Եվրոպական 8-րդ Պատմական Ֆորում․ 1989 թ․-ից 30 տարի անց։ Ազատություն ինչի՞ց։ Ազատություն ի՞նչ անելու համար։

Կոմունիզմի վատթարագույն բանն այն է, թե ինչ է նրանից հետո մնում։

Ադամ Միչնիկ

 

1989 թ․-ին ծավալված հեղափոխությունների ալիքը խորտակեց Եվրոպայի Արևելյան Դաշինքը: Հակակոմունիստական շարժումները Արևելյան Եվրոպայում սկիզբ են առել Լեհաստանից։ «Համերաշխություն» հակակոմունիստական արհմիութենական-հասարակական շարժումը մի շարք աղմկահարույց գործադուլների միջոցով ստիպեց Լեհաստանի կոմունիստական կառավարությանը ճանաչել իրեն։ Երբ այս «ամբարտակը» պայթեց, հեղափոխությունը շատ արագ տարածվեց ամբողջ Արևելյան Եվրոպայով։ Մինչև 1989 թվականը Արևելյան Դաշինքի երկրները (Արևելյան Գերմանիան, Լեհաստանը, Չեխոսլովակիան, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Հարավսլավիան և Ալբանիան) ԽՍՀՄ-ի հետ մեկտեղ դիտարկվում էին, որպես երկաթե վարագույրից այն կողմ գտնվող երկրներ: Սկիզբ առնելով Լեհաստանում և Հունգարիայում՝ 1989 թ․-ի նոյեմբերին Բեռլինի պատի քանդմամբ, «Թավշյա հեղափոխությամբ» Չեխոսլովակիայում, կոմունիստական բռնապետության տապալմամբ Ռումինիայում և 1991 թ․-ին ԽՍՀՄ-ի փլուզմամբ հեղափոխությունը հասավ իր գագաթնակետին։ Այս հեղափոխություններն ունեին խորը սոցիալական արմատներ։ Չնայած նրան, որ չկար հստակ ձևակերպված օրակարգ, դրանք հիմնականում պահանջում էին ավելի լայն ժողովրդավարություն և հասարակության համար ավելի բարեկեցիկ կենսապայմաններ։

Հենրիխ Բյոլ հիմնադրամի և «Մեմորիալ» - Միջազգային պատմական և կրթական, բարեսիրական և մարդու իրավունքների միության կողմից կազմակերպված Եվրոպական 8-րդ Պատմական Ֆորումին ներկա էին Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայից հրավիրված պատմաբաններ, քաղաքագետներ և մարդաբաններ։ Նրանց քննարկման հիմնական առարկան էր 1989 թվականը և դրա հետագա ազդեցությունը նախկին սոցիալիստական ճամբարի երկրների վրա:

Վերջին 30 տարիների ընթացքում նախկին սոցիալիստական ճամբարի երկրները անցել են աննախադեպ քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային փոփոխությունների միջով: Նրանք զգացել են ժողովրդավարացման դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անվերջ փոփոխվող միջազգային համատեքստում նոր տնտեսական համակարգի անորոշությունները։ Այսպիսով, ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի փլուզումը լուրջ փոփոխությունների պատճառ դարձավ։ 1990-ական թվականների սկզբում երեք պետական միավորումների կազմալուծումը՝ Խորհրդային Միության, Չեխոսլովակիայի և Հարավսլավիայի, հանգեցրեց տարածաշրջանում քսաներկու նոր պետությունների առաջացումը: Նրանց մի մասը՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Սերբիան, Ալբանիան և Ուկրաինան, այս ընթացքում անցան բարդ հակամարտությունների միջով։ Վերջին 30 տարիների ընթացքում բոլոր հետկոմունիստական երկրներում իրականացվեցին տարատեսակ բարեփոխումներ` առևտրի և շուկայական հարաբերությունների ազատականացման, բյուջեների բալանսավորման, գնաճի կրճատման, ազատ մրցակցության ձևավորման, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, սոցիալական բարեկեցության ծագրերի ներդրման ոլորտներում: Պատմական Ֆորումի ընթացքում մանրամասն քննարկվեցին նախկին Արեւելյան դաշինքի երկրների տնտեսությունների վերափոխման խնդիրները:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի հանրապետությունների քաղաքականությունները, տնտեսությունները և միջազգային հարաբերությունների հիմնական ուղղությունները կանխորոշվել են գոյություն ունեցող սառեցված հակամարտություններով: Տարածաշրջանը շարունակում է մնալ պառակտված Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Այս էթնիկ հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզման նախնական փուլում` 1987 թվականին, այն բանից հետո, երբ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Միխայիլ Գորբաչովը հայտարարեց «գլասնոստ» և «վերակառուցում» քաղաքական ուղությունները:

Բեռլինի Ֆորումի ժամանակ, սոցիոլոգ Քեթևան Սարտանիան, ներկայացրել է 1989 թ․-ի ապրիլի 9-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակախորհրդային ցույցերի ազդեցությունը Վրաստանի վերջին տարիների քաղաքական զարգացումների վրա։ Բեռլինյան Ֆորումում ես ներկայացնում էի Հայաստանը։ Իմ զեկուցմամբ ես փորձեցի նեղացնել Ֆորումի ընթացքում քննարկվող համընդհանուր լայն թեման՝ անդրադառնալով ուշ խորհրդային Հայաստանի այլախոհական շարժումներին և ինքնահրատ մամուլին։ Երկուսս էլ փորձում էինք վերլուծել Հարավային Կովկասի երկրների հետագա զարգացումները՝ դիտարկելով դրանք 1989 թ․- ի պրիզմայով։ Վերոնշյալ իրադարձությունները խորապես ազդել են այս երկրների աստիճանական անցումային գործընթացների վրա և հետագայում հանգեցրել են «Վարդերի հեղափոխությանը» Վրաստանում (2003 թ.) և «Թավշյա հեղափոխությանը» Հայաստանում (2018 թ.): Այս հեղափոխություններից հետո ոչ միայն Խորհրդային Միությունից ժառանգված կառավարական համակարգերը հանձնեցին իրենց դիրքերը, այլև աստիճանաբար սկսեցին փոփոխվել իրավական և վարչական համակարգերը: Այնուամենայնիվ, Հայաստանը և Վրաստանը դեռ շատ անելիք ունեն այս բարեփոխումները արմատական դարձնելու և իրենց ժողովրդավարություններն ու ընդհանուր կենսամակարդակը բարելավվելու ուղղությամբ։