Հայրիշխանությունը տղամարդկանց բացակայության պայմաններում

Այս հոդվածը կենտրոնանում է Հայաստանում տղամարդկանց սեզոնային աշխատանքային միգրացիայի պայմաններում աշխատանքի գենդերային բաշխման և ընտանիքներում իշխանության դինամիկայի փոխակերպումների հնարավորությունների վրա: Հեղինակի նպատակն է, մի կողմից ներկայացնել միգրացիայի և գենդերային գաղափարախոսության փոխկապակցվածության վերաբերյալ առկա հետազոտական գիտելիքը, այդ թվում` Հայաստանի օրինակով, մյուս կողմից ուրվագծել ընդհանուր տեսական շրջանակը, որի տեսանկյունից կարելի է վերլուծել այս գիտելիքը:

Read in Georgian Read in English

Village of Women (Kanants Gyughe) by Tamara STEPANYAN, scene from the film

Անձնական փորձով Հայաստանի հետ կապերս սկսվեցին մի քանի տարի առաջ: Ես այնտեղ ընտանիք կազմեցի: Հայաստանում ապրելու ընթացքում արթնացավ մասնագիտական հետաքրքրությունս պարզել էի, որ հնարավոր է ունենալ որակապես այլ հայրիշխանական մշակույթ, որը նման, սակայն, միևնույն ժամանակ տարբեր է այն մշակույթից, որում մեծացել եմ Վրաստանում և որը փորձում եմ քննադատաբար գնահատել գենդերային հետազոտություններ իրականացնողի դիրքերից:

Ընդհանուր առմամբ, իմ հետազոտական հետաքրքրությունները վերաբերում են ընտանիքում դերերի և աշխատանքի բաշխմանը՝գենդերային հատկանշի հիման վրա: Իմ ասպիրանտական հետազոտությունը նաև այս խնդրին է անդրադառնում ես հետաքրքրված եմ այն փոփոխությունների ուսումնասիրմամբ, որոնք տեղի են ունենում ընտանիքում Հայաստանից տղամարդկանց սեզոնային միգրացիայի ընթացքում:

Աշխարհում միգրացիայի իգականության աճի միտում է նկատվում, ինչը նշանակում է, որ կին միգրանտների թիվն աճում է: Միգրացիայի իգականացման հիմնական պատճառներից մեկը խնամքի և տնային աշխատանքի ճգնաժամն է, ինչը համարվում է կանացի աշխատանք և հանգեցնում է կանանց աշխատուժի` նվազ զարգացածից դեպի ավելի զարգացած տնտեսություններ արտահոսքին (Oishi, 2005):

Հայաստանը չի տեղավորվում միգրացիայի իգականացման այս համաշխարհային միտման մեջ: Ընդ որում, չնայած կանանց աշխատանքային միգրացիայի պրակտիկայի գոյությանը`[1] վիճակագրորեն տղամարդիկ գերիշխող թիվ ունեն աշխատանքային միգրանտների շրջանում: 2015-2020 թթ. տվյալների համաձայն՝ Հայաստանից աշխատանքային միգրանտների կազմում տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 86.7 տոկոս (ՄՄԿ, ԱՐՄՍՏԱՏ, 2022թ.): Հայաստանցի աշխատանքային միգրանտների շարքում տղամարդկանց մեծ թիվը բազմաթիվ գործոնների համադրման արդյունք էր: Հիմնականում սա հայկական մշակույթում արդեն իսկ պատմականորեն հաստատված «խոպանի» ավանդույթի շնորհիվ է, ինչը նշանակում է, որ տղամարդիկ մեկնում են Ռուսաստան` սեզոնային աշխատանքի:[2] Աշխատատեղերի զգալի մասը (84%) շինարարության ոլորտում է և ծանր ֆիզիկական աշխատանք է ենթադրում (Bellack, 2014), հետևաբար հիմնականում տղամարդ բանվորներ են պահանջվում: Ռուսաստանում սեզոնային միգրացիայի կազմակերպումը կախված է ընկերների և բարեկամների արդեն իսկ ձևավորված ցանցերից, ուստի ենթադրում է նախնական սոցիալական կապիտալի առկայություն (Zelinka, 2017): Արդեն կայացած ավանդույթ է այն, որ հայրերը որդիներին իրենց հետ տանում են «խոպան» վերջիններիս` համապատասխան տարիքի հասնելուն պես և Հայաստանում պարտադիր զինծառայության ավարտից հետո (Zelinka, 2017):

Հայաստանի որոշ մարզերում (Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք և այլն) և այդ մարզերի մի շարք գյուղերում հատկապես տարվա 8 – 10 ամիսների ընթացքում բնակչությունը բացառապես կանայք, երեխաներ և ծերեր են: Աշխատունակ տղամարդիկ Ռուսաստանում սեզոնային աշխատանք են կատարում և տուն են վերադառնում միայն դեկտեմբերից փետրվար ամիսներին: Այս ժամանակահատվածում էլ համայնքում տեղի են ունենում ամենամեծ թվով հարսանիքները: Չամուսնացած տղամարդիկ շտապում են ամուսնանալ` ապահովելու իրենց տոհմի շարունակությունը և շուտով (փետրվարմարտ ամիսներին) վերադառնում են ընտանիքից հեռու գտնվող իրենց աշխատանքին, այնինչ երիտասարդ կանայք հարմարվում են ամուսինների ծնողների հետ համատեղ կյանքին` ներգրավվելով ընտանեկան և տնային տնտեսության ծանր գործերում, երեխաներ են ունենում և մեծացնում ամուսինների բացակայության պայմաններում:[3]

Միգրացիա, ընտանիք և հայրիշխանություն

Աշխատանքային միգրացիայի գենդերային չափումը հակասական է: Մի կողմից կանանց միգրացիան կարող է կնոջը զորեղացնող ներուժ ունենալ, մյուս կողմից սահմանափակել նրանց հնարավորությունները` վերարտադրելով հայրիշխանական նորմերն ու կառույցները (Fleury, 2016; Hofmann, 2014; Oishi, 2005):

Աշխատանքային միգրացիայի և գենդերային գաղափարախոսության միջև փոխհարաբերություններն ու ազդեցությունները երկկողմանի են. բացի այն փաստից, որ միգրացիան գաղափարախոսական փոփոխությունների է ենթարկում գենդերային հարաբերությունները, գենդերային գաղափարախոսությունն իր հերթին ձևավորում է միգրացիոն օրինաչափությունները:

Հատկապես այդպես է, երբ խոսքը կանանց` արտագաղթելու որոշման մասին է, որոշում, որ ձևավորվում է կանանց և տղամարդկանց սոցիալական դերերին վերաբերող սոցիալապես ընդունված գենդերային նորմերով (Hofmann, 2014): Այն մշակույթներում, որտեղ հայրիշխանական գաղափարախոսություններն ուժեղ են, աշխատանքային միգրանտների շրջանում կանանց տոկոսն ավելի ցածր է առավել հավասարության վրա հիմնված (էգալիտար) հասարակությունների համեմատ, որտեղ կին միգրանտների տոկոսային ցուցանիշն ավելի բարձր է և երբեմն նույնիսկ գերազանցում է տղամարդկանց ցուցանիշը (Hofmann, 2014; Menjivar, Agadjanian, 2007; Massey, Fischer, and Capoferro 2006):

Միգրացիայի գենդերային չափումների վերաբերյալ ակադեմիական բանավեճերում առկա հետազոտական հարցերից մեկը վերաբերում է այն դեպքերին, երբ ամուսինը/զուգընկերն աշխատանքային միգրանտ է, իսկ կինը միգրանտ չէ և մնում է տանը (Mejivar, Agadjanian, 2007; Pribilsky, 2004; Bever, 2002): Աշխատանքային միգրացիայի գենդերային չափման այս ուղղությունը տարբեր տարածքային և մշակութային համատեքստերում ուսումնասիրող և խնդրի տարբեր չափանիշներ դիտարկող մի շարք հետազոտություններ կան, որոնք կենտրոնանում են նաև միգրացիայի պատճառով բաժանված ընտանիքների երեխաների ուսումնասիրության և դրամական փոխանցումների կառավարման օրինաչափությունների վերլուծության և այլնի վրա (Mejivar, Agadjanian, 2007; Parren˜as, 2005; Pribilsky, 2004; Bever, 2002):

Այս ուսումնասիրությունների արդյունքներն առաջին հայացքից հակասական են: Մի կողմից տանը մնացող կանայք հավելյալ պատասխանատվություն են ստանձնում և իրենց զուգընկերների/ամուսինների բացակայության ընթացքում դառնում որոշում կայացնողներ, քանի որ նոր դերեր են ստանձնում և նոր կարգավիճակ ու ընտանեկան ներքին հարցերում ավելի ազդեցիկ ձայն են ստանում (Parren as, 2005; Aysa and Massey, 2004; Pribilsky, 2004): Մյուս կողմից այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այս նոր դերերը կանանց շրջանում լարվածություն և անհանգստություն են ստեղծում, և, չնայած գենդերային դերերի ակնհայտ փոխակերպմանը, գենդերային գաղափարախոսությունն անփոփոխ է մնում տղամարդկանց և կանանց վարքում (Bever, 2002; Menjivar, Agadjanian, 2007): Ամուսինների բացակայության պայմաններում, և ի հեճուկս սեփական ցանկությունների, կանայք կարող են, կարիքից ելնելով, փոքր բիզնես հիմնել, սակայն շարունակական կոնֆլիկտի մեջ լինել սեփական ես-ի հետ, քանի որ դուրս են գալիս կանանց համար մշակույթով սահմանված տնային տնտեսուհու դերից (Bever, 2002): Պատահում է, որ նրանք ընտանիքում թե՛ տղամարդու, թե՛ կնոջ դերն են մարմնավորում, կրկնակի են ծանրաբեռնվում ինչպես աշխատանքով, այնպես էլ պարտականություններով և պատասխանատվությամբ, բայց նաև ամբողջովին ֆինանսական կախվածության մեջ են մնում իրենց միգրանտ ամուսինների ուղարկած դրամական փոխանցումներից և գործում են համայնքի կողմից ձևակերպված սահմանափակող գենդերային կարծրատիպերով (Menjivar, Agadjanian, 2007):

Այս փոխբացառող արդյունքները, որոնք քննարկվել են տարբեր ուսումնասիրություններում, վերահաստատում են, որ հնարավոր չէ անդրազգային միգրացիոն հոսքերում կանանց փորձառությունը դիտարկել որպես միասնական միտում, և չենք կարող մեկ ընդհանրացված պատասխան տալ այն հարցին, թե արդյոք կանայք հզորանում և էմանսիպացվում են միգրացիոն փորձի շնորհիվ: Այս փորձառությունները պետք է միշտ դրվեն այն սոցիալ-մշակութային միջավայրի համատեքստի մեջ, որում տեղի են ունենում միգրացիայով պայմանավորված փոփոխությունները:

Իմ ասպիրանտական հետազոտության շրջանակներում ինձ հետաքրքրում են Հայաստանի համատեքստում առկա հետխորհրդային քաղաքատնտեսական փոխակերպումները, հայրիշխանական մշակույթում ընտանիքի ինստիտուտի դինամիկան և դրա ներսում գենդերով պայմանավորված իշխանության դինամիկայի բաշխումը: Արդյոք ընտանիքում տղամարդկանց շարունակական բացակայությունը փոխում է այս դինամիկան, ի՞նչ պրակտիկաներով են տանը մնացած կանայք պահպանում (կամ չեն պահպանում և փոփոխում են) այն։

Այս վերջին հարցը պետք է լինի այն մեկնակետը, որտեղից հարկ է զարգացնել հետազոտական թեզը: Հայրիշխանությունը, ինչպես նաև դրա արժեքային համակարգի և ճնշումների էությունը բացահայտելու և նկարագրելու համար մենք պետք է դիտարկենք սահմանափակող հայրիշխանական համակարգի` կանանց կողմից հաղթահարման, հարմարեցման և դրանց դիմադրելու ռազմավարությունները: Այս կերպ հայրիշխանական արժեհամակարգը պատկերվում է կոնկրետ մշակութային համատեքստում: Նման մոտեցում է առաջարկվում Դենիզ Կանդիյոդիի «հայրիշխանական գործարքի» և Լայլա Աբու-Լուղոդի` առօրյա դիմադրության վերլուծության միջոցով իշխանության կառուցվածքների բացահայտման և համատեքստայնացման տեսական շրջանակներում:

«Հայրիշխանական գործարքի» տեսական շրջանակը քննադատում է ֆեմինիստական տեսությունը, քանի որ այն ձախողել է հայրիշխանության պատշաճ տեսականացումը և հայրիշխանությունը ներկայացնում է որպես վերացական, միատարր համակարգ: Հայրիշխանության համատեքստայնացված ընկալման համար գործնականում ավելի նպատակահարմար է դիտարկել կանանց կողմից կիրառվող պրակտիկաներն ու հաղթահարման մեխանիզմները կոնկրետ մշակույթում, որոնց միջոցով նրանք հարմարվում կամ գործարքի մեջ են մտնում հայրիշխանության սահմանափակումների հետ: Սա մեզ թույլ կտա բացահայտել կոնկրետ մշակութային և ժամանակային սահմաններում հայրիշխանության դրսևորումները: Բացի այդ, կարևոր է , որ այս տեղական շրջանակն ուշադրության չի առնում ժամանակի մեջ սառած հայրիշխանական իրողությունների հետ գործարքները, ստատիկ երևույթները, ինչպես նաև այն գործարքները, որոնք կարող են ենթակա լինել տարբեր փոխակերպումների, օրինակ` սոցիալական, տնտեսական ճգնաժամի և այլնի պարագայում: Այսպիսի անցումային ժամանակահատվածներում, ըստ Կանդիոյոտիի, կանանց կողմից գործի դրվող ռազմավարությունները կարող են մի կողմից վերածվել արմատական բողոքի (օրինակ` ֆեմինիստական դիմադրության), մյուս կողմից հանգեցնել կանանց շրջանում ավելի խորը պահպանողականության, քանի որ վերջիններս չեն ցանկանում կորցնել հայրիշխանության ներքո առկա անվտանգությունը և ձեռք բերված այլ երաշխիքները (Kandiyoti, 1988):

Գերիշխող, սահմանափակող իշխանական կառույցների դեմ ուղղված առօրյա պրակտիկաների ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով Լեյլա Աբու-Լուղոդը (1990) նաև խոսում է իշխանության բարդ բնույթի վերհանման մասին: Այնուամենայնիվ, նա անցնում է հայրիշխանական սահմանափակումներին կանանց երկփեղկված դիմադրությունից անդին, որովհետև հայրիշխանությունը տեսնում է այդ իշխանության այլ բաղադրիչների հատումը՝ քաղաքական կամ տնտեսական գերիշխանության կամ սերունդների միջև արժեքային բախումների օրինակով: Այս տեսական շրջանակը բաղկացած է երկու էական տարրից. առաջին` դիմադրության ձևերը չեն դիտարկվում գերիշխող ուժից դուրս և անկախ: Ի հակադրության դրա՝ դիմադրության և գերիշխանության ձևերը որոշում և փոխպայմանավորում են միմյանց: Երկրորդ` դիմադրության ուսումնասիրության միջոցով իշխանության բնորոշման առավելությունն այն է, որ այն օգնում է մեզ նույնականացնել ուժի և իշխանության կոնֆիգուրացիաների և մեթոդների փոփոխությունները անցումային և ճգնաժամային ժամանակահատվածներում (Abu-Lughod, 1990):

Հայաստանի պարագայում անդրազգային սեզոնային միգրացիան, որն ընտանիքների համար տնտեսական գոյատևման և աղքատությունից դուրս գալու ռազմավարություն է, կարող է դիտարկվել որպես ճգնաժամ և տրանսֆորմացիոն համատեքստ (ինչին այս պահին ավելացել է Ուկրաինայի դեմ պատերազմով պայմանավորված տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում), որում ընտանիքի ավանդական կառուցվածքն իրականում քայքայվում է, այնինչ խորհրդանշորեն գենդերային դերերի ավանդական բաժանումները և հարաբերություններն անփոփոխ են մնացել: Այս հակադրությունը կարող է ընտանիքների ներսում մարդկանց, սեռերի և սերունդների միջև հարաբերություններում կամ ավանդական դերերի մասին համայնքում վերաիմաստավորված մտածողության մեջ հետաքրքիր դինամիկա ստեղծել: Իմ նպատակն այս դինամիկան վեր հանելն ու նկարագրելն է` կանանց առօրյա կյանքի, հայրիշխանության պայմաններում նրանց վարքի, ինչպես նաև հարմարվողականության և/կամ դիմադրության նրանց ռազմավարության դիտարկմամբ:

Հայաստանում սեզոնային աշխատանքային միգրացիայի ընտանեկան և գենդերային չափումները

Միգրացիան հայկական սոցիալ-մշակութային ինքնությունը սահմանող կարևոր բաղադրիչ է: Հայկական սփյուռքի ներկայությունը մեծապես որոշում և նորմալացնում է ինչպես արտագաղթը, այնպես և աշխատանքային միգրացիայի պրակտիկան Հայաստանում (Ishkhanian, 2002):

«Խոպանը»` Հայաստանի և Ռուսաստանի միջև աշխատանքային միգրացիայի պրակտիկան, թվագրվում է խորհրդային ժամանակաշրջանով (Aleksanyan, 2015; Ishkhanian, 2002): Ռուսաստանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի և լեզվական խոչընդոտի բացակայության պարագայում միգրացիոն այս հոսքը դեռ ակտիվ է: Ռուսաստանում հայ միգրանտների խոշոր և ազդեցիկ ցանցի առկայությունը, որը հիմնված է հայերի ընտանեկան և տոհմական կապերի վրա, նպաստում է սեզոնային միգրացիայի հոսքի պահպանմանը և վճռորոշ է Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի մասշտաբների համար (Fleischer, 2016; Aleksanyan, 2015): Այս ցանցերի ազատ գործառնություններին նպաստում են երկու պետությունների կողմից միգրացիոն հարցերին չմիջամտելու քաղաքականությունը և Ռուսաստանում կոռուպցիայի բարձր մակարդակը (Aleksanyan, 2015): Հայ միգրանտների ճնշող մեծամասնությունը զբաղված է շինարարության ոլորտում (Ռուսաստանում աշխատանքային միգրանտների 84%-ը) (Bellak, 2014), ինչը պայմանավորված է այն փաստով, որ Ռուսաստանում շինարարական ընկերությունները հենց միգրանտ աշխատողներ են փնտրում, որովհետև ծանր աշխատանքին և անհամարժեք վարձատրությանը վերջիններս ավելի հեշտ են համաձայնում (Bellak, 2014):

Այս ցանցի առկայության և ընտանիքներում եկամուտի աղբյուրների բազմազանեցման սահմանափակ հնարավորությունների ֆոնին սեզոնային աշխատանքային միգրացիայում ներգրավվելն արագ և գործնական արձագանքման միջոց է, որն օգնում է հաղթահարել ընտանիքների ֆինանսական և սոցիալական դժվարությունները` միևնույն ժամանակ հանդես գալով որպես միջանկյալ լուծում երկու այլընտրանքների` մեկ այլ երկիր մշտական (կամ երկարաժամկետ) արտագաղթի և/կամ սահմանափակ եկամուտով հայրենիքում մնալու միջև (Bellak, 2014):

Հայաստանում մնացող ընտանիքների վրա սեզոնային միգրացիայի ազդեցությունները և դրանցում գենդերային հարաբերություններն ուսումնասիրվում են տարբեր տեսանկյուններից: Այստեղ ներառվում են ընտանիքի օտարացման երևույթի և միգրացիայի միջև կապի վերլուծությունը, կանանց և տղամարդկանց միգրացիայի մասին հանրային կարծիքի ուսումնասիրությունը, միգրանտների` տանը մնացող կանանց առօրյա դիտարկումը և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և տղամարդկանց սեզոնային միգրացիայի միջև կապերի վերլուծությունը և այլն (Atoyan, 2017; Zelinka, 2017; Navoyan, 2017; Menjivar, Agadjanian, 2007; Sevoyan, Agadjanian, 2015): Այս ուսումնասիրությունների արդյունքում արված բացահայտումները պատկերում են հայկական մշակույթում գերիշխող հայրիշխանական հասկացությունների ընդհանուր համատեքստը, դրանում ընտանիքի ինստիտուտի կարևորությունը և գենդերային հարաբերությունների առանձնահատկությունները: Այնուամենայնիվ, այս համատեքստում հեղինակների կողմից կանանց վիճակի վերլուծության փորձերի տեսանկյունը գենդերային և զարգացման հարացույցն է, որտեղ կանանց հզորացումը և/կամ գործորդությունը կանխորոշված հասկացություններ են և գուցե չեն ընկալվում տեղական փորձառության մեջ կամ չեն համապատասխանեցվում դրան:

Օրինակ` այսպիսի փորձ է գյուղական վայրերում նույն պայմաններում ապրող կանանց միմյանց հետ ծանոթացնելը` ստեղծելով փոխօգնության կամ փոխհսկողության ցանցի նման մի բան: Հոդվածումս մեջբերած ուսումնասիրությունը (Menjivar, Agadjanian, 2007) համառոտ հիշատակում է կանանց առօրյայի այս հայեցակերպը` հավաքները, տնային աշխատանքում օգնելու աշխատակարգերը և տեղեկություններով կիսվելու եղանակները, սակայն անդրադարձ չի անում այն դերին, որ կանանց հարաբերությունները կարող են իրականում խաղալ առօրյա կյանքում, կամ երբ առօրյա խնդիրների համար լուծումներ են որոնվում: Բացի դրանից՝ կարևոր է ուշադրության առնել այն, թե ինչպիսի մշակութային խոսույթ կարող են ձևավորել «լավ կին/ամուսին/մայր/տնտեսուհի» լինելու թեմայով կանանց միջև տեղեկությունների կանոնավոր փոխանակումները:

Կանանց գործորդությունը կամ գերիշխող հայրիշխանական համակարգին դիմադրությունը կարող է և նման չլինել մեզ քաջ ծանոթ ակտիվիզմին, բարձրագոչ և հեղափոխական բողոքի ակցիաներին, այլ կարող է լինել ամենօրյա, ապրելակերպում արմատացած, առօրեական և այդ իսկ պատճառով էլ դժվար ճանաչելի պրակտիկաների համախումբ, որոնք սերում են հենց հայրիշխանական մշակույթից և պայմանավորվում դրանով: Իմ հետազոտությունը կենտրոնանում է կանանց առօրյա կյանքի, ինչպես նաև նրանց միջև կապերի ու շփումների վրա, որովհետև կարծում եմ, որ հենց այստեղ կգտնեմ կանանց գործորդության և դիմադրության օրինակներ` այն միայնակ կանանց առօրյա կյանքում, որոնք ստիպված են լինում ստանձնել ընտանիքում բոլոր գործառույթները և հաճախ հաղթահարում են դժվարությունները միմյանց օգնությամբ: Կամ գուցե նրանք այդ դժվարությունները սեփական ձեռամբ են ստեղծում` վերարտադրելով հայրիշխանական հարաբերությունները: Ես կարծում եմ, որ հայրիշխանության իրացման ու ճնշումների պատկերը և դրան միահյուսված իշխանության այլ դրսևորումները, որոնք այս տեքստի սկզբում ես անվանում եմ «այլատիպ հայրիշխանություն», այստեղ կպատկերվեն կանանց կյանքի` առաջին հայացքից առօրեականության և բանալության տեսանկյունից:

 

Հղումներ

AbuLughod, Lila. "The romance of resistance: Tracing transformations of power through Bedouin women." American ethnologist 17, no. 1 (1990): 41-55.

Aleksanyan, Ashot. "Labor Migration of Armenians into Russia: Problems and Prospects." Мир России. Социология. Этнология 24, no. 2 (2015): 105-128

Atoyan, Anna. "Family Alienation and Labor Migration: A Case Study from Gyumri." Migration and its Impact on Armenia(2017): 19.

Bellak, Christian, Markus Leibrecht, and Mario Liebensteiner. "Short-term labour migration from the Republic of Armenia to the Russian Federation." Journal of Development Studies 50, no. 3 (2014): 349-367.

Bever, Sandra Weinstein. 2002. ‘‘Migration and the Transformation of Gender Roles and Hierarchies in Yucatan.’’ Urban Anthropology 31(2):199–230.

Fleischer, Annett. "Armenian Returnees from Russia: Struggles between Reintegration and Re-emigration." Armenians in Post-Socialist Europe, BöhlauVerlag (2016): 54-68.

Fleury, Anjali. "Understanding women and migration: A literature review." Washington, DC (2016): 55.

Hofmann, Erin Trouth. "Does gender ideology matter in migration? Evidence from the Republic of Georgia." International Journal of Sociology 44, no. 3 (2014): 23-41.

Hofmann, Erin Trouth, and Cynthia J. Buckley. "Cultural responses to changing gender patterns of migration in Georgia." International Migration 50, no. 5 (2012): 77-94.

IOM, Statistical Committee of the Republic of Armenia (Armstat), Migration Profile of the Republic of Armenia in 2020. Yerevan, 2022

Ishkanian, Armine. 2002. “Mobile Motherhood: Armenian Women’s Labor Migration in the Post-Soviet Period.” Diaspora: A Journal of Transnational Studies 11, no. 3: 383–416.

Massey, Douglas S., Mary J. Fischer, and Chiara Capoferro. "International migration and gender in Latin America: A comparative analysis." International migration 44, no. 5 (2006): 63-91.

Menjívar, Cecilia, and Victor Agadjanian. "Men's migration and women's lives: Views from rural Armenia and Guatemala." Social Science Quarterly 88, no. 5 (2007): 1243-1262.

Oishi, Nana. Women in motion: Globalization, state policies, and labor migration in Asia. Stanford University Press, 2005.

Parrenas, Rhacel Salazar. 2005. Children of Global Migration: Transnational Families and Gendered Woes. Stanford, CA: Stanford University Press.

Pribilsky, Jason. "‘Aprendemos a convivir’: Conjugal relations, coparenting, and family life among Ecuadorian transnational migrants in New York and the Ecuadorian Andes." Global networks 4, no. 3 (2004): 313-334.

Sevoyan, Arusyak, and Victor Agadjanian. "Male labour migration, spousal communication, and STI treatment in Armenia." Culture, health & sexuality 17, no. 3 (2015): 296-311.

Zelinka, Andreea. "Circular Short-Term Labor Migration from Armenia to Russia: The Issue of Time and Socio-Economic Effects on Family Life in Armenia." Migration and its Impact on Armenia (2017): 40.

 

 

 

 


[1] On women migration from Armenia, see Ishkanian, Armine. 2002. "Mobile Motherhood: Armenian Women's Labor Migration in the Post-Soviet Period" // Diaspora: A Journal of Transnational Studies 11, no. 3: 383–416

[2](Menjivar, Agadjanian, 2007; Ishkhanian, 2002). 1950-ականների վերջին խորհրդային իշխանությունները Կենտրոնական Ասիայի խոպան հողերում աշխատելու համար այլ խորհրդային հանրապետություններից երիտասարդներ սկսեցին հավաքագրել: Այս ժամանակից ի վեր «խոպան»-ը մուտք գործեց հայկական խոսակցական լեզու և հիմա գործածվում է «լրացուցիչ եկամուտի համար սեզոնային աշխատանք կատարելու նպատակով այլ երկիր ուղևորվել» իմաստով: Այս բառն իր առաջնային իմաստով նշանակում է «անմշակ հող» (Menjivar, Agadjanian, 2007; Ishkhanian, 2002): «Խոպան» գնալը դեռ տարածված և հաստատուն պրակտիկա է Հայաստանում, 2015-2020 թթ. Հայաստանից միգրանտների 59%-ը մեկնել է Ռուսաստան, իսկ երկիր մուտք գործած դրամական փոխանցումների 65%-ը Ռուսաստանից է ստացվել (ՄՄԿ, ԱՐՄՍՏԱՏ, 2022թ.): Նմանատիպ պատկեր է ձևավորվում Վրաստանում` էթնիկ հայ քաղաքացիներով բնակեցված Ջավախեթիի շրջանում՝ ըստ տեղացի ակտիվիստ Տիգրան Թարզյանի տեղեկությունների, տե՛ս https://bit.ly/3xLZN9K (վերջին անգամ հասանելի է եղել 23.06.22թ.):

[3] Ընդհանուր նկարագիրը հիմնված է Հարավային Կովկասում մեդիա հարթակների հրապարակումների վրա (Avetisyan Armine, Armenia's Seasonal Children. OC Media. https://bit.ly/3I0U70l (վերջին անգամ հասանելի է եղել 23.06.22թ.) Avetyan Anushik, The Overbaurdened Young Wifes of Migrants. Chai-Khana Media https://bit.ly/3n91KYT (վերջին անգամ հասանելի է եղել 23.06.22թ.), Թամար Ստեփանյանի «Կանանց գյուղը» փաստագրական ֆիլմի (2019) և հայաստանցի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի հետ իմ փորձագիտական հարցազրույցի հիման վրա: