levon Abrahamyan photo of a removed soviet statue

Հիշողության քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում. hետադարձ հայացք անցած 30 տարիներին

Read in English

Հիշողության՝ տարիներ շարունակ ընդլայնվող հետազոտությունները բազմիցս արձանագրել են, թե ինչպես են հիշողության [Connerton, 1989; Assman, 2006, Alexander, 2004, 2012; Eyerman, 2004] և լռեցման/մոռացման [Ankersmit, 2003; Connerton, 2009; Assman, 2019; Эппле, 2020] քաղաքականություններն ազդել ազգային ինքնությունների ձևավորման և փոխակերպման վրա: Այս խնդիրները հատկապես արդիական են դառնում քաղաքական կտրուկ ցնցումների ժամանակ և հանգեցնում են անցյալի քննադատական վերանայման։ Այսպիսով, Խորհրդային համակարգի փլուզման արդյունքում նորանկախ հանրապետությունները ստիպված էին զբաղվել ոչ միայն իրենց ապագայի, այլև անցյալի կառուցման խնդրով:

Հայաստանում հիշողության քաղաքականությունն ու հիշողության լանդշաֆտը հիմնականում հիմնված են երկրի անկախությանը նախորդած և դրան հանգեցրած գործընթացների, ինչպես նաև անկախության հաստատումից հետո իշխանության եկած կուսակցությունների քաղաքական գաղափարախոսության ու հռետորաբանության վրա, որոնք և իրենց համապատասխան հետևանքներն են ունեցել ինքնության կառուցման և պետականաշինության վրա: Թեև քաղաքականությունը հիմնված էր թե՛ վերընթաց և թե՛ վարընթաց գործընթացների վրա, այս հետազոտությունը հիմնականում անդրադառնում է վերիցվար պրակտիկաներին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության հիշողության քաղաքականությունը 1991-2021 թթ. բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով.
• Ղարաբաղյան շարժման ընթացքում առաջ մղվող ազգային խոսույթների և պատումների հենքով և հիմնականում ազգային պետության կառուցման գաղափարների շուրջ ձևավորվելով, իսկ հետագայում նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող զարգացումների շնորհիվ ամրապնդվելով` այն զարգացել է միագիծ ազգային պատումի շուրջ` քիչ տեղ թողնելով այլընտրանքային հիշողության համար:

• Արդեն որոշակի փոխակերպումներով և ղարաբաղյան հակամարտության հետ միահյուսմամբ՝ Ցեղասպանության հիշողությունն (Marutyan, 2009) ընդհանուր առմամբ, գերիշխել է հիշողության քաղաքականության մեջ և հիշողության լանդշաֆտում` իր ազդեցությունը թողնելով ինչպես հուշարձանների և հուշահամալիրների, այնպես էլ կրթության և այլնի վրա: Լռեցվելով վաղ խորհրդային շրջանում ` ցեղասպանության հիշողությունը շարունակել է իր գոյությունը որպես լատենտ հիշողություն, և 1965 թ. ի վեր, վերափոխվել է հավաքական և անգամ մշակութային տրավմայի
(Eyerman, 2004, Alexander, 2004; Шагоян, 2021): ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն վերաճել է գերիշխող պատումի (հմմտ. Alexander 2004:12-15)՝ ազդելով իշողությանն առնչվող այլ պրակտիկաների վրա։ Այն մինչ օրս շարունակում է մնալ հիշողության առօրեականացման ինստիտուցիոնալացման փուլում (Alexander, 2012):

• Համապատասխան օրենսդրությունը և քաղաքականությունները, այդ թվում` պաշտոնական տոնացույցը, տեղանունները, հուշարձաններն ու հուշահամալիրները, կրթական չափորոշիչներն ու ծրագրերը, արդյունավետորեն օգտագործվել են` պաշտոնական պատումը
պարտադրելու համար:

• Չնայած այս ամենին՝ եղել են տեղական նախաձեռնություններ, որոնք որոշ հաջողություն են արձանագրել պաշտոնական մոտեցմանը հակադրվելու, ինչպես նաև այլընտրանքային պատումներ ստեղծելու գործում: Ընդհանուր առմամբ, հիշողության քաղաքականության մեծ ու փոքր տեղաշարժերը և փոփոխությունները կարելի է կապել Հայաստանի ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-1998 թթ.), Ռոբերտ Քոչարյանի (1998-2008 թթ.), Սերժ Սարգսյանի (2008-2018 թթ.) և Նիկոլ Փաշինյանի (2018‑այժմ) ժամանակաշրջանների հետ: Սկզբում ժողովրդից սնվող, հանրային գիտակցության մեջ արմատավորված և խորհրդային ժամանակաշրջանում լռեցված՝ Հայաստանի հիշողության քաղաքականությունն այնուհետև նյութականացավ համապատասխան օրենսդրության և քաղաքականությունների տեսքով և դրանցից բխող գործողություններով: Հաջորդիվ, մենք դիտարկում ենք այս փուլերից յուրաքանչյուրը` հետևյալ տեսանկյունից.

ա) փոփոխվող հիշողության լանդշաֆտը, այդ թվում` տեղանունների անվանակոչման և անվանափոխման պրակտիկաները, որոշ հին հուշարձանների քանդումը և նորերի տեղադրումը, հուշահամալիրների ու թանգարանների առկայությունը,

բ) պաշտոնական տոներն ու հիշատակի օրերը,

գ) պատմության ուսուցումն ու հանրային խոսույթը:

Product details
Date of Publication
2022
Publisher
Heinrich Boell Foundation South Caucasus
Number of Pages
28
Licence
All rights reserved
Language of publication
Armenian
Table of contents

Խորհրդային անցյալի մերժում և պետականաշինության հիմքերի ստեղծում (1992-1998 թթ.) 6

Ղարաբաղյան (արցախյան) պատերազմի վրա կենտրոնացում, հիշողության լանդշաֆտում եկեղեցու ավելի մեծ ներկայություն եվ կրթության մեջ ազգային պատմության ձեվավորում (1998-2008 թթ.) 11

Ազգային հիշողության կառուցման ամրապնդում եվ ցեղասպանության հիշատակի վրա ավելի մեծ կենտրոնացում (2008-2018 թթ.) 15

Թավշյա հեղափոխություն եվ 44‑օրյա պատերազմ. Հիշողության քաղաքականության որոնումների «ամերիկյան բլուրներ» (2018 թ?-մինչ օրս) 18

Եզրակացություն 25

Հղումներ 26