Կոմկուսի «Սովետական Հայաստան» պաշտոնաթերթի փոխակերպումները 1989-ին

Read in English

Խորհրդային Հայաստանում ութսունականների վերջում ստեղծվել էր մի կողմից` գորբաչովյան դեմոկրատիզացիայով ու հրապարակայնությամբ, մյուս կողմից` 1988 թվականից ծավալվող ազգային շարժմամբ պայմանավորված նոր քաղաքական իրավիճակ, որին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը պիտի ադապտացվեր։ 

Անցումային այս շրջանում կոմունիստական կազմակերպությունների ուսումնասիրությունը կարող է օգնել ավելի լավ հասկանալ հետխորհրդային շրջանում կուսակցության զարգացման խորքային պատճառները։ Հոդվածը Հայաստանի կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթի՝ «Սովետական Հայաստանի» օրինակով դիտարկում է կուսակցական կազմակերպության կառուցվածքային և գաղափարական փոխակերպումների ձևերը։ Հենվելով դաշտային աշխատանքի ընթացքում գրանցված բանավոր պատմությունների վրա, ինչպես նաև հաշվի առնելով պաշտոնաթերթի հիմնականում 1989 թ․ հրապարակումներն ու կուսակցական արխիվի նյութերը՝ աշխատանքում քննարկվում են կուսակցաթերթի կադրային քաղաքականության, գործառույթների և գրաքննության քաղաքականության խնդիրները։ Փոխվող իրականությանն ի պատասխան՝ կուսակցության ամենաակնառու արձագանքը կադրային նոր քաղաքականությամբ կուսակցության «վերակառուցումն» է։ Նվազ վերահսկվող պայմաններում 1989 թ․ վերջից հրավիրված թերթի նոր խմբագիրը փորձում է գտնել ձևեր՝ արդիական խնդիրները արտացոլելու համար։ Կուսակցական «հորինված» իրականությունն ու իրական պահանջները, սակայն, միմյանց բացարձակ անհաղորդ էին, և ներքևից եկող անձնական նախաձեռնողականությունը սահմանափակվում էր կուսակցության անխախտ համակարգով։

1988-89 թվականները շրջադարձային էին Հայաստանի կոմունիստական կուսակցության համար. Սոցիալիստական համակարգի խորացող ճգնաժամի, երկրում հայտարարված դեմոկրատիզացիայի ու հրապարակայնության և 1988-ից սկսված ազգային շարժման1 պայմաններում ձևավորվում էր նոր քաղաքական իրականություն, որին կուսակցությունը պետք է հարմարվեր։ Անցումային շրջանում կոմունիստական կուսակցությունների ադապտացիայի տարբեր ձևերը տարբեր արդյունքներ տվեցին հետսոցիալիստական իրականությունում։ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում, օրինակ Հունգարիայում, կոմունիստական կուսակցությունը կարողանում է վերաձևակերպել իրեն նոր քաղաքական համակարգում և դառնալ քաղաքական դաշտի հիմնական խաղացողը։2 Այլ երկրներում, ինչպես Ռուսաստանի Ֆեդերացիայում, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության իրավահաջորդ կուսակցությունը մոտ տասը տարի կարողանում է որոշ հաջողությամբ գործունեություն ծավալել՝ իրեն ձևակերպելով որպես ընդդիմադիր կուսակցություն, սակայն հետո՝ ավելի ավտորիտար ռեժիմի հաստատմանը զուգահեռ, դառնում է նոր իշխանություններին հարող ուժ և կորցնում իր քաղաքական

ինքնուրույնությունը3։ Հայաստանի նորանկախ Հանրապետությունում կոմունիստական կուսակցությունը այլ ընթացքում է հայտնվում. այն կարողանում է ապահովել իր

ներկայությունը խորհրդարանում միայն առաջին երկու գումարումներին, այնուհետևառհասարակ դուրս է մղվում քաղաքական դաշտից՝ պահպանելով միայն ֆորմալ գոյությունը։ Այսինքն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, անկախության սկզբին ունենալով կազմակերպվածության ամենամեծ փորձը, կադրային ու ֆինանսական կապիտալը, չի կարողանում ադապտացվել և ըստ էության կորցնում է իր դերակատարումը որպես քաղաքական ուժ։ Այս առումով Վերակառուցման շրջանում կոմունիստական կուսակցության և առանձին կուսկազմակերպությունների ուսումնասիրությունը հետաքրքիր է, քանի որ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ հետագա զարգացումների խորքային պատճառները։

Սույն աշխատանքում դիտարկվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը՝ 1989 թվականի քաղաքական փոփոխությունների համատեքստում։ Կուսակցական օրգանի քննարկումը մի կողմից հետաքրքիր է, որովհետև «Սովետական Հայաստանը», ինչպես ցանկացած այլ կուսակցական կազմակերպություն, իր հիերարխիկ կառուցվածքով և կառավարման մեխանիզմներով հանդիսանում էր կուսակցական համակարգի մանրակերտը։ Մյուս կողմից, այն պաշտոնական դիսկուրսը ձևավորող ու առաքող հիմնական ուղիներից մեկն էր, ինչը թույլ է տալիս նաև դիտարկել տեքստային՝ թեմատիկ և բովանդակային փոփոխությունները։ Դիտարկելով Կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը՝ հոդվածում քննարկվում է Վերակառուցման շրջանում ստեղծված նոր պայմաններին կուսակցական կազմակերպության կառուցվածքային և գաղափարական ադապտացիայի ձևերը։

1989 թվականին կուսակցական կազմակերպության ադապտացիայի խնդիրը համատեքստում դիտարկելու համար ես սկսում եմ քննարկումը ավելի վաղ շրջանի՝ 1970-ականների դեպքերից։ Աշխատանքը բաղկացած է երկու շրջանների վերաբերյալ առանձին թեմատիկ մոդուլներից, ինչը թույլ է տալիս համեմատության մեջ դիտարկել Վերակառուցման վերջին տարիների փոփոխությունները։ Ընտրված դրվագները երկու հերոսների օրինակով ներկայացնում են կուսակցական թերթի կադրային քաղաքականությունը և թերթի աշխատանքը՝ գրաքննությունն ու թերթի գործառույթները կուսակցության ներսում։

Աշխատանքը կատարվել է օրինակելի դեպքի (քեյս-սթադի) մոտեցմամբ՝ հետևելով բանավոր պատմության հարցազրույցի հերոսին (այսուհետ՝ N), որը «Սովետական Հայաստան» թերթում աշխատել է քսան տարի՝ թղթակցից դառնալով բաժնի վարիչ։ Հետազոտության ընթացքում կատարվել է նաև պաշտոնաթերթի հրապարակումների վերլուծություն, ինչպես նաև օգտագործվել է Կոմունիստական կուսակցության գաղտնազերված արխիվը։ Ընտրված մեթոդաբանությունը թույլ է տալիս անհատական փորձառությունը դիտարկել կուսակցական որոշումներին և թերթի աշխատանքին զուգահեռ՝ ավելի լավ պատկերացնելու համար այն սոցիալական միջավայրը, որում տեղի էին ունենում փոփոխություները։

Բանավոր պատմության մեթոդը ունի իր առանձնահատկությունները, ինչը կարևոր է հաշվի առնել ինչպես վերլուծության, այնպես էլ բանավոր պատմության նյութի շուրջ կառուցված տեքստը կարդալու ժամանակ։ Նախ կարևոր է մտապահել, որ պատմողն ամեն անգամ վերակառուցում է անցյալը ներկայում՝ օժտելով այն որոշակի սիմվոլիկ իմաստներով, որ համապատասխանում են այսօրվա քաղաքական ու գաղափարական օրակարգերին։4 Օրինակ, թեև հերոսը եղել էր կոմունիստական կուսակցության անդամ, կուսակցությանը տրվող նրա գնահատականները ներկայանում են այսօրվա տեսանկյունից՝ աչքի առաջ ունենալով Սովետական Միության ու կուսակցության հետագա անկումը։ Ավելին, հետխորհրդային Հայաստանում կուսակցությունը կարող էր մեկնաբանվել խիստ բացասական դիսկուրսում՝ ազգային շարժման հակադրությամբ։ Հավանաբար այդ պատճառով պատմելու ընթացքում հերոսը փորձում էր արդարացնել կամ բացատրել իր կապը կոմունիստական կուսակցության հետ։

Մեկ այլ կարևոր հարց է, թե ում է պատմվում նյութը։ Սոցիոլոգիական և մարդաբանական գրականությունում շատ քննարկված հարց է հետազոտողի «պատկանելիության»՝ ներսի կամ դրսի մարդ լինելու խնդիրը։ Թեև ես և հերոսը միշտ ապրել էինք նույն քաղաքում, բայց մենք ծնվել ենք տարբեր պետություններում ու հասարակարգերում։ Ծնված լինելով Խորհրդային միության փլուզումից երեք տարի հետո՝ ես, բնականաբար, չէի տեղավորվում «ներսի մարդու» կարգավիճակում։ Ներսի մարդու դիրքում գտնվելիս հետազոտողը հաճախ հայտնվում է նաև որոշակի սոցիալական ու մշակութային գիտելիքի պաշար ունեցողի կարգավիճակում, և շատ բաներ կարող են չշարադրվել կամ չխոսվել, քանի որ դրանք պատմողը համարում է ակնհայտորեն հասկանալի։ Հավանաբար հաշվի առնելով իմ տարիքը ու ենթադրվող անփորձություն/անգիտությունը՝ հերոսը ոչ միայն կիսվում էր իր հիշողություններով, այլ նաև հարկ համարում ինձ «դասախոսել» ու բացատրել, օրինակ, ինչ է Խորհրդային միությունը կամ կոմունիզմը։ Այս առումով անծանոթի/սովորողի կարգավիճակը կարող է ավելի շահավետ լինել5։

 

'սեղմեք հղման վրա ամբողջ տեքստը կարդալու համար