Հոդվածի բովանդակության համար բացառապես պատասխանատու է հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները:
Մուտք
Ցարական Ռուսաստանն իր տիրապետության տակ գտնվող Այսրկովկասում վարչատարածքային բաժանումները կատարել էր այն սկզբունքով, որ հնարավոր բոլոր դեպքերում ստեղծվելիք նահանգներում և մարզերում բնակվող ժողովուրդներից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չկազմի: Սա արվում էր տարածաշրջանի ժողովուրդներին միմյանց դեմ լարելու, ազգային տարածքներ ստեղծելու հավակնությունները կանխելու և ռուսական տիրապետությունը հաստատուն դարձնելու նպատակով:
Սահմանավեճերի պատճառները
Ռուսական կայսրության` 1867 թ.-ի դեկտեմբերի 9-ի օրենքի համաձայն` Այսրկովկասում կատարված վարչական բաժանմամբ ցարական իշխանությունները Թիֆլիսի նահանգի մեջ էին մտցրել հայկական Ջավախքն ու Բորչալուն, Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգի մեջ` Ղազախը, Գանձակի լեռնային մասերը, Ղարաբաղն ու Զանգեզուրը:
1917 թ.-ի փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Այսրկովկասի ժողովուրդների շրջանում հույս առաջացավ, թե կլուծվի նաև տարածաշրջանն ազգային-վարչատարածքային սկզբունքով վերաբաժանելու` տասնամյակների ընթացքում հասունացած խնդիրը, որը մինչ այդ բարձրացվել էր 1905-1907 թթ.-ի ռուսական հեղափոխության ժամանակ: Այդ շրջանում հայության առաջատար քաղաքական ուժը հանդիսացող «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն առաջարկում էր զեմստվոներ (տեղական ինքնավարության մարմիններ) մտցնելուց առաջ Այսրկովկասը ենթարկել վարչական վերաբաժանման, որով ստեղծվելու էին երեք հայկական նահանգներ՝ Գանձակի, Ալեքսանդրապոլի և Երևանի, որտեղ հայերը կազմելու էին բնակչության համապատասխանաբար 70 , 66 և 54 %-ը:
Մասնավորապես հայկական Գանձակի նահանգը ստեղծվելու էր Ելիզավետպոլի նահանգը հայկական և թաթարական (ադրբեջանական) մասերի (Գանձակ և Ելիզավետպոլ) բաժանելու արդյունքում: Գանձակի նահանգի մեջ էին մտնելու հետևյալ գավառները` Քարվանսարայի (բաղկացած Ղազախի գավառի լեռնային հայաբնակ մասերից), Գանձակի (կազմված Ելիզավետպոլի գավառի լեռնային հայաբնակ մասերից), Շուշիի (ընդգրկելով Շուշիի գավառի գերակշիռ մասը, Ջևանշիրի գավառի լեռնային հայաբնակ մասերը, Զանգեզուրի գավառի որոշ գյուղախմբերը և Կարյագինոյի գավառի Հադրութի, Էդիլլուի և Առաքյուլի գյուղախմբերը), Զանգեզուրի (բաղկացած Զանգեզուրի գավառի մնացած մասից` առանց Բարկուշատի հովտի թաթարաբնակ մի քանի գյուղախմբերի): Նահանգի կենտրոնն էր լինելու Ելիզավետպոլ քաղաքի հայկական մասը[1]:
Տարածաշրջանի ժողովուրդների միջև եղած հակասությունների, այնուհետև 1917 թ.-ի հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխության հետևանքով Այսրկովկասի վերաբաժանման հարցը մնաց առկախ: 1918 թ.-ի մայիսին Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության փլուզումից և երեք անկախ պետությունների (Վրացական Հանրապետություն, Ադրբեջանական Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն) ստեղծումից հետո տարածքային հարցն արտաքին կողմնորոշման և տնտեսական խնդիրների կողքին դարձավ հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին տարանջատող և հակասություններ առաջ բերող գլխավոր խնդիրը:
1918-1920 թթ.-ին Հայաստանի և Ադրբեջանի անկախ հանրապետությունների շրջանում եղած բազմաթիվ հակասությունների պատճառով երկու պետություններն այդպես էլ փոխադարձաբար ընդունելի միջպետական սահմանագիծ չունեցան: Մասնավորապես Ելիզավետպոլի նահանգի Ղազախի և Զանգեզուրի գավառները դեռևս 1917 թ.-ին ազգագրական հիմքի վրա փաստացի բաժանվել էին երկուական (հայկական և ադրբեջանական) մասերի: Հայ-ադրբեջանական սահմանագծում պարբերաբար ռազմական ընդհարումներ էին տեղի ունենում: Հանրապետությունների իշխանությունները հույս ունեին Ելիզավետպոլի նահանգի բաժանման և վիճելի տարածքների պատկանելության հարցին լուծում գտնել Փարիզում ընթացող կոնֆերանսում, սակայն այդ հույսերն իրականություն չդարձան:
1920 թ.-ի ապրիլի 28-ին մուսավաթական Ադրբեջանի խորհրդայնացումը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանում. Այսրկովկաս վերադարձավ Ռուսաստանը` երկրամասը վերագրավելու և այդտեղ խորհրդային կարգեր հաստատելու անխախտ նպատակամղումով: Խորհրդային Ռուսաստանը փորձում էր չեզոք դիրքորոշում որդեգրել հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների հարցում: Դրա վկայությունն է այն, որ 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքված հայ-ռուսական համաձայնագրում հստակ արձանագրվում էր, որ խորհրդային զորամասերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի զինագրավումը «չի կանխորոշում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության իրավունքների հարցը»[2]:
Խորհրդային «անկախ» հանրապետությունների շրջանը
1920 թ․-ի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց: Համաձայնագրի երրորդ հոդվածով՝ Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) մաս հանդիսացող տարածքներ էր ճանաչում նախկին Ռուսական կայսրության Երևանի ամբողջ նահանգը (այդ թվում՝ Նախիջևանը), Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ողջ գավառը և Ղազախի գավառի արևմտյան և հարավային մասերը[3]։ Համաձայնագրի այլ դրույթների նման սույն հոդվածը ևս մնաց թղթի վրա:
ՀՍԽՀ-ի և Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ԱՍԽՀ) սահմանագիծը ձևավորվեց մի քանի փուլով: Նախ 1921 թ.-ի մարտի 16(18)-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական «բարեկամության» պայմանագրով Նախիջևանը դրվեց Խորհրդային Ադրբեջանի խնամակալության տակ` «պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության»[4], որի տակ հասկացվում էր Հայաստանը: 1921 թ.-ի հոկտեմբերի 13-ին Խորհրդային Ռուսաստանի մասնակցությամբ Կարսում Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված «բարեկամության» պայմանագրով, փաստորեն, այսրկովկասյան հանրապետությունների մասով վավերացվեց Մոսկվայի պայմանագիրը: Այդուհանդերձ, Ադրբեջանի՝ Նախիջևանի նկատմամբ խնամակալությունն այլ պետությանը չզիջելու դրույթը հանվեց[5]:
1921 թ.-ի գարնանը, երբ Այսրկովկասի երեք անկախ հանրապետություններն արդեն խորհրդայնացվել էին, խորհրդային իշխանությունները ձեռնամուխ եղան նախորդ շրջանից ժառանգություն մնացած տարածքային խնդիրների կարգավորմանը:
Հայ-ադրբեջանական մյուս վիճելի տարածքների ճակատագիրը տարբեր կերպ դասավորվեց: Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության (ՌԿ(բ)Կ) Կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումի՝ 1921 թ.-ի հուլիսի 5-ի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղը իբրև ինքնավար տարածք միացվեց Խորհրդային Ադրբեջանին[6]: Նախկին Ղազախի և Զանգեզուրի գավառները փաստացի բաժանվեցին երկու հանրապետությունների միջև: Ղազախի գավառի բաժանման վերաբերյալ փաստաթուղթ մեզ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ այս դեպքում հիմք է ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների ժամանակ գոյություն ունեցած փաստացի սահմանագիծը, երբ գավառի արևմտյան և հարավային հայաբնակ մասը պատկանում էր Հայաստանին, իսկ մահմեդականներով բնակեցված արևելյան և հյուսիսային մասը՝ Ադրբեջանին:
Զանգեզուրի գավառի տարածքում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև ժամանակավոր սահմանագծի որոշումը վերապահվեց հայ և ադրբեջանցի կոմունիստներին: 1921 թ.-ի հոկտեմբերի 12-13-ին տեղի ունեցավ հայկական Զանգեզուրի և ադրբեջանական Ղուբաթլուի գավառների 43 «պատասխանատու գործիչների» խորհրդակցություն, որը որոշեց. «Ընտրել հանձնաժողով՝ պարզելու համար, թե որ գյուղերում են գյուղխորհուրդներ եղել, որոնց ներկայացուցիչները մայիսի 1-ին մասնակցել են համաադրբեջանական խորհուրդների առաջին համագումարին, այդտեղ պետք է տարածվի Ղուբաթլուի գործադիր կոմիտեի իշխանությունը, իսկ Զանգեզուրի հեղկոմի տարածք համարել այն, որը 1921 թ.-ի հուլիսին մաքրվել է Նժդեհի բանդաներից»[7]: Փաստորեն, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ Սյունիքում մղված պայքարի արդյունքում է, որ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի արևմտյան մասը միացավ Խորհրդային Հայաստանին: Բացառված չէ, որ եթե մինչև 1921 թ. մայիս-հուլիսը (ադրբեջանական տեղական խորհուրդների ընտրությունների և Զանգեզուրի խորհրդայնացման շրջանը) Զանգեզուրի գավառից առավել քիչ տարածքներ գտնվեին Գ. Նժդեհի իշխանության ներքո, ապա ավելի սեղմ կլիներ Խորհրդային Հայաստանի տարածքը:
1921 թ.-ի օգոստոսի 15-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն այսրկովկասյան խորհրդային երեք հանրապետություններին առաջարկեց սահմանագծման վերաբերյալ ընդհանուր պայմանագիր ստորագրել[8]: 1921-1922 թթ.-ին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանազատման մասին վերջնական համաձայնագիր այդպես էլ չկնքվեց, ինչի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագիծն անորոշ մնաց:
Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանային խնդիրներին լուծում տալուն ուղղված քայլեր սկսվեցին իրականացվել 1922 թ.-ի սկզբից: Բանն այն է, որ ՀՍԽՀ Զանգեզուրի և ԱՍԽՀ Ղուբաթլուի, ՀՍԽՀ Դիլիջանի և ԱՍԽՀ Ղազախի գավառների միջև շարունակական վեճեր էին ընթանում հողային և վարչական սահմանների անորոշության պատճառով: Այդուհանդերձ, այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացվեցին միայն 1922 թ.-ի մարտին՝ Անդրկովկասյան Դաշնության կազմավորումից հետո:
Անդրկովկասյան Դաշնության շրջանը
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանային շերտերում գտնվող հողատարածքների, անտառների, աղբյուրների պատկանելության և օգտագործման ժամանակ առաջ եկած վեճերը երբեմն ընդհարումների էին հանգեցնում, ուստի 1923 թ.-ի փետրվարին Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի (Կենտգործկոմ) նախագահության կողմից ստեղծվեց Անդրդաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների միջև հողերի, անտառների, ջրօգտագործման վեճերը լուծող հանձնաժողով, որը արխիվային փաստաթղթերում առավել հաճախ կրճատ անվանվում է նաև Հողային հանձնաժողով: Հանձնաժողովը ենթակա ու հաշվետու էր Անդրդաշնության Կենտգործկոմին: Նրա մեջ մտնում էին նախագահն ու 2 անդամները` նշանակված Անդրկենտգործկոմի կողմից, ինչպես նաև երկուական անդամներ, որոնք ներկայացնում էին դաշնության կազմի մեջ մտնող 3 հանրապետությունները (9 անդամ): Հողային հանձնաժողովը գործեց մինչև 1930 թ.-ի աշուն:
Բացի սույն կենտրոնական հանձնաժողովից՝ 1920-ականներին գործում էին նաև տեղական բազմաթիվ հանձնաժողովներ: Վարչատնտեսական սահմաններ հաստատելու նպատակով ստեղծված տեղական հանձնաժողովների մեջ մտնում էին մեկական ներկայացուցիչներ շահագրգիռ հանրապետություններից և Անդրկենտգործկոմի կողմից նշանակված ներկայացուցիչը: Տեղական հանձնաժողովների կողմից պատրաստված նյութերն ուղարկվում էին միութենական հանձնաժողովին, իսկ նրա միջոցով՝ Անդրկենտգործկոմի նախագահություն, որի որոշումները համարվում էին վերջնական: Անդրդաշնության սահմաններում սահմանագծային աշխատանքներ իրականացնող կենտրոնական և տեղական հանձնաժողովների աշխատանքները տեղի էին ունենում ձգձգումներով, հաճախ ուղեկցվում տեղական բնակչության դժգոհություններով:
Անդրդաշնության կազմավորման պահին Հայաստանը և Ադրբեջանը տարածքային-սահմանային սուր վեճեր ունեին Շինիխ-Այրումի շրջանի, Ալ լճերի (Ալագյոլլար), Ղափանի շրջակայքի 21 գյուղերի և Մեղրու երեք գյուղերի պատկանելության, նաև որոշակի հակասություններ ՀՍԽՀ-ի և ինքնավար Նախիջևանի սահմանագծման հարցերում: Այն փաստացի շարունակվեց 1920-ականների ողջ ընթացքում:
1920-ական թվականներին առանձին հողաշերտերի պատկանելության վերաբերյալ տարածքային վեճեր գոյություն ունեին ՀՍԽՀ Դիլիջանի և ԱՍԽՀ Ղազախի գավառների հետևյալ գյուղերի միջև՝ հայկական և մուսուլմանական Թաթլու, Չախմախլի (ԱՍԽՀ) և Լալիգեղ (Լալաքենդ) (ՀՍԽՀ), Կոթի (ՀՍԽՀ) և Դաշսագլի (ԱՍԽՀ), Կողբ (ՀՍԽՀ) և Շիխլի (ԱՍԽՀ), Դովեղ (ՀՍԽՀ) և Քյամարլի (ԱՍԽՀ), Բարանա (ՀՍԽՀ) և Ղայմախլի (ԱՍԽՀ)[9]: Սրանց լուծումը, կապված հողհանձնաժողովների աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման, երբեմն թույլ տրված սխալների և ապօրինությունների հետ, 1922-1924 թթ.-ի ընթացքում հիմնականում կարգավորվեց[10]:
Դիլիջանի և Ղազախի գավառների միջև առկա ամենասուր տարածքային վեճը Շինիխ-Այրումի շրջանի հողատարածքների պատկանելության խնդիրն էր: Ընդհանուր առմամբ, այդ շրջանում վիճելի էր համարվում 15.659 դեսյատին[11] տարածք, որից 6.751 դեսյատինը անտառներ էին, 3.621 դեսյատինը` ամառային արոտավայրեր, իսկ մնացած մասը՝ անասնապահական ձմեռանոցներ և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ: Այդ տարածքում գտնվում էր 34 գյուղ ու գյուղակ, որտեղ բնակվող թուրքերի թիվը 4.124 էր (771 ընտանիք): 1923 թ.-ի ապրիլին Դիլիջանի և Ղազախի գավառների վարչատնտեսական սահմանագծում անցկացվեց, որը հաստատվեց Անդրկենտգործկոմի կազմում գտնվող գավառների հողային վեճերը որոշող հանձնաժողովի՝ 1923 թ.-ի ապրիլի 28-ի նիստում: Որոշման համաձայն՝ Շինիխ-Այրումի շրջանում գտնվող 5.000 դեսյատին հողատարածքը ՀՍԽՀ Դիլիջանի գավառից հանձնվեց ԱՍԽՀ Ղազախի գավառին: Սակայն այս որոշման հիման վրա սահմանազատում չկատարվեց, ինչից էլ օգտվելով՝ Խորհրդային Ադրբեջանը մինչև 1925 թ.-ի սեպտեմբերն ապօրինաբար տիրացել էր ևս 6.800 դեսյատին հողատարածքի (ընդհանուր՝ 11.800 դեսյատին)[12]:
ՀՍԽՀ իշխանությունները ոչ առանց հիմքերի մտավախություն ունեին, որ, սեպաձև խրվելով Հայաստանի տարածքում, ադրբեջանաբնակ գյուղերը ապագայում կփորձեին հայկական գյուղերի հաշվին ընդլայնել իրենց հողատարածքները: Ուստի գոյություն ունեցող հակասություններին վերջ տալու նպատակով Հայկենտգործկոմի նախագահությունը 1925 թ.-ի հոկտեմբերի 13-ին որոշեց դիմել Անդրկենտգործկոմին` առաջարկելով երկու հանրապետությունների լիազորների ներկայությամբ սահմանազատում կատարել՝ համաձայն 1923 թ.-ի ապրիլի 28-ի որոշման, և միաժամանակ Դիլիջանի ու Ղազախի գավառների միջև սեպաձև մտնող համահավասար հողամասի փոխանակություն անել: Այսինքն` 4.000 դեսյատին տեղամասի դիմաց ՀՍԽՀ Կենտգործկոմն առաջարկում էր տարածքով ու բնակչության թվով համահավասար տեղամաս տրամադրել Բաշքենդի շրջակայքում: Այս դեպքում խնդիրն այն էր, որ Շինիխ-Այրումի շրջանի թուրք և Բաշքենդի շրջանի հայ բնակչությունը մերժում էր տեղափոխվել հարևան հանրապետություններ[13]: Սա փակուղային վիճակ ստեղծեց:
1925 թ.-ի նոյեմբերի 2-ի նիստում Անդրկենտգործկոմի հողհանձնաժողովը, քննելով հարցի վերաբերյալ եղած նյութերը, եկավ այն եզրակացության, որ խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է շուտափույթ նիստ հրավիրել` երկու հանրապետությունների հողժողկոմների մասնակցությամբ: Դրանից հետո նոյեմբեր ամսվա ընթացքում հողհանձնաժողովը մի քանի անգամ հարցը վերանայելու համար նիստեր գումարեց, որոնց Ադրբեջանի ներկայացուցիչը չժամանեց: ԱՍԽՀ հողժողկոմ Դ. Բունիաթզադեն ներկայացավ միայն 1927 թ.-ի հունվարի 11-ին Ս. Կասյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անդրդաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների միջև հողերի, անտառների, ջրօգտագործման վեճերը լուծող հանձնաժողովի և նույն օրը տեղի ունեցած Անդրդաշնության Կենտգործկոմի նախագահության նիստերին, որոնց ՀՍԽՀ-ի կողմից մասնակցում էր հողժողկոմ Ա. Երզնկյանը: Այդ որոշման համաձայն՝ Շինիխ-Այրումի շրջանի ամբողջ տարածքը (11.659 դեսյատին) ճանաչվեց Ղազախի գավառի մաս, իսկ շրջանին կից անտառի վիճելի տարածքը (4.000 դեսյատին)` Դիլիջանի մաս: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ՀՍԽՀ Բաշքենդ գյուղն այդ դեպքում կհայտնվեր Ղազախի գավառում, որոշվեց առանձնացնել մի հողաշերտ` ամառային արոտավայր, որը տարածքային առումով գյուղը կկապեր Դիլիջանի հետ: Սակայն հենց նույն օրը որոշումը չեղյալ համարվեց, քանի որ Հայաստանի ներկայացուցիչ Ա. Երզնկյանն այս հարցի կարգավորումը կապում էր ՀՍԽՀ Դարալագյազի և ԱՍԽՀ Քուրդիստանի գավառների միջև Ալ լճեր ամառային արոտավայրի 12.000 դեսյատին տեղամասի համար ընթացող վեճի հետ[14]:
ՀՍԽՀ Դարալագյազի գավառի սահմաններում ընդգրկված Մեծ և Փոքր Ալ լճերի պատկանելության խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի առարկա հանդիսացող տարածքներից էր: 1923 թ.-ի ապրիլի 23-ին հարցը քննարկվեց Անդրկենտգործկոմի նախագահության կողմից, սակայն խնդիրը մնաց չկարգավորված: 1926 թ.-ի օգոստոսի 10-ին ՀՍԽՀ Կենտգործկոմն Անդրդաշնության Կենտգործկոմին խնդրեց արագացնել հարցի կարգավորումը: Հոկտեմբեր-դեկտեմբերին դաշնության Կենտգործկոմին կից Հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողովը մի շարք հարցումներ ուղարկեց ՀՍԽՀ և ԱՍԽՀ իշխանություններին: Վարչական կառավարման նպատակահարմարությամբ պայմանավորված՝ հայկական կողմն առաջարկում էր այդ տարածքը կցել Նոր Բայազետի գավառին: Ադրբեջանական կողմը փորձում էր հիմնավորել Քուրդիստանի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությունը:
Սուր վեճեր գոյություն ունեին ՀՍԽՀ Զանգեզուրի և ԱՍԽՀ Քուրդիստանի գավառների տարբեր բնակավայրերի միջև: Սահմանագծի անորոշ դրությունն անհանգստություն էր պատճառում զանգեզուրցիներին: Խնդիրն այն է, որ չէին դադարում Քուրդիստանի տարածքից տարբեր ավազակախմբերի կողմից սահմանակից հայկական գյուղերի վրա կատարվող պարբերական հարձակումներն ու թալանը:
Արդեն 1926 թ.-ի սեպտեմբերի առաջին կեսին Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների սահմանագծման աշխատանքներ իրականացրեց Յա. Կոչետկովի նախագահությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված տեղական հանձնաժողովը: Նշված հանձնաժողովում որպես ՀՍԽՀ հողժողկոմատի ներկայացուցիչ ընդգրկվել էր նաև հայ գրող, մասնագիտությամբ հողաշինարար Ակսել Բակունցը[15]: Ա. Բակունցի` 1926 թ.-ի հոկտեմբերի 18-ին ՀՍԽՀ հողագործության ժողկոմատի հողվարչությանն ուղղված զեկուցումից երևում է, որ հանձնաժողովը սահմանագիծն անցկացնելիս հաշվի չէր առնում ո´չ Զանգեզուրի սակավահողությունը, ո´չ էլ այն հանգամանքը, թե գյուղերն ինչ կապեր ունեն հարևան շրջանների հետ, և որոշումների հիմքում դնում էր, այսպես կոչված, էթնիկական սկզբունքը[16]: Որոշ թուրքաբնակ գյուղեր ու գյուղակներ սեպի նման խրված էին հայկական գյուղերի միջև, ինչը Ադրբեջանի օգտին սահմանային ձևափոխումներ կատարելու առիթ էր դառնում: Որոշակի դեր է ունեցել նաև տնտեսական գործոնը:
Առավել խնդրահարույց հարցերից էր Կապանի մերձակայքի՝ Ողջի գետի ավազանի (20 գյուղ-գյուղակներ՝ 412 տուն, 1552 անձ) և Բասուտ գետի ավազանի (1 գյուղ՝ 25 տուն, 100 անձ) բնակավայրերի և Արաքս գետի ափամերձ տարածքում գտնվող 3 գյուղերի (Նյուվադի, Էյնաձոր, Թղութ՝ միասին 175 տուն, 664 անձ) պատկանելության խնդիրը: Անդրկենտգործկոմի Հողային հանձնաժողովի 1927 թ.-ի տվյալների համաձայն՝ նշյալ 21 գյուղակների զբաղեցրած տարածքը 7.000 դեսյատին էր, Արաքս գետի ափամերձ 3 գյուղերինը՝ 9.000 դեսյատին, միասին՝ 16.000 դեսյատին: Այս գյուղերի պատկանելության հարցը բազմիցս քննարկվեց Անդրդաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների միջև Հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողովի նիստերում, սակայն անընդհատ վերջնական որոշման ընդունումը ձգձգվում էր, և հարցը մնում էր առկախ:
Անդրդաշնության հանրապետությունների Հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողովը 1929 թ.-ի հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում գումարած նիստերի ընթացքում քննարկեց և որոշում կայացրեց նաև ՀՍԽՀ-ի և ինքնավար Նախիջևանի միջև 9 բնակավայրերի (Դարալագյազի գավառի Կուրթղուլաղ, Գորադիս, Օղբին, Աղխաչ, Դիգին-Ալմալու, Ալմալու, Իթղռան, Սուլթանբեկ, Մեղրու գավառի Կարճևան գյուղերի) վիճելի համարվող հողատարածքների վերաբերյալ:
Տեսնելով, որ կողմերը փոխադարձ պայմանավորվածություններով չեն կարողանում իրենց միջև եղած տարածքային-սահմանագծային վեճերին լուծումներ գտնել՝ Անդրկովկասյան Դաշնության ղեկավարությունը որոշեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանային խնդիրները «մեկ փաթեթով» լուծել: 1929 թ.-ի փետրվարի 18-ին Անդրկենտգործկոմի նախագահությունը մանրամասն քննության առավ դաշնության մեջ մտնող հանրապետությունների սահմանային գավառների միջև գոյություն ունեցող հողային և անտառային վեճերի թեման՝ կուտակված և անընդհատ հետաձգվող հարցերին վերջնական լուծումներ տալը համարելով խնդիր: Նշյալ նիստին մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները: Չնայած այս հանգամանքին՝ նիստի ընթացքում ընդունված որոշումները հետագայում միանշանակ չընդունվեցին: Ասվածն առավել քան վերաբերում է ՀՍԽՀ-ԱՍԽՀ սահմանագծին: Մասնավորապես Շինիխ-Այրումի վիճելի տարածքի դեպքում որոշվեց շրջանի 11.659 դեսյատին տարածքը միացնել Ղազախի, իսկ 4.000 դեսյատինը՝ Դիլիջանի գավառին: Նշված որոշմամբ Ղազախի գավառի սահմաններում հայտնված Բաշքենդ (հետագայում՝ Արծվաշեն) գյուղը նեղ հողաշերտով կապվելու էր ՀՍԽՀ-ի հետ (հետագայում այդ հողաշերտն անցավ Ադրբեջանին): Ալ լճերի դեպքում որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քուրդիստանի գավառին: Ղափանի մերձակայքի՝ Ողջի և Բասուտ գետերի ավազանում գտնվող 21 գյուղերը միացվեցին Ադրբեջանին, իսկ Նյուվադին, Էյնաձորը և Թղութը՝ Հայաստանին: Մանրամասն նկարագրությամբ հաստատվեց Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների սահմանագիծը՝ ըստ 1928 թ.-ի օգոստոսի 24–28-ին կողմերի միջև կայացած համաձայնության: Որոշվեց նաև ՀՍԽՀ կազմում թողնել Նախիջևանի հավակնության առարկա դարձած վերը նշված 9 գյուղերը: Մեղրու գավառի Կարճևան և Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանվեց երկու գյուղերի միջև: Անդրկենտգործկոմի Հողային և անտառային վեճերը լուծող հանձնաժողովին հանձնարարվեց տեղում վերջնականապես որոշել Զանգեզուրի և Ջաբրայիլի գավառների սահմանագիծը՝ լուծում տալով առկա հակասություններին[17]:
1929 թ.-ի ամռանը և աշնանը, ինչպես նաև 1930 թ.-ի ընթացքում սահմանագծման և սահմանային նշանների տեղադրման աշխատանքներ իրականացվեցին հայ-ադրբեջանական սահմանագծում:
Եզրափակում
Անդրկենտգործկոմի նախագահության գործուն միջամտության արդյունքում 1929 թ.-ի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների սահմանային վեճերի հիմնական մասը «լուծվեց», այդուհանդերձ գոյություն ունեին մասնակի վեճեր, որոնք երկարաձգվեցին մինչև Անդրդաշնության լուծարումը (1936 թ.-ի դեկտեմբեր): Թեև 1940-1980-ական թթ.-ին երկու հանրապետությունների սահմանների ճշգրտմանն ուղղված մասնակի աշխատանքներ կատարվեցին, սակայն վիճելի մնացած որոշ հողատարածքների պատկանելության հարցը այդպես էլ վերջնականապես չհստակեցվեց: Դրա հետևանքով Խորհրդային Հայաստանի իրավահաջորդը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունն այսօր հայտնվել է ռազմավարական տեսակետից ոչ նպաստավոր պայմաններում: 2020 թ.-ի աշնանը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո հատկապես ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային տարածքներում առավել սուր կերպով դրսևորվեցին անվտանգության խնդիրները՝ միանգամայն անսովոր իրադրություն ստեղծելով և լրջագույն մարտահրավեր դառնալով սահմանամերձ գյուղերի բնակչության համար։
[1] Տե՛ս Шахатунян А., Административный передел Закавказского края, Тифлис, 1918, с. 128-134, Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 23-24:
[2] Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2000, էջ 248:
[3] Խաչատրյան Կ. Հ., Սուքիասյան Հ. Կ., Բադալյան Գ. Մ., Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին, Երևան, 2020, էջ 35:
[4] Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Երևան, 1972, էջ 501:
[5] Նույն տեղում, էջ 517-527:
[6] Нагорный Карабах в 1918-1923 гг., сборник документов и материалов, Ереван, 1992, с. 649-650.
[7] Խաչատրյան Կ. Հ., Սուքիասյան Հ. Կ., Բադալյան Գ. Մ., նշվ. աշխ., էջ 63-65:
[8] Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 1021, ց. 2, գ. 1185, թ. 38:
[9] ՀԱԱ, ֆ. 112, ց. 1, գ. 168, թ. 26 և շրջ.:
[10] Խաչատրյան Կ. Հ., Սուքիասյան Հ. Կ., Բադալյան Գ. Մ., նշվ. աշխ., էջ 91-94:
[11] 1 դեսյատինը հավասար է 2400 քառակուսի սաժենի կամ 1.09 հեկտարի:
[12] ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 703, թ. 195, ֆ. 112, ց. 2, գ. 31, թ. 36:
[13] ՀԱԱ, ֆ. 112, ց. 2, գ. 31, թ. 32–37:
[14] ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 703, թ. 195–196:
[15] Ղազախեցյան Վ., Ակսել Բակունցի գործունեությունը ՀՍԽՀ hողժողկոմատի կոլեգիայում (1925–1928 թթ.), «Բանբեր Հայաստանի արխիվների», 1979, N 2, էջ 90–100:
[16] Բակունց Ա., Երկեր, հ. 4, Երևան, 1984, էջ 486–487:
[17] ՀԱԱ, ֆ. 112, ց. 1, գ. 267, թ. 78–79 շրջ.: