Կանայք և կամավորական աշխատանքը հետպատերազմյան Հայաստանում

Լեռնային Ղարաբաղի՝ ավելի քան 30 տարի ձգվող հակամարտությունը պարբերաբար ուղեկցվում էր ռազմական ընդհարումներով։ Առաջին արցախյան պատերազմն ավարտվեց 1994 թ.-ին, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառեց նախկին ԼՂԻՄ-ի ու հարակից 7 շրջանների տարածքները։

Վերջին ռազմական գործողությունները սկսվեցին 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին և ավարտվեցին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ կրակի դադարեցման համատեղ հայտարարությամբ, համաձայն որի՝ Ադրբեջանին էին վերադարձվում Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ եղած 7 շրջանները, ԼՂԻՄ-ից՝ Շուշի քաղաքը Քարին Տակ գյուղով և Հադրութի շրջանն ամբողջությամբ։ Արդյունքում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 121 հայաբնակ համայնքների շուրջ 35 հազար բնակիչներ զրկվել են իրենց տներից։ Նրանք ապաստանել են Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում՝ հարազատների տներում, ժամանակավոր կացարաններում։

44 օր տևած պատերազմի ամբողջ ընթացքում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների թվաքանակը գերազանցեց 100 հազարը։ Պատերազմի ավարտից հետո նրանց մի մասը վերադարձավ Արցախ, մի մասն էլ դեռևս շարունակում է մնալ ՀՀ-ում։

Տեղահանված արցախցիներին պետական աջակցությանը զուգահեռ հումանիտար օգնություն են ցուցաբերել նաև առանձին անհատներ, կազմակերպություններ, հիմնադրամներ և նախաձեռնություններ։ Սոցիալական ցանցերում ստեղծվել են աջակցության խմբեր, որոնց միջոցով իրականացվում էր դրամահավաք, հավաքվում էին սնունդ, դեղորայք, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Այս նախաձեռնություններում հատկապես ակտիվ դերակատարություն ունեն կանայք։ Ինչպես պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող ժամանակահատվածում Հայաստանում կամավորության, հումանիտար աջակցության կազմակերպման գործում բավական մեծ են կանանց դերակատարությունն ու մասնակցությունը։ Սա ոչ միայն պայմանավորված է պատերազմում տղամարդկանց ներգրավվածությամբ, այլև այս ոլորտում կանանց ունեցած փորձառությամբ։

Argam Yeranosyan photo of women

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահ

Նկարչուհի Զարուհի Մուրադյանին պատկանող «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մինչև պատերազմական գործողությունների սկսվելը ներկայացված էր Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ժառանգությունը։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում էին նաև ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակութային և կրթական միջոցառումներ։ Սակայն ամեն անգամ, երբ Արցախում ռազմական գործողություններ են սկսվում, պատկերասրահը փոխում է իր հիմնական գործառույթը։ Պատերազմի ժամանակ սրահներից հեռացվում են արվեստի գործերը, և տարածքը վերածվում է բանակի, հոսպիտալների և ապաստարանների համար անհրաժեշտ տարատեսակ պարագաների պահեստի և արտադրամասի։

«Հոկտեմբերի վերջերին փախստականների հսկայական հոսք սկսվեց, եղանակը սկսեց ցրտել, և սկսեցինք վերմակներ կարել։ Նոյեմբերի 10-ից հետո շատերը հիասթափվեցին, թևաթափ եղան, էլ չէին գալիս։ Մնացինք 10-15 հոգի։ Կորիզը հիմնականում արվեստագետներ են, նկարիչ, խեցեգործ, գորգագործ, արվեստաբան, դասախոսներ։ Մեզ միացան նաև երկու արցախցի կամավորներ՝ Հադրութի և Շուշիի շրջանից»,- պատմում է պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Պատերազմի ավարտից հետո հումանիտար աջակցության համար անհրաժեշտ գումարը հավաքվում է սոցիալական ցանցերի միջոցով։ Հավաքված գումարով ձեռք են բերվում վերմակի համար անհրաժեշտ հումք, սպիտակեղեն և ծածկոցներ։

Լուսանկարում Անի Պապյանն է, որն աշխատանքից հետո որպես կամավոր օգնում է տարբեր կազմակերպչական հարցերում։

Կամավորներից Անի Պապյանը հիմնականում զբաղվում է կազմակերպչական հարցերով։ Աշխատանքից հետո զբաղվում է սոցիալական ցանցերի միջոցով դրամահավաքի կազմակերպմամբ և նվիրատուների համար հաշվետվություններ կազմելու աշխատանքով։

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը այլ կամավոր կանանց հետ վերմակ է կարում պատկերասրահում։

 Զարուհի Մուրադյանը վերմակ է կարում։

Լուսանկարում պատկերասրահում կամավորութուն անող մյուս կինն է՝ Գայանե Սարգսյանը․ կրկին վերմակ է կարում։

 Գայանե Սարգսյանը կամավորների խմբին միացել է հոկտեմբերի սկզբին։

«Ամեն օր գալիս եմ թիմի հետ աշխատելու։ Պատերազմի ավարտից հետո մտածեցինք, որ այլևս ամեն ինչ ավարտված է, բայց հասկացանք, որ ամեն ինչ նոր է սկսվում, հազարավոր մարդիկ իմ աջակցության կարիքն ունեն»։

Լուսանկարում արցախցի կամավորներ Մարինան և Անուշն են, որ ցանկանում են իրենց աշխատանքով օգնել մարդկանց։

Արցախցի կամավորներ Մարինան և Անուշը պատկերասրահ են եկել, երբ սկսել են վերմակներ կարել։ «Ֆինանսապես ի վիճակի չեմ օգնելու, բայց, իմ ֆիզիկական աշխատանքով օգնելով, ինչ-որ մեկին կկարողանամ օգնել»,- ասում է Մարինան։

«Տերյան» մշակութային կենտրոն

«Տերյան» մշակութային կենտրոնը ավելի քան 18 տարի զբաղվում է հայկական տարազային համալիրին բնորոշ հագուստների ստեղծման, ասեղնագործության, ավանդական ձեռագործության այլ ուղղությունների վերականգնման և տարածման գործունեությամբ։ ԿՈՎԻԴ-19-ի հետևանքով կենտրոնը երկար ժամանակ փակ էր, աշխատակիցները զրկվել էին մշակութային գործունեություն իրականացնելու հնարավորությունից և փորձում էին իրենց հետագա անելիքները պլանավորել համավարակի իրավիճակում։ Սակայն արդեն պատերազմը սկսվելուց հետո մշակութային կենտրոնը որոշում կայացրեց իրենց ստեղծագործությունները համացանցի միջոցով հանել վաճառքի՝ Հայաստանում ապաստանած արցախցիներին օգնելու նպատակով։ Պատերազմի մեկնարկից մինչ օրս կենտրոնի միջոցով մոտ 80 հազար արցախցու տրամադրվել են սննդի փաթեթներ, հիգիենայի, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք և երեխաների խնամքի միջոցներ։

Բացի հումանիտար աջակցությունից՝ մշակութային կենտրոնը պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո հիմնել է տարբեր նախաձեռնություններ, որոնցից է «Պատրաստում են արցախցիները»։ Սրա շրջանակներում արցախցի կանայք պատրաստում և վաճառում էին արցախյան ուտեստներ՝ ժենգյալով հաց, կորկոտ, թթվի տեսականի և այլն։ Բարեգործական նախաձեռնություններին միացել են տարբեր կազմակերպություններ, արտադրամասեր, ռեստորաններ։ Վաճառքի հասույթի հիմնական մասն ուղղվել է ծալվող մահճակալների գնմանը։

«Իրականում ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատերազմի առաջին օրերին իմ տանը հյուրընկալեցի արցախցիների։ Այդ ժամանակ ոչ մեկը չէր պատկերացնում՝ ինչ լայնածավալ պատերազմի մեջ ենք մտնելու։ Մարդիկ ուղղակի գալիս էին նույն կերպ, ոնց որ Ապրիլյանի ժամանակ տեղի ունեցավ։ Կանայք, երեխաներ ու ծերերն էին՝ առանց առաջին անհրաժեշտության իրերի, ո՛չ հագուստ ունեին, ո՛չ գումար, բոլորս մտածում էինք, որ մի որոշ ժամանակով կմնան ու հետ կվերադառնան, բայց արդեն երրորդ օրվանից սկսվեց մարդկանց սարսափելի մի հոսք։ Ընկերների ու ծանոթների միջոցով սկսեցինք կազմակերպել արցախցի մեր հայրենակիցների տեղափոխման, կացարանի և սննդի հարցերը» - պատմում է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

Աջակցության տրամադրումն ավելի արագ և ճկուն կազմակերպելու նպատակով նվիրատուներին առաջարկվում էր դրամական օգնություն հատկացնել, քանի որ անհրաժեշտ իրեր հավաքելը, հատկապես այլ երկրներից ուղարկելը բավական ժամանակատար գործընթաց էր։

Լուսանկարում «Տերյան» մշակութային կենտրոնի կամավորներից Լուսինե Գեղամյանն է, որ իրեր է դասավորում։

«Տերյան» մշակութային կենտրոնի կամավորներից Լուսինե Գեղամյանն Արցախի Բերձոր (Լաչին) քաղաքից է։ Կենտրոնի թիմին միացել է ինչպես աջակցության կազմակերպման, այնպես էլ այս հոգեբանական ծանր վիճակները հաղթահարելու նպատակով։

«Պատերազմի սկզբին միշտ ինձ մոտ ունեի անձնագիր, ջուր, հաց ու պանիր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Պայուսակը պատրաստ պահում էի դրսում, որ անհրաժեշտության դեպքում հնարավորինս շուտ լքեմ տունը»,- պատմում է Լուսինեն։

«Նոր շին» նախաձեռնություն

Դիլիջանի «Նոր շին» նախաձեռնությունն իրականացնում են երեք կանայք, որոնք, միավորվելով, զբաղվում են ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների սննդի, կացության, կրթության շարունակականության և աշխատանքով ապահովելու հարցերով։ Ընտանիքների տեղափոխման, կացության, սննդի տրամադրման խնդիրներով զբաղվում է մասնագիտությամբ զբոսավար-վարորդ Ալմաստ Եսայանը։ Ֆոնդերի, բարեգործական կազմակերպությունների և ֆինանսական միջոցների հայթայթման խնդիրներով զբաղվում է ազգությամբ ռուս Սվետլանա Լեսկին, որը արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է Դիլիջան քաղաքում։ Երրորդ կինը՝ մասնագիտությամբ գինեկոլոգ Ելենա Գևորգովնան, զբաղվում է Տավուշի մարզում ապաստանած արցախցի ընտանիքների կարիքների գնահատման և աշխատանքով ապահովելու հարցերով։

Կամավորի ձեռքին չիչխանի մուրաբաներից է, որոնց վաճառքից ստացված հասույթով դեղորայք են գնել Տավուշի մարզում ապաստանած արցախցիների համար։

Պատերազմի առաջին օրերին աջակցության համար նախատեսված սնունդը, հագուստն ու հիգիենիկ պարագաները հավաքվում էին քաղաքի արվարձանում գտնվող ավտոտնակներից մեկում, սակայն որոշ ժամանակ հետո «Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրեն պատկանող շինության առաջին հարկն ամբողջությամբ տրամադրեց «Նոր շին» նախաձեռնությանը՝ կատարվող աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Լուսանկարում Ալմաստն է արցախցի կամավորների հետ․ նրանք սննդի փաթեթներ են սարքում։

Ալմաստը արցախցի կամավորների հետ պատրաստում է սննդի փաթեթներ, որոնք ներառում են չոր սնունդ, կաթնամթերք, մսամթերք, բանջարեղեն և քաղցրավենիք։

Արցախցի կամավորները  ալյուրի պարկ են տեղադրում ավտոմեքենայի մեջ, որ հասցնեն Տավուշի գյուղերում ապաստանած արցախցիներին։

Քոյրիկս» կենտրոն

«Քոյրիկս» կազմակերպությունը գործում է 2018 թ-ի վերջից։ Այն իր գործունեությունը սկսել է որպես ինստագրամյան նախաձեռնություն, իսկ 2020 թ-ի դեկտեմբերից արդեն գրանցված կազմակերպություն է։ Հիմնական առաքելությունը Հայաստանում և Սփյուռքում կանանց իրավունքների պաշտպանությունն է, սակայն պատերազմը սկսվելուց հետո որոշեցին անցնել հումանիտար աջակցության կազմակերպման։ «Քոյրիկս»-ը նախկինում ևս հումանիտար աջակցության կազմակերպման փորձառություն է ունեցել։ 2020 թ-ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո դրամահավաք են նախաձեռնել կանանց համար անհրաժեշտ հիգիենայի պարագաներ գնելու և Լիբանան ուղարկելու նպատակով։

«Քանի որ նման փորձառություն արդեն ունեինք, մենք հիվանդանոցներից վերցնում էինք անհրաժեշտ դեղորայքի ցանկը, գնում և ուղարկում էինք սկզբնական շրջանում Ստեփանակերտի, հետո Գորիսի հիվանդանոցներ։ Գումարը հավաքում էինք Ինստագրամի՝ 5-20 դոլար նվիրատվությունների միջոցով։ Հետո, երբ զգացինք, որ փախստականների քանակը կտրուկ աճում է, հոկտեմբերի 26-ին սկսեցինք բանջարեղեն տրամադրել ժամանակավոր կացարաններին և ապաստարաններին, որովհետև, ոնց հասկանում էինք, նրանց հիմնականում չոր սնունդ էին տալիս։ Այս ընթացքում մոտ 192 տոննա բանջարեղեն ենք տրամադրել»,- պատմում է «Քոյրիկս» կազմակերպության աշխատակից Մարիամը։

Սննդի տրամադրման ընթացքում նրանք տեսան, որ հղի կանայք շատ վատ վիճակում են գտնվում, և միայն ուտելիքով ապահովելը բավարար չէ։ Սկսեցին «Project Mayreeg» նախաձեռնությունը, որով մոտ 200 հղի կանաց համար խնամքի անհրաժեշտ պարագաներ տրամադրեցին։ Դրանից զատ՝ նրանց օգնում են բժշկի դիմելու և դեղորայք ձեռք բերելու հարցերում։

Լուսանկարում Մարիամն է՝ «Քոյրիկս» մարդասիրական կենտրոնում․նա զբաղվում է օգնության հարցերով։

 Մարիամը ԱՄՆ-ի համալսարաններից մեկում ասպիրանտ է։ Կովիդ-19 համաճարակի սկսվելուց հետո վերադարձավ Հայաստան։ Այժմ նա զբաղվում է «Քոյրիկս»-ի՝ մարդասիրական օգնության հարցերով։

Լուսանկարում լիբանանահայ Մարգարիտան է՝ սոցիալական աշխատող։

Մարիամը ԱՄՆ-ի համալսարաններից մեկում ասպիրանտ է։ Կովիդ-19 համաճարակի սկսվելուց հետո վերադարձավ Հայաստան։ Այժմ նա զբաղվում է «Քոյրիկս»-ի՝ մարդասիրական օգնության հարցերով։

Լուսանկարում «Քոյրիկսի» կամավորներն են՝ «Mayreeg box» պատրաստելիս։

 «Քոյրիկսի» կամավորները «Mayreeg box» են պատրաստում։ Կազմակերպության կամավորները հիմնականում 19-27 տարեկան աղջիկներ են։

Կանանց ռեսուրս կենտրոն

Կանանց ռեսուրս կենտրոնը 2003 թ-ից զբաղվում է կանանց հիմնահարցերով, այն անվտանգ տարածք է ակտիվիստական գործունեությամբ զբաղվող և բռնության ենթարկված կանանց համար։ Այստեղ նրանք օգտվում են աջակցության ծառայությունից, բացահայտում իրենց պոտենցիալը։ ԿՌԿ-ն զբաղվում է երեք հիմնական ուղղություններով՝ սեռական և վերարտադրողական առողջության ծրագրեր, բռնության ու խտրականության դեմ պայքար և կանանց համար ֆեմինիստական տարածքի ապահովում։

Պատերազմի սկսվելուն պես Կանանց ռեսուրս կենտրոնն ընդհատեց բոլոր ընթացիկ ծրագրերը և ամբողջ ռեսուրսն ուղղեց հումանիտար աջակցությանը։ Նրանք Արցախի ապաստարանների և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված կանանց համար պատրաստել են փաթեթներ, որոնք ներառում են կանանց համար արժանապատվության պարագաներ՝ միջադիրներ, հիգիենայի միջոցներ, երեխաների համար տակդիրներ և նմանատիպ այլ իրեր։

Հումանիտար աջակցության ֆինանսական աղբյուրները շատ տարբեր են դրանք հիմնականում գոյանում են նվիրատվություններից, կազմակերպության ծրագրային միջոցների խնայողություններից և այլն։

«Սկսվեց մի գործընթաց, երբ մարդիկ սկսեցին մեզ ճանաչել և մեր մոտ հագուստ էին բերում, անկողնային պարագաներ, ու մեր գրասենյակը պահեստի էր վերածվել։ Անհատների միջոցով Սփյուռքից շատ մեծ աջակցություն ստացանք՝ չոր կաթ և առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այդ ընթացքում մոտ 400 ընտանիքի աջակցություն ենք տրամադրել։ Մենք գնում ենք իրենց մոտ ոչ միայն արժանապատվության փաթեթը տալու և հետ գալու, այլ իրենց հետ զրուցում ենք, փորձում ենք հասկանալ՝ ինչ խնդիրներ ունեն»,- պատմում է ԿՌԿ աշխատակից Աննա Հովհաննիսյանը։

Պատերազմն ավարտվեց, բայց ԿՌԿ-ն շարունակում է աջակցել Արմավիրի, Աբովյանի, Քանաքեռի և Մասիվի 5 կացարաններում ապրող շուրջ 150 ընտանիքների՝ ըստ նրանց կարիքների։ Այս կացարանների կանանց առաջարկվում է նաև հոգեբանական խորհրդատվություն։

Մեկ այլ ծրագրով աջակցության փաթեթներ են տրամադրվելու 30 հղի կանանց։ Փաթեթը ներառում է բոլոր այն առաջնային պարագաները, որոնք անհրաժեշտ են կանանց հղիության և հետհղիության շրջանում։

Լուսանկարում Աննան է, որ համակարգում է արցախցիներին տրամադրվող հումանիտար աջակցությունը։

Աննան շահերի պաշտպանության մասնագետ է, պատերազմից հետո համակարգում է արցախցիներին տրամադրվող հումանիտար աջակցությունը։

Լուսանկարում Կանանց ռեսուրս կենտրոնի հոգեբանական աջակցության սրահն է՝ պատերազմից տուժած կանանց համար

Հոգեբանական աջակցության սրահը՝ նախատեսված պատերազմից տուժած կանանց համար։

«Մենք շատ ենք կարևորում հոգեբանական աջակցությունը ու փորձում ենք մեխանիզմներ ստեղծենք, որ դա հաղթահարենք։ Մեր շահառու կանանց մեծ մասը հոգեբանական աջակցության կարիք ունի, սակայն 150 ընտանիքից մոտ 20-30 կին է համաձայնել հոգեբանական աջակցություն ստանալ»

 

Արցախցի կամավորներ Սարինե Հայրիյան

«Հոկտեմբերի 2-ին երեխայիս բերեցի Երևան ու գնացի Ստեփանակերտ՝ հացի փռում աշխատելու, զուգահեռ տարբեր աշխատանքներ էի անում։ Հերթական անգամ Երևան գալուց հետո ռմբակոծություններն ավելի ինտենսիվ դարձան, այլևս չկարողացա վերադառնալ Ստեփանակերտ։ Աշխատանքը անում էի արդեն Երևանից։ Ապաստարանների համար գազի բալոններ էինք գնում, չոր սպիրտ, չոր սնունդ, պահածոներ, այլուր փռերի համար, երեխաների համար նկարչական պարագաներ։ Գրեթե ամեն շաբաթ մեքենա էինք ուղարկում»,- պատմում է արցախցի կամավոր Սարինե Հայրիյանը։

Պատերազմից հետո էլ Սարինեն շարունակում է կամավորություն անել տարբեր կազմակերպություններում, որոնք հումանիտար աջակցություն են ցուցաբերում արցախցիներին։

Հայաստանում արցախցի կամավորների հումանիտար աջակցության գործընթացին ներգրավվածությունը բավականին հեշտացրել է Արցախի տարբեր բնակավայրերից Հայաստանում ապաստանած քաղաքացիների համար կացարանի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների հայթայթումը։ Արցախցի կամավորները օգնում են նրանց՝ հարմարվելու նոր միջավայրում։ Շատերի պարագայում դժվարությունների պատճառներից են եղել գրական հայերենին չտիրապետելը, քաղաքում տեղաշարժվելը, տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և աջակցման կենտրոնների տեղակայման վայրեր հասնելը։ Սարինեն պատմում է, որ համացանցում ստեղծվել էին տարբեր խմբեր, չաթեր, որոնք օգնում էին արցախցիներին աջակցելու գործում։

Այժմ Սարինեն ընդգրկված է COAF-ի կողմից իրականացվող «Emergency aid to displaced families from Nagorno Karabakh» նախագծում՝ որպես կամավոր։ Այստեղ նրանք Լոռու, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի արցախցի 240 ընտանիքների համար հումանիտար փաթեթներ են պատրաստում, որոնք ներառում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, զարգացնող խաղեր, հագուստ, կոշիկ և այլն: Նախագծի շրջանակներում մասնագիտական օգնություն է տրամադրվում արցախցի ընտանիքներին, մասնավորապես սոցիալական աշխատանքի, լոգոպեդի, հոգեբանի և առողջապահական ծառայություններ:

Լուսանկարում արցախցի կամավոր Սարինեն է․ նա  հումանիտար փաթեթներ է պատրաստում արցախցի ընտանիքների համար։

Սարինեն COAF-ի կողմից իրականացվող «Emergency aid to displaced families from Nagorno Karabakh» նախագծում արցախցի ընտանիքի համար հումանիտար փաթեթներ է պատրաստում։

 

Լուսանկարում կամավոր Սարինեն է՝ իր նախաձեռնած սոցիալական բիզնեսի շրջանակում կարված կտորի պայուսակով։

2019 թ․-ին Սարինեն Արցախի կոլորիտն ու բարբառը ներկայացնող կտորե պայուսակների արտադրության սոցիալական բիզնես է սկսել։ Պատերազմից հետո մեծաքանակ վաճառքի հասույթի մի մասը նա ուղղեց հայրենակիցներին հումանիտար աջակցություն տրամադրելուն։

Պատերազմը ավարտվել է չորս ամիս առաջ, բայց կանայք շարունակում են սրտացավորեն ներգրավված մնալ նման նախաձեռնություններում, նրանք արել են և անում են անհնարինը պատերազմից տուժած մարդկանց օգնելու համար։ Ցավալի է, որ ճգնաժամային պատերազմական իրավիճակները հայրիշխանական հասարակությունները դարձնում են առավել հայրիշխանական, և դրա բեռը հետագա տարիների ընթացքում մեծապես կրում են կանայք՝ իրենց մարմնի վրա և իրենց մարմնում։

 

Ֆոտոպատմության բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն չի կարող որևէ կերպ արտացոլել Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետները: