Հինգ տարի է անցել Վրաստանում իշխանափոխությունից հետո, ինչը, շատերի կարծիքով, պետք է երկիրը շեղած լիներ արևմտյան կողմնորոշումից և այն խոցելի դարձներ Ռուսաստանի ազդեցության նկատմամբ։ Այս հինգ տարիներին տեղի է ունեցել Ռուսաստանի «մեղմ ուժի» աճող կիրարկում ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում. այնուամենայնիվ, իրականում մեղմ ուժը դեռևս իր բնույթով սահմանափակ է և չի կարողացել ապահովել լուրջ շրջադարձեր։ Այս հոդվածի նպատակն է վրացական տեսանկյունից վերլուծել Ռուսաստանի կողմից մեղմ ուժի նախկին ձեռքբերումները, սահմանափակումները և հետագա սպառնալիքները։ In English
Ռուսաստանի մեղմ ուժի կիրառման ձևերը
2017թ.-ի մայիսին ընդունվեց Ռազմավարական պաշտպանության վերանայման նոր փաստաթուղթը, որտեղ Ռուսաստանի մեղմ ուժը պաշտոնապես ճանաչվում է լուրջ սպառնալիք երկրի անվտանգության համար։ Առաջին անգամ էր, որ այս հանգամանքը պաշտոնապես ի ցույց էր դրվում պետական ռազմավարության շրջանակներում, և այսպիսով, կարող է դիտվել որպես վերջին մի քանի տարիներին ռուսական քարոզչության և ազդեցության ստեղծած իրավիճակի արդյունք։
Ռուսաստանի՝ Վրաստանում ավելի մեծ տարածում գտնող մեղմ ուժի լուրջ հաղթանակներից մեկը եվրոպական կողմնորոշման նկատմամբ թերահավատ քաղաքական կուսակցությունների առաջխաղացումն է, որոնք գուցե լիովին ռուսամետ չեն, սակայն ջատագովում են Մոսկվայի հետ ավելի սերտ կապեր։ Սա, մյուս կողմից, լիովին համապատասխանում է Ռուսաստանի՝ արտասահմանում վարած մեղմ ուժի քաղաքականությանը, քանի որ միջազգային մակարդակում ռուսական քարոզչությունը ձգտում է օգտվել թիրախ հանդիսացող երկրում առկա խնդիրներից և տարաձայնություններից՝ թուլացնելու ժողովրդավարության և Արևմուտքի նկատմամբ վստահությունը։ Վրաստանի 2016 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայրենասերների դաշինքը» անցավ ընտրական շեմը՝ խորհրդարանում ստանալով 6 տեղ և մեկ տեղ՝ Աջարիայի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդում։ Նինո Բուրջանաձեի կուսակցությանը՝ «Միացյալ Վրաստանին», նույնպես հաջողվեց ներկայացուցիչ ունենալ այստեղ, ինչը շատերի համար անակնկալ էր։ Հատկանշանական է, որ բացի հայտնի զբոսաշրջային վայր լինելուց, Աջարիան ունի իր յուրօրինակ ինքնությունը, ինչը կարող է «հարմար» գործոն լինել այնտեղ Ռուսաստանի ազդեցության համար, այնուամենայնիվ, մենք ավելի ուշ ստորև կքննարկենք այս խնդիրը մանրամասնորեն։ Ռուսաստանը շուտափույթ կերպով ձգտում է ողջ Եվրոպայում և հետխորհրդային տարածքում խթանել Մոսկվայի հետ ուղիղ կապ ունեցող հակաարևմտյան կուսակցությունների քաղաքական լեգիտիմությունը։
Ռուսաստանի մեղմ ուժի մեկ այլ էական և տեսանելի ազդեցությունը հակաարևմտյան, ավանդապաշտ և մարգարեական իմիջի ամրապնդումն է Վրաստանում՝ միևնույն ժամանակ ընդգծելով Ռուսաստանի հետ դարավոր կրոնական և մշակութային փոխադարձ կապերը։ Այս առումով ռուսական մեղմ ուժի գործորդներից մեկը Վրաստանի ուղղափառ եկեղեցին է, որը շարունակում է երկրում պահպանողականության հենակետը լինել՝ օգտվելով բնակչության մեծամասնության վստահությունից և աջակցությունից։ Այնուամենայնիվ, կա կարծիք, որ եկեղեցու ներսում արևմտամետ հատվածը հարաբերական հակակշռություն է ստեղծում ռուսամետ ջատագովների դեմ՝ այսպիսով հաստատությունը դարձնելով ռուսական ազդեցության նկատմամբ ավելի կայուն, քան կարող է թվալ դրսից։ Բացի այդ, Արևմուտքի պատկերումը որպես աշխարհի բարոյալքված մաս, ներթափանցել է Վրաստան։ Այստեղ, խիստ արական հասարակությունում, Պուտինի իմիջը որպես ուժեղ և խիզախ առաջնորդի մեծապես նպաստում է Ռուսաստանի դրական իմիջին՝ որպես արտաքին սպառնալիքներից վրացական ավանդույթների և մշակույթի պաշտպանի։
Չնայած այս ձեռքբերումներին, թվում է, որ Ռուսաստանի ջանքերը Վրաստանում ավելի հակաարևմտյան են, քան ռուսամետ՝ այսպիսով փոխակերպելով մեղմ ուժը զուտ քարոզչության և սահմանափակելով գործունեության շրջանակը, ինչին կանդրադառնանք հաջորդ հատվածում։
Ռուսաստանի մեղմ ուժի սահմանափակումները
Այն, որ Ռուսաստանի մեղմ ուժն արդյունավետորեն է պայքարել, նորություն չէ ոչ արտաքին աշխարհի, ոչ էլ հենց Մոսկվայի համար։ Խոսքի և գործի միջև զգալի անջրպետը Հարավային Կովկասի երկրների և հատկապես Վրաստանի համար դժվարեցնում է Կրեմլի՝ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության անկեղծությանը հավատալը։ Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական և նորմատիվ ազդեցությունը բավականին ուժեղ չէ, որպեսզի այն Արևմուտքին այլընտրանք դառնա, ինչի արդյունքում Ռուսաստանն էլ ավելի պակաս գրավիչ է դառնում։
Առաջին հերթին, Ռուսաստանի՝ Վրաստանում կիրառած մեղմ ուժը սահմանափակող հիմնական գործոնները Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական օկուպացիան և Վրաստանի տարածքային ինքնիշխանության խաթարումն են։ 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմը և դրա դաժան ժառանգությունը սահմանների տեղաշարժերի առումով ներկայացնում են Ռուսաստանը որպես իմպերիալիստական ուժ և երկրի գոյության համար սպառնալիք՝ այսպիսով նվազեցնելով Մոսկվայի գործողությունների նկատմամբ հավատն ու վստահությունը։ Բացի այդ, վրացիները Ռուսաստանը տեսնում են որպես իրենց տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ, քանի որ երկու չլուծված հակամարտությունները ռիսկի գործոն են ֆինանսական կայություն համար։ Միևնույն ժամանակ մեդիան և քաղաքական կուսակցությունները կրկնաբար, առօրեական կտրվածքով պատկերում են Ռուսաստանի սպառնալից իմիջը, ինչը հատկապես տեղ չի թողնում համակրանքի համար, հետևաբար Մոսկվայի ջանքերն այլևս ազդեցիկ չեն այս համատեքստում։
Ռուսական մեղմ ուժի երկրորդ սահմանափակումը նրա ցածր մրցունակությունն է։ Ֆինանսական, քաղաքական և մտավոր ռեսուրսների ծավալը, որը Վրաստանում ծախսում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, Ռուսաստանի ջանքերի համեմատ ծայրահեղորեն անհամաչափ է։ Թեև Արևմուտքից զգալի աջակցություն կա քաղաքական, քաղաքացիական, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում, նույնը չի կարելի ասել Ռուսաստանի դեպքում։ Թվում է, այս միտումը շարունակական կլինի և է՛լ ավելի կուժգնանա, հատկապես եթե հաշվի առնելու լինենք այն բոլոր հնարավորությունները, որ ստանում է Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի միջոցով։ Նույնիսկ այդ հասարակական կազմակերպությունները, որոնք ակտիվորեն սատարել են Վրաստանում Կրեմլի քաղաքականությունները, տնտեսական ծանր վիճակում են հայտնվել: Վերջին տարիներին այս կազմակերպությունների մասին շատ է գրվել և խոսվել, բայց միայն մի քանի տարվա գործունեությունից հետո նրանց մեծ մասը ծայրահեղ անարդյունավետ է եղել հանրային վերաբերմունքի փոփոխության և սոցիալ-քաղաքական կշիռ ձեռք բերելու տեսանկյունից։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ռուսաստանը դեռևս անկարող է «արտահանել» իր մանկահասակ քաղաքացիակական հասարակությունն արտասահման։ Սա, ի վերջո, բավականին դժվարացնում է Ռուսաստանի համար ներթափանցումը վրացական էլիտա, որի մեծամասնությունը ներկայացնում են արևմտյան կրթություն ստացած երիտասարդները, որոնք ոչ նոստալգիկ հիշողություններ, ոչ էլ ցանկություն ունեն ապրելու Մոսկվայի ստվերի ներքո։ Սույն փաստարկի հիմնական ցուցանիշներից մեկը այն հետազոտություններն են, որոնք ցույց են տալիս, որ չնայած ռուսական մեդիայի վերջերս տեղ գտած վերակենդանացմանը և վրացերեն կայքերի թողարկմանը, Ռուսաստանի նկատմամբ տրամադրությունները երիտասարդների շրջանում հիմնականում բացասական կամ չեզոք են։ Միակ կենսունակ տարբերակը ռուսական քարոզչության համար ավելի տարեց մարդկանց ներգրավումն է, որոնք լեզվական (թեև Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի հետ միասին Վրաստան է վերադառնում նաև ռուսերենը), ինչպես նաև անձնական կապեր ունեն Ռուսաստանի հետ. այնուամենայնիվ, այս խմբի բոլոր անդամները չեն, որ ընկալունակ են ռուսական քաղաքականությունների նկատմամբ։ Այսպիսով, ապագայում այս ոլորտում Ռուսաստանի ազդեցությունն է՛լ ավելի կթուլանա, քանի որ ավագ սերունդների փոխարինումը երիտասարդներով կարող է էականորեն նվազեցնել աջակիցների թիվը երկրում։
Բացի վերոնկարագրյալ սահմանափակումներից, Վրաստանում և տարածաշրջանում ռուսական մեղմ ուժի հետագա առաջխաղացման էական խոչընդոտը Ռուսաստանի անկայուն և թույլ տնտեսությունն է, որն այլընտրանք չէ արևմտյան ոճով զարգացման համար։ Ունենալով աղքատության բարձր ցուցանիշ՝ Վրաստանը որոնում է մի մոդել, որը կարող է վերջ դնել սոցիալական ծանր վիճակին, և բոլորին է հայտնի, որ Ռուսաստանը չի կարող առաջարկել որևէ կենսունակ լուծում՝ իր խիստ կոռումպացված և անարդյունավետ համակարգով։ Ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի դեմ կիրառվող բազմաթիվ պատժամիջոցները և նավթի գների անկումը ևս մեկ անգամ ամրապնդել են այս փաստարկը վրաց հասարակության շրջանում։
Հետագա սպառնալիքները
Փաստը, որ Վրաստանը պաշտոնապես ճանաչել է Ռուսաստանի մեղմ ուժը որպես անվտանգության լուրջ սպառնալիք, դրդում է մեզ հավատալ, որ Թբիլիսին հավանական պառակտումներ է տեսնում հասարակությունում, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել ի շահ իրեն;
Էթնիկ և կրոնական փոքրամասնություններով բնակեցված տարածքները կարող են դառնալ Ռուսաստանի մեղմ ուժի լուրջ թիրախային խմբերից մեկը։ Ծայրամասերում, որտեղ զգալի դժգոհություն կա կենտրոնից, շահերն առաջ տանելը կարող է դառնալ մանիպուլյացիայի /մտաշահարկման/ արդյունավետ գործիք։ Մենք սա արդեն տեսել ենք Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատման ժամանակ 90-ականների սկզբին և ներկայում նույնի ականատեսն ենք Ուկրաինայի գործընթացի շրջանակներում։ Այս առումով հատկանշական է երկու շրջան՝ Ջավախեթին և Աջարիան։ Առաջինը մի շրջան է, որը բնակեցված է էթնիկ հայերով, որտեղ Երևանի խորացող ինտեգրումը անվտանգության և տնտեսական ռուսական նախագծերում կարող է արձագանքներ գտնել և թափ հաղորդել ռուսամետ հանրային տրամադրություններին։ Երկրորդը մի շրջան է, որն ունի քիչ թե շատ յուրօրինակ ինքնություն և թվացյալ ինքնիշխանություն։ Բաթումիում 2017թ.-ի մարտին ինքնաբուխ և բռնություններով ուղեկցված բողոքի ակցիան, որի պատճառ էր դարձել ոստիկանության նկատմամբ տեղական բնակչության դժգոհությունը, ի ցույց դրեց, թե որքան անարդյունավետ է ուժերի ներկա բաշխումը Թբիլիսիի և Բաթումիի միջև ճգնաժամային իրավիճակներում, և ընդհանրապես որքան փխրուն է ներկայի քաղաքական և տնտեսական համակարգը։ Այնուամենայնիվ, աջարական շրջանում Թուրքիայի աճող ազդեցությունը կարող է համարվել հիմնական մարտահրավերը և դառնալ հավանական թիրախ ռուսական մեղմ ուժի համար։ Գոյություն ունեցող պատմական հիշողության և արտաքին դերակատարների շահերի լույսի ներքո Վրաստանի կենտրոնական կառավարությունը պետք է պահպանի իր կենտրոնացումը և է՛լ ավելի ամրապնդի իրեն տրվող աջակցությունը Աջարիայի շրջանում։
Աճող քսենոֆոբիկ և շովինիստական տրամադրությունները Վրաստանի որոշ սոցիալական խմբերում կարող են անուղղակիորեն դառնալ երկրում Ռուսաստանի հակաազատական և հակագլոբալիստական քարոզչական պատերազմի գործիք։ 2017թ.-ի հուլիսին կազմակերպված «Վրաց երթը» միավորեց ողջ երկրի հազարավոր արմատական ազգայնականների։ Մյուս կողմից, միջոցառման կազմակերպիչները բավականին հայտնի են իրենց ռուսամետ հայտարարություններով, որոնք կասկածների և լուրջ մտահոգության տեղիք են տալիս Մոսկվայի կողմից այս գործընթացներին սատարման և դրանցում ներգրավվածության առումով։ Ակնկալվում է, որ սոցիալական դժվարությունների և արևելյան երկրներից զբոսաշրջիկների ներգնա հոսքի լույսի ներքո այսպիսի տրամադրությունները միտում կունենան ամրապնդվելու և դառնալու քաղաքական բանավեճերի լուրջ թեմա. հետևաբար՝ կառավարությունը պետք է այս առումով էլ զգոն լինի։
Հավանական ռիսկի մեկ այլ գոտի է կրկին Վրաստանի ուղղափառ եկեղեցին։ Այսպես կոչված ցիանիդի դեպքը, երբ քահանաներից մեկը ենթադրաբար փորձել էր թունավորել Պատրիարքի քարտուղարին, ցույց է տալիս Պատրիարքարանում առկա վիճակը։ Ինչպես կարելի էր նկատել նախորդ տարիների ընթացքում, եկեղեցու ներսում տարբեր խմբերի միջև հակամարտությունը բավականին դաժան է, և նրանք արդեն փորձում են ամրապնդել իրենց դիրքերը մյուս հավանական Կաթողիկոս-պատրիարքի աչքերում։ Այս փուլում բավականին դժվար է կանխատեսումներ անել, բայց պարզ է, որ ընդդիմադիր կուսակցությունները ձգտում են սատարման արժանանալ թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, ինչը տեսականորեն կարող է ընդլայնել Ռուսաստանի ազդեցությունը հակամարտող խմբակցություններից մեկի վրա, որը գուցե համակրանք կարտահայտի Ռուսաստանի նկատմամբ։ Այս իսկ պատճառով կենսականորեն կարևոր է, որ Վրաստանի կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և մեդիան սերտորեն մշտադիտարկեն ծավալվող գործընթացները, որոնք կարող են արմատապես փոխել առկա իրավիճակը։
Եզրակացություն
Վրաստանում Ռուսաստանի մեղմ ուժն իր էությամբ նույնն է, ինչ ցանկացած այլ վայրում, սակայն այնպես է ստացվել, որ գործում է լիովին այլ միջավայրում։ Ռուսաստանի ռազմական օկուպացիայի և Վրաստանում հակառուսական տրամադրությունների տարածման ընթացքում Մոսկվային մնացել է գործունեության սահմանափակ շրջանակ, այսպիսով, այն ընտրել է պրագմատիկ և լուռ մոտեցում՝ ներթափանցելու վրացիների սրտերն ու մտքերը, որոնք ջատագովում են ավելի սերտ կապեր Ռուսաստանի հետ քաղաքական և սոցիալական մակարդակներում։ Չի կարելի ժխտել, որ Կրեմլը կոնկրետ հաջողություն է ունեցել այս առումով. այնուամենայնիվ, թվում է, որ Ռուսաստանի մեղմ ուժի ապագան Վրաստանում մշուշոտ է։ Իր առաջնային թիրախային խմբի առաջացած տարիքի պատճառով, ակնկալվում է, որ Ռուսաստանի ազդեցությունը կարող է միայն մեծանալ կարճաժամկետից միջնաժամկետ կտրվածքով, բայց երկարաժամկետ կտրվածքով՝ նոր էլիտաների և սերունդների ի հայտ գալով, այն դատապարտված է է՛լ ավելի սահմանափակման։