ԶԼՄ-ների և Կրեմլի կողմից ֆինանսավորվող և/կամ օժանդակություն ստացող հասարակական կազմակերպությունների միջոցով Ռուսաստանի ապատեղեկատվական արշավի ազդեցությունն ակնհայտորեն նկատվել է Արևմուտքում Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, այս մարտավարությունը ծանոթ է հետխորհրդային հանրապետություններին։ Տարատեսակ գործիքների բազմապիսի կիրառմամբ Ռուսաստանի ապատեղեկատվական արշավը գործում է այս տարածքում Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ In English
Ներածություն
Ադրբեջանի համար Խորհրդային Միության փլուզման շուրջ առաջ եկած զարգացումները լրջորեն վնասեցին Ռուսաստանի իմիջը։ Մոսկվան հանրային հիշողություններում բացասաբար էր ընկալվում որպես իմպերիալիստական ուժ մի քանի իրադարձությունների պատճառով, մասնավորապես՝ խորհրդային ռեժիմի միջամտության և 1990թ-ի հունվարին Բաքվում քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Մոսկվայի դերակատարության պատճառով։ Այս իմիջը սահմանափակեց ադրբեջանական հասարակության վրա ռուսական ազդեցության տարածման հավանականությունը, որի առաջնային միջոցները լեզուն և կրթությունն էին։ Ավելին, 1990-ականներին ադրբեջանական կառավարության արտաքին քաղաքականությունը «արևմտականացված» էր՜ այսպիսով հեռանալով Ռուսաստանից կախվածությունից, իսկ կրթական համակարգի ապառուսականացումը և ԶԼՄ-ների վրա ունեցած ուժեղ հսկողությունը սահմանափակել էր Ռուսաստանի «մեղմ ուժի» կիրառումը։
Բացի այդ, Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի ճնշման հիմնական գործիքները քաղաքական խնդիրներն էին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Կասպից ծովի իրավական կարգավիճակը, և «մեղմ ուժի» գործիքների անհրաժեշտությունը երկրորդական էր դարձել։ Այնուամենայնիվ, 2012թ.-ից հետո Մոսկվայի ռազմավարությունը փոխվեց, և ռուսական լեզվական և կրթական, ինչպես նաև տեղեկատվական գործիքներն առաջնային էին համարվում։ Փոփոխությունը տեսանելի էր, Ադրբեջանում աճում էր կրթական և այլ փոխանակման ծրագրերի թիվը, ինչպես նաև ռուսական աշխարհայացքը հանրահռչակելուն ուղղված ռուսաստանյան մեդիա գործիքների ուղղությամբ ակնհայտ ներդրումների ծավալները։ «Մեղմ ուժի» ռուսական տարբերակը հեռու է առանց ուժի համոզման հասկացություն լինելուց։ Ընդհակառակը, «մեղմ ուժը» հանդես է գալիս որպես համոզման մեկ այլ ձև՝ ի տարբերություն արևմուտքի, չառաջարկելով արժեքային համակարգ։ Համոզման և հարկադրման բոլոր այս տարբեր դրսևորումները կիրառվում են որպես լրացուցիչ գործիքներ՝ ուժեղացնելու Ռուսաստանի դիրքերը այսպես կոչված Եվրասիական Միության նախաձեռնության դեմ հանդես եկող ընդդիմության աչքերում, ինչպես նաև տարածաշրջանային ազդեցության արմատական աճի դեմ ցանկացած դիմակայությանն ի պատասխան։ Վերջին մի քանի տարիները ցույց են տալիս, որ 2012թ.-ից ի վեր Ադրբեջանում խիստ ակտիվ են Ռուսաստանի՝ մեղմ ուժի գործիքների մշակմանն ուղղված ջանքերը։
Ռուսերենը և հասարակական կազմակերպությունները որպես Մոսկվայի «մեղմ ուժի» գործիքներ
Ռուսերենը կորցրել է իր ազդեցությունը որպես Ադրբեջանում գործող լինգվա ֆրանկա՝ բնակչության մեծամասնության շրջանում ադրբեջանական ազգային ինքնության մասը դարձած հակառուսական պատումի ծավալմանը զուգահեռ։ Ադրբեջանական հասարակության մեծ մասը և երբեմն նաև քաղաքական էլիտան բացահայտ կերպով մեղադրում են Մոսկվային Լեռնային Ղարաբաղի շարունակական հակամարտությունը ոչ միայն հրահրելու, այլև դրա լուծումը ձգձգելու մեջ։ Ռուսերենը կորցրել է իր ազդեցությունը նաև մեկ այլ պատճառով, մասնավորապես՝ պայմանավորված Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանում մնացած էթնիկ ռուսների փոքրաթիվ լինելու հանգամանքով, հատկապես եթե համեմատենք այլ նախկին հանրապետությունների, օրինակ՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Ադրբեջանում էթնիկ ռուսների թիվը 1989թ.-ի դրությամբ արձանագրված 392,000-ից 2009-ին հասել էր 120,000-ի։ Այսպիսով, 1988-1989 ուսումնական տարում Բաքվի դպրոցների աշակերտների միայն 45%-ի համար էր ուսումնառության լեզուն ադրբեջաներեն՝ ի տարբերություն 1995-1996 ուսումնական տարում գրանցված 78%-ի։[i] Ռուսերենի գրավչությունը նաև մասամբ նվազեց սառը պատերազմից հետո ձևավորված աշխարհայացքի պատճառով, Արևմուտք դուրս գալու նպատակով երիտասարդ սերունդը հակված էր անգլերեն սովորել:
1991թ.-ին Ռուսաստանի իմիջը նսեմացավ ողջ հետխորհրդային տարածքում։ Այնպիսի ճգնաժամերը, ինչպիսիք էին 2008-ի ռուս-վրացական պատերազմը և Ուկրաինայի հետ շարունակական հակամարտությունը, լուրջ դեր խաղացին այդ հարցում։ Այնուամենայնիվ, Ադրբեջանում այս ճգնաժամերի ազդեցությունը մեղմվել է Ռուսաստանում ադրբեջանցի մեծաքանական աշխատանքային միգրանտների առկայության շնորհիվ։ Մոտավորապես երկու միլիոն ադրբեջանցի է բնակվում Ռուսաստանում։ Նրանց մեծ մասը աշխատանքային միգրանտներ և սեզոնային աշխատողներ են, որոնց ազգակցական կապերը և շփումները շատ լավ հնարավորություն են ռուսական քարոզչության համար։ Այս խումբը Ռուսաստանը դիտարկում է որպես հիմնական աշխատաշուկա և մղում է նոր սերնդին հաճախել լեզվական դասընթացների, ինչը նույնպես ծառայում է ռուսերենի ազդեցության ամրապնդմանը։
Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը, ի տարբերություն Արևմուտքի, զգալի պասիվությունն էր ադրբեջանական քաղաքացիական հասարակության հատվածում։ 2012թ.-ին Ադրբեջանում գործող 107 արտասահմանյան հասարակական կազմակերպությունների մասնաճյուղերից և/կամ արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններից միայն մեկն էր ռուսական։ Մոսկվան սա լուրջ խնդիր չէր համարում՝ դիտարկելով արևմտյան դրամաշնորհատու կազմակերպություններին որպես սահմանափակ կամ էլիտիստական ազդեցության գործոններ: Արևմուտքը կենտրոնացած էր կրթական փոխանակման ծրագրերի վրա, որոնցից օգտվելու էր արդեն իսկ արտոնյալ վիճակում գտնվողների միայն աննշան փոքրամասնությունը։ Ռուսաստանն առևտուրը և աշխատանքային միգրացիան (և դրանց արդյունքում՝ Ադրբեջան ուղարկվող դրամական փոխանցումները) համարում էր շատ ավելի արդյունավետ միջոց՝ ազդելու Ադրբեջանի և ադրբեջանցիների վրա։ Մոսկվայի համար Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններ հիմնելու հնարավորությունները սահմանափակ էին նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ կառավարության կողմից իրականացվող խիստ վերահսկողության պատճառով։ Փոխարենը Ռուսաստանի կառավարությունը կազմակերպեց լեզվի դասընթացներ՝ Բաքվում հիմնելով «Տեղեկատվության և մշակույթի ռուսական կենտրոնը», ինչը Բաքվի կողմից չդիտվեց որպես քաղաքական սպառնալիք։ Այնուամենայնիվ, Բաքվում իշխանությունները գիտակցում էին ռուսամետ ուժերի ի հայտ գալը, իսկ քաղաքական մթնոլորտը նպաստավոր չէր՝ խթանելու հակաամերիկյան, եվրասիամետ (այսինքն՝ Մոսկվայի գլխավորությամբ հիմնված դաշինքը՝ Եվրասիական միությունը, հանրահռչակող) տեսակետներ։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է։ Ադրբեջանում Մոսկվան այժմ հովանավորում է կեղծ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ֆինանսավորում է ավելի ու ավելի մեծ թվով կրթական և մասնագիտական ծրագրեր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երրորդ պաշտոնավարման մեկնարկից ի վեր Մոսկվան համալրում է իր մեղմ ուժի գործիքների զինանոցը՝ Եվրասիական միության նախագծի համար ողջ հետխորհրդային տարածքում հանրային աջակցություն ձևավորելու նպատակով։ Այս նպատակը հանգեցրել է 2012թ. -ից ի վեր ռուսական մեդիա գործիքների և կազմակերպությունների ստեղծմանը։ Ռազմավարության այս փոփոխությանը նպաստել են արևմտյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների նկատմամբ Բաքվի կողմից կիրառվող ավելի մեծ ճնշումները, որոնց թվում է նաև քաղաքացիական հասարակության գործունեության մասին սահմանափակող նոր օրենքը: Եվ այս ամենը ներգրավման ավելի ճկուն հնարավորություններ է ընձեռել Ռուսաստանին։ Այստեղ նկատի ունենք, օրինակ, երիտասարդ փորձագետների Կասպիական դպրոցը, որը գործում է 2011թ.-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հիմնադրված Ռուսաստանի Ալեքսանդր Գորչակովի դիվանագիտական հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև այնպիսի հասարակական կազմակերպությունների հիմնադրումը, ինչպիսիք են Սլավոնական-թուրքական միությունը (2013թ.) և Ռուսաստանի Լև Գումիլյովի Կենտրոնի մասնաճյուղը (2012թ.)։ Վերջինս տարածում է եվրասիամետ գաղափարներ՝ առանձնակիորեն կենտրոնանալով մուսուլմանական և թուրքական ինքնության վրա Եվրասիայի՝ որպես «քաղաքակրթության օրրանի» ավելի լայն, աշխարհաքաղաքական համատեքստում։ Այս տեսակետն ավելի լայն հավանության է արժանացել ադրբեջանցիների կողմից, քան Կրեմլի խոսափող և Ռուսաստանի իր իմպերիալիստական տեսլականը չթաքցնող Ալեքսանդր Դուգինի հանրահռչակած նեո-եվրասիականության գաղափարը։
Թեև Ռուսաստանի կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները և կրթական-մասնագիտական ծրագրերը փոքրաթիվ են, ռուսական «մեղմ ուժի» հիմնական կենտրոնացումը ԶԼՄ-ներն ու կրթությունն են՝ միտված ռազմավարական ընդլայնված ազդեցության ծրագրին։
Ռուսական մեղմ ուժի գործիքները, կրթության վրա կենտրոնացումը
Ադրբեջանում ԶԼՄ-ների առաջնային լեզուն մայրենին է՝ ադրբեջաներենը։ 2000-ականներից ի վեր ավանդական տպագիր մամուլից առաջ անցած առցանց մեդիայի թվի աճին զուգահեռ ի հայտ եկան ավելի մեծ թվով ռուսալեզու պարբերականներ, որոնք հիմնականում Ռուսաստանում հրատարակվող կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցներ են։ Դեռևս չկար առցանց բովանդակության ֆորմալ կարգավորում։ Ադրբեջանական կառավարության տեսանկյունից, անհրաժեշտ էր մեծացնել ռուսալեզու լրատվամիջոցների թիվը՝ ընդլայնելու կառավարության օրակարգի ծածկույթը ողջ հետխորհրդային տարածքում, որտեղ ռուսերենը դեռևս հասկանալի է հասարակության լայն շրջանակների համար։ Այս առումով առաջնային նպատակն էր ամրապնդել Բաքվի դիրքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի հետ մղվող տեղեկատվական պատերազմում։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը նշանակում էր, որ ադրբեջանական մեդիան թուլացած է. ադրբեջանցի լրագրողները սկսեցին իրենց լրատվական գործակալություններին մատուցել ռուսալեզու աղբյուրներից տեղեկատվություն/տվյալներ, և նորությունների և տեղեկատվության ստացման նպատակով ադրբեջանցի լրագրողների լեզվական կարողությունները նրանց լռելյայն ուղղորդեցին դեպի ռուսալեզու աղբյուրներ, ինչն անուղղակիորեն ազդեց հրապարակումների վրա։ Դրա հետևանքով այս աշխատակարգը նպաստեց Մոսկվայի կողմից մանիպուլացվող տեղեկատվությունը ադրբեջանական տեղեկատվական տիրույթ բերելուն, որի ռուսալեզու հատվածը մեծապես և դեռևս ավելի հաճախ ռուսերեն, քան անգլերեն խոսող ադրբեջանական միջին դասի այլընտրանքային ռեսուրս էր։ Սա մասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ ռուսալեզու մեդիան շատ ավելի բարձրորակ է, նույնիսկ ռուսական ազդեցությամբ քարոզչությունը շատ ավելի բարձր մակարդակի է և ավելի լավ է գրված։
Մինչև 2015թ.-ը Մոսկվան հանդես չէր եկել ադրբեջանական տեղեկատվական տիրույթի նկատմամբ հավակնություններով, ի հակադրություն տարածաշրջանային մյուս խոշոր դերակատարի՝ Իրանի, որը հովանավորում էր մի քանի լրատվամիջոց։ Բայց 2015թ.-ի մայիսին Ադրբեջանում մեկնարկեց ռուսական «Սպուտնիկ» լրատվական համացանցային հարթակը, որը հասանելի է առցանց թե՛ ադրբեջաներենով, թե՛ ռուսերենով։ «Սպուտնիկ» լրատվամիջոցը դրանից մեկ տարի առաջ էր հիմնվել Ռուսաստանում՝ հակադարձելու նրան, ինչը ռուսաստանյան իշխանություններն անվանում են «արևմտյան մեդիայի ագրեսիվ քարոզչություն»։ Կրեմլի քարոզչամեքենայի մուտքն Ադրբեջան զգալիորեն չի մեծացրել ռուսական քարոզչության ազդեցությունը, որովհետև բնակչության մեծամասնությունը չի օգտվում այս փոքրաթիվ լրատվամիջոցներից։ Բաց հարևանության «ԵՄ արևելյան հարևաններ» ծրագիրը պարզեց, որ ռուսական ալիքների՝ որպես տեղեկատվության աղբյուրների, դերը էական չէ Արևելյան գործընկերության երկրներում, օրինակ՝ Բելառուսում և Մոլդովայում, այնինչ Ադրբեջանում հարցվածների միայն 39%-ն է հույսը դնում ռուսական ալիքների վրա։ Այս 39%-ից 61%-ն ասաց, որ նախընտրում է ոչ ռուսական ԶԼՄ-ներ։[ii]
