Read in English
Մինչ 2018-ի թավշյա հեղափոխությունը ՀՀ-ում հաստատված քաղաքական ռեժիմը մի շարք միջազգային եւ տեղական կազմակերպությունների, հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մի զգալի հատվածի կողմից դիտարկվում էր որպես ոչ ժողովրդավարական: Օրինակ, հեղինակավոր Ֆրիդոմ Հաուզ կազմակերպությունը Հայաստանը բնութագրում էր որպես կիսա-կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ, ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելությունները նշում էին, որ Հայաստանում առկա է իշխող կուսակցության եւ պետության սերտաճում:
Հարկ է նշել, որ ֆորմալ առումով մինչեւ 2018-ի գարնանը Հայաստանում հաստատված էր կիսանախագահական կառավարման համակարգ: Սակայն ոչ դեմոկրատական ռեժիմի պարագայում, ինչպիսին առկա էր Հայաստանում, ֆորմալ կառավարման համակարգը չի կարող պատշաճ կերպով դրսեւորել իրեն, քանի որ դե ֆակտո գործում են կառավարման այլ՝ ստվերային, հակադեմոկրատական ինստիտուտներ: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող իրականում գնահատել որքանով է Հայաստանում արդյունավետ գործել կիսանախագահական կառավարման համակարգը: Սակայն այս ամենը չի նշանակում, որ կառավարման համակարգերի տեսակները, ընդհանրապես, որեւէ ազդեցություն չեն ունենում ավտորիտար երկրների քաղաքականության վրա: Հայաստանյան կիսանախագահական կառավարման համակարգը նպաստում էր մեկ մարդու՝ նախագահի ձեռքերում իշխանության կենտրոնացմանը: Վարչապետը եւ կառավարությունը նախագահականից, իրականում, օլիգարխիկ փոքրաթիվ խմբից կախված ձեւական մարմիններ էին, որոնց վրա, հարկ եղած դեպքում, կարելի էր բարդել տարատեսակ անհաջողությունները եւ չլուծված խնդիրները: Իսկ խորհրդարանը, ինչպես շատերն էին նշում, դարձել էր գործադիրի, իսկ իրականում, մեկ փոքր ոչ ֆորմալ ստվերային օլիգարխիկ խմբի կողմից կայացվող որոշումները դակող մարմինը: Քաղաքական որոշումները նույնիսկ գործադիր իշխանության մարմիններում չէին կայացվում, կառավարության նիստերը մշտապես անբովանդակ, քննարկումներից զուրկ, արդեն ստվերային դաշտում կայացված որոշումները պաշոտնապես հաստատելու ձեւական միջոցառումներ էին:
Սակայն ՀՀԿ վերնախավը ընդհանրապես եւ Սերժ Սարգսյանը՝ մասնավորապես հանկարծ որոշեցին սահմանադրական փոփոխությունների միջոցով անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Պաշտոնապես այն բացատրվեց դեպի ավելի ժողովրդավարական համակարգի անցնելու ցանկությամբ, սակայն, հենց ի սկբանե, պաշտոնական վարկածը համոզիչ չթված քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների, ընդդիմադիր ուժերից շատերի համար: Հնչեցին տեսակետներ, որ այս ամենը կատարվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարողանա փաստացի երրորդ եւ ավել անգամ դառնալ երկրի ղեկավար՝ նախագահի աթոռից տեղափոխվելով վարչապետի աթոռին՝ ձեւականորեն չխախտելով ՀՀ Սահմանադրությունը:
Հարկ է նշել, որ իշխող վարչախմբի նախաձեռնությունը տարօրինակ էր նաեւ այն պատճառով, որ վերջինս մշտապես հանդես էր գալիս ի օգուտ կիսանախագահական կառավարման համակարգի եւ ուշագրավ է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկման սկզբում նույնիսկ Սերժ Սարգսյանը նշում էր, որ անձամբ ինքը կողմ է, որ չփոխվի կառավարման համակարգը, սակայն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հաստատումից անմիջապես հետո նա սկսկեց քարոզել այն:
Մինչ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը պաշտոնական քննարկումներում մեծ տարածում էր գտել այն թեզը, որ Հայաստանը պատրաստ չէ խորհդարանական կառավարման համակարգին, քանի որ երկրում չկա առողջ, կայացած կուսակցական համակարգ: Հոդվածի հեղինակը կարող է մտաբերել սեփական մասնակցությամբ մի հեռուստադեբատ, երբ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հաղորդման վարողի հետ մեկտեղ համոզում էին, որ ամենաօպտիմալ տարբերակը դա կիսանախագահականն է եւ որ խորհրդարանական կառավարման համակարգը կարող է կործանարար լինել Հայաստանի համար: Ինչեւէ, 2015-ին տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքները կեղծված համարվեցին ընդդիմադիր ուժերի կողմից: Ի դեպ նրանցից շատերը միավորվել էին եւ հանրաքվեի ընթացքում ընդդիմանում էին փոփոխություններին «ՈՉ» անունը կրող արշավի միջոցով՝ տարածելով այն գաղափարը, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու համար: Այուամենյանիվ ընդունվեցին համապատասխան փոփոխությունները եւ երկիրը, թեկուզ ֆորմալ առումով, բայց սկսեց փուլային տարբերակով անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգի:
Ի դեպ ՀՀԿ-ն պառլամենտարիզմի սկզբունքներին դեմ օգտագործեց կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգի ֆորմալ անցումը ապահովող շրջանը: Երբ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ ընտրվեց այդ ժամանակվա գործող վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը, որն, ըստ էությամբ, գրեթե անձամբ իրականացրեց ՀՀԿ ամբողջ քարոզարշավը, միեւնույն է չորոշվեց, թե նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը: Փաստորեն, օգտվելով անցումային փուլի ընձեռած հնարավորությունից, ՀՀԿ-ականները անտեսեցին պառլամենտական համակարգին բնորոշ տարրերից մեկը, երբ խորհրդրարանական ընտրությունների ժամանակ ըտրողները քվեարկելով որեւէ ուժի օգտին փաստացի ընտրում են այն անձերին, ում կցանկանային տեսնել վարչապետի եւ կառավարության անդամների պաշտոններին:
Ի դեպ, սահմանադրական փոփոխություններում տեղ էին գտել դրույթներ, որոնք բացարձակապես կապ չունեին հայաստանյան իրողությունների հետ եւ նաեւ եզակի էին պառլամենտական համակարգերում ընդհանրապես: Օրինակ, կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթը, որը համաշխարհային պրակտիկայում ամրագրվում է այն բացառիկ դեպքերում, երբ կուսակցական համակարգի ծայրաստիճան ֆրագմենտացված լինելու պայմաններում գեթ մեկ պատգամավորի ինքնուրույն, սեփական ֆրակցիայի տեսակետին դեմ քվեարկությունը կարող է խախտել ուժերի հարաբերակցությունը, ստեղծել քաղաքական ճգնաժամ եւ հանգեցնել կոալիցիոն կառավարությունների փլուզմանն ու հաճախակի արտահերթ ընտրությունների անցկացմանը: Սակայն նման օրինակներն իսկապես հազվադեպ են՝ հազիվ կկարողանանք մտաբերել Սան-Մարինոն եւ Իտալիան, որտեղ նման անհրաժեշտություն է ծագել եւ գնացել են խնդրի այսպիսի լուծման: Սակայն Հայաստանում չկար նման խնդիր՝ ՀՀԿ-ն, ինչպես պարբերաբար նշում էին տեղական եւ միջազգային դիտորդներից շատերը, դիմելով տարբեր մեքենայությունների, մշտապես ստանում էր ձայների մեծամասնությունը եւ կարող էր առանց կոալիցիա ստեղծելու միանձնյա ձեւավորել կառավարություն: Այն կոալիցիաները, որոնք ձեւավորվում էին Հայաստանում եւ որոնց անդամներն էին պարբերաբար լինում «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» եւ «ՀՅԴ» կուսակցությունները՝ արհեստական կոալիցիաներ էին, որոնք հիմնականում ստեղծվում էին քարոզչական նպատակներով, ցույց տալու համար, որ իշխանությունների գործունեւության շուրջ Հայաստանում կա լայն հասարակական կոնսենսուս, ինչն, իրականում, բացակայում էր:
Մի խոսքով, ամեն ինչ խոսում է ի օգուտ այն թեզի, որ արհեստական էր դեպի պառլամենտական կառավարման համակարգ կատարված անցումը: 2018-ի ապրիլյան դեպքերը, երբ վարչապետ դարձավ հենց Սերժ Սարգսյանը, վերջնականպես հաստատեցին այն տեսակետը, որ պառլամենտական համակարգին անցումը կատարվել էր նախագահի երրորդ ժամկետն արգելող սահմանադրական նորմը դե ֆակտո շրջանցելու եւ Սերժ Սարգսյանի երկրի ղեկին մնալու ժամկետը անորոշ ժամանակով երկարացնելու համար: Ի դեպ հարկ է նշել, որ ընդդիմությունն օգտագործեց իր փոքրաթիվ խմբակցության անդամների խորհրդարանական մանդատները Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ արդյունավետ քաղաքացիական արշավ կազմակերպելու գործում: Ընդդիմադիր «ԵԼՔ» խմբակցության լիդեր Նիկոլ Փաշինյանն իր կուսակից ընկերների հետ միասին արդյունավետ օգտագործում էին ինչպես խորհրդարանի ամբիոնը՝ քննադատական ելույթներ ունենալու եւ ընդդեմ Սերժ Սարգսյանի քաղաքացիական դիմադրության արշավ սկսելու մասին հայտարարություն անելու համար, այնպես էլ պատգամավորին վերապահված լիազորությունները՝ օրինակ, հայտարարելով, որ խորհրդարանում կազմակերպում են բազմահազարանոց քաղաքացիների ընդունելութուն, կամ ցույցերի ժամանակ ոստիկանների հետ կոնֆլիկտները հարթելու նպատակով: Եվ, ի վերջո, 2018-ի քաղաքացիական անհնազանդության արշավը հանգեցրեց նրան, որ Սերժ Սարգսյանը, որը ընդամենը մի քանի օր էր ստանձնել վարչապետի պաշտոնը հրաժարական տվեց եւ խորհրդարանական կառավարման համակարգը հնարավորություն տվեց Նիկոլ Փաշինյանին առանց համապետական նոր ընտրությունների անցկացման դառնալ վարչապետ եւ ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն:
Այսպիսով երկիրը ստացավ հնարավորություն գնալ իրական պառլամենտական ժողովրդավարության ձեւավորման ուղիով: Սակայն մինչեւ չձեւավորվի ժողովրդի կամքը արտահայտող խորհրդարան մենք դեռ չենք կարող խոսել Հայաստանում լիարժեք պառլամենտական համակարգի գոյության մասին: Ի դեպ, գիտական աշխարհում տարածված կարծիք է, որ ժողովրդավարության զարգացմանն առավել նպաստող համակարգը՝ պառլամենտականն է:
Հարկ է նշել, որ նոր իշխանությունները մտադիր են որոշակի քայլեր իրականացնել խորհրդարանական կառավարման համակարգը դե յուրե կատարելագործելու ուղղությամբ՝ առաջարկվել է իջեցնել խորհրդարան անցնելու շեմը, մեծացնել խորհրդարանում առկա քաղաքական ուժերի նվազագույն թիվը, հանել կոալիցիա ձեւավորելու սահմանափակումները, ներդնել լիարժեք, մաքուր համամասնական համակարգ, սահմանափակել վարչապետի լիազորությունները եւ այլն: Սակայն այս ամենին ընդդիմացան նախկին իշխանությունները ներկայացնող ՀՀԿ պատգամավորներից շատերը եւ դա այն դեպքում, երբ Փաշինյանի թիմի առաջարկները վայելում են համաժողովրդական աջակցություն: Թեկուզ միայն այս փաստի պատճառով օրհասական է արտահերթ ընտրությունների անցկացումը եւ ժողովրդավարական արժեքներ դավանող առողջ ուժերի հաղթանակը դրանցում:
Առանձին ցանկանում ենք շեշտել, որ պառլամենտարիզմի կայացման գործում անշուշտ մեծ դեր ունեն կուսակցությունները եւ կուսակցական համակարգը ընդհանրապես: Մինչ թավշյա հեղափոխության շրջանը կուսակցությունները, որոնց մեծ մասը, մաքսիմում, քաղաքական ակումբներ էին հիշեցնում, քաղաքական որոշումների կայացման գործընթացում չունեին իրական մասնակցություն: Մեր կարծիքով, նույնիսկ իշխող կուսակցությունը չէր հանդիսանում որոշումների կայացման կենտրոնը կամ աղբյուրը: Ըստ էության, գոյություն ունեին սահմանափակ թվով ստվերային ինչ-որ խմբեր, անձինք, որոնք մեծ ռեսուրսների էին տիրապետում եւ ըստ իրենց շահերի ձեւակերպում էին քաղաքական պահանջ ու կայացնում որոշումներ: Այդ խմբերի ներկայացուցիչներից շատերը, իհարկե, ներգրավված էին իշխող կուսակցությունում կամ նրա հետ համագործակցող այլ կուսակցություններում, սակայն ֆորմալ քաղաքան մասնակցությունն արդեն իսկ ստվերային դաշտում կայացրած որոշումներին ձեւական տեսք տալու եւ այդ գործընթացը անձամբ վերահսկելու համար էր ընդամենը արվում: Պառլամենտը օգտագործվում էր արդեն իսկ կայացրած որոշումներին քաղաքակիրտ տեսք տալու, դեմոկրատական շղարժ ստեղծելու համար: Բացի ՀՀԿ-ից, նրա հետ կոալիցիա ստեղծած եւ մի շարք այլ ուժեր խաղում էին ավտորիտար համակարգի համար գծված խաղի կանոնների սահմաններում եւ, ըստ էության, չէին վիճարկում դրանք: Թեեւ փոքրաթիվ ընդդիմադիր ֆրակցիաները պառլամենտական ամբիոնը, իրենց մանդատը պարբերաբար օգտագործում էին իշխանություններին քննադատելու, մարդու իրավունքները պաշտպանելու համար, սակայն նրանք զրկված էին հավասար պայմաններում իշխող ուժի-ուժերի հետ մրցակցելու հնարավորությունից, լիարժեք կայանալու համար անհրաժեշտ ռեսուրսներից:
Այսօր, երբ վերացվել է քաղաքական մենաշնորհը եւ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն հավասար պայմաններում մրցակցել մեկը մյուսի հետ, օրվա խնդիրներից է՝ համեմատաբար առողջ ուժերի վերաֆորմատավորումը եւ դրան զուգահեռ նոր, դեմոկրատական օրակարգ ունեցող գաղափարական կուսակցությունների ստեղծումը: Որպեսզի հեղափոխության արդյունքում Հայաստանում ձեւավորվի իրական պառլամենտական դեմոկրատական համակարգ, անհրաժեշտ է նաեւ, որ քաղաքական դաշտից դուրս գան մարդ-կուսակցությունները, տարատեսակ հակաիրավական գործունեության մեջ ներգրավված մարդիկ եւ խմբերը, որ կուսակցությունները, առնվազն ազդեցիկները, ունենան իրական անդամներ, որ կուսակցությունները կապ ունենան հասարակության տարբեր խմբերի հետ եւ արտացոլեն իրենց շահերը, որ կուսակցությունների ներսում բոլորի համար հավասար հնարավորություններ լինեն շարքային անդամից կուսակցական ղեկավար մարմնի անդամ, ղեկավար դառնալու համար եւ այլն: Կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան հավասար սկզբունքներով օգտվել փորձագիտական ռեսուրսից եւ դրա հիման վրա ձեւավորեն գործուն, խորքային, այլ ոչ՝ հռչակագրային, բովանդակազուրկ ծրագրեր: Ի դեպ, այս ամենը անհրաժեշտ է անկախ այն հանգամանքից, թե Հայաստանում ապագայում կլինի խորհրդարանական կառավարման համակարգ, թե անցում կկատարվի մեկ այլ կառավարման համակարգի:
Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանում պառլամենտական ժողովրդավարությունը կկայանա միայն այն դեպքում, երբ պերսոնիֆիկացված համակարգից անցում կկատարվի դեպի մասնակցային, խմբային պատասխանատվությամբ համակարգի, երբ երկրի, իշխող կուսակցության ղեկավարի փոփոխության արդյունքում որեւէ կերպով վտանգված չի լինի դեմոկրատական պետության գոյությունը: