Քրեական ենթամշակույթը քաղաքականությունում․ պրակտիկաները և դրանց հաղթահարման մարտահրավերները

Այս հոդվածի նպատակն է Հայաստանի քաղաքական կյանքում քրեական ենթամշակույթի դերակատարության և այդ տեսանկյունից 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված մարտահրավերների քննարկումը։ Քրեական ենթամշակույթի ներթափանցումը Հայաստանի քաղաքական կյանք տեղի ունեցավ անկախության ձեռք բերման սկզբնական շրջանից ի վեր և դիմադրության արժանացավ 2018 թվականի հեղափոխության շնորհիվ։ Սակայն, հեղափոխությանը հաջորդած տարիներին, դրա դեմ պայքարը չստացավ անհրաժեշտ համակարգային բնույթ, ինչի հետևանքները սուր կերպով նկատելի դարձան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այս ամենի հետևանքով կա քրեական ենթամշակույթի ազդեցությունը քաղաքական կյանքում վերականգնելու վտանգ։ Ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կարևոր են Հայաստանի ժողովրդավարացման հետագա գործընթացների համար։

Լուսանկարում պատկերված է դաջվածքներով պատված 2 ձեռք։

Հայաստանում քաղաքական կյանքին քրեական ենթամշակույթը ներկայացնող շրջանակների մերձեցումը տեղի է ունեցել դեռևս 1990 թվականի առաջին խորհրդարանի ձևավորման ժամանակ։ Ճիշտ է այն զանգվածային և համակարգային բնույթ չի ունեցել, սակայն հատկապես Երևանի որոշ թաղամասերում առանձին դրսևորումներ եղել են։ 1990-ականներին այն հիմնականում արտահայտվում էր 1991-1994 թթ․ ղարաբաղյան հակամարտության ընթացքում հեղինակություն ձեռք բերած զինվորականների և հետագայում նրանց ներգրավմամբ ձևավորված իշխանամերձ ռազմականացված “Երկրապահ” հասարակական կազմակերպության կողմից քաղաքական գործընթացների վրա ազդեցությամբ։Նրանց դերակատարությունը նկատելի էր ինչպես տեղական մակարդակում՝ բնակչության քաղաքական կամքի վրա ազդեցությամբ և ընտրությունների ժամանակ իշխող ուժին ցուցաբերած աջակցությամբ, այնպես էլ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանից մնացած հանրային գույքի սեփականաշնորհման գործընթացներին անօրինական միջամտությամբ։ 1990-ականներին իշխանության մարմիններին ինտեգրված և առևտրի ու տնտեսության այս կամ այն ոլորտում ազդեցություն ձեռք բերած այդ խմբավորումներին մարդիկ անվանում էին «մաֆիաներ»։ Ըստ այդ տարիներին մեր գրանցած որակական հետազոտական տվյալների, հանրության մեջ շրջանառվում էր «բենզինի մաֆիա», «հացի մաֆիա», «գազի մաֆիա» և նմանատիպ այլ անվանումներ։ Հետագայում այս «մաֆիաները» որոշակի փոխակերպումների հետևանքով վերածվեցին քրեաօլիգարխիկ շրջանակների։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների հետևանքով վերոնշյալ ռազմականացված հասարակական կազմակերպության ազդեցիկ դեմքերից մի քանիսը հայտնվեցին քաղաքական ու պետական ինստիտուտներում։ Նրանց թվում քիչ չէին նաև քրեական ու թաղային հեղինակությունների հետ մերձավոր կապեր ու ազդեցություն ունեցող դեմքեր, որոնք արդեն իսկ ճանաչում էին ձեռք բերել իրենց անօրեն վարքագծով։

Քրեամերձ շրջանակների քաղաքական համակարգ ներթափանցման որակապես նոր փուլ կարելի է համարել 2003 թվականի ընտրությունները, երբ քրեաօլիգարխիկ շրջանակները ներկայացնող բավականին մեծ թվով մականունավոր գործիչներ հայտնվեցին խորհրդարանում։ Այս թվականը կարելի է համարել քաղաքական կյանք, հատկապես, իշխանությունների ձևավորման և դրա իրացման ոլորտներ քրեական ենթամշակույթի համակարգային ինտեգրման սկիզբը։ Քրեաօլիգարխիկ համակարգի մականունավոր ներկայացուցիչների կազմը համարյա անփոփոխ վերարտադրվեց նաև 2007 և 2012 թվականների խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այս տարիներին էր, որ թաղային հեղինակությունների ինստիտուտը համապետական ​​և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ձեռք բերեց վճռորոշ դերակատարում բնակչության քաղաքական կամքի վրա ազդելու և իշխող քաղաքական ուժի օգտին ձայներ բաշխելու գործում։ Լայն տարածում ստացան ու արմատավորվեցին ընտրակաշառքի պրակտիկաները, որոնց կազմակերպչական գործն ընկած էր թաղային հեղինակությունների ու տեղերում մարդկանց վրա ազդեցություն ունեցող «հարց լուծողների» վրա։ Հատկանշական է, որ «հարց լուծողներ» արտահայտությունն ու ինստիտուտն ունի քրեական ծագում։ Դրանք այն քրեական հեղինակություններն են, ովքեր ազատազրկման վայրերում լուծում են դատապարտյալների տարբեր խմբերի հարցերը՝ սկսած հարաբերությունների ու վիճաբանությունների կարգավորումը, ազատազրկման վայրում տարբեր տեսակի «բարիքների» (ծխախոտ, արտաքին աշխարհից ազատազրկման վայր բերված սնունդ, թմրանյութեր, ֆինանսներ և այլն) բաշխումն ու շրջանառությունը, վերջացրած բանտային վարչակազմի հետ հարաբերությունների կարգավորումն ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցության ապահովումը։ 

1990-ականներին սաղմնավորված և 2000-ականներին բյուրեղացած այս համակարգի կազմաքանդումը սկսվեց 2018 թվականի «թավշյա» հեղափոխությամբ։ Սակայն, դրա դեմ պայքարի և հասարակական-քաղաքական կյանքում դերակատարության վերջնական հաղթահարման ընթացքը դեռևս հարթ չի ընթանում։ 

Քաղաքական համակարգում քրեական ենթամշակույթի մի շարք որակական բնութագրումների մասին. «Վլաստ»-ի համակարգի ձևավորումը

Քրեական և քրեամերձ շրջանակների մասնակցությունը քաղաքական ու պետական կառավարման գործընթացներին նշված տարիներին ունեցել է հիմնականում մի քանի մակարդակ։ Նախևառաջ, դա թաղային միջավայրերում կազմակերպված կերպով գործող քրեական տարրերի և հեղինակությունների ներգրավվածությունն էր նախընտրական և ընտրական գործընթացներում։ Այս ենթամշակույթի ներկայացուցիչները բնակչության, հատկապես տղամարդկանց վրա որոշակի ազդեցություն ունեին, ինչն օգտագործում էին քաղաքական իշխող ուժի օգտին տվյալ թաղամասի բնակչության քվեները հավաքագրելու նպատակով։ Ի դեպ, պետք է տարբերակել քրեական հեղինակություններին և թաղային հեղինակություններին ու «հարց լուծողներին»։ Քրեական հեղինակությունները բուն քրեական աշխարհում բարձր դիրք զբաղեցնող անհատներն են։ Թաղային հեղինակություններն ու թաղամասերում «հարց լուծողները» միշտ չէ, որ քրեական աշխարհում բարձր կարգավիճակ են զբաղեցնում, սակայն նրանք թաղային կյանքում առաջնորդվում են քրեական աշխարհի հասկացություններով, նորմերով ու չգրված օրենքներով, լավ հարաբերությունների մեջ են քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ և ազդեցիկ դիրք ունեն թաղամասի կամ բակի տղամարդկանց միջավայրում։ 

Ներգրավվածության մյուս, և ավելի նշանակալի մակարդակը, դա քրեական արժեհամակարգ կրող անձանց ներթափանցումն էր օրենսդիր, գործադիր և դատական ինստիտուտներ, մասնավորապես Ազգային ժողով, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարություններ, դատարաններ ու դատախազություն։ Նման մարդիկ շատ կային նաև տեղական ինքնակառավարման մարմիններում՝ որպես քաղաքապետներ և գյուղապետներ։ Այդպես էր օրինակ հանրապետության մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքներում, Երևանի մի շարք համայնքապետարաններում։ Իսկ մի շարք մարզերում նման մարդիկ նաև զբաղեցնում էին մարզպետների պաշտոններ։ Այդպիսինները զբաղեցրել են նույնիսկ Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Կային նաև առանցքային կարևորության նախարարների պաշտոններ զբաղեցնող, պետական կառավարման մարմիններում, դատաիրավական համակարգում բարձր դիրքեր գրավող պաշտոնատար անձինք։ Ի դեպ, դրանցից շատերի հանդեպ այսօր քրեական գործեր են բացվել, որոշներն էլ փախել են Հայաստանից և գտնվում են հետախուզման մեջ։ 

Քրեական ու քրեամերձ թաղային հեղինակությունների և քաղաքական իշխանությունների միջև համագործակցության հետևանքով, այդ տարիներին ձևավորվեց մի յուրօրինակ իշխանության համակարգ, որը ժողովրդական խոսքում ստացել է "վլաստ" անվանումը։ Սա ռուսերենով բառացի նշանակում է «իշխանություն»։ Այն իմաստաբանորեն փոխկապակցված է քրեական աշխարհում հիերարխիայի վերին աստիճանակարգը զբաղեցնող հեղինակությունների իշխանության նշանակությանը։ «Վլաստի» նշված համակարգի առանձնահատկությունն այն է, որ բուն քրեական աշխարհի հեղինակություններն անձամբ չէին մտնում քաղաքական և պետական ինստիտուտներ` խորհրդարան, քաղաքական կուսակցություններ և այլն։ Նրանք աջակցության ծառայություններ էին մատուցում քաղաքական և կառավարող վերնախավերին, որոնք իշխանության աստիճանակարգում կարգավիճակ ունեին՝ կապված իշխանության ձևավորման և իրականացման տարբեր գործընթացների հետ։ Փոխարենը, քաղաքական վերնախավերը նրանց համար ապահովում էին որոշակի արտոնություններ՝ թաղային մակարդակում բնակչության վրա իշխանություն բանեցնելու, հարցեր լուծելու, անօրինական բիզնես իրականացնելու և նմանատիպ գործունեություն ծավալելու մեջ։ Իսկ քաղաքական ու վարչական պաշտոններ զբաղեցնողներն իրենք, չնայած նեղ իմաստով քրեական աշխարհի ներկայացուցիչներ չէին, սակայն, իրենց քաղաքական ու առօրյա կյանքում հաճախ կիրառում էին քրեական ծագման պրակտիկաներ, լեզու ու հռետորաբանություն։ 

Այս ամենի հետևանքով, հասարակությունը մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» բաժանվել էր «վլաստ» ունեցող արտոնյալների և վերջիններիս կողմից իրավազրկված ու անպաշտպան ոչ արտոնյալների խավերի։ «Վլաստ» ունեցողները հասարակության այն շերտերն էին, ովքեր կարողանում էին տարբեր մասշտաբի ու բնույթի հարցեր լուծել և ապահովել իրենց համար արտոնյալ տնտեսական գործունեություն ծավալալելու և գումար վաստակելու հանրայնորեն անվերահսկելի լայն հնարավորություններ։ «Վլաստի» հիերարխիկ համակարգի վերևում պետական բարձր պաշտոն զբաղեցնողներն էին, այնուհետև քրեական տարբեր կարգի հեղինակություններ, իսկ ներքևում՝ թաղային մասշտաբի «հարց լուծողները»։ Բոլորը թաղամասում, մարզային քաղաքում, գյուղում գիտեին, որ այս կամ այն "օբյեկտը" ինչ որ մեկինն է, որի "տանիքը" կամ որևէ քրեական հեղինակություն է կամ այս կամ այն մաշտաբի պետական պաշտոնյա։ 

«Վլաստի» համակարգի ողջ իմաստն այն էր, որ կիրառելով ձեռքի տակ եղած իշխանության միջոցները, ամբողջովին օտարեին մարդկանց քաղաքական ինստիտուտներից ու տնտեսական եկամտաբեր ոլորտներից՝ վեր ածելով նրանց իրենցից լիովին կախվածության մեջ գտնվող, վախի մեջ ապրող ոչ արտոնյալների զանգվածի։ 

«Թավշյա» հեղափոխությունը և «վլաստ»-ի դերի նվազեցումը 

Արտոնյալ դիրք գրաված քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորած «վլաստի» համակարգը անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջացրել է հասարակական լայն զանգվածների բողոքն ու դիմադրությունը։ Սկսած 1996 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի լայնածավալ գործողություններից, այնուհետև 2003 թվականի համահասարակական ընդվզումների ալիքից, 2008 թվականի փետրվարյան ցույցերից ու մարտի 1-ի իրադարձություններից, և վերջացրած հետագա բոլոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններին հաջորդած զանգվածային ժողովրդական շարժումներով, դրանք բոլորն էլ խորքային առումով ուղղված էին հասարակությունում «վլաստի» ինստիտուտի, դրա միջոցով հասարակության մյուս շերտերի նկատմամբ իրենց արտոնությունը հաստատած քրեաօլիգարխիկ խմբավորումների գերիշխանության և հասարակության մեջ իրավազուրկ վիճակի հաղթահարմանը։

Այս պայքարի գագաթնակետը դարձավ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունը։ Դրա հիմնական նպատակն էր ազատագրել քաղաքական և տնտեսական ինստիտուտները արտոնյալ խավերից և դրանք հասանելի ու ներառական դարձնել ամբողջ բնակչության համար։Այսինքն, 2018 թվականի հեղափոխությանը հաջորդած տարիների գործընթացները «վլաստի» քրեաքաղաքական համակարգի կազմաքանդման ու իշխանության դեստրուկտիվ տիպից կոնստրուկտիվ տիպին անցման ընթացք է, որը դեռևս չի կարելի համարել ավարտված։ Այս առումով, պատահական չէ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Փաշինյանին ու նրան սատարող քաղաքական ուժին նորից վստահության քվե տալու ընտրողների մեծամասնության որոշումը։ Չնայած 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությանը, շատերը հասկանում էին, որ պետության ու հասարակության ապագան ձևավորելու տեսանկյունից ընտրությունը շարունակում է մնալ «վլաստ»-ը ներկայացնող ուժերի վերադարձի, ովքեր, ըստ էության, առաջին պատերազմի հետևանքով «վլաստի» եկածներն էին, և այդ համակարգը մերժելու միջև։ Մարդիկ ընտրեցին երկրորդը։ 

Ի՞նչ է հաջողվել իրականացնել իշխանության եկած քաղաքական ուժին և վարչապետ Փաշինյանին և ի՞նչ չի հաջողվել։ Ակնհայտ ձեռքբերում կարելի է համարել ընտրություններում քրեական ու թաղային հեղինակությունների ազդեցիկ միջամտության չեզոքացումը։ Երկրորդ կարևոր ձեռքբերումը առօրյա հասարակական հարաբերություններում արտոնյալ շրջանակների կողմից տարածած վախի ու բռնության պրակտիկաների զգալի նվազեցումն է։ Չկան պետական իշխանությունների հովանավորությունը վայելող, հատուկ արտոնյալներ ու նրանց սպասարկող շրջանակներ, որոնք կարող են սովորական քաղաքացիների հանդեպ անպատիժ կերպով բռնություն կիրառեն։ Զգալիորեն մեծացել է նաև քաղաքական ու տնտեսական ինստիտուտների մատչելիությունն ու ներառականությունը հասարակության տարբեր խավերի ու շրջանակների համար։ Չնայած, դեռևս գոյություն ունեցող կոռուպցիոն մասնավոր դրսևորումներին, հաղթահարվել է համակարգային կոռուպցիան, երբ ամբողջ պետական համակարգը ծառայում էր տարբեր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների ու նրանց հովանավորությունը ունեցողների համար կոռուպցիոն եկամուտներ ապահովելուն։ Կան այլ դրական փոփոխություններ նույնպես, սակայն այս հոդվածում կսահմանափակվենք «վլաստ»-ի համակարգի հաղթահարմանն ուղղված դիտարկումներով։ Կարճ ասած, չեզոքացվել է հասարակությունում «վլաստ»-ի արժեհամակարգը կրողների արտոնյալ դիրքը և նրանք զրկվել են պետական ու քաղաքական ինստիտուտներում ունեցած որոշիչ դերից։

Չնայած այս շոշափելի փոփոխություններին, այնուամենայնիվ չի հաջողվել չեզոքացնել քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա քրեաօլիգարխիկ նախկին համակարգը ներկայացնող ուժերի ու գործիչների քաղաքական դերակատարումն ընդհանրապես, ինչը շարունակում է պահպանել «վլաստ»-ի ուժերի վերադարձի ու վերահաստատման վտանգը։ 

2018 թվականին իշխանության եկած և 2021 թվականին վերընտրված քաղաքական ուժի կողմից քրեաօլիգարխիկ համակարգի ազդեցությունը քաղաքական ինստիտուտներում արմատախիլ անելու գործողությունները չարդարացրեցին ժողովրդավարական ուժերի ակնկալիքները։ Դա առաջացրեց քննադատության ալիք։ Քննադատությունները հիմնականում վերաբերում են քաղաքական և տնտեսական լյուստրացիա չիրականացնելուն, որը կարող էր իրավական և համակարգային հիմքերի վրա տեղափոխել քրեաօլիգարխիկ և «վլաստ»-ի համակարգը ներկայացնող ուժերի անվերադարձ օտարումը քաղաքական կյանքից և բացառեր գործող իշխանության կողմից կամայական որոշումների և ընտրովի արդարադատության իրականացումը։

2026 թ․ նախընտրական շրջանն ու հետընտրական իրավիճակը. Քրեական ենթամշակույթի վերականգման փորձերը 2026 թ․ ընտրություններում

2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական ու հետընտրական շրջանի իրադարձությունները ցույց տվեցին վերը նշված քննադատության իրավացիությունը։ Քաղաքական ու տնտեսական լյուստրացիայից և այլ համակարգային բնույթի միջոցառումներից հրաժարումը կամ մասնակի կիրառումը հանգեցրեց «վլաստը» ներկայացնող հանցավոր և կիսահանցագործ ուժերի վերածննդին և ժողովրդի ընտրական կամքի վրա ազդելու փորձերին։ 

Ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր, որոնք համախմբում են հասարակության մեջ «նախկիններ» անվանումը ստացած «վլաստ»-ի համակարգի հայտնի ներկայացուցիչներին, փորձեցին վերագործարկել 2018 թվականի հեղափոխության կողմից մերժված՝ քրեական ենթամշակույթը քաղաքական պայքարի մաս դարձնելու գործելակերպը։ Դրանք դրսևորվեցին ընտրակաշառքի նախկինում լայն տարածում ունեցող պրակտիկաների վերակագնման փորձերին զուգահեռ։ Դատելով հարուցված քրեական մի շարք գործերի համար որպես հիմք օգտագործվող, պետական պատկան մարմինների կողմից բացահայտված ձայնագրություններից, դրանցում հաճախ գործածվում է քրեական ենթամշակույթին բնորոշ խոսվածք, հնչեցվում են թաղային քրեական միջավայրերին բնորոշ մականուններ ու գործածվում մարդկանց ներգրավելու տարատեսակ ձևեր։ 

Ընտրությունների շրջանում ի հայտ եկավ նաև հօգուտ ընդդիմադիր նշված ուժերի քրեական աշխարհը ներկայացնող հեղինակությունների կողմից միջամտության փորձեր։ Հատկապես հանրային հնչեղություն ստացավ այսպես կոչված «օրենքով գողերի» տարածած մի հաղորդագրություն։ Համաձայն դրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվե տվողներին սպառնում էին թաղային միջավայրերում ենթարկել քրեական հասկացությունների համաձայն ամենաստորացուցիչ պիտակավորման ու հասարակական կարգավիճակի իջեցման։ Ընտրողների նախընտրական վարքագծի վրա ազդելու նպատակով թաղային միջավայրում մարդուն ստորացնելու սպառնալիքը բռնություն կիրառելու շատ ուղղակի ձև է։ Սա խոսքային բռնություն է, որն իր մեջ պարունակում է մարդու բարոյական և կարգավիճակային ոչնչացման սպառնալիք, ինչն էլ ըստ քրեական հասկացությունների ու պրակտիկաների, կարող է ուղեկցվել ֆիզիկական բռնության ցանկացած ձևով։ Նախընտրական շրջանում նմանատիպ և այլ քրեական բնույթի միջամտություններ վկայող բազմաթիվ նյութեր թույլ են տալիս նկատել, որ այս ընտրություններում, ի տարբերություն 2018 թվականի և 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների, քաղաքական գործընթացներին քրեական ենթամշակույթի միջամտության և «վլաստ»-ի ինստիտուտի վերակենդանացման շոշափելի փորձեր եղան, որի հիմնական պատճառը պետք է համարել հեղափոխության միջոցով իշխանության եկած քաղաքական ուժի կողմից վերը ներկայացված թերացումներն ու բացթողումները։ Դրա համար կառավարող քաղաքական ուժը, ինչպես տեսանք, առաջացրել է ժողովրդավարական համակարգային գործողություններ պահանջող շրջանակների քննադատությունն ու դժգոհությունը։ 

Ընտրությունների դասերն ու մարտահրավերները․ ամփոփման փոխարեն 

Այդ քննադատությունը, շարունակվեց նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին անմիջապես հաջորդած շրջանում, երբ գործող իշխանությունները հայտարարեցին նախկին քրեաօլիգարխիկ համակարգը ներկայացնող քաղաքական ուժերի դեմ պայքարում «թավիշից» հրաժարվելու մասին։ Դա առաջին հերթին արտահայտվեց Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված արշավի մեթոդաբանության մեջ, ինչը միանշանակ չընդունվեց ոչ միայն «նախկինների»-ն ներկայացնող քաղաքական խմբավորումների կողմից, այլև՝ որոշակի քննադատության արժանացավ ժողովրդավարական արժեքներ դավանող քաղաքական շրջանակների կողմից։ 

Նախ, խոսքը վերաբերում է Ծառուկյանի կալանավորման գործողությանը։ Չնայած նա որևէ դիմադրություն չի ցուցաբերում, սակայն նրան կալանավորում են ցուցադրական ուժի կիրառմամբ և ակնհայտորեն նրա կերպարի ազդեցիկությունը նսեմացնելուն ուղղված նմանատիպ այլ գործողությունների գործադրմամբ։ 

Ծառուկյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը նոր չէ, սակայն կալանավորման վերջին գործողությունը շատերի կարծիքով պայմանավորված է նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Փաշինյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությամբ։ Իդեպ, սա սովորական վիրավորանք չէ։ Ծառուկյանը խոստանում է Փաշինյանին որպես պատիժ մտցնել իր մասնավոր գազանանոցում պահվող առյուծի վանդակը, հատուկ շեշտելով առյուծի որձ լինելը։ Այստեղ վիրավորանքի հիմնական շեշտը նրա կողմից դրվում է «որձ» բառի վրա, որը ուղիղ կապ ունի քրեական աշխարհի խոսույթի ու պրակտիկաների հետ։ Ծառուկյանի համար, որպես «վլաստ»-ի նախկին համակարգի առաջին մեծության «աստղի», այս բառապաշարը բնութագրական է։ Սակայն, այս խոսքային հրաձգության մեջ անընդունելի է Փաշինյանի պատասխանը նմանատիպ բառապաշարի գործադրմամբ։ Ի պատասխան Ծառուկյանի նշված արտահայտության, Փաշինյանը նրան սպառնում է առաջիկա տասնամյակում բնակեցնել բանտային «վանդակում» ու անպայման «որձ»-ի հետ։ Չցանկանալով վիրավորանքների փոխհրաձգությունը ամբողջությամբ այստեղ մեջբերել, պարզապես նկատեմ, որ եթե քրեական խոսվածքը Գագիկ Ծառուկյանի համար, որպես «վլաստ»-ի արժեհամակարգի կրողի տարօրինակ չէ, ապա դրա դեմ պայքարի առաջամարտիկ Փաշինյանի համար այն առնվազն համարժեք չի կարող համարվել։ Ի դեպ, նկատենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում զգացմունքային պոռթկումների ժամանակ Փաշինյանի և նրա թիմի անդամների կողմից այդ խոսվածքին բնորոշ արտահայտությունների օգտագործումը հաճախ է արձանագրվել։

Այս ամենին ի հավելումն, ընտրություններից անմիջապես հետո Ծառուկյանի կալանավորումը, նրա մասնավոր գազանանոցի ու կենդանիների խրտվիլակների հավաքածուի անօրինական ճանաչումն ու բռնագրավումը, չնայած իրավաբանական տեսանկյունից անհիմն չէ, սակայն իրականացման ժամկետն ու ձևը համարվում է անձնական վրեժխնդրության, հրապարակային ուժի ցուցադրում։

Մշակութային մարդաբան Լևոն Աբրահամյանը Երևանում քրեական ենթամշակույթի պատմությանը վերաբերող մի դրվագում մեջբերելով Ռոբերտ Շեքլիի «Պահապան թռչունը» պատմվածքը, որտեղ հանցագործությունների դեմ պայքարի համար ստեղծված մետաղյա թռչունն ինքն է դառնում հանցագործությունների աղբյուր, խոսում է այն մասին, թե ինչպես նույնը պատահում է ԽՍՀՄ տարիներին «գողերի» դեմ պայքարի նպատակով ստեղծված «գվարդիականների» ջոկատների հետ։ 

Դիսկուրս անալիզի տեսության մեջ կա այսպիսի մի պնդում, որ լեզվի կիրառումը ազդում է սոցիալական միջավայրի ձևավորման վրա։ Քրեական լեզվի գործածումը վաղ թե ուշ հանգեցնելու է համարժեք պրակտիկաների ձևավորմանը քաղաքական դաշտում։ Հատկանշական է, որ օրերս Աբովյան քաղաքում գրանցվեց ՔՊ տարբեր խմբավորումների միջև քրեական բնույթի պրակտիկաների գործադրմամբ բախում։ Թե արդյո՞ք սա կարելի է համարել «պահապան թռչունի» սինդրոմի դրսևորման նախանշան, չէինք ցանկանա վաղաժամ եզրահանգումներ անել։ Սակայն, ակնհայտ է, որ քաղաքական կյանքում քրեական ենթամշակույթը ներկայացնող «վլաստ»-ի ինստիտուտի դեմ պայքարում չպետք է գայթակղվել քրեական խոսույթով ու պրակտիկաներով։ Իրավիճակը փոխելու և քրեականությամբ հագեցած քաղաքական պրակտիկաները անցյալում թողնելու ճանապարհը սեփական քաղաքական մշակույթը բացառապես քաղաքականի ու օրինականության սահմաներում պահելն ու ժողովրդավարական շրջանակների քննադատության հետ հաշվի նստելն է։ 


Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակներինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։