«Հեղափոխությունը․․․ վերջ տվեց հուսահատությանը, ապատիային և անտարբերությանը, որ բնորոշ էին դարձել հետ-խորհրդային շրջանին»։
«Հեղափոխությունը․․․ վերջ տվեց հուսահատությանը, ապատիային և անտարբերությանը, որ բնորոշ էին դարձել հետ-խորհրդային շրջանին»։
Երբ 2018թ․ մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Հայաստանով մեկ՝ սկիզբ դնելով երկրի երկարամյա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ բողոքի շարժմանը, քչերն էին ակնկալում, որ դրան պիտի հաջորդեին հսկայական փոփոխություններ։ 1991-ի նախագահական ընտրություններից ի վեր բոլոր հետագա ընտրությունները՝ խորհրդարանական թե նախագահական, Հայաստանում արատավորվել էին կեղծիքի, որոշ դեպքերում նաև տեղ գտած բռնության արդյունքում։ Ընդհանուր ընկալում էր դարձել, որ կեղծված ընտրություններին պիտի հաջորդեն ընդդիմության աղմկոտ, բայց վերջին հաշվով՝ անպտուղ ցույցերը։ Շատերն էին կանխատեսում, որ այս ծանոթ սցենարը կրկնվելու է, երբ 2018-ի ապրիլին Սարգսյանին ընտրեն վարչապետ։
Երբ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, հենց նոր էր լրացել նրա նախագահական կառավարման երկրորդ և Սահմանադրությամբ վերջին հնգամյա ժամկետը։ Փորձելով երկարաձգել իր իշխանությունը՝ նա սահմանադրական փոփոխություններ անցկացրեց 2015-ին՝ փոխելով կառավարման համակարգը նախագահականից խորհրդարանականի։ Քննադատները Սարգսյանին մեղադրեցին իշխանությունը պահելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունն ընդօրինակելու մեջ․ ընտրել նախագահի պաշտոնի համար մի փոխարինող և անցնել այժմ արդեն զորեղացված վարչապետի պաշտոնին։
Այնինչ Փաշինյանի քայլերթը սկսելուց մի երկու շաբաթ հետո Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 23-ին, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որն իշխում էր երկրում երկու տասնամյակ, շփոթության մատնվեց։ Մայիսի 8-ին խորհրդարանի՝ 59 կողմ և 42 դեմ քվեարկությամբ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Նա հայտարարեց «Թավշյա հեղափոխություն» անունով (1989-ի խաղաղ ցույցերի արդյունքում Չեխոսլովակիան ազատվեց կոմունիզմից) հայտնի դարձած շարժման հաղթանակը և ազդարարեց Հայաստանում նոր դարաշրջանի սկիզբը։
Փաշինյանի «Քայլ արա» արշավը Սարգսյանի իշխանության շարունակումը կանխելու մի վերջին փորձ էր։ Բայց ինչպե՞ս կարողացավ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը՝ համախոհների մի փոքր խմբով, մի ժողովրդական շարժում մոբիլիզացնել, որը հանգեցրեց Սարգսյանի հրաժարականին և իշխանությունում արմատակալած կուսակցության անկմանը։ Փաշինյանը բնավ առաջին քաղաքական գործիչը չէր, որ պահանջում էր փոխել ռեժիմը Հայաստանում։ Ինչո՞ւ այս շարժումը շահեց՝ մինչ մյուսները ձախողվեցին։
Երեք փոխկապված գործոններ էին առկա, որ հանգեցրին այս արդյունքին։ Նախ՝ խարիզմատիկ առաջնորդի ներկայությունը, երկրորդ՝ քաղաքականապես ակտիվ բնակչության գոյությունը, և երրորդ՝ ստեղծված հնարավորությունը ձեռքից բաց չթողնելը։ Այնուամենայնիվ, դեռ պետք է հստակեցվի, թե որն է այս դրամատիկ քաղաքական փոփոխության նշանակությունը՝ երկրի զարգացման ու ապագա ուղեգծի համար։
ԱԴԱՊՏԻՎ ԽԱՐԻԶՄԱ
Կունենա՞ր հեղափոխությունը հաջողություն առանց Փաշինյանի առաջնորդության։ Թվում է՝ դժվար թե։ Օրաթերթի նախկին խմբագիր Փաշինյանը քաղաքականություն մտավ 2008-ին, երբ սատարում էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի փորձը մի ընտրությունում, որում հաղթեց Սարգսյանը։ Փաշինյանը հետագայում մեղադրվեց և դատապարտվեց այդ տարվա մարտիմեկյան ցույցերում «զանգվածային անկարգություններ» հրահրելու համար, երբ հայկական զորքերը մարտական զենք կիրառեցին ցուցարարներին ցրելու նպատակով և սպանեցին 10 հոգու։ 2009-ին նա բանտարկվեց յոթ տարով։ Ազատ արձակվեց 2011-ին՝ ընդհանուր համաներմամբ։
Մի տարի անց Փաշինյանն ընտրվեց Ազգային ժողովում՝ որպես Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ, բայց շուտով հեռացավ և 2013-ի դեկտեմբերին ստեղծեց իր սեփական կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ազգային ժողովում իր վեցամյա պատգամավորության ընթացքում նա քննադատում էր Սարգսյանին և ՀՀԿ-ին՝ հաճախ դատապարտելով աճող կոռուպցիան և օլիգարխների իշխանությունը, որոնք առաջացել էին ԽՍՀՄ փլուզումին հաջորդած սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, ինչպես եղել էր Ռուսաստանում։ Հայաստանում օլիգարխներն են վերահսկում տնտեսության կարևորագույն ոլորտները, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունը (ներառյալ ներմուծումն ու արտահանումը), հյուրանոցային բիզնեսը և այլն։ Մի շարք օլիգարխներ Ազգային ժողովի անդամ են, ինչի շնորհիվ օգտվում են պատգամավորական անձեռնմխելիությունից։
Քայլարշավը սկսելիս Փաշինյանի կողքին էին փոքրաթիվ, բայց նվիրված աջակիցներ։ Սարգսյանի հրաժարականի և օլիգարխիկ իշխանությանը, կոռուպցիային և անպատժելիությանը վերջ տալու նրա կոչերը, սակայն, համահունչ էին շատերի տրամադրություններին, ովքեր հոգնել էին ստատուս քվոյից։ Սովորելու և ադապտացվելու կարողություն ցուցաբերելով՝ Փաշինյանն ու իր թիմը գործի դրեցին կազմակերպչական տեխնիկաներ և մոբիլիզացիոն հնարներ, որ նախկինում չէին կիրառվել Հայաստանում։
Հանրահավաքները միայն մեկ հրապարակում անելու փոխարեն, ինչպես արվում էր նախկինում, այս անգամ ցույցերը և քաղաքացիական անհնազանդության այլ գործողություններն իրականացվում էին ապակենտրոն սկզբունքով․ ցուցարարների խմբերը շրջում էին մայրաքաղաք Երևանով՝ փակելով փողոցներն ու կամուրջները, խափանելով երթևեկությունը և հսկայական խցանումներ ստեղծելով կառավարական շենքերի մոտ։ Որդեգրելով միջազգային ֆուտբոլասերների աղմկարար տեխնիկան, ինչպիսիք են հարավաֆրիկյան վուվուզելաներն ու իսլանդացիների վիկինգյան ծափերը, ցուցարաները կառնավալային մթնոլորտ էին ստեղծում ցերեկային ժամերի հավաքներում։ Ամեն գիշեր ժամը 23։00-ից մարդիկ 15 րոպեով թավաներ ու կաթսաներ էին զարկում։
Սոցիալական շարժումների մասնագետները հաստատում են, որ հույզերը կարևոր են ցույցերի յուրաքանչյուր փուլում ու յուրաքանչյուր առումով, որ դրանք կարող են կա՛մ նպաստել, կա՛մ խանգարել մոբիլիզացիոն ջանքերին, ռազմավարությանը, և ի վերջո՝ քաղաքական շարժումների հաջողությանը։ Հայաստանում թե՛ դրական, թե՛ բացասական հույզերը՝ հույսից ու հրճվանքից մինչև զայրույթ, առանցքային գործոն էին՝ մարդկանց ընդվզման կոչելու և այն հանգուցալուծմանը հասցնելու համար։ Դուրս գալով Երևանի, Գյումրու, Վանաձորի և ավելի փոքր բնակավայրերի փողոցներ ու հրապարակներ՝ մարդիկ իրենց զայրույթն ու դժգոհությունն էին արտահայտում Սարգսյանի օլիգարխիկ ռեժիմի դեմ։ Այս գործողություններով Հայաստանի քաղաքացիները, որ մինչ այդ բնորոշվում էին որպես անտարբեր, ճակատագրապաշտ և բարոյալքված, սկսել էին հուսալ ու հավատալ փոփոխություն բերելու իրենց կարողությանը։
Ըմբոստության թեժ օրերին, ոմանք Փաշինյանին նմանեցրին Նելսոն Մանդելային, ու նույնիսկ կոչեր եղան նրան առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի։ Հեղափոխությունից ի վեր տասնյակ երգեր են գրվել ի պատիվ Փաշինյանի, իսկ նրա պատկերով ու ելույթների կարգախոսներով, ինչպիսին է «դուխով»-ը («համարձակությամբ»), շապիկներ, գլխարկներ ու բազմաթիվ այլ հուշանվերներ են զարդարել։ Այս երկրպագության պատճառով առաջացել են մտահոգություններ, թե իշխանությունը կենտրոնանում է մեկ անձի ձեռքում, և՝ կասկածներ, որ երկրի նոր ղեկավարի շուրջ անձի պաշտամունք է առաջանում։
Ոմանք երկյուղում են, որ առանց ուժեղ և կայուն ինստիտուտների ստեղծման ու փորձառու կադրերի՝ բարեփոխման գործընթացը վտանգված է․ հասարակության վերափոխումը չի կարող մեկ մարդուց կախված լինել։ Համենայնդեպս, անկախ այն բանից՝ պոպուլիստ է Փաշինյանը թե ոչ, իսկ այս վիճելի տերմինի տարբե՛ր սահմանումներ կան, հստակ է, որ նա դեռ շարունակում է ժողովրդականություն և լայն աջակցություն վայելել Հայաստանում և աշխարհի շատ սփյուռքահայ համայնքներում։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔ
Թեև Փաշինյանն, անկասկած, խարիզմատիկ առաջնորդ է, որն ի զորու է համախմբել ու մոտիվացնել մարդկանց, դժվար թե նրա շարժումը հաջողության հասներ, եթե առկա չլինեին քաղաքականապես ակտիվ մարդիկ, որ պատրաստ էին փողոց դուրս գալ հեղափոխության առաջին օրերին։ 2003-ից ի վեր Հայաստանում աճում էին ՀՀԿ-ական ռեժիմի ավտորիտար նկրտումների դեմ քաղաքացիական հասարակության բողոքի ցույցերն ու համայնքների ժողովրդական («գրասրութ») ակտիվիզմը, և մինչ քաղաքականության մեջ ներգրավվելը, Փաշինյանին սատարողների մի մասը ներգրավված է եղել տարբեր շարժումներում։ 2010-ից հետո, զուգընթաց երկրի քաղաքական, սոցիալական ու տնտեսական պայմանների վատթարացանը, ինտենսիվացավ քաղաքացիական ակտիվիզմը։
Թեև այս շարժումներն ու այսպես կոչված քաղաքացիական նախաձեռնությունները մեծամասամբ կենտրոնանում էին միայն մեկ խնդրի վրա՝ փրկել մի շենք կամ մի այգի, կանխել տրանսպորտի գնի բարձրացումը և այլն, դրանց առաջացումը պայմանավորված էր շատ ավելի խոշոր մտահոգություններով՝ այդ թվում՝ կոռուպցիան, իրավունքի գերակայության բացակայությունը, իրական ժողովրդավարության պակասը, օլիգարխիկ կապիտալիզմի աճը, ինչպես նաև, Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից շարքային քաղաքացիների կարիքների ապահովման ձախողումը։
2011-2013թթ․ ընթացքում շատ ակտիվիստներ, որոնց հետ հարցազրույցներ եմ արել, իրենց ներգրավվածությունը նկարագրում էին որպես «ինքնորոշված» քաղաքացիության մի ձև։ Նրանք մեծապես կարևորում էին անկախությունը, համերաշխությունը, պատասխանատվությունն ու ինքնակազմակերպումը։ Նրանց պատկերացմամբ, քաղաքացիությունը նշանակում է, որ անհատներն իրենց երկրի և համայնքի առջև պարտականություններ, ինչպես նաև իրավունքներ ունեն։ Ուստի նրանք խրախուսում էին մարդկանց, որ դառնան իրենց երկրի «տերն» ու ակտիվ սուբյեկտները, ու չմնան հասարակության պասիվ ու լուռ դիտողներ, ովքեր բողոքում են խնդիրներից, բայց որևէ հանրային քայլ չեն անում՝ բան փոխելու համար։
Այս երիտասարդները ոչ միայն ավելի զորեղ ինքնություն էին որդեգրել որպես քաղաքացիներ, այլև սկսել էին մարտահրավեր նետել վախին, ապատիային ու անտարբերությանը, որ բնորոշ էին նրանց ծնողների ու պապերի սերունդներին։ Նրանք, ովքեր ծնվել են 1980-ականների վերջին կամ ավելի ուշ, հայտնի են որպես Անկախության սերունդ։ Նրանք սովետական ռեժիմի ներքո ապրելու անմիջական փորձ չունեն, և նրանց հայացքներն ավելի գլոբալ են՝ տեղեկատվության մատչելության շնորհիվ։
Բայց փորձը ցույց տվեց, որ նույնիսկ վերջին մի քանի տարվա ամենահաջողված շարժումները միայն տեղային հաղթանակներ են տարել, որոնք, սակայն, ավելի լայն քաղաքական համատեքստում քիչ բան են փոխել։ Մինչ որոշ ակտիվիստներ համաձայնում էին, որ անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը, կայացած կուսակցությունների հետ գործ ունենալու, էլ չասած՝ դրանց հետ դաշինք կազմելու դժկամություն կար՝ կոոպտացվելու և անկախությունն ու ինքնուրույնությունը կորցնելու վախից։
Երբ Փաշինյանը 2013-ին հիմնեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որոշ ակտիվիստներ անդամագրվեցին, որպեսզի իրենց պայքարը փողոցից տանեն խորհրդարան։ Նրանցից շատերն այժմ կաˊմ նրա գլխավորած կառավարությունում են, կաˊմ օրենսդիրներ են։ Բայց ակտիվիստների թիվը համեմատաբար փոքր էր, և շարժումը հաջողություն չէր ունենա, եթե ավելի լայն ընդգրկում չունենար, քան զուտ այս հիմնական խումբը։
Հասարակության հետ ուղիղ կապ ստեղծելու համար՝ Փաշինյանն ու իր թիմը գրագետ կերպով օգտագործեցին սոցիալական մեդիան, մասնավորապես՝ Ֆեյսբուքն ու ուղիղ հեռարձակման տեխնոլոգիաները։ Անկախության սերունդը մեծացել է համատարած սոցիալական մեդիայի դարում։ Հայաստանում ինտերնետ ծածկույթը 2008-ին բնակչության 6 տոկոսից աճել է՝ 2018-ին հասնելով մոտ 50 տոկոսի։ Փաշինյանը վարչապետի պաշտոնում էլ է շարունակում օգտվել Ֆեյսբուքից՝ իր քաղաքական դիրքորոշումները հայտնելու, ծագող խնդիրներին արձագանքելու և հանրության ներկայացուցիչների հարցերին պատասխանելու համար։
|
Այս տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործածությունը գուցե վճռորոշ դեր չի խաղացել հեղափոխության հաջողության մեջ, բայց խելացի կերպով է գործի դրվել Փաշինյանի և իր թիմի կողմից՝ շրջանցելու ավանդական լրատվամիջոցների կողմից ցույցերի անբավարար լուսաբանումը։ Թերթերը, ռադիոն և հեռուստատեսությունը վերահսկվում էին և որոշ դեպքերում դեռ շարունակվում են վերահսկվել ՀՀԿ-ի կողմից կամ գտնվել նրա ազդեցության տակ։ Այնուհանդերձ, ընդունելով, որ Ֆեյսբուքի և Յութուբի կիրառումը Փաշինյանին և իր համախոհներին թույլ էր տալիս արդյունավետ և արագ կերպով կազմակերպել և համախմբել, պետք է զգուշանանք սոցիալական ցանցերի ազդեցությունը գերագնահատելուց, հատկապես որ փաստերը ցույց են տալիս, որ այն նաև ծառայել է որպես սադրանքի ու մանիպուլյացիայի գործիք՝ համաշխարհային մի երևույթ, որից Հայաստանն էլ զերծ չի մնացել։
ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀԵՐ
Իրադարձությունների ժամանակի ընտրությունը նույնպես վճռորոշ գործոն էր․ ցույցերը տեղի ունեցան հայկական աշխարհիկ օրացույցի ամենակարևոր օրվան նախորդող շրջանում։ Ապրիլի 24-ը, ոչ աշխատանքային օր է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ամեն տարի այդ օրը հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են Երևանի բլուրներից մեկը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դնելու անմար կրակի մոտ՝ ի հիշատակ զոհերի։
Գիտակցելով աճող լարումն ու խռովությունների պոտենցյալը՝ Սարգսյանը համաձայնեց հանդիպել Փաշինյանին՝ քննարկելու նրա պահանջներն ու փորձելու ելք գտնել փակուղուց։ Սարգսյանն առաջարկեց հանդիպել փակ դռների ետևում ապրիլի 22-ի առավոտյան, բայց Փաշինյանը պնդեց, որ հանդիպումը տեղի ունենա հանրության աչքի առաջ՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում՝ լրատվամիջոցների կողմից ուղիղ հեռարձակմամբ։ Հանդիպումը տևեց ընդամենը երեք րոպե՝ կտրուկ ընդհատվելով, երբ Սարգսյանը Փաշինյանին մեղադրեց կառավարությանը շանտաժի ենթարկելու մեջ և հարցրեց․ «Դուք դասեր չե՞ք քաղել Մարտի 1-ից»։ Սարգսյանի կողմից 2008թ․-ի դեպքերի այս հիշատակումը հրապարակային զգուշացում էր ցուցարարներին, որ վերջ տան հավաքներին, այլապես առաջանում է բռնի հակազդման ռիսկը։
Փաշինյանին ու իր մերձավոր դաշնակիցներից ոմանց բանտարկեցին «Մարիոթի» հանդիպումից հետո, բայց Սարգսյանի զգուշացումն ակնկալված ազդեցությունը չթողեց։ Ցույցերին մասնակցելուց հրաժարվելու փոխարեն, այդ երեկո և հաջորդ օրն ավելի մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց։ Տեսնելով մարդկանց անընդհատ ավելացող բազմությունը և վախենալով, որ լարված դրությունը կարող է խռովությունների բերել ազգային հիշատակի օրը, Սարգսյանը ցնցեց հասարակությանը՝ ապրիլի 23-ին հրաժարական տալով։ Իր հրաժարականի նամակում նա ասում էր․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ»։
Ապրիլի 25-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Կարապետյանը սկզբում փորձում էր ներկայանալ որպես փոխզիջումային թեկնածու, որը կարող էր վերականգնել կայունությունը, բայց ժողովրդական աջակցություն չստացավ։ Չնայած ցուցարարներին ուղղված նրա կոչերին, հանրահավաքները և քաղաքացիական անհնազանդության գործողությունները ոչ միայն շարունակեցին ավելանալ Երևանում, այլև տարածվեցին երկրով մեկ՝ այլ քաղաքներում։
Երբ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանին չհաջողվեց ձայների բավարար քանակ ստանալ վարչապետ դառնալու համար, նա քայլեց դեպի Հանրապետության հրապարակ ու մայիսի 2-ը հայտարարեց համազգային անհնազանդության օր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում գործադուլները, ճանապարհների փակումը և խաղաղ անհնազանդության այլ գործողությունները տարածվեցին երկրով մեկ։ Մայիսի 8-ին տեղի ունեցավ մեկ այլ քվեարկություն, և այս անգամ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։
Այսպիսով, մի քանի շաբաթում Հայաստանի հանրապետական կուսակցության քսանամյա իշխանությունը կտրուկ ու անսպասելի վախճան ունեցավ։ Հետագա օրերին ու շաբաթներին ձևավորվեց Փաշինյանի կառավարությունը և գործի անցավ՝ սկսելով հեղափոխության ամենադժվարին փուլը։ Այն ստիպված էր կոնսոլիդացնել հաղթանակը և սկսել խոստումները վերածել քաղաքական իրողությունների ու իրագործելի պետական քաղաքականության։
ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Կոռուպցիայի դեմ պայքարը Փաշինյանի գլխավոր նպատակներից ու խոստումներից մեկն էր։ Հեղափոխությամբ սանձազերծվեց անցած անարդարությունների դեմ վրդովմունքի մի իսկական հեղեղ, որ պահանջում էր արդարադատության առաջ կանգնեցնել կոռումպացված օլիգարխներին և քաղաքական գործիչներին, որ հաճախ նույն մարդիկ են։ Անմիջապես մայիսի 8-ի իր հաղթանակից հետո փոքրամասշտաբ, տեղային բողոքի ցույցեր բռնկվեցին երկրով մեկ՝ գյուղերում, ավաններում ու քաղաքներում, քանի որ մարդիկ սկսեցին կատարել իրենց փոքրիկ հեղափոխությունները և իրենց բողոքը հայտնել՝ կոռումպացված տեղական ղեկավարների դեմ՝ պահանջելով նրանց հրաժարականը։
Սա կարող էր արագորեն դուրս գալ հսկողությունից, եթե Փաշինյանը կոչ չաներ դադարեցնել տեղային գործողությունները և չնախաձեռներ կենտրոնացված պայքար ընդդեմ կոռուպցիայի։ Նա ոստիկանության նոր ղեկավար նշանակեց Վալերի Օսիպյանին ու նրան և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին կարգադրեց հետաքննություն սկսել կոռուպցիայի կասկած հարուցած գործերով։ Քննությունն արագ մեկնարկեց, և շուտով հնչեղ ձերբակալություններ եղան։
Այս բոլորի մեջ առաջինը և ամենահնչեղը Ազգային անվտանգության ծառայության կողմից գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն էր։ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում պատերազմի հերոսի կոչում ստացած Գրիգորյանը նաև Ազգային ժողովի պատգամավոր էր։ Ձերբակալությունը հայրենի էջմիածին քաղաքում հարուցեց նրա աջակիցների բողոքի ցույցերը, որոնք հարցականի տակ էին դնում այս ձերբակալության մոտիվները։ Ի պատասխան, ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց, որը նկարահանվել էր Գրիգորյանի սեփականություն հանդիսացող տարածքների խուզարկության ժամանակ։ Դրանում երևում էր, որ գեներալը զենք և զինամթերք էր դիզել, ինչպես նաև՝ սնունդ, դեղորայք, հանդերձանք, և քաղաքացիների նամակներ, որոնք բոլորն էլ նախատեսված էին զինվորների համար։ Խայտառակված գեներալը դարձավ կոռուպցիայի թիվ մեկ խորհրդանիշը երկրում։
Հաջորդող ձերբակալություններից հիշարժան մեղադրյալներ են նախկին նախագահի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը և նրա որդիները, ինչպես նաև նախկին նախագահի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանը։ Մինչ այս գործողությունները լայնորեն ողջունվում էին, պարզվեց, որ դժվար է դատավճիռներ կայացնելն ու օֆշորային հաշիվներում թաքցրած՝ յուրացված գումարները հետ բերելը։
|
Ավելին, բարեփոխումների գործը չի վերջանում խոշորամասշտաբ կոռուպցիայում թաթախվածներին հետապնդելով, չնայած դա միանշանակ շատ կարևոր է։ Այն պետք է նաև փոխի մշակույթում արմատացած մոտեցումները։ Փոքրամասշտաբ կոռուպցիան առկա է հայ հասարակության բոլոր շերտերում, և այն արմատախիլ անելը ժամանակ է պահանջում, ինչպես նաև՝ գիտակից և հետևողական ջանքեր։
ՓՈՐՁԱՔԱՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾԵՐ
Փաշինյանի մեկ այլ առանցքային խոստումն էր՝ ավելի լայնորեն իրականացնել իրավունքի գերակայությունը։ Պաշտոնի անցնելուն պես նա քննադատեց դատավորների և դատախազների «պարալիզացումը»՝ դժգոհելով, առանց վերևից հրահանգներ ստանալու, իրենց պարտականությունները կատարելու վերջիններիս անկարողությունից։ Ֆեյսբուքյան «լայվ» հարցազրույցում Փաշինյանը պնդեց, որ այս իներցիային պետք է վերջ դրվի, պահանջեց, որ պաշտոնյաներն իրենց գործն անեն, և զգուշացրեց, որ նրանք, ովքեր չեն գործի պրոֆեսիոնալ և ազնիվ, հրաժեշտ կտան պաշտոնին։
2008-ի մարտի 1-ի բռնության հետաքննությունը Հայաստանում իրավունքի գերակայության և արդարադատության փորձաքար հանդիսացող գործերից մեկը կլինի։ Մարտի 1-ի իրադարձությունների ստվերը տասը տարի է, ինչ հետապնդում է հայաստանյան քաղաքական կյանքը։ Այդ օրը վաղ առավոտյան ցուցարարներին բռնությամբ հեռացրեցին Երևանի Թատերական հրապարակից, իսկ ավելի ուշ՝ գիշերը, բախումների ժամանակ զորքերը բազմության վրա կրակեցին մարտական զենքերից՝ սպանելով տասը մարդու և վիրավորելով 200-ի։
Մեկ տասնամյակ այս իրադարձությունները պատված էին գաղտնիությամբ։ Ոչ ոք երբևէ արդարադատության առաջ չէր կանգնել սպանությունների համար։ Իրադարձությունը նշանակալից էր ոչ միայն հետխորհրդային Հայաստանի կառավարության կողմից իր սեփական քաղաքացիների դեմ աննախադեպ ուժի կիրառմամբ, այլ նաև որովհետև այն հանգեցրեց 2003-ից աճող քաղաքացիական ակտիվիզմի թեկուզ ժամանակավոր, բայց կտրուկ դադարի։ 2010-ին ակտիվիզմը վերածնունդ ապրեց, բայց այն հիմնականում կենտրոնացած էր բնապահպանական, մշակութային և սոցիալական հարցերի վրա՝ մեծապես շրջանցելով քաղաքական խնդիրները, չհաշված որոշ հիշարժան ցույցեր ընդդեմ բանակում բռնությունների, որոնք հանգեցրել են զինծառայողների ոչ-մարտական մահերի։
2018-ի հուլիսի 26-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայությունը հրավիրեց հարցաքննության՝ կապված մարտի 1-ի իրադարձություններում նրա դերի հետ։ Նա ձերբակալվեց հաջորդ օրը, և «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանք առաջադրվեց նրան։ Օգոստոսի 13-ին Քոչարյանն ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ, թեև քննությունը շարունակվում է։
ՀՀԿ-ն և նրա երբեմնի կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություններ տարածեցին՝ դատապարտելով Քոչարյանի ձերբակալությունը և պնդելով, թե սա քաղաքական «վենդետա» է։ Նրանց համոզմամբ, եթե Քոչարյանը պետք է քննվի, ապա պետք է քննվի նաև Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը՝ 1996-ի վիճելի ընտրություններից հետո ցույցերը ճնշելու նպատակով զորքեր ներգրավելու համար։ Նոր կառավարության աջակիցները հակադարձում են, որ սա իրավակա՛ն գործ է, ոչ թե քաղաքական։ Նրանք նշում են՝ վճռորոշ տարբերություն կա 1996-ի և 2008-ի զորքերի նեգրավման միջև․ ոչ ոք չի սպանվել կամ ծանր վիրավորվել 1996-ին։
Քոչարյանը մարտի 1-ի իրադարձություններում դերակատարություն ունենալու համար հետաքննվող միակ անձը չէ Հատուկ քննչական ծառայությունում։ Ռուսաստանի առաջնորդած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայաստանյան ղեկավար Յուրի Խաչատուրովին նույնպես մեղադրանք է առաջադրվել հուլիսի 27-ին, բայց նա նույն օրը ազատ է արձակվել գրավի դիմաց։ Մոսկվան մտահոգություններ է հնչեցնում նրա դեմ այս գործի հետևում հնարավոր քաղաքական մոտիվների մասին։
ՍՓՅՈՒՌՔԻ ՀՈՒՅՍԵՐԸ
Մինչ լայն համաձայնություն կա կոռուպցիայի դեմ պայքարի և օրինականության հաստատման կարևորության վերաբերյալ, հարց է մնում, թե ինչպես է Փաշինյանի կառավարությունը արձագանքելու երկրի առաջ ծառացած լուրջ սոցիալ-տնտեսական մարտահրավերներին։ Ներկայում, բնակչության մեկ-երրորդը (900 000 մարդ) ապրում է աղքատության գծից ցածր, իսկ գործազրկությունը 18 տոկոս է։ Առնվազն մինչև վերջերս բնակչությունը նվազում էր արտագաղթի և ծնելիության անկման պատճառով։
Վարչապետ դառնալուց հետո իր առաջին ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը փորձելու է զարգացնել տնտեսության երեք ոլորտ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, տուրիզմ և գյուղատնտեսություն։ Հիշարժան է, որ այս ցուցակից բացակայում էր հանքարդյունաբերության ոլորտը, որը հարաճուն կարևորություն էր ձեռք բերել նախորդ երկու ռեժիմների օրոք։ Կառավարությունը շարունակում է շահել արտասահմանյան և սփյուռքահայ ներդրողների բարեհաճությունը՝ հուսալով, որ դա կօգնի կոտրել օլիգարխների մոնոպոլիան և իրական աճ կխթանի։
Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան ներսում։ Հիմա, երբ երկար սպասված քաղաքական «բացումն» արված է, արդյո՞ք լայնամասշտաբ հայրենադարձություն կլինի, ինչպես 1940-ականների վերջին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Եվ արդյո՞ք սփյուռքի ներդրումները կօգնեն խթանել տնտեսությունը։ Վերջին երկու տասնամյակում հայրենադարձությանը չի հաջողվել աճել այնքան, որ հակակշռի արտագաղթին։ Սփյուռքի ներդրումները նշանակալից էին 1990-ականներին և 2000-ականների սկզբին, բայց համեմատաբար վերջերս անկում են ապրել՝ կոռուպցիայի և օրինականության շուրջ մտահոգությունների պատճառով։
Հեղափոխության գործում սփյուռքի դերակատարության որևէ գնահատականի համար կարևոր է հաշվի առնել և՛ սփյուռքի առանձին մարդկանց, և՛ սփյուռքի կառույցները, ինչպիսիք են քաղաքական կուսակցությունները և համայնքային կազմակերպությունները։ Հանրահռչակ սփյուռքահայերը, ինչպիսիք են ռոք երգիչ Սերժ Թանկյանը և կինոդերասան Արսինե Խանջյանը (ԱՄՆ-ից և Կանադայից՝ համապատասխանաբար), իրենց աջակցությունն են հայտնել Փաշինյանին՝ խոսելով նրա հանրահավաքներում և նրան ուղեկցելով հայաստանյան շրջայցերում, մինչ կառույցները հապաղում էին գործել։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի անկախություն ձեռք բերելուց ի վեր սփյուռքի կառույցները վարանել են քննադատել հայաստանյան կառավարություններին՝ զգուշանալով դիտվել որպես ներքին գործերին միջամտող կամ պետության կայունությունը խարխլող։ Կոռուպցիայի, աճող աղքատության և անհավասարության ու մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնելուց հեռու մնալը հանգեցրել է քննադատության՝ երկրում աճող ավտորիտար միտումները լեգիտիմացնելու համար։ Բայց միացյալ դիրքորոշում ակնկալելը ողջամիտ չէ։ Սփյուռքի համայնքները տարասեռ են և նրանք էլ ձևավորել են՝ պայմանավորված իրենց երկրների ավելի լայն քաղաքական համատեքստով։
ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՌՋԵՎՈՒՄ
Այսօր, երբ շատերը պնդում են, թե ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է, անկում է ապրում, մեռնում է, կամ արդեն մեռել է աշխարհի տարբեր կողմերում, Հայաստանը կարող է ոգեշնչող օրինակ ծառայել։ Դեռ շատ շուտ է Հայաստանում հայտարարել դեմոկրատական ուժերի վերջնական հաղթանակի մասին, բայց նրանց հեղափոխությունն արդեն իսկ ոգեշնչել է տարածաշրջանի ակտիվիստներին, մասնավորապես՝ Մոլդովայում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Նախկին խորհրդային այս երկրների քաղաքական և տնտեսական վերնախավերի համար Փաշինյանի հաղթանակը սպառնալիք է, և կարծես թե շատերը կուզեին, որ նրա ծրագիրը տապալվեր։ Եգիպտոսի, Թունիսի և Ուկրաինայի ոչ վաղ փորձը ի ցույց է դնում այն մարտահրավերները, որ ծառանում են հետհեղափոխական կառավարությունների առաջ՝ իշխանությունը վերցնելուց հետո ձեռքբերումները կոնսոլիդացնելիս և բարեփոխումներ իրականացնելիս։
Հեղափոխությունն արդեն իսկ շատ բան է փոխել Հայաստանում։ Ամենակարևորը՝ այն վերջ է տվել հուսահատությանը, ապատիային և անտարբերությանը, որ բնորոշ էր դարձել հետխորհրդային շրջանին։ Այնուամենայնիվ, մինչ կառավարությունը քայլեր է անում՝ ամրապնդելու օրինականությունը, պայքարելու կոռուպցիայի դեմ, արձագանքելու սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, պետական քաղաքականության վարընթաց (վերևից ներքև) փոփոխությունները բավարար չեն։ Վերընթաց (ներքևից վերև) փոփոխություններ են պետք սոցիալական և մշակութային մոտեցումներում և վարքագծում, եթե ուզում ենք, որ բարեփոխումները հաջողվեն։ Չնայած լավագույն ցանկություններին՝ նման փոփոխությունները չեն կատարվում մի գիշերվա մեջ։
Ոչ մի երկիր վակուումում չէ։ Կառավարությունները պետական քաղաքականություն են մշակում՝ ելնելով աշխարհաքաղաքական նկատառումներից, միջազգային համաձայնագրերից և պայմանագրերից։ Հայաստանում Ռուսաստանի շարունակվող ազդեցությունը չի կարող անտեսվել։ Ըստ որոշ հաղորդումների, երբ այս գարնանը ցույցերը ինտենսիվացան, և՛ Սարգսյանը, և՛ նրա նախորդը՝ Քոչարյանը, աջակցություն էին փնտրում Ռուսաստանում։ Բայց դա չստացվեց։ Մոսկվան հրապարակավ չաջակցեց Փաշինյանին, բայց ոչ էլ դատապարտեց նրան, և առաջինն էր, որ շնորհավորեց վարչապետ ընտրվելու առթիվ։ Ե՛վ հեղափոխության ընթացքում, և՛ հետո, Փաշինյանը պնդել է, որ իր շարժումը առնչվում է միայն ներքին խնդիրներին և կառավարմանը։ Նա վերահաստատում է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի կուռ դաշնակիցը, և նրանց հարաբերությունները չեն փոխվելու։
Թեև Ռուսաստանը ուղիղ ձևով չի միջամտել հեղափոխությանը, բայց զգուշավոր դիրք է բռնել Փաշինյանի կառավարության նկատմամբ։ Ընդամենը վերջերս՝ Քոչարյանի և Խաչատուրովի ձերբակալություններից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Մոսկվան «մտահոգված» է, որ Հայաստանի նոր կառավարությունը նախկին ղեկավարների նկատմամբ կատարում է քայլեր, որոնք նրա բնորոշմամբ՝ քաղաքական դրդապատճառներ ունեն։ Հայաստանում անհանգստություն կա, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը հետագայում, և Երևանում ռեժիմի փոխումը ինչ հետևանք կունենա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական սառեցված հակամարտության վրա։
Մարտական գործողությունները, որ ամբողջ թափով սկսվել էին 1991-ին, ավարտվեցին 1994-ի զինադադարի պայմանագրով։ Վերջերս՝ 2016-ի ապրիլին մարտեր բռնկվեցին քառօրյա «պատերազմում»։ Հեղափոխության ընթացքում Փաշինյանը խուսափեց արտաքին քաղաքական հարցեր արծարծելուց, բայց օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում, որը նվիրված էր նրա կառավարության առաջին 100 օրը նշելուն, նա հանգամանորեն ուրվագծեց իր դիրքորոշումը հակամարտության շուրջ։ Նա հայտարարեց, որ պատրաստ է բանակցել, բայց վերահաստատեց իր վաղեմի դիրքորոշումը, որ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի հայկական անունը) պետք է ներկա լինի բանակցությունների սեղանին։
Հայաստանում և սփյուռքում մինչ այժմ խանդավառորեն աջակցել են Փաշինյանին և նրա կառավարությանը, բայց ռեֆորմների արագությունն ու ծավալը, նոր նշանակվածներից ոմանց փորձի պակասը և հեղափոխական փոփոխության աշխարհաքաղաքական հետևանքները նաև մտահոգությունների տեղիք են տվել։ Գրելուս պահին այս նոր կառավարությունը իշխանության էր երեք ամսից մի փոքր ավելի։ Պարզորոշ է մի բան՝ շատ բան կա դեռ անելու։
Դոկտոր Արմինե Իշխանյանը Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (LSE) սոցիալական քաղաքականության ֆակուլտետի դոցենտ է։
Հոդվածը տպագրվել է Ժամանակակից գլոբալ հարցեր միջազգային պարբերականում 2018թ հոկտեմբերին: Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը ստացել է հայերենով թարգմանության և տարածման իրավունք: