Կանայք պատերազմի ճամփեզրին

Անգլերեն տարբերակը

Հոդվածի բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է և չի կարող որևէ կերպ արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները:

old men and women holding each others hands, black and white old picture

Պատմական ակնարկ

1987 թ. հյուսիսային Արցախի Չարդախլու հայաբնակ գյուղի վրա ադրբեջանական ուժերի հարձակումը առիթ դարձավ, որ դեռևս 1960-ականներից հասունացող արցախյան հարցը 1988 թ. Հայաստանում և Արցախում վերաճի համաժողովրդական շարժման։ Պահանջը Ադրբեջանական ԽՍՀ-ում ինքնավար մարզի կարգավիճակ ունեցող, գերակշիռ մեծամասնությամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի (ԼՂԻՄ) վերամիավորումն էր ՀԽՍՀ-ին՝ համաձայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի՝ ամրագրված ԽՍՀՄ Սահմանադրությամբ։

1991 թ. վերջերին և 1992 թ. սկզբներին ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց պատերազմի, որը տևեց մինչև 1994 թ. մայիսը և ավարտվեց զինադադարով, որի կնքման պահին չճանաչված Արցախի հանրապետությունը (ԱՀ) վերահսկում էր ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջան։ Երկրորդ պատերազմը սկսվեց 2016 թ. ապրիլի 1-ին և ավարտվեց 4 օր անց հրադադարով։ Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին և տևեց 44 օր ու ավարտվեց նոյեմբերի 10-ին կնքված համաձայնագրով, ըստ որի՝ ԱՀ-ն կորցրեց իր վերահսկողության տակ եղած 7 շրջանները, ինչպես նաև բուն ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի և Շուշիի շրջանները։

Փուլ առաջին

Պայթյուն

Ինչպես վկայում են կանանց պատմությունները, Արցախի քաղաքացիների համար սեպտեմբերի 27-ի լուսաբացն ամպրոպ էր բաց երկնքում։

Մարտակերտցի, 3 երեխաների մայր 29-ամյա Անահիտը պատմում է. «Սեպտեմբերի 26-ին երեխուս 2 ամսականը լրացավ։ Առավոտը մի հատ դմփոց ելավ, դա մեր համար ամենօրյա ա։ Բայց հետո տեսա, որ հարևանի տունը փլվավ, հարևանի քենին մահացավ։ Ավտոն վերցրինք, որ փախնենք Վաղուհաս։ Գնացինք մի 4 կմ, հիշեցինք, որ մեր տեգրերը, իրանց երեխեքը Մարտակերտ են՝ էդքան անջատված էինք։ Հետ ենք եկել, վերցրել 2 տեգորս երեխեքին։ Հասանք Դրմբոն, տեսանք փոքր տեգրս գալիս ա։ Ասեց՝ պիտի գնամ ախպերներիս կանանց բերեմ։ 2 տեգրերիս երեխեքը թե՝ ուզում ենք հոպարին մենակ չթողնենք։ Նստեցին փոքր տեգորս ավտոն, գնացին հետ, վերցրին, եկան։ Ճամփի կեսից սմերչը խփում ա, ավտոն գցում ձորը։ Մենք հասանք Վաղուհաս։ Մեկ էլ ասում են՝ ձեր ընտանիքը խփեցին, կենդանի մարդ չկա։ Բայց հետո իմանում ենք, որ շտապօգնությունն իրանց տեղափոխել ա Ստեփանակերտ։ Տեգրս 7 օր կոմայի մեջ մնաց, երեխեքը վիրավոր, մամաները վիրավոր։ Փոքր տեգորս կինն էլ հղի ա, մենք էլ չենք ասում, որ սենց բան ա եղել։ Բայց ինքը կասկածում ա։ Սկսել ենք բացատրել, որ ամուսինդ հիվանդանոց ա ընկել, բայց լավ ա։ Ճիշտ ա՝ խոսալ չի կարում, անգիտակից ա»։

Ասկերանցի, 3 երեխաների մայր 34-ամյա, այժմ հղի Անաիդան պատմում է. «Պատերազմը որ առավոտյան սկսվեց, ես հիվանդանոցում էի, լեղապարկս էին վիրահատել, հենց կիրակի օրը պիտի դուրս գրվեի։ Վիճակը ահավոր էր. երբ որ Ասկերանի վրա թխում էին, մի քանի ժամ մնացել ենք հիվանդանոցի նկուղում։ Հետո որ վիճակը մի քիչ հանգստացավ, ամուսինս մեզ երեխեքի հետ մեքենայով բերեց Շուշի՝ մորս մոտ, 5 օր մնացինք։ Հոկտեմբերի 2-ին եկանք Երևան»։

Հադրութցի, 2 երեխաների մայր Լիլիթը (պարուսույց) պատմում է. «Ամսի 27-ին իջանք պադվալ։ Որ բոլորը չիջան, գիտեի ամեն ինչ վերջացել ա։ Հետո իմացա, որ ով կարում ա, գնում ա։ Հաջորդ օրը հարևան մի կին եկավ, ասեց՝ կուզե՞ք, գնում ենք։ Հասանք Շուշի։ Տագնապի ձայնը չի անջատվում։ Էս կինը վախեցել ա, համարյա ավարյայի մեջ էինք ընկնում։ Ու որ Շուշիին սկսեցին խփել, ինքը չէր ուզում քշեր, ասում էր՝ վախում եմ։ Ամուսինս մի ընկերոջ էր զանգել, որ Գորիսում ա, ասել էր՝ ընտանիքս հանի։ Հասել եմ Լաչին, ահավոր խցանում էր, ասել են՝ լույսերը անջատեք, որ տեսանելի չլինի։ Էդ տղան 5 կմ շարասյան մեջ մեր ավտոն գտել ա։ Անընդհատ խփում էին։ Երեխային գրկած` 5 կիլոմետր վազելով հասել ենք էդ տղայի մեքենային, գիշերը հասել ենք Գորիս»։

Ու թեպետ վերջին պատերազմը սառեցվել էր ընդամենը 4 տարի առաջ, իսկ երրորդ պատերազմին նախորդել էին ՀՀ հյուսիսարևելյան՝ Տավուշի մարզի սահմանին հուլիսյան բախումները, հասարակությունը հոգեբանորեն անպատրաստ էր վերահաս պատերազմին։ Սառեցված ու պարբերաբար բռնկվող պատերազմական գոտում տասնամյակներ ապրող բնակչությունը ոչ միայն չէր սպասում պատերազմի, այլև չուներ դրա վերսկսման դեպքում քաղաքացիական մոբիլիզացիոն պատրաստվածություն և պատերազմական վիճակում գործելու գիտելիքների լուրջ պաշար։

«Սկզբից որ տղամարդիկ ընդեղ էին, մի տեսակ պաշտպանված էինք զգում, կռված են՝ գիտեն ինչ ա գալիս։ Որ հետո մնում ես մենակ, հասկանում ես, որ դու ընդհանրապես տեղյակ չես պատերազմից, չգիտես՝ ինչերով են խփում, կարամ վազեմ ջուր խմեմ, թե չէ»,- նշում է Լիլիթը (Հադրութ)։

Սա է պատճառը, որ սահմանամերձ բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակման առաջին իսկ օրերին կանայք իրենց տները լքել էին առանց ամենաանհրաժեշտ իրերը, ոմանք՝ անգամ առանց փաստաթղթեր վերցնելու։ Ոչ սահմանամերձ բնակավայրերից հեռացած կանայք նույնպես վստահ են եղել, որ պատերազմը տևելու է հաշված օրեր, և վերադառնալու են տուն, ուստի նրանք նույնպես չեն վերցրել ավելին, քան պետք էր Հայաստան հասնելու համար։

Փուլ երկրորդ

Ապաստարան

Նրանց համար, ովքեր մնացել էին Արցախում, հանգրվանը նկուղներն էին, որտեղ հավաքվում էին հարակից շենքերի բնակիչներով ու փորձում պաշտոնական կամ ներքին տեղեկություններ հայթայթել պատերազմի զարգացումների և իրենց հետագա անելիքների մասին։

Ամենից շատ վհատեցնում էր անտեղյակությունը, թե ինչպես ձայնից տարբերակել զինատեսակները, և գիտելիքի պակասը, թե որքան է յուրաքանչյուրի վտանգավորության աստիճանը, որպեսզի ավելի պատրաստված կարողանային կազմակերպել նկուղից բնակարան և բնակարանից նկուղ իրենց առօրյան՝ մանկահասակ երեխաների սնունդն ու կացությունն ապահովելու համար։

Սակայն կենցաղային դժվարությունները չէին ընկճում, քանի որ ճգնաժամային իրավիճակը պահանջում էր ուժերի կենտրոնացում և երեխաների հանդեպ պատասխանատվություն։

Շուշիից 3 երեխաների մայր 37-ամյա Գայանեն (թարգմանիչ և դասախոս) պատմում է. «Երկու օր փոքրիս մենակ կրծքով պահեցի։ Հետո քաղաքապետին խնդրեցի, որ երեխեքին պամպերս ա պետք, կաշա ա պետք, խանութները չէին բացում։ Բայց 3-4-րդ օրը սկսեցին բերել։ Ինձ լրիվ անծանոթ մի կին զանգեց ապտեկա, խնդրեց, որ բացեն, ու իմ երեխուն կաշա բերեց։ Բայց մեր վրա չէր ազդում էդ կենցաղային դժվարությունը, որովհետև մենք վստահ էինք, որ կհաղթեինք։ Մեր բոլորիս ամուսինները առաջնագծում էին։ Ու մեկը չի եղել, որ նվնվա»։

Փուլ երրորդ

Տարհանում

Արցախից Հայաստան տեղափոխվելու որոշումը կանայք կայացրել են ամուսինների հետ համատեղ և դուրս են եկել նրանց հորդորով, երբ վերջիններս հասկացել են, որ տվյալ բնակավայրում մնալն այլևս անվտանգ չէ, քանի որ ռմբակոծության տակ են եղել նաև քաղաքացիական օբյեկտները։

Շուշիից 2 երեխաների մայր 34-ամյա, այժմ հղի Լիլիթը (դասախոս) պատմում է. «Մեջքիս ցավերը գնալով շատանում էին, բայց ես անտեսում էի։ Հետո քուրս ասեց՝ գնում ենք Երևան։ Բայց ես ամուսնուս ասել էի, որ ես մնում եմ։ Ասում էր՝ «եթե ամբողջ Շուշին էլ գնա, դու չգնաս»։ Աղջիկս մի քիչ զգայուն ա, ասում էր՝ «մամա, դու մեր մասին չես մտածում, դու մեզ չես փրկում»։ Երեխեքը լացում էին անընդհատ։ Մինչև ամսի 3-ը մնացինք։ Հետո ամուսնուս խոսքերից հասկացա, որ լավ չի իրավիճակը։ Պապան գյուղից եկավ, իմ վրա ջղայնանալով, թե ինչի եմ էդքան մնացել։ Զանգեց բժիշկս, ասեց՝ անպայման եկ ուզիի։ Գնացի Ստեփանակերտ, ուզի արեցի, ասեցին՝ հնարավոր ա նաև վաղաժամ ծննդաբերություն լինի։ Որովհետև իրավիճակը շատ վատ էր։ Պապաս ամսի 4-ին հասցրեց Երևան»։

Շփման գծից համեմատաբար հեռու բնակավայրերից քաղաքացիական բնակչությունը դուրս է եկել առավել կազմակերպված, քանի որ ունեցել է պատրաստվելու ավելի շատ ժամանակ, և մի շարք մասնավոր ընկերություններ տրամադրել են փոխադրամիջոցներ դեպի Հայաստան։

Պաշտոնական Ստեփանակերտը, բացառությամբ պաշտոնապես հայտարարված դեպքերի, չի խրախուսել բնակչության տարհանումը՝ բնակավայրերի դատարկումը և խուճապը կանխելու նպատակով։

Առավել տարերային և աղետալի է եղել պատերազմի առաջին օրերին կրակի տակ հայտնված կանանց, երեխաների ու ծերերի փախուստը, երբ բնակավայրը լքելը ժամերի, երբեմն անգամ րոպեների հրատապություն է ունեցել։

Նոր Մարաղայից 4 երեխաների մայր 28-ամյա Հռիփսիմեն պատմում է. «Էդ գիշեր առաջին անգամ մեր թազա տանն ենք մնացել։ Երեխեքը քնած էին։ Չենք պատկերացրել, որ կռիվ կլինի։ Մեր հարևանը շուտ-շուտ ա փեդի գործ անում, իմացել ենք՝ փեդ ա լցնում։ Ելնում ենք քնից, տեսնում ենք՝ Մարտակերտը մառախլապատ ա, էնքան խփել են՝ փոշի ա։ Աղջիկս ա ուշագնաց լինում. երևանյան հիվանդություն ունի։ Ուշքի ենք բերում։ Ամուսինս մեզի հանում ա Կիչանի խաչմերուկը։ Թողնում ա 4 երեխեքի հետ էդ խաչմերուկի վրա կանգնած, ինքը գնում ա իրա ծառայությանը։ Չես պատկերացնի՝ մենք ոնց ենք փախել. մի շալվար եմ գտել գետնից, հագել։ Երեխեքիս հագները շոր չի եղել»։

Չհասցնելով վերցնել ոչինչ, երբեմն միայն մի քանի հագուստից ու փաստաթղթից բացի, կանայք հեռացել են՝ համոզված, որ վերադառնալու և անվնաս են գտնելու իրենց տները։

«Մի սումկա ունեի, դրա մեջ գցել եմ փաստաթղթերը, քաղցր բաներ ու իջել։ Փակել եմ դուռս ու մտածել եմ, որ հետ եմ գալու։ Մի կնոջ ասեցի, որ ամուսինս գա, իմացեք, որ բանալին պադվալում երեխու կալյասկի մեջ եմ պահել։ Ես չէի պատկերացնում, որ տենց ա լինելու։ Մի օր ամուսնուս ասեցի՝ «որ տուն գնաս (մենք թութակ ու ձկներ ունեինք), իրանց կհանես, որ երեխեքը տենց չմտնեն տուն»։ Ասեց՝ «ի՞նչ տուն, տուն չկա»։ Չէի հավատում»,- ասում է Լիլիթը (Հադրութ)։

Որոշ դեպքերում նման համոզվածությունն էլ հենց պատճառ է եղել տնից անգամ առաջնային անհրաժեշտության իրերը չվերցնելու համար։

«Մտածում էի՝ գալիս եմ մի երկու օր, նորից հետ եմ դառնալու։ Մենակ պասպորտս հիվանդանոցի համար վերցրի ու նկուղի շորերով, երեխեքը՝ տնային շորերով, մտանք մեքենա ու եկանք։ Ոչ մի շոր չեմ վերցրել»,- պատմում է Լիլիթը (Շուշի)։

Փուլ չորրորդ

Ապաստարան Հայաստանում

Համեմատաբար հեշտ է եղել արցախյան այն ընտանիքներին տեղավորելը, որոնք Հայաստանում ունեին հարազատներ կամ ծագումով Հայաստանից էին։ Սովորաբար հարազատ կամ բարեկամ ունենալու դեպքում կանայք հաստատվել են այդ ընտանիքներում և նրանց հետ սկսել համատեղ կենցաղավարություն։

Եղել են նաև ընտանիքներ, որոնք ցանկություն են հայտնել վարձելու մատչելի բնակարան իրենց ցանկացած բնակավայրում։

Մինչդեռ այն ընտանիքների տեղավորումը, որոնք չեն կարողացել հաստատվել որևէ հարազատի, ընկերոջ կամ վարձով բնակարանում, կազմակերպել է պետությունը։

Այս գործընթացի ինստիտուցիոնալացումը սկսվել է կամավորներից։ Արցախից եկածների ցուցակագրումն ու նրանց հյուրընկալելու պատրաստ ընտանիքների տվյալների բազայի ստեղծումը նախաձեռնել է կամավորների մի փոքր խումբ, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մոտ 1 շաբաթում ձևավորել է կազմակերպված շտաբ՝ թեժ գիծ, ընդլայնել աշխատողների կազմը, ներգրավել համապատասխան մասնագետների՝ համակարգված կերպով զբաղվելու Հայաստան եկած ընտանիքների տեղավորման հարցով։

2020 թ. հուլիսի տավուշյան դեպքերի ժամանակ երեխաների տարհանման նպատակով ստեղծվել էր կացարանների վերաբերյալ տվյալների բազա, որն էլ հիմք դարձավ այս պատերազմում դրա ընդլայնման ու Արցախից եկած ընտանիքների տեղավորման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու համար։

«Հուլիսին տավուշյան դեպքերի ժամանակ ներգրավված էի երեխեքի տարհանման գործում։ Բազա էինք ստեղծել հյուրատների, առանձնատների, մարդկանց տվյալների, որ պատրաստ էին ընդունելու երեխեքին։ Ես էի ղեկավարում պրոցեսը՝ մարզպետարանի վերահսկողությամբ։ Ու էդ բազան օգտագործվեց արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին։ Անընդհատ կապվում էինք նոր հյուրատների, նոր ճամբարների հետ»,- պատմում է Քրիստինե Ասատրյանը («Թեժ գծի» կամավոր և աշխատակից)։

Հարցի կանոնակարգմամբ ժամանակի ընթացքում ձևավորվեց մի գործընթաց, որի համաձայն՝ Քանաքեռ-Զեյթունի «Հայորդաց տունը» վերածվեց Տրիաժ (տեսակավորման) կենտրոնի, որտեղ ընտանիքը, հասնելով Հայաստան, գիշերում էր, իսկ «Թեժ գիծն» այդ սուղ ժամանակն օգտագործում էր կացարան գտնելու համար, քանի որ հաջորդ օրն այնտեղ պիտի գիշերեին նոր եկողները։

«Թեժ գծի» աշխատակիցները նաև փորձում էին կապի մեջ լինել արցախցիներին տեղափոխող կամավորների հետ, որպեսզի մարզերում մարդկանց տեղավորումը հասցնեին իրականացնել մինչև նրանց Երևան հասնելը՝ ժամանակ չկորցնելու համար։ Եկածներին «Թեժ գծի» նախատեսած կացարաններ հասցնելու գործում ակտիվ էին նաև մասնավոր ընկերությունները, որոնք նրանց անվճար տեղափոխում էին անհրաժեշտ բնակավայրը։ Գտնվում էին նաև կազմակերպություններ, որոնք տեղափոխողներին վճարում էին այդ ծառայության համար։

Բնակավայրի ընտրությունը կատարվում էր՝ ըստ եկածների կարիքների։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց սկզբունք, որի համաձայն՝ Երևանում էին տեղավորվում այն ընտանիքները, որոնք ունեին՝

  • վիրավոր զինվոր Երևանի որևէ հիվանդանոցում,
  • բժշկական միջամտության կամ հսկողության կարիք (օրինակ՝ հղիները, նոր ծննդաբերածները, նոր վիրահատվածները, հատուկ կարիքներով անձինք և այլք)։

Փուլ հինգերորդ

Կացություն և ապահովում

Հաստատվելով Հայաստանում՝ կանանց գլխավոր խնդիրն էր դառնում կացության կազմակերպումը, այս հարցում նկատվել են հետևյալ առանձնահատկությունները.

ա) Տարբեր մարզերում և բնակավայրերում տարբեր են եղել ընտանիքների կարիքների գնահատման ընթացակարգերը։ Կենտրոնացված կացարաններում (հյուրանոց, հյուրատուն, հանրակացարան և այլն) գնահատումը հիմնականում կատարվել է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» կողմից, որն իրականացրել է նաև մարզային այցելություններ։ Մինչդեռ քաղաքացիների տներում հանգրվանած ընտանիքների հարցում առավել արագ արձագանքել են ՏԻՄ-երը։

Կամավորական հիմունքներով հոգեբանական աջակցության նախաձեռնություն և արագ մոբիլիզացիա են կազմակերպել նաև մի շարք հոգեբանական մասնագիտացված կառույցներ, որոնց թվում՝ ԵՊՀ «Կիրառական հոգեբանության կենտրոնը», «Երկուսով» կենտրոնը և այլն։

բ) Պատասխանատու մարմինների կողմից կարիքների գնահատման ու հրատապ օժանդակության տրամադրման հարցում գործել է առավել կարիքավորին առաջնահերթ օգնություն ցուցաբերելու սկզբունքը, որի համաձայն՝ հարազատների տներում հանգրվանած ընտանիքները համարվել են պակաս խոցելի։

«Մենք սկսեցինք գնալ բոլոր էն տեղերը, որտեղ մեծ խմբեր էին գալիս։ Առաջնային գնահատումը անում էինք։ Եթե լինում էր սուր կարիք, արդեն ռեսուրսներ էինք փնտրում։ Կամավորական շարժումներն էնքան շատ էին, որ մերոնք ֆիլտրում էին, թե ում ինչի համար դիմենք»,- նշում է Սյուզաննա Ջուհարյանը («Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» փոխնախագահ)։

Իսկ առավել խոցելի են համարվել հանրակացարաններում կամ այլ անվճար կացարաններում տեղավորված ընտանիքները, որոնք չեն ունեցել սննդի ապահովման հնարավորություն, ինչպես նաև եկամտի աղբյուր։

«Հադրութից մի կամավոր վերջին պահին մի հատ շատ խեղճ ընտանիքի էր հանել՝ մայրը 7 երեխայի հետ, տկլոր։ Մենք էլ սոցիալապես շատ անապահովներին էնպիսի տեղ էինք ուղղորդում, որ ամեն ինչ ապահովում էին՝ ջեռուցում, սնունդ և այլն»,- Քրիստինե Ասատրյան («Թեժ գծի» կամավոր և աշխատակից):

գ) Մարդասիրական հրատապ օգնությունն ավելի ճկուն ու հասցեական կազմակերպվել է հասարակության ինքնամոբիլիզացիայի ու կամավորական ուժերի միջոցով, քան պետական ատյանների կողմից, հատկապես պատերազմի առաջին օրերին։ Կանայք վկայում են, որ առաջնային անհրաժեշտության իրերը, որոնց մեջ ամենակարևորը մանկական տաք հագուստն էր, հրատապ կերպով տրամադրել են շրջապատի բնակիչները և կամավորական խմբերը։

«Մենք բնակիչների խումբ ունենք ֆեյսբուքում. գրառումներ ենք անում։ Հայտարարություններ սկսեցինք գրել… ու մարդիկ սկսեցին բերել ու մինչև հիմա բերում են։ Մեր հագուստներից առանձնացրինք ամառայինները։ Եվան հարևաններով էդ վերնաշապիկներից անկողին կարեց»,- պատմում է Աննա Գրիգորյանը (կամավոր)։

Կամավորական ուժերով ճկուն լուծումներ են գտնվել նաև սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի հայթայթման համար, հատկապես այն տեղերում, որտեղ եկածները կենտրոնացած են եղել պետության կողմից անվճար տրամադրված հանրակացարաններում։

Նախաձեռնողականություն են ցուցաբերել նաև մասնավոր ընկերությունները՝ տրամադրելով իրենց հյուրատները, հյուրանոցները, և սկզբնական շրջանում հոգացել են արցախցիների կենցաղային և սննդի ապահովման հարցերը։

Հանրակացարաններում կամ այլ կենտրոնացված վայրերում արցախցիներին սննդով ապահովելու գործում ակտիվորեն ներգրավված են եղել նաև սննդով զբաղվող մասնավոր ընկերությունները։

«Մեր շենքի տակ ընտանեկան սրճարան կա, միանգամից պատրաստակամություն հայտնեցին իրանց հաշվին օրը 3 անգամ կերակրել էդ մարդկանց։ Հետո ինչ-որ նորաստեղծ կազմակերպություն էր, եկան առաջարկեցին, որ օրական 3 անգամ պատրաստի լանչբոքսերով սնունդ կբերեն. դրսից ֆինանսավորողներ ունեին։ Արդեն 2 ամիս ա հանրակացարանից վարորդը գնում ու էդ լանչբոքսերը 150 հոգու համար բերում ա»,- պատմում է Աննա Գրիգորյանը (կամավոր)։

Ժամանակի ընթացքում համագործակցություն է ձևավորվել կամավորական խմբերի, մասնավոր ընկերությունների և ՏԻՄ-երի միջև, որով պետությունը փորձ է արել մարդասիրական օգնության կազմակերպումը կենտրոնացնել վերջիններում՝ կոչ անելով նման հնարավորությունների մասին հնարավորինս տեղեկացնել ՏԻՄ-երին կամ էլ կազմակերպումը հանձնել նրանց։

«Ու կոչ էր արվում անհատներին, որ հավաքման կետը թաղապետարանն ա։ Հետո ֆբ-ում սկսեցին գրել, որ եթե հարց կա, զանգեն թաղապետարան կամ ԱՍՀՆ թեժ գիծ։ Ու որոշ ՀԿ-ներ սկսեցին համագործակցել թաղապետարանի հետ։ Ու եթե զանգում էի թաղապետարան, ասում էի՝ սա ա պետք, իրանք ասում էին՝ չունենք, բայց գիտենք ՀԿ, որ ունի»,- նշում է Սյուզաննա Ջուհարյանը («Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» փոխնախագահ)։

դ) Միշտ չէ, որ ընտանիքներին հասանելի են եղել մարդասիրական օժանդակության և իրենց արտոնությունների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանք առավելապես ձեռք են բերվել շփումների և սոցիալական ցանցերի միջոցով, քան պաշտոնական խողովակներով ու հայտարարություններով։

ե) Նոյեմբերի 16-ին Կառավարությունը որոշում է ընդունել Արցախի՝ Հայաստան տեղափոխված քաղաքացիներին (ներառյալ անչափահասներին) տրամադրել 68 000-ական դրամ, իսկ ՀՀ-ում սեփականություն չունենալու պարագայում ևս 15 000-ական դրամ փոխհատուցում[1]։ Տվյալ որոշման հիմնական երկու թերություններ են նշվում հետևյալները։

  1. Հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ են փաստաթղթեր, մինչդեռ քաղաքացիների զգալի մասը ՀՀ է հասել առանց փաստաթղթերի։ Ուստի հարցի լուծման հնարավոր տարբերակ է դիտվում գրավոր վկայությունների կամ ԱՀ պատկան մարմինների տրամադրած հավաստագրի հիմքով գումարի տրամադրումը։
  2. Որոշման համաձայն՝ փոխհատուցումը տրվում է ԱՀ գրանցում ունեցողներին, մինչդեռ կան նաև ԱՀ-ում մշտական բնակություն հաստատած և կամ տևական ժամանակով աշխատանքի անցած քաղաքացիներ, որոնք դեռևս ունեն ՀՀ գրանցում, բայց չունեն ՀՀ-ում որևէ սեփականություն։ Ուստի հարցի լուծման հնարավոր տարբերակ է դիտվում փաստացի հաշվառմամբ փոխհատուցման տրամադրումը։

Արձանագրվել են նաև համակարգի տեխնիկական թերություններ, քանի որ բազայի հապշտապ ստեղծվելն ազդել է տվյալների (հատկապես անչափահասների) ճշգրտության վրա։

զ) Կառավարությունը հոկտեմբերի 1-ին որոշում է ընդունել, որով ՀՀ-ում կամ ԱՀ-ում ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար[2]։

«Ես չեմ ուզել ձեն հանեմ, բայց 3 օր չէի կարում քայլեի, սոցաշխատողը մարդ ճարեց, բերեց սրսկումներս արեց, հետո ՄՌՏ հետազոտություն արեցին, սաղ անվճար»,- պատմում է Հռիփսիմեն (Նոր Մարաղա)։

Սակայն այս որոշումը լայնորեն չի հանրայնացվել և ոչ բոլոր պատասխանատու կառույցներին է հայտնի եղել։ Ուստի այս արտոնությունից առավելապես օգտվել են այն կանայք, որոնց խնդիրներով զբաղվել են այդ որոշմանը տեղյակ սոցիալական աշխատողները։

«Երկար ուսումնասիրությունից հետո հայտնաբերել եմ, որ եղել է Կառավարության որոշում, որ առողջապահական համակարգի ծառայություններն անվճար պիտի լինեն։ Ու որոշման մասին գրեթե ոչ ոք չգիտեր։ Գնում մտնում էի բոլոր հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ։ Որոշումը ձեռքս՝ գնացել ասել եմ, որ սա ա, օգտագործեք»,- նշում է Սյուզաննա Ջուհարյանը («Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի» փոխնախագահ)։

է) Ընտանիքներին հասանելիք եկամուտների (աշխատավարձեր, նպաստներ, թոշակներ և այլն) ՀՀ-ում ստացումը կազմակերպվել է Հայփոստով: «Մամայիս աշխատավարձն էին փոխանցել, իմ ու հարսիս նպաստը, դրանով էինք յոլա գնում»,- ասում է Անաիդան (Ասկերան)։

ը) Կանանց ֆինանսական վիճակի վրա մեծապես ազդել է այն հանգամանքը, որ շատերն ունեցել են վարկեր, այդ թվում այն գույքի համար, որը չէին հասցրել ձեռք բերել (օրինակ՝ հիփոթեքով վերցված և դեռևս չկառուցված բնակարանները) կամ բոլորովին վերջերս էին ձեռք բերել ու արդեն հասցրել էին կորցնել։

«Շատ վարկեր ունենք, որովհետև սաղ տան ռեմոնտը, տնամեջը 2 ամիս ա, որ դրել ենք։ Նույնիսկ հեռուստացույցը, որ նոր ենք առել… էդ էլ ա վարկով… դեռ ֆունկցիաներին չէինք ծանոթացել»,- ծիծաղում է Լիլիթը (Շուշի)։

Նշված վարկերի մի մասը պատերազմական իրավիճակում չի սառեցվել, ուստի եկամուտների վրա դրված կալանքները, տույժերը կամ պարզապես վճարումները շարունակել են կիրառվել։

«Ամուսինս աշխատում ա Դրմբոնում։ Վարկ էի վերցրել, սառնարան եմ առել, հեռուստացույց։ Վարկը չեն սառեցրել։ Վիրավոր տեգորինս ամբողջն են պահել (աշխատավարձը), բայց ամուսնունս՝ կեսը»,- նշում է Անահիտը (Մարտակերտ)։

թ) Ճգնաժամային իրավիճակում պետական համակարգը հաճախ բավարար ճկուն լուծումներ չի տվել հրատապ հարցերին, չի կրճատել կամ առկա իրավիճակի առանձնահատկությունները (գլխավորապես արցախցիների մոտ փաստաթղթերի բացակայությունը) հաշվի առնելով՝ չի փոփոխել ընդունված ընթացակարգերը, ինչը կանանց համար ստեղծել է հավելյալ բյուրոկրատական անհարմարություններ ու քաշքշուկ, երբեմն էլ հարցերը թողնելով չլուծված։

«Ամուսինը, ինչ վերադարձել ա դիրքերից, Ավանի հոգեբուժարանում ա։ Եկել կնոջը ծեծել ա։ Երբ դեռ ուրիշ տեղ են ապրելիս եղել, էդ շենքում ինչ-որ կին ա եղել, որ մահացել ա։ Ասել ա՝ «էդ կնոջ հոգին ա իրա մեջ մտել, դրա համար եմ ծեծել»։ Շտապօգնությունը տարել էր, հիվանդանոցում պատճառաբանել էին, որ անձնագիր չունի, չեն կարող վերցնել։ Հետո նորից էր գժվել, սկսել էր ջարդուփշուր անել ամեն ինչ։ Սոցապով-բանով բոլորին խառնեցի, միջնորդեցին, առանց փաստաթղթի տարան, մինչև պատրաստ կլիներ 9-րդ ձևը։

Մի կին հենաշարժողական խնդիր ուներ, արմնկային հենակ ուզեց։ Ճշտեցի. ինչ-որ բարդ սխեմա ասեցին՝ ում պիտի դիմեմ, էդ կնոջը ուր տանեմ, քանի օր սպասեմ, ինչ-որ թուղթ տան, էդ թղթով գնամ ստանամ։ Զգացի, որ ո՛չ ես էդքան ժամանակ ունեմ, ո՛չ էլ էդ կնոջը կարող եմ էդքան հետս տանել։ Ընկերներիս շրջանակում ասեցի, մեկը գումար փոխանցեց, առա տարա… ուրախությանը չափ չկար»,- պատմում է Աննա Գրիգորյանը (կամավոր)։

Փուլ վեցերորդ

Սթրես

Հայաստանում հաստատվելուց հետո կյանքն ընթացել է կենցաղային հարցերը լուծելու, ընտանիքի անդամների կիսատ թողած բուժումը շարունակելու, հղիության վերահսկողությունը կազմակերպելու, այդ ամենի մասին անհրաժեշտ տեղեկությունը հայթայթելու հոգսերով։ Սակայն նշվածից առավել կանանց մեծագույն սթրեսը եղել է ռազմաճակատի վիճակի համար անհանգստությունը և ամուսիններից ու հարազատներից զանգերի սպասելը։

Պատերազմը ծանր հետևանքներ է թողել նաև երեխաների հոգեկան առողջության վրա։ Բոլոր կանայք հավաստում, իսկ կամավորներն ու մասնագետներն էլ հաստատում են, որ պատերազմի սկսվելն ու իրենց փախուստը, հայրերի բացակայությունն ու նրանց ռազմաճակատում լինելը տրավմատիկ ազդեցություն են թողել երեխաների վրա։ Կանայք պատմում են, որ իրենց հետ կապ հաստատած պատկան մարմիններին ու կամավորներին առաջին հերթին տեղեկացրել են իրենց և հատկապես երեխաների մեջ նկատվող հոգեկան տրավմաների, իրենց անհանգստացնող երևույթների մասին։

«Մի իրիկուն մենք քնած էինք, 7 տարեկան տղես ելավ ու սկսեց լացել։ Պատկերացրել էր, որ իրա պապան մահացել ա։ Գիշերով զանգեցինք սոցաշխատողին։ Զանգեց մի հոգեբան, խոսեց, հանգստացրեց։ Առավոտը հոգեբան եկավ, կամավորական՝ Հայկը, որ օգնում են Ղարաբաղից եկած մարդկանց։ Տղուս հետ առ այսօր աշխատում ա։ Ասում ա՝ «թեկուզ որ գնաք Ղարաբաղ, ես օնլայն կխոսամ»»,- նշում է Հռիփսիմեն (Նոր Մարաղա)։

Այս առումով ոչ բոլորի փորձն է եղել հաջող։

«Երեխան մանկապարտեզ չի գնում, որովհետև ինձնից չի պոկվում։ Սոցապից որ եկել էին, ասեց՝ հոգեբանի կարիք ունե՞ք։ Մամաս ասեց՝ երեքն էլ ունեն։ Ինչ-որ կազմակերպությունից եկան տուն։ Ավելի շատ հոգեբանորեն ճնշել են, թե՝ «ձեր տունը կա՞, թե՞ չկա, բա դուք ո՞նց եք եկել, դու մի տխրի, քո վիճակը ազդում ա երեխու վրա»։ Հետո զանգել են, թե՝ «էլի կարիք ունե՞ք»։ Ասել եմ՝ «եթե կարաք կոնկրետ բան ասեք, որ իմ երեխեքի ու իմ վիճակը լավ լինի, ես համաձայն եմ, բայց եթե պիտի գաք, զրուցեք գնաք, էդ ավելի շատ ա ինձ ճնշում»։ Իսկ երեխեքի հետ ոչ ոք չի խոսել»,- զարմանում է Լիլիթը (Հադրութ)։

Իսկ Գայանեն հրաժարվել է հոգեբանի այցից, քանի որ մտավախություն է ունեցել, որ տանտերերը կամ մեծահասակները ճիշտ չեն հասկանա։

«Ճիշտն ասած՝ Արմինեն ինձ առաջարկել ա հոգեբան, բայց ես մտածել եմ, որ կարա կիսուրս ճիշտ չհասկանա, կամ տանտերերը։ Հրաժարվել եմ։ Բայց տղաս շատ ա վախեցել պայթյուններից։ Մի տեսակ ագրեսիվ էր էս արանքում։ Մեր մոտ էդ հոգեբանական կուլտուրան քիչ ա, մարդիկ գիտեն՝ հոգեբանի ես դիմում, ուրեմն հոգեբույժի ես դիմում, չեն տարբերում։ Երկար ժամանակ երեխեքս դռան չխկոցից, դարպասի չխկոցից… ինքնաթիռները շուտ-շուտ էին թռնում, ամեն թռնելուց սառած սպասում էին, թե ինչ ա լինելու»։

Սակայն հետաքրքրականն այն է, որ միևնույն ժամանակ պնդում են, որ երեխաներն ավելի սթափ են ընդունում իրավիճակը, քան մեծահասակները։

Միևնույն ժամանակ կանանց խնդիրների լուծման գործում ներգրավվածները պնդում են, որ մեծ մասամբ ականատես են եղել հոգեկան զարմանալի տոկունության, ճգնաժամային իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակության և նյութական ու մարդկային կորուստների հետ առերեսվելու բարձր սթափության։

«Մեկ-մեկ նույնիսկ զարմանում էի, որ շատ հանգիստ ասում են, որ ամուսինը զոհվել ա։ Ու տպավորությունը, որ ոչ թե անտարբեր ա, այլ սառը ու պատրաստ, որ՝ «հա, մենք ստեղ ենք ապրել ու կարար և զոհվեր»։ Զարմանալի էր նաև, որ հղիները էդ սթրեսային վիճակում բավականին պինդ էին, իրանց ժամկետում էին ունենում»,- նշում է Քրիստինե Ասատրյանը («Թեժ գծի» կամավոր և աշխատակից)։

Փուլ յոթերորդ

Ինտեգրում և վերադարձ բնականոն կյանք

Թեպետ կանանց հավաստմամբ հյուրընկալող ընտանիքները, շրջապատի բնակիչները, իրենց խնդիրներով մտահոգ կամավորներն ամեն ինչ արել են նրանց կյանքը բնականոն հուն վերադարձնելու, երեխաների համար ժամանցի հնարավորություններ ստեղծելու և նրանց հոգեկան վիճակը թեթևացնելու համար, այնուամենայնիվ, եղել են նաև որոշ տհաճ միջադեպեր, երբ առանձին անհատներ ոչ բարեհաճ վերաբերմունք են դրսևորել նրանց հանդեպ։

Սակայն ընդհանուր առմամբ կանայք վկայում են, որ հանդիպել են ջերմ և հոգատար վերաբերմունքի։

«Մեր կարիքը մենակ էն ա եղել, որ մենք երբեք հեռու չենք եղել ամուսնուցս, ինքը երբեք չի թողել ոչ մի բանի կարիք ունենանք։ Բայց էն մարդկանց շնորհիվ, որ էսօր մեր կողքն են, մեզ մենակ չեն թողել, հաշվի քիչ պահ ա եղել»,- նշում է Հռիփսիմեն (Նոր Մարաղա)։

Չնայած բոլոր դժվարություններին՝ նկատվում է, որ կանանց ուշադրությունը կենտրոնացած է եղել երեխաների բնականոն կյանքը ապահովելու և հանուն նրանց ավելի ուժեղ ու կազմակերպված լինելու վրա։

«Երեխեքս դպրոց չեն գնացել, բայց ես ամեն օր հետները պարապում եմ։ Մարտակերտի դասղեկի հետ կապ եմ ունեցել, ինքը ինձ առաջադրանքը տվել ա, երեխեքը ստեղ արել են։ Թե չէ երեխեքն անգրագետ կմնան»,- նշում է Անահիտը (Մարտակերտ)։

Կանայք, որոնք իրենց երեխաներին ուղարկել են դպրոց, նշում են, որ դա որոշ չափով թեթևացրել է երեխաների վիճակը, ուստի ափսոսանք են հայտնում, որ հաճախումները որոշ դեպքերում ընդհատվել են նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Իսկ նրանք, ովքեր համավարակի հետևանքով չեն հասցրել երեխաներին դպրոց ուղարկել, ափսոսանքով նշում են, որ դա դրական կազդեր երեխաների հոգեկան վիճակի վրա։

Իրենց կյանքի դժվարություններից ցրվելու, պետքական զգալու ցանկությունից դրդված՝ ոմանք ներգրավվել են ուրիշների հոգսը թեթևացնելու նախաձեռնություններում՝ իրենք դառնալով կամավորներ ավելի խոցելի խմբերի համար։

«Արդեն որպես կամավորական օգնում եմ։ Հեսա նոր վիրավորներ եկան, պարետը կլյուչները տվել ա, թե սաղին ապահովի։ Բերեցի, տեղավորեցի։ Հեսա իջնում ենք ճաշը բերենք»,- ոգևորված պատմում է Անահիտը (Մարտակերտ)։

Բազմաթիվ են նաև օրինակները, երբ կանանց ֆինանսական վիճակը բարելավելու մտադրությամբ հայ կամավորների նախաձեռնությամբ կազմակերպվել են նրանց պատրաստած սննդի կամ ձեռքի աշխատանքների վաճառքի կետեր կամ պատվերի հնարավորություններ, որոնց մասին տեղեկությունն ակտիվորեն տարածվում էր կամ շրջանառվում սոցիալական ցանցերում։ Հասարակական մոբիլիզացիան ցուցաբերում էր նաև այդ հարցում օժանդակելու բարձր համերաշխություն, ուստի արցախյան խոհանոցի հայտնի ժենգյալով հացի երկար հերթերը նկատելի էին փողոցներում։

Սակայն կանայք փաստում են, որ ոչինչ ի վիճակի չի եղել մեղմելու անհանգստությունն ու գերկենտրոնացումը ռազմաճակատի դրության վրա։

«Իմ երեխեքը չէին եղել Երևանում, իսկ ես իրանց չեմ տարել ոչ մի տեղ։ Որովհետև էնքան էինք կենտրոնացած պատերազմի վրա, որ ի՞նչ խոսք կարող էր լինել քաղաքի մի տեսարժան վայր տեսնելու մասին։ Անգամ խանութ չէի ուզում գնալ, մտածում էի, որ հոգեկան էներգիաս, մտքերս մենակ ճակատի մարդկանց հետ պիտի լինեն»,- ասում է Գայանեն (Շուշի)։

Կորուստ և վիշտ

Որոշ կանայք, որ ապրել են Արցախի վերահսկողության տակ մնացած շրջաններում, կախված ռմբակոծությունների ինտենսիվությունից, կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, որ տարիների ընթացքում ստեղծել էին, իսկ ոմանք նույնիսկ այս օրերին շարունակում են մարել այն վարկերն ու պարտքերը, որոնցով ձեռք բերված տունը, կենցաղային տեխնիկան կամ կահույքը չեն հասցրել օգտագործել։

Որոշ կանայք էլ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններից են, կորցրել են ոչ միայն իրենց տունն ու գույքը, այլև հայրենիք վերադառնալու հնարավորությունը։

Սակայն նյութական կորուստները հպանցիկ հիշատակելով՝ համոզվածություն են հայտնում, որ դրանք բոլորը վերականգնելի են, և իրենք հանուն երեխաների ուժ կգտնեն նորից ապրելու։ Մինչդեռ իրական կորուստը հուշերն են՝ իրենց մանկության ու երեխաների նկարները, ձեռքի աշխատանքները, վկայագրերն ու մեդալները, այն ամենը, ինչը հնարավոր չէ հետ բերել, ու ինչը նրանց հոգևոր կյանքի մասն էր։

«Տունը 4 պատը չի, տունը քո էդքան տարիների ստեղծած հուշն ա։ Ուր գնացել, իմ հիշողություններն իմ հետ տարել եմ… Պապաս մահացել ա, ու ես հիմա իրա նկարները չունեմ։ Փոքր աղջկաս մասին քանի հատոր գրքեր էի գրել ձեռագիր՝ իրա կյանքի պատմությունը փաստերով, նկարներով։ Ես իմ գույքը չեմ ուզում, ես իմ հիշողություններն եմ ուզում, որ ոչ մի միլիոնով չեմ կարա առնեմ։ Սիրտս ցավում ա մեր մշակույթի կենտրոնի ձեռքի աշխատանքների համար։ Ու հիմա տեսնում եմ, որ լրիվ վառել են։ Երևի տեսել են Մարիամ Աստվածածնով պատկերներ, հայկական նախշեր… ամբողջը վառել են։ Բայց դա էդ մարդկանց ապրածն ա»,- լացելով պատմում է Լիլիթը (Հադրութ)։

Անդառնալի կորուստները թվարկելուց հետո, սակայն, կանայք իրենց համեմատում են հարազատին, ամուսնուն, երեխային կորցրածների հետ ու գիտակցում, որ կարող էին ավելի վատ վիճակում լինել կամ առհասարակ չլինել, ու մխիթարվում էին եղածով, և ամեն ինչի, այդ թվում՝ ամբողջ ունեցվածքի, հուշերի ու հայրենի հողի կորուստը նրանց տանելի է թվում։

«Ես իմ երեխուն էն օրը խփել եմ։ Ասում եմ՝ ինչի՞ ես էն երեխու մոտ ասում՝ «մամա, արի, պապան զանգում ա»։ Էն երեխեն իրա պապայի կարիքն ա զգում։ Իսկ իրա պապան մահացել ա»,- պատմում է Անահիտը (Մարտակերտ):

«Ես համարում եմ, որ ես երջանիկ մարդ եմ, որ Աստված պահել ա իմ ամուսնուն, որը կռվել ա Հադրութում, 2 անգամ մեռնելուց ա փրկվել։ Ես երջանիկ եմ, որ գոնե Հադրութում հարազատների գերեզման չունեմ»,- ասում է Լիլիթը (Հադրութ)։

Պատերազմը փոխել է նաև նրանց արժեհամակարգը, ստիպել գնահատել ժամանակը և վերարժևորել իրենց կյանքն ու անցյալը։

«Հիմա ապագան էլ իմ համար հարաբերական հասկացություն ա դառել։ Ինչ առաջ մտածում էի, որ առաջնային ա, հիմա չգիտեմ։ Իմ ամենալուրջ դժվարությունն է, որ համակերպվեմ կորցնելու մտքի հետ։ Պիտի մի օրով ապրենք, մի օրով բավարարվենք»,- ասում է Գայանեն (Շուշի)։

Ապագան

Պատերազմի ելքն անորոշ է թողել ապագայի մասին կանանց պատկերացումներն ու առաջ բերել բազմաթիվ հարցականներ, որոնցից կախված են ապագայի հնարավոր սցենարները։ Սակայն նույնիսկ տարածքներ կորցնելը խորապես չի սասանել Արցախ վերադառնալու և նոր բնակավայրում հաստատվելու մեծ մասի ցանկությունը, որի իրականացումն ավելի շատ պայմանավորված է նյութական և անվտանգության երաշխիքների ապահովմամբ։

Կանանց մեծ մասը վստահություն է հայտնում, որ կացարանների տրամադրման, նյութական կորուստների փոխհատուցման, ֆինանսական, գույքային կամ այլ բնույթի կայուն զարգացման պետական (նաև՝ ոչ պետական) ծրագրերի առկայության դեպքում կվերադառնա Արցախ։

«Պապաս մահացել ա Ապրիլյանին։ Ախպերս ա կորցրել իրա տունը Հովտաշենում։ Ամուսինս ծնունդով Մարաղայից ա։ Հետո գնացել են Նոր Մարաղա։ Հիմա երկրորդ անգամ ա կորցնում իրա տունը… Նոր Մարաղան չկա էլ։ Բայց ամուսինս զինծառայող ա, ես պետք ա վերադառնամ։ Տուն չունեմ, բայց տրամադրում են երևի, եսիմ ինչ ճոխ պայմաններ չի, բայց դպրոցի սպորտզալում կռավաթներ տեղադրում են, տեղավորում են, մինչև մարդիկ (տան) հարցը լուծեն։ Փառք Աստծո, ամուսինս ողջ, ախպերներս փրկվեցին, երեխեքս կողքս։ Մենակ կուզեմ մեզի օգնեն, որ մի հատ բուն սարքենք»,- նշում է Հռիփսիմեն։

Կա որոշում Արցախ վերադառնալու, սակայն հավելյալ խթան է համարվում աջակցող ու զարգացնող ծրագրերի առկայությունը, հատկապես կորսված գույքի չմարված վարկերի զրոյացումը, ինչպես նաև կացարանի տրամադրումը։

«Մնաց 1 ամիս, որ երեխես ծնվի։ Համարյա 80 օր ա, որ չեմ տեսել ամուսնուս։ Դրա համար ես չեմ կարա իրան ասեմ՝ «դու գնա էնտեղ աշխատի, իսկ ես մնամ Երևանում»։ Իրենց մոտ լինելու համար էլ պետությունը պիտի կարողանա միջամտի, որ էդ մարդիկ զրոյից կարողանան ոտի կանգնել։ Ինչ պայմաններ էլ լինի, կգնամ։ Իմ երեխան իմ լույսն ա լինելու էս պատերազմից հետո։ Ես որոշել եմ, որ կծնվի Ստեփանակերտում, ու, երեխաս ամուսնուս գրկում, ծննդատնից դուրս կգանք»,- ուրախանում է Լիլիթը (Շուշի)։

Կանանց մի մասն արդեն Արցախում է՝ միանալու ծառայությունը շարունակող ամուսիններին։

«Որ երեխեքը կան, ուժեղ ես։ Ես դրա համար ուզում էի շուտ գայի, որ շուտ ուշքի գայի, իրականությունը շուտ տեսնեի։ Երևանում ինչքա՞ն նստեմ, ինչքա՞ն սպասեմ, ուզում էի, որ ընտանիքս միավորվի։ Ես ներքին վստահություն ունեմ, որ մի օր վերադառնալու եմ իմ քաղաքը»,- նշում է Գայանեն (Շուշի)։

Ու չնայած որոշակիացող հնարավոր ծրագրերին ու լավատեսությանը՝ գրեթե միանշանակ է, որ պատերազմի ելքը նրանց ավելի մեծ հոգեբանական սթրեսի ու անորոշության մեջ է գցել, քան այն դժվարությունները, որոնց առնչվել են պատերազմի ընթացքում։ Ուստի հետպատերազմյան շրջանում նկատելի է ավելի լուրջ հոգեբանական աջակցության կարիք՝ օգնելու հաղթահարել կորուստը, տրավմաների հետևանքները, տագնապն ու անորոշությունը, ինչպես նաև անհանգստությունը ընտանիքի ու հատկապես երեխաների ապագայի համար։

Ամփոփելով

Պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետական բյուրոկրատական ապարատի ծանրաբեռնվածությունը մեղմվել է հասարակական ու քաղաքացիական արագ և արդյունավետ մոբիլիզացիայի (նախաձեռնությունների) շնորհիվ՝ թույլ տալով պետական ապարատին արագորեն կազմակերպել կամ վերապրոֆիլավորել ճգնաժամին արձագանքելու համապատասխան օղակները։ Այս առումով պատերազմի օրերին նկատվել է հասարակական համերաշխության բարձր մակարդակ և տարբեր խնդիրներին արձագանքելու, ընդհուպ մինչև անհատական մակարդակում դրանց լուծմանը նպաստելու ընդհանուր պատրաստակամություն։

Այժմ՝ պատերազմի ավարտից հետո, արդեն դիտվում է պետության կողմից պատերազմի հետևանքներն արդյունավետորեն մեղմելուն, կրած վնասը փոխհատուցելուն և արցախցիների կյանքի բնականոն հունն ապահովելուն ուղղված հստակ որոշումների և ծրագրերի անհրաժեշտություն, որից մեծապես կախված կլինի այս ընտանիքների՝ կորստի ցավն ու ապագայի անորոշությունը հաղթահարելու, հոգեկան առողջությունը վերականգնելու և նոր կյանք սկսելու արդյունավետությունը։