Պատմաբան և նախկին քաղաքական գործիչ Միքայել Զոլյանը խոսում է այն մասին, թե ինչ է փոխվել Հայաստանում 2018 թվականից հետո։ Մի կողմից՝ բարեփոխումների օրակարգը հետ է մնում հասարակության սպասելիքներից, ինչն ընդունում է անգամ հեղափոխական կառավարությունը։ Միևնույն ժամանակ, Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով․ հիբրիդային ավտորիտարիզմից դեպի գործող լիբերալ ժողովրդավարություն, և քվազիֆեոդալական սոցիալ-տնտեսական համակարգից դեպի ազատ շուկայի վրա հիմնված սոցիալ-տնտեսական համակարգ: Արտաքին վտանգը և Արցախի ողբերգությունն իրենց հետքը թողեցին՝ դարձնելով փոխակերպումն առավել բարդ ու ցավոտ, բայց այդ փոխակերպումը, այնուամենայնիվ, կայացավ։ Միևնույն ժամանակ, ազատ շուկայական կապիտալիզմը, որն այլևս ազատվել է քվազիֆեոդալական համակարգի կապանքներից, իր հետ բերում է ոչ միայն հնարավորություններ, այլև մարտահրավերներ։ Եվ ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ էլ քաղաքացիական հասարակությունը լիովին պատրաստ չեն դիմակայելու այդ մարտահրավերներին:
Հասկանալ հետհեղափոխական Հայաստանը. բարեփոխումներ թե՞ փոփոխություն
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից անցել է վեց տարի։ Եվ մինչև այժմ հեղափոխության արդյունքները դժվար է միանշանակ գնահատել, եթե անգամ մի կողմ թողնենք արտաքին մարտահրավերները, և կենտրոնանանք ներքին իրավիճակի վրա։ Մի կողմից, շատ ոլորտներում բարեփոխումների գործընթացը հետ է մնում հասարակության սպասելիքներից։ Մյուս կողմից, վեց տարիների ընթացքում Հայաստանն անցել է հսկայական փոփոխությունների միջով. մերօրյա Հայաստանը շատ է տարբերվում այն երկրից, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել 2018-ին։ Հիմնվելով օրվա իրողությունների վրա կարելի է կառուցել երկու բոլորովին հակադիր նարատիվներ այն մասին, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում։
Այս պատմություններից մեկը հոռետեսական է։ Շատ հայաստանցիներ հիասթափված են հեղափոխությունից և այն քաղաքական ուժերից, որոնք դրա արդյունքում եկել են իշխանության։ 2020-ի պատերազմում կրած պարտությունը, 2021-2022-ի սահմանային բախումները և 2023-ի Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները հսկայական տրավմա են պատճառել հայ հասարակությանը։ Հասարակությունը բևեռացված է, իսկ քաղաքական քննարկումները ծայրահեղ տոքսիկ են: Քաղաքացիներից շատերը կորցրել են վստահությունը բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ և գնտվում են քաղաքական ապատիայի վիճակում. հայաստանցիների մոտ երկու երրորդը չի վստահում ոչ մի քաղաքական գործչի, իսկ մոտ մեկ երրորդը չի պատրաստվում քվեարկել: Ավելին, ոմանք դարձել են ծայրահեղ ազգայնականների կամ սոցիալ-պոպուլիստների կողմնակից[i]: Մարդիկ, ովքեր կառավարում էին Հայաստանը մինչև հեղափոխությունը, չեն պատժվել կոռուպցիայի և այն հանցագործությունների համար, որոնք նրանք գործել են իրենց իշխանության օրոք։ Ավելին, նախահեղափոխական վերնախավը ներկայացնող քաղաքական ուժերը կարողացել են նորից հայտնվել քաղաքական դաշտում՝ վերահսկելով լրատվական դաշտի զգալի մասը և ստանալով Հայաստանի խորհրդարանի մանդատների մեկ երրորդը։ Հասարակության որոշ շրջանակների համար խիստ անընդունելի է հեղափոխության կամ գործող իշխանության հասցեին որևէ դրական խոսք ասելը։
Այնուամենայնիվ, հայաստանյան իրողությունները կարելի է նաև ավելի լավատեսական ձևով նկարագրել։ Հայաստանը գործող ժողովրդարության երկիր է, որտեղ մեծ մասամբ հարգվում են քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական իրավունքները։ Ընտրությունները մրցակցային են, և դրանց արդյունքները ճանաչում են բոլորը, այդ թվում՝ պարտվողները։ Հայաստանի մամուլի ազատության և ինտերնետի ազատության վարկանիշները բավականին բարձր են։ Թեև Հայաստանի ժողովրդավարությունը հեռու է կատարյալ լինելուց, Հայաստանն ավելի ժողովրդավարական է, քան տարածաշրջանի երկրների մեծ մասը[ii]։ Էլ ավելի ակնհայտ է առաջընթացը տնտեսության ոլորտում։ 2018-ից հետո Հայաստանի տնտեսությունն աճում է գրեթե անընդմեջ (բացառությամբ 2020-ի, երբ այն կրճատվեց համաճարակի և պատերազմի պատճառով): Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2017-ից ի վեր աճել է ավելի քան երկու անգամ՝ 2017-ին 4042 ԱՄՆ դոլարից հասնելով 8715 ԱՄՆ դոլարի։ Հայկական դրամը 2018-ից ի վեր կայուն աճ է գրանցել՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեւորվելով շուրջ 25 տոկոսով։ Ճիշտ է, պահպանվում է արտագաղթի խնդիրը, բայց միաժամանակ Հայաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ ընդունեց միգրանտների հոսքեր՝ հիմնականում Ռուսաստանից և Հնդկաստանից: Քաղաքական մի շարք ճգնաժամերից հետո ներքաղաքական իրավիճակը քիչ թե շատ կայունացել է։ Ըստ հարցումների՝ իշխող կուսակցությունը զգալիորեն առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից, թեև նրա բացարձակ վարկանիշը մնում է բավականին ցածր[iii]։
Տարօրինակն այն է, որ այս երկու հակադիր գնահատականներն էլ հիմնված են դժվար հերքելի փաստերի վրա: Այս պարադոքսը բացատրելու համար, թերևս, պետք է տարբերակել երկու հասկացություններ։ Մեկը՝ «ժողովրդավարական բարեփոխումներ» հասկացությունն է, այսինքն՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից ներկայացված կոնկրետ իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգը, որն իրականանցվում է «վերևից ներքև» տարբերակով։ Մյուսը՝ ավելի լայն, «ժողովրդավարական փոփոխություն» հասկացությունն է, որն ընդգրկում է ամբողջ հասարակությունը, և տեղի է ունենում ինչպես «վերևից», այնպես էլ «ներքևից»: Երբ գնահատվում է բարեփոխումների ընթացքը, լուրջ թերացումներն ակնհայտ են։ Այնուամենայնիվ, երբ գնահատումը կատարվում է ավելի լայն հանրային փոփոխության տեսակետից, ակնհայտ է, որ հայ հասարակությունը փոփոխությունների երկար ճանապարհ է անցել հեղափոխությունից հետո: Դրանցից են անցումը ավտորիտարից դեպի ժողովրդավարական պրակտիկա (մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է ընտրություններին), ինչպես նաև անցումը քվազիֆեոդալական սոցիալ-տնտեսական համակարգից դեպի ավելի արդիական և ազատական համակարգ:
Այս փոփոխության բնույթը հասկանալու համար պետք է նախ ճիշտ հասկանալ հայաստանյան նախահեղափոխական վարչակարգի բնույթը։ Նրա համար որոշիչ է եղել ոչ թե օրենսդրությունը և ֆորմալ ինստիտուտները, այլ սոցիալական համակարգի հիմքում ընկած դե ֆակտո գործելակերպը և աշխարհայացքը։ Հենց դրանցով էր պայմանավորված նրա բնույթը՝ ավտորիտար ռեժիմ, որը կառավարում էր դեմոկրատական ֆասադի ետևում թաքնվող օլիգարխիան: Հեղափոխությունը հեռացրեց օլիգարխիայի իշխանությունը, և դեմոկրատական ինստիտուցիոնալ ֆասադը, որն օլիգարխիկ վերնախավի կողմից օգտագործվում էր իր իշխանությունը քողարկելու և լեգիտիմացնելու համար, դարձավ գործող ժողովրդավարական համակարգ՝ ճանապարհ բացելով Հայաստանի զարգացման համար։ Փակ օլիգարխիկ տնտեսությամբ ավտորիտար ռեժիմից Հայաստանը դարձավ գործող ընտրական համակարգով և մրցունակ շուկայական տնտեսությամբ երկիր։ Իհարկե, 2020-ի պատերազմը և 2023-ին Արցախում տեղի ունեցած ողբերգությունը խորը հետք թողեցին Հայաստանի իրողությունների վրա, այս փոխակերպումներն ավելի բարդ ու ցավոտ դարձնելով, բայց, այնուամենայնիվ այդ փոխակերպումների ընթացքը չդադարեց։
Սակայն, կարևոր է նաև տեսնել, որ նոր իրավիճակը նոր խնդիրներ է բերում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրը, աշխատանքային իրավունքները, բնակարանաշինությունը, պատմական ժառանգության և քաղաքային տարածքների պաշտպանությունը, միգրացիան, հանրային առողջությունը (ներառյալ թմրամիջոցների օգտագործման խնդիրները) և այլն։ Այս պահին կարծես թե ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը լիարժեք պատրաստ չեն դիմագրավել այս նոր մարտահրավերներին։ Բացի այդ, ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղ ընթացքը նշանակում է, որ որոշակի հանգամանքներում Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունները կարող են հետ մղվել։
Փաշինյանի մորուքը և Հայաստանում բարեփոխումների ճակատագիրը
Հավանաբար, Հայաստանի ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասկանում է, որ բարեփոխումների հետ կապված բազմաթիվ քաղաքացիների սպասելիքներ չարդարացան։ Դրա վկայություն են կառավարության կազմի այն փոփոխությունները, որ տեղի ունեցան 2024-ի նոյեմբերին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանը սափրեց մորուքը և դրա մասին կարճ տեսանյութ հրապարակեց, որն իսկական փոթորիկ առաջացրեց սոցցանցերում․ հատկապես Փաշինյանի քննադատները փորձում էին են թաքնված իմաստ գտնել մորուքի անհետացման հետևում[iv]։ Հաջորդ օրը Փաշինյանը քննադատեց սեփական թիմին՝ մասնավորաբար արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ժողովրդի ակնկալիքները չիրականացնելու համար։ Փաշինյանը պնդեց, որ իր «համբերության բաժակը» սպառվել է, քանի որ «մենք մեծ ներդրումներ ենք արել այս բարեփոխումների վրա, բայց դեռ դժգոհության ու արդյունքի բացակայության հետ ենք»։ Հրաժարական տվեցին 6 կարևոր պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու նախարար և ուժային կառույցների մեծ մասի ղեկավարները։
Այն պնդումը, թե կառավարությունը դանդաղում է բարեփոխումների հարցում, կամ նույնիսկ ամբողջությամբ ձախողել է դրանք որոշակի ոլորտներում, Փաշինյանի կառավարության հասցեին առավել հաճախ հնչող քննադատություններից մեկն է։ Ինչպես հաճախ է պատահում, իրականությունն ավելի բարդ է։ Մի կողմից, այս քննադատությունը, մեղմ ասած, անհիմն չէ։ Այսպես, ոստիկանության ոլորտում բարեփոխումները հետ են մնում հայաստանցիների ակնկալիքներից, իրավապահ մարմինների այն լիարժեք փոխակերպումը, որի հույսն ունեին հայաստանցիները, տեղի չի ունեցել։ Ոստիկանական բռնության դեպքերը բազմաթիվ են, ոստիկանության աշխատանքի մեթոդները հաճախ մնում են կոպիտ և անարդյունավետ: Բերենք ընդամենը մեկ օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի օգտագործման դեմ պայքարի պատրվակով ոստիկանությունը պարբերաբար գրոհում է երաժշտական ակումբները՝ ահաբեկելով դրանց հաճախորդներին։ Առանձին դեպքեր հասարակական վրդովմունքի առիթ են հանդիսացել, հատկապես վարչապետի ավտոշարասյան մաս կազմող մեքենայի կողմից վրաերթի արդյունքում մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի դեպքը։ Դատարաններն, ինչպես և նախկինում, չեն վայելում հանրային վստահություն՝ լինելով երկրորդ ամենաքիչ վստահելի ինստիտուտը երկրում (խորհրդարանից հետո): Մյուս կողմից, որոշ կարևոր բարեփոխումներ իրականացվել են, որոշ ոլորտներում էլ բարեփոխումների գործընթացն առնվազն սկսվել է։ Ահա մի քանի օրինակներ։ Հայաստանում իրականացվում է Հակակոռուպցիոն քաղաքականություն, որը ներառում է հակակոռուպցիոն մարմինների ստեղծում։ Թեև ոստիկանության բարեփոխումներն ընդհանուր առմամբ անհանգստության առիթ են տալիս, սակայն, օրինակ, հաջողությամբ իրականացվել է պարեկային ծառայության ստեղծումը: Մեկ այլ օրինակ է անվտանգության ոլորտը, որտեղ մինչ այժմ գերիշխող է եղել խորհրդային ժամանակների ՊԱԿ-ի հետ ծագումնաբանորեն կապված ԱԱԾ-ն։ Այստեղ տեղի են ունենում բարեփոխումներ, որոնք կնվազեցնեն ԱԱԾ-ի ազդեցությունը, նրա լիազորությունների մի մասը փոխանցվում է նորաստեղծ մարմիններին, մասնավորապես՝ Արտաքին Հետախուզական ծառայությանը նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ։
Սակայն, ամեն դեպքում, բարեփոխումների տեմպերը չեն համապատասխանում հասարակության մի ստվար հատվածի սպասումներին, որոնք չափազանց բարձր էին 2018-ի հեղափոխությունից հետո։ Դա կարելի է բացատրել թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ գործոններով։ Մի կողմից՝ 2018-ի հեղափոխությունից հետո անցած 6 տարիների ընթացքում Հայաստանը ստիպված է դիմագրավել գոյաբանական սպառնալիքներին, ներքին անկայունությանը և աշխարհաքաղաքական ցնցումներին։ Այս անկայուն և թշնամական միջավայրը հազիվ թե բարենպաստ մթնոլորտ ստեղծեր բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման համար: Սակայն, միևնույն ժամանակ դժվար է ժխտել, որ շատ ոլորտներում կառավարությունը չուներ բարեփոխումների համապարփակ տեսլական։ Երբ հեղափոխության արդյունքում Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը եկավ իշխանության, այն տարբեր հայացքներ ունեցող մարդկանց լայն դաշինք էր, ում միավորում էր ավտորիտար համակարգի դեմ պայքարը և ժողովրդավարության արժեքներին հավատարմությունը։ Ժամանակի ընթացքում ՔՊ-ն ձեռք բերեց ավելի հստակ քաղաքական տեսլական, որը թույլ է տալիս նրան որակել որպես կենտրոնամետ ազատական քաղաքական ուժ, թեև կոնկրետ հարցերում այն կարող է որդեգրել նեոլիբերալ կամ սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն։ Այս փոխակերպումը նշանակում է, որ կառավարությունը, հավանաբար, ավելի հետևողական և կանխատեսելի կլինի բարեփոխումների իրականացման հարցում։ Սակայն շատ հարցերում պահը բաց է թողնվել, և այսօր Փաշինյանի կուսակցությունն այլևս չունի այն քաղաքական կապիտալը, որն ուներ հեղափոխությունից անմիջապես հետո։ Բացի այդ, Փաշինյանն իր թիմում ընդգրկել է նախկին պաշտոնյաների, ովքեր պաշտոններ են զբաղեցրել նախահեղափոխական շրջանում։ Սա, հավանաբար, անխուսափելի քայլ էր, այլապես պետական ապարատը կարող էր ամբողջությամբ քայքայվել։ Բայց այդ քայլն իր գինն ունի. ոչ բոլոր պետական պաշտոնյաներն են, որ ունեն հստակ ցանկություն և կարողություն՝ իրականացնելու բարեփոխումների օրակարգը:
Հիբրիդային ռեժիմից էլեկտորալ ժողովրդավարություն
Չնայած այս ամենին, 2018-ից հետո Հայաստանում հսկայական փոփոխություն է տեղի ունեցել: Այդ փոփոխությունը հասկանալու համար պետք է հասկանալ տարբերությունը նախահեղափոխական Հայաստանի դե յուրե և դե ֆակտո իրականությունների միջև: Ժամանակակից ավտորիտար ռեժիմները սովորաբար փորձում են իրենց իրական էությունը քողարկել դեմոկրատական ֆասադի օգնությամբ: Այս երևույթը նկարագրելու համար առաջարկվել են տարբեր հասկացություններ, ինչպիսիք են «հիբրիդային ռեժիմ», «մրցակցային ավտորիտարիզմ»[v], կամ, կոնկրետ Հայաստանի պարագայում, «Պոտյոմկինյան ժողովրդավարություն»[vi]: 2018-ի հեղափոխությունը վերափոխեց երկիրը ոչ թե այն պատճառով, որ փոխեց նորմատիվ-օրենսդրական դաշտը (թեև այստեղ էլ փոփոխություններ եղան), այլ որովհետև փոխեց հիմնարար դե ֆակտո իրականությունը՝ իր հետ բերելով իրական ժողովրդավարական պրակտիկա։
Այն ոլորտներից մեկը, որտեղ փոփոխություններն առավել ակնհայտ են, ընտրություններն են։ Մինչև 2018 թվականը Հայաստանում, որպես կանոն, հաղթում էին այն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, որոնք ներկայացնում էին գործող կառավարությունը[vii]։ Այն մեթոդները, որոնց օգնությամբ ապահովվում էր գործող կառավարության հաղթանակը, զգալի էվոլյուցիա ապրեցին՝ 1990-ականների բիրտ և բռնի գործողություններից մինչև 2010-ականների ավելի բարդ և լավ քողարկված մեթոդներ: Ընդդիմությանը թույլ էր տրվում գործել, մասնակցել ընտրություններին և ստանալ ձայների որոշակի բաժին, բայց միայն այն իրավիճակում, երբ ընդդիմությունը չուներ իշխանությունը գրավելու իրական հնարավորություն։ Վերջին պարագայում, ընդդիմությունը ենթարկվում էր բռնաճնշումների (օրինակ՝ 1996, 2004, 2008.): Ընդդիմադիր քաղաքական գործիչները, որպես կանոն, հրաժարվում էին ընդունել ընտրությունների արդյունքները և կառավարությանը մեղադրում էին կեղծիքների մեջ։ Արդյունքում, ընտրություններին հաճախ հաջորդում էին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք, վտանգավոր դառնալու պարագայում, ճնշվում էին իշխանության կողմից[viii]։ Նույնը, բայց ավելի փոքր մասշտաբով, տեղի էր ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում. ընդդիմության թեկնածուների համար ծայրաստիճան դժվար, գրեթե անհնարին էր հաղթել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հատկապես մեծ քաղաքներում:
2018-ից հետո շատ բան փոխվեց: Իհարկե, անհրաժեշտ է անել մի վերապահում․ 2018-ից հետո Հայաստանում դեռ ընտրությունների միջոցով կառավարող ուժը չի փոխվել: Սակայն, էականորեն փոխվել է ընտրական գործընթացի բնույթը։ Երբ 2018-ի դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների մոտ 70%-ը, ընտրությունների արդյունքները գրեթե միաձայն ընդունվեցին քաղաքացիական հասարակության, միջազգային դիտորդների և նույնիսկ պարտված քաղաքական ուժերի կողմից։ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների մասնաբաժինը իջել է մինչև 54 տոկոս։ Թեև ընտրությունները տեղի ունեցան ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, այս անգամ էլ ընտրությունների արդյունքներն ընդունվեցին քաղաքացիական հասարակության, միջազգային դիտորդների, և, որոշ վերապահումներով, պարտվող կողմերի կողմից։ Թեև իշխող կուսակցության հասցեին (վարչական ռեսուրսի օգտագործում) և ընդդիմության հասցեին (ընտրակաշառք) մեղադրանքներ էին հնչում, այդ մեղադրանքների մասշտաբները անհամեմատելի էին նախկինում ընտրությունների ժամանակ տեղի ունեցածի հետ։ Ավելին, արմատական ընդդիմությունը, որը կես տարուց ավել ինչ դուրս էր եկել փողոց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, ընտրություններից հետո դադարեցրեց բողոքի ցույցերը և վերցրեց իր մանդատները խորհրդարանում։ Այսպիսով, ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնք ծառայեցին որպես զանգվածային բողոքի ցույցերի և քաղաքական ճգնաժամերի խթան (1996, 2003-2004, 2008, 2013), 2021-ի ընտրություններն արեցին ճիշտ հակառակը, դրանք օգնեցին լուծել քաղաքական ճգնաժամը՝ քաղաքական պայքարը փողոցից տեղափոխելով ԱԺ։ Ավելին, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի ընտրությունների, երբ իշխող քաղաքական ուժի հաղթանակն ակնհայտ էր դեռևս ընտրություններից առաջ, 2021-ին ոչ ոք չգիտեր, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, ինչը ևս բնորոշ է ժողովրդավարական համակարգին, ի տարբերություն ոչ ժողովրդավարականի։
Նման փոփոխություն տեղի ունեցավ նաև ՏԻՄ ընտրությունների հետ կապված։ Մինչև 2018-ը գործող քաղաքական ուժի կամ նրա դաշնակիցների հաղթանակը գրեթե երաշխավորված էր։ Այս իրավիճակը փոխվեց 2018-ից հետո: Ճիշտ է, Քաղաքացիական պայմանագրի թեկնածուները հաճախ են հաղթում ՏԻՄ ընտրություններում, այն դեպքերը, երբ հաղթում են անկախ կամ ընդդիմադիր թեկնածուները, ևս բավականին հաճախ են: Իհարկե, այստեղ ևս ամեն ինչ հեռու է կատարյալ լինելուց։ Որոշ դեպքերում ՏԻՄ ընտրություններն անցել են բախումներով, կեղծիքների մեղադրանքներով, միմյանց դեմ թեկնածուների դատական գործերով և այլ խնդիրներով: Այնուամենայնիվ, անհերքելի է, որ կուսակցությունների միջև իրական մրցակցություն է ծավալվում՝ անկանխատեսելի ելքով։ Դրա վառ օրինակը 2023-ի Երևանի ավագանու ընտրություններն էին։ ՔՊ-ին չհաջողվեց մեծամասնություն ապահովել Երևանի ավագանիում, թեև այն ստացել էր ավելի շատ ձայն, քան մնացած ուժերը (33%)։ ՔՊ-ն, ի վերջո կարողացավ կոալիցիա կազմել արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության հետ և քաղաքապետ նշանակել իր թեկնածուին, սակայն դա պայմանավորված էր միայն նրանով, որ երեք ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան համաձայնության գալ։ Այս դեպքում էլ եղան վարչական ռեսուրսի օգտագործման մեղադրանքներ, բայց, ընդհանուր առմամբ, ընտրությունները ցույց տվեցին, որ այսօր Հայաստանում քաղաքականությունը մնում է մրցակցային, և ցանկացած ընտրության արդյունք անկանխատեսելի է, ինչպես և պետք է լինի ժողովրդավարության պարագայում։
Բուրժուական հեղափոխություն. հայկական նեոֆեոդալիզմի հաղթահարումը
նախահեղափոխական իրականության մեկ այլ հատկանիշ էր քվազիֆեոդալական սոցիալ-տնտեսական համակարգը։ Եթե օգտագործենք մարքսիստական տերմիններ, ապա հեղափոխությունից առաջ հայ հասարակությունն ուներ ուշ ֆեոդալիզմին բնորոշ բազմաթիվ ատրիբուտներ։ Որոշ գիտնականներ խոսել են 2000-ականներին հայ հասարակության մեջ «նեոֆեոդալական» համակարգի, ավելի կոնկրետ «դեմոկրատական ֆեոդալիզմի կամ ֆեոդալական ժողովրդավարության» մասին[ix]: Այս քվազիֆեոդալական համակարգը գոյություն ուներ քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև իր արտահայտությունն ուներ մշակութային հարթությունում։ Իհարկե, ձևականորեն՝ իրավական կարգավորման դաշտի առումով, Հայաստանն ազատ շուկայական տնտեսություն էր, և հավասար իրավունքներ և պարտավորություններ ունեցող անհատներից բաղկացած հասարակություն։ Այնուամենայնիվ, այս դե յուրե նորմերի շրջանակի հետևում թաքնված էր մի քվազիֆեոդալական համակարգ, որի տիրապետող խավը այսպես կոչված «օլիգարխների» քվազիֆեոդալական կաստան էր:
Երկրի տնտեսության մեջ տիրապետող դիրք ունեին «օլիգարխները»՝ գործարարներ, ովքեր կամ պետական պաշտոնյաներ էին, կամ սերտ կապեր ունեին պետական պաշտոնյաների հետ։ Որոշ «օլիգարխներին» դե ֆակտո տրվել էին կոնկրետ տնտեսական մենաշնորհներ։ Իհարկե, դա արվում էր ոչ թե ըստ «թագավորական հրովարտակի», ինչպես դա արվում էր ուշ միջնադարյան Եվրոպայում, այլ գործնական քայլերի միջոցով: Արդյունքում, յուրաքանչյուր ոք, ով փորձում էր ձեռնարկատիրական գործունեություն ծավալել ինչ-որ օլիգարխի վերապահված դաշտում, բախվում էր կա՛մ պետական մարմինների ստեղծած խոչընդոտներին, կա՛մ օլիգարխների զինված խմբերի ուղղակի բռնությանը։ Քվազիֆեոդալական համակարգն ուներ նաև տարածքային հարթություն. որոշ «օլիգարխներ» հատուկ ազդեցություն ունեին որոշ տարածքներում, որոնք կարելի է բնութագրել որպես քվազիֆեոդալական տիրույթներ[x]։ Այս գերիշխանությունը դարձյալ որևէ նորմատիվ իրավական հիմք չուներ, այլ իրականացվում էր «ֆեոդալի»՝ իշխանության հետ կապերի միջոցով, կամ էլ պարտադրվում էր բռնությամբ «ֆեոդալի» և իր «զինակիցների» կողմից։ Վերջիններս հաճախ ունեին «թիկնապահի» պաշտոնական կարգավիճակ, և աչքի էին ընկնում մարզական կազմվածքով և թանկարժեք մեքենաներով, սովորաբար ջիպերով[xi]: Քվազի-ֆեոդալների գերիշխանությունն անտեսելը, հատկապես իրենց քվազի-ֆեոդալական իշխանությունների ներսում, կարող էր վտանգավոր լինել։
Այսպիսով, քվազիֆեոդալական իրականության մեջ ձևավորվեց որոշակի էլիտար կաստա՝ կազմված պետական պաշտոնյաներից, օլիգարխներից և նրանց հովանավորության տակ գտնվող այլ մարդկանցից (հարազատներ, ընկերներ, «թիկնապահներ» և այլն)։ Այս քվազիֆեոդալական «ազնվականության» անդամները հաճախ ահաբեկում կամ բռնություն էին գործադրում հասարակ քաղաքացիների նկատմամբ՝ հիմնականում անպատիժ մնալով: Հավանաբար, առաջին նման դեպքերից մեկը, որը նախադեպ դարձավ հետագա տասնամյակների համար, Պողոս Պողոսյանի դեպքն էր, ում ծեծելով սպանեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները։ Երբեմն, հատկապես ռեժիմի վերջին տարիներին, նման դեպքերը հանգեցնում էին բողոքի ակցիաների, ինչպես օրինակ, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից ծեծի արդյունքում սպանված բժիշկ Վահե Ավետյանի պարագայում։ Երբեմն, այս էլիտայի ներսում նույնպես բախումներ էին լինում, որոնք, ինչպես վայել է ֆեոդալական համակարգին, հարթվում էին ավելի բարձր մակարդակի «ֆեոդալի» կողմից։ Դրա օրինակներից էր, երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծեծի ենթարկեց նախագահի օգնականին․ Բեգլարյանը գերազանցել էր իր արտոնությունները, ուստի ստիպված էր հրաժարական տալ[xii]։ Այնուամենայնիվ, հասարակ քաղաքացիների մեծ մասը լավ գիտեր, որ քվազիֆեոդալական էլիտայի անդամի հետ հակամարտության մեջ մտնելը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ:
Քվազիֆեոդալական այս համակարգն ուներ նաև գաղափարախոսական և մշակութային չափում։ Ձևական առումով Հայաստանի պետականության հիմքում ընկած գաղափարախոսությունը ազգայնականության և կեղծ դեմոկրատական հռետորաբանության մի խառնուրդ էր, սակայն իրականում քվազիֆեոդալական համակարգը զգալի չափով հիմնվում էր արժեքների մի համակարգի վրա, որը պայմանականորեն կարելի է անվանել «գողական»։ Ռեժիմի արժեհամակարգը՝ հիմնված ուժի փառաբանման և ծայրահեղ «մաչոիզմի» վրա, այն գաղափարական հենքն էր, որն ապահովում էր օլիգարխիկ էլիտայի գերակայությունը: Այն ուներ իր արտացոլումը նաև մշակույթում, որն ինչ-որ չափով կապված էր այսպես կոչված «քյարթու» ենթամշակույթի հետ, որը ներառում էր հագուստի որոշակի ոճ (հիմնականում մուգ գույնի հագուստ, սպորտային կոստյումներ, կաշվե բաճկոններ և ոսկե շղթաներ), «բլատնոյ» և «ռաբիզ» ժանրերի երաժշտություն[xiii]։ Այն ուներ նաև իր արտահայտությունը ճարտարապետության մեջ՝ ներկայացված մասնավորապես օլիգարխների պալատներով։
Հեղափոխությունը ուժեղ հարված հասցրեց այս քվազիֆեոդալական համակարգին։ Հենց այն փաստը, որ հազարավոր շարքային քաղաքացիներ, օգտագործելով ոչ բռնի միջոցներ, չընկրկեցին ոստիկանության և օլիգարխիկ «սափրագլուխների» խմբերի առջև, արդեն իսկ դաժան պարտություն էր քվազիֆեոդալական էլիտայի համար։ Այն, որ «օլիգարխներին» ստիպեցին ենթարկվել անզեն մարդկանց՝ լուրջ հարված էր բռնության ու «մաչիզմի» վրա հիմնված նրանց արժեհամակարգին։ Բացի, այդ քվազիֆեոդալական էլիտայի դիրքերը թուլացան, քանի որ հեղափոխությունից հետո քրեական գործեր ու հետաքննություններ հարուցվեցին նրանց նկատմամբ։ ճիշտ է, այս հետաքննությունները միշտ չէ, որ միանշանակ արդյունքներ ունեցան՝ որոշ դեպքերում բերելով մեղադրական եզրակացության և գողացված գույքի վերադարձի, որոշ դեպքերում՝ արդարացման, իսկ որոշ դեպքերում դրանք տարիներով ձգձգվում են։
Հետհեղափոխական իրավիճակի ամենաբնորոշ հանգամանքներից տարածված այն ընկալումը, թե իբր ներկայիս իշխանությունը ձախողել է հին վերնախավի անդամներին պատասխանատվության կանչելու առաքելությունը։ Թեև այս պնդումը վիճելի է, դժվար է ժխտել, որ առկա են քվազիֆեոդալական համակարգի որոշակի մնացուկներ։ Այսպես, որոշ տեղական համայնքներում «ֆեոդալները» մնում են բավականին ազդեցիկ։ Շատ «օլիգարխներ» վերածվել են «շարքային» գործարարների, ովքեր այլևս չեն խառնվում պետական գործերին, բայց շարունակում են մնալ տնտեսական ազդեցիկ խաղացողներ[xiv]։ Հին վերնախավի ունեցվածքի մի մասը բռնագրավվել է, բայց պալատների տերերի մեծ մասը շարունակում է ըմբոշխնել այդ պալատները, մինչդեռ շարքային քաղաքացիները տուժում են անընդհատ բարձրացող տների վարձավճարներից: Ավելին, ոմանք Փաշինյանին մեղադրվում են հին «օլիգարխների» մի մասին իր թիմում ընդգրկելու մեջ[xv], իսկ նրա թիմի որոշ անդամներին՝ կոռուպցիայի մեջ։ Այս ամենը շատերի մոտ դժգոհություն է առաջացնում՝ ուղղված ոչ միայն հին վերնախավի, այլև ներկայիս իշխանության դեմ։ Սակայն, ընդհանուր առմամբ, մինչև հեղափոխությունը գոյություն ունեցող քվազիֆեոդալական հարաբերությունների համակարգը մեծ մասամբ քանդված է, և դրան վերադարձն անհնար է թվում։ Գոնե առայժմ։
Իսկ հետո՞: Հայաստանյան կապիտալիզմի պերճանքն ու թշվառությունը
Չնայած բոլոր դրական փոփոխություններին, անհանգստանալու շատ պատճառներ կան։ Եվ ոչ միայն երկրի արտաքին անվտանգության խնդիրների պատճառով, որոնք մնում են չլուծված։ Հանրային փոփոխությունների և բարեփոխումների օրակարգի միջև անհամապատասխանությունը նշանակում է, որ հայ հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները լիարժեք կերպով չեն արտացոլվել երկրի նորմատիվ դաշտի և ինստիտուտների բարեփոխումների մեջ։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ որոշակի պայմաններում հնարավոր է հետընթաց։
Բացի այդ, նոր իրավիճակը իր հետ նոր մարտահրավերներ է բերում, որոնց հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ դիմակայելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ նկատելու և հասկանալու։ Քանի որ քվազիֆեոդալական համակարգը քայքայվել է, այսօր երկիրն ապրում է ազատ շուկայական կապիտալիզմի պայմաններում, փոփոխություն, որն ունի լուսավոր և մութ կողմեր: Հավանաբար, անգամ ամենասկզբունքային մարքսիստը կդիտարկեր որպես առաջընթաց անցումը քվազիֆեոդալական համակարգից դեպի ազատ շուկայական կապիտալիզմ: Այնուամենայնիվ, շուկայական կապիտալիզմը, որն այդքան փայփայում է Հայաստանի ներկա կառավարությունը, նոր մարտահրավերներ է բերում։ Ահա դրանցից մի քանիսը․ շրջակա միջավայրի, քաղաքային տարածությունների և պատմական ժառանգության ոչնչացում, աշխատանքային իրավունքների ոտնահարում, անշարժ գույքի գների և վարձավճարների աճ, աճող անհավասարություն Երևանի և երկրի մնացած մասերի միջև, միգրացիայի աճ, թմրամիջոցների օգտագործման աճ և այլն: Ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, այլև լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և փորձագիտական հանրությունը միշտ չէ, որ կարողանում են խորությամբ ըմբռնել, իսկ երբեմն նույնիսկ նկատել այդ մարտահրավերները: Բացառությամբ փոքրաթիվ ակտիվիստների ու մտավորականների, քչերն են այս խնդիրները բերում քաղաքական քննարկման տիրույթ։ Կառավարությունը հիմնականում զբաղված է տնտեսական աճ ապահովելով, իսկ ընդդիմության մեջ գերակշռում են աջ պահպանողականները, ովքեր քարոզում են դավադրության տեսություններ և միջէթնիկ ատելություն:
Գրեթե չկան քաղաքական ուժեր, որոնք կառավարությանը կքննադատեին «ձախից»՝ խոսելով այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը և սոցիալական անհավասարությունը, էլ չեմ խոսում կանանց իրավունքների և ԼԳԲՏ խնդիրների մասին, որոնք գրեթե բացակայում են հայաստանյան քաղաքական քննարկումներում։ Քաղաքացիական հասարակությունը կարող է բարձրաձայնել այս նոր օրակարգերը, բայց դա կպահանջի դիտանկյան լուրջ փոփոխություն։ Ճիշտ է, որոշ կազմակերպություններ և անհատներ մեծ աշխատանք են կատարում՝ փորձելով բերել այդ հարցերը հանրային օրակարգ, քաղաքացիական հասարակության զգալի մասը, կարծես, ապրում է անցյալով։ Այսպես, ոմանք քննադատում են իշխանությանը հին համակարգը վերարտադրելու համար, ինչը շատ դեպքերում անարդար է, իսկ ոմանք էլ կրկնօրինակում են աջ պահպանողական ուժերի լեզուն՝ քննադատելով կառավարությանը ազգային շահերն իբր «դավաճանելու» համար։
Արդյունքում, շատ հարցերում, որտեղ իշխանությունը «ձախից» քննադատության կարիք ունի, նկատվում է թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության ուշադրության պակասը։ Դրանցից են, օրինակ, այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ հանքարդյունաբերությունը, շինարարական բումը, որը ոչնչացնում է քաղաքային միջավայրը, հանրային տարածքները և պատմական ժառանգությունը, աղմուկային աղտոտվածությունը, աշխատանքային իրավունքները, կրոնի ազատությունը և այլն: Բացի այդ, կան խնդիրներ, որոնք այնքան նոր են Հայաստանի համար, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ քաղաքացիական հասարակությունը հստակ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է դրանք լուծել, օրինակ, ներգաղթյալների ինտեգրման կամ թմրամիջոցների օգտագործման հետ կապված խնդիրները[xvi]: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է ազատվեն հնացած կաղապարներից և արձագանքեն նոր մարտահրավերներին: Հակառակ դեպքում, ինչպես ցույց է տալիս անգամ շատ ավելի կայացած ժողովրդավարական երկրների փորձը, դրանք կարող են դառնալ հաղթաթուղթ պոպուլիստների և դեմագոգների համար, ինչից կտուժենք բոլորս։ Եվ, հաշվի առնելով ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղ ընթացքը, դա կարող է վտանգել տեղի ունեցած դրական փոփոխությունները՝ հանգեցնելով ավտորիտար հետընթացի։
Հեղինակը գործածում է ինչպես միջազգայնորեն ճանաչված տերմիններ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին առնչվող հայկական տեղանուններ։
[i] Դրա օրինակն է 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում նախկին ոստիկան, իսկ այժմ՝ համացանցային ինֆլյուենսեր Վարդան Ղուկասյանի (հայտնի որպես «Դոգ») կուսակցության անսպասելի հաջողությունը։
[ii] Բացառությամբ Վրաստանի, բայց այստեղ էլ վերջին զարգացումները որոշ կասկածներ են ստեղծել առ այն, թե որքանով է կառավարությունը հավատարիմ լիբերալ-դեմոկրատական արժեքներին։
[iii] Նույնիսկ եթե նրանց վարկանիշը բացարձակ առումով բավականին ցածր է՝ մոտ 20%, այլ քաղաքական գործիչների վարկանիշները էլ ավելի ցածր են, 1-ից 2% տոկոսի սահմաններում:
[iv] Ամենաէկզոտիկը ընդդիմադիր ակտիվիստ Ռուբեն Մելիքյանի առաջարկած տարբերակն էր՝ «Նեռը [այսինքն. Փաշինյանը – Մ.Զ.] սափրվել է իշխանության զավթումից ուղիղ 6 տարի 6 ամիս 6 օր անց՝ 666…»։
[v] Steven Levitsky and Lucan Way. Competitive Authoritarianism: Hybrid Regimes After the Cold War. Cambridge University Press. 2010, էջ 207-213։
[vi] Anna Ohanian. “Velvet is Not a Color: Armenia’s Democratic Transition in a Global Context” in Laurence Broers, Anna Ohanian (eds), Armenia’s Velvet Revolution: Authoritarian Decline and Civil Resistance in a Multi-Polar World, London, I.B. Tauris, 2021. էջ 27; Simon Payaslian. The Political Economy of Human Rights in Armenia: Authoritarianism and Democracy in a Former Soviet Republic, London, I.B. Tauris, 2011, էջ 287։
[vii] Առկա էր նաև հիբրիդային և ավտորիտար ռեժիմների համար սովորական, այսպես կոչված, «համակարգային ընդդիմություն» երևույթը։ Այսինքն, կային կուսակցություններ, որոնք իշխող կոալիցիայի մաս չէին կազմում, բայց դրա հետ կապված էին տարբեր ոչ-ֆորմալ կապերով, և զերծ էինմնում գործող կառավարության հասցեին արմատական քննադատությունից։
[viii] Հատկապես նախագահական ընտրությունները, քանի որ դրանք էին առավել կարևոր, քանի դեռ Հայաստանը չէր վերածվել խորհրդարանական հանրապետության (Տես՝ M․ Zolyan. Նշվ․ աշխ․ op. cit; Levitsky and Way, նշվ․աշխ․)։
[ix] Suren Zolyan, «Feudal Democracy or Demоcratic Feudalism: Armenia in 2008», in Alexander Iskandaryan (ed.). Identities, Ideologies and Institutions. A Decade of Insight into the Caucasus 2001–2011, Yerevan: Caucasus Institute, 2011, էջ 32-47։
[x] Այսպես, գործարար, համակարգային ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզում հատուկ ազդեցություն ուներ, իսկ Էջմիածին քաղաքում՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոս, պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ «Օլիգարխների» մասին տե՛ս Laurence Broers. “How Serj Sargsyan and RPA Lost Control of a Competitive Authoritarian System” Laurence Broers, Anna Ohanian (eds), Armenia’s Velvet Revolution: Authoritarian Decline and Civil Resistance in a Multi-Polar World, London, I.B. Tauris, 2021, էջ 82-83։
[xi] Նրանք հաճախ ունեին շատ կարճ սանրվածք կամ սափրած գլուխ, ինչի պատճառով նրանց նաև անվանում էին «սափրագլուխներ»։
[xii] Վերջինս օպերային համերգի ժամանակ խնդրել էր Բեգլարյանի կնոջը փոխել իր տեղը (կինը չափազանց մոտ էր նստած նախագահին, ինչն արգելված էր արարողակարգով), և Բեգլարյանն այդ արարքը ընկալել էր իբրև վիրավորանք։
[xiii] «Բլատնոյը» ռուսական երաժշտության ժանր է՝ ներկայացված է պարզ ակորդներով երգերով, որոնք փառաբանում են հանցագործներին և ողբում նրանց ճակատագիրը։ «Ռաբիսը» տեղական հայկական երաժշտական ժանր է՝ հիմնված արևելյան ներդաշնակությունների վրա, որը սովորաբար հնչում է խնջույքների և հավաքույթների ժամանակ։
[xiv] Որոշ դեպքերում տեղի է ունենում մի բան, որը կարելի է անվանել «օլիգարխիկ ջենտրիֆիկացիա», երբ օլիգարխիկ ընտանիքների երիտասարդ անդամները տիրում են ընտանեկան բիզնեսին և դրան հաղորդում ավելի ժամանակակից, թրենդային դեմք:
[xv] Օրինակ՝ 1990-ականներից ի վեր Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, ՔՊ խմբակցության անդամ է։ Հանուն արդարության նշենք, որ Սուքիասյանը չի համապատասխանում տիպիկ «օլիգարխի» կերպարին այն առումով, որ նախորդ ռեժիմի օրոք՝ 2007-2008-ին նա աջակցում էր ընդդիմությանը։
[xvi] Ներգաղթյալների ինտեգրման առումով կառավարությունը քիչ բան է անում։ Օրինակ, ներգաղթյալներին հայոց լեզվի, Հայաստանի պատմության և մշակույթի ուսուցման ծրագրեր գործնականում չկան։ Ինչ վերաբերում է թմրամիջոցների խնդրին, ապա կառավարության միակ պատասխանը, կարծես թե, կոպիտ և հնաոճ «թմրանյութերի դեմ պատերազմ» մղելն է, մինչդեռ ավելի ժամանակակից և մարդասիրական մոտեցումները, որոնք ուղղված են թմրանյութերի վնասի նվազեցմանը և մասնակի ապաքրեականացմանը/օրինականացմանը, գրեթե չեն քննարկվում: