Հյուրանոց «Մեծամոր» - ժամանակավոր կացավայր

Մեծամոր հյուրանոցի շենքը կառուցվել է 1972-1975 թթ-ին և նախատեսված է եղել Հայկական ատոմային էլեկտրակայան գործուղվող աշխատակիցների ժամանակավոր կացության համար։ Շենքը վթարային կարգավիճակ ստանալու հետևանքով երկար տարիներ չի շահագործվել: 2020 թ-ին վերսկսված Ղարաբաղյան երկրորդ պատերազմի  օրերին արցախցի ընտանիքներին պատսպարելու նպատակով Մեծամորի համայնքապետարանի ջանքերով շենքը կոսմետիկ վերանորոգվել և տրամադրվել է փախստականներին։ Հյուրանոցի սենյակները, որոնք նախատեսված են երկու անձի համար, ներկա պահին գերբնակեցված են. յուրաքանչյուր սենյակում ապրում է 4-ից 5 հոգի։ Ընդհանուր առմամբ հյուրանոցում ժամանակավոր բնակություն է հաստատել շուրջ 120 բռնի տեղահանված անձ։

Արցախցի երեխաները հյուրանոցի միջանցքում
Teaser Image Caption
Նկար 1. Արցախցի երեխաները հյուրանոցի միջանցքում

-Ես 1975 թվից Ղարաբաղում հաշվապահ էի աշխատում։ Ժորիկը նոր էր վերադարձել Ռուսաստանից ու հարս ման գալիս էր եղել, - պատմում է Կարինեն։ - Մեզ ընդհանուր ծանոթ ունեինք, ասել էր «Եթե ուզում ես կուլտուրական ընտանիք կազմես, քեզ մի աղջկա տեղ ասեմ մեր կողքի գյուղում, գնա, ուզի»։       

- Էէէ ՜, տվին գլխին, բերին կապին ջանիս, - ժպտաց Ժորիկը։

- էն ժամանակ շատ սիրուն աղջիկ էի, սիրուն հագնված, ատամներս լրիվ ոսկի․․․

Կարեն
Նկար 4. Կարեն

Ժորիկը հյուրանոցի բազմոցին
Նկար 5. Ժորիկը հյուրանոցի բազմոցին

Կարինեն ու Ժորիկը տեղափոխվել են Մեծամոր Արցախից 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմից օրեր անց: Նրանց դուստրը՝ Մարինեն, Մեծամոր է տեղափոխվել 3 տարի առաջ: 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Մարինեն կորցրել է ամուսնուն: Պատերազմի օրերին ամուսինը խնդրել է Մարինեին, որ երեխաների հետ դուրս գա Արցախից, մինչև պատերազմն ավարտվի։

Մեծամորի հյուրանոցը կեցավայր է դարձել  արցախցիների համար 2020 թ.-ից։ Ոմանք այս տարիների ընթացքում հասցրել էին վերադառնալ Արցախ, նոր տուն հիմնել ու հերթական պատերազմի պատճառով նորից լքել հայրենիքը՝ ստիպված վերադառնալով Մեծամոր, այս անգամ առանց հետդարձի հույսի։ Արցախի Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը 2024 թ.-ի հունվարի 1-ից:  

Միջանցքի առօրյան
Նկար 6.Միջանցքի առօրյան

 

- Ամուսինս ոտքը կորցրել է  92 թ-ին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, - շարունակեց Կարինեն, - մեջներս վախ կար, թե Հայաստան մտնելու սահմանին թուրքերը հարցուփորձ կանեն, կհասկանան, որ պատերազմի մասնակից է ու կպահեն Ժորիկին, չեն թողնի՝ անցնի։ Մտածեցինք՝ ավտոն ինքը քշի Հակարի պոստն անցնելուց, որ չնկատեն։ Էդպես էլ էղավ, մեզ ասացին՝ դուք ոտքով անցեք, իսկ Ժորիկս ավտոյով անցավ։ Կուրտկան գցել էի ոտքին, որ չնկատեն, հարցեր չտան։ Էդ վախը կար, որ պատերազմին մասնակցած տղամարդկանց կարող են Արցախից դուրս չթողնել, բայց մեր բախտը բերեց:

-Էն ժամանակ սաղ ուրիշ էր գյուղում լիքը թուրք կար։ Մեր թռչնապահը թուրք էր, մի ոսկի տղա, շատ մոտ էինք իրար հետ։ Ես չեմ հավատա, թե նա մի վատ բան կաներ: 92 թ.-ին, որ պատերազմը սկսեց, թողեց գնաց։ Թուրքերը ստիպեցին, որ գնա։ Էլ դրանից հետո ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել․․․ Հիմա տղես մեզ կանչում ա Ռուսաստան, բայց թոռներիս չեմ կարա թողնեմ գնամ անհնար բան ա, որ ես իրանց կողքը չլինեմ։ Աղջկաս ամուսինը 2020-ի պատերազմում զոհվեց։ Հիմա ես ո՞նց իրանց թողնեմ։

 

Մարինեն և Տարոնը
Նկար 9. Մարինեն և Տարոնը

Մարինեն նստած էր անկողնու եզրին՝ փոքր տղային՝ Տարոնին գրկած։

- Ամուսինս ստեղ Մեծամորում ա թաղված, - ասաց Մարինեն, - շաբաթը գոնե 2-3 անգամ գնում եմ գերեզմանին։ Ընկերները ուզում էին Ղարաբաղում հուղարկավորել, բայց չթողեցի մի բան գիտեի, զգում էի։ Հիմա էնտեղ մեր գերեզմանները լրիվ ավիրած կլինեն։

- Իմ պապան միլիոն հատ մեդալ ունի, գիտես չէ՞, - ասաց Տիգրանը՝ Մարինեի մեծ որդին։

- Մեզ հետ չկարողացանք վերցնել մեդալները, ամբողջը թողեցինք էնտեղ, - շարունակեց Մարինեն,- որ անցակետում հանկարծ չկանգնեցնեն:  Տունը նոր էինք ռեմոնտ արել, հիմա չգիտեմ էլ՝ ինչ վիճակում ա։ Թուրքն արդեն մտած կլինի։

- Մենակ էդ մի տունը չէր, նայի՝ ինչքան գույք ենք ունեցել,- ասաց Կարինեն՝ պահարանից մեկ-մեկ հանելով սեփականության վկայականները։ - Տե՛ս, էս սաղ մերն էր։

Տեսարանը պատուհանից
Նկար 10.Տեսարանը պատուհանից

 

Կարինեն ցույց է տալիս սեփականության վկայականները
Նկար 11 . Կարինեն ցույց է տալիս սեփականության վկայականները

Միջանցքի մոխրամանն արագ էր լցվում, հնամաշ բազմոցին նստած տղամարդիկ անձայն ծխում էին՝ միակ մոխրամանն իրար փոխանցելով։ Արևը տաքացնում էր դատարկ հատակը:  Շողերի մեջ փոշին փայլփլում էր ու ծխի հետ օդում պտտվում։ Երեխաների ձայները արձագանքում էին դատարկ միջանցքի հեռվում՝ հիշեցնելով ձորերի արանքում թողած մանկությունը։ Ամեն մեկը մտքով իր գյուղում, այգում, բակում, իր տանն էր: 

- Կյանքը հողին նվիրած մարդու համար դժվար ա էս չորս պատի մեջ, - ասաց Սլավիկը: - Մեր պարտեզում ամեն ինչ աճում էր։ Գոմ ունեինք,  ինչ պետք էր՝ կար՝ միրգ, բանջարեղեն, պանիր, կաթ, մածուն: Սաղ մեր արած-դրածը մի օրում թողեցինք։ Հիմա պետք ա նորից սկսել, չնայած տարիքս էլ չի ներում։ Պարապությունից շատ եմ ծխում, պետք ա մի գործ գտնեմ, սենց չի լինի։

.Սլավիկ
Նկար 12.Սլավիկ

Դատարկ միջանցք
Նկար 13.Դատարկ միջանցք

Երեխաներն աղմկելով մոտեցան մեզ։

- Տարո՛ն, հերիք ա վազես, կքրտնես, - բարկացավ Մարինեն։

- Տե ՛ս՝ ինչ եմ անում,- ասաց Տարոնն ու ցատկելով պտտվեց օդում։

- Էս որտե՞ղ ես սովորել։

- Մեր գիմնաստիկայի տեղը, ուզում եմ լավ պարապեմ, պետք ա ոստիկան դառնամ։

- Տիգրա՛ ն, դու ի՞ նչ ես դառնալու։

- Ես՝ լյոտչիկ։

- Իսկ ես՝ ֆուտբոլիստ, արի, գնանք, քեզ մեր ֆուտբոլի դաշտը ցույց տամ, - ասաց Կարենն ու դուրս վազեց շենքից։

Երեխաները խաղում են միջանցքում
Նկար 14. Երեխաները խաղում են միջանցքում

Հյուրանոցի բակում չորացող լվացքը
Նկար 15. Հյուրանոցի բակում չորացող լվացքը

Հրապարակման բովանդակության համար բացառապես պատասխանատու է հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները: