Հոդվածն անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին՝ մանրամասն վերլուծելով դրա հիմնական խնդիրներից մեկի՝ սահմանազատման գործընթացի ներկայիս իրավիճակը։ Խոսելով գործընթացի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերի մասին՝ հեղինակը նաև իրավիճակի բարելավման առաջարկներ է ներկայացնում։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցային գործընթաց։ Այդ գրծընթացը անցնող 4 տարիների ընթացքում ունեցավ տարբեր փոխակերպումներ՝ ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության առումով։ Թեպետ հարցերի մի լայն շրջանակ արդեն իսկ համարվում է համաձայնեցված, չլուծված են մնում դեռևս բավականին էական հարցերի փաթեթներ, որոնք սպառնում են տապալել ողջ բանակցային գործընթացն ու հանգեցնել ամբողջ տարածաշրջանի էական ապակայունացման
Ու՞ր է հասել բանակցային գործընթացը
Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսվում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջընթացի մասին։ ՀՀ իշխանությունների հանրային հաղորդակցությունից պարզ է դառնում, որ համաձայնեցված է հարցերի զգալի մասը։ Հիմնականում բացառություն են կազմում այն կետերը, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են երկու փաթեթի՝ կոմունիկացիաներին և սահմանազատման իրավա-քաղաքական հիմքերին։
Հարցերի առաջին փաթեթը վերաբերում է կոմունիկացիոն ուղիներին և դրանց բացազատման տրամաբանությանը։ Մի կողմից հայկական կողմը ցանկանում է կոմունիկացիաների բացազատում՝ հիմնված չորս սկզբունքների վրա՝ ինքնիշխանություն, իրավազորություն, հավասարություն, փոխադարձություն․ այսինքն՝ կումունիկացիաների բացազատում` հիմնված միջազգային պրակտիկայի ու իրավունքի և տնտեսական ու ենթակառուցվածքային քայլ առ քայլ աճող համագործակցության վրա։ Մյուս կողմից ադրբեջանական կողմը չի դադարեցնում «միջանցքային» տրամաբանության լոբբինգը, որը նշանակում է ՀՀ տարածքով անցնող մի ճանապարհի վրա ադրբեջանական կողմի բացառիկ տնտեսական (իսկ որոշ հայտարարությունների ու վերլուծությունների համաձայն՝ ոչ միայն տնտեսական) իրավունքների և ռուսական հատուկ ծառայությունների մշտական ներկայության ու երաշխիքների արձանագրում։
Մյուս փաթեթը, որի մասին կլինի հիմնական խոսքը, սահմանազատման գոծընթացի իրավաքաղաքական հիմքերի շուրջ պայմանավորվածություններն են։ Սա նշանակում է, որ կողմերը, մեկնարկելով սահմանազատման գործընթացը, պետք է ունենան հստակ պատկերացում, թե ինչ իրավական հիմքերի վրա են իրականացնելու այդ գործընթացը։ Հայկական կողմի պատկերացմամբ նման իրավական հիմք կարող է լինել միայն նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներքին ադմինիստրատիվ սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչվել են, որպես միջպետական սահմաններ։ Համապատասխանաբար, սահմանազատման տեսանկյունից այդ սահմանների հիմքը պետք է լինի նախկին ԽՍՀՄ իրավասու մարինների կողմից հրատարակված և կողմերի միջև պատշաճ իրավական գործընթացներով անցած տոպոգրաֆիական մասնագիտական քարտեզները և դրանց հիմքում առկա սահմանազատող հանձնաժողովների ստորագրած արձանագրությունները։ Սակայն ադրբեջանական կողմը խուսափում է նման հիմքերի արձանագրումից և գերադաում է հարցին մոտենալ առանց սահմանափակումների՝ ցուցաբերելով «ստեղծագործական» մոտեցում։ Ավելորդ չէ նշել, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում այս մոտեցումը՝ հաշվի առնելով փոխադարձ թշնամանքի և անվստահության առկա մթնոլորտը, որի պարագայում սահմանի ամեն հատվածի չնչին տարաձայնություն սպառնում է վերաճելու զինված հակամարտության։
Ու՞ր են գնալու բանակցությունները
Կարճ անդրադառնալով կոմունիկացիաների փաթեթին՝ հարկավոր է նշել, որ առավել արդյունավետ լուծումն այս պահին կլինի լուծման բացակայությունը։ Կոմունիկացիաների հարցը պետք է դուրս բերվի բանակցային փաթեթից և թողնվի ապագային։ Տնտեսական և ենթակառուցվածքային հարաբերությունները, թեպետ շատ կարևոր բաղկացուցիչ են, բայց խաղաղության պայմանագիրն առանց դրանց հնարավոր է։ Կարևոր է ըդնգծել նաև, որ կոմունիկացիոն փաթեթը ներկա բանակցությունների առնվազն առաջին փուլերում եղել է ռուսական կողմի առաջնահերթությունը։
Սահմանազատման իրավա-քաղաքական հիմքերի վերաբերյալ հայկական կողմի ունեցած մոտեցումների նշված վերլուծությունը չի համարում, որ պարտադիր ու բոլոր հատվածներում պետք է տեղի ունենա քարտեզի ճշգրիտ վերարտադրություն ու հետագայում հնարավոր չի լինի որևէ փոփոխություն։ Ճիշտ հակառակը, քարտեզները հիմք ընդունելուց հետո պետք է սկսվի բուն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքը, որը թե՛ քարտեզի վրա և թե՛ տեղում պետք է կոնսենսուսի հասցնի հայ-ադրբեջանական պատկերացումները միջպետական սահմանի վերաբերյալ։ Սահմանը կարող է փոփոխություններ կրել, եթե լինի երկկողմ համաձայնություն։ Քանի որ ներկայիս սահմանը չափազանց բարդ է և կրում է հսկայական դժվարություններ (ամենայն հավանականությամբ դա ոչ այնքան պատահականության արդյունք է, որքան ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից իրացված նպատակադրված քաղաքականութան), ճիշտ կլինի սահմանազատման գործընթացում ներառել ԵԱՀԿ լավագույն փորձը, որը ներառում է ահմանների հնարավորինս կարճ լինելու, բնակավայրերի կենսունակության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ սկզբունքներ։ Նշված բազմաթիվ դժվարությունների լավագույն օրինակն է ստորև բերված քարտեզը։
Քարտեզ N1
Այս քարտեզում բացի բնակավայրերի հետ կապված խնդիրներից հստակ երևում են նաև հողակտոր համար 1 և հողակտոր համար 2 տարածքների հետ կապված խնդիրները։ Հողակտոր համար 1-ը, համաձայն խորհրդային քարտեզների, ադրբեջանական տարածք է, որը ներկայումս գտնվում է ՀՀ վերահսկողության ներքո, իսկ հողակտոր համար 2-ը, ըստ նույն քարտեզների, պատկանում է Հայաստանին, բայց գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Երկու հողակտորներում էլ չկան բնակավայրեր և երկու հողակտորներն էլ առանձնանալով իրենց մայր տարածքներից խորապես մխրճվում են հակառակ կողմի տարածքի մեջ՝ խնդիրներ ստեղծելով ինչպես սահմանի արհեստական երկարացման տեսանկյունից, այնպես էլ՝ ենթակառուցվածքների։ Մի կողմից հենց հողակտոր համար 1-ով է անցնում ՀՀ-Վրաստան մայրուղու մի հատվածը, մյուս կողմից՝ հողակտոր համար 2-ով է անցնում Ադրբեջանական հիմնական միջհամայնքային ճանապարհը, որը սնուցում է այստեղ առկա բնակավայրերը և դիրքերը։ Նշված իրավիճակի լավագույն լուծումը իհարե կլիներ նշված տարածքների ֆորմալ փոխանակումն ու գոյություն ունեցող իրավիճակի լեգիտիմացումը։ Դա անշուշտ կլիներ առկա քարտեզների տրամաբանության խախտում, բայց հենց այս օրինակի վրա էլ ցանկանում ենք ցույց տալ, որ քարտեզները ոչ թե պետք է արձանագրեն դոկտրինալ քարացած սկզբունքներ, այլ՝ մեթոդաբանական հիմք և պահեստային երաշխավորված տարբերակ։ Այսիքն, եթե կողմերը որևէ հատվածում չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի, ապա քարտեզը դառնում է այդ լռելյայն ընդհանուր հայտարարը իրավունքի ուժով։ Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանական կողմը սկզբունքորեն հակառակ է երրորդ կողմի ներգրավվման գաղափարին, առավել ևս՝ դրան արբիտրաժի իրավունքով օժտելուն։ Այս պարագայում առանց քարտեզների շուրջ համաձայնության, գործընթացը սպառնում է վերաճելու կոնֆլիկտների ու ընդհարումների անվերջ շարանի բոլոր այն դեպքերում, երբ կողմերը չեն կարողանա գալ ընդհանուր հայտարարի։
Բնակավայրերի հարցը և դրա լուծումը
Առանձին խնդիր է նաև բնակավայրերի ու բնակավայրերի կենսական տարածքների հարցը։ Մի կողմից 2024 թվականի մարտի 7-ին բարձրաձայնված Ադրբեջանական կողմի մոտեցումն այն է, որ ՀՀ Տավուշի մարզին հարող ադրբեջանական չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին պետք է անհապաղ վերադարձվեն Ադրբեջանի Հանրապետությանը (տես քարտեզ համար 1)։ Ի դեպ, հանուն արդարության, հարկավոր է նշել, որ նշված գյուղերից միայն Խեյրիմլին է, որ ամբողջությամբ գտնվում է ՀՀ վերահսկողության ներքո, երկուսը՝ Բաղանիս Այրումը և Աշաղը Ասքիփարան, մասամբ են գտնվում ՀՀ վերահսկողության ներքո կամ միջդիրքային տարածքում, իսկ չորորրոդը՝ Ղըզըլհաջիլին, ընդհանրապես չի էլ գտնվում ՀՀ վերահսկողության ներքո, և վերջերս ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները հենց այստեղ իրականացրել են նկարահանումներ։ Ադրբեջանական կողմի դիրքորոշման հիմնավորումը կայանում է նրանում, որ սահմանի երկայնքով այլևս չլինի որևէ հատված, որը կողմերն ապօրինաբար իրենց վերահսկողության տակ վերցրած լինեն։ Սա առաջին հայացքից բավականին տրամաբանական արգումենտ է, բայց խնդիրն այն է, որ գյուղը միայն գյուղատեղին ու դրա շենքերը չեն։ Գյուղը նաև գյուղի կենսական տարածքներն են՝ գյուղի աղբյուրները, դաշտերը, հողատարածքները, արոտավայրերը և այլն։ Առանց այդ ամենի գյուղն, ըստ էության, դատապարտված է դատարկման ու ամայացման։
Այստեղ հարկավոր է Ներքին Հանդ գյուղի օրինակով խոսել ՀՀ առաջ քաշած հակափաստարկի մասին։ Ներքին Հանդ գյուղին հարող կենսական տարածքները և նույնսիկ գերեզմանատեղին (տես քարտեզ N2) բռնազավթվել են Ադրբեջանի կողմից 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման հետևանքով։
Քարտեզ N2
Ստեղծված իրավիճակը գործնականում անհնարին է դարձնում նշված համայնքի կենսագործունեությունը։ Եվ այստեղ առաջ է գալիս մեկ այլ տրամաբանություն՝ առաջնահերթ փորձել փրկել դեռևս կենդանի համայքները, որոնց բնականոն գործունեությունը խաթարվել է վերջերս և որոնք դեռևս չեն ամայացել։ Սա էլ իր հերթին ոչ պակաս տրամաբանական փաստարկ է, որը հավասար է ադրբեջանական փաստարկին։ Եվ այս փաստարկը վերաբերում է արդեն ոչ թե 4 գյուղի, այլ 30-ից ավելի գյուղերի։
Բայց այս փաստարկներից անդին, առաջնորդվելով բանակցային գործընթացում առաջխաղացման հասնելու նպատակով և փոխադարձ վտահություն ձևավորելու մտադրւթյամբ, ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել սահամանազատման գործընթացը սկսել հենց Ադրբեջանի կողմից պահանջված հատվածից՝ այն պարզ պայմանով, որ դա ոչ թե առանձին և միակողմանի զիջում է, այլ սահմանազատման պրոցեսի շրջանակներում տեղի ունեցող գործընթաց։ Այստեղ հարկավոր է մասնավորեցնել, թե ինչ ի նկատի ունենք։ Կարևոր է արձանագրել, թե ինչ իրավական շրջանակաների արդյունքում է Ադրբեջանը պնդում, որ այդ չորս գյուղատեղիները պատկանում են իրեն։ Եթե այդ իրավական շրջանակը հնարավոր լինի որոշակիացնել, օրինակ, սահմանել, որ այդ իրավական շրջանակը Ալմա-Աթայի հռչակագիրն է, այսինքն՝ ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանները, այսինքն՝ իրավական հիմք ունեցող շատ կոնկրետ քարտեզ կամ քարտեզներ, ապա կստացվի, որ կարող է ձևավորվել ընդհանուր հայտարար սահմանազատման գործընթացի իրավա-քաղաքական հիմքի վերաբերյալ։ Կարևոր է սակայն, որ սա լինի ոչ թե փոխըմբռնման կամ տպավորության մակարդակում, այլ երկկողմ պայմանագրի հիման վրա, ըստ որի Ադրբեջանը կստանա 4 գյուղատեղիները, և դրա հետ մեկտեղ կարձանագրվի թե՛ դրա, թե՛ սահմանի այլ հատվածների սահմանազատմանը վերաբերող իրավական հիմքը՝ քարտեզը։
Սահմանին ներկայումս առկա իրավիճակը
Այս առումով հայկական կողմը հայտարարում է, որ իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ վերջին տոպոգրաֆիական քարտեզների համաձայն ադրբեջանական օկուպացիայի տակ է հինգ մարզերի 31 հայկական բնակավայրի տարածքներ՝ մոտ 200 (իսկ որոշ հաշվարկներով 230-300) քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանց մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել դեռ 1990-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2021-2022-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։
Քարտեզ N 3-ում ներկայացնում ենք այդ իրավիճակի մասնավոր պատկերը։
Քարտեզ N3
Այս տարածքներից ամենախոշոր առանձին կտորը գտնվում է Ջերմուկ քաղաքի մատույցներում՝ զբաղեցնելով մոտ 73․56 կմ2 տարածք։ Այս հսկայական խորության և լայնության կտորը որևէ կերպ չի կարող արդարացվել սահմանի չիմացությամբ կամ սահմանի բնույթի պայմանականությամբ։ Արբեջանական բանակն, ըստ էության, հասել է թիկունքում գտնվող Ջերմուկ քաղաքի մատույցներին։ Ջերմուկում առկա իրավիճակի պատկերը տե՛ս քարտեզ N 4:
Քարտեզ N4
Այս առումով բավականին կարևոր է լսել նաև ադրբեջանական կողմի փորձագետների և պաշտոնական շրջանակների մոտեցումները և դրանց իրավական հիմքերը։
Սահմանային իրավիճակի հնարավոր զարգացումները
Նորից պետք է նշել, որ վերլուծության քարտեզի նշված կարգավիճակի արձանագրումը չպետք է նշանակի քարտեզի ճշգրիտ արտատպման պարտադիր հրամայական։ Կողմերի մոտեցումներն այս առումով իմ ընկալմամբ ճշգրիտ հակառակ չեն միմյանց։ Սահմանազատման գործընթացն իրենից պետք է ներկայացնի կողմերի մոտեցումների սիմբիոզ․ երբ մի կողմից հնարավոր կլինի եղած խնդիրները փոխադարձ համաձայնւթյամբ նորովի լուծելու առաջարկ, մյուս կողմից կլինի առկա պրոցեսից «նահանջի հնարավորություն» կամ երաշխավորված այլընտրանք՝ քարտեզի տեսքով։
Սահմանազատման, իսկ հետագայում նաև սահմանագծման գործընթացներում կարևոր է ընդգծել նաև մեկ այլ բարդություն՝ երկու կողմերից էլ առանձին բնակավայրեր տեղակայված են միմյանց այնքան մոտ, որ դրանց ադմինիստրատիվ սահմանները նույնական են պետական սահմանների հետ։ Երբ բնակավայրի կամ տան անմիջական հարևանութամբ (երբեմն 10 մետրից էլ քիչ հեռավորության վրա) անցնում է պետական սահմանը։ Նշված իրավիճակը հատկապես ցայտուն երևում է Կիրանց-Խեյրիմլի հատվածում (տես քարտեզ N1): Սա երկու կողմերի համար էլ ստեղծում է լրացուցիչ դժվարություններ․ նմանատիպ հատվծներում է պետք առաջնորդվել «միևնույն նավում» գտնվելու սզկբունքով ու աշխատել երկու համայնքների կենսունակությունն ապահովող կենսական տարածքների արդյունավետ կիսման/սահմանազատման ուղությամբ։ Այս գործընթացը կարող է հաջողել միայն փոխզիջման պարագայում, հակառակ դեպքում՝ հարատև խաղաղությունը կդառնա լոկ քաղաքական ֆիկցիա, իսկ դա իր հերթին, երկարաժամկետ կտրվածքում չի կարող ձեռք տալ երկու կողմերին։
Վերջաբանի փոխարեն
Վերոնշյալ վերլուծությունն, իրականում, տեղին է մի պարզ պայմանի իրացման պարագայում, երբ կողմերի համար բանակցությունների և փոխզիջման ավելի էժան ու արդյունավետ այլընտրանքը հարկադրանքը և բռնությունը չեն։ Հայաստանի պարագայում, ակնհայտ է, որ իրավիճակն այդպիսին է։ Ուստի միջազգային հանրության և տարածաշրջանում ներգրավված ու հարատև խաղաղությանը ձգտող բոլոր ուժերի գերնպատակը պետք է լինի իրավիճակի նման ձևավորումը նաև Ադրբեջանի համար։ Իրավիճակ, երբ բռնությունն այլևս բանակցություններից ավելի արդյունավետ այլընտրանք չէ։ Այս գործընթացում իրենց դերն ունեն կամ կարող են ունենալ Հայաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանում խաղաղության կողմնակից ուժերը։
Ակնհայտ է, որ կան նաև թե՛ այս գործընթացին, թե՛ ընդհանրապես խաղաղության գործընթացին հակադիր ուժեր ինչպես երկու երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս։ Այս ուժերից գլոբալ իմաստով առավել հիշարժանը Ռուսաստանի Դաշնությունն է, որի համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տարածաշրջանում ներկա գտնվելու և ազդեցություն բանեցնելու գլխավոր հիմքերից մեկն է։ Չկա որևէ այլ սուբյեկտ, որը ներկա պահին նույնչափ ազեցություն և կարգավորմանը հակառակ շահեր ունենա, ինչպես Ռուսաստանը։ Մյուս կողմից արդեն ավելի մասնավոր գործընթացներում խնդիրը Ադրբեջանի քաղաքական համակարգն է։ Ընդհարապես բռնապետական ռեժիմներին միշտ հարկավոր է արտաքին կոնսոլիդացնող թշնամու առկայություն և ընթացիկ փոքր հաղթանակներ այդ թշնամու նկատմամբ։ Այս առմումով հնարավոր է մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը, սպասարկելով սեփական ռեժիմի շահերը կամ հետապնդելով հակամարտությունից առավելագույնը ստանալու քաղաքականությունը, դեմ գնա անգամ սեփական պետության երկարատև արմատական շահին՝ խաղաղությանը հիմա և այստեղ, քանի դեռ դա հնարավոր է, քանի դեռ Ռուսաստանն ի վիճակի չէ այն կանխել։
ՀԳ։ Բոլոր քարտեզների հեղինակային իրավունքները պատկանում են լրագրող Դավիթ Գալստյանին։ Քարտեզները կազմված են Google Maps-ի հիմքի վրա։
Հոդվածի բովանդակության համար բացառապես պատասխանատու է հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները: