Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID 19) բռնկումը մեծ փոփոխություններ բերեց սոցիալական փոխհարաբերություններում և դրանց կազմակերպման գործընթացում։ Կրթական հաստատությունները ևս բացառություն չկազմեցին։
2020 թ․ մարտի 13-ին ՀՀ Կառավարությունում կայացած ընդլայնված խորհրդակցությունից հետո ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ա. Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը և ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված ցուցումները, խոսեց դասերը դադարեցնելու մասին։ ԿԳՄՍ նախարարը կոչ արեց բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ ոչ միայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, այլ նաև նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով կազմակերպելու գործում[1]։ Չնայած այն հանգամանքին, որ դպրոցահասակ երեխաները, համեմատած տարեցների հետ, ավելի քիչ ռիսկային են հիվանդության տեսանկյունից, սակայն «սոցիալական հեռավորության» պահպանումն ու «ինքնամեկուսացումը» կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ են[2], ուստի առկա դասապրոցեսի դադարեցման որոշումն ուղղված էր հենց այս՝ հիվանդության տարածման կանխարգելմանը։
Արդյունքում, կրթական գործընթացի անընդհատության խնդիր ի հայտ եկավ, որի լուծման համար էլ կարճ ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարությունը սկսեց քննարկել հանրակրթության ոլորտում հեռավար ուսուցման նախագծի փորձարարական ծրագրի ներդրումը։ Այս հոդվածի շրջանակներում սեփական փորձառության տեսանկյունից քննարկվում է արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթության առանձանհատկությունները, խոչընդոտները, ինչպես նաև հեռանկարները։ Ես «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի եմ, դասավանդում եմ ք. Չարենցավանի թիվ 5 և թիվ 6 հիմնական դպրոցներում՝ աշխատելով 10-ից 15 տարեկան 300-ից ավել աշակերտների հետ։
Հեռավար կրթության կազմակերպումը COVID 19-ի պայմաններում
Հեռավար կրթության փորձարարական ծրագրի ներդրման մասին ԿԳՄՍ նախարարի հայտարարությունից հետո սկսվեց աննախադեպ իրարանցում։ Ուսուցիչներն ու ծնողները պատրաստակամություն հայտնեցին իրենց ներուժը ներդնել երեխաների կրթության անընդհատությունն ապահովելու գործում։ Պետք է փաստենք, որ ստեղծված իրավիճակը միանման չէր կին և տղամարդ ուսուցիչների, ինչպես նաև մայրերի և հայրերի համար։ Կանայք, թերևս, հայտնվեցին ավելի բարդ իրավիճակում, երբ ստիպված էին համատեղել կին-մայր-ուսուցիչ սոցիալական դերերը մեկ սահմանափակ տնային տարածքում։
Այսպես, սկսած մարտի 19-ից ծնողների և ծնողկոմիտեների ջանքերով սոցիալական կայքերի տարբեր հավելվածներում ձևավորվեցին առանձին դասարանների աշակերտների խմբեր: Ծնողները և բարձր դասարանի աշակերտները եռուզեռի մեջ էին: Նույնիսկ այն աշակերտները, ովքեր առանձնապես չէին փայլել իրենց առաջադիմությամբ դասերի ընթացքում, օգնում էին ծնողներին, դասընկերներին, զանգում էին իրար, խորհրդակցում էին, զանգում էին ուսուցիչներին, պայմանավորվում էին նրանց հետ դասապրոցեսի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական հարցերի կարգավորման շուրջ: Այսինքն, եթե աշակերտներին հնարավորություն է տրվում կիրառելու սեփական հմտություններն, իրենց սոցիալական ակտիվությունն աճում է, և նրանք էլ փորձում են իրենց ներդրումն ունենալ համատեղ իրականացվող գործընթացներում։ Սա պետք է այնպայման հաշվի առնել հետագայում՝ թե' առկա, թե' առցանց դասապրոցեսներում՝ ներդնելով այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուր աշակերտին իրացնել իր հմտությունները։
Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ հանրակրթական համակարգում արդեն կային ներդրված կրթության համակարգման համար առցանց հարթակներ, ամեն դեպքում կարիք կար փնտրելու, ուսումնասիրելու և գտնելու հեռավար կրթության կազմակերպման՝ հաղորդակցման համար անհրաժեշտ և պիտանի նոր գործիքներ, ծրագրեր, որոնց կիրառումը հնարավորություն կտար ապահովել դասապրոցեսին աշակերտների առավել ներգրավվածությունը, հնարավորինս ակտիվ մասնակցությունը, և որ գիտելիքի փոխանցումը չտուժեր դրանից։
Տարբեր ուսուցիչներ այս հարցի առնչությամբ տարբեր մոտեցումներ ցուցաբերեցին՝ կախված տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքից և փորձից: Այդ տեսանկյունից, նախկինում ուսուցիչներին հասանելի և ուսուցիչների կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերից զատ (dasaran.am, ktak.am, armedu.am, «Քան» ակադեմիայի դասընթացներ, «Պաշարների շտեմարան» և այլն) տեղեկատվություն ձեռք բերեցինք առցանց հարթակում հեռավար կրթությունը խթանող բազմաթիվ ծրագրերի մասին։ Մասնավորապես, մենք օգտվեցինք Dasaran.am-ի ստեղծած հնարավորություններից, «Իմ դպրոցը» կայքից, Ռուզաննա Ստեփանյանի կրթական արհեստանոցից և այլն՝ հաղորդակցության համար անհրաժեշտ գործիքների մասին տեղեկատվություն ձեռք բերելու, հեռավար կրթությունն արդյունավետ կազմակերպելու և այլ նպատակներով:
Որպես աշակերտների հետ հաղորդակցության գործիքներ ընտրվեցին Zoom-ը և Viber-ը։ Viber հավելվածում ստեղծվել էին դասարանների խմբեր (այդ խմբերում ներառված էին աշակերտները և նրանց ծնողները)։ Դասարանների խմբերում դրվում էր Zoom ծրագրի՝ դասապրոցեսին միանալու հղումը։ Աշակերտներին տրվում էին հանձնարարություններ, որոնք նրանք տանը պետք է կատարեին, այնուհետև ուղարկեին տնային աշխատանքն ուսուցչին Viber հավելվածի միջոցով՝ անհատական նամակով։ Ուսուցիչը ստուգում էր աշակերտի կողմից կատարված հանձնարարություններն ու պատասխանները, դիտարկում էր թերացումները և ուղղում սխալները: Աշակերտների մոտ հարցեր լինելու պարագայում համապատասխան քննարկում էր կազմակերպվում։
Հետաքրքրական է, որ ի սկզբանե, աշակերտների կրթության կազմակերպման առցանց հնարավորությունը շատ մեծ ոգևորվածությամբ է ընդունվել թե' իմ աշակերտների, թե' նրանց ծնողների կողմից։ Սկսած մարտի 20-ից, երբ առաջին անգամ առցանց դաս անցկացրեցի, մինչ օրս նկատվում է աշակերտների բարձր մասնակցություն դասապրոցեսին և շատ քիչ բացակայություններ։ Անգամ իմ աշակերտներից մեկը, ով գտնվում էր Ծաղկաձորում՝ մեկուսացման մեջ, հնարավորություն է ունեցել Zoom հավելվածի միջոցով մասնակցել դասապրոցեսին (այս ընթացքում խնդրել էր մեկուսացման վայրի պահակից թուղթ և գրիչ, տնային աշխատանքները գտել էր google որոնման համակարգի միջոցով և այդպես մասնակցել գրեթե բոլոր դասերին)։
Հեռավար դասապրոցեսի ընթացքում նաև շատ եմ կիրառել Quizizz-ը, որով ստեղծել եմ թեմատիկ թեստեր, ինչն ավելի բարձրացրել է աշակերտների մասնակցությունը, ներգրավվածությունը դասապրոցեսին՝ այն դարձնելով առավել ինտերակտիվ։
Ավարտական դասարանի աշակերտներն ավելի լուրջ և պատասխանատու էին մոտենում ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցմանը: Օգտվելով հնարավորությունից՝ իրենց հուզող հարցերն էին բարձրացնում։ Որքան էլ զարմանալի է, այնպիսի ոգևորվածություն կար, որը չէր նկատվել մինչ այդ սովորական դասապրոցեսի ժամանակ: Միջին դասարանի աշակերտները ծնողների ներկայությունից ավելի զգաստ էին, իրար հերթ չէին տալիս, որ հարցերին պատասխանեն, խնդիրը առաջինը լուծեն ու համոզված էին, որ իրենց ակտիվությունից ծնողներն իրենց լավ կզգային:
Հեռավար կրթության ներմուծումը համավարակի շրջանակներում բավականին բարդ գործընթաց էր, որին, կրթական համակարգը դեռևս պատրաստ չէր թե' գործընթացն անխափան կազմակերպելու անհրաժեշտ գործիքակազմին տիրապետելու առումով, թե' առհասարակ կրթությունը նման ձևով կազմակերպելու առանձնահատուկ հմտություններին չտիրապետելու առումով։ Սակայն, գործընթացի անխափան կազմակերպումն ապահովելու համար ակտիվացան փոխօգնության մեխանիզմները։ Հատկապես նշանակալի էր ՏՀՏ (տեղեկատվական հաղորդակցության և տեխնոլոգիաների) ոլորտի մասնագետների պատրաստակամությունն օգնելու ուսուցչին: Նրանք ներկայացրեցին և տրամադրեցին գործիքներ, կազմակերպեցին և իրականացրեցին առցանց դասընթացներ ուսուցիչների համար։ Որոշ հարթակներ նույնիսկ բացեցին իրենց կայքերը՝ տալով ուսուցիչներին դրանցից անվճար օգտվելու հնարավորություն։ Ավելին, ՏՀՏ-ների գիտակ ուսուցիչներն օգնում էին մնացած ուսուցիչներին, ովքեր չունեին համակարգչային գրագիտություն, որպեսզի վերջիններս էլ կարողանան հաղթահարել ի հայտ եկած դժվարությունները։ Դժվարությունների հաղթահարման գործում նաև ներգրավված են եղել իմ ընտանիքի ադնամենրը։ Zoom հարթակը նոր գործիք էր ինձ համար, որը սովորելու, փորձարկելու համար ընտանիքիս անդամներից յուրաքանչյուրի համակարգչի/հեռախոսի մեջ ներբեռնել ենք հավելվածը, փորձարկումներ ենք արել մինչև դասապրոցեսի ընթացում այն կիրառելը։
Արդյո՞ք հեռավար կրթությունն արդյունավետ է
Հեռավար կրթության արդյունավետությունը թերևս այսօր ամենաշատ քննարկվող հարցերից մեկն է։ Որոշ առումներով կարելի է եզրահանգել, որ հեռավար կրթության մատչելի և հասանելի կազմակերպման պարագայում կան որոշակի գործոններ, որոնք հատկապես արդյունավետ են դարձնում այս գործընթացը։ Մասնավորապես՝
ա. Հնարավորություն է տրվում ուսուցիչներին կազմակերպել ավելի անհատականացված ուսուցում - Քանի որ աշակերտները իրենց տնային հանձնարարություններն անհատապես ուղարկում են ուսուցիչին, հնարավորություն է ստեղծվում առավել ուշադիր դիտարկել հանձնարարության կատարումը, քննարկել առկա թերությունները։
բ. Հասակակիցների կողմից միմյանց նկատմամբ ճնշումների նվազեցում – Առկա կրթական գործընթացում ակնհայտ խնդիրներից է հասակակիցների կողմից միմյանց ճնշելը, վերբալ բռնությունը, խտրականությունը։ Հաճախ հանդիպող և քննարկվող խնդիրներից է դպրոցում, թե ինչպես են աշակերտները բացասաբար ազդում միմյանց վրա, ինչպես են խոչընդոտում մյուսների մասնակցությանը դասապրոցեսին, ազդում աշակերտի առաջադիմության վրա և այլն։ Ուսուցիչները միշտ չէ, որ տեղյակ են լինում կամ կարողանում են համապատասխան արձագանք տալ նմանատիպ դեպքերին։ Իսկ դասերի առցանց կազմակերպման պարագայում հասակակիցների կողմից ճնշումները և դրանց բացասական ազդեցությունը նվազում է։ Սա հնարավորություն է տալիս աշակերտներին կենտրոնանալ հենց դասապրոցեսի վրա, սովորել և ստանալ այս ամենից առավելագույնը։
գ. Որպես նաև «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչուհի՝ առցանց կրթության կազմակերպումը հենց այս առարկայի շրջանակներում առավել արդյունավետ է, քանի որ հնարավորություն է տալիս համադրել թե' տեսական, թե' պրակտիկ վարժությունները միմյանց հետ՝ միաժամանակ ցուցադրելով և փորձարկելով դասապրոցեսի ընթացքում քննարկվող գործիքները։
Հեռավար կրթության խոչընդոտները
Հեռավար կրթության կազմակերպման ընթացքում դիտարկել եմ հետևյալ թերություններն ու խոչընդոտները.
ա. Աշակերտների թիվը - Դպրոցում մեկ դասարանում սովորող աշակերտների թիվը սովորաբար միջինում 28-30 հոգի է։ Նման մեծ դասարանում առցանց դասի կազմակերպումը և իրականացումը բավականին բարդ խնդիր է՝ հաշվի առնելով բոլոր տեխնիկական խնդիրները։ Եթե դասը լեկցիոն բնույթի է, աշակերտների թիվը էական չէ։ Սակայն գործնական հանձնարարություններն առավել արդյունավետ դարձնելու համար ցանկալի է, որ դասին մասնակցեն ամենաշատը 10-12 հոգի՝ լսարանն ու դասապրոցեսը վերահսկելի դարձնելու նպատակով, ինչպես նաև, հետադարձ կապը աշակերտների հետ առավել արդյունավետ ձևով պահելու համար՝ հաշվի առնելով նաև ի հայտ եկած նոր՝ տեխնիկական խնդիրները։
բ. Տեխնիկայի հասանելիությունը - Դպրոցականներից ոչ բոլորն ունեն անհրաժեշտ տեխնիկական սարքեր հեռավար կրթությանը մասնակցելու համար, ինչի արդյուքնում, ցավոք, եղան այնպիսի աշակերտներ, որոնք չունեցան հնարավորություն դասերին մասնակցելու: Թեպետ շատ դպրոցներ օգնեցին կարիքավոր աշակերտներին՝ տրամադրելով նրանց որոշակի տեխնիկական միջոցներ։ Սակայն չենք կարող պնդել, որ նմանատիպ պայմաններում կրթությունը հասանելի եղավ բոլոր աշակերտներին։ Որոշ դեպքերում հեռավար դասապրոցեսից դուրս մնացած աշակերտներին հանձնարարություններ են տրվել հեռախոսով, սակայն իրենց դասընկերների համեմատ նրանք հավասար հնարավորություն չունեցան ամբողջությամբ մասնակցելու կրթական գործընթացին։
գ. Տեխնիկական խնդիրներ - Թեկուզ ամենալավ կազմակերպված համակարգերում, եթե կա տեխնիկայի օգտագործման անհրաժեշտություն կամ հնարավորություն, թերություններից կամ տեխնիկական խնդիրներից ամբողջությամբ խուսափելը գրեթե անհնար է։ Առցանց ուսուցման գործընթացում էլ դասի հիմնական խոչընդոտներից են եղել տեխնիկական թերությունները՝ ինտերնետ կապի ցածր որակը, որը հաճախ կտրտում էր աշակերտների կողմից ներկայացվող խոսքը, դուրս էր թողնում համակարգից և այլն։ Ինչպես նաև պատահում էին էլեկտրաէներգիայի անջատումներ, ինչի արդյունքում ստիպված էինք լինում դասը լրացնել մեկ այլ օր կամ մեկ այլ ժամի։
Մյուս կողմից, հաճախ աշակերտները դասապրոցեսին միանում էին առանց իրենց անվան (օր՝ էկրանին գրվում էր օգտագործվող տեխնիակական սարքի անվանումը), փորձում էին խանգարել դասապրոցեսը, «օնլայն անկարգություններ» էին անում (օրինակ խզբզում էին Zoom-ի գրատախտակի վրա), ինչը խոչընդոտում էր դասընթացի արդյունավետ կազմակերպումը։ Այս խնդրի լուծումն, իհարկե, ևս գտնվեց, երբ բոլոր աշակերտներին պարտադրվեց սեփական անունով միանալ դասընթացին և առավելությունն էլ նրանում էր, որ այս պարագայում ուսուցիչն ամբողջությամբ կարողանում էր վերահսկել առցանց գործընթացը։
դ. Համացանցի անվտանգության խնդիրները - Համացանցի անվտանգության խնդիրները, ինչպես նաև դեռահասների, դպրոցական աշակերտների կողմից համացանցի անվտանգ օգտագործումը 21-րդ դարի մարտահրավերներից է։ Հատկապես COVID 19-ի արդյունքում ստեղծված իրադրության մեջ էլ ավելի ակնառու դարձան ինտերնետ անվտանգության հիմնախնդիրները։ Zoom համակարգն ուներ անվտանգության որոշակի թերություններ։ Սակայն հեռավար դասապրոցեսի ընթացքում կարգավորվեց նաև այդ հարցը, երբ հանդիպմանը մասնակցելու թույլտվություն սկսեց տալ ուսուցիչը, որն էլ ապահովեց հանդիպումները հնարավոր հարձակումներից, որոնց մասին խոսում էին ՏՀՏ ոլորտի մասնագետները[3]: Աշակերտներին պետք է սովորեցնել համացանցից ապահով օգտվելու կանոնները, համացանցին առնչվող էթիկայի կանոնները, իսկ ծնողները պետք է լինեն հետևողական և շրջահայաց այս հարցում։
ե. «Գնահատականակենտրոն» ծնողները կամ արդարության հարցը - Հանձնարարությունների կատարման ժամանակ եղել են դեպքեր, երբ աշակերտների ծնողները կամ ընտանիքի անդամներն օգնել են վերջիններիս կատարել այդ աշխատանքը, հիմնականում Quizizz-ով աշխատելու ժամանակ։ Սա օբյեկտիվ դժգոհություն է առաջացնում այն աշակերտների մոտ, ովքեր ինքնուրույն են կատարում իրենց հանձնարարությունները։ Այս իրավիճակը հաճախ ուսուցչին դնում է անելանելի վիճակի մեջ, քանի որ էլեկտրոնային համակարգում արդեն ֆիքսվել են պատասխանները և ավտոմատ գեներացված գնահատականը, իսկ ուսուցչին գիտելիքի ստուգման համար լրացուցիչ հնարավորություններ չեն տրվում։ Փաստարկները և զրույցներն այն բանի շուրջ, որ կարևորը գիտելիքն է, ազնվությունն է, որ պետք չէ նեղվել մյուսի բարձր գնահատականից, այլ ավելի լավ է գտնել թերությունները՝ դրանք հետագայում ուղղելու համար, հաճախ այդքան էլ համոզիչ չեն հնչում աշակերտների համար։ ԿԳՄՍ նախարարության կողմից արված այն հայտարարությունը, որ հանրակրթական համակարգում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը եղած և էլեկտրոնային մատյաններ փոխանցված գնահատականների հիման վրա, ևս որոշակի դժոգոհություն առաջացրեց գնահատականակենտրոն ծնողների շրջանում։ Այստեղ մենք մեծ ջանքեր ունենք ներդնելու, որպեսզի աշակերտների և ծնողների պատկերացումներում կարևորվի իրական գիտելիքի ձեռքբերումը, այլ ոչ թե նշանակված գնահատականը։
զ. Կենացաղային խնդիրներ (աղմուկ) - Հեռավար դասերի ընթացքում լինում էին դեպքեր, երբ աշակերտի ընտանիքում աղմուկ էր լինում (առանձին դասա/աշխատասենյակի կամ տարածքի բացակայության, բազմամարդ ընտանիքների և այլնի պատճառով), որը խանգարում էր ամբողջ դասապրոցեսը. դասի ժամանակ հնարավոր էր լսել փոշեկուլի, բարձր միացրած հեռուստացույցի, կամ պարզապես աղմկող ընտանիքի անդամների ձայները։ Կենցաղային խնդիրները երկուստեք են։ Չնայած այն հանգամանքին, որ ինքս ունեի առանձնացված սենյակ, հոգատար և ոգևորող ընտանիքի անդամներ, ովքեր ինձ հետ հավասար ջանք ու եռանդ էին ներդնում, որպեսզի այս գործընթացը որքան հնարավոր է արդյունավետ կարողանամ կազմակերպել, հնարավոր չէր լինում խուսափել օրինակ թոռնիկներիս լացի ձայնից, երբ նրանք ընկնում էին հատակին, կամ գալիս էր «կաթի մարդը», մուտքում աղբատարն էր խցանվում և այլն։
է. Դասապրոցեսը ամբողջությամբ վերահսկելի չէ - Որքան էլ ծնողները ներգրավված լինեն աշակերտների կրթության կազմակերպման գործում, միևնույն է, թե' առկա, թե' հեռավար կրթության կազմակերպումն ամբողջությամբ վերահսկելի չէ ծնողների կողմից։ Մասնավորապես եղել են դեպքեր, երբ աշակերտները միացել են դասին, սակայն ոչ մի մասնակցության նշույլ չեն ցուցաբերել, չեն արձագանքել իրենց ուղղված հարցերին՝ այնուհետ տեխնիկական խնդիրներով պատճառաբանել իրենց «բացակայությունը»։ Իսկ այդ ընթացքում ծնողները վստահ են եղել, որ իրենց երեխաներն, առանձնացած իրենց սենյակում, մասնակցում են դասին և որ նրանց պետք չէ այդ ընթացքում անհանգստացնել։
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ չնայած այն հանգամանքին, որ COVID 19 համավարակը խաթարեց ուսումնական գործընթացի առօրեական գրաֆիկը և սովորական դարձած կրթական գործունեությունը, այնուամենայնիվ դրա արդյունքում կազմակերպված առցանց դասապրոցեսը հանրակթության շարունակականությունն ապահովելու նպատակով ուներ թե' իր առավելությունները և թե' թերությունները։ Առնցանց կրթության, կամ դրա որոշակի բաղադրիչների՝ հետագայում պահապնելու և կիրառելու պարագայում, անհրաժեշտ է՝
- Պատշաճ պլանավորել հետագա ուսումնական գործընթացը՝ հիմնվելով արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա;
- Բարձրացնել աշակերտների մասնակցությունը նյութի հաղորդմանը՝ նախատեսելով անհատական ժամեր աշակերտների համար՝ քննարկելու բարձրացված հարցերը, խնդիրները, այն ամենն, ինչ անհասկանալի է մնացել աշակերտին;
- Բարելավել առցանց կրթության որակը՝ համապատասխանեցնելով տրված գիտելիքը դրա մատուցման համար նախատեսված գործիքներին, հասանելիությունը սոցիալական բոլոր շերտերին, ինչպես նաև համապատասխան տեխնիկական սարքերի, գործիքների և կարգավորումների առկայությունը;
- Համադրել առկա և հեռավար կրթության մեթոդները միմյանց հետ։
հ․գ․
Հեռավար կրթությունը, իր առանձնահատկություններով հանդերձ, առկա դասերին հիշեցնող դիպվածներով էլ է հարուստ։ Օրինակ, մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ 9-րդ դասարաններից մեկում։ «Ինֆորմատիկա» առարկայի ժամին ոչ ոք չներկայացավ հանդիպմանը։ Համատեղ առցանց խմբում հարց տվեցի, թե որտեղ են աշակերտները, ոչ ոք չարձագանքեց։ Զանգեցի տվյալ դասարանի դասղեկին և զեկուցեցի, որ դասարանը “փախել է” դասից:
[1] Հարությունյան, Ա (2020, մարտ 13). [Arayik Harutyunyan], Facebook. https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158097912233501/?t…
[2] Հայաստանում համավարակի բռնկման հենց սկզբից, երբ Էջմիածին քաղաքում հայտարարվեց կարանտին, մեկուսացվեց 300 մարդ, այդ թվում նաև Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ ծնողների հետ միասին: (Իսահակյան, Ս. (2020, մարտ 16). Էջմիածինը մեկուսացվել է. armradio.am. Վերցվել է՝ https://bit.ly/2XcATh8
[3] ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (2020, ապրիլ 3), Պաշտպանում ենք Zoom դասերը ներխուժումներից, Վերցված է՝ https://www.facebook.com/watch/?ref=external&v=564810280804350