Այնուամենայնիվ, Ռուսաստանի մարտավարությունը տարբերվում է Իրանի մարտավարությունից։ Վերջինս հովանավորում էր թե՛ ադրբեջաներեն առցանց մեդիա, թե՛ ռադիո ալիքներ, իսկ բովանդակությունը հիմնականում արտացոլում էր Թեհրանի պաշտոնական տեսակետները՝ քննադատելով ադրբեջանական կառավարությանը և երկրի աշխարհիկ արժեքները։[iii] Ադրբեջանական բնակչության մեծամասնությունը շատ թույլ էր սատարում այս դիրքորոշմանը, որը երբեմն խիստ թշնամական էր։ Բայց Ռուսաստանի կողմից հովանավորվող ալիքները հետաքրքրված չէին Ադրբեջանի կառավարության կամ նրա վարած քաղաքականությունների դեմ քննադատությամբ, ընդհակառակը, 2013-2015թ.թ.-ին Բաքվում հակաարևմտյան հռետորաբանության ի հայտ գալուն զուգահեռ, Ռուսաստանն օգտվեց հակաարևմտյան և հակաամերիկյան տրամադրությունները խթանելու հնարավորությունից՝ ուկրաինական խնդրի շուրջ ԱՄՆ/արևմտյան դիրքորոշումը պատկերելով և դրամատիզացնելով որպես միջամտություն ներքին գործերին։ Թեև Բաքուն բացահայտ կերպով սատարում է Ուկրաինային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ տարածքային ամբողջականության սկզբունքի հիմնավորմամբ, ռուսական ապատեղեկատվությունը, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն ունեցավ Ադրբեջանում։ Սա հաստատվեց 2015թ.-ի «Բնակարանային ապահովման և սոցիալական կայունության» համեմատական ուսումնասիրությամբ, որը ցույց տվեց, որ ադրբեջանցիների մեծամասնությունը հալած յուղի տեղ է ընդունում ուկրաինական խնդրի շուրջ ռուսական պաշտոնական պատումը 2013թ. - ից ի վեր՝ Ռուսաստանում գտնվող մեդիայի ազդեցության շնորհիվ, այս խումբը դրսևորել է ռուսական պատումն ընդունելու ավելի լայն միտում, որով ուկրաինական ճգնաժամի մեջ են մեղադրվում ԱՄՆ կառավարությունը և Արևմուտքը։[iv]
Թեև ռուսական ազդեցությունը ԶԼՄ-ների միջոցով շարունակում է բավականին սահմանափակ մնալ և հարաբերականորեն նոր երևույթ է, ինչպես նկարագրված է վերը, կրթական համակարգի միջոցով ազդեցությունը փթթում է թե՛ դպրոցներում, թե՛ համալսարաններում։ Թեև ռուսերենով ուսում ստացող դպրոցահասակ երեխաների թիվը Ադրբեջանում 1990թ. - ից ի վեր ավելի քան կիսով չափ կրճատվել է (250,000-ից հասնելով 94,700-ի), նվազման այս տեմպերը թուլացան Ադրբեջանի անկախության երկրորդ տասնամյակում (107,500-ից 94,700-ի)։[v] Վերջին հինգ տարիների ընթացքում ռուսալեզու կրթությունը խթան ստացավ։ Բաքվի դպրոցներում ռուսալեզու ուսումնական ծրագրում սովորողների թիվն աճեց՝ 2013թ. - ին գրանցված 42,868-ից 2016թ.-ին հասնելով 55,809-ի։ Քանակական առումով միայն ռուսալեզու ուսուցմամբ դպրոցների թիվը կտրուկ չի նվազել. այսօր, ինչպես և 1989թ.-ին, Ադրբեջանում կա 16 ռուսական դպրոց և 380 դպրոց, որոնք ունեն թե՛ ադրբեջաներենով, թե՛ ռուսերենով դասարաններ։[vi] Այնուամենայնիվ, հատկապես Բաքվում, ռուսերենով ուսուցման տարբերակն ընտրող աշակերտների թիվն աճել է վերջին չորս տարիներին։ Չնայած քաղաքական մտահոգություններին՝ ռուսալեզու կրթությունը դիտվում է որպես շատ ավելի բարձրորակ կրթություն, քան այն կրթությունը, որն աշակերտները ստանում են ադրբեջանական դպրոցներում։
Ադրբեջանական կառավարության կողմից վերջերս ներդրված ծրագրերը, օրինակ՝ «Ռուսերենի խորացված ուսուցում» ծրագիրը, ներկայում իրականացվում է 50 ավագ դպրոցներում և նպատակ ունի ընդլայնել ռուսալեզու կրթության հասանելիությունը։
Ադրբեջանցի համալսարանական ուսանողներին ռուսական համալսարաններ տանելն առաջնահերթություն է Մոսկվայի համար։ Թեև ֆինանսավորման հնարավորությունները այժմ նվազել են, ԱՄՆ-ի կողմից կազմակերպված տարբեր ծրագրերի և Ադրբեջանի կառավարության ծրագրի (2007-2015թ.թ. Ադրբեջանի երիտասարդների համար արտասահմանյան կրթության պետական ծրագիր) միջոցով արևմտյան կրթության ազդեցությունն արդյունավետ է եղել՝ հանրային կառավարման ոլորտում արևմտյան կրթություն ստացած մասնագետների ներգրավման և նրանց թվի մեծացման առումով։ Հետևանքներից մեկն այն էր, որ նվազել էր ռուսական համալսարանների նկատմամբ հետաքրքրությունը։ Թուրքական համալսարաններն ավանդաբար լավագույն այլընտրանք էին ադրբեջանցի ուսանողների համար։ Սակայն երբ Կոնգրեսը 2012-2013թ.թ․փակեց ԱՄՆ կառավարության Մասկի ծրագիրը, իսկ ադրբեջանական կառավարությունը 2015թ․-ին փակեց արտասահմանում բարձրագույն կրթության ֆինանսավորման իր ծրագիրը, հնարավորությունները սարսափելի նվազեցին։ 2007-2015թթ․-ին ավելի քան 3000 ադրբեջանցի էր սովորում արտասահմանում, հիմնականում՝ արևմտյան երկրներում։ 2013 թ․-ից ի վեր կառավարությունն ավելի ու ավելի էր մտահոգվում արևմուտքում կրթություն ստացած ադրբեջանցիների պատճառով, որոնք, հայրենիք վերադառնալով, ձգտում էին փոխել արժեքային համակարգը և բաց քննարկումներ ձևավորել հանրային խնդիրների շուրջ։[vii] Ի հակադրություն դրան՝ ռուսական կրթական համակարգը կապակցված չէ ազատական արժեքային համակարգին, իսկ շրջանավարտները չեն ձգտում վիճարկել քաղաքական ստատուս քվոն։
Կառավարության կողմից պետական ծրագիրը 2015թ․-ին դադարեցնելուց հետո Արևմուտքում ուսումնառելու ֆինանսավորման հնարավորությունների բացակայության պայմաններում վերակենդանացավ Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում 72,000 միջազգային ուսանող է գտնվում, որի 69 տոկոսը կազմում են Ադրբեջանից, Բելառուսից և Անկախ պետությունների համագործակցության անդամ այլ երկրներից եկած ուսանողները։[viii] Այդ 72,000-ի 20 տոկոսը (մոտավորապես 14,000) ադրբեջանցի է։
Տարբեր ռուսական համալսարաններ 2007թ․-ից ի վեր իրենց մասնաճյուղերն են հիմնել Ադրբեջանում՝ ի լրումն Ադրբեջանի շատ համալսարաններում գործող ռուսական մշակույթի և լեզվի կենտրոնների։ Ավելի երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանը Թուրքիայից հետո երկրորդ այլընտրանք է միջազգային համալսարանական կրթության ձգտող ադրբեջանցիների համար։
Եզրակացություն
Անցած երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանն արդյունավետ կերպով օգտագործել է իր կոշտ ուժի գործիքները, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Կասպից ծովի կարգավիճակը և այլն՝ փորձելով վերահսկել Ադրբեջանին, բայց Ադրբեջանի տնտեսական անկախությունը պաշտպանել է Բաքվի քաղաքական ինքնավարությունը։ Կոշտ քաղաքական գործիքների վրա կենտրոնացմամբ՝ Ռուսաստանը տարիներ շարունակ թե՛ լռելյայն, թե՛ միտումնավոր կերպով բավականաչափ ներդրումներ չի արել իր մեղմ ուժի գործիքների ուղղությամբ։ Լռելյայն մեղմ ուժի գործիքների ուժեղացման հիմքը թույլ էր՝ պայմանավորված անկախությանը հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանից չհեռացած ռուսների փոքրաթիվ լինելու հանգամանքով։ Ավելին, Ռուսաստանի բացասական իմիջը Խորհրդային Միության փլուզման ընթացքում սահմանափակում էր Ռուսաստանի՝ Ադրբեջանում ավելի մեծ ազդեցություն ձեռք բերելու կարողությունը։ Ադրբեջանական կառավարության կողմից կրթության և լեզվական ապառուսականացման քաղաքականությունը և ազգային հռետորաբանության վրա կենտրոնացումը նվազեցրին Ռուսաստանի՝ մեղմ ուժի գործիքներով ներգործական ազդեցությունը։
Այնուամենայնիվ, 2012թ-ից ի վեր Ռուսաստանն ինտենսիվացրել է մեղմ ուժով ազդելու իր ջանքերը հետխորհրդային տարածքում, նաև՝ Ադրբեջանում, որտեղ ժամանակին եղել են ավելի մեծաթիվ ռուսական լրատվամիջոցներ և կրթական նախագծեր։ Ադրբեջանի դեպքում Մոսկվան, կարելի է ասել, դատարկ տարածություն գտավ Արևմուտքի դերի թուլացման պատճառով։ Բայց Ռուսաստանի մեծացող դերն Ադրբեջանի մեդիա և կրթական ծրագրերի ոլորտում մասամբ Ադրբեջանի կառավարության քաղաքականության հետևանքն է, որը թույլ տվեց արևմտյան կրթական ծրագրերի նվազումը և խեղդեց քաղաքացիական հասարակության արևմտականացված հատվածին։
Ի ամփոփումն՝ Ռուսաստանի համալսարանական ծրագրերը և ռուսերենով ուսուցման դպրոցները նաև շուկայական պահանջարկի արդյունք են. չմոռանանք այն ոչ մրցակցային միջավայրը, որը թույլ է տալիս դրանց փթթել։ Կառավարությունը գտնում է, որ ադրբեջանական տեղեկատվական տիրույթը մանիպուլացնելու գործում կրեմլամետ մեդիայի ազդեցությունը քիչ հավանական է, այնուամենայնիվ, երկարաժամկետ կտրվածքով այն կարող է և թափ հավաքել։ Համապատասխանաբար, ռուսերենով ուսում ստացող աշակերտների աճող թիվը, ինչպես նաև ռուսական համալսարաններ ընդունելությունը և արևմտյան կրթություն ստանալու նվազող հեռանկարները երկու երկարաժամկետ ազդեցություն կունենան։ Նախ՝ ռուսալեզու տեղեկատվական տիրույթը կընդլայնվի ռուսախոսների թվի աճին զուգահեռ։ Երկրորդ՝ ռուսական համալսարանական կրթությունը շրջանավարտներին կտա Մոսկվայով կողմնորոշված աշխարհայացք։ Հանրային կառավարման ոլորտում և կառավարության կազմում այս շրջանավարտների ներգրավումը, ի վերջո, կազդի քաղաքականությունների մշակման գործընթացի վրա։
[i] Гюльшен Пашаева. Мировые языки как составная часть публичной дипломатии. SAM Коментарии. №16, 2016, p.44
[ii] Open Neighborhood- Communication for A stronger Partnership: connecting with citizens across the Eastern Neighborhood, July 2016, http://www.euneighbours.eu/sites/default/files/publications/2017-02/EU%20Neighbours%20East_Full.report_6.pdf
[iii] Azerbaijani Audience Gets A Taste Of Iranian 'Soft Power’, Radio Free Europe/Radio Liberty, July 09, 2008
[iv] Theodore P. Gerber & Jane Zavisca (2016) Does Russian Propaganda Work? The Washington Quarterly, 39:2, 79-98, DOI: 10.1080/0163660X.2016.1204398, p.94.
[v] Aynur Ramazanova, Knowledge in Russian in Azerbaijan, CRRC Blog, April 2014. http://crrc-caucasus.blogspot.com/2014/04/knowledge-of-russian-in-azerbaijan.html
[vi] "Rus dili Azərbaycanın ikinci dilidir”, March 2016, https://sputnik.az/life/20160303/404009856.html
[vii] Mina Muradova, Azerbaijani Authorities Close Opposition University, CACI Analyst April 2013
[viii] Jack Grove, Emphasis on soft power leads to focus on those from former Soviet states, Times Higher Education, March 2017