոք և ծիսակարգային լիներ։ Այս և այլ փոփոխությունների արդյունքում թուլացավ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև հակակշիռների մեխանիզմը, և Էրդողանի իշխանությունը օրինական կերպով կոնսոլիդացվեց։
Թուրքիայում վերջին տարիների կարևոր քաղաքական զարգացումներից էր նաև 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձը։ Ձախողված հեղաշրջման մեղավոր են համարվում ամերիկաբնակ կղերական Ֆեթուլլահ Գյուլենը և իր հետևորդները։ Վերջին երկու տարում հազարավոր մարդիկ են ազատվել աշխատանքից և/կամ ձերբակալվել՝ Գյուլենին կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների աջակցելու հիմքով։ Շատ գյուլենականներ, ինչպես նաև այլախոհներ են արտագաղթում կամ ապաստան որոնում արտերկրում։ Այս նույն ժամանակ, Գյուլենին Թուրքիա արտահանձնելու ԱՄՆ-ի մերժումը, ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների դեմ շարունակվող դատաքննությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների պայմանները խախտելու համար, և Թուրքիայում ամերիկացի հոգևորականի ձերբակալությունը լարվածություն են ստեղծում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում։ 2018-ի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիֆային պատերազմ սկսեց ընդդեմ Թուրքիայի, ինչի արդյունքում արդեն իսկ անկայուն թուրքական լիրան է՛լ ավելի թուլացավ։ Վաղուց կանխատեսվող տնտեսական ճգնաժամը կարծես թե մոտենում է։ Այս համատեքստում կառավարությունը հայտարարել է դեպի ժողովրդավարական բարեփոխումներ վերադարձի մասին և նոր հանդիպումներ է նախաձեռնել Եվրամիության առաջնորդների ու պաշտոնյաների հետ։
Իր անմիջական հարևանությամբ Թուրքիան ներգրավվել է Սիրիայում ռազմական գործողություններում և համաձայնության նպատակով բանակցում է Ռուսաստանի և Իրանի հետ, մինչդեռ 4 միլիոն փախստականների առկայությունը Թուրքիայում գնալով ավելի է բորբոքում հասարակության որոշակի շերտերի վրդովմունքը։
Այս բոլոր փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա, ինչն այլևս դադարել է առաջնահերթություն համարվել քաղաքականություն մշակողների շրջանում ՝ Պրոտոկոլների տապալումից և իշխանությունից նախկին վարչապետ Դավուդօղլուի և նրա թիմի հեռացումից հետո։ Դավուդօղլուից հետո կազմված կառավարությունները հստակ ցուցադրել են, որ Հարավային Կովկասում իրենց առաջնահերթությունը Ադրբեջանն է և Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությունը՝ հատկապես տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։ Չնայած ԱԶԿ-ն դեմ չէր լինի Հայաստանի հետ հետագա տնտեսական հարաբերություններին, բայց ակնհայտ է, որ ոչ մի նման քայլ չի արվի առանց Ադրբեջանի հավանության։ Ադրբեջանին ուժգին կերպով սատարող երկու ազգայնական ուժերի՝ ԱՇԿ-ի(MHP) և Լավ կուսակցության (İyi Parti) ներկայացվածությունը խորհրդարանում և ԱԶԿ-ի (AKP) ու ԱՀԿ-ի (CHP, Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցություն) ներսում զգալի ազգայնական նկրտումները շատ անհավանական են դարձնում որևէ կարճատև պատուհանի բացումը Հայաստանի համար։
Քաղաքական զարգացումները Հայաստանում
Եթե Թուրքիայի վերջին քաղաքական զարգացումներում գերակա են խորհրդարանականից նախագահական համակարգի անցումը և նահանջը ժողովրդավարացման գործընթացից, Հայաստանը հակառակ ուղեգծի վրա է։ 2015-ին նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց անցում նախագահականից խորհրդարանական համակարգի՝ ըստ ամենայնի փորձելով իշխանության մնալ՝ իր նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո։ Այս քայլը հակառակ ազդեցությունն ունեցավ։ 2018-ի ապրիլին «թավշյա հեղափոխություն» անունով հայտնի դարձած շարժումը ստիպեց վարչապետ դարձած նախագահ Սարգսյանին հրաժարական տալ՝ խթանելով հայ հասարակության և պետության ժողովրդավարացումը։ Սարգսյանին փոխարինած Նիկոլ Փաշինյանի առաջնորդած նոր, երիտասարդ և եռանդուն կառավարությունը հազվագյուտ պատուհան է հանդիսանում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման, ինչպես նաև՝ Հարավային Կովկասի վերաինտեգրման համար։
Սարգսյանի հրաժարականը անկանխատեսելի էր, բայց միաժամանակ՝ ոչ զարմանալի։ Նա իշխանության էր եկել 2008-ին՝ կեղծված ընտրությունների արդյունքում, որ ուղեկցվել էին ցույցերի բռնի ճնշմամբ։ Նա այդպես էլ ժողովրդականություն չվայելեց իր նախագահության օրոք, մինչ իշխանությանն էր կառչում ռազմատենչ հռետորաբանության և՝ իր մերձավոր շրջապատի կողմից վերահսկվող խոշոր բիզնեսի ու պետության քվազի-ֆեոդալական միաձուլման շնորհիվ։ Վերահաս տնտեսական լճացումը և դեմոգրաֆիական անկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մշտական աճը, աստիճանաբար հանգեցնում էին Հայաստանի քաղաքական վերնախավում «պաշարվածի մենթալիտետի», որտեղ սեփական լեգիտիմության միակ հիմնավորումը բնակչության շրջանում ընկալումն էր, թե վերնախավը կարողունակ է ապահովել երկրի անվտանգությունը։ Այս հիմնավորումը խորտակվեց 2016-ի ապրիլին՝ Ադրբեջանի հետ աննախադեպ լարվածության աճից հետո, որը Հայաստանում կնքվեց «քառօրյա պատերազմ» տերմինով։
2018-ի մայիսին ստանձնելով իշխանության ղեկը՝ Հայաստանի նոր կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, առաջնահերթություն տվեց ներքին քաղաքական փոփոխություններին, համակարգային կոռուպցիայի դեմ դաժան պայքարին և ընտրական օրենսգրքի բարեփոխմանը։ Արտաքին քաղաքականության ոլորտում նոր կառավարությունը նախընտրեց շարունակականության քաղաքականությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ամուր դաշնակցության պահպանումը, չափավոր աստիճանի ինտեգրումը եվրոպական կառույցներում և սպասողական դիրքը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների փոփոխությունների առումով։
Հայտարարված շարունակականության քաղաքականությունը նկատի ունենալով՝ հայ-թուրքական հարաբերություններում որևէ անհապաղ բեկում չի ակնկալվում։ Սարգսյանն անձամբ, ինչ խոսք, 2008-ին իշխանության էր եկել այս հարաբերությունների կարգավորման պրոակտիվ օրակարգով․ մի նախաձեռնություն, որ վերաճեց Հայ-թուրքական պրոտոկոլների, որ հանրահայտորեն տապալվեցին այն բանից հետո, երբ կողմերը համառորեն ու անհաջող կերպով փորձեցին գործընթացն անջատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից։ Այդ առաջին ձախողումից հետո Սարգսյանը նահանջեց և ռեակտիվ դիրք ընդունեց Թուրքիայի հանդեպ, իսկ իր նախագահության վերջում Պրտոկոլները հետ կանչեց խորհրդարանից, որտեղ դրանք սպասում էին վավերացման։ Այնուամենայնիվ, իր նախագահության օրոք Սարգսյանը շարունակեց պնդել, որ իր իր կառավարությունը բաց է մնում «առանց նախապայմանների կարգավորման» համար։ Նույնպիսի հայտարարություններ է անում նաև Փաշինյանը՝ իշխանության գալուց ի վեր։
Նորմալացման ուղղությամբ որևէ պրոակտիվ քայլ դառնում է քիչ հավանական՝ ի դեմս Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս պառակտվածության․ Փաշինյանը գլխավորում է փոքրամասնության կառավարությունը, մինչդեռ Հանրապետական կուսակցությունն է կազմում ազդեցիկ խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը։ Միաժամանակ, Փաշինյանի կառավարությունը շատ ասպեկտներով է տարբերվում Սարգսյանի կառավարությունից․ դրանցից մեկն էլ «հետ-սովետական սերնդի» վերելքն է դեպի բարձրագույն ղեկավարության պաշտոններ։ Եթե Սարգսյանի կառավարության անդամների գերակշիռ մասը կրթություն էր ստացել Խորհրդային Միությունում և նախկինում ներկայացնում էին սովետական «նոմենկլատուրան»[1], ներկա ղեկավարներից շատերը կրթվել են Արևմուտքում կամ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից են, որ ձևավորվել է Սովետական Միության փլուզումից հետո։ Բացի այդ, մի քանի բարձր պաշտոնյաներ Թուրքիայում կրթաթոշակ են ունեցել, ուստի և մոտեցումներ և հարաբերություններ ունեն, որ նրանց նախորդները չէին կարող ունենալ, ինչը հնարավորություն է՝ վստահության և ավելի խորը հարաբերություններ կերտելու համար։
Ի՞նչ է անում քաղաքացիական հասարակությունը
Թուրքիայում ներքին քաղաքականության մեջ իշխանության կոնսոլիդացումը և քաղաքացիական դաշտի կրճատումը ազդում են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև քաղհասարակության գործունեության վրա։ Միջոցառումներ են չեղարկվել, նախագծեր են հետաձգվել, կամ Թուրքիայի քաղհասարակության դերակատարները դժկամություն են ցուցաբերել՝ ներգրավվել Հայաստանի հետ ընթացող միջոցառումներում։ Չնայած «զգայուն թեմաներում» ներգրավվելու այս վախերին ու զգուշավորությանը, Հայաստանի հետ ներգրավումը լիովին մերժված չէ, և նոր դերակատարներ են շարունակում միանալ։
Վաղ 2000-ականներին սկսելով որպես կիսապաշտոնական Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի՝ 2-րդ ուղու դիվանագիտության բաղադրիչ և աշխուժանալով 2000-ականների վերջին՝ Պրոտոկոլների շուրջ բանակցությունների շրջանում, քաղաքացիական հասարակության համագործակցությունը որակապես նոր փուլ մտավ վերջին տարիներին։ Չնայած պաշտոնական ուղու անհաջողությանը՝ այն կարողացավ պահպանել և խորացնել հասարակությունների միջև հարաբերությունները շնորհիվ այն բանի, որ անջատված էր պաշտոնական ուղուց և այն առաջնորդում էին անդրսահմանային համագործակցության ծանրակշիռ փորձ ունեցող քաղհասարակության կազմակերպություններ։
2004-ից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև քաղհասարակության միջոցառումների մեծ մասը իրականացել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հովանու ներքո, որին աջակցում են Եվրամիությունը և Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ ծրագրի, կոնսորցիում են կազմել ութ տեղական ՀԿ-ներ՝ Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը և Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը՝ Հայաստանից, իսկ Թուրքիայից՝ Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ Ծրագիրը ֆինանսավորում է կոնսորցիումի անդամների տարբեր նախագծեր՝ արվեստի, մեդիայի, գիտական վերլուծության, ճամփորդական դրամաշնորհների, կրթաթոշակների, ամառային դպրոցների համար և այլն։ Օրինակ, ճամփորդական դրամաշնորհի համար 1900 դիմում է ստացվել, և 562 անձ օգուտ են քաղել դրամաշնորհից։
Ի լրումն Կոնսորցիումի անդամների գործունեությանը, Ծրագիրը նաև ենթադրամաշնորհներ է նախատեսում՝ քաղհասարակության ներկայացուցիչների ավելի լայն շրջանակների անդրսահմանային համագործակցության համար։ Մինչ այժմ 234 դիմում է ստացվել՝ ենթադրամաշնորհի համար, և նրանցից 20-ին է այն տրվել այնպիսի թեմաներում, ինչպիսիք են պատմության ուսուցումը, բնապահպանությունը, արվեստային համագործակցությունը, մասնագիտական փոխանակումները և երիտասարդների միջև երկխոսությունը։ Այս պահի դրությամբ ծրագրի մասնակից անձանց թիվը հաշվվում է ավելի քան հազար հոգի։
Չնայած ավելի փոքր ծավալով, բայց համագործակցությունն առկա է նաև նշված Կոնսորցիումի շրջանակներից դուրս։ «Սահմաններից այն կողմ․ Շաղկապելով մեր պատմությունները» նախաձեռնությունը դրանցից մեկն է։ Սկիզբ առնելով 2012-ին՝ Հայաստանի և Թուրքիայի կանանց այս խումբը հավաքվել են՝ վստահություն կառուցելու և խաղաղարար գործունեություն խրախուսելու համար։ Նրանց գործունեության մաս են կազմում ռեթրիթներն ու պերֆորմանսները։
Ինչպե՞ս կարելի է աջակցել գործընթացին
Չնայած քաղաքական ուղղությամբ լճացմանը, շարունակվում են շփումները Հայաստանի և Թուրքիայի մարդկանց միջև։ Քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները կերտել են մարդկանց սոցիալականացման դաշտ, ինչի շնորհիվ հնարավոր են դարձել մտածելը, ճամփորդելը, աշխատանքը և համատեղ ստեղծագործելը։ Քաղաքացիական հասարակությունը ավելի՛ շատ աջակցության կարիք ունի՝ այս մոմենտումը պահպանելու և ծավալելու համար։
Թուրքիայում շատ դոնորների առաջնահերթությունն է ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների խրախուսումը։ Քիչ են դոնորները, ում օրակարգում կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։
Վերոհիշյալ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի կոնսորցիումը այս ասպարեզում փոքրաթիվ ծրագրերից մեկն է և ապացուցել է իր արդյունավետությունը՝ Հայաստան-Թուրքիա համատեքստում։ Ճիշտ է՝ խոշոր ՀԿ-ների կոնսորցիումները բյուրոկրատական առումով ավելի համար մոդել են հանդիսանում՝ ֆինանսավորման համար, սակայն դոնորների աջակցությունը չպետք է նրանցով սահմանափակվի, քանի որ նոր մասնակիցների և համայնքների ակտիվիստների ներգրավումը առանցքային է՝ փոփոխություն բերողների կրիտիկական զանգված զարգացնելու համար։
Ներկայում Կոնսորցիումից դուրս գտնվող դերակատարներին տրվում են միայն փոքր և կարճաժամկետ գրանտեր, ինչը դժվարացնում է երկարաժամկետ և ռազմավարական նախաձեռնությունների պլանավորումն ու իրականացումը։ Արժե, որ եղած դոնորները նկատի ունենան կոնսորցիումից դուրս մշակվող երկարաժամկետ նախագծեր աջակցելը, կամ այլ դոնորներ լրացնեն այդ բացը։ Մյուս կողմից, Ծրագիրը բազմաթիվ դիմումներ է ստանում՝ ենթադրամաշնորհների հատկացման համար, բայց քչերին է կարողանում ֆինանսավորել։ Հենց եղած Կոնսորցիումի ներսում կարելի է փոքր, կարճաժամկետ նախագծերի համար զուգահեռ և պարզեցված գործիքներ ստեղծել, ինչպիսին է ԵՄ ֆինանսավորած «Sivil Düşün» ծրագիրը՝ ի աջակցություն մարդու իրավունքներին վերաբերող նախագծերին։ Ֆինանսավորման գործիքների դիվերսիֆիկացումը և նոր դոնորների ներգրավումը կօգնի ընդլայնել ազդեցությունը։
Կարևոր է նշել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ աշխատանքը պարտադիր չէ, որ միշտ համատեղ կամ զուգահեռ լինի։ Վերջին երկու տասնամյակում Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը մեծ մասամբ լճացած էր, իսկ նրա քաղաքացիական հասարակությունն ու անկախ գիտությունը նորածին էին ու ու դանդաղ էին աճում։ Այս տարիներին Թուրքիայի գիտնականներն ու քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն աշխատել են՝ իրենց հասարակությունը բարեփոխելու և հայերի ու Հայաստանի մասին նարատիվները վերաձևավորելու համար։ Այսօր, երբ Հայաստանը վերադառնում է ժողովրդավարացման ճանապարհ, մթնոլորտը հասունացել է՝ նորից ուշադրությունը գամելու Հայաստանի վրա և աշխատելու, որպեսզի թուրքերի և Թուրքիայի մասին պատկերացումները վերաձևավորվեն, կառուցվածքային փոփոխություններ կատարելու օրենսդրության, կրթության, մեդիա և այլ կարևորագույն ասպարեզներում։
Քաղաքացիական հասարակությունների հարթած ճանապարհին օրը գալու է, երբ քաղաքականությունը ստիպված կլինի արագացնել քայլերը՝ հետ չմնալու համար։
[1] Կոմունիստական կուսակցության նշանակած ազդեցիկ պաշտոնյաները՝ կառավարությունում և պետական արդյունաբերությունում։