Ամուլ սար, ձեռնարկություն և պետական համակարգ

Այս հոդվածը հակիրճ ներկայացնում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի արևելյան և Սյունիքի մարզի հարավ արևմտյան սահմանին գտնվող Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու շուրջ տեղի ունեցած հիմնական գործընթացները` սկզբից մինչ օրս: Հեղինակը բարձրացնում է կարևոր հարցեր, որոնք գուցե չունեն վերջնական պատասխան, սակայն էական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով հանրային արձագանքը այս ներդրումային ծրագրին։ Նա նաև վերլուծում է և փաստարկում, թե ինչու ներդրող ընկերությունը Ամուլսարի ծրագրից դեռևս որևէ գործառնական եկամուտ չի ստացել։

 

photo by narek alexanyan

Նախաբան

Այս հոդվածը հակիրճ ներկայացնում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի արևելյան և Սյունիքի մարզի հարավ արևմտյան սահմանին գտնվող Ամուլսարում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու շուրջ տեղի ունեցած հիմնական գործընթացները` սկզբից մինչ օրս: Այս գործընթացների ժամանակագրական ներկայացումը հարցեր է առաջ բերում, որոնց պատասխաններն այս պահին չկան, սակայն որոնք էական նշանակություն ունեն, քանի որ այս ծրագիրը Հայաստանի հանրության մոտ մեծ արձագանք գտած (առողջարանային Ջերմուկ քաղաքին և ջրային ավազանների հարևանությամբ գտնվելու պատճառով) եզակի ներդրումային ծրագրերից է: Ծրագրի սեփականատեր ընկերությունը` Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդը (անգլերեն` Lydian International Limited) հանքարդյունաբերության ոլորտում իր գործունեություն սկզբից ի վեր գործառնական եկամուտ չի ունենում և տարիների ընթացքում գրանցում է տասնյակ միլիոնների վնասներ, ինչ-որ պահի սնանկացման եզրին կանգնելով` լուծարվում և վերակառուցվում է, բազում ներդրողներ կորցնում են իրենց ներդրումները, բորսայում սակարկվող ընկերությունից վերածվում է փակ բաժնետիրական ընկերության: Իր այս ձախողումներում Լիդիանը անգործության մեջ մեղադրում է Հայաստանի կառավարությանը (2018 հունիսին հանք տանող ճանապարհների բլոկադան թույլատրելու համար), և դիտարկում է վերջինիս դեմ միջազգային արբիտրաժ դատական հայց ներկայացնել: Սրանով հանդերձ, շուրջ երկու տարի անց` 2023 թվականին, ընկերությունը Հայաստանի կառավարությանը որպես բաժնետեր է ներգրավում և զուգահեռ պարտք վերցնելու համաձայնագիր ստորագրում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ` փորձելով ծրագրին նոր կյանք տալ:

Պատասխան չգտած էական հարցերը ներառում են հետևյալը`

  • Ինչո՞ւ Լիդիան ընկերության հանքարդյունահանման որևէ նախաձեռնություն հաջողության չի հասնում և ինչո՞ւ էր Ամուլսարի ծրագրի մասով շարունակաբար հետաձգում շինարարարկան աշխատանքների ավարտը:
  • Ինչո՞ւ էր նախքան 2018 թվականի հանք տանող ճանապարհի բլոկադան դիտարկում ընկերության վաճառքը, եթե ակնկալվում էր ստանալ այն օգուտները, որոնք նկարագրված էին ներդրումային և այլ ծրագրերում:
  • Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ծրագրի ռիսկերի գնահատման համար շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար ծախսելուց հետո հստակ որոշում չկայացրեց հանքի շահագործման վերաբերյալ, և ինչո՞ւ միայն տարիներ անց որոշեց ոչ միան դրական վերաբերվել ծրագրին, այլ նաև դառնալ դրա բաժնետեր:
  • Ի՞նչ պայմաններով է Հայաստանը դարձել ընկերության բաժնետեր և ի՞նչ է վճարել կամ վճարելու բաժնետոմսերի դիմաց (Լիդիանի տարածած հաղորդագրության մեջ նշված էր անհատույց):
  • Ինչպե՞ս է ԵԱԶԲ-ն ներգրավվում ամերիկյան կապիտալով ընկերության մեջ, երբ ԵԱԶԲ գլխավոր բաժնետերը Ռուսաստանն է, որն ամերիկյան կառավարության պատժամիջոցների տակ է:
  • Արդյո՞ք Ամուլսարում հանք շահագործելը տնտեսականից չի վերածվել քաղաքական ծրագրի: Նման կասկածներ են առաջանում հատկապես, երբ հանրության շրջանում որոշ աղբյուրներից սկսում են շրջանառվել այնպիսի կեղծ և մանիպուլացիոն թեզեր, թե իբր Ադրբեջանը չէր հարձակվի Ջերմուկի ուղղությամբ, եթե հանքը շահագործվելիս լիներ:

Եվ այսպես, դիտարկենք Լիդիան ընկերության գործունեությունը, ի հայտ գալու պահից մինչ օրս այնքանով, որքանով դա առնչվում է Հայաստանի և Ամուլսար ծրագրի հետ:

Լիդիան ընկերության ստեղծում

Lydian Resource Company Limited-ը հիմնադրվել է շոտլանդական օրենսդրության համաձայն 2005 թվականի դեկտեմբերի 22-ին: Ընկերության գրանցված գրասենյակը գտնվում էր 151 St. Vincent Street, Glasgow G2 5NJ հասցեում:

2007 թվականի հունիսին կանադական Dawson Creek Capital Corp.-ը միաձուլման մասին (անգլերեն` business combination) մտադրությունների նամակ է ստորագրում Lydian Resource Company Limited-ի հետ, որի մասին օգոստոս ամսին հաղորդագրություն է տարածում: 2007 թվականի դեկտեմբերին Ջերսիում, Նորմանդյան կղզիներ (բրիտանական հովանու տակ օֆշորային տարածք) գրանցվում է Lydian International Limited անվամբ ընկերություն: 2007 թվականի դեկտեմբերին Lydian Resource Company Limited-ն ու Lydian International Limited-ը միաձուլվում են: Հաջորդիվ Լիդիան ընկերությունների խումբը սկսում է կոչվել Lydian International Limited (այսուհետ` Լիդիան և/կամ Լիդիան ընկերություն):

Այս գործարքների արդյունքում, այդ պահին հանքարդյունահանման գործունեություն չիրականացնող նորաստեղծ Լիդիան ընկերության բաժնետոմսերը 2008 թվականի հունվարին սկսում են սակարկվել կանադական TSX Venture Exchange Inc. բորսայում:

Հայաստան` ամուլ սարում հանքավայր

2005 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցվում «Գեոթիմ» անվամբ փակ բաժնետիրական ընկերություն:

2006 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունը «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով» լիցենզիա[1] (թիվ 193) է տրամադրում «Գեոթիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գործողության ժամկետը մինչև 2020 թվականի դեկտմբերի 20): 2006-2008 թվականների ընթացքում վերոնշյալ լիցենզիայի հիման վրա Գեոթիմ ընկերությունը իրականացնում է երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում` համաձայն ՀՀ բնապահպանության նախարարարության[2] աշխատակազմի Օգտակար հանածոների պաշարների գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի արձանագրության, «ՀՀ տարածքում առաջին անգամ հայտնաբերվել է բարձր սուլֆիդայնության էպիթերմալ ֆորմացիայի ոսկու հանքավայր»:

2009 թվականի ապրիլին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 25 տարի ժամկետով (մինչև 03.04.2034) հանքարդյունահանման հատուկ լիցենզիա (թիվ ՀԱ-Լ-14/588) է տրամադրում «Գեոթիմ» ՓԲԸ-ին: Հանքաքարի տեղամասի մակերեսը, համաձայն լիցենզիայի, կազմում է 17.5 հա, իսկ տարեկան արտադրողականությունը` 1,500 հազար տոննա հանքաքար: 2010 թվականի մարտին ՀՀ Էներգետիկային և բնական պաշարների նախարարության Կոնցեսիոն գործակալությունը «Գեոթիմ» ընկերությանը 14.3 տարի ժամկետով տրամադրում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի Տիգրանես տեղամասի բաց եղանակով շահագործումը հավաստող «Լեռնահատկացման ակտ», թիվ 297: Սրանով ընդլայնվում է շահագործման հանձնվող տարածքն ու մեծացվում հանքաքարի ծավալը:

2012 թվականի սեպտեմբերին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Գեոթիմ ՓԲԸ միջև ստորագրվում է Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով Ընդերքօգտագործման N ՊՎ-245 պայմանագիր, որում հաջորդիվ մի քանի անգամ փոփոխություններ են կատարվում: Կատարված հիմնական փոփոխությունները վերաբերվում են արդյունահանման ծավալներին, ներդրումների չափին և արդյունահանման մեկնարկի ժամկետին:

Վերոնշյալ N ՊՎ-245 պայմանագրով 2016 թվականը սահմանվել էր հանքավայրի շահագործման նախապատրաստման աշխատանքների ավարտման տարի: Հաջորդիվ փոփոխություններով այս նախապատրաստման` շինարարական աշխատանքների ավարտը, սահմանվում է նախ 2017 թվականը (2014 թ. նոյեմբերի 26-ի փոփոխություն), այնուհետ 2016 թ. մայիս ամսին կատարված հերթական փոփոխությունով այս ժամկետը կրկին անգամ հետաձգվում է` այս անգամ մինչև 2019 թ. հուլիսի 1-ը:

Վերոնշյալ 2016 մայիսի փոփոխությամբ նախորդիվ ներկայացված ֆինանսական առաջարկները (2014 թ. նոյեմբեր) չեն վերանայվում[3] և ներկայացվում են միևնույն դրամական արտահայտությամբ: Այնինչ, նախորդիվ այս հաշվարկների համար ԱՄՆ դոլար ՀՀ դրամ փոխարժեքը ընդունվել էր 410, իսկ այս փոփոխման պահին (2016 թ. մայիսի 25) այդ փոխարժեքը 478[4] էր:

2019 թ. հուլիսի 8-ին վերոնշյալ ՊՎ-245 պայմանագրում կատարվում է ևս մեկ փոփոխություն, որով շինարարության ավարտի ժամկետը կրկին երկարաձգվում է, այս անգամ մինչև 2020 թ. դեկտեմբերի 31: Այս պայմանագրի հավելված` ֆինանսական առաջարկներում, ներդրումների գումարները կրկին չեն վերանայվում (մնում է ինչպես նախորդիվ էր` 108.5 միլիարդ դրամ), սահմանվում են միայն աշխատանքների ավարտի այլ ժամկետներ` 2020 թվականի դեկտմեբերի 31: Այս կապիտալ ներդրումը ներկայացված հաշվարկներում բերված փոխարժեքով (մեկ ԱՄՆ դոլարը 410 ՀՀ դրամ) կազմում է 264.6 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ 2019 թ. հուլիսի 8-ի փոխարժեքով (մեկ ԱՄՆ դոլարը 476.9 ՀՀ դրամ) նշված կապիտալ ծախսերի գումարը ԱՄՆ դոլարով կազմում է 227.5 միլիոն ԱՄՆ դոլար: Մեկ այլ փաստաթղթում` Լիդիանի 2018 տարեկան տեղեկատվական հաշվետվության մեջ (հրապարակված 2019 մարտին) նշված է, որ Ամուլսար ծրագիրը մեկնարկելու համար անհրաժեշտ է կատարել 369.9 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ծախսեր[5]:

Գեոթիմ ընկերության ձեռքբերումը Լիդիանի կողմից

Լիդիան ընկերության կողմից Գեոթիմ ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու մանրամասների վերաբերյալ հանրային հասանելի տեղեկատվություն առկա չէ: Լիդիանի 2007 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հրապարակված համախմբված ֆինանսական հաշվետվություններում երևում է, որ 2007 թվականի վերջի դրությամբ «Գեոթիմ» ընկերության բաժնետոմսերի 95%-ը պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Lydian Resources Armenia միջանկյալ ընկերությանը, որի բաժնետոմսերը ամբողջությամբ պատկանում էին Լիդիանի մեկ այլ միջանկյալ ընկերության (Lydian International Holdings), իսկ վերջինիս բաժնետոմսերը ամբողջությամբ պատկանում էին Lydian International Limited-ին: «Գեոթիմ» ընկերության մնացյալ 5%-ը պատկանում[6] է սույն ընկերության տնօրեն Հայկ Ալոյանին:

2005 թվականից ի վեր, տարիների ընթացքում Լիդիան անվամբ մի քանի ընկերություններ են կազմավորվել[7], որոնք ունեցել են տարբեր ռեզիդենտություն (հիմնականում օֆշորային` British Virgin Islands և Jersey, Channel Islands) և ընդհանուր կազմակերպաիրավական կառուցվածքում տարբեր փոխկապակցվածություն և ենթակայություն, իսկ մայր ընկերության իրական սեփականատերերի մեծ մասը ցայսօր հայտնի չէ: Սրանցում առկա են եղել մի քանի հոլդինգ[8] կոչվող ընկերություններ, որոնք միջանկյալ ընկերություններ են (դուստր ընկերություններ) այլ ընկերություններում բաժնետոմսեր կառավարելու նպատակով: Այս բոլոր ընկերությունները միասին կազմում են Լիդիան[9] խումբը:

2018 թ. վերջի դրությամբ Լիդիան ընկերությունների խումբը ուներ հետևյալ կառուցվածքը[10] (Գծապատկեր #1): Ինչպես երևում է գծապատկերում, Lydian Armenia CJSC-ի (ընկերության անունը հայերեն` Լիդիան Հայաստան ՓԲԸ, գրանցման երկիրը Հայաստան, նախկինում Գեոթիմ ընկերություն,) 100% բաժնետեր է Lydian Resources Armenia Limited ընկերությունը, որը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում (անգլերեն` British Virgin Islands): Վերջինս ամբողջությամբ պատկանում է Lydian International Holdings Limited ընկերությանը, որը գրանցված է կրկին Վիրջինյան կղզիներում: Այս ընկերությունը պատկանում է Lydian U.K. Corporation Limited ընկերությանը, որը գրանցված է Միացյալ Թագավորությունում, որն իր հերթին պատկանում է Կանադայում գրանցված Lydian Canada Ventures Corporation ընկերությանը: Իսկ վերջինիս բոլոր բաժնետոմսերը պատկանում են օֆշորային Նորմանդյան կղզիներում գրանցված Lydian International Limited ընկերությանը: Այս հոդվածը անդրադառնում է հենց այս ընկերությանը, որին հղում է արվում որպես Լիդիան կամ Լիդիան ընկերություն:

Ստացվում է, որ Լիդիան ընկերությունը (Lydian International Limited) Հայաստանում գրանցված Գեոթիմ ընկերության (հետագայում անվանափոխվում է Լիդիան Հայաստանի) սեփականատեր էր միջանկյալ չորս ընկերության միջոցով, որոնք ունեին տարբեր օտարերկրյա ռեզիդենտություններ: Սովորաբար, ընկերությունների խմբերը նման կառուցվածք են ունենում իրական սեփականատերերին թաքցնելու և/կամ ցանկալի հարկման ռեժիմ ունենալու նպատակով:

Գծապատկեր #1

graphics

2010-2020 թթ. էական զարգացումներ` նոր նախաձեռնություններ, տասնյակ միլիոնների վնասներ, ընդերքօգտագործման նոր պայմանագրեր (փոփոխություններ), Լիդիանի լուծարում

2007 թ. ֆինանսական հաշվետվությունների համաձայն Լիդիանը փորձում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Կոսովոյում, Հայաստանում և Թուրքիայում: Քանի որ ընկերությունը նորաստեղծ է և հանքարդյունաբերության ոլորտում նորեկ, զբաղված է հիմնականում ընդերքի հետախուզական և գնահատման աշխատանքներով և չունի գործառնական եկամուտ, ուստի արձանագրում է վնասներ: Մասնավորապես, 2007 թվականին Լիդիանը արձանագրել[11] է 1,243,477 անգլիական ֆունտի զուտ վնաս, իսկ 2006 թվականի համար արձանագրված զուտ վնասը կազմել է 428,655 անգլիական ֆունտ:  2008 թվականին Լիդիանը կրկին չի ունեցել գործառնական եկամուտ և գրանցել է 1,914,106 անգլիական ֆունտի զուտ վնաս: 2008 թ-ին ըկներությունը ընդերքի հետախուզական և գնահատման աշխատանքների վրա ծախսել է 1,825,663 անգլիական ֆունտ:

Հաջորդիվ տարիներին, յուրաքանչյուր տարի Լիդիան ընկերությունը գործառնական եկամուտ չի ունենում և իր ֆինանսական հաշվետվություններում գրանցում է տասնյակ միլիոնների վնասներ: Մասնավորապես, 2009-2012 թթ. ընթացքում Լիդիան ընկերությունը գրանցում է 20.2 միլիոն անգլիական ֆունտի (32.3 միլիոն ԱՄՆ դոլար[12]) զուտ վնաս, իսկ 2013-2017 թթ. ընթացքում շուրջ 49 միլիոն ԱՄՆ դոլարի[13] զուտ վնաս:

Լիդիանը, տարիներ շարունակ չունենալով գործառնական եկամուտ, հետևաբար գրանցելով տասնյակ միլիոնների վնասներ, միայն 2012 և 2013 թվականներին կատարել է ավելի քան մեկ միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ և հովանավորչություն (անգլերենով` donations and sponsorship, 2013 թ.-ին 776,697 դոլար, իսկ 2012-ին` 318,432 դոլար): Նաև շռայլորեն վարձատրում էր ընկերության ղեկավարներին (key management), որոնք միայն 2013 թ.-ին ստացել են 1,431,808 ԱՄՆ դոլարի աշխատավարձեր և այլ օգուտներ (salaries and benefits, սա 2014 թ.-ին կազմել է շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար), ևս 1,021,867 ԱՄՆ դոլար այս նույն տարում ստացել են բաժնետոմսերի տեսքով վճարումներ (Share-based payments, սա 2014-ին կազմել է շուրջ 1.6 միլիոն ԱՄՆ դոլար)[14]:

2011 թ.-ին Լիդիանը որոշում է դադարեցնել Կոսովոյում իր նախաձեռնած ծրագրերը, իսկ նույն տարվա սեպտեմբերին Լիդիանին պատկանող վրացական Georgian Resource Company ՍՊԸ-ն Զոտիում ոսկի արդյունահանելու լիցենզիա է ստանում: Լիդիանը նաև բաժնետոմսեր է ձեռբերում (ընդհանուրի 3.9%) Tigris Resources Limited ընկերությունում, որը նպատակադրել էր հայտնաբերել, ձեռք բերել և զարգացնել ոսկու և պղնձի ծրագրեր Թուրքիայում: Վերջինները վաճառում է 2012 թ. սեպտեմբեր ամսին:

2015 թ. նոյեմբերին, Ամուլսարում շինարարական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով Լիդիանը 325 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր[15] է կնքում Orion Mine Finance (այսուհետ Orion) և Resource Capital Fund (այսուհետ RCF) ընկերությունների հետ: Այս համաձայնագիրը ունի մի քանի ֆինանսական կոմպոնենտ[16], որը ներառում է 160 միլիոն դոլարի վարկային միջոց և 60 միլիոն դոլարի «հոսքային» համաձայնագիր (անգլերեն` stream agreement): Վերջինիս դիմաց Լիդիանը վճարելու է ոսկով (արդյունահանած ոսկու 6.75%-ը` մինչև 2.1 միլիոն զտված ունցիա ոսկի) և արծաթով (արդյունահանած արծաթի 100%-ը` միչև 694,549 զտված արծաթ): Ուշագրավ է, որ ոսկու շուկայական գինը համաձայնագրի կնքման պահին մեկ ունցիայի համար կազմում էր շուրջ 1,076 ԱՄՆ դոլար, իսկ արծաթինը` շուրջ 15 ԱՄՆ դոլար: Իսկ համաձայնագրի պայմաններում պարտքի վերադարձման հաշվարկային միավոր է ընդունվել մեկ ունցիա ոսկու համար 400 ԱՄՆ դոլարը, իսկ մեկ ունցիա արծաթի համար` 4 ԱՄՆ դոլար:

Համաձայն Լիդիանի ներկայացրած հաշվետվության, 2016 թ. մայիսին Ամուլսար ծրագիրը մտնում է զարգացման (ենթադրվում է հանքարդյունաբերական ենթակառուցվածքի կառուցումը) փուլ, քանի որ լուծվում են ֆինանսավորման խնդիրները: Այս փուլին անցումով պայմանավորված նախորդիվ, ծրագրի մեկնարկից ի վեր, հետախուզական և գնահատման աշխատանքների գծով Ամուլսար ծրագրի վրա ծախսված և կապիտալացված շուրջ 72 միլիոն ԱՄՆ դոլարի ակտիվները (71,653,671 ԱՄՆ դոլար) վերաձևակերպվում են որպես զարգացման ակտիվներ:

2016 թ. նոյեմբերին, Լիդիանը իր հայկական ընկերության միջոցով (ենթադրվում է Լիդիան Հայաստան ընկերություն` նախկինում Գեոթիմ անվամբ) 24 միլիոն ԱՄՆ դոլար վարկ է վերցնում Ամերիա բանկից (Ameriabank CJSC), Ամուլսար ծրագրի համար սարքավորումներ գնելու նպատակով: Նույն թվականի դեկտեմբերին նոր վարկային համաձայնագիր է կնքում Caterpillar Financial Services հետ մինչև 42 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` Caterpillar մակնիշի հանքարդյունաբերական տեխնիկա գնելու նպատակով: Իսկ 2017 թ. փետրվարին մինչև 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային (տոկոսադրույք` Libor գումարած 2.95%) համաձայնագիր է կնքում ING Bank N.V. (հակիրճ` ING Bank) հետ` Ամուլսար ծրագրի համար ջարդիչ, տեղափոխող և էլեկտրական սարքավորումներ գնելու նպատակով:

2017 թ. մայիս ամսին[17] IFC-ին (Համաշխարհային բանկի խումբ) վաճառում է Լիդիանի իրեն պատկանող բաժնեմասը և դադարում է լինել ընկերության բաժնետեր:

2018 թ. սկզբի դրությամբ, նախորդիվ կնքված պարտքային համաձայնագրերի (stream պարտավորություններ և պարտք) շրջանակում Լիդիանը իրացնում է 188.7 միլիոն ԱՄՆ դոլար, որից 47.8 միլիոնը տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու գծով պարտք: Այս ժամանակահատվածի դրությամբ (2017 թ. դեկտմեբերի 31) Լիդիանի պարտավորությունները (վերոնշյալ պարտքերին գումարած կրեդիտորական պարտքերը) կազմել[18] են 234.3 միլիոն ԱՄՆ դոլար:

2018 թ. սկզբի դրությամբ (հունվար 1) Լիդիանը թողարկել էր 751,964,633 բաժնետոմս, որոնց ընդհանուր թողարկման գինը կազմել է շուրջ 284 միլիոն ԱՄՆ դոլար:

Նախքան 2018 թ. հանք տանող ճանապարհի բլոկադան (հունիս ամսից), տարվա սկզբի դրությամբ (հունվար 1, 2018 թ.) Լիդիան ընկերությունը հայտարարագրել էր շուրջ 467 միլիոն ԱՄՆ դոլարի ակտիվներ, որից 54 միլիոնը կանխիկ և դրանք համարժեք միջոցներ, իսկ շուրջ 361 միլիոն ԱՄՆ դոլարը հանքարդյունաբերական գույք, շենքեր և սարքավորումներ, որից ավելի քան 351 միլիոնը այսպես կոչված զարգացման[19] ակտիվներն են: Այս նույն ժամանակահատվածի համար, ընդհանուր պարտավորությունները կազմել են  287.4 միլիոն ԱՄՆ դոլար, որից 234.3 միլիոն ԱՄՆ դոլարը պարտքեր և կրեդիտորական պարտավորություններ, իսկ սեփական կապիտալը կազմել է 179.6 միլիոն[20] ԱՄՆ դոլար:

Ավելի պարզ եթե ներկայացնենք, իր գործունեության սկզբից մինչև 2018 հունվարի 1, Լիդիան ընկերությունը ներդրողներից ներգրավում է շուրջ 284 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ պահի դրությամբ կնքված պարտքային պարտավորություններից օգտագործած է լինում շուրջ 189 միլիոն ԱՄՆ դոլար: Չի ունենում որևէ գործառնական եկամուտ (հիշեցնելու նպատակով, Լիդիան ընկերությունը բացի Ամուլսար ծրագրից ուներ առնվազն երկու խոշոր չստացված նախաձեռնություն` Կոսովոյում և Վրաստանում) և նշված ժամանակահատվածում ձևակերպած է լինում ավելի քան 81 միլիոն ԱՄՆ դոլարի վնասներ: Իսկ այս ընթացքում ձևավորված 467 միլիոնի ակտիվներից 361 միլիոն ԱՄՆ դոլարը հանքարդյունաբերական գույք, շենքեր և սարքավորումներն են եղել, որից 351 միլիոնը զարգացման ակտիվների գծով: Վերջիններս հաջորդիվ` 2019-ին, արժեզրկված են ճանաչվում և ներառվում են ընկերության զուտ վնասներում:

Ջերսի կղզու դատարանին ուղղված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Լիդիան ընկերությունը 2018-ի սկզբին[21] (հետևաբար կարելի է ենթադրել նախքան հունիս ամսին սկսված բլոկադան) ներգրավում է BMO Nesbitt Burns Inc. (BMO) ներդրումային բանկին ընկերության հնարավոր վերաֆինանսավորման կամ վաճառքի հարցում օժանդակելու համար: Ընկերությունը դիմել է մի շարք կազմակերպությունների և ծրագրի նկատմամբ առաջացած մի քանի պոտենցիալ հետաքրքրություններ չեն հանգեցրել առարկայական առաջարկների: Եվ ինչպես Լիդիանը հաջորդիվ պնդում է` սրա պատճառը ապօրինի շրջափակումը և ՀՀ կառավարության վարքագիծն է:

Իշխանափոխությունից հետո տեղի ունեցած գործընթացներ

2018 թ. ապրիլին փողոցային զանգվածային անհնազանդությունների արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ամուլսար ծրագրին դեմ հանդես եկող ակտիվ քաղաքացիները փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Սրանով պայմանավորված Լիդիան ընկերությունը հունիսի 22-ից ստիպված է լինում դադարեցնել շինարարական աշխատանքները: 2018 թ. ֆինանսական հաշվետվություններում, համաձայն Լիդիան ընկերության ներկայացման, Հայաստանի կառավարության «որոշ գործողությունների և անգործության հետևանքով» ընկերությունը ի վիճակի չի լինում շարունակել շինարարական աշխատանքները, որի հետևանքով 2018 թ. կրում է վնասներ, որոնք ըստ Լիդիանի ներկայացման կազմում են 42 միլիոն ԱՄՆ դոլար: Ճանապարհների փակելն ու շինարարական աշխատանքների դադարեցումը, ըստ Լիդիանի, ընկերության համար հանգեցնում են ֆինանսական բարդ հետևանքների, որոնք առաջացնում եմ դեֆոլտի ռիսկ և Լիդիանը ստիպված է լինում պարտատերերի հետ կնքել պարտքերի սպասարկումը հետաձգող համաձայնագիր (անգլերեն` forbearance agreement)[22]: Սրանով պարտքի սպասարկումը (մայր գումար և տոկոսներ) հետաձգվում է մինչև 2019 թ. հունիսի 30:

2018 թ.-ին Լիդիանը հերթական անգամ չի ունենում գործառնական եկամուտ (կնշանակի որ Ամուլսարի ծրագրից զատ, որևէ այլ նախաձեռնություն նույնպես ստացված չէ) և հայտարարագրում[23] է շուրջ 136 միլիոն ԱՄՆ դոլարի զուտ վնաս: Սրանից 42 միլիոնը վերագրվում է հանքավայր տանող ճանապարհների բլոկադայի հետևանքով ծագած վնասներին, 92.7 միլիոնը զարգացման ակտիվների[24] արժեզրկմամբ (անգլերեն` impairment loss) պայմանավորված վնասին:

2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, կնքված պարտքային համաձայնագրերի (stream պարտավորություններ և պարտք) շրջանակում Լիդիանը իրացրել էր 297 միլիոն ԱՄՆ դոլար, որից 77.2 միլիոնը տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու գծով պարտք: Այս ժամանակահատվածի դրությամբ Լիդիանի պարտավորությունները (վերոնշյալ պարտքերին գումարած կրեդիտորական պարտքերը) կազմել[25] են 309.7 միլիոն ԱՄՆ դոլար, 301.7 միլիոնը մարման ենթակա մեկ տարվա ընթացքում:

2019 հունվարին Հայաստանի կառավարությունը տեղեկացնում է ավելի վաղ` 2018 նոյեմբերին հայտարարված Ամուլսար ծրագիրը միջազգային աուդիտի ենթարկելու ժամկետները և աուդիտի շրջանակը: 2019 մարտ ամսին լիբանանյան Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը սկսում է աուդիտը, որի արդյունքները տրամադրում է Հայաստանի կառավարությանը 2019 թ. օգոստոսին: Չնայած նրան, որ Կառավարությունը շուրջ 450 hազար ԱՄՆ դոլար է ծախսում այս աուդիտն իրականացնելու վրա, այդպես էլ չի կարողանում վերջնական և հաստատուն դիրքորոշում ներկայացնել ծրագրի վերաբերյալ:

2019 թ. մարտին Լիդիան ընկերությունը տեղեկացնում է ՀՀ կառավարությանը ընկերության և կառավարության միջև ծագած վեճի մասին` հղում անելով Հայաստան-Կանադա և Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ ներդրումային համաձայնագրերին: Այս ընթացքում Լիդիանը հաղորդում է նաև որ դիտարկում է խնդիրը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու հարցը և նաև վերոնշյալ BMO ընկերության միջոցով փորձում է Հայաստանի դեմ հնարավոր արբիտրաժային պրոցեսի ֆինասավորում հայթայթել:

2019 թ. դեկտեմբերի վերջին Տորոնտոյի ֆոնդային բորսան (Կանադա) դադարեցնում է Լիդիան ընկերության հասարակ բաժնետոմսերի սակարկումը (առ ու վաճառք): Սրա պատճառը այն է, որ ավելի վաղ Լիդիանը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան պաշտպանություն ստանալու նպատակով: Լիդիանը ստանում է այդ պաշտպանությունը, որը հաջորդիվ երկարացվում[26] է մինչև 2020 թ. հունիսի 30: Սա օգնում է որ մինչև այս ժամկետը ընկերությունը սնանկ չճանաչվի պարտքերի սպասարկում չիրականացնելու պատճառով:

2019 թվականին Լիդիանը չի ունենում գործառնական եկամուտ (նախքան լուծարումը վերջին անգամ) և հայտարարագրում[27] է շուրջ 387 միլիոն ԱՄՆ դոլարի զուտ վնաս (համախառն վնաս` 397 միլիոն): Վնասի 77.6 միլիոնը վերագրվում է գործունեության դադարեցման վնասներին, շուրջ 316 միլիոնը զարգացման ակտիվների[28] արժեզրկմամբ (անգլերեն` impairment loss) պայմանավորված վնասին:

2019 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կնքված պարտքային համաձայնագրերի (stream պարտավորություններ և պարտք) շրջանակում Լիդիանը իրացրել էր 354.4 միլիոն ԱՄՆ դոլար: Այս ժամանակահատվածի դրությամբ Լիդիանի պարտավորությունները (վերոնշյալ պարտքերին գումարած կրեդիտորական պարտքերը) կազմել[29] են 359.2 միլիոն ԱՄՆ դոլար, 355.9 միլիոնը մարման ենթակա մեկ տարվա ընթացքում:

2020 և հաջորդիվ իրադարձություններ

2020 թ. հուլիսին ուժի մեջ է մտնում կանադական դատարանում սկսված գործընթացի արդյունքում մշակված և դատարանի որոշմամբ հաստատված Լիդիան ընկերության և նրա գլխավոր պարտատերերի միջև համաձայնեցված «Պայմանավորվածության պլանը» (անգլերեն` Plan of Arrangement[30]): Այս պլանի քայլերից մեկը Լիդիան Ինթերնեյշնլի լուծարման գործընթացն է, որի որոշման կայացման իրավասությունը պատկանում է Ջերսիի Թագավորական Դատարանին (անգլերեն` Royal Court of Jersey):

2020 թ. սեպտեմբերի 11-ին Ջերսիի Թագավորական Դատարանը որոշում[31] է կայացնում Լիդիան ընկերության (Lydian International Limited) լուծարման գործընթաց սկսել` համաձայն Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարանի որոշմամբ հաստատված «Պայմանավորվածության պլանի»: Վերջինիս համաձայն՝ նախատեսվում է, որ Լիդիան ընկերության լուծարման ավարտին դրա ակտիվները կանցնեն գլխավոր պարտատերերին և նոր ստեղծվող` վերակառուցվող Լիդիան ընկերության բաժնետոմսերը գլխավոր պարտատերերի միջև կբաշխվեն հետևյալ կերպ[32] (Գծապատկեր #2):

Գծապատկեր #2

Image removed.

graphics

Լիդիան ընկերության (Lydian Intenrational Limited, որին մինչև լուծարումը պատկանում էր Լիդիան Հայաստան ընկերությունը) լուծարումից հետո Լիդիան Հայաստան ընկերության կայքում նշված[33] է. «Լիդիան Արմենիայի 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին:» Կարելի է ենթադրել, որ RCF ընկերությունը իր մասնաբաժինը վաճառել է նշված երկուսին:

Լիդիան Արմենիա էջում հասանելի վերջին ֆինանսական հաշվետվությունները 2021 թվականի համար են: Որոնցում նշված է, որ Լիդիանի ընդհանուր ակտիվները 4.7 միլիոն ԱՄՆ դոլար են, ընդհանուր պարտավորությունները շուրջ 480 միլիոն ԱՄՆ դոլար, սեփական կապիտալը շուրջ 133 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ կուտակված վնասը 600 միլիոն ԱՄՆ դոլար: Թվերից կարելի է եզրակացնել, որ ընկերությունը պարտքերի ու վնասների մեջ թաղված էր 2021 վերջի դրությամբ:

Լիդիան ընկերության 2020 թվականի լուծարմանը հաջորդիվ 2021-22 թվականներին նշանակալի իրադարձություններ (որ հանրությանը հասանելի են դարձել) տեղի չեն ունենում:

ՀՀ կառավարությունը Լիդիան Հայաստանի բաժնետեր, ԵԶԲ-ն պարտք է տալիս Լիդիանին

2023 թ. փետրվարի 22-ին Լիդիան Հայաստանը Փոխըմբռնման հուշագիր (փաստաթուղթը հասանելի չէ) է ստորագրում ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) հետ, որով նախատեսվում է Ամուլսար ծրագրի վերսկսում: Համաձայն Լիդիան Հայաստանի, Ամուլսարի ծրագրի շինարարությունն ավարտին հասցնելու և շահագործումը սկսելու համար, անհրաժեշտ է 250 մլն ԱՄՆ դոլար:

Համաձայն Լիդիան Հայաստանի հաղորդագրության[34]. «Հուշագրի շրջանակներում.

- Լիդիան Արմենիան ՀՀ կառավարության տրամադրելու է իր կանոնադրական կապիտալի 12,5% անհատույց` դառնալով Կառավարության գործընկերը,

- ՀՀ կառավարությունն իր լիազորությունների սահմաններում և գործող օրենքների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր միջոցներն Ամուլսարի ծրագրի անխափան իրականացման համար,

- ԵԶԲ-ն Լիդիան Արմենիային տրամադրելու է 100 մլն ԱՄՆ դոլար վարկ, ևս 50 մլն ԱՄՆ դոլար ներգրավվելու է տեղական բանկերից,

- Ընկերությունը շինարարության ընթացքում տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն է տրամադրելու հանքի շրջակա Ջերմուկ, Վայք, Սիսիան խոշորացված համայնքներին»:

Որպես ամփոփում, Լիդիան ընկերության գործունեության ամբողջ ընթացքն ուսումնասիրելով, ևս մեկ անպատասխան մնացած, սակայն գուցե ամենաէական հարցն է առաջ գալիս: Արդյո՞ք Լիդիան ընկերությունը (Lydian International Limited) կառավարվում էր պատասխանատու ձևով և արդյո՞ք այս ընկերության ղեկավարները և/կամ հիմնադիրները դիտավորությամբ չէին տանում ընկերությունը ձախողումների, որոնց համար էականը ոչ թե արդյունքն էր (կնշանակի` հանքարադյունահանում), այլ պրոցեսը: Վերջիվերջո, այս ամբողջ պատմությունը արդյոք չի՞ նմանակում Ինդոնեզիայի Բոռնեոյում 1993 սկիզբ դրված պատմությանը, որը պարզելու համար Հայաստանի կառավարությունը որևէ մտահոգություն չի ցուցաբերում: Ավելին, խանդավառությամբ ներգրավվում է այս պատմության մեջ` դառնալով Լիդիան Հայաստանի բաժնետեր:

Հոդվածի բովանդակության համար բացառապես պատասխանատու է հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Թբիլիսիի գրասենյակի տեսակետները:

 

[1] Լիցենզիան հասանելի է հետևյալ հղումով` https://shabat.am/am/article/199572/4-nakhkin-nakhararner-storagrel-en

[2] Ներկայում` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն:

[3] Նշված բոլոր փաստաթղթերը ներկայացված են այս հղումով: Չփոփոխված ֆինանսական առաջարկը ներկայացված է 30-րդ էջում: http://www.minenergy.am/storage/files/pages/pg_6682404060481_245.pdf

[4] 2016 թ. մայիսի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը ԱՄՆ դոլար ՀՀ դրամ փոխարժեքը սահմանել էր 477.78 : Հղում`

https://www.cba.am/am/SitePages/ExchangeArchive.aspx?DateFrom=2016-05-01&DateTo=2023-04-14&ISOCodes=USD,GBP,RUB,EUR

[5] Լիդիանի տարեկան (2018) տեղեկատվական հաշվետվություն , էջ 67, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=1&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02884700&docId=4476576:

[6] Կանադական SEDAR համակարգում առկա հաշվետվության հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=01258460&docId=2188639

[7] Սրա մասին առավել մանրամասն ներկայացված է հետևյալ հոդվածում` https://hetq.am/hy/article/106614 :

[8] Սրանք հիմնականում ստեղծվում են ֆինանսական հաշվետվողականության և հարկման ցանկալի ռեժիմ ունենալու նպատակադրումներից ելնելով և սրանց դերը այլ ըկերությունների բաժնետոմսերի (այսինքն ընկերությունների) կառավարումն է:

[9] Այս հոդվածը բոլոր դեպքերում (բացառությամբ նրանց որ այլ բացատրություն է ներկայացված) Լիդիան և/կամ Լիդիան ընկերություն անվան տակ հղում է անում Լիդիան ընկերությունների խմբին, մասնավորապես Lydian International Limited-ին:

[10] Գծապատկերը վերցված է Լիդիանի տարեկան տեղեկատվական հաշվետվությունից, էջ 7, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=1&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02884700&docId=4476576:

[11] Լիդիանի 2007 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվություների հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=01258460&docId=2188639

[12] Օգտագործվել 1 անգլիական ֆունտը 1.6 ԱՄՆ դոլար միջինացված փոխարժեքը:

[13] 2013 թվականի հունվարի մեկից հաշվետվությունները սկսում են կազմել ԱՄՆ դոլարով:

[14] Լիդիանի 2013 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների էջ 36, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02180825&docId=3499992  

[15] Լիդիանի 2015 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվություների էջ 20, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02463015&docId=3888246:

[16] Մանրամասները ներկայացված են այս հաշվետվության մեջ, էջ 20: Հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02605180&docId=4083269:

[17] Առավել մանրամասն ներկայացված է հետևյալ գնահատման մեջ` https://www.cao-ombudsman.org/sites/default/files/downloads/LydianComplianceInvestigationReport-06192017_forwebsite.pdf :

[18] Լիդիանի 2017 թ. ֆինանսական հաշվետվություններ, էջ 32, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02748492&docId=4284824:

[19] Սրանք նախորդ տարիների ընթացքում հետախուզական և գնահատման աշխատանքների գծով Ամուլսար ծրագրի վրա ծախսված և կապիտալացված միջոցներն են:

[20] Այս գումարը ստացվում է թողարկված շուրջ 284 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ բաժնետոմսերից հանած կուտակված դեֆիցիտը և արտարժութային փոխակերպումների գումարները:

[21] Court Ref No. 2020/130, Royal Court of the Island of Jersey, Exhibit MG1 to the Affidavit of Max Galt (sworn September 4, 2020), էջ 32, մեջբերում դատարանին ուղղված հայտից, «In early 2018, the Applicants retained BMO to canvass the market for potential refinancing or sale options». Հղում` https://www.alvarezandmarsal.com/sites/default/files/canada/10._exhibit_mg1_to_aff_of_max_sept_4.pdf

[22] “Furthermore, the Government of Armenia has taken certain actions and failed to act on other matters. As a result, the Company incurred $42.0million of blockade-related expenses during 2018. Such costs continue to be incurred and additional costs will be required to restart construction should access be restored. The Government of Armenia’s actions and inactionshave substantially restricted the Company’s access to capital and caused conditions to occur that were deemed events of default by the senior lenders, stream financing providers, and equipment financiers. As a result, the Company entered into the A&R Forbearance Agreement with its senior lenders, stream financing providers, and equipment financiers”. Լիդիանի 2018 թ. ֆինանսական հաշվետվություններ, էջ 10, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02884689&docId=4476570:

[23] Լիդիանի 2018 թ համախմբված ֆինանսական հաշվետվությունների հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02884689&docId=4476570:

[24] Սրանք հետախուզական և գնահատման աշխատանքների գծով ծախսված միջոցներն են, որոնք հետագայում կապիտալացվել էին:

[25] Լիդիանի 2018 թ. ֆինանսական հաշվետվություններ, էջ 36, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=02884689&docId=4476570:

[27] Լիդիանի 2019 թվականի համախմբված ֆինանսական հաշվետվությունների հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=03025777&docId=4677818:

[28] Սրանք հետախուզական և գնահատման աշխատանքների գծով ծախսված միջոցներն են, որոնք հետագայում կապիտալացվել էին:

[29] Լիդիանի 2019 թ. ֆինանսական հաշվետվություններ, էջ 39, հղում` https://www.sedar.com/GetFile.do?lang=EN&docClass=5&issuerNo=00023397&issuerType=03&projectNo=03025777&docId=4677818:

[32] Գծապատկերը վերցված է Պայմանավորվածության պլանից, էջ 22, հղում` https://www.alvarezandmarsal.com/sites/default/files/canada/plan_of_arrangement_june_29_2020_-_final.pdf

[33] Լիդիան Հայաստան ընկերության կայքի հղում` https://www.lydianarmenia.am/arm/pages/lydian-armenia/67/ : Կայքի դիտումը 2023 թ. մայիս 5-ին: