Այս հոդվածի նպատակն է պատերազմից հետո Հայաստանի անվտանգային և պաշտպանական խնդիրներում հասարակության ներգրավվածության ձևերից մեկի՝ ռազմամարզական կազմակերպությունների գործունեության ու քաղաքացիական հասարակության մարտահրավերների քննարկումը։ 2020 թվականի պատերազմից հետո հասարակությունում լրջորեն սրվեցին անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու հետ կապված հարցերը։ Նման իրավիճակում բարձրացավ այն ռազմամարզական հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների հեղինակությունը, որոնք փորձում են գտնել այս հարցին ուղղված լուծումներ։ Անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու այս ջանքերին զուգահեռ մեծանում է ազգայնական տրամադրությունների աճի հավանականությունը։ Նման պարագայում Հայաստանի քաղհասարակության հիմնական մարտահրավերներից է դառնում հասարակությանը հուզող անվտանգային կարիքների բավարարմանն ուղղված առաջարկների ներկայացումը ժողովրդավարության զարգացման համատեքստում
Պատերազմում Հայաստանի կրած պարտության հետևանքներից մեկը հասարակությունում անվտանգային ճգնաժամի ձևավորումն էր։ Դրա խորացման վրա ազդող առանցքային գործոնը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է։ Պատերազմին հաջորդած շրջանում իրականացվեցին մի շարք հարձակումներ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա։ Հասարակության մեջ տագնապի ու անապահովության զգացողությունը խորացավ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մերժող Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունների և հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի շուրջ 350 կիլոմետր սահմանային գծով Ադրբեջանի իրականացրած ներխուժման հետևանքով։ Ռմբակոծվեցին մի շարք բնակավայրեր, այդ թվում և Ջերմուկ քաղաքը։ Ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ Ադրբեջանի հարձակումները անկառավարելի են և նույնիսկ ՀԱՊԿ-ին անդամակցությունը չի կարող անվտանգության երաշխիք լինել։ Հասարակության լայն շրջանակներում ձևավորվեց խորը անհանգստություն և վախեր, որոնցում էական տեղ ունեն․
- Ադրբեջանի ու նրա հովանավոր Թուրքիայի զորեղության հետ կապված վախը,
- անվտանգության և նոր պատերազմի վախը,
- երիտասարդ տղաներին կորցնելու վախը,
- պետականության կորստի վախը։
Կարելի է առանձնացնել այս վախերի հաղթահարմանն ուղղված տարբեր մոտեցումներ, որոնցից մեկն էլ այն է, որ վախերը խորանում են, երբ մարդը չգիտի, թե ինչ անել ու պատրաստ չի ինքն իրեն պաշտպանել։ Դրանից ելնելով, ձևավորվեց մի մոտեցում, ըստ որի անհրաժեշտ է մարդկանց մեջ ուժեղացնել ինքնապաշտպանական կարողությունները և բարձրացնել հանրության ներգրավվածությունը անվտանգային ճգնաժամի հաղթահարմանը։ Այս գործում առաջնային դերակատարում ստանձնեցին ռազմամարզական կազմակերպությունները։
Ռազմամարզական կազմակերպությունների աշխուժացումը
Ռազմամարզական կազմակեպությունների գործունեությունը ՀՀ-ում կարգավորվում է 2022 թվականին ընդունված «Ռազմամարզական գործունեության մասին» ՀՀ օրենքով։ Դրանք կարող են գործել որպես հասարակական կազմակերպություններ։ Պատերազմի օրերին և դրան հաջորդած շրջանում այս ոլորտում գործուն դերակատարում սկսեց «Ողջ մնալու արվեստ»՝ կրճատ ՈՄԱ կազմակերպությունը։ 2020 թ․ պատերազմի օրերին պարզվեց, որ զորակոչված պահեստազորայինների մեծ մասը չունի անհրաժեշտ մարտական պատրաստվածության աստիճան։ ՈՄԱ-ն այդ բացը լրացնելուն ուղղված սկսեց իրականացնել մարտական պատրաստվածության ու բուժօգնության դասընթացներ, ինչը մեծ հեղինակություն բերեց նրան։ Կազմակերպությունը շարունակեց իր գործունեությունը նաև պատերազմին հաջորդած շրջանում։ Հիմնական գաղափարն այն էր, որ նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար կարևոր է բնակչության լայն շրջանակներում զարգացնել ռազմական տարրական հմտությունները։ Ներկայումս այն գործում է խիտ ժամանակացույցով և մեծ պահանջվածություն ունի քաղաքացիական բնակչության միջավայրում։
Կազամակերպությունը քաղաքականացված չէ, անկախ է որևէ կուսակցական պատկանելությունից և քաղաքական բնույթի գործունեություն ծավալող խմբերից։
Նրա գործունեությունը կենտրոնացած է աշխարհազորի ու ակտիվ պահեստազորի պատրաստման խնդրի վրա։ Այս ուղղությամբ կազմակերպությունն իրականացնում է տարբեր ծրագրեր։ Առանցքայիններից է քաղաքացիական բնակչության մեջ ռազմամարզական հմտությունների ձևավորմանն ուղղված կարճատև՝ 10 օրյա դասընթացների իրականացումը։ Դասընթացներն անցկացվում են սովորական քաղաքացիներից ինքնակամության սկզբունքով ձևավորվող խմբերի հետ: Իդեպ, մասնակիցների մեջ շոշափելի թիվ են կազմում նաև կանայք։ Ուսուցանվում են զենքի գործածման, ինքնապաշտպանության ու առաջին բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Կազմակերպությունն ունի նաև լեռնահրաձիգների ուսուցման, հրետանավորների և ԱԹՍ օպերատորների պատրաստման դասընթացներ։
Կազմակերպությունը ֆինանսավորվում է անհատ քաղաքացիների կողմից և տարբեր մասնավոր աղբյուրներից, որոնց մասին տեղեկատվությունը թափանցիկ է և ներկայացված է կազմակերպության կայքէջում։
Կազմակերպության առանցքային գաղափարներից է այն, որ ինքնապաշտպանական կարողությունների զարգացումը պետք է իրականացնել երեք մակարդակով՝ անհատական, համայնքային և պետական։ Ուստի անհատական պարապմունքներին զուգահեռ կարևոր է համարվում համայնքային մասշտաբով ինքնապաշտպանական ռեսուրսների կազմակերպման, մոբլիզիացման ու գործածման կարողությունների հզորացումը։ Դրա նպատակներից է․
- հարձակման ենթարկվելու դեպքում համայնքի կողմից բնակության տեղանքի համակարգված պաշտպանությունը,
- բնակավայրերի պաշտպանության կազմակերպումը սեփական ռեսուրսներով մինչև օգնական ուժերի ժամանումը,
- կանխել բնակչության տարերային փախուստը և իրականացնել կազմակերպված ու անկորուստ նահանջ,
- անհրաժեշտության դեպքում կազմակերպել համայնքի բնակչության տարհանումն առանց ավելորդ խուճապի ու կորուստների։
Ընդհանուր առմամբ, այս դասընթացներին բնակչության մասնակցության աճ նկատվում է հատկապես Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժումների շրջանում։ Օրինակ, 2023 թվականին բոլոր դասընթացների մասնակիցների մոտ 1500-ի հասնող ընդհանուր թվից 500-ը դիմել են դասընթացներին 2023 թվի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման օրերին։
Կազմակերպությունը նաև ծրագրեր ունի պաշտպանական երկրորդ գծի ձևավորման հետ կապված։ Այն հայտնի է «գմբեթ» անվամբ և ուղղված է զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը հրետանու ռմբակոծություններից պաշտպանելուն։ «Գմբեթ»-ները իրենցից ներկայացնում են ոչ մեծ չափերի, գետնափոր ինժեներական կառույցներ, որոնցում հրետանու կամ ԱԹՍ-ների ռմբակոծություններից կարող են պատսպարվել փոքր խմբերով։ Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, սա կարող է զգալիորեն նվազեցնել զոհվելու հավանականությունը։ «Գմբեթները» հիմնականում կառուցվում են մասնավոր հանգանակությունների միջոցով, կազմակերպության մարդկային ներուժի, կամավորների կամ համայնքների բնակիչների մասնակցությամբ։ Մինչև այժմ կառուցված «գմբեթների ընդհանուր թիվը շուրջ 200 է։
Կազմակերպությունն ունի նաև իր խնդիրների իրականացման մեջ կարևոր նշանակություն ունեցող ռազմական հանդերձանքի պատրաստմանն ուղղված գործունեություն։ Խոսքը վերաբերում է մասնավորապես զրահաբաճկոնների պատրաստմանը, ինչը պատերազմական իրավիճակներում էականորեն կարող է կրճատել ինքնապաշտպանական խմբերում մարդկային զոհերի թիվը։
Ռազմամարզական կազմակերպություններից մյուս քիչ թե շատ հայտնի և կիրառական գործունեություն ծավալողներից է «Ազատազեն» ՀԿ-ն։ Այն ձևավորվել է, ՈՄԱ-ի ճյուղավորման արդյունքում և ունի հիմնական ոլորտային մեկ առանձնահատկություն, ինչը կապված է մարզական հրաձգարանների կազմակերպման հետ։ Զենքի տիրապետման հետ կապված ուսումնամարզական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած բացահայտումներից մեկն այն էր, որ Հայաստանում չկան պատշաճ մակարդակի հրաձգարաններ, որտեղ կարելի է կրակային պատրաստության դասեր անցկացնել։ Կազմակերպությունը ներկայումս Երևանում և մարզային մի շարք բնակավայրերում իրականացնում է հրաձգարանների հիմնադրման աշխատանքներ։
Այս կազմակերպությունը հայտնի է նաև զենքի ազատականացման օրենքի ջատագովությամբ։ Վերջինիս հիմքում ընկած է քաղաքացիների ինքնապաշտպանվելու կարողությունների զարգացման գաղափարը և այն, որ առանձին վերցրած քաղաքացիների զենքին տիրապետելու շնորհիվ հնարավոր է մեծացնել նաև համայնքների պաշտպանական կարողությունները։ Հարցն այն է, որ Հայաստանի փոքրության պատճառով համարյա բոլոր բնակավայրերը շատ մոտ են սահմանին, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը։ Դա վտանգավոր է նրանով, որ պատերազմ սկսվելու դեպքում մի քանի ժամվա ընթացքում այդ բնակավայրերը կարող են հայտնվել հակառակորդի ներխուժման վտանգի առջև։ Ուստի, ինչպես պնդում են կազմակերպության գաղափարախոսները, պատերազմական բռնությունների ենթարկվելու վտանգից խուսափելու համար կարևոր է, որ մարդիկ սեփական մարտական զենք ունենան ու տիրապետեն այն կիրառելու անհրաժեշտ կարողություններին։ Կազմակերպության անդամների պնդումներից է նաև այն, որ օրենքը հասարակության մասշտաբով ավելի թափանցիկ կդարձնի զենքի տարածումը, ինչը և կնպաստի դրա վերահսկելիությանը։ Ի դեպ, «Ազատազենը» նաև առայժմ միակ կազմակերպությունն է, ով պետականորեն լիցենզավորված է իր հրաձգարաններում քաղաքացիներից ընդունել զենքի գործածման տեսական և գործնական քննություններ: Ռազմամարզական կազմակերպություններից որևէ մեկում քննություն հանձնելը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքի պարտադիր պահանջն է։
Ռազմամարզական ոլորտում այս կազմակերպությունների ծավալած գործունեությունը միակը չէ։ 2023 թվականին հիմնադրվեց «Ոգեզեն» հարթակը, որը միտված է ինքնապաշտպանության ապահովման գաղափարի շուրջ ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելուն և բազմաբնույթ դերակատարների միջև լայն համագործակցություն ձևավորելուն։
Համապարփակ պաշտպանության գաղափարի զարգացումն ու «Ոգեզեն» հարթակի ձևավորումը
«Ոգեզեն»-ը կազմակերպություն կամ միություն չէ։ Այն հարթակ է, որի ձևավորմանը մասնակցել են քաղաքագետներ, տեխնոլոգիական առաջատար կազմակերպություններ, կրթական ծրագրերի ներկայացուցիչներ, ռազմամարզական վերը ներկայացված կազմակերպությունները, հանրային գործիչներ։ Հարթակը ձևավորվել է համապարփակ պաշտպանության համակարգի ձևավորման գաղափարի շուրջ։
Պատերազմից հետո ոչ միայն խարխլվել են պետության անվտանգային հիմքերն ու պաշտպանական կարողությունները, այլ նաև կոտրվել է սեփական երկիրը պաշտպանելու կամքն ու ոգին։ Ըստ հիմնադիրների, հարթակի անվան ընտրությունը հենց դրանով էլ բացատրվում է։ Այն հին հայերենից՝ գրաբարից վերցված բառ է, ինչը նշանակում է ոգով զինված։ Համապարփակ պաշտպանության գաղափարը ծնվել է կարիքից։ Իսկ կարիքն առաջացել ու սրվել է 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո։ Հատկապես շրջադարձային է եղել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնաճակատ ագրեսիան։ Հիմնական հարցն այն էր, թե արդյո՞ք ռազմատենչ և ուժերով գերազանցող հարևանների հարձակման դեպքում փոքր ու սահմանափակ կարողություններով երկիրը կարող է իրականացնել արդյունավետ պաշտպանություն։ Հարցի պատասխանի փնտրտուքը տարել է սկանդինավյան երկրների՝ մասնավորապես Ֆինլանդիայի փորձի ուսումնասիրությանը։ Դեռևս 1950 թվականին Շվեդիայում մշակել են նման կոնցեպցիա։ Նման փորձ առկա է նաև Շվեյցարիայում, Թայվանում, Սինգապուրում և մի շարք այլ երկրներում։ Այս կոնցեպցիայի մշակմանը վերջին տարիներին անդրադաձել է նաև ՆԱՏՕ-ն, երբ Ռուսաստանի հարևան փոքր երկրների համար ագրեսիայի ենթարկվելու վտանգ առաջացավ։ Հայկական մոդելի մշակման համար օգտագործվել են հիմնականում ՆԱՏՕ-ի մոտեցումները։ Դրա հիմքում ընկած է այն միտքը, որ պետական մասնագիտացված անվտանգային/ռազմական հաստատությունների (բանակ, ԱԻՆ, ԱԱԾ, ոստիկանություն և այլն) ռեսուրսը, որը կազմում է բնակչության շուրջ 2%-ը, չի բավարարի ռազմական լայնածավալ ներխուժման դեպքում։ Այդ պատճառով անհրաժեշտ է հզորացնել հասարակության ինքնապաշտպանական կարողությունները և անհրաժեշտության դեպքում պաշտպանության կազմակերպմանը ներգրավել նաև հասարակության ավելի լայն շերտերին։ Դրանք կարող են լինել տարբեր հասարակական կազմակերպություներ, բիզնես կառույցներ, գիտակրթական հաստատություններ, քաղաքացիական նախաձեռնություններ կամ պարզապես անհատ քաղաքացիներ։ Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է համարվում բարձրացնել քաղաքացիների մարտական պատրաստվածության ու քաղաքացիական պաշտպանության կարողությունները։ Մեկ այլ կարևոր խնդիր է համարվում մոբիլիզացիոն ունակությունների զարգացումը, որպեսզի ռազմական ագրեսիայի ենթարկվելու պարագայում հասարակության ամեն անդամ և առաձին վերցրած համայնք կարողանա ինտեգրվել պետության կողմից կազմակերպվող համընդհանուր պաշտպանության գործին։
Համապարփակ պաշտպանության համակարգի բաղադրիչներն են համարվում բանակը, պետական անվտանգության հետ կապված մնացած կառույցները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, բիզնես կազմակերպությունները և հասարակության այլ կազմակերպված հաստատությունները։
«Ոգեզեն» հարթակի նպատակը պետության պաշտպանությանը մասնակցելու պատրաստ հասարակական դերակատարների միջև կապերի ու համագործակցության ձևավորումն է։ Հարթակի ձևավորումից հետո երկու խոշոր համաժողովներ են կազմակերպվել, որոնցում առանձին դերակատարներ ներկայացրել են իրենց գաղափարներն ու ծրագրերը։ Ներկայացված ծրագրերը շատ տարբեր են։ Դրանում առկա են հետևյալ հիմնական ոլորտները․
- ռազմամարզական,
- բարձր տեխնոլոգիական,
- քաղպաշտպանության, մեդիայի և տեղեկատվական անվտանգության,
- ճարտարապետական կամ ավելի որոշակի՝ ռազմաճարտարապետական,
- կրթական և կրթամարզական։
Համապարփակ պաշտպանության կոնցեպտի կարևոր մասն է տարածքային պաշտպանության գաղափարը։ Սա վերաբերում է պահեստազորի և աշխարհազորի պատրաստման խնդիրներին։ Պահեստազորը ներառում է զինապարտության տարիքի քաղաքացիներին, որոնք ենթադրվում է, որ պետք է պատրաստվեն ու կազմակերպվեն ըստ տարածքային պատկանելության սկզբունքի։ Աշխարհազորը ներառում է համայնքի այն բնակիչներին, ովքեր չնայած զինապարտ չեն, բայց պետք է ունակ լինեն պատերազմական կամ արտակարգ իրավիճակում կազմակերպվելու և մասնակցելու իրենց համայնքի պաշտպանությանը։
Ամփոփելով, կարելի է ասել, որ ինչպես ռազմամարզական կազմակերպությունները, այնպես էլ համապարփակ պաշտպանության գաղափարն ու «Ոգեզեն» հարթակի ստեղծումը քաղաքացիական նախաձեռնությունների հետևանք են։ Գաղափարական տեսակետից այս նախաձեռնությունները միավորում են շատ տարբեր հայացքներ ունեցող մարդկանց՝ սկսած չափավոր ազգայնականներից, վերջացրած ազատական, ժողովրդավարական և քաղաքացիական գաղափարներ կրողներով։ Ծայրահեղ ազգայնական կամ ազգայնամոլական մոտեցումներ նրանց բնորոշ չեն։ Դրանք չեն դավանում և չեն քարոզում նաև ռազմատենչ, միլիտարիստական, պատերազմական բնույթի կոչեր ու գաղափարներ։ Նրանց հիմնական մասը հակված է պետության հետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը։ Ակտիվության հիմնական մոտիվը, ինչպես վերը նշվեց, պաշտպանական ու անվտանգային առկա մարտահրավերներին ուղղված լուծումներ գտնելն է, ինչում պետությունն ունի լուրջ բարդություններ և բացթողումներ։
Գործող ռազմամարզական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության հիմքում ընկած է անհատական, համայնքային և պետական մակարդակներում ինքնապաշտպանական կարողությունների զարգացման գաղափարը, ինչը հարձակման ենթարկվելու դեպքում կարող է բարձրացնել հասարակության պաշտպանունակության մակարդակը, նվազեցնել հնարավոր մարդկային զոհերը, խուճապն ու պարտության ենթարկվելու հավանականությունը։
Վերը ներկայացված գործընթացների հիմնական մարտահրավերը կարող է լինել հասարակության ռազմականացման և ազգայնականացման միտումների խորացումը, եթե գործընթացները մշտապես չհավասարակշռվեն ժողովրդավարական ու քաղաքացիական արժեքային համատեսքտում պահելու ջանքերով։ Պետք է ենթադրել, որ այս հարցում բավական օգտակար կարող է լինել քաղաքացիական հասարակության մնացած հատվածի, մասնավորապես ժողովրդավարության զարգացման ու մարդու իրավունքների ոլորտի ՔՀԿ-ների ներգրավումը, որոնք առայժմ, կարծես թե, դեռ անվտանգային ներկա մարտահրավերների համատեսքտում գործունեություն իրականացնելու հետ կապված բարդություններ ունեն։ Այս տեսանկյունից, ՔՀԿ-ների կարող են իրենց առջև դնել առնվազն երկու խնդիր։ Նախ, կազմակերպել ՔՀԿ դաշտի դերակատարների միջև քննարկումներ՝ ուղղած Հայաստանի ժողովրդավարական զարգացման համատեսքտում ՀՀ անվտանգային խնդիրների ու մարտահրավերների հետ կապված լուծումներ և առաջարկներ վեր հանելուն։ Երկրորդ, իրականացնել քաղաքացիների անվտանգային կարիքների հետազոտում։ Երրորդ, մշակել և իրագործել այդ կարիքների բավարարմանն ուղղված ծրագրեր՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ տեղական ինքնակառավարման մակարդակներում։
Շատ կարևոր է նաև ժողովրդավարական մասնակցային այնպիսի մեխանիզմների հետ կապված առաջարկների ներկայացումը, որոնք կնպաստեն անվտանգային խնդիրների լուծմանը հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների ու համայնքների ներգրավմանը և անվտանգային խնդիրների լուծման ժողովրդավարական մեխանիզմների հանդեպ վստահության աճին